«ԼԻՊԱՐԻՏ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 12-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ 10-ՐԴ ԿԵՏԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՎԱՐՈՒՅԹԸ ԿԱՐՃԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԱՈ-74)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքներըԱմփոփում
Ընդ.՝ 12 մայիսի 2025թ. ՍԴԱՈ - 74 | «ԼԻՊԱՐԻՏ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 12-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ 10-ՐԴ ԿԵՏԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՎԱՐՈՒՅԹԸ ԿԱՐՃԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամբողջ Տեքստ
«ԼԻՊԱՐԻՏ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 12-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ 10-ՐԴ ԿԵՏԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՎԱՐՈՒՅԹԸ ԿԱՐՃԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Սահմանադրական դատարանը, քննության առնելով «Լիպարիտ Հովհաննիսյանի դիմումի հիման վրա՝ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի վարույթը կարճելու մասին առաջարկությունը, ՊԱՐԶԵՑ.
1. 2024 թվականի դեկտեմբերի 4-ին Սահմանադրական դատարան է մուտքագրվել Լիպարիտ Հովհաննիսյանի (այսուհետ նաև՝ Դիմող, ներկայացուցիչ` փաստաբան Անդրանիկ Մանուկյան) դիմումը, որով Դիմողը խնդրել է որոշել Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետի համապատասխանությունը Սահմանադրությանը։
Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգիրքը (այսուհետ նաև՝ Օրենսգիրք) Ազգային ժողովի կողմից ընդունվել է 2021 թվականի հունիսի 30-ին, Հանրապետության նախագահի կողմից ստորագրվել՝ 2021 թվականի հուլիսի 27-ին և ուժի մեջ է մտել 2022 թվականի հուլիսի 1-ին (բացառությամբ այն դրույթների, որոնց համար Օրենսգրքի 483-րդ հոդվածով սահմանված են ուժի մեջ մտնելու այլ ժամկետներ):
Օրենսգրքի՝ «Քրեական հետապնդումը բացառող հանգամանքները» վերտառությամբ 12-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետով սահմանվում է.
«1. Քրեական հետապնդում չպետք է հարուցվի, իսկ հարուցված քրեական հետապնդումը ենթակա է դադարեցման, եթե`
(…)
10) անձը մահացել է.»:
Ընդունումից ի վեր վիճարկվող դրույթը փոփոխությունների և/կամ լրացումների չի ենթարկվել:
2. Գործի դատավարական նախապատմությունը
2.1. Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի դատախազության դատախազը, ուսումնասիրելով ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում քննվող թիվ 11819322 քրեական վարույթի նյութերը և նույն բաժնի ՀԿԳ քննիչ Ա. Ավագյանի՝ 2023 թվականի հոկտեմբերի 9-ի միջնորդությունը՝ Ա. Հակոբյանի նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ, 2023 թվականի հոկտեմբերի 16-ին որոշել է ներկայացված միջնորդությունը բավարարել, թիվ 11819322 քրեական վարույթով Ա. Հակոբյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով հարուցված քրեական հետապնդումը դադարեցնել՝ Օրենսգրքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետի՝ անձի մահվան հիմքով:
2.2. ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնի ՀԿԳ քննիչ Ա. Ավագյանը 2023 թվականի նոյեմբերի 10-ին որոշել է կարճել թիվ 11819322 քրեական վարույթը՝ մեղադրյալի նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը դադարեցվելու և քրեական վարույթը շարունակելու բոլոր հնարավորություններն սպառվելու հիմքով:
2.3. Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը (այսուհետ նաև` Դատարան), քննելով պաշտպան Ա. Մանուկյանի կողմից ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնի ՀԿԳ քննիչ Ա. Ավագյանի՝ 2023 թվականի նոյեմբերի 10-ի թիվ 11819322 քրեական վարույթը կարճելու որոշման դեմ ներկայացված բողոքը (թիվ ԵԴ1/0501/11/23 գործ), 2024 թվականի հունվարի 10-ին որոշել է ներկայացված բողոքը մերժել: Սույն որոշմամբ Դատարանն արձանագրել է.
«(...) բողոքաբեր կողմը քրեական վարույթը կարճելու որոշումը վիճարկում է այն պատճառաբանությամբ, որ մահվան հիմքով քրեական հետապնդման դադարեցումն աներկբա հիմք չէ քրեական վարույթը կարճելու մասին որոշում կայացնելու համար, քանզի այդ վարույթի ընթացքում ձեռք են բերվել բավարար տվյալներ նոր վարույթ նախաձեռնելու համար:
Մինչդեռ, բողոքի վերաբերյալ Դատարան ներկայացված նյութերից բխում է, որ նախ քրեական հետապնդումը դադարեցվել է քրեադատավարական օրենսդրության նորմերի պահպանմամբ, միևնույն ժամանակ, Դատարանի գնահատմամբ, սպառված է եղել վարույթը շարունակելու հնարավորությունը, ինչը հիմք է հանդիսացել գործի վարույթը կարճելու համար: Ինչ վերաբերում է նոր վարույթ չնախաձեռնելուն, Դատարանը, ուսումնասիրելով վարույթի նյութերը, գտնում է, որ առկա չեն եղել նոր վարույթ նախաձեռնելու նախադրյալները: Միևնույն ժամանակ, Դատարանի գնահատմամբ, նշված վարույթի շրջանակներում մեկ այլ դեպքի կապակցությամբ վարույթ չհարուցելը չի կարող խախտել բողոքաբերի վստահորդի /տուժողի/ իրավունքներն այն պարագայում, երբ քրեական հետապնդման դադարեցվել է ոչ արդարացնող հիմքով, ինչը կարող է հնարավորություն տալ տուժողին հնարավոր գույքային շահերը վերականգնել մասնավոր իրավունքի ոլորտում»:
2.4. Դատարանը, քննելով թիվ 11819322 քրեական վարույթով տուժող Լիպարիտ Հովհաննիսյանի ներկայացուցիչ Ա. Մանուկյանի կողմից ներկայացրած բողոքը՝ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնի ՀԿԳ քննիչ Ա. Ավագյանի՝ 2023 թվականի նոյեմբերի 10-ի թիվ 11819322 քրեական վարույթը կարճելու մասին որոշման դեմ (թիվ ԵԴ1/0501/11/23 գործ), 2024 թվականի հունիսի 21-ին որոշել է ներկայացված բողոքը մերժել: Սույն որոշմամբ Դատարանն արձանագրել է.
«Բողոք ներկայացրած անձի պնդումներն առ այն, որ քրեական վարույթով ի հայտ է եկել մեղադրյալ Արթուր Հակոբյանի վստահությունը չարաշահելու եղանակով առանձնապես խոշոր չափերի գումար հափշտակված լինելու տվյալ և պետք է նախաձեռնվի նոր քրեական վարույթ, ապա միացվի հիշյալ քրեական վարույթին՝ վկայակոչելով որպես ենթադրյալ հանցագործություն կատարած անձ Գևորգ Նալբանդյանին, ապա Դատարանն արձանագրում է, որ բողոքի վերաբերյալ դատարան ներկայացված նյութերի ուսումնասիրման արդյունքում պարզվել է, որ Գևորգ Նալբանդյանի կողմից խաբեությամբ Արթուր Հակոբյանից գումարներ վերցնելու հանգամանքը չի հաստատվել:
(…)
(…) Դատարանն արձանագրում է, որ առկա չեն եղել նոր վարույթ նախաձեռնելու նախադրյալները: Բացի այդ, Դատարանը փաստում է, որ անձի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է ոչ արդարացնող հիմքով, ուստի նման պայմաններում տուժողն իր հնարավոր գույքային շահերը կարող է վերականգնել մասնավոր իրավունքի ոլորտում»:
2.5. Վերաքննիչ քրեական դատարանը, քննելով Դատարանի՝ 2024 թվականի հունիսի 21-ի որոշման դեմ տուժող Լիպարիտ Հովհաննիսյանի լիազոր ներկայացուցիչ Ա. Մանուկյանի հատուկ վերանայման բողոքը, 2024 թվականի օգոստոսի 2-ին որոշել է հատուկ վերանայման բողոքը մերժել՝ Դատարանի՝ 2024 թվականի հունիսի 21-ի թիվ ԵԴ1/0501/11/23 որոշումը թողնելով անփոփոխ: Սույն որոշմամբ Վերաքննիչ քրեական դատարանն արձանագրել է.
«(…) Վերաքննիչ դատարանը, հաշվի առնելով այն հանգամանքը, որ Արթուր Հակոբյանը մահացած է, իսկ սույն վարույթով էական նշանակություն ունեցող հանգամանքների վերաբերյալ առավել մանրամասն տեղեկություն հնարավոր կլիներ ստանալ վերջինին հարցաքննելով կամ Արթուր Հակոբյանին և Գևորգ Նալբանդյանին առերեսելով, գտնում է, որ տվյալ դեպքում՝ առկա քրեական վարույթի պայմաններում, բացակայում է Գևորգ Նալբանդյանի կողմից ենթադրաբար մեղադրյալ Արթուր Հակոբյանի վստահությունը չարաշահելու եղանակով վերջինից առանձնապես խոշոր չափերի գումար հափշտակելու հանգամանքի քննության անհրաժեշտությունը, քանի որ առկա վարույթի նյութերով նշված հանգամանքը չի հիմնավորվում և բացակայում է հետագա քննության պայմաններում առավել պիտանի տեղեկություն ձեռք բերելու հնարավորությունը»:
2.6. Վճռաբեկ դատարանը, քննարկելով Վերաքննիչ քրեական դատարանի՝ 2024 թվականի օգոստոսի 2-ի որոշման դեմ Լիպարիտ Հովհաննիսյանի կողմից ներկայացված հատուկ վերանայման վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու հարցը, 2024 թվականի նոյեմբերի 7-ին որոշել է ներկայացված հատուկ վերանայման վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժել:
2024 թվականի դեկտեմբերի 4-ին Սահմանադրական դատարան է մուտքագրվել Լիպարիտ Հովհաննիսյանի դիմումը՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու խնդրանքով:
3. Դիմողի դիրքորոշումները
Դիմողը վիճարկում է Օրենսգրքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետի համապատասխանությունը Սահմանադրության 61 և 63-րդ հոդվածներին այնքանով, որքանով վիճարկվող դրույթը թույլ է տալիս կայացնել մահացած մեղադրյալի նկատմամբ քրեական հետապնդում չհարուցելու կամ հարուցված քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշում` առանց տուժողի համաձայնության: Դիմողի դիտարկմամբ՝ նման պայմաններում իր համար ստեղծվում է արդյունավետ դատական պաշտպանության և արդար դատաքննության իրավունքների իրացման «դատավարական փակուղի»:
Դիմողը գտնում է, որ քրեական դատավարությունում տուժողի արդյունավետ դատական պաշտպանության և արդար դատաքննության իրավունքները կարող են կենսագործվել, եթե ենթադրյալ հանցանքի վերաբերյալ վարույթը տուժողի համար իրականացվում է «արդարության բոլոր պահանջների պահպանմամբ», այդ թվում՝ այնպես, որ քրեական վարույթի ընթացքում տուժողը հանցագործությամբ իրեն վնաս պատճառված լինելու փաստը եզրափակիչ դատական ակտով ամրագրվելու հնարավորության իրացումը հայցելիս չի բախվում որևէ քրեադատավարական խոչընդոտի:
Հիմնվելով սույն եզրահանգման վրա՝ Դիմողը նշում է. «Իր հերթին, հիշյալ արձանագրումը պայմանավորում է այն հարցին պատասխանելու անհրաժեշտությունը, թե արդյոք քրեադատավարական օրենքը տուժողին թույլ է տալիս՝ պատշաճ իրավական ընթացակարգի շրջանակներում իրացնելու հանցագործությամբ իրեն վնաս հասցված լինելու փաստի՝ եզրափակիչ դատական ակտով ամրագրվելու հնարավորությունը»:
Դիմողն իր պահանջները ձևակերպելիս առանցքային է համարում Սահմանադրական դատարանի՝ 2024 թվականի հունվարի 23-ի ՍԴՈ-1712 որոշման մեջ արտահայտված այն դիրքորոշումը, ըստ որի՝ Սահմանադրական դատարանը կարևորել է մահացածի իրավունքների վերականգնման նպատակով վարույթը շարունակելիս մահացածի մերձավոր ազգականների դիրքորոշումը, որը, սակայն, ըստ Բարձր դատարանի՝ չի կարող մեկնաբանվել որպես օրենսդրի կողմից «ուրիշ անձանց» հիմնական իրավունքի դատական պաշտպանության ապահովման հայեցողության սահմանափակում:
Ըստ այդմ՝ Դիմողը մատնանշում է. «Թվում էր, թե Սահմանադրական դատարանի վերոհիշյալ իրավական դիրքորոշումից հետո, հիմք ընդունելով քրեական դատավարությունում տուժողի՝ դատական պաշտպանության արդյունավետ միջոցի և արդար դատաքննության հիմնարար իրավունքների ապահովման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության ունեցած պոզիտիվ պարտականությունը, օրենսդիր մարմինը քրեադատավարական օրենքում կատարած համապատասխան լրացմամբ պետք է 12-րդ հոդվածում նախատեսեր նաև իրավադրույթ՝ այն մասին, որ քրեադատավարական օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետով նախատեսված հանգամանքի առկայությունը քրեական հետապնդումը բացառող չէ, եթե դրա դեմ առարկում է տուժողը:
Դրան հակառակ, սակայն, ինչպես վերը նշվեց, 12-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետով նախատեսված հանգամանքի առկայությունը քրեադատավարական օրենքը, փաստորեն, մինչ օրս ճանաչում է՝ որպես մահացածի նկատմամբ քրեական հետապնդում չհարուցելու կամ հարուցված քրեական հետապնդումն անձի մահից հետո դադարեցնելու հիմք՝ անկախ տուժողի կամաարտահայտությունից, 12-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետով նախատեսված հանգամանքի առկայության պարագայում քրեական հետապնդում չհարուցելու կամ հարուցված քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշման կայացումը բացառապես առկախելով մահացածի օրինական ներկայացուցչի համապատասխան դիրքորոշումից»:
Վերոգրյալի հիման վրա՝ Դիմողն արձանագրում է, որ Օրենսգիրքը հնարավորություն չի ընձեռում տուժողին համապատասխան ընթացակարգի գործադրմամբ իրացնել հանցագործությամբ իրեն վնաս պատճառված լինելու հանգամանքի՝ եզրափակիչ դատական ակտով ամրագրվելու հնարավորությունը, ինչը, Դիմողի դիտարկմամբ, իրավունքի պաշտպանության այլ եղանակի գործադրմամբ հանցագործությամբ տուժողին պատճառված վնասի վերականգնման կարևորագույն նախադրյալ է:
Դիմողը, համադրելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 61-րդ հոդվածի 3-րդ մասը, ըստ որի՝ քրեական վարույթով օրինական ուժի մեջ մտած դատական ակտով հաստատված որոշակի արարքների և դրանք կատարած անձանց վերաբերյալ փաստերն այլ գործ քննելիս կրկին ապացուցման ենթակա չեն, և Վճռաբեկ դատարանի այն դիրքորոշումը, որում արձանագրվում է, որ «(…) «ոչ ռեաբիլիտացիոն» հիմքով քրեական հետապնդում չիրականացնելու և գործի վարույթը կարճելու մասին որոշումը չի կարող նույնացվել անձի մեղավորությունը հաստատող և նրա համար բացասական իրավական հետևանքներ առաջացնող դատավարական փաստաթղթի` դատավճռի հետ: Այլ կերպ` այն չի կարող կրել մեղադրական դատավճռի կայացմամբ ծագող հետևանքներին բնորոշ հատկանիշներ (…)» (տե՛ս Վճռաբեկ դատարանի 2017 թվականի նոյեմբերի 15-ի ԵԿԴ/0106/01/17 որոշումը), եզրահանգում է, որ «(…) օրենսգրքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետի հիմքով մահացածի նկատմամբ քրեական հետապնդում չհարուցելու կամ հարուցված քրեական հետապնդումն անձի մահից հետո ոչ արդարացնող վերոհիշյալ հիմքով դադարեցնելու մասին մինչդատական վարույթում կայացված որոշումը հանդիսանում է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 74-րդ հոդվածով նախատեսված՝ «շարքային» գրավոր ապացույց, ինչն, իր հերթին, նշանակում է, որ մինչդատական վարույթի ընթացքում ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետի հիմքով մահացածի նկատմամբ քրեական հետապնդում չհարուցվելու կամ հարուցված քրեական հետապնդումը դադարեցվելու պարագայում տուժողը ստիպված է՝ քաղաքացիական դատավարությունում կրելու իր նկատմամբ ոչ իրավաչափ գործողություն կամ անգործություն կատարված լինելու, այդ ոչ իրավաչափ գործողությունը կամ անգործությունը մահացածի կողմից կատարված լինելու, այդ ոչ իրավաչափ գործողության կամ անգործության հետևանքով իրեն վնաս պատճառված լինելու, մահացածի կողմից կատարված՝ հիշյալ ոչ իրավաչափ գործողության կամ անգործության և հասցված վնասի միջև պատճառական կապ առկա լինելու հանգամանքներն ապացուցելու բեռը, ինչը տուժողին առավել բարդ ընթացք է «խոստանում»՝ այնքանով, որքանով այլևս ֆիզիկապես չկա ենթադրյալ ոչ իրավաչափ գործողությունը կատարած կամ անգործությունը թույլ տված սուբյեկտը, որի հետևանքով տուժողը զրկված է նրա միջոցով ապացուցման վերոհիշյալ բեռի բովանդակությունը կազմող ապացույցներ ստանալու հնարավորությունից (...)»:
Վերոգրյալի հիման վրա Դիմողն ընդգծում է, որ առկա օրենսդրական կարգավորումներն ու նախադեպային իրավունքը չեն «փոխհատուցում» ենթադրյալ հանցանք կատարած անձի՝ մինչդատական վարույթի ընթացքում մահվան դեպքում քրեական հետապնդումը շարունակելու հարցում տուժողի դիրքորոշումն անտեսելու հանգամանքը, այլ կերպ՝ չեն սահմանում բավարար երաշխիքներ՝ քրեական դատավարության շրջանակներից դուրս իրավունքների պաշտպանության քաղաքացիադատավարական եղանակներով ենթադրյալ հանցագործությամբ տուժողին պատճառված վնասի հատուցում ստանալու համար:
Եզրափակելով վերոգրյալը՝ Դիմողն արձանագրում է, որ Օրենսգրքի 12-րդ հոդվածն այնքանով, որքանով չի նախատեսում ենթադրյալ հանցանք կատարած անձի կամ մեղադրյալի մահվան պարագայում քրեական վարույթը շարունակելու հարցի կապակցությամբ տուժողի դիրքորոշումը պարզելու պահանջ և նույն հոդվածի 1-ին մասի 10-րդ կետի կիրառման դեպքում տուժողի անհամաձայնության հիմքով քրեական վարույթն ընդհանուր կարգով շարունակելու հնարավորություն, հակասում է Սահմանադրության 61 և 63-րդ հոդվածներին, քանի որ վերոնշյալ իրավական կառուցակարգերի բացակայությունը տուժողի համար ստեղծում է արդյունավետ դատական պաշտպանության և արդար դատաքննության իրավունքների իրացման «դատավարական փակուղի»:
Դիմողը նշում է, որ Օրենսգրքի 12-րդ հոդվածը պարունակում է օրենսդրական բաց, որը՝ որպես իրավակարգավորման թերություն, ենթակա է Սահմանադրական դատարանի կողմից քննության, քանի որ այն տուժողին թույլ չի տալիս քրեադատավարական ընթացակարգերի շրջանակներում իրացնել հանցագործությամբ իրեն վնաս պատճառված լինելու հանգամանքի՝ եզրափակիչ դատական ակտով ամրագրվելու հնարավորություն, ինչն էլ համապատասխան քրեադատավարական երաշխիքների բացակայության պայմաններում արգելափակում է վնասի հատուցման իրավունքի իրացումը քաղաքացիական դատավարության շրջանակներում:
Մասնավորապես՝ Դիմողն արձանագրում է. «(…) եթե ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 12-րդ հոդվածը նախատեսեր ենթադրյալ հանցանք կատարած անձի կամ մեղադրյալի մահվան պարագայում քրեական վարույթը շարունակելու հարցի կապակցությամբ տուժողի դիրքորոշումը պարզելու պահանջ և քրեադատավարական օրենքի 12-րդ հոդվածի 10-րդ կետի կիրառման դեմ տուժողի անհամաձայնության դեպքում քրեական վարույթն ընդհանուր կարգով շարունակելու կարգավորում, ապա տուժողը կունենար հնարավորություն՝ հանցագործությամբ իրեն վնաս պատճառված լինելու փաստն ամրագրել մեղադրական դատավճռում, այսինքն՝ դատավարական այնպիսի փաստաթղթում, որն, ի տարբերություն մինչդատական վարույթում կայացված՝ քրեադատավարական օրենքի 12-րդ հոդվածի 10-րդ կետի կիրառմամբ քրեական հետապնդում չհարուցելու կամ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշման, քաղաքացիական դատավարությունում ունի նախադատելի նշանակություն, հետևաբար՝ դրանում արձանագրված փաստերը քաղաքացիական դատավարությունում այլևս կրկին ապացուցման ենթակա չէին լինի»:
Ամփոփելով ողջ վերոգրյալը՝ Դիմողը խնդրում է. «Սահմանադրության 61-րդ և 63-րդ հոդվածներին հակասող ու անվավեր ճանաչել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 12-րդ հոդվածն՝ այնքանով, որքանով այն թույլ է տալիս առանց տուժողի համաձայնության, քրեադատավարական օրենքի 12-րդ հոդվածի 10-րդ կետի կիրառմամբ կայացնելու մահացածի նկատմամբ քրեական հետապնդում չհարուցելու կամ հարուցված քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշում՝ դրանով իսկ տուժողի համար ստեղծելով Սահմանադրության 61-րդ և 63-րդ հոդվածներով երաշխավորվող՝ դատական պաշտպանության արդյունավետ միջոցի և արդար դատաքննության հիմնարար իրավունքների իրացման «դատավարական փակուղի»»:
Սահմանադրական դատարան ներկայացրած բացատրությամբ Դիմողը վերահաստատել է դիմումով ներկայացված պահանջը և հավելել, որ մեղսագրված արարքում մեղադրյալի մեղավորությունն ապացուցելու հնարավորության ապահովումը տուժողի համար ունի նույն բովանդակային կարևորությունը, ինչ մեղադրյալի օրինական ներկայացուցչի համար՝ մեղսագրված արարքում մեղադրյալի անմեղությունն ապացուցելու հնարավորությունը, հետևաբար՝ Դիմողը գտնում է, որ Սահմանադրության 61 ու 63-րդ հոդվածներով նախատեսված հիմնարար իրավունք-երաշխիքների ապահովման պարտականությունից իբրև նահանջ պետք է դիտարկել այն պարագան, երբ մեղադրյալի օրինական ներկայացուցչին պետությունն ընձեռում է հնարավորություն՝ մեղադրյալի մահվան դեպքում իրացնելու նրա անմեղությունն ապացուցելու հնարավորությունը, իսկ տուժողին չի ընձեռում հնարավորություն՝ մեղադրյալի մահվան դեպքում իրացնելու նրա մեղավորությունն ապացուցելու հնարավորությունը:
4. Պատասխանողի դիրքորոշումները
Ազգային ժողովը (այսուհետ՝ Պատասխանող), անդրադառնալով խնդրո առկա իրավակարգավորման բովանդակությանն ու Դիմողի կողմից ներկայացված դիրքորոշումներին, նշում է, որ ոչ արդարացնող հիմքով քրեական հետապնդումը դադարեցնելը տուժողին չի զրկում իր գույքային իրավունքների և օրինական շահերի՝ մասնավոր իրավունքի ոլորտում պաշտպանության հնարավորությունից:
Պատասխանողը նշում է, որ խնդրո առարկա վարույթի շրջանակներում, Դատարանի գնահատմամբ, սպառված է եղել վարույթը շարունակելու հնարավորությունը, ինչն էլ հիմք է հանդիսացել քրեական վարույթի կարճման համար:
Պատասխանողը գտնում է, որ «Դիմողի այն պնդումը, որ Օրենսգրքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետի հիմքով մահացածի նկատմամբ քրեական հետապնդում չհարուցելու կամ հարուցված քրեական հետապնդումը դադարեցնելու պարագայում ինքը ստիպված է՝ քաղաքացիական դատավարությունում կրելու իր նկատմամբ ոչ իրավաչափ գործողություն կամ անգործություն կատարված լինելու, այդ ոչ իրավաչափ գործողությունը կամ անգործությունը մահացածի կողմից կատարված լինելու, այդ ոչ իրավաչափ գործողության կամ անգործության հետևանքով իրեն վնաս պատճառված լինելու, մահացածի կողմից կատարված՝ հիշյալ ոչ իրավաչափ գործողության կամ անգործության և հասցված վնասի միջև պատճառական կապ առկա լինելու հանգամանքներն ապացուցելու բեռը, ևս մեկ անգամ փաստում է, որ Դիմողը զրկված չէ իրեն պատճառված վնասը քաղաքացիական դատավարության կարգով վերականգնելու հնարավորությունից:
Հետևաբար Տուժողի համար սահմանված են բավարար երաշխիքներ՝ քրեական դատավարությունից դուրս հասնելու հանցագործությամբ իրեն պատճառված վնասի հատուցման: Նման երաշխիքների, ինչպես նաև գործի վարույթի կարճման պայմանավորումը վարույթը շարունակելու հնարավորությունը սպառված լինելու պայմանի սահմանման հանգամանքներում Դիմողի կողմից ներկայացված հիմնավորումները, առ այն, որ վիճարկվող նորմի հիմքով քրեական հետապնդում չհարուցելու կամ հարուցված քրեական հետապնդումը դադարեցնելը առանց տուժողի համաձայնության հանդիսանում են ոչ բավարար երաշխիքներ, համարում ենք առարկայազուրկ, հատկապես այն պայմաններում, երբ նախատեսված է դատավարական երաշխիք առ այն, որ վարույթ շարունակելու հնարավորությունը պետք է սպառված լինի»:
Անդրադառնալով Դիմողի այն դիտարկումներին, որ վիճարկվող դրույթը պարունակում է օրենսդրական բաց, Պատասխանողը, վկայաբերելով Սահմանադրական դատարանի նախադեպային իրավունքում առկա դիրքորոշումներն օրենսդրական բացի և դրա՝ սահմանադրական արդարադատության շրջանակներում քննության առարկա լինելու չափանիշների մասին, մասնավորապես, մեջբերելով 2021 թվականի դեկտեմբերի 14-ի ՍԴԱՈ-254 աշխատակարգային որոշման մեջ արտահայտված դիրքորոշումները, արձանագրում է, որ օրենսդիրը խնդրո առարկա իրավակարգավորումները սահմանելիս հաշվի է առել համապատասխան իրավական երաշխիքների առկայությունը և իրավակիրառից ակնկալել է այդ երաշխիքներին համահունչ իրավակիրառ պրակտիկայի ձևավորում:
Ամփոփելով ՝ Պատասխանողը գտնում է, որ օրենսդրական բացը տվյալ դեպքում չպետք է դառնա Սահմանադրական դատարանում քննության առարկա, քանի որ, վերջինիս որակմամբ, «(…) օրենքի բացը հաղթահարելու անհնարինություն առկա չէ»:
Եզրափակելով ողջ վերոգրյալը՝ Պատասխանողը խնդրում է. «Լիպարիտ Հովհաննիսյանի դիմումի հիման վրա՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործով ընդունել որոշում՝ վիճարկվող դրույթը Սահմանադրությանը համապատասխանող ճանաչելու մասին»:
5. Սահմանադրական դատարանի իրավական դիրքորոշումները
Ուսումնասիրելով դիմումն ու կից ներկայացված փաստաթղթերը, Պատասխանողի գրավոր բացատրությունը` Սահմանադրական դատարանը գտնում է, որ սույն գործի վարույթը ենթակա է կարճման՝ ներքոնշյալ հիմքով և պատճառաբանությամբ.
5.1. «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի (այսուհետ նաև՝ Սահմանադրական օրենք) 60-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետին համապատասխան՝ Սահմանադրական դատարանը կարճում է գործի վարույթը գործի քննության ցանկացած փուլում, եթե բացահայտվել են նույն օրենքի 29-րդ հոդվածով նախատեսված` գործի քննությունը մերժելու հիմքեր:
Սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի համաձայն՝ Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին աշխատակարգային որոշում է ընդունում նույն օրենքի 69-րդ հոդվածով նախատեսված այլ դեպքերում:
Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի համաձայն՝ Սահմանադրական դատարան կարող է դիմել յուրաքանչյուր ոք՝ կոնկրետ գործով, երբ առկա է դատարանի վերջնական ակտը, սպառվել են դատական պաշտպանության բոլոր միջոցները և վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման՝ հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը։
Սահմանադրության հիշյալ դրույթն իր ամրագրումն է ստացել նաև Սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասում, որը սահմանում է այն հիմքերը, որոնց միաժամանակյա առկայության պարագայում ֆիզիկական կամ իրավաբանական անձը կոնկրետ գործով անհատական դիմում կարող է ներկայացնել Սահմանադրական դատարան։ Դրանք են՝
ա) երբ կոնկրետ գործով առկա է դատարանի վերջնական ակտը,
բ) երբ սպառվել են ներպետական դատական պաշտպանության բոլոր միջոցները,
գ) երբ վիճարկվում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման՝ հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը:
Սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ անհատական դիմումը պետք է հղումներ պարունակի նորմատիվ իրավական ակտի այն դրույթներին, որոնց սահմանադրականությունը վիճարկվում է, և հիմնավորումներ, որ նորմատիվ իրավական ակտի հակասությունը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման` հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը:
Սահմանադրական դատարանն իր՝ 2009 թվականի մարտի 17-ի ՍԴԱՈ-21 աշխատակարգային որոշմամբ արձանագրել է. «(...) անհատական դիմումն ակնհայտ անհիմն է, երբ, թեև դրանում բարձրացված հարցը ենթակա է սահմանադրական դատարանի քննությանը, այնուամենայնիվ, դիմումում չեն բերվում բավարար իրավական փաստարկներ այն հիմնավորելու համար»:
Սահմանադրական դատարանը հիշյալ աշխատակարգային որոշմամբ նաև արձանագրել է. «(…) դիմողը պետք է փորձի բավարար կերպով իրավաբանորեն հիմնավորել, թե իր սահմանադրական որ իրավունքներն են խախտվել և ինչ անմիջական պատճառահետևանքային կապ է առկա վիճարկվող օրինադրույթի և իր իրավունքների խախտման փաստի միջև: Նշված պահանջին համապատասխան՝ դիմողը պետք է նաև դիմումում առաջադրված հարցի հիմքում ներկայացնի իրավաբանորեն փաստված հանգամանքներ և նյութեր (…)»:
5.2. Վերոշարադրյալի համատեքստում անդրադառնալով սույն դիմումով բարձրացվող հարցադրմանը՝ Սահմանադրական դատարանն արձանագրում է հետևյալը.
Օրենսգրքի՝ «Քրեական հետապնդումը բացառող հանգամանքները» վերտառությամբ 12-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝
«1. Քրեական հետապնդում չպետք է հարուցվի, իսկ հարուցված քրեական հետապնդումը ենթակա է դադարեցման, եթե`
1) անձը չի կատարել իրեն մեղսագրվող արարքը.
2) առկա է Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով նախատեսված՝ քրեական պատասխանատվությունը բացառող որևէ հանգամանք (բացառությամբ անմեղսունակության).
3) առկա է անձին մեղսագրվող նույն արարքի կապակցությամբ օրինական ուժի մեջ մտած դատավճիռ կամ այլ դատական ակտ.
4) առկա է անձին մեղսագրվող նույն արարքի կապակցությամբ քրեական հետապնդում չհարուցելու կամ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին դատախազի չվերացված որոշում, բացառությամբ սույն մասի 9-րդ կետով նախատեսված դեպքի.
5) անձն անձեռնմխելիության ուժով ենթակա չէ քրեական պատասխանատվության.
6) իրավասու մարմինը պատշաճ իրավական ընթացակարգի արդյունքում ենթադրյալ հանցանք կատարած անձին չի զրկել անձեռնմխելիությունից.
7) լրացել է սույն օրենսգրքով սահմանված քրեական հետապնդման առավելագույն ժամկետը, և դատախազն այդ ժամկետի ընթացքում վարույթի նյութերը չի հանձնել դատարան.
8) վարույթը նախաձեռնվել է սույն օրենսգրքով չնախատեսված աղբյուրից ստացված տեղեկության հիման վրա.
9) վարույթով քրեական հետապնդումն իրականացվել է հանրային կարգով, մինչդեռ սույն օրենսգրքի պահանջներին համապատասխան` քրեական հետապնդումը պետք է իրականացվեր միայն մասնավոր կարգով.
10) անձը մահացել է.
11) անձն արարքի կատարման պահին չի հասել քրեական պատասխանատվության ենթարկելու` օրենքով նախատեսված տարիքին.
12) անձը Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի ընդհանուր կամ հատուկ մասի դրույթների ուժով ենթակա է ազատման քրեական պատասխանատվությունից.
13) անձը համաներմամբ ենթակա է ազատման քրեական պատասխանատվությունից.
14) անձին մեղսագրվող արարքն ապաքրեականացվել է»:
Այսպիսով, Օրենսգրքի 12-րդ հոդվածով սահմանվում են քրեական հետապնդումը բացառող հանգամանքները, որոնց առկայության պարագայում քրեական հետապնդում չպետք է հարուցվի, իսկ հարուցված քրեական հետապնդումը ենթակա է դադարեցման: Ավելին, Օրենսգրքի 13-րդ հոդվածը՝ իբրև քրեական վարույթի կարճման հիմք, ի թիվս այլնի, սահմանում է, որ քրեական վարույթը ենթակա է կարճման, եթե կայացվել է անձի նկատմամբ քրեական հետապնդում չհարուցելու կամ մեղադրյալի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշում, և սպառվել են վարույթը շարունակելու բոլոր հնարավորությունները:
Օրենսգրքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետի ուժով՝ անձի մահվան դեպքում քրեական հետապնդումը բացառվում է, ինչն ընդհանուր, սակայն ոչ բացարձակ կանոն է. նույն հոդվածի 3-րդ մասի ուժով՝ Օրենսգրքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետով նախատեսված հանգամանքի առկայությունը քրեական հետապնդումը բացառող չէ, եթե մահացածի օրինական ներկայացուցիչն առարկում է դրա դեմ այն հիմքով, որ մահացածը չի կատարել իրեն մեղսագրվող արարքը: Այu դեպքում քրեական վարույթը շարունակվում է ընդհանուր կարգով, սակայն մեղադրական վերդիկտ կայացնելու դեպքում այդ անձի նկատմամբ պատիժ չի նշանակվում:
Սահմանադրական դատարանը 2015 թվականի հունիսի 9-ի ՍԴՈ-1213 որոշման շրջանակներում արձանագրել է.
«(…) օրենսգրքի 35-րդ հոդվածում թվարկված են այն հանգամանքները, որոնք բացառում են ինչպես քրեական գործ հարուցելու և քրեական հետապնդում իրականացնելու հնարավորությունը, այնպես էլ առաջացնում են պարտավորություն՝ կարճել քրեական գործի վարույթը: Նշված հանգամանքներից յուրաքանչյուրի բացահայտման դեպքում քրեական գործի վարույթը ենթակա է կարճման, իսկ քրեական հետապնդումը` դադարեցման: Միևնույն ժամանակ, այս ընդհանուր մոտեցումն ունի վերապահումներ (…)»։
Ստացվում է, որ Օրենսգրքի 12-րդ հոդվածի 3-րդ մասը նախատեսում է անձի մահվան դեպքում քրեական հետապնդման բացառման ընդհանուր կանոնից բացառություն, որի համար հիմք է հանդիսանում մահացածի օրինական ներկայացուցչի առարկությունը՝ մահացածի կողմից վերջինիս մեղսագրվող արարքը նրա կողմից չկատարվելու հիմքով:
Նշվածը համապատասխանում է նաև Սահմանադրական դատարանի՝ 2017 թվականի մարտի 21-ի ՍԴՈ-1358 որոշմամբ արտահայտած հետևյալ դիրքորոշմանը. «(...) իրավակիրառ պրակտիկան պետք է առաջնորդվի այն մոտեցմամբ, որ անձի մահվան հիմքով քրեական հետապնդում չիրականացնելու կամ գործի վարույթը կարճելու դեպքում անհրաժեշտ է այդ մասին իրազեկել նրա մերձավոր ազգականին, ապահովել վերջինի դիրքորոշման լսելիությունը, մահացածի իրավունքների վերականգնման անհրաժեշտության դեպքում քրեական գործի վարույթը շարունակելու` նրա պահանջի բավարարումը և մասնակցությունը մահացածի իրավունքների պաշտպանության և նրա մեղավորության հարցը պարզելուն ուղղված դատավարության ողջ ընթացքում»:
5.3. Սույն դիմումի առնչությամբ Սահմանադրական դատարանը կարևոր է համարում հիշատակել նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (այսուհետ նաև՝ ՄԻԵԴ) դիրքորոշումը: Մասնավորապես՝ Մագնիտսկին և այլք ընդդեմ Ռուսաստանի գործով (Magnitskiy and others v. Russia, Applications nos. 32631/09 and 53799/12, 27.08.2019, Final 27.11.2019) ՄԻԵԴ-ը նշել է.
- (§ 280) Արդար դատաքննության իրավունքի հիմնարար բաղադրատարրերից են քրեական վարույթի մրցակցային բնույթն ու մեղադրանքի և պաշտպանության կողմերի իրավահավասարությունը: ՄԻԵԴ-ը գտել է, որ արդար և անաչառ քրեական դատավարության համար վճռորոշ նշանակություն ունի այն, որ մեղադրյալն անձամբ ներկա գտնվի իր դատավարությանը (Kashlev v. Estonia, no. 22574/08, § 37, 26 April 2016; Lala v. the Netherlands, 22 September 1994, § 33, Series A no. 297 A; and Poitrimol v. France, 23 November 1993, § 35, Series A no. 277 A), և որ մեղադրյալի՝ դատական նիստերի դահլիճում ներկա լինելու իրավունքի ապահովումը՝ լինի դա նախնական դատավարության, թե վերաբացված վարույթի շրջանակներում, համարվում է «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» կոնվենցիայի (այսուհետ՝ Կոնվենցիա) 6-րդ հոդվածի էական պահանջներից մեկը (Stoichkov v. Bulgaria, no. 9808/02, § 56, 24 March 2005): Չնայած այն ուղղակիորեն նշված չէ Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասում, սակայն հոդվածի ամբողջական առարկան և նպատակը ցույց են տալիս, որ «քրեական հանցագործության մեջ մեղադրվող» անձն իրավունք ունի մասնակցելու դատալսումներին (Hermi v. Italy [GC], no. 18114/02, § 59, ECHR 2006 XII): Մեղադրյալի բացակայությամբ անցկացված դատավարությունը վերսկսելը մերժելը՝ առանց որևէ արձանագրման, որ մեղադրյալը հրաժարվել է դատավարությանը ներկա գտնվելու իր իրավունքից, ճանաչվում է «արդարադատության աղաղակող մերժում», ինչը դատավարությունն ամբողջությամբ դարձնում է «ակնհայտորեն հակասող Կոնվենցիայի 6-րդ հոդվածի դրույթներին կամ դրանում մարմնավորված սկզբունքներին» (Sejdovic v. Italy [GC], no. 56581/00, § 84, ECHR 2006 II, and Stoichkov, cited above, §§ 54-58):
- (§ 281) Մահացածի դատավարությունն անխուսափելիորեն հակասում է վերոնշյալ սկզբունքներին, քանի որ այն իր բնույթով անհամատեղելի է կողմերի իրավահավասարության սկզբունքի և արդար դատաքննության բոլոր երաշխիքների հետ: Ավելին, ինքնին ակնհայտ է, որ անհնար է պատժել մահացած անձին, ուստի՝ այս առումով ևս քրեական արդարադատության գործընթացը խափանվում է: Մահացած անձի նկատմամբ նշանակված ցանկացած պատիժ կխախտի նրա արժանապատվությունը: Վերջապես, մահացած անձի նկատմամբ դատավարությունը հակասում է ինչպես Կոնվենցիայի 6-րդ հոդվածի նպատակային նշանակությանը, այնպես էլ դրանում արտացոլված բարեխղճության (good faith) և արդյունավետության սկզբունքին:
- (§ 282) ՄԻԵԴ-ն ընդունել է, որ կարող է քրեական մեղադրանքի դատական քննության անհրաժեշտություն առաջանալ նույնիսկ մահացած անձի նկատմամբ, մասնավորապես՝ ռեաբիլիտացիոն վարույթի դեպքում, որի նպատակն է անարդար դատապարտման շտկումը: Դատարանը վերահաստատել է երկրորդ և երրորդ դիմողների այն պնդումը, որ նրանք երբեք չեն համաձայնել պարոն Մագնիտսկու նկատմամբ քրեական գործի շարունակմանը, ուստի՝ այդ վարույթը շարունակելու իշխանությունների որոշումը հակասել է Քրեական դատավարության օրենսգրքի դրույթներին՝ ինչպես դրանք մեկնաբանվել են Սահմանադրական դատարանի թիվ 16-P որոշման մեջ (տե՛ս 167-րդ պարագրաֆը): Ճանաչելով Ռուսաստանի Սահմանադրական դատարանի կարևոր դերը՝ անձի մահից հետո քրեական վարույթների իրականացումը կանոնակարգելու գործում, ինչպես նաև նկատի ունենալով այն, որ Սահմանադրական դատարանը քրեական վարույթի շարունակության նպատակը պայմանավորել է ռեաբիլիտացիայի անհրաժեշտությամբ (տե՛ս 169-րդ պարագրաֆ), (…)՝ ՄԻԵԴ-ը գտել է, որ դատաքննությունը պետք է զերծ լինի ցանկացած ռիսկից, որը կարող է հանգեցնել մահացած անձի հետմահու դատապարտմանը, եթե նրա մեղավորությունը դատարանի կողմից չի հաստատվել վերջինիս կենդանության օրոք:
Սահմանադրական դատարանն ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ վերոգրյալի հիման վրա՝ ՄԻԵԴ-ը եզրահանգել է, որ անձի նկատմամբ մահվանից հետո իրականացված քրեական վարույթը, որն ավարտվել է վերջինիս դատապարտմամբ, խախտել է Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասի պահանջները:
5.4. Սահմանադրական դատարանն ուշագրավ է համարում այն, որ ի տարբերություն գործող Օրենսգրքի՝ 1998 թվականի ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի՝ «Քրեական գործի վարույթը կամ քրեական հետապնդումը բացառող հանգամանքներ» վերտառությամբ 35-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետը սահմանում էր.
«1. Քրեական գործ չի կարող հարուցվել և քրեական հետապնդում չի կարող իրականացվել, իսկ հարուցված քրեական գործի վարույթը ենթակա է կարճման, եթե`
(…)
10) անձը մահացել է, բացառությամբ այն դեպքերի, երբ գործի վարույթն անհրաժեշտ է մահացածի իրավունքների վերականգնման համար կամ ուրիշ անձանց նկատմամբ նոր ի հայտ եկած հանգամանքների կապակցությամբ գործը վերսկսելու համար»։
Այսպիսով, 1998 թվականի ՀՀ քրեական դատավարության օրենսգիրքը հիշատակված իրավակարգավորմամբ վարույթի շարունակման իրավական հնարավորություն ընձեռում էր նաև տուժողին՝ «ուրիշ անձանց նկատմամբ նոր ի հայտ եկած հանգամանքների կապակցությամբ գործը վերսկսելու համար»։
2024 թվականի հունվարի 23-ի ՍԴՈ-1712 որոշման շրջանակներում Սահմանադրական դատարանն արձանագրել է, որ « (…) վիճարկվող իրավադրույթին վերաբերող` 2017 թվականի մարտի 21-ի ՍԴՈ-1358 որոշմամբ (մահացածի իրավունքների վերականգնման նպատակով վարույթի շարունակման մասով) Սահմանադրական դատարանը կարևորել է անձի մահվան հիմքով վարույթի դադարեցման պարագայում մահացածի հարազատների կամարտահայտությունը հաշվի առնելը։ Սակայն սույն դիրքորոշումը որևէ կերպ չի կարող մեկնաբանվել որպես տուժողի իրավունքների պաշտպանության բացառում։ Այն հանգամանքը, որ Սահմանադրական դատարանը հիշյալ որոշմամբ կարևորել է մահացածի իրավունքների վերականգնման նպատակով վարույթը շարունակելիս մահացածի մերձավոր ազգականների դիրքորոշումը, չի կարող մեկնաբանվել որպես օրենսդրի կողմից «ուրիշ անձանց» հիմնական իրավունքի դատական պաշտպանության ապահովման հայեցողության սահմանափակում»։
5.5. Սահմանադրական դատարանը, հիմք ընդունելով իր կողմից նախկինում արտահայտած դիրքորոշումները, գտնում է, որ Դիմողը սույն գործի շրջանակներում վիճարկում է գործող քրեադատավարական կարգավորումների պայմաններում տուժողի՝ մեղադրյալի մահվան դեպքում վարույթի շարունակում հայցելու իրավական հնարավորության բացակայությունը և, այդպիսով՝ վիճարկվող դրույթի հիմքով վարույթը կարճելիս տուժողի կարծիքի բացարձակ «անտեսումը»: Մասնավորապես, Դիմողը նշում է. «(…) գտնում եմ, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 12-րդ հոդվածը, ենթադրյալ հանցանք կատարած անձի կամ մեղադրյալի մահվան պարագայում քրեական վարույթը շարունակելու հարցի կապակցությամբ տուժողի դիրքորոշումը պարզելու պահանջ և քրեադատավարական օրենքի 12-րդ հոդվածի 10-րդ կետի կիրառման դեմ տուժողի անհամաձայնության դեպքում քրեական վարույթն ընդհանուր կարգով շարունակելու կարգավորում չնախատեսելով, չի համապատասխանում Սահմանադրության 61-րդ հոդվածով հռչակված՝ արդյունավետ դատական պաշտպանության և Սահմանադրության 63-րդ հոդվածով հռչակված՝ արդար դատաքննության հիմնարար իրավունքների բովանդակությանն՝ այնքանով, որքանով թույլ է տալիս՝ առանց տուժողի համաձայնության, քրեադատավարական օրենքի 12-րդ հոդվածի 10-րդ կետի կիրառմամբ կայացնելու մահացածի նկատմամբ քրեական հետապնդում չհարուցելու կամ հարուցված քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշում՝ դրանով իսկ տուժողի համար ստեղծելով վերոհիշյալ հիմնարար իրավունքների իրացման «դատավարական փակուղի»»:
Դիմողը նաև նշում է, որ նման պայմաններում բացակայում են բավարար երաշխիքներ՝ քրեական դատավարությունից դուրս, իրավունքի պաշտպանության քաղաքացիադատավարական եղանակներով հասնելու ենթադրյալ հանցագործությամբ իրեն պատճառված վնասի հատուցմանը:
Սահմանադրական դատարանը հարկ է համարում ուշադրություն հրավիրել այն հանգամանքի վրա, որ Դիմողն իր սահմանադրական իրավունքի ենթադրյալ խախտումը պայմանավորում է քրեադատավարական միջոցներից զատ այլ՝ քաղաքացիադատավարական պաշտպանության միջոցներով իրավունքի պաշտպանման անհնարինությամբ՝ չնայած այն հանգամանքին, որ քրեական վարույթը կարճելու մասին խնդրո առարկա որոշումը բողոքարկելիս դատարանները Դիմողին ուղղորդել են մասնավոր իրավունքի ոլորտ՝ վերջինիս պատճառված վնասի հատուցման իրավունքի իրացման համար: Մասնավորապես՝ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը, քննելով պաշտպան Ա. Մանուկյանի կողմից ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնի ՀԿԳ քննիչ Ա. Ավագյանի՝ 2023 թվականի նոյեմբերի 10-ի թիվ 11819322 քրեական վարույթը կարճելու որոշման դեմ ներկայացված բողոքը (թիվ ԵԴ1/0501/11/23 գործ), 2024 թվականի հունվարի 10-ին որոշել է ներկայացված բողոքը մերժել: Սույն որոշմամբ Դատարանն արձանագրել է.
«(...) բողոքաբեր կողմը քրեական վարույթը կարճելու որոշումը վիճարկում է այն պատճառաբանությամբ, որ մահվան հիմքով քրեական հետապնդման դադարեցումն աներկբա հիմք չէ քրեական վարույթը կարճելու մասին որոշում կայացնելու համար, քանզի այդ վարույթի ընթացքում ձեռք են բերվել բավարար տվյալներ նոր վարույթ նախաձեռնելու համար:
Մինչդեռ, բողոքի վերաբերյալ Դատարան ներկայացված նյութերից բխում է, որ նախ քրեական հետապնդումը դադարեցվել է քրեադատավարական օրենսդրության նորմերի պահպանմամբ, միևնույն ժամանակ, Դատարանի գնահատմամբ, սպառված է եղել վարույթը շարունակելու հնարավորությունը, ինչը հիմք է հանդիսացել գործի վարույթը կարճելու համար: Ինչ վերաբերում է նոր վարույթ չնախաձեռնելուն, Դատարանը, ուսումնասիրելով վարույթի նյութերը, գտնում է, որ առկա չեն եղել նոր վարույթ նախաձեռնելու նախադրյալները: Միևնույն ժամանակ, Դատարանի գնահատմամբ, նշված վարույթի շրջանակներում մեկ այլ դեպքի կապակցությամբ վարույթ չհարուցելը չի կարող խախտել բողոքաբերի վստահորդի /տուժողի/ իրավունքներն այն պարագայում, երբ քրեական հետապնդման դադարեցվել է ոչ արդարացնող հիմքով, ինչը կարող է հնարավորություն տալ տուժողին հնարավոր գույքային շահերը վերականգնել մասնավոր իրավունքի ոլորտում»:
Դատարանը, քննելով թիվ 11819322 քրեական վարույթով տուժող Լիպարիտ Հովհաննիսյանի ներկայացուցիչ Ա. Մանուկյանի կողմից ներկայացրած բողոքը՝ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնի ՀԿԳ քննիչ Ա. Ավագյանի՝ 2023 թվականի նոյեմբերի 10-ի թիվ 11819322 քրեական վարույթը կարճելու մասին որոշման դեմ (թիվ ԵԴ1/0501/11/23 գործ), 2024 թվականի հունիսի 21-ին որոշել է ներկայացված բողոքը մերժել: Սույն որոշմամբ Դատարանն արձանագրել է.
«Բողոք ներկայացրած անձի պնդումներն առ այն, որ քրեական վարույթով ի հայտ է եկել մեղադրյալ Արթուր Հակոբյանի վստահությունը չարաշահելու եղանակով առանձնապես խոշոր չափերի գումար հափշտակված լինելու տվյալ և պետք է նախաձեռնվի նոր քրեական վարույթ, ապա միացվի հիշյալ քրեական վարույթին՝ վկայակոչելով որպես ենթադրյալ հանցագործություն կատարած անձ Գևորգ Նալբանդյանին, ապա Դատարանն արձանագրում է, որ բողոքի վերաբերյալ դատարան ներկայացված նյութերի ուսումնասիրման արդյունքում պարզվել է, որ Գևորգ Նալբանդյանի կողմից խաբեությամբ Արթուր Հակոբյանից գումարներ վերցնելու հանգամանքը չի հաստատվել:
(…)
(…) Դատարանն արձանագրում է, որ առկա չեն եղել նոր վարույթ նախաձեռնելու նախադրյալները: Բացի այդ, Դատարանը փաստում է, որ անձի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է ոչ արդարացնող հիմքով, ուստի նման պայմաններում տուժողն իր հնարավոր գույքային շահերը կարող է վերականգնել մասնավոր իրավունքի ոլորտում»:
Ընդհանուր իրավասության դատարանների այս դիրքորոշումների առնչությամբ Դիմողի առարկությունները հանգում են նրան, որ հանցագործությամբ իրեն պատճառված վնասի հատուցումը քաղաքացիական դատավարության շրջանակներում, իր գնահատմամբ, արգելափակված է, քանի որ համապատասխան դատավճռի բացակայության պայմաններում Դիմողը դառնում է վնասի հատուցում ստանալու համար էական հանգամանքների ապացուցման չափազանց անհամաչափ բեռի կրող, ինչը, համապատասխանաբար, իր իրավունքների իրացումը մասնավոր ոլորտում դարձնում է անիրատեսական:
Այս կապակցությամբ Սահմանադրական դատարանը գտնում է, որ Դիմողի նման մտահանգումները բավարար չափով չեն հիմնավորում իր՝ Սահմանադրության 61 և 63-րդ հոդվածներով ամրագրված սահմանադրական իրավունքների ենթադրյալ խախտումները: Մասնավորապես՝ Դիմողի կողմից որևէ կերպ չի հիմնավորվում, որ մեղադրյալի մահվան հիմքով քրեական հետապնդման դադարեցման ու վարույթի շարունակման օրենսդրական հնարավորության բացակայության արդյունքում տուժողին պատճառված վնասի հատուցման իրավունքի իրացման համար էական նշանակություն ունեցող հանգամանքների ապացուցումը քաղաքացիական դատավարության շրջանակներում անհնար է:
5.6. Վերոբերյալ իրավական դիրքորոշումները համադրելով սույն գործով ներկայացված փաստաթղթերի հետ՝ Սահմանադրական դատարանն արձանագրում է հետևյալը.
Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի դատախազության դատախազը, ուսումնասիրելով ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում քննվող թիվ 11819322 քրեական վարույթի նյութերը և նույն բաժնի ՀԿԳ քննիչ Ա. Ավագյանի՝ 2023 թվականի հոկտեմբերի 9-ի միջնորդությունը՝ Ա. Հակոբյանի նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ, «Միջնորդությունը բավարարելու և քրեական հետապնդումը դադարեցնելու մասին» 2023 թվականի հոկտեմբերի 16-ի որոշմամբ որոշել է ներկայացված միջնորդությունը բավարարել, թիվ 11819322 քրեական վարույթով Ա. Հակոբյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով հարուցված քրեական հետապնդումը դադարեցնել՝ Օրենսգրքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետի՝ անձի մահվան հիմքով: Սույն որոշմամբ արձանագրվել է. «Մեղադրյալ Արթուր Հակոբյանին ներկայացվել է մեղադրանք, ով առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր է ճանաչել և վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է բացակայելու արգելքը:
(...)
(...) վարույթն իրականացնող մարմնին ուղղված դիմումով Արթուր Սիմոնի Հակոբյանի մերձավոր ազգականը՝ հայրը, հայտնել է, որ չի առարկում, որ որդու նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը դադարեցվի մահվան հիմքով»:
Սահմանադրական դատարանն ուշադրություն է հրավիրում այն բանի վրա, որ Վճռաբեկ դատարանը, թիվ ԵՇԴ/1342/02/11 քաղաքացիական գործով՝ ըստ Արմեն Կուրղինյանի հայցի ընդդեմ Սեդա Խուրշուդյանի` գումար բռնագանձելու պահանջի մասին, անդրադառնալով հետաքննության ընթացքում տրված բացատրության և նախաքննության ընթացքում տրված ցուցմունքի` քաղաքացիական դատավարությունում որպես ինքնուրույն գրավոր ապացույցների թույլատրելիության հարցին և դրանց արժանահավատության գնահատման առանձնահատկություններին, 2014 թվականի հուլիսի 18-ի որոշմամբ արձանագրել է.
«(…) հետաքննության և նախաքննության ընթացքում տրված բացատրությունները և ցուցմունքները, քաղաքացիական դատավարությունում որպես ինքնուրույն գրավոր ապացույցներ, թույլատրելի են: Նշված ապացույցները, սակայն, Վճռաբեկ դատարանի դիտարկմամբ արժանահավատության գնահատման առումով ունեն որոշակի առանձնահատկություններ:
(…) Վճռաբեկ դատարանը, նկատի ունենալով, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրքը գրավոր ապացույցների տեսակների բավականին լայն շրջանակ է նախատեսել, ընդ որում` ոչ սպառիչ, գտնում է, որ վերջիններիս գնահատման, այդ թվում նաև արժանահավատության առումով, չափորոշիչները ևս բազմազան են: Այսպես, օրինակ, եթե որպես գրավոր ապացույց ներկայացվել է պաշտոնական փաստաթուղթ, դատարանը նախ պետք է պարզի` արդյոք տվյալ փաստաթուղթը տրվել է իրավասու մարմնի կամ պաշտոնատար անձի կողմից, և արդյոք պահպանված են նմանատիպ փաստաթղթերի կազմմանը ներկայացվող պահանջները: Որոշակի առանձնահատկություններ ունեն նաև հետաքննության և նախաքննության ընթացքում տրված բացատրությունները և ցուցմունքները, որոնց արժանահավատության ստուգումն իրականացնելիս դատարանը պետք է հաշվի առնի նաև դրանց ձեռքբերման` քրեադատավարական իրավանորմերով սահմանված ընթացակարգը»:
Թիվ ԱՐԴ1/0107/02/14 քաղաքացիական գործով ըստ հայցի Ստյոպա Կարապետյանի ընդդեմ Արայիկ, Սաթենիկ և Բաբկեն Գալստյանների` գումարի բռնագանձման և բռնագանձումը պատասխանողների գույքի վրա տարածելու պահանջների մասին, և ըստ հակընդդեմ հայցի Սաթենիկ և Բաբկեն Գալստյանների ընդդեմ Ստյոպա Կարապետյանի` փոխառության պայմանագիրը Սաթենիկ և Բաբկեն Գալստյանների մասով չկնքված ճանաչելու պահանջի մասին, Վճռաբեկ դատարանն իր՝ 2016 թվականի ապրիլի 22-ի որոշման մեջ արձանագրել է.
«(...) Վճռաբեկ դատարանը ևս մեկ անգամ ընդգծում է, որ քրեական վարույթով հետաքննության ընթացքում անձանց կողմից տրված բացատրությունները քաղաքացիական դատավարությունում դիտվում են որպես ինքնուրույն գրավոր ապացույցներ, որոնք կարող են պարունակել տեղեկություններ և գործում առկա այլ ապացույցների հետ համադրության արդյունքում հնարավորություն տալ դատարանին պարզելու գործին մասնակցող անձանց պահանջները և առարկությունները հիմնավորող, ինչպես նաև վեճի լուծման համար նշանակություն ունեցող այլ հանգամանքների առկայությունը կամ բացակայությունը»:
Սահմանադրական դատարանի տեսանկյունից ակնհայտ է, որ Դիմողի եզրահանգումն առ այն, որ վիճարկվող դրույթով նախատեսված՝ անձի մահվան հիմքով վարույթի կարճման հնարավորությունը՝ առանց տուժողի իրավունքների հետագա պաշտպանության անհրաժեշտության և դրա հնարավորության հարցերի գնահատման, ինչպես նաև այն, որ հիշյալ հարցում տուժողի դիրքորոշման արտահայտման հնարավորության կառուցակարգերի բացակայությունը սույն գործով հանգեցրել է իր դատական պաշտպանության իրավունքի խախտման, բավարար չափով հիմնավորված չեն: Մասնավորապես՝ Դիմողի նմանօրինակ եզրահանգումները հիմնված են ենթադրությունների և վերացական դատողությունների վրա, որպիսի հանգամանքի մասին է վկայում նաև այն, որ Դիմողը դեռևս չի հայցել իր իրավունքների պաշտպանությունը մասնավոր իրավունքի ոլորտում՝ հիմնվելով այն ենթադրության վրա, որ դա ակնհայտորեն անիմաստ է:
5.7. Իր կողմից առաջադրված թեզը հիմնավորելու համար Դիմողը վկայակոչում է մի քանի միջազգային իրավական փաստաթղթեր, մասնավորապես՝ ա) Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի 1985 թվականին ընդունած՝ «Տուժողի դերը քրեական իրավունքի և դատավարության շրջանակներում» N R(85) II հանձնարարականը, բ) Միավորված ազգերի կազմակերպության N 40/34 բանաձևը և հատկապես դրա 4-րդ կետը, գ) Կոնվենցիայի 6-րդ հոդվածը:
Վերլուծությունները Սահմանադրական դատարանին բերում են այն եզրակացության, որ Դիմողի կողմից վկայակոչված միջազգային փաստաթղթերի դիմումում մեջբերված դրույթները շատ ընդհանուր բնույթ ունեն, վերաբերում են քրեական վարույթներում տուժողների կարգավիճակին և իրավունքներին՝ ընդհանրապես, իսկ վիճարկվող դրույթի և սույն գործի դատավարական նախապատմությունից երևացող հանգամանքներին ուղղակի չեն առնչվում, այսինքն՝ վերաբերելի չեն սույն գործով բարձրացված հիմնահարցերին: Հետևաբար՝ դրանց վկայակոչումը՝ որպես առաջ քաշված հիմնական թեզի փաստարկներ, ակնհայտ անհիմն է, ինչից հետևում է, որ ակնհայտ անհիմն են նաև Դիմողի այն պնդումները, որ Հայաստանի Հանրապետությունում նշված միջազգային փաստաթղթերով ամրագրված պահանջները երաշխավորված չեն համապատասխան ընթացակարգերով:
5.8. Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ անհատական դիմումով ենթադրյալ սահմանադրական վեճ բարձրացնելիս Դիմողը պետք է հստակ հիմնավորի իր իրավունքների խախտումը, որը չպետք է հիմնված լինի ենթադրությունների և վերացական դատողությունների վրա: Անհատական դիմումի շրջանակներում նորմատիվ իրավական ակտի դրույթի, իրավակիրառ պրակտիկայում դրան տրված մեկնաբանության կամ դրանում առկա ենթադրյալ օրենսդրական բացի սահմանադրականությունը վիճարկելու պարագայում անհրաժեշտ է բավարար կերպով իրավաբանորեն հիմնավորել, որ վիճարկվող դրույթը (իրավակիրառ պրակտիկայում դրան տրված մեկնաբանությունը, դրանում առկա ենթադրյալ օրենսդրական բացը) հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված առնվազն որևէ հիմնական իրավունքի և (կամ) ազատության խախտման, որը սույն պարագայում տեղի չի ունեցել: Այսինքն՝ Դիմողը բավարար կերպով իրավաբանորեն չի հիմնավորել իր կողմից վիճարկվող դրույթի և նման խախտման ընդհանրությունը, դրանց միջև անմիջական պատճառահետևանքային կապի առկայությունը՝ սույն կոնկրետ գործի հանգամանքների և առանձնահատկությունների հաշվառմամբ:
Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 60-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով, ինչպես նաև 69-րդ հոդվածի 5-րդ մասով՝ Սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.
«Լիպարիտ Հովհաննիսյանի դիմումի հիման վրա՝ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի վարույթը կարճել:
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
ՆԱԽԱԳԱՀ Ա. ԴԻԼԱՆՅԱՆ
12 մայիսի 2025 թվականի
ՍԴԱՈ-74
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 12 մայիսի, 2025 թ.
- Գործի #:
- ՍԴԱՈ-74
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
