«ԱՐԴՇԻՆԲԱՆԿ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ-2)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքներըԱմփոփում
Ընդ.՝ 29 հունվարի 2021թ. ՍԴԴԿՈ - 2 | «ԱՐԴՇԻՆԲԱՆԿ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ ՈՐՈՇՈՒՄ
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Քաղ. Երևան 29 հունվարի 2021թ.
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի
դատական կազմը
Նախագահությամբ Է. Շաթիրյանի
Անդամակցությամբ Ա.Վաղարշյանի
Ա. Թունյանի
Քննության առնելով «Արդշինբանկ» փակ բաժնետիրական ընկերության անհատական դիմումի ընդունելիության հարցը,
ՊԱՐԶԵՑ.
1. «Արդշինբանկ» փակ բաժնետիրական ընկերությունը դիմել է Սահմանադրական դատարան (դիմումը փոստային ծառայությանն է հանձնվել 2020 թվականի դեկտեմբերի 18-ին, որը Սահմանադրական դատարան է մուտքագրվել 2020 թվականի դեկտեմբերի 22-ին) խնդրելով. «ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 73-րդ հոդվածի 1-ին մասի, «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 39-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետի իրավակիրառ պրակտիկայում դրանց տրված մեկնաբանությունը, այնքանով որքանով դրանք հստակ չեն կարգավորում պատասխանողի սնանկ ճանաչված լինելու հիմքով գործի վարույթի կարճման դեպքում դատական ծախսերի, այդ թվում պետական տուրքի բաշխման հարցը և/կամ իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանության արդյունքում այդ ծախսը, ընդ որում անորոշ ժամանակահատվածի համար հաշվարկված, դնում են հայցվոր կողմի վրա, ճանաչել ՀՀ Սահմանադրության (2015թ.-ի փոփոխություններով) 39-րդ, 61-րդ, 63-րդ և 79-րդ հոդվածներին հակասող և անվավեր և/կամ բացահայտել դրանց սահմանադրաիրավական բովանդակությունը»:
2. Հիմք ընդունելով Սահմանադրական դատարանի դատական կազմի նախագահողի միջնորդությունը լրացուցիչ ուսումնասիրություն կատարելու նպատակով սույն դիմումի նախնական ուսումնասիրության ժամկետը երկարաձգվել է մինչև 2021 թվականի փետրվարի 9-ը ներառյալ:
3. Ըստ դիմողի վերը նշված նորմերը առհասարակ չեն կարգավորում պատասխանողի սնանկ ճանաչվելու հիմքով գործի վարույթը կարճելու դեպքում դատական ծախսերի, այդ թվում պետական տուրքի բաշխման և բյուջեից պետական տուրքի վերադարձման հետ կապված հարցերը։ Դիմողի կարծիքով, մասնավորապես, կիրառված նորմերում առկա օրենսդրական բացի և/կամ անորոշ և թերի ձևակերպումների պատճառով տրված մեկնաբանության արդյունքում ստեղծվել է մի իրավիճակ, երբ պատշաճ հայցվորն իր խախտված իրավունքների պաշտպանության նպատակով դիմելով դատարան կրել է պետական տուրքի մասով բացասական հետևանքներ, քանզի պատասխանողը մեկ այլ վարույթի շրջանակներում ոչ հայցվորի մեղքով ճանաչվել է սնանկ։ Այսինքն նման դեպքում պատասխանողի սնանկ ճանաչվելն անուղղակի կերպով բացասական հետևանքներ է առաջացնում պատշաճ հայցվորի համար, որն, օգտվելով իր դատավարական իրավունքներից, դիմել է դատարան իր խախտված իրավունքների պաշտպանության նպատակով։
4. Ուսումնասիրելով սույն անհատական դիմումը և վերջինիս կից ներկայացված նյութերը, ինչպես նաև ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29 և 69-րդ հոդվածների պահանջներով` Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ սույն անհատական դիմումով գործի քննությունը ենթակա է մերժման հետևյալ պատճառաբանությամբ. 4.1. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի (ընդունված 17.06.1998թ. (ՀՕ-247), ուժը կորցրած 09.04.2018թ.) 73-րդ հոդվածի 1-ին մասի վերաբերյալ Դիմումի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ վիճարկվող դրույթի մասով դիմողն, ըստ էության, առաջ է քաշում օրենսդրական բացի խնդիր։ Օրենսդրական բացի հիմնահարցերին Սահմանադրական դատարանն անդրադարձել է իր բազմաթիվ որոշումներում (մասնավորապես ՍԴՈ-864, ՍԴՈ-914, ՍԴՈ-922, ՍԴՈ-1020, ՍԴՈ-1056, ՍԴՈ-1143): Այսպես` 2019 թվականի սեպտեմբերի 4-ի ՍԴՈ-1476 որոշմամբ վերահաստատելով և զարգացնելով օրենսդրական բացի վերաբերյալ իր իրավական դիրքորոշումները` Սահմանադրական դատարանը գտել է.
1) օրենսդրական բացը Սահմանադրական դատարանի քննության առարկա կարող է դառնալ այն ժամանակ, երբ այն իրավակարգավորման թերությունն է, այլ ոչ թե իրավաստեղծ մարմնի, տվյալ դեպքում` օրենսդրի կամքը` ձեռնպահ մնալու որպես օրենսդրական բաց ընկալվող իրավական կարգավորումից.
2) ցանկացած թերի օրենսդրական կարգավորում չէ, որը որպես օրենսդրական բաց կարող է Սահմանադրական դատարանի քննության առարկա դառնալ, այլ միայն այնպիսի օրենսդրական բացը, որը հնարավոր չէ հաղթահարել այլ վերաբերելի իրավակարգավորումները մեկնաբանելու և կիրառելու միջոցով.
3) օրենսդրական բացը պետք է հանգեցրած լինի հակասական իրավակիրառ պրակտիկայի, որը հնարավոր չէ հաղթահարել կամ որը փաստացի չի հաղթահարվել սովորական դատարանների կողմից.
4) օրենսդրական բաց առկա է այն պարագայում, երբ իրավակարգավորման լիարժեքություն ապահովող տարրի բացակայության կամ այդ տարրի թերի կանոնակարգման հետևանքով խաթարվում է օրենսդրորեն կարգավորված իրավահարաբերությունների ամբողջական և բնականոն իրագործումը.
5) այն դեպքերում, երբ իրավունքի բացը պայմանավորված է իրավակարգավորման ոլորտում գտնվող կոնկրետ հանգամանքների առնչությամբ նորմատիվ պատվիրանի բացակայությամբ, ապա նման բացի հաղթահարումն օրենսդիր մարմնի իրավասության շրջանակներում է: Սահմանադրական դատարանը գործի քննության շրջանակներում անդրադառնում է օրենքի այս կամ այն բացի սահմանադրականությանը, եթե վիճարկվող նորմի բովանդակությամբ պայմանավորված իրավական անորոշությունն իրավակիրառական պրակտիկայում հանգեցնում է տվյալ նորմի այնպիսի մեկնաբանությանն ու կիրառմանը, որը խախտում է կամ կարող է խախտել կոնկրետ սահմանադրական իրավունք: Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ Սահմանադրական դատարանի վերոնշյալ իրավական դիրքորոշումների համատեքստում սույն գործով դիմողի առաջադրած օրենսդրական բացի սահմանադրականության հարցը ենթակա չէ Սահմանադրական դատարանի քննությանը: Մասնավորապես, նման կարգավորում նախատեսելը և պարտապանին սնանկ ճանաչելու հիմքով գործի վարույթի կարճման դեպքում դատական ծախսերի բաշխման հարցում բացառություն չնախատեսելն օրենսդրի կամքի դրսևորումն է։ Նշված եզրահանգման համար հիմք է հանդիսանում նաև այն փաստը, որ քննարկվող իրավիճակը որպես պետական տուրքի վերադարձման հիմք, նախատեսված չէ նաև «Պետական տուրքի մասին» օրենքի 38-րդ հոդվածում, որով սահմանված են գործի վարույթը կարճելու դեպքում պետական տուրքի վերադարձման հիմքերը։ 09.02.2018թ. ընդունված և 09.04.2018թ. ուժի մեջ մտած (ՀՕ-110-Ն) Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 110-րդ հոդվածով հստակ կարգավորվել է դատական ծախսերի բաշխման հարցը գործի վարույթը կարճելու դեպքում, որի համաձայն դատական ծախսերի փոխհատուցման պարտականությունը նույնպես դրվում է հայցվորի վրա, բացառությամբ նույն հոդվածով նախատեսված դեպքերի։ Իսկ քննարկվող դեպքը նախատեսված չէ բացառությունների շարքում, և, հետևաբար, կարգավորվում է ընդհանուր կանոններով։ Հաշվի առնելով վերոշարադրյալը դիմողի առաջադրած օրենսդրական բացի առկայության հարցի առնչությամբ Սահմանադրական դատարանի դատական կազմը փաստում է, որ օրենսդրական բացի առկայությունը հնարավոր է հաղթահարել այլ վերաբերելի իրավակարգավորումները մեկնաբանելու և կիրառելու միջոցով, ինչպես սույն գործով վարվել է դատարանը. օրենսդրական բացի առկայությամբ չի խաթարվում օրենսդրորեն կարգավորված իրավահարաբերությունների ամբողջական և բնականոն իրագործումը. օրենսդրական բացի առկայությունն իրավակիրառ պրակտիկայում չի հանգեցնում տվյալ նորմի այնպիսի մեկնաբանությանն ու կիրառմանը, որը խախտում է կամ կարող է խախտել կոնկրետ սահմանադրական իրավունք. օրենսդրական բացի հաղթահարումն օրենսդիր մարմնի իրավասության շրջանակներում է:
Հարկ է նկատի ունենալ նաև, որ «Սնանկության մասին» օրենքով, մասնավորապես նշված օրենքի 39-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով, պարտատերերին հնարավորություն է տրվում պարտապանի սնանկ ճանաչվելու և մյուս վարույթներում գործի վարույթը կարճվելու դեպքում, ինչպիսի իրավիճակ առկա է տվյալ դեպքում, իրենց պահանջները ներկայացնել սնանկության վարույթի շրջանակներում։ Այսինքն օրենսդիրը պարտատերերի համար նախատեսել է բավարար երաշխիքներ գործի մի վարույթի կարճման դեպքում մյուս վարույթի, մասնավորապես սնանկության վարույթի շրջանակում պահանջներ ներկայացնելու համար։ Ավելին, առաջին ատյանի դատարանի դատական ակտով հաստատված են ներքոնշյալ փաստերը
ա. դիմողն հակընդդեմ հայցադիմումն առաջին ատյանի դատարան է ներկայացրել 2016 թվականին, երբ հակընդդեմ հայցով պատասխանող ընկերությունը դեռևս սնանկ չէր ճանաչվել,
բ. հակընդդեմ հայցով պատասխանող ընկերությունը սնանկ է ճանաչվել 2017 թվականին,
գ. դիմողը 2017 թվականին միջնորդություն է ներկայացրել դատարան գործի վարույթը կարճելու մասին հաշվի առնելով հակընդդեմ հայցով պատասխանողի սնանկ ճանաչված լինելու հանգամանքը,
դ. առաջին ատյանի դատարանը վճիռ է կայացրել 2019 թվականին:
Վերոգրյալից բխում է, որ դեռևս գործի քննության ընթացքում դիմողն իրազեկված է եղել հակընդդեմ հայցով պատասխանող ընկերության սնանկ ճանաչված լինելու մասին և օրենքի ուժով ունեցել է իր պահանջները սնանկության վարույթի շրջանակներում ներկայացնելու հնարավորություն; Հետևաբար դիմումն այս մասով ակնհայտ անհիմն է («Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 6-րդ կետեր, 69-րդ հոդվածի 5-րդ մաս): 4.2. «Սնանկության մասին» օրենքի 39-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետի վերաբերյալ
Վիճարկվող դրույթի ենթադրյալ հակասահմանադրականության վերաբերյալ դիմողի փաստարկները հանգում են նրան, որ «Սնանկության մասին» օրենքի 39-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետի ձևակերպումները գործի վարույթի կարճման դեպքում վճարված կամ վճարվելիք պետական տուրքի մասով հստակ չեն, չեն համապատասխանում իրավական որոշակիության չափանիշներին։ Այդ առնչությամբ Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ դիմողի համար առաջացած ենթադրյալ անբարենպաստ հետևանքները «Սնանկության մասին» օրենքի 39-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետի կարգավորումների կամ թերի կարգավորումների արդյունք լինել չեն կարող, քանի որ վերը նշված նորմի կարգավորման առարկան այլ է, քան գործի վարույթի կարճման դեպքում դատական ծախսերի բաշխման հարցը։ Սույն նորմով կարգավորվում են պարտապանին սնանկ ճանաչելու մասին վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո առկա հարաբերությունները: Այսինքն տվյալ դեպքում բացակայում է դիմողի սահմանադրական իրավունքների ենթադրյալ խախտման փաստի և վիճարկվող դրույթի հակասահմանադրականության միջև պատճառահետևանքային կապը: Անհատական դիմումին ներկայացվող այս պահանջը նշանակում է, որ դիմողը պետք է փորձի բավարար կերպով իրավաբանորեն հիմնավորել, թե իր սահմանադրական ո´ր իրավունքներն են խախտվել և ի´նչ անմիջական պատճառահետևանքային կապ է առկա վիճարկվող օրինադրույթի և իր իրավունքների խախտման փաստի միջև։ Նշված պահանջին համապատասխան դիմողը պետք է նաև դիմումում առաջադրված հարցի հիմքում ներկայացնի իրավաբանորեն փաստարկված հանգամանքներ և նյութեր։ Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ սույն գործի շրջանակներում վիճարկվող դրույթի մասով վերոնշյալ պահանջները պահպանված չեն, ինչն անհատական դիմումն այդ մասով ևս ակնհայտ անհիմն համարելու հիմք է: «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին որոշում է ընդունում, եթե դիմումում առաջադրված հարցերը ենթակա չեն Սահմանադրական դատարանին, իսկ 6-րդ կետի համաձայն հիշյալ օրենքի 69-րդ հոդվածով նախատեսված այլ դեպքերում: «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն անհատական դիմումով գործի քննությունը, ի լրումն հիշյալ օրենքի 29-րդ հոդվածով նախատեսված դեպքերի, կարող է մերժվել նաև այն դեպքում, երբ դիմումն ակնհայտ անհիմն է: Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 6-րդ կետերով, ինչպես նաև 69-րդ հոդվածի 5-րդ մասով Սահմանադրական դատարանի դատական կազմը
ՈՐՈՇԵՑ.
«Արդշինբանկ» փակ բաժնետիրական ընկերության անհատական դիմումով գործի քննությունը մերժել:
Նախագահող Է. Շաթիրյան
Անդամներ Ա. Վաղարշյան
Ա. Թունյան
29 հունվարի 2021 թվականի
ՍԴԴԿՈ-2
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 29 հունվարի, 2021 թ.
- Գործի #:
- ՍԴԴԿՈ-2
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
