Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/«ԻՐԱՎՈՒՆՔԻ ԵՎՐՈՊԱ ՄԻԱՎՈՐՈՒՄ» ԻՐԱՎԱՊԱՇՏՊԱՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

«ԻՐԱՎՈՒՆՔԻ ԵՎՐՈՊԱ ՄԻԱՎՈՐՈՒՄ» ԻՐԱՎԱՊԱՇՏՊԱՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Սահմանադրական դատարանՍԴԴԿՈ/2-64 ապրիլի, 2017 թ.Բնօրինակ աղբյուր
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ/2-6)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքները

Ամփոփում

Ընդ.՝ 4 ապրիլի 2017թ. ՍԴԴԿՈ/2 - 6 | «ԻՐԱՎՈՒՆՔԻ ԵՎՐՈՊԱ ՄԻԱՎՈՐՈՒՄ» ԻՐԱՎԱՊԱՇՏՊԱՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Ամբողջ Տեքստ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԹԻՎ 2 ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ

ՈՐՈՇՈՒՄԸ

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Քաղ. Երևան 4 ապրիլի 2017թ.

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի թիվ 2

դատական կազմը`

Նախագահությամբª Ֆ. Թոխյանի

Անդամակցությամբ` Հ. Նազարյանի

Ա. Խաչատրյանի

Քննության առնելով «Իրավունքի Եվրոպա միավորում» իրավապաշտպան հասարակական կազմակերպության անհատական դիմումի ընդունելիության հարցը,

ՊԱՐԶԵՑ.

Համաձայն ՀՀ Սահմանադրության 101-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի` «Իրավունքի Եվրոպա միավորում» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը 2017 թվականի մարտի 15-ին դիմել է ՀՀ սահմանադրական դատարան` խնդրելով. «որոշել ՀՀ դատական օրենսգրքի 115.2-րդ հոդվածի 10-րդ մասի, 115.1-րդ հոդվածի 3-րդ և 6-րդ մասերի, ինչպես նաև 117-րդ հոդվածի 4-րդ և 5-րդ մասերի ՀՀ Սահմանադրության 42-րդ, 31-րդ, 34-րդ, 78-րդ, 79-րդ, 80-րդ, 81-րդ հոդվածներին համապատասխանության հարցը»:

Սույն անհատական դիմումի նախնական ուսումնասիրությունը ցույց տվեց, որ.

1. Դիմողը գտնում է, որ ՀՀ դատական օրենսգրքի 115.1-րդ հոդվածի 3-րդ և 6- րդ մասերը, ինչպես նաև 117-րդ հոդվածի 4-րդ և 5-րդ մասերը, իրավակիրառ պրակտիկայում դրանց տրված մեկնաբանությամբ, հակասում են ՀՀ Սահմանադրության 42-րդ, 31-րդ, 34-րդ, 78-րդ, 79-րդ, 80-րդ, 81-րդ հոդվածների պահանջներին, քանի որ վիճարկվող դրույթների շրջանակներում «Արդարադատության խորհրդում հարցազրույցի և արդյունքների վերաբերյալ ամփոփիչ քննարկման ավարտից հետո անցկացված քվեարկության արդյունքների վերաբերյալ տեղեկատվության տրամադրման մերժումը որևէ իրավաչափ նպատակ չի հետապնդում»:

Ըստ դիմողի` ՀՀ դատական օրենսգրքի 115.2-րդ հոդվածի 10-րդ մասով սահմանված հոգեբանական թեստի արդյունքների հրապարակման արգելքը, ինչպես նաև թեստի արդյունքները ոչնչացնելու պահանջը չի բխում դատավորների նշանակման գործընթացների նկատմամբ վերահսկողության, այդ թվում հանրային վերահսկողության ապահովման անհրաժեշտությունից, ինչպես նաև արտահայտվելու ազատության, այդ թվում տեղեկություններ փնտրելու և տարածելու իրավունքի սահմանափակման համաչափության սահմանադրական սկզբունքից:

Դիմողը փաստում է, որ հոգեբանական թեստերի միջոցով ստուգվում են դատավորի թեկնածուի պատասխանատվության զգացման, ունկնդրելու կարողության, ինքնատիրապետման, հեղինակության /ազդեցության/ չափավոր կիրառման հատկանիշները, որոնք էական նշանակություն ունեն դատավորի աշխատանքի կատարմանը թեկնածուի համապատասխանությունն ստուգելու համար: Թվարկված ոչ մասնագիտական հատկանիշների բացակայությունը բացառում է անձի որպես դատավոր աշխատելու հնարավորությունը անգամ թեկնածուի մասնագիտական գերազանց պատրաստվածության պայմաններում: Նշված տեղեկությունների հանրային մատչելիության բացառումը և ոչնչացման սահմանված կարգն ակնհայտորեն չեն բխում ՀՀ Սահմանադրության 42-րդ, 31-րդ, 34-րդ, 78-րդ, 79-րդ, 80-րդ, 81-րդ հոդվածների պահանջներից:

2. ՀՀ դատական օրենսգրքի 115.1-րդ հոդվածի 3-րդ և 6-րդ մասերի, 117-րդ հոդվածի 4-րդ մասի վերաբերյալ դիմումի և կից ներկայացված փաստաթղթերի ուսումնասիրությունը ցույց տվեց, որ դիմումը նշյալ դրույթների մասով ակնհայտ անհիմն է:

«Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 69-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն` անհատական դիմումների քննությունը ... կարող է մերժվել նաև այն դեպքերում, երբ անհատական դիմումն ակնհայտ անհիմն է ...: Այս պահանջի լույսի ներքո Սահմանադրական դատարան անհատական դիմում ներկայացնելիս անձը պետք է հստակ պատկերացնի իր նկատմամբ վերջնական դատական ակտով կիրառված օրենքի նորմի բովանդակությունը և փորձի գնահատել ու նախատեսել սահմանադրական դատարանում իր իրավունքների պաշտպանությանն ուղղված և Սահմանադրությամբ ու օրենքով թույլատրելի հետագա գործողությունները, ինչպես նաև պետք է փորձի բավարար կերպով իրավաբանորեն հիմնավորել, թե իր սահմանադրական ո՞ր իրավունքներն են խախտվել և ի՞նչ է ակնկալում Սահմանադրական դատարանում դիմումի քննության արդյունքում: «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 69-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` անհատական դիմումը պետք է հղումներ պարունակի օրենքի այն դրույթներին, որոնց սահմանադրականությունը վիճարկվում է, և Սահմանադրության այն դրույթներին, որոնց, ըստ դիմողի, հակասում են տվյալ դրույթները: Միաժամանակ, դիմողը պետք է նաև հիմնավոր և պատշաճ ձևով հիմնավորի, թե իր կողմից վիճարկվող նորմերի «հակասահմանադրականության» արդյունքում իր որ սահմանադրական իրավունքն է խախտվել, ինչպես նաև հիմնավորի իր սահմանադրական իրավունքների ենթադրյալ խախտման փաստի և վիճարկվող դրույթների հակասահմանադրականության միջև պատճառահետևանքային կապի առկայությունը, պահանջներ, որոնք չպահպանելը, ըստ «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 69-րդ հոդվածի 7-րդ մասի և ՀՀ սահմանադրական դատարանի 2009 թվականի նոյեմբերի 24-ի ՍԴՈ-839 որոշման մեջ արտահայտված իրավական դիրքորոշման, անհատական դիմումն ակնհայտ անհիմն համարելու հիմք է:

Այսինքն` վերոշարադրյալի համատեքստում կարելի է առանձնացնել հետևյալ երեք չափորոշիչները, որոնց միաժամանակյա առկայությունն անհրաժեշտ է օրենսդրությամբ նախատեսված` մերժման վերոնշյալ հիմքը բացառելու համար.

• անհատական դիմումը պետք է պարունակի դիմողի կողմից վիճարկվող իրավական նորմի հակասահմանադրականության վերաբերյալ իրավական փաստարկներ, հիմնավորումներ,

• դիմողը պետք է մատնանշի սահմանադրական այն իրավունքները, որոնք խախտվել են վիճարկվող իրավական դրույթի կիրառման արդյունքում,

• դիմողը պետք է ցույց տա պատճառահետևանքային կապն առ այն, որ իր իրավունքների խախտման փաստը պայմանավորված է իր կողմից վիճարկվող իրավադրույթի ենթադրյալ հակասահմանադրական բովանդակությամբ կամ իրավակիրառական պրակտիկայում վիճարկվող նորմին հաղորդված ենթադրյալ հակասահմանադրական բովանդակությամբ:

Խնդրո առարկա դիմումի ուսումնասիրությունը վկայում է, որ այն վերոնշյալ դրույթների մասով չի բավարարում վերոշարադրյալ պահանջները:

3. ՀՀ դատական օրենսգրքի 115.2-րդ հոդվածի 10-րդ մասի, 117-րդ հոդվածի 5- րդ մասի վերաբերյալ դիմումի և կից ներկայացված փաստաթղթերի ուսումնասիրությունը ցույց տվեց, որ նշյալ դրույթների մասով առկա չեն դիմումի քննությունը մերժելու հիմքեր, քանի որ`

դիմումում առաջադրված հարցերը ենթակա են սահմանադրական դատարանին, դիմողն իրավասու է դիմել սահմանադրական դատարան,

դիմումում առաջադրված հարցի վերաբերյալ առկա չէ սահմանադրական դատարանի որոշում,

դիմումի առարկայի վերաբերյալ այլ դիմումի հիման վրա սահմանադրական դատարանում գործի դատաքննություն չի իրականացվում,

դիմողը սպառել է դատական պաշտպանության բոլոր միջոցները:

Դիմողը ներկայացրել է պետական տուրքի վճարումից իրեն ազատելու վերաբերյալ միջնորդություն:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 27, 31-րդ հոդվածներով, 32-րդ հոդվածի 6-րդ կետով և 69-րդ հոդվածի 7- րդ մասով, «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածով, ՀՀ սահմանադրական դատարանի թիվ 2 դատական կազմը

ՈՐՈՇԵՑ.

1. «Իրավունքի Եվրոպա միավորում» իրավապաշտպան հասարակական կազմակերպության անհատական դիմումի հիման վրա գործի քննության ընդունումը ՀՀ դատական օրենսգրքի 115.1-րդ հոդվածի 3-րդ և 6-րդ մասերի, 117-րդ հոդվածի 4-րդ մասի մասով մերժել:

2. «Իրավունքի Եվրոպա միավորում» իրավապաշտպան հասարակական կազմակերպության դիմումի հիման վրա` ՀՀ դատական օրենսգրքի 115.2-րդ հոդվածի 10-րդ մասի, 117-րդ հոդվածի 5-րդ մասի` ՀՀ

Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործն ընդունել քննության:

3. Բավարարել «Իրավունքի Եվրոպա միավորում» իրավապաշտպան հասարակական կազմակերպության` պետական տուրքի վճարումից ազատելու վերաբերյալ միջնորդությունը:

4. Սույն գործով դատավարությանը որպես պատասխանող կողմ ներգրավել ՀՀ Ազգային ժողովին:

Նախագահող`

Անդամներ`

4 ապրիլի 2017 թվականի

ՍԴԴԿՈ/2-6

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
4 ապրիլի, 2017 թ.
Գործի #:
ՍԴԴԿՈ/2-6
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել