ԷԴԳԱՐ ՎԱՐԱԳՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ-68)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքներըԱմփոփում
Ընդ.՝ 25 դեկտեմբերի 2019թ. ՍԴԴԿՈ - 68 | ԷԴԳԱՐ ՎԱՐԱԳՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ ՈՐՈՇՈՒՄ
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Քաղ. Երևան 25 դեկտեմբերի 2019 թ.
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի
դատական կազմը`
Նախագահությամբ Ա. Պետրոսյանի
Անդամակցությամբ Ա. Թունյանի
Ա. Գյուլումյանի
Քննության առնելով Էդգար Վարագյանի
անհատական դիմումի ընդունելիության հարցը,
ՊԱՐԶԵՑ.
1. Էդգար Վարագյանը դիմել է Սահմանադրական դատարան (դիմումը փոստային ծառայությանն է ներկայացվել 2019 թվականի դեկտեմբերի 7-ին, Սահմանադրական դատարան է մուտքագրվել 2019 թվականի դեկտեմբերի 10-ին խնդրելով. «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի (ընդունված ՀՀ ԱԺ-ի կողմից 01.07.1998թ. ՀՕ-248, լրաց. 23.03.2018թ. ՀՕ-211-Ն) 414.2-րդ հոդվածի 1-ի մասի 2-րդ կետը «1. Վճռաբեկ բողոքն ընդունվում է քննության, եթե վճռաբեկ դատարանը գտնում է, որ …2) առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում» և 414.2-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի «…1) բողոքարկվող դատական ակտը կայացնելիս դատարանը թույլ է տվել դատական սխալ, որը խաթարել է արդարադատության բուն էությունը…» ձևակերպումները ճանաչել ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասին, 63-րդ հոդվածի 1-ին մասին, 75-րդ, 78-րդ, 79-րդ, 81- րդ հոդվածներին հակասող և անվավեր, այնքանով, որքանով բավարար չափով չհստակեցնելով հիմնարար խախտման էությունը, հնարավորություն չի տալիս վճռաբեկ բողոքը բերող անձին հիմնավորելու հիմնարար խախտման առկայությունը, կանխատեսելի չի դարձնում նրա իրավաչափ ակնկալիքները, իսկ վճռաբեկ դատարանին հնարավորություն է տալիս կամայական կերպով գնահատելու խախտման հիմնարար լինելը կամ չլինելը նրա արարքները դարձնելով անկանխատեսելի»:
2. Դիմողը գտնում է, որ պրակտիկայում «հիմնարար խախտում» և «որը խաթարել է արդարադատության բուն էությունը» հասկացությունների վերաբերյալ որևէ մեկնաբանություն առկա չէ: Ըստ դիմողի քննարկվող նորմերը չեն համապատասխանում իրավական որոշակիության սկզբունքին, դրանք կատարյալ անորոշ են, քանի որ բավարար հստակությամբ չեն սահմանում այն չափորոշիչները, որոնց պետք է բավարարի ներկայացված վճռաբեկ բողոքը»:
3. Ելնելով դիմումի և կից ներկայացված դատական ակտերի
ուսումնասիրությունից, ինչպես նաև ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29 և 69-րդ հոդվածների պահանջներով` Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ անհատական դիմումի հիման վրա գործի քննությունը ենթակա է մերժման հետևյալ պատճառաբանությամբ. Սահմանադրական դատարանում դատական պաշտպանության իրավունքն անձն իրացնում է Սահմանադրության և «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքով նախատեսված կարգով ելնելով նաև Սահմանադրական դատարանում գործերի քննության, ինչպես նաև լուծման առանձնահատկություններից։ Միաժամանակ, դատական (այդ թվում սահմանադրական) պաշտպանության իրավունքը, ինչպես նաև դրա իրացման օրենքով նախատեսված ընթացակարգային կանոններն ինքնանպատակ չեն և հայեցողաբար մեկնաբանվել չեն կարող, քանի որ դրանց իրացումը ենթադրում է կոնկրետ իրավական (Սահմանադրությամբ և օրենքով նախատեսված) գործընթացներ, ինչը պայմանավորված է դրանց մասնակից սուբյեկտների փոխադարձ իրավունքներով ու պարտականություններով։ Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի համաձայն Սահմանադրական դատարան կարող է դիմել յուրաքանչյուր ոք կոնկրետ գործով, երբ առկա է դատարանի վերջնական ակտը, սպառվել են դատական պաշտպանության բոլոր միջոցները և վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը: Սահմանադրական նշյալ նորմի հիման վրա «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքով մանրամասնվում և կանոնակարգվում են անհատական դիմումին ներկայացվող սահմանադրական և օրենսդրական պահանջները: Վերջիններս միտված են Սահմանադրական դատարանի կողմից սահմանադրական արդարադատություն իրականացնելու իր գործառույթի պատշաճ և արդյունավետ իրացման ապահովմանը: «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն անհատական դիմումները կարող է Սահմանադրական դատարան ներկայացնել ֆիզիկական կամ իրավաբանական անձը, դատական պաշտպանության բոլոր միջոցները սպառելուց վերջնական դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելուց ոչ ուշ, քան վեց ամիս հետո:
Դիմումի ուսումնասիրությունից բխում է, որ վերջնական դատական ակտը ՀՀ վճռաբեկ դատարանի «Վճռաբեկ բողոքները վարույթ ընդունելը մերժելու մասին» որոշումը կայացվել է 2019 թվականի մայիսի 30-ին, իսկ Սահմանադրական դատարան ներկայացվող անհատական դիմումը փոստային ծառայությանն է հանձնվել 2019 թվականի դեկտեմբերի 7-ին, երբ արդեն լրացել էր Սահմանադրական դատարան դիմելու համար «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված վեցամսյա ժամկետը:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով և 69-րդ հոդվածի 5- րդ մասով` Սահմանադրական դատարանի դատական կազմը
ՈՐՈՇԵՑ.
Էդգար Վարագյանի անհատական դիմումով գործի քննությունը մերժել: Նախագահող
Անդամներ
25 դեկտեմբերի 2019 թվականի
ՍԴԴԿՈ-68
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 25 դեկտեմբերի, 2019 թ.
- Գործի #:
- ՍԴԴԿՈ-68
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
