Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/«ԳԱՐԻԿ ՄՀԵՐՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 311-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

«ԳԱՐԻԿ ՄՀԵՐՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 311-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Սահմանադրական դատարանՍԴԱՈ-9630 օգոստոսի, 2023 թ.Բնօրինակ աղբյուր
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԱՈ-96)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքները

Ամփոփում

Ընդ.՝ 30 օգոստոսի 2023թ. ՍԴԱՈ - 96 | «ԳԱՐԻԿ ՄՀԵՐՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 311-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ամբողջ Տեքստ

ԳԱՐԻԿ ՄՀԵՐՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 311-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ Սահմանադրական դատարանը, քննության առնելով «Գարիկ Մհերյանի դիմումի հիման վրա` Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 311-րդ հոդվածի 1-ին մասի Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի քննությունը մերժելու մասին առաջարկությունը, ՊԱՐԶԵՑ.

1. 2023 թվականի օգոստոսի 7-ին Սահմանադրական դատարան է մուտքագրվել Գարիկ Մհերյանի (այսուհետ Դիմող) դիմումը, որով վերջինս խնդրել է. «Սահմանադրության 63-րդ հոդվածով հռչակված արդար դատաքննության իրավունքին հակասող և անվավեր ճանաչել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 311-րդ հոդվածի 1-ին մասը թիվ ՀԿԴ/0095/01/23 քրեական գործով դատարանների կողմից տրված այն մեկնաբանության կամ այն բովանդակության շրջանակներում, որ որևէ պատշաճ պատճառաբանությամբ դատարանը կարող է չպահպանել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 311-րդ հոդվածով նախատեսված հարցերի քննարկման հաջորդականությունը, այն է որևէ պատշաճ պատճառաբանությամբ դատարանը, մեղադրյալին զրկելով իր գործը քննող դատավորին բացարկ ներկայացնելու հնարավորությունից, կարող է երկարաձգել տվյալ մեղադրյալի նկատմամբ կիրառված կալանքի ժամկետը և միայն դրանից հետո վերադառնալ օրենսդրական հաջորդականության մեջ առաջինը նշված հարցի քննարկմանը քննության առնելով դատավորին ներկայացված բացարկը»:

2. Ներկայացնելով Հակակոռուպցիոն դատարանի 2023 թվականի մարտի 24-ին թիվ ՀԿԴ/0038/15/23 գործով կայացրած որոշումը, ինչպես նաև ՀԿԴ/0095/01/23 գործի դատավարական նախապատմությունը Դիմողը նշում է, որ թիվ ՀԿԴ/0038/15/23 գործի շրջանակներում Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Ա. Գրիգորյանը 2023 թվականի մարտի 24-ի որոշմամբ արձանագրել է, որ թիվ 62231722 քրեական վարույթի շրջանակներում ձեռք բերված բավարար ապացույցների գերակշռությամբ հիմնավորվել է այն հանգամանքը, որ «Բիգ-Կապիտալ» ՍՊ ընկերության անվամբ գրանցված ք. Երևան, Գ. Հովսեփյան փողոց, թիվ 60/4 հասցեում գտնվող 0,208 հա մակերեսով հողամասը, ինչպես նաև Ասատուր Տիգրանի Մաթևոսյանի անվամբ գրանցված ք. Երևան, Աջափնյակ, Գ-1 թաղամաս, 14/16 հասցեում գտնվող, 0,1 հա մակերեսով հողամասն ուղղակի ստացվել են հանցագործության արդյունքում»: Հետևաբար, ըստ Դիմողի, դեռևս 2023 թվականի մարտի 24-ի դրությամբ դատավոր Ա. Գրիգորյանն ունեցել է ձևավորված համոզմունք, որ վերոհիշյալ հողատարածքները մասնավոր անձանց սեփականություն են դարձել հանցագործության արդյունքում: Դիմողի պնդմամբ վերոնշյալով փաստվում է, որ թիվ ՀԿԴ/0095/01/23 գործով ապացուցման ենթակա այն հանգամանքը, թե արդյո՞ք իրեն մեղսագրված արարքները կատարված հանցագործության մասին են վկայում, թե ոչ, թիվ ՀԿԴ/0095/01/23 գործը քննող դատավոր Ա. Գրիգորյանը 2023 թվականի մարտի 24-ի դրությամբ արդեն իսկ համարել է ապացուցված: Դիմողը նշում է, որ 2023 թվականի մայիսի 31-ի դրությամբ առկա է եղել թիվ ՀԿԴ/0095/01/23 գործով վարույթը ստանձնած դատավոր Ա. Գրիգորյանին իր կողմից բացարկ ներկայացնելու դատավարական ակնհայտ հիմք ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով` այն պատճառաբանությամբ, որ թիվ ՀԿԴ/0038/15/23 գործի շրջանակներում 2023 թվականի մարտի 24-ին կայացված «(...) որոշման մեջ տեղ գտած դատավոր Ա. Գրիգորյանի վերոհիշյալ համոզմունքն ակնհայտորեն ողջամիտ կասկած է հարուցում թիվ ՀԿԴ/0095/01/23 քրեական գործով վարույթի հետ կապված նրա անկողմնակալության մեջ»: Դիմողը փաստում է, որ թիվ ՀԿԴ/0095/01/23 գործով կայացրած որոշումներով դատարանները ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 311-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված իրավակարգավորումը մեկնաբանել են այն բովանդակությամբ, որ որևէ պատշաճ պատճառաբանությամբ դատարանը կարող է չպահպանել տվյալ հոդվածով նախատեսված հարցերի քննարկման հաջորդականությունը, այն է որևէ պատշաճ պատճառաբանությամբ դատարանը, մեղադրյալին զրկելով իր գործը քննող դատավորին բացարկ ներկայացնելու հնարավորությունից, կարող է երկարաձգել տվյալ մեղադրյալի նկատմամբ կիրառված կալանքի ժամկետը և միայն դրանից հետո վերադառնալ օրենսդրական հաջորդականության մեջ առաջինը նշված հարցի քննարկմանը քննության առնելով դատավորին ներկայացված բացարկը: Հաշվի առնելով վերոգրյալը Դիմողը եզրահանգում է, որ թիվ ՀԿԴ/0095/01/23 գործի շրջանակներում դատարանների կողմից ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 311-րդ հոդվածի 1-ին մասին տրված վերոնշյալ մեկնաբանությունը հակասում է Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասով հռչակված արդար դատաքննության իրավունքի բովանդակությանն այնքանով, որքանով զրկում է մեղադրյալին իր գործի օրենքի հիման վրա ստեղծված դատարանի կողմից քննվելու և լուծվելու իրավունքից, և թույլ է տալիս, որ մեղադրյալի գործը քննի և տվյալ գործով որոշում կայացնի այն դատարանը, որի օրենքի հիման վրա ստեղծված չլինելու մասին կասկածները քրեադատավարական պատշաճ ընթացակարգով չեն փարատվել:

3. Ելնելով դիմումի և կից ներկայացված դատական ակտերի ուսումնասիրությունից, ինչպես նաև ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29 և 69-րդ հոդվածներով Սահմանադրական դատարանը գտնում է, որ սույն անհատական դիմումով գործի քննությունը ենթակա է մերժման հետևյալ պատճառաբանությամբ. Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի համաձայն Սահմանադրական դատարան կարող է դիմել յուրաքանչյուր ոք կոնկրետ գործով, երբ առկա է դատարանի վերջնական ակտը, սպառվել են դատական պաշտպանության բոլոր միջոցները և վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը։ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին աշխատակարգային որոշում է ընդունում, եթե դիմումում առաջադրված հարցերը ենթակա չեն Սահմանադրական դատարանին: Սահմանադրական դատարանն իր` 2009 թվականի մարտի 17-ի ՍԴԱՈ-21 աշխատակարգային որոշմամբ արձանագրել է, որ (…) բոլոր այն դեպքերում, երբ դիմողը, ձևականորեն վիճարկելով օրենքի դրույթի սահմանադրականության հարց, ըստ էության բարձրացնում է այդ դրույթի կիրառման իրավաչափության հարց կամ հետապնդում է այլ նպատակներ, ապա այդպիսի դիմումները ենթակա են մերժման` (…) որպես սահմանադրական դատարանի քննության ենթակա հարց չառաջադրող դիմումներ»: Սահմանադրական դատարանը հարկ է համարում փաստել, որ սահմանադրական կոնկրետ վերահսկողության առարկա կարող են դառնալ այնպիսի վեճեր, որոնց հիմքում դրված են ոչ թե կոնկրետ գործի փաստական և (կամ) իրավական հանգամանքների գնահատման, վիճարկվող իրավական նորմի տվյալ գործով կիրառման կամ չկիրառման հարցեր, այլ վիճարկվող նորմատիվ իրավական ակտի սահմանադրականության գնահատման հարցեր: Նորմատիվ իրավական ակտի դրույթի կիրառման իրավաչափության հարցի քննարկման պարագայում Սահմանադրական դատարանը կստանձնի դատական ակտ վերանայող դատական ատյանի գործառույթ, որը ոչ միայն չի բխի Սահմանադրության և «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի կարգավորումներից, այլև փաստացի կվերացնի Սահմանադրական դատարանի և եռաստիճան դատական համակարգում գործող դատարանների գործառույթների տարանջատումը։ Այսինքն` Սահմանադրական դատարանում քննության առարկա կարող է լինել բացառապես նորմատիվ ակտի, ինչպես նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանության սահմանադրականության գնահատումը: Քննարկվող համատեքստում հաշվի առնելով Դիմողի ներկայացրած դիրքորոշումները և հիմնավորումները Սահմանադրական դատարանը գտնում է, որ վերջինիս կողմից բարձրացվել է այնպիսի հարց, որը ենթակա չէ Սահմանադրական դատարանի քննությանը հետևյալ պատճառաբանությամբ. գործի նյութերի ուսումնասիրությունը վկայում է, որ սույն անհատական դիմումով Դիմողը, ձևականորեն վիճարկելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 311-րդ հոդվածի 1-ին մասին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանության սահմանադրականությունը, ըստ էության, բարձրացնում է տվյալ դրույթի կիրառման իրավաչափության հարց: Այսպես` Դիմողն իր անհատական դիմումով ներկայացրել է հետևյալ դիրքորոշումները.

Թիվ ՀԿԴ/0095/01/23 քրեական գործով կայացած առաջին դատական նիստում 2023թ. մայիսի 31-ին, ՀՀ հակակոռուպցիոն դատարանի դատավոր Ա. Գրիգորյանն առաջինը քննության առարկա է դարձրել ոչ թե ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 311-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված դատավորին բացարկ ներկայացնելու, այլ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 311-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով սահմանված հարցը (…)»: «(…) դեռևս 2023թ. մարտի 24-ի դրությամբ ՀՀ հակակոռուպցիոն դատարանի դատավոր Ա. Գրիգորյանը ունեցել է ձևավորված համոզմունք այն մասին, որ վերոհիշյալ հողատարածքները մասնավոր անձանց սեփականություն են դարձել հանցագործության արդյունքում, հետևաբար արդեն իսկ փաստվում է, որ թիվ ՀԿԴ/0095/01/23 քրեական գործով ապացուցման ենթակա այն հանգամանքը, թե արդյոք Գարիկ Մհերյանին մեղսագրված արարքները կատարված հանցագործության մասին են վկայում, թե ոչ, արդեն իսկ թիվ ՀԿԴ/0095/01/23 քրեական գործը քննող դատավոր Ա. Գրիգորյանը 2023թ. մարտի 24-ի դրությամբ, փաստորեն, համարել է ապացուցված»: «(…) այն դեպքում, երբ դատարանը, մինչև մեղադրյալի նկատմամբ կիրառված կալանքի ժամկետի երկարաձգման հարցը քննության առնելը պաշտպանության կողմին իրեն բացարկ ներկայացնելու հնարավորություն տալու օրենսդրական պարտականություն ունենալով, այդուհանդերձ, պաշտպանության կողմին զրկում է օրենքի հիման վրա ստեղծված չլինելու մասին փաստարկումների հիմքով գործը քննող դատավորին բացարկ ներկայացնելու հնարավորությունից, ապա այդպիսի հնարավորությունից պաշտպանության կողմին զրկելը միանգամից, այն է առանց հավելյալ փաստարկների վկայակոչման անհրաժեշտության, վկայում է այն մասին, որ մեղադրյալի նկատմամբ կիրառված կալանքի ժամկետի երկարաձգման հարցը քննության առած և այդ կապակցությամբ որոշում կայացրած դատարանը օրենքի հիման վրա ստեղծված չի եղել ու չի բավարարել արդարադատություն իրականացնելիս անկողմնակալ լինելու և երևալու պահանջին (…)»: « 2023թ. մայիսի 31-ի թիվ ՀԿԴ/0095/01/23 որոշմամբ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 311-րդ հոդվածի 1-ին մասին ՀՀ հակակոռուպցիոն դատարանի կողմից փաստացիորեն տրված նման մեկնաբանությունը դիմող Գարիկ Մհերյանի համար առաջացրել է իրավական հետևանք, այն է դիմող Գարիկ Մհերյանը զրկվել է իր գործը քննող դատարանին բացարկ հայտնելու, և ըստ այդմ, Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արդար դատաքննության հիմնարար իրավունքն իրացնելու, հետևապես իր գործը, այն է իր նկատմամբ կիրառված կալանքի ժամկետի երկարաձգման հարցը անաչառ դատարանի կողմից քննության առնվելու սահմանադրորեն երաշխավորվող հնարավորությունից»: «(…) եթե թիվ ՀԿԴ/0095/01/23 քրեական գործով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 311-րդ հոդվածի 1-ին մասը ՀՀ հակակոռուպցիոն դատարանի, ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի ու ՀՀ Վճռաբեկ դատարանի կողմից չկիրառվեր Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասին առերևույթ հակասող վերոհիշյալ մեկնաբանությամբ, ապա. ՀՀ հակակոռուպցիոն դատարանը թիվ ՀԿԴ/0095/01/23 քրեական գործով առաջին դատական նիստում 2023թ. մայիսի 31-ին, պարտավոր էր լինելու ապահովել, որպեսզի մեղադրյալ Գարիկ Մհերյանն իրացնի իր գործը քննող դատավորին բացարկ հայտնելու ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասով երաշխավորվող արդար դատաքննության իրավունքի բովանդակության մաս կազմող հնարավորությունը` (…): ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը կամ ՀՀ Վճռաբեկ դատարանը պետք է բեկանեին ստորադաս դատարանի դատական ակտը քրեադատավարական օրենքի խախտում, այն է վարույթի հանրայնության սկզբունքը հռչակող ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 15-րդ հոդվածի 3-րդ ու 4-րդ մասերի խախտումներ թույլ տրված լինելու հիմքով, (…)»: Հաշվի առնելով վերոշարադրյալը և նկատի ունենալով Դիմողի կողմից դիմումում ներկայացված մյուս դիրքորոշումները Սահմանադրական դատարանը եզրահանգում է, որ վերջինս վիճարկվող ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 311-րդ հոդվածի 1-ին մասին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանության հակասահմանադրականության որևէ հիմնավոր փաստարկ չի ներկայացնում, իսկ որպես փաստարկ ներկայացվող դիրքորոշումներն առավելապես վերաբերում են դատարանների գործողությունների (կայացրած դատական ակտերի) իրավաչափությանը: Ելնելով ողջ վերոգրյալից Սահմանադրական դատարանը գտնում է, որ սույն դիմումով Դիմողի կողմից բարձրացված հարցի ըստ էության քննությունը ենթադրում է Սահմանադրական դատարանի կողմից ոչ թե վիճարկվող դրույթի սահմանադրականության գնահատում, այլ դատարանների գործողությունների (կայացրած դատական ակտերի) իրավաչափության ստուգում, որը դուրս է Սահմանադրական դատարանի իրավասության շրջանակից: Ուստի սույն անհատական դիմումով գործի քննությունը Սահմանադրական դատարանի կողմից ենթակա է մերժման «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված դիմումում առաջադրված հարցի Սահմանադրական դատարանին ենթակա չլինելու հիմքով: Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի պահանջով Սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ. «Գարիկ Մհերյանի դիմումի հիման վրա` Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 311-րդ հոդվածի 1-ին մասի Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի քննությունը մերժել:

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

ՆԱԽԱԳԱՀ Ա. ԴԻԼԱՆՅԱՆ

30 օգոստոսի 2023 թվականի

ՍԴԱՈ-96

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
30 օգոստոսի, 2023 թ.
Գործի #:
ՍԴԱՈ-96
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել