«ՅՈՒՆԻԲԱՆԿ» ԲԲԸ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ-11)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքներըԱմփոփում
Ընդ.՝ 21 մարտի 2023թ. ՍԴԴԿՈ - 11 | «ՅՈՒՆԻԲԱՆԿ» ԲԲԸ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ ՈՐՈՇՈՒՄ
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Քաղ. Երևան 21 մարտի 2023թ.
Սահմանադրական դատարանի դատական կազմը`
Նախագահությամբ Ա. Թունյանի
Անդամակցությամբ Ե. Խունդկարյանի
Է. Շաթիրյանի
Քննության առնելով ՅՈՒՆԻԲԱՆԿ» ԲԲԸ անհատական դիմումի
ընդունելիության հարցը,
ՊԱՐԶԵՑ.
1. ՅՈՒՆԻԲԱՆԿ» ԲԲԸ-ն (այսուհետ` Դիմող) դիմել է Սահմանադրական դատարան (դիմումը Սահմանադրական դատարան է մուտքագրվել 2023 թվականի մարտի 6-ին) խնդրելով. «(…) Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 265-րդ հոդվածը (օրենսդրական բացի մասով) ճանաչել Սահմանադրության 59-րդ հոդվածի 1-ին մասին, 60-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերին, 63-րդ հոդվածի 1-ին մասին, ինչպես նաև 75-րդ հոդվածին հակասող և անվավեր, իսկ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 214-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետը ճանաչել Սահմանադրության 60-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերին հակասող և անվավեր»:
2. Ներկայացնելով թիվ ԵԴ/36018/02/19 քաղաքացիական գործի դատավարական նախապատմությունը Դիմողը նշում է, որ իր համար իրավական հետևանքներ են առաջացրել Վճռաբեկ դատարանի որոշմամբ հաստատված` Վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշումը, ինչպես նաև հենց Վճռաբեկ դատարանի որոշումը: Դիմողը փաստում է, որ ՀՀ աշխատանքային օրենսգրքի վիճարկվող 265-րդ հոդվածով սահմանափակվում է մասնավոր անձ հանդիսացող գործատուների սեփականության իրավունքը, քանի որ նրանք պարտադիր կերպով պետք է վճարեն աշխատողի աշխատավարձը աշխատանքից ոչ իրավաչափորեն ազատվելու արդյունքում հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար: Դիմողն ընդգծում է, որ ՀՀ աշխատանքային օրենսգրքի վիճարկվող դրույթներով չեն կարգավորվում այն դեպքերը, երբ աշխատանքային վեճը դատարանում քննելու ժամանակ դատարանի կողմից խախտվում են դատավարական ժամկետները, և իրականում դատարանի մեղքով առաջացած հարկադիր պարապուրդի ամբողջ ֆինանսական բեռն ընկնում է գործատուի վրա: Ըստ Դիմողի հարկադիր պարապուրդի ժամանակահատվածի գործատուի մեղքով չպայմանավորված երկարաձգման դեպքում օրենսդրի կողմից չեն սահմանվել արդյունավետ կառուցակարգեր գործատուի տնտեսական գործունեության հիմնական ազատության և դրա հետ փոխկապակցված սեփականության հիմնական իրավունքի արդյունավետ պաշտպանության համար: Դիմողը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 210-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված աշխատանքային վեճերի քննության եռամսյա ժամկետի կապակցությամբ նշում է, որ գործատուի և աշխատողի շահերի հավասարակշռման սահմանադրական պահանջի կատարման նպատակով օրենսդիրը, սահմանելով հատուկ ժամկետ, հստակություն է մտցրել աշխատողի կարգավիճակում չթույլատրելով, որ աշխատանքից անհիմն ազատված անձը տևական ժամանակ մնա չզբաղված աստիճանաբար կորցնելով իր մասնագիտական հմտությունները և զրկվելով աշխատանքի վարձատրությունից, մյուս կողմից տնտեսական գործունեության ազատության կրող հանդիսացող գործատուների համար չառաջանա անհամաչափ մեծ ֆինանսական բեռ: Ըստ Դիմողի Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի կողմից կոպտորեն խախտվել է աշխատանքային վեճերի քննության ժամկետը, իսկ վերաքննիչ քաղաքացիական դատարանի և Վճռաբեկ դատարանի կողմից լիովին անտեսվել է տվյալ խախտումը, որի հետևանքով իր համար որպես գործատուի, առաջացել է էական վնաս` հարկադիր պարապուրդի ժամանակահատվածն արհեստականորեն երկարաձգվելու հետևանքով: Ըստ Դիմողի օրենսդիրն այս հարցում ընդհանրապես չի ապահովել շահերի հավասարակշռություն աշխատողի և գործատուի միջև, ինչպես նաև գործատուի որպես մասնավոր անձի և պետության միջև ի դեմս ՀՀ դատարանների, երբ վերջիններիս ոչ իրավաչափ գործունեության արդյունքում գործատուին պատճառվում է նյութական վնաս, տվյալ դեպքում էական նյութական վնաս: Ամփոփելով Դիմողը նշում է, որ վիճարկվող դրույթների կիրառման պրակտիկան, տվյալ դեպքում դատական պրակտիկան, ներառյալ Վճռաբեկ դատարանի որոշումը, խախտում են իր արդար դատաքննության հիմնական իրավունքը, որով նաև իր տնտեսական գործունեության ազատությունը և սեփականության իրավունքը:
3. Ելնելով դիմումի և կից ներկայացված դատական ակտերի ուսումնասիրության արդյունքներից ու ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29 և 69-րդ հոդվածներով Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ սույն անհատական դիմումով գործի քննությունը ենթակա է մերժման հետևյալ պատճառաբանությամբ. 3.1 Դիմողի կողմից վիճարկվող ՀՀ աշխատանքային օրենսգրքի 265-րդ հոդվածում առկա ենթադրյալ օրենսդրական բացի սահմանադրականության հարցի առնչությամբ հարկ է արձանագրել հետևյալը. Սահմանադրական կոնկրետ վերահսկողության առարկա կարող են դառնալ այնպիսի վեճեր, որոնց հիմքում դրված են ոչ թե կոնկրետ գործի փաստական և (կամ) իրավական հանգամանքների գնահատման, վիճարկվող իրավական նորմի տվյալ գործով կիրառման կամ չկիրառման հարցեր, այլ վիճարկվող նորմատիվ իրավական ակտի սահմանադրականության գնահատման հարցեր: Դիմողը, ներկայացնելով իր դիրքորոշումները և հիմնավորումները, որոնք առավելապես վերաբերում են ՀՀ դատարանների գործողությունների (կայացրած դատական ակտերի) իրավաչափությանը, բարձրացրել է այնպիսի հարց, որը ենթակա չէ Սահմանադրական դատարանի քննությանը, իսկ վիճարկվող նորմի (դրանում առկա ենթադրյալ օրենսդրական բացի) հակասահմանադրականության վերաբերյալ որևէ հիմնավոր փաստարկ չի ներկայացվել: Դիմողի կողմից բարձրացված ՀՀ աշխատանքային օրենսգրքի 265-րդ հոդվածում առկա ենթադրյալ օրենսդրական բացի վերաբերյալ հարկ է նշել, որ Սահմանադրական դատարանն իր մի շարք որոշումներում (ՍԴՈ-864, ՍԴՈ-914, ՍԴՈ-922, ՍԴՈ-1020, ՍԴՈ-1143, ՍԴՈ-1255) իրավունքի բացի սահմանադրականության հարցը քննության առնելու իրավասության վերաբերյալ արտահայտել է իրավական դիրքորոշումներ առ այն, որ իրավակարգավորման բացի նորմատիվ իրավական լուծումն օրենսդիր իշխանության իրավասությունն է: Դիմողի կողմից վիճարկվող ՀՀ աշխատանքային օրենսգրքի 265-րդ հոդվածով կարգավորված են աշխատանքային պայմանագրի վերաբերյալ վեճերը: Նշված հոդվածի 1-ին մասով սահմանված է գործատուի նախաձեռնությամբ աշխատանքային պայմանագիրը դադարեցնելու կամ աշխատանքի պայմանների փոփոխման կամ աշխատանքային պայմանագիրը լուծելու հետ համաձայն չլինելու դեպքում աշխատողի համապատասխան անհատական իրավական ակտը (փաստաթուղթը) ստանալու օրվանից հետո` երկու ամսվա ընթացքում, դատարան դիմելու իրավունքը, ինչպես նաև նման պարագայում հնարավոր իրավական հետևանքները: Մասնավորապես, այդ իրավական հետևանքների շարքին է դասվում նաև աշխատողի խախտված իրավունքների վերականգնման նպատակով գործատուից հօգուտ աշխատողի նրա միջին աշխատավարձի գանձումը` հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար: Այսպիսով նշված դրույթի կապակցությամբ օրենսդրի կամքը հստակ է, և այն ենթադրում է աշխատողի խախտված իրավունքների վերականգնման նպատակով գործատուից հօգուտ աշխատողի վերջինիս միջին աշխատավարձի գանձումը հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար: Միաժամանակ, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 210-րդ հոդվածի 2-րդ մասով օրենսդիրը սահմանել է առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում աշխատանքային վեճերի քննության և լուծման ժամկետի իմպերատիվ պահանջ առ այն, որ աշխատանքային վեճերն առաջին ատյանի դատարանում քննվում և լուծվում են հայցադիմումը վարույթ ընդունելուց հետո երեք ամսվա ընթացքում: Հետևաբար այս առումով ևս օրենսդրի կամքը հստակ է, և այն ուղղված է աշխատանքային վեճերի ողջամիտ ժամկետում քննության և լուծման ապահովմանը նկատի ունենալով նման վեճերի բնույթը, առանձնահատկությունը, ինչպես նաև հնարավոր անբարենպաստ իրավական հետևանքներն ինչպես աշխատողի, այնպես էլ գործատուի համար: Այսպիսով Դիմողի կողմից վիճարկվող ՀՀ աշխատանքային օրենսգրքի 265-րդ հոդվածը (դրանում առկա ենթադրյալ օրենսդրական բացը) իր բովանդակությամբ ինքնին սահմանադրաիրավական վեճ չի առաջացնում: Ավելին, վիճարկվող դրույթը չի կարող Սահմանադրական դատարանում գործի քննության առարկա հանդիսանալ ենթադրյալ օրենսդրական բացի սահմանադրականության վիճարկման միջոցով, քանի որ գործնականում առաջացող հնարավոր անբարենպաստ իրավական հետևանքները պայմանավորված են ոչ թե վիճարկվող դրույթում որևէ իրավակարգավորման բացակայությամբ կամ դրա թերի լինելով, այլ հստակ սահմանված տվյալ իրավակարգավորման գործնականում ոչ իրավաչափ կիրառմամբ, դրա խախտմամբ: Ինչ վերաբերում է արդար դատաքննության տարր հանդիսացող գործի ողջամիտ ժամկետում քննության իրավունքի կապակցությամբ Դիմողի կողմից վկայակոչված դիրքորոշումներին, ապա այդ առումով հարկ է փաստել, որ 2021 թվականի մարտի 16-ի ՍԴՈ-1585 որոշմամբ Սահմանադրական դատարանն արձանագրել է, որ «(…) պետությունն իր իրավական համակարգը պետք է կազմակերպի այնպես, որ դատարանները հնարավորություն ունենան և իրենց իրավասությանը վերապահված գործերը քննեն ողջամիտ ժամկետում (...)»: Միևնույն որոշմամբ Սահմանադրական դատարանը նաև ընդգծել է, որ «(...) կասկածից վեր է, որ գործի քննության ողջամիտ ժամկետի պահպանումը, դրա խախտումները կանխելու և/կամ խախտումների հետևանքները վերացնելուն ուղղված միջոցների ձեռնարկումը պետության պոզիտիվ պարտականությունն են, սակայն այն հարցը, թե պրակտիկայում գործող միջոցներից որի՞ն է նպատակահարմար նախապատվություն տալ, ամբողջովին գտնվում է օրենսդրի հայեցողական լիազորությունների տիրույթում: Ընդ որում, այդ միջոցներն ընտրելիս նաև անհրաժեշտ է հաշվի առնել Սահմանադրության պահանջների պահպանման անհրաժեշտությունը: (...) օրենսդրի խնդիրն է, (...), նախատեսել այնպիսի ընթացակարգեր, որոնք առավել արդյունավետ կերպով կապահովեն ողջամիտ ժամկետում գործի քննության սահմանադրական իրավունքի իրացումը և պաշտպանությունը»։ Դիմողն ըստ էության իր բողոքն է արտահայտում ստորադաս դատական ատյանի կողմից գործը ողջամիտ ժամկետում, մասնավորապես, աշխատանքային վեճը օրենսդրությամբ սահմանված եռամսյա ժամկետում չքննելու, ինչպես նաև վերադաս դատական ատյանների կողմից տվյալ հարցին չանդրադառնալու կապակցությամբ, որի արդյունքում ինքը կրել է «էական նյութական վնաս»: Մինչդեռ գործնականում առաջացող իրավական հետևանքները պայմանավորված են իրավակիրառողի կողմից դրա իրավաչափ կամ ոչ իրավաչափ կիրառմամբ: Ելնելով վերոգրյալից Սահմանադրական դատարանի դատական կազմն արձանագրում է, որ Դիմողը, ձևականորեն բարձրացնելով ՀՀ աշխատանքային օրենսգրքի 265-րդ հոդվածում առկա ենթադրյալ օրենսդրական բացի սահմանադրականության հարց, ըստ էության, բարձրացնում է տվյալ դրույթի վերաքննիչ քաղաքացիական և Վճռաբեկ դատարանների կողմից կիրառման իրավաչափության հարց, որը դուրս է Սահմանադրական դատարանի իրավասության շրջանակից, ուստի սույն անհատական դիմումով գործի քննությունն այս մասով ենթակա է մերժման «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված դիմումում առաջադրված հարցի Սահմանադրական դատարանին ենթակա չլինելու հիմքով: 3.2. Դիմողի կողմից վիճարկվող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 214-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի սահմանադրականության հարցի առնչությամբ Սահմանադրական դատարանի դատական կազմն արձանագրում է հետևյալը. ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 214-րդ հոդվածը սահմանում է վճիռ կայացնելիս հաշվի առնվող հանգամանքները: Նշված հոդվածի Դիմողի կողմից վիճարկվող 2-րդ մասի 1-ին կետով սահմանված է, որ դատարանը բոլոր դեպքերում վիճարկվող անհատական ակտը ճանաչում է անվավեր, եթե դրանում նշված չէ համապատասխանաբար աշխատանքային պայմանագիրը փոփոխելու, լուծելու կամ աշխատողին կարգապահական պատասխանատվության ենթարկելու փաստական կամ իրավական հիմքը: Օրենսդրի կողմից նախատեսված նման կարգավորումն ուղղված է իրավական որոշակիության ապահովման միջոցով այնպիսի իրավիճակի կարգավորմանը, երբ գործատուն, կայացնելով աշխատողի իրավունքներին առնչվող անհատական ակտ, դրանում չի ներառում աշխատանքային պայմանագրի փոփոխման, լուծման կամ աշխատողին կարգապահական պատասխանատվության ենթարկելու փաստական կամ իրավական հիմքը դրանով իսկ կասկածի տակ դնելով իր կողմից կայացված անհատական ակտի իրավաչափությունը և վտանգելով աշխատողի հիմնարար իրավունքների պաշտպանության պատշաճ երաշխավորումը: Մինչդեռ Դիմողն իր դիմումում վերոնշյալ իրավակարգավորմամբ ամրագրված փաստական կամ իրավական հիմքը նշելու պարտադիր պահանջը գործատուի կողմից չպահպանելը բնորոշում է լոկ որպես աննշան, տեխնիկական սխալ, որն ինքնին չի կարող հանգեցնել կայացված անհատական ակտի անվավերությանը: Այս առումով քննարկվող իրավակարգավորմամբ ամրագրված պարտադիր պահանջը գործատուի կողմից չպահպանելը բացառում է աշխատողի համար առաջացող իրավական հետևանքների կանխատեսելի և որոշակի լինելը հնարավորություն չտալով ապահովել աշխատողի իրավունքների արդյունավետ պաշտպանություն և դրանով իսկ շահերի հավասարակշռում աշխատողի և գործատուի միջև: Օրենսդրի կողմից նման իրավակարգավորման նախատեսումը հենց իրավական որոշակիության, գործատուի և աշխատողի շահերի հավասարակշռման ապահովման նպատակ է հետապնդում: «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին աշխատակարգային որոշում է ընդունում, եթե դիմումում առաջադրված հարցերը ենթակա չեն Սահմանադրական դատարանին: Սահմանադրական դատարանը 2009 թվականի մարտի 17-ի ՍԴԱՈ-21 աշխատակարգային որոշմամբ արձանագրել է, որ (…) Բոլոր այն դեպքերում, երբ դիմողը, ձևականորեն վիճարկելով օրենքի դրույթի սահմանադրականության հարց, ըստ էության բարձրացնում է այդ դրույթի կիրառման իրավաչափության հարց կամ հետապնդում է այլ նպատակներ, ապա այդպիսի դիմումները ենթակա են մերժման` (…) որպես սահմանադրական դատարանի քննության ենթակա հարց չառաջադրող դիմումներ»: Հարկ է նշել նաև, որ անհատական դիմումի, կից ներկայացված փաստաթղթերի, ինչպես նաև «ԴատաԼեքս» դատական տեղեկատվական համակարգի միջոցով թիվ ԵԴ/36018/02/19 քաղաքացիական գործով կայացված դատական ակտերի ուսումնասիրության արդյունքում պարզ է դառնում, որ և՛ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը, և՛ վերաքննիչ քաղաքացիական դատարանը, և՛ Վճռաբեկ դատարանը թիվ ԵԴ/36018/02/19 քաղաքացիական գործով կայացրել են Դիմողի համար անբարենպաստ իրավական հետևանքներ առաջացնող դատական ակտեր: Դիմողը չի ներկայացնում վիճարկվող դրույթի հակասահմանադրականության վերաբերյալ որևէ հիմնավոր փաստարկ, իսկ որպես այդպիսին ներկայացվող դիրքորոշումներն առավելապես վերաբերում են ՀՀ դատարանների գործողությունների (կայացրած դատական ակտերի) իրավաչափությանը: Այս առումով հարկ է արձանագրել, որ Դիմողը, ձևականորեն վիճարկելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 214-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի սահմանադրականությունը, ըստ էության, բարձրացնում է տվյալ դրույթի կիրառման իրավաչափության հարց: Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի պահանջներով Սահմանադրական դատարանի դատական կազմը
ՈՐՈՇԵՑ.
ՅՈՒՆԻԲԱՆԿ» ԲԲԸ անհատական դիմումով գործի քննությունը մերժել:
Նախագահող Ա. Թունյան
Անդամներ Ե. Խունդկարյան
Է. Շաթիրյան
21 մարտի 2023 թվականի
ՍԴԴԿՈ-11
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 21 մարտի, 2023 թ.
- Գործի #:
- ՍԴԴԿՈ-11
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
