«ՌԱԶՄԻԿ ՄԱՐԻԿՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԻ 7-ՐԴ, 51-ՐԴ, 70-ՐԴ, 142-ՐԴ ՀՈԴՎԱԾՆԵՐԻ, 146-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ 1-ԻՆ ԿԵՏԻ ԵՎ 152-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻ
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԱՈ-90)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքներըԱմփոփում
Ընդ.՝ 3 հունիսի 2025թ. ՍԴԱՈ - 90 | «ՌԱԶՄԻԿ ՄԱՐԻԿՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԻ 7-ՐԴ, 51-ՐԴ, 70-ՐԴ, 142-ՐԴ ՀՈԴՎԱԾՆԵՐԻ, 146-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ 1-ԻՆ ԿԵՏԻ ԵՎ 152-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամբողջ Տեքստ
«ՌԱԶՄԻԿ ՄԱՐԻԿՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԻ 7-ՐԴ, 51-ՐԴ, 70-ՐԴ, 142-ՐԴ ՀՈԴՎԱԾՆԵՐԻ, 146-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ 1-ԻՆ ԿԵՏԻ ԵՎ 152-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Սահմանադրական դատարանը, քննության առնելով «Ռազմիկ Մարիկյանի դիմումի հիման վրա՝ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 7-րդ, 51-րդ, 70-րդ, 142-րդ հոդվածների, 146-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի և 152-րդ հոդվածի 1-ին մասի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի քննությունը մերժելու մասին առաջարկությունը, ՊԱՐԶԵՑ.
1. 2025 թվականի մայիսի 29-ին Սահմանադրական դատարան է մուտքագրվել Ռազմիկ Մարիկյանի (այսուհետ՝ Դիմող) դիմումը (ստանալու եղանակը՝ առձեռն), որով Դիմողը խնդրել է.
«(...) «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 7-րդ, 51-րդ, 70-րդ, 142-րդ հոդվածները՝ հաշվի առնելով նաև նշված դրույթներին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը, ճանաչել ՀՀ Սահմանադրության 162-րդ և 164-րդ հոդվածներին հակասող այնքանով, որ չեն նախատեսում դատավորին դատական ակտում տեղ գտած եզրահանգումների կապակցությամբ պատասխանատվության ենթարկելու արգելք այն դեպքերում, երբ դատական ակտը օրինական ուժի մեջ է մնացել և վերադաս դատական ատյանների կողմից չի բեկանվել:
(...) «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 146-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը՝ հաշվի առնելով նաև նշված դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը, ճանաչել ՀՀ Սահմանադրության 162-րդ և 164-րդ հոդվածներին հակասող այնքանով, որ չի տարանջատում դատավորների նկատմամբ անձի, պետական և տեղական ինքնակառավարման մարմնի կամ պաշտոնատար անձի հաղորդման հնարավորությունը դատավորների վարքագծի ընդհանուր կանոնները խախտելու (Դատական օրենսգրքի 69-րդ հոդվածով նախատեսված խախտումներ) և ի պաշտոնե գործելիս դատավորի վարքագծային կանոնները խախտելու (Դատական օրենսգրքի 70-րդ հոդվածով նախատեսված խախտումներ) դեպքերը ի պաշտոնե գործելիս դատավորի կայացրած դատական ակտերում տեղ գտած եզրահանգումներով կարգապահական խախտումներ թույլ տալու դեպքերից և հնարավորություն է տալիս դատավորի ի պաշտոնե գործելիս կայացրած որոշումների կապակցությամբ կարգապահական վարույթ հարուցելու հաղորդում ներկայացնել նաև այնպիսի սուբյեկտների, ովքեր իրավասու չեն վիճարկել կամ բողոքարկել դրանք:
(...) «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 152-րդ հոդվածի 1-ին մասը՝ հաշվի առնելով նաև նշված դրույթներին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը, ճանաչել ՀՀ Սահմանադրության 162-րդ, 164-րդ և 173-րդ հոդվածներին հակասող այնքանով, որ հնարավորություն է տալիս Բարձրագույն դատական խորհրդին դուրս գալ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդության հիմքերի և հիմնավորումների շրջանակներից և լրացուցիչ հիմնավորել դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու անհրաժեշտությունը»:
2. Դիմողը, վկայակոչելով Բարձրագույն դատական խորհրդի կողմից 2024 թվականի նոյեմբերի 5-ին կայացված թիվ ԲԴԽ-93-Ո-Կ-14 որոշումը, ինչպես նաև սույն անհատական դիմումով վիճարկվող դրույթները, նշում է, որ իր կողմից տվյալ դիմումով բարձրացվող երեք հարցերի կապակցությամբ առկա է «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի վերաբերելի դրույթների սահմանադրականության խնդիր:
Դիմողը գտնում է, որ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 7-րդ, 51-րդ, 70-րդ և 142-րդ հոդվածները՝ հաշվի առնելով նաև տվյալ դրույթներին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը, առերևույթ հակասում են Սահմանադրության 162-րդ և 164-րդ հոդվածներին այնքանով, որքանով չեն նախատեսում դատավորին դատական ակտում տեղ գտած եզրահանգումների կապակցությամբ պատասխանատվության ենթարկելու արգելք այն դեպքերում, երբ դատական ակտն օրինական ուժի մեջ է մնացել և վերադաս դատական ատյանների կողմից չի բեկանվել:
Անդրադառնալով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 146-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետին՝ Դիմողը նշում է, որ քննիչը կամ այլ պաշտոնատար անձինք չպետք է իրավունք ունենան կարգապահական վարույթ հարուցելու հաղորդում ներկայացնելու դատավորի նկատմամբ՝ դատական ակտում տեղ գտած եզրահանգումների և դատավորի դիրքորոշումների կապակցությամբ, եթե վերջիններս օրենսդրությամբ չեն համարվում նույնիսկ դատական ակտերը բողոքարկելու սուբյեկտ:
Ըստ Դիմողի՝ դատավորի կայացրած և օրինական ուժի մեջ մնացած դատական ակտի կապակցությամբ քննիչին և տվյալ ակտը բողոքարկելու սուբյեկտ չհանդիսացող այլ պաշտոնատար անձանց դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու իրավասություն ընձեռելը կարող է հանգեցնել մի իրավիճակի, երբ քննիչը ցանկացած դատական ակտի և դրանում դատավորի կատարած եզրահանգումների հետ անհամաձայնության դեպքում դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու միջնորդություն կարողանա ներկայացնել՝ փորձելով «վերանայել» դատական ակտը և ճնշում գործադրել դատավորի վրա՝ հետագայում «բարենպաստ» դատական ակտեր ստանալու ակնկալիքով, որը դատավորի անկախության տեսանկյունից ցանկացած իրավական պետությունում որևէ կերպ իրավաչափ համարվել չի կարող:
Դիմողը նաև գտնում է, որ նշվածի արդյունքում ստացվել է այնպիսի անթույլատրելի իրավիճակ, որ քննչական մարմինը, չսպասելով դատախազի կողմից ակտի բողոքարկմանը, վերադաս դատական ատյանի կողմից այդ ակտի հիմնավորվածությունը և օրինականությունն ստուգելուն, կարող է դատավորների նկատմամբ կարգապահական վարույթներ հարուցելու վերաբերյալ հաղորդումներ ներկայացնել՝ դրանով իսկ հեղինակազրկելով ինչպես Դատախազությանը, այնպես էլ դատական իշխանությանը՝ կասկածի տակ դնելով դատարանի օրինական ուժի մեջ գտնվող որոշումները և Վերաքննիչ դատարանի դերն ու նշանակությունը, ինչպես նաև, որպես հետևանք, Բարձրագույն դատական խորհուրդը քննչական մարմնի կողմից կարող է դիտարկվել որպես Վերաքննիչ դատարանին փոխարինող դատական մարմին:
Միաժամանակ, Դիմողի պնդմամբ՝ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 152-րդ հոդվածի 1-ին մասը՝ հաշվի առնելով նաև տվյալ դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը, առերևույթ հակասում է Սահմանադրության 162-րդ, 164-րդ և 173-րդ հոդվածներին այնքանով, որքանով հնարավորություն է տալիս Բարձրագույն դատական խորհրդին դուրս գալու դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդության հիմքերի և հիմնավորումների շրջանակներից և լրացուցիչ հիմնավորելու դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու անհրաժեշտությունը:
3. Ելնելով դիմումի և կից ներկայացված փաստաթղթերի ուսումնասիրության արդյունքներից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի (այսուհետ նաև՝ Սահմանադրական օրենք) 29 և 69-րդ հոդվածներով՝ Սահմանադրական դատարանը գտնում է, որ սույն անհատական դիմումով գործի քննությունը Սահմանադրական դատարանի կողմից ենթակա է մերժման՝ հետևյալ պատճառաբանությամբ.
Սահմանադրական դատարանը հարկ է համարում փաստել, որ Սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան՝ ֆիզիկական կամ իրավաբանական անձն անհատական դիմումը Սահմանադրական դատարան կարող է ներկայացնել դատական պաշտպանության բոլոր միջոցներն սպառելուց՝ վերջնական դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելուց ոչ ուշ, քան վեց ամիս հետո:
Սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ անհատական դիմումով գործի քննությունը կարող է մերժվել նաև այն դեպքում, երբ լրացել է Սահմանադրական դատարան դիմելու համար նույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված վեցամսյա ժամկետը:
Տվյալ գործով վերջնական դատական ակտը Բարձրագույն դատական խորհրդի թիվ ԲԴԽ-93-Ո-Կ-14 որոշումն է, որը կայացվել է 2024 թվականի նոյեմբերի 5-ին:
«Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 31-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ տարիներով, ամիսներով կամ օրերով հաշվարկվող ժամկետների ընթացքն սկսվում է այն օրացուցային տարվա, ամսվա, ամսաթվի կամ վրա հասած իրադարձությանը հաջորդ օրվանից, որով որոշված է դրա ժամկետի սկիզբը: Նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ ամիսներով հաշվարկվող ժամկետը լրանում է ժամկետի վերջին ամսվա համապատասխան ամսաթվին: Կես տարով որոշված ժամկետի նկատմամբ կիրառվում են ամիսներով հաշվարկվող ժամկետների կանոնները:
Հաշվի առնելով վերոշարադրյալը՝ Սահմանադրական դատարանը փաստում է, որ Դիմողի՝ Սահմանադրական դատարան դիմելու համար Սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված վեցամսյա ժամկետի ընթացքն սկսվել է 2024 թվականի նոյեմբերի 6-ից:
Դիմողի՝ Սահմանադրական դատարան դիմելու համար նախատեսված վեցամսյա ժամկետն ավարտվել է 2025 թվականի մայիսի 6-ին: Մինչդեռ, սույն անհատական դիմումը Սահմանադրական դատարան է մուտքագրվել 2025 թվականի մայիսի 29-ին: Հետևաբար` պահպանված չէ Սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 3-րդ մասով անհատական դիմումին ներկայացվող՝ այն վերջնական դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելուց ոչ ուշ, քան վեց ամիս հետո Սահմանադրական դատարան ներկայացնելու պահանջը:
Ուստի՝ սույն անհատական դիմումով գործի քննությունը ենթակա է մերժման՝ Սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի և 69-րդ հոդվածի 5-րդ մասի հիման վրա՝ Սահմանադրական դատարան դիմելու համար նախատեսված վեցամսյա ժամկետը լրացած լինելու հիմքով:
Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով և 69-րդ հոդվածի 5-րդ մասով՝ Սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.
«Ռազմիկ Մարիկյանի դիմումի հիման վրա՝ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 7-րդ, 51-րդ, 70-րդ, 142-րդ հոդվածների, 146-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի և 152-րդ հոդվածի 1-ին մասի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի քննությունը մերժել:
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
ՆԱԽԱԳԱՀ Ա. ԴԻԼԱՆՅԱՆ
3 հունիսի 2025 թվականի
ՍԴԱՈ-90
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 3 հունիսի, 2025 թ.
- Գործի #:
- ՍԴԱՈ-90
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
