Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/««ՀԱՆԵՇ ԳՐՈՒՊ» ՍՊԸ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 6 ԵՎ 9-ՐԴ ՀՈԴՎԱԾՆԵՐԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ 394-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 3-ՐԴ ՄԱՍԻ 1-ԻՆ ԿԵՏԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

««ՀԱՆԵՇ ԳՐՈՒՊ» ՍՊԸ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 6 ԵՎ 9-ՐԴ ՀՈԴՎԱԾՆԵՐԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ 394-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 3-ՐԴ ՄԱՍԻ 1-ԻՆ ԿԵՏԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Սահմանադրական դատարանՍԴԱՈ-6529 ապրիլի, 2025 թ.Բնօրինակ աղբյուր
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԱՈ-65)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքները

Ամփոփում

Ընդ.՝ 29 ապրիլի 2025թ. ՍԴԱՈ - 65 | ««ՀԱՆԵՇ ԳՐՈՒՊ» ՍՊԸ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 6 ԵՎ 9-ՐԴ ՀՈԴՎԱԾՆԵՐԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ 394-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 3-ՐԴ ՄԱՍԻ 1-ԻՆ ԿԵՏԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ամբողջ Տեքստ

««ՀԱՆԵՇ ԳՐՈՒՊ» ՍՊԸ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 6 ԵՎ 9-ՐԴ ՀՈԴՎԱԾՆԵՐԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ 394-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 3-ՐԴ ՄԱՍԻ 1-ԻՆ ԿԵՏԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Սահմանադրական դատարանը, քննության առնելով ««Հանեշ Գրուպ» ՍՊԸ դիմումի հիման վրա՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 6 և 9-րդ հոդվածների, ինչպես նաև 394-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի քննությունը մերժելու մասին առաջարկությունը, ՊԱՐԶԵՑ.

1. 2025 թվականի ապրիլի 3-ին Սահմանադրական դատարան է մուտքագրվել «Հանեշ Գրուպ» ՍՊԸ (այսուհետ՝ Դիմող, ներկայացուցիչ՝ փաստաբան Զոհրակ Ապրեսյան) դիմումը, որով Դիմողը խնդրել է.

«(...) ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետն այնքանով, որքանով չի բացահայտում «արդարադատության բուն էությունը խաթարող խախտման» հասկացությունը և չափանիշները, ճանաչել Սահմանադրության 1-ին, 61-րդ, 63-րդ, 75-րդ և 79-րդ հոդվածներին հակասող և անվավեր։

(...) ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 6-րդ և 9-րդ հոդվածների այնպիսի մեկնաբանությունը, համաձայն որի՝ Վճռաբեկ դատարանը վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին որոշման մեջ որպես բողոքը վարույթ ընդունելը մերժելու պատճառաբանություն հղում է կատարում վերաքննիչ դատարանի որոշման պատճառաբանություններին և եզրահանգումներին՝ առանց մատնանշելու, թե որ պատճառաբանությունների և եզրահանգումների մասին է խոսքը, ճանաչել Սահմանադրության 61-րդ և 63-րդ հոդվածներին հակասող և անվավեր։

(...) ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 6-րդ և 9-րդ հոդվածների այնպիսի մեկնաբանությունը, համաձայն որի՝ Վճռաբեկ դատարանը վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին որոշման մեջ որպես բողոքը վարույթ ընդունելը մերժելու պատճառաբանություն հղում է կատարում վերաքննիչ դատարանի որոշման պատճառաբանություններին և եզրահանգումներին, որոնք չեն վերաբերում վճռաբեկ բողոք ներկայացրած անձի փաստարկներին, ճանաչել Սահմանադրության 61-րդ և 63-րդ հոդվածներին հակասող և անվավեր»։

2. Դիմողը քաղաքացիական դատավարության օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 394-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի առնչությամբ նշում է, որ «արդարադատության բուն էության խաթարում» հասկացությունը, ինչպես նաև դրա բացահայտման չափանիշներն Օրենսգրքով նախատեսված չեն, միաժամանակ այն բացահայտված չէ նաև դատական պրակտիկայում։ Նման կարգավորման բացակայությունը նշված եզրույթի և դրա առկայությունը հիմնավորելու եղանակի անորոշություն է ստեղծում, ինչն էականորեն սահմանափակում է Վճռաբեկ դատարանի մատչելիությունն անձանց համար։ Ավելին՝ նշված եզրույթի որոշակի չլինելը թույլ չի տալիս տարանջատել արդարադատության բուն էությունը խաթարող իրավունքի նորմի խախտումը՝ նման խաթարման չհանգեցնող իրավունքի նորմի խախտումից։

Միաժամանակ Դիմողը նշում է, որ արդարադատության բուն էությունը խաթարող խախտման հիմքով վճռաբեկ բողոք ներկայացնելիս անձի համար կանխատեսելի չեն այն չափանիշները, որոնցով Վճռաբեկ դատարանը պետք է առաջնորդվի խախտումն արդարադատության բուն էությունը խաթարող գնահատելու համար։ Ավելին՝ օրենսդրական ձևակերպումը Վճռաբեկ դատարանին ևս հնարավորություն չի տալիս որոշելու նման խախտմանը բնորոշ հատկանիշները, ինչը ողջամտորեն հանգեցնում է կամայական որոշումների կայացման։ Արդյունքում՝ Վճռաբեկ դատարանն ստանում է հնարավորություն՝ առանց հստակ պատճառաբանության մերժելու բողոքի վարույթ ընդունումը՝ խախտման՝ արդարադատության բուն էությունը չխաթարող դիտարկելու հիմքով։ Ընդ որում՝ Վճռաբեկ դատարանը չի սահմանում, թե ինչ չափանիշների հաշվառմամբ եկավ այն եզրահանգման, որ խախտումը չի հանգեցրել արդարադատության բուն էության խաթարման։ Ըստ Դիմողի` նշվածն անհամատեղելի է արդար դատաքննության սահմանադրական իրավունքի հետ։

Բացի դրանից, Դիմողը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 6 և 9-րդ հոդվածների առնչությամբ նշում է, որ Վճռաբեկ դատարանի դատական պրակտիկայում նշված դրույթներին տրված մեկնաբանությունն ակնհայտորեն չի համապատասխանում դատական ակտի պատճառաբանվածության պահանջին։ Այն դեպքերում, երբ վճռաբեկ բողոք է ներկայացվել այնպիսի հիմնավորումներով, որոնց վերաքննիչ դատարանն իր որոշմամբ չի անդրադարձել, ապա Վճռաբեկ դատարանը որպես իր որոշման պատճառաբանվածություն ակնհայտորեն չի կարող հղում կատարել նույն գործով վերաքննիչ դատարանի կայացրած դատական ակտին։ Նման պայմաններում ստացվում է, որ վճռաբեկ բողոք բերող անձի հիմնավորումները մերժվում են՝ առանց ցույց տալու նման եզրահանգման համար հիմք ծառայած դատողությունների ընթացքը։

Միաժամանակ, Դիմողը նշում է, որ, եթե անգամ վերաքննիչ դատարանն իր որոշմամբ անդրադարձել է բողոքաբերի փաստարկներին, ապա Վճռաբեկ դատարանը պետք է նշի, թե վերաքննիչ դատարանի կոնկրետ ո՛ր պատճառաբանություններով և եզրահանգումներով են բողոքաբերի փաստարկները հերքվում։ Հակառակ պարագայում կստացվի, որ Վճռաբեկ դատարանի որոշումը հիմնավորվում է վերացական, ընդհանրական նախադասություններով, ինչը նույնն է, եթե նշված ընդհանրական նախադասություններն ընդհանրապես բացակայեին։ Հետևաբար` այնքանով, որքանով Վճռաբեկ դատարանը չի նշում, թե վերաքննիչ դատարանի ո՛ր պատճառաբանություններով և եզրահանգումներով են հերքվում բողոքաբերի՝ վճռաբեկ բողոքում ներկայացված փաստարկները, չի համապատասխանում դատական ակտի պատճառաբանվածության պահանջին։ Նման անորոշ հղմամբ վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելը, ըստ էության, նպատակ ունի նման որոշումները ձևական առումով համապատասխանեցնել Սահմանադրական դատարանի ՍԴՈ-1628 որոշման պահանջներին, սակայն առանց վերաքննիչ դատարանի պատճառաբանությունների և եզրահանգումների կոնկրետ հղումների՝ վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին որոշումներում բովանդակային առումով բացակայում է պատճառաբանվածությունը, ինչի արդյունքում չեն պահպանվում ինչպես Սահմանադրության 61 և 63-րդ, այնպես էլ Օրենսգրքի 6 և 9-րդ հոդվածները։

3. Ելնելով դիմումի և կից փաստաթղթերի ուսումնասիրությունից, ինչպես նաև ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի (այսուհետ նաև՝ Սահմանադրական օրենք) 29-րդ հոդվածի պահանջով` Սահմանադրական դատարանը գտնում է, որ սույն անհատական դիմումով գործի քննությունը ենթակա է մերժման՝ հետևյալ պատճառաբանությամբ.

Սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին աշխատակարգային որոշում է ընդունում, եթե դիմումում առաջադրված հարցերը ենթակա չեն Սահմանադրական դատարանին։

Սահմանադրական դատարանն իր` 2009 թվականի մարտի 17-ի ՍԴԱՈ-21 աշխատակարգային որոշմամբ (և հետագայում 13.11.2012թ. ՍԴԱՈ-80, 08.04.2014թ. ՍԴԱՈ-13, 07.04.2015թ. ՍԴԱՈ-19, ինչպես նաև 05.02.2016թ. ՍԴԴԿՈ/1-4, 18.02.2016թ. ՍԴԴԿՈ/1-5, 21.03.2016թ. ՍԴԴԿՈ/1-9, 02.04.2016թ. ՍԴԴԿՈ/1-13 և այլ որոշումներով վերահաստատված) իրավական դիրքորոշում է արտահայտել, համաձայն որի` «(...) բոլոր այն դեպքերում, երբ դիմողը, ձևականորեն վիճարկելով օրենքի դրույթի սահմանադրականության հարց, ըստ էության բարձրացնում է այդ դրույթի կիրառման իրավաչափության հարց (...), ապա այդպիսի դիմումները ենթակա են մերժման՝ (...) որպես սահմանադրական դատարանի քննության ենթակա հարց չառաջադրող դիմումներ»։

Սահմանադրական դատարանը գտնում է, որ նորմատիվ իրավական ակտի սահմանադրական կոնկրետ վերահսկողության համար վերոհիշյալ պարտադիր նախապայմանի ամրագրմամբ, ի թիվս այլնի, նպատակ է դրվել Սահմանադրական դատարանում քննության առարկա դարձնել ենթադրյալ սահմանադրականության այնպիսի վեճեր, որոնց հիմքում դրված են ոչ թե կոնկրետ գործի փաստական և/կամ իրավական հանգամանքների գնահատման, այլ վիճարկվող նորմատիվ իրավական ակտի սահմանադրականության գնահատման, սահմանադրական նորմերի վերջնական մեկնաբանության և կիրառման հարցեր:

Ընդ որում՝ Սահմանադրական դատարանի կողմից նորմատիվ իրավական ակտի դրույթի կիրառման իրավաչափության հարցի քննարկման դեպքում Սահմանադրական դատարանը կստանձնի դատական ակտ վերանայող դատական ատյանի գործառույթ, ինչը ոչ միայն չի բխում Սահմանադրության և Սահմանադրական օրենքի կարգավորումներից, այլև փաստացի կվերացնի Սահմանադրական դատարանի և եռաստիճան դատական համակարգում ներառված դատարանների գործառույթների տարանջատումը։

Դիմումի ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ Դիմողը, ըստ էության, վիճարկում է Վճռաբեկ դատարանի կողմից թիվ ԵԴ/37811/02/19 քաղաքացիական գործի շրջանակներում կայացված դատական ակտի և վերջինիս գործողությունների իրավաչափությունը, որպիսի հարցի քննությունը դուրս է Սահմանադրական դատարանի իրավասության շրջանակից: Մասնավորապես՝ Օրենսգրքի 6 և 9-րդ հոդվածների առնչությամբ Դիմողը նշում է՝ «(…) այնքանով, որքանով Վճռաբեկ դատարանը չի նշում, թե վերաքննիչ դատարանի որ պատճառաբանություններով և եզրահանգումներով են հերքվում բողոքաբերի՝ վճռաբեկ բողոքում ներկայացված փաստարկները, չի համապատասխանում դատական ակտի պատճառաբանվածության պահանջին»:

Իսկ Օրենսգրքի 394-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի՝ Սահմանադրությանը հակասելու վերաբերյալ Դիմողի ներկայացրած հիմնավորումները հետևյալն են. «(…) Վճռաբեկ դատարանը ստանում է հնարավորություն՝ առանց հստակ պատճառաբանության մերժելու բողոքի վարույթ ընդունումը՝ խախտման՝ արդարադատության բուն էությունը չխաթարող դիտարկելու հիմքով։ Ընդ որում՝ կայացրած որոշումներում վերջինս չի սահմանում, թե ինչ չափանիշների հաշվառմամբ եկավ այն եզրահանգման, որ խախտումը չի հանգեցրել արդարադատության բուն էության խաթարման։ Արդարադատության բուն էության խաթարող խախտման հասկացության բացակայությունը ստեղծում է այն գնահատելու հարցում կամայական մոտեցման հնարավորություն, ինչն անհամատեղելի է արդար դատաքննության սահմանադրական իրավունքի հետ»:

Այսպիսով, սույն դիմումով Դիմողի կողմից բարձրացված խնդրո առարկա հարցի ըստ էության քննությունը ենթադրում է Սահմանադրական դատարանի կողմից ոչ թե վիճարկվող դրույթների սահմանադրականության գնահատում, այլ թիվ ԵԴ/37811/02/19 քաղաքացիական գործի շրջանակներում Վճռաբեկ դատարանի կողմից կայացված դատական ակտի իրավաչափության ստուգում, ինչը դուրս է Սահմանադրական դատարանի իրավասության շրջանակից:

Ամփոփելով վերոնշյալը՝ Սահմանադրական դատարանը գտնում է, որ Դիմողը, ձևականորեն վիճարկելով նորմատիվ իրավական ակտի դրույթների սահմանադրականության հարց, ըստ էության, բարձրացնում է այդ դրույթների կիրառման իրավաչափության հարց, ինչը Սահմանադրական դատարանում քննության ենթակա հարց չէ, ուստի՝ սույն անհատական դիմումով գործի քննությունը ենթակա է մերժման՝ Սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիմքով։

Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով՝ Սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

««Հանեշ Գրուպ» ՍՊԸ դիմումի հիման վրա՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 6 և 9-րդ հոդվածների, ինչպես նաև 394-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի քննությունը մերժել:

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

ՆԱԽԱԳԱՀ Ա. ԴԻԼԱՆՅԱՆ

29 ապրիլի 2025 թվականի

ՍԴԱՈ-65

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
29 ապրիլի, 2025 թ.
Գործի #:
ՍԴԱՈ-65
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել