ԺԱԿԼԻՆ ԱՅԱՆՅԱՆԻ, ԾԱՂԻԿ ԱՅԱՆՅԱՆԻ ԵՎ ԿԱՐԻՆԵ ԱՅԱՆՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ/2-23)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքներըԱմփոփում
Ընդ.՝ 26 հուլիսի 2016թ. ՍԴԴԿՈ/2 - 23 | ԺԱԿԼԻՆ ԱՅԱՆՅԱՆԻ, ԾԱՂԻԿ ԱՅԱՆՅԱՆԻ ԵՎ ԿԱՐԻՆԵ ԱՅԱՆՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԹԻՎ 2 ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Քաղ. Երևան
26 հուլիսի 2016թ.
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի
թիվ 2 դատական կազմը`
Նախագահությամբ Ա. Խաչատրյանի
Անդամակցությամբ Կ. Բալայանի
Հ. Նազարյանի
Ուսումնասիրելով Ժակլին Այանյանի, Ծաղիկ Այանյանի և Կարինե Այանյանի անհատական դիմումի ընդունելիության հարցը,
Պ Ա Ր Զ Ե Ց.
1. Համաձայն ՀՀ Սահմանադրության 101-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի Ժակլին Այանյանը, Ծաղիկ Այանյանը և Կարինե Այանյանը 14.07.2016թ. դիմել են ՀՀ սահմանադրական դատարան խնդրելով. «ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 158 հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետը ճանաչել ՀՀ Սահմանադրության (փոփոխություններով 06.12.2015 թ.) 1-ին, 61-րդ, 63-րդ, 79-րդ և ՀՀ Սահմանադրության (փոփոխություններով 27.11.2005 թ.) 92-րդ հոդվածներին հակասող և անվավեր»:
Դիմողները գտնում են, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի ընդունումը, ըստ օրենսգրքի ընդունման վերաբերյալ «հիմնավորում» անվանումով փաստաթղթի, նպատակ է հետապնդել առավել ամբողջական և համապարփակ ձևով կարգավորելու վարչական դատավարության ընթացքում ծագող
իրավահարաբերությունները, ինչպես նաև վարչական դատարանին ձերբազատելու բավականին մեծ ծավալի մեխանիկական բնույթի աշխատանքից, ինչը պետք է նպաստեր մնացած վարույթներում դատավարության արդյունավետության էական բարձրացմանը, սակայն, ըստ դիմողների, վիճարկվող դրույթում առկա «կատարելով համեմատական վերլուծություն» արտահայտությունը չի համապատասխանում իրավական որոշակիության սկզբունքին, ինչն առիթ է ստեղծում իրավակիրառ պրակտիկայում տարաբնույթ մեկնաբանությունների հանգեցնելով դատական պաշտպանության արդյունավետ միջոցի և անձի արդար դատաքննության իրավունքի խախտման:
Դիմողները, համեմատելով տարբեր դատավարական օրենսգրքերում առկա համանման կարգավորումները և վերլուծելով դրանց ընդունման հիմնավորումները եզրահանգում են, որ օրենսդիրը բողոքարկվող դատական ակտում և վճռաբեկ դատարանի որոշումներում որևէ իրավանորմի վերաբերյալ հակասության և համեմատական վերլուծություն կատարելու հիմքում դրել է ինչպես իրավական որոշակիությունը, այնպես էլ վճռաբեկ դատարանի սահմանադրական գործառույթի օրենքի միատեսակ կիրառությունն ապահովելու հանգամանքը:
2. Ելնելով դիմումի և կից փաստաթղթերի ուսումնասիրությունից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 32 և 69-րդ հոդվածների պահանջներով, ՀՀ սահմանադրական դատարանի թիվ 2 դատական կազմը գտնում է, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 158-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետի վերաբերյալ գործի քննության ընդունումը մերժելու հիմքեր առկա չեն, քանի որ`
դիմումում առաջադրված հարցը ենթակա է սահմանադրական դատարանին, դիմողներն իրավասու են դիմել սահմանադրական դատարան,
դիմումում առաջադրված հարցի վերաբերյալ առկա չէ սահմանադրական դատարանի որոշում,
դիմումի առարկայի վերաբերյալ այլ դիմումի հիման վրա սահմանադրական դատարանում գործի դատաքննություն չի իրականացվում,
դիմողները սպառել են դատական պաշտպանության բոլոր միջոցները: Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 31 և 69-րդ հոդվածներով ՀՀ սահմանադրական դատարանի թիվ 2 դատական կազմը
Ո Ր Ո Շ Ե Ց.
1. «Ժակլին Այանյանի, Ծաղիկ Այանյանի և Կարինե Այանյանի դիմումի հիման վրա ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 158-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետի ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործն ընդունել քննության:
2. Սույն գործով դատավարությանը որպես պատասխանող կողմ ներգրավել ՀՀ Ազգային ժողովին:
Նախագահող
Անդամներ
26 հուլիսի 2016 թվականի
ՍԴԴԿՈ/2-23
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 26 հուլիսի, 2016 թ.
- Գործի #:
- ՍԴԴԿՈ/2-23
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
