ԱՐՍԵՆ ՄԱԿԻՆՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ-12)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքներըԱմփոփում
Ընդ.՝ 28 մարտի 2023թ. ՍԴԴԿՈ - 12 | ԱՐՍԵՆ ՄԱԿԻՆՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ ՈՐՈՇՈՒՄ
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Քաղ. Երևան 28 մարտի 2023 թ.
Սահմանադրական դատարանի դատական կազմը`
Նախագահությամբ Ա. Թունյանի
Անդամակցությամբ Ե. Խունդկարյանի
Է. Շաթիրյանի
Քննության առնելով Արսեն Մակինյանի անհատական դիմումի
ընդունելիության հարցը,
ՊԱՐԶԵՑ.
1. Արսեն Մակինյանը (այսուհետ` Դիմող) դիմել է Սահմանադրական դատարան (դիմումը Սահմանադրական դատարան է մուտքագրվել 2023 թվականի մարտի 10-ին) խնդրելով. «ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 361-րդ հոդվածի 1-ին մասը այնքանով, որքանով չի նախատեսում հայցի ապահովման միջոց կիրառելու մասին միջանկյալ դատական ակտը բողոքարկելու հնարավորություն, ճանաչել ՀՀ Սահմանադրության 61-րդ, 63-րդ, 75, 78-րդ, 79-րդ, 80-րդ և 81-րդ հոդվածներին հակասող և անվավեր»:
2. Ներկայացնելով թիվ ԵԴ/9030/02/22 քաղաքացիական գործի դատավարական նախապատմությունը Դիմողը նշում է, որ անձի դատական պաշտպանության և արդար դատաքննության իրավունքների կարևոր բաղադրիչ է հանդիսանում բողոքարկման իրավունքը, մինչդեռ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 361-րդ հոդվածի 1-ին մասում առկա օրենսդրական բացի հետևանքով ինքը զրկվել է դատական ակտը բողոքարկելու իր իրավունքն իրացնելու հնարավորությունից: Դիմողի կարծիքով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 361-րդ հոդվածի 1-ին մասում առկա օրենսդրական բացը, այն է հայցի ապահովման միջոց կիրառելու մասին միջանկյալ դատական ակտի բողոքարկման անհնարինությունը, թույլ չի տվել, որ անձն իրացնի իր բողոքարկման իրավունքը, հետևաբար նշված դրույթն այնքանով, որքանով չի նախատեսում «Հայցի ապահովման միջոց կիրառելու մասին» միջանկյալ դատական ակտերի բողոքարկման հնարավորություն, հակասում է Սահմանադրության 61-րդ, 63-րդ, 75-րդ, 78-րդ, 79-րդ, 80-րդ և 81-րդ հոդվածներին: Դիմողը նշում է, որ թեև օրենսդրի կողմից առանձին դատական ակտերի բողոքարկման հնարավորության բացառումը բխում է դատավարությունն անհարկի ձգձգումներից զերծ պահելու անհրաժեշտությունից, սակայն տվյալ պարագայում, ըստ Դիմողի, կիրառված հայցի ապահովման միջոցով, երեխան հատել է Հայաստանի Հանրապետության սահմանը, և ինքը հնարավորություն չունի օրինական ուժի մեջ մտած այլ դատական ակտի հիման վրա տեսակցել երեխային: Ըստ Դիմողի նման պայմաններում, հաշվի առնելով այն հանգամանքը, որ այլ կերպ երեխայի լավագույն շահերը հետագայում չեն կարող վերականգնվել, «Հայցի ապահովման միջոց կիրառելու մասին» որոշումը պետք է հանդիսանա անմիջական բողոքարկման ենթակա միջանկյալ դատական ակտ, որպեսզի անձը հնարավորություն ունենա մինչև վերջնական դատական ակտի կայացումը բողոքարկելու ոչ իրավաչափ դատական ակտը: Ըստ Դիմողի (...) դատավարության մասնակիցը պետք է հնարավորություն ունենա վիճարկելու Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի որոշման օրինականությունը և հիմնավորվածությունը վերադաս դատական ատյաններում, քանի որ Սահմանադրությամբ երաշխավորված դատական պաշտպանության իրավունքի կարևոր բաղադրիչներից մեկը բողոքարկման իրավունքն է և Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի միջանկյալ դատական ակտի բողոքարկման իրավական հնարավորության բացակայությունն անձին ոչ իրավաչափորեն զրկում է դատական պաշտպանության սահմանադրական իրավունքի բաղադրատարր հանդիսացող դատական ակտը վերադաս դատական ատյաններում բողոքարկելու իրավունքից»:
3. Ելնելով դիմումի և կից ներկայացված դատական ակտերի ուսումնասիրության արդյունքներից ու ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29 և 69-րդ հոդվածների պահանջներով Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ սույն անհատական դիմումով գործի քննությունը ենթակա է մերժման հետևյալ պատճառաբանությամբ. «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի համաձայն Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին աշխատակարգային որոշում է ընդունում` սույն օրենքի 69-րդ հոդվածով նախատեսված այլ դեպքերում: Նույն օրենքի 69-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` անհատական դիմումներով գործի քննությունը, ի թիվս այլնի, կարող է մերժվել նաև այն դեպքերում, երբ անհատական դիմումն ակնհայտ անհիմն է: Սահմանադրական դատարանը 2009 թվականի մարտի 17-ի ՍԴԱՈ-21 աշխատակարգային որոշմամբ արձանագրել է, որ «(…) անհատական դիմումների քննությունը կարող է մերժվել նաև այն դեպքերում, երբ անհատական դիմումն ակնհայտ անհիմն է»: «(…) դիմողը պետք է փորձի բավարար կերպով իրավաբանորեն հիմնավորել, թե իր սահմանադրական որ իրավունքներն են խախտվել և ինչ անմիջական պատճառահետևանքային կապ է առկա վիճարկվող օրինադրույթի և իր իրավունքների խախտման փաստի միջև: Նշված պահանջին համապատասխան դիմողը պետք է նաև դիմումում առաջադրված հարցի հիմքում ներկայացնի իրավաբանորեն փաստված հանգամանքներ և նյութեր (…)»: Սահմանադրական դատարան ներկայացվող անհատական դիմումների հիմնավորված լինելու պահանջը չի կարող պահպանված համարվել բոլոր այն դեպքերում, երբ դիմողը պարզապես սահմանափակվել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 361-րդ հոդվածի 1-ին մասում առկա ենթադրյալ օրենսդրական բացի Սահմանադրության 61-րդ, 63-րդ, 75-րդ, 78-րդ, 79-րդ, 80-րդ և 81-րդ հոդվածներին հակասելու վերաբերյալ պնդման վկայակոչմամբ բավարար կերպով իրավաբանորեն չհիմնավորելով իր կողմից վիճարկվող դրույթում առկա ենթադրյալ օրենսդրական բացի և Սահմանադրության համապատասխան հոդվածների ենթադրյալ խախտման փաստի միջև պատճառահետևանքային կապի անմիջական առկայությունը: Միջանկյալ դատական ակտերի բողոքարկման հնարավորության հետ կապված Սահմանադրական դատարանն իր մի շարք որոշումներով, այդ թվում 2010 թվականի նոյեմբերի 2-ի ՍԴՈ-922 որոշմամբ, իրավական դիրքորոշում է արտահայտել առ այն, որ «(...) օրենսդիրը տարբերակում է միջանկյալ դատական ակտերի բողոքարկման երկու հիմնական կարգ, այն է` բողոքարկում գործն ըստ էության լուծող դատական ակտի բողոքարկման շրջանակներում` «հետաձգված բողոքարկում», և միջանկյալ դատական ակտի անմիջական բողոքարկում: Եթե վարույթի հետագա ընթացքը կասեցնող միջանկյալ դատական ակտի դեմ իրավական պաշտպանության միակ հնարավոր միջոցը դրա անմիջական բողոքարկումն է և ըստ այդմ օրենսդրից պահանջվում է նախատեսել տվյալ ակտի անմիջական բողոքարկման կարգ, ապա չկասեցված և շարունակվող վարույթի ընթացքում ընդունված միջանկյալ դատական ակտի բողոքարկման նշված երկու կարգերի միջև ընտրությունն օրենսդրի հայեցողության շրջանակում է»: Հարկ է նշել, որ քննարկվող համատեքստում ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 361-րդ հոդվածի 1-ի մասում առկա ենթադրյալ օրենսդրական բացի սահմանադրականության հարցի կապակցությամբ առկա են նաև Սահմանադրական դատարանի այլ, մասնավորապես 2021 թվականի հունիսի 25-ի ՍԴԱՈ-129, 2021 թվականի օգոստոսի 5-ի ՍԴԱՈ-172, 2021 թվականի օգոստոսի 5-ի ՍԴԱՈ-173 աշխատակարգային որոշումները: 2021 թվականի օգոստոսի 5-ի ՍԴԱՈ-173 աշխատակարգային որոշմամբ Սահմանադրական դատարանն արձանագրել է. (...) օրենսդիրը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում ամրագրել է մի շարք իրավական երաշխիքներ, որոնք կոչված են ապահովելու քաղաքացիական դատավարության այն մասնակցի իրավունքների պաշտպանությունը, որի դեմ կիրառվել են հայցի ապահովման համապատասխան միջոցներ, մասնավորապես ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածի 1-ին մասը դատավարական հնարավորություն է ընձեռում վարույթի մասնակցին, որի դեմ կիրառվել է հայցի ապահովման միջոց, միջնորդություն ներկայացնել դատարան իր հնարավոր վնասների հատուցման համար հայցի ապահովման միջնորդություն ներկայացրած գործին մասնակցող անձից ապահովում (հակընդդեմ ապահովում) պահանջելու վերաբերյալ: Ավելին, այն դեպքում, երբ հայցի ապահովումը վերացնելու մասին միջնորդությունը չի բավարարվել, վարույթի համապատասխան մասնակիցն օժտված է համապատասխան այլ հիմնավոր հիմքերի վկայակոչմամբ հայցի ապահովումը վերացնելու մասին մեկ այլ միջնորդություն ներկայացնելու հնարավորությամբ: (...) օրենսդիրը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 133-րդ հոդվածով ամրագրել է հայցի ապահովման մեկ միջոցը մեկ այլ միջոցով փոխարինելու, ինչպես նաև հայցի ապահովման միջոցը ձևափոխելու, իսկ 138-րդ հոդվածով հայցի ապահովման և հայցի նախնական ապահովման հետ կապված վնասների հատուցման իրավական կառուցակարգեր, որոնք ևս միտված են հայցի ապահովման միջոցի կիրառման և այն չվերացնելու արդյունքում համապատասխան անձանց իրավունքների պաշտպանության արդյունավետ ընթացակարգերի և կառուցակարգերի երաշխավորմանը»: Այսպիսով «Հայցի ապահովման միջոց կիրառելու մասին» միջանկյալ դատական ակտն անմիջական բողոքարկման կարգով բողոքարկելու իրավական հնարավորության բացակայությունն ինքնին չի կասեցնում վարույթի հետագա ընթացքը, հետևաբար նման միջանկյալ դատական ակտի բողոքարկման կարգի ընտրությունն օրենսդրի հայեցողության շրջանակում է: Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով, 69-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջներով Սահմանադրական դատարանի դատական կազմը
ՈՐՈՇԵՑ.
Արսեն Մակինյանի անհատական դիմումով գործի քննությունը մերժել:
Նախագահող Ա. Թունյան
Անդամներ Ե. Խունդկարյան
Է. Շաթիրյան
28 մարտի 2023 թվականի
ՍԴԴԿՈ-12
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 28 մարտի, 2023 թ.
- Գործի #:
- ՍԴԴԿՈ-12
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
