ԳԵՎՈՐԳ ՄԱՐԳԱՐՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ-54)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքներըԱմփոփում
Ընդ.՝ 20 հոկտեմբերի 2020թ. ՍԴԴԿՈ - 54 | ԳԵՎՈՐԳ ՄԱՐԳԱՐՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՈՐՈՇՈՒՄ
Քաղ. Երևան 20 հոկտեմբերի 2020 թ.
Սահմանադրական դատարանը, գործելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 26-րդ հոդվածի 7-րդ մասի, 69-րդ հոդվածի 4-րդ և 6-րդ մասերի հիման վրա, մասնակցությամբ դատավորներ Է. Շաթիրյանի (նախագահող), Վ. Գրիգորյանի և Ա. Խաչատրյանի,
քննության առնելով Գևորգ Մարգարյանի անհատական դիմումի ընդունելիության հարցը,
ՊԱՐԶԵՑ.
1. Գևորգ Մարգարյանը (ներկայացուցիչ Նարինե Աբելյան) 2020թ. սեպտեմբերի 22-ին դիմել է Սահմանադրական դատարան խնդրելով. «ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 197-րդ հոդվածով նախատեսված կարգավորումներն այնքանով, որքանով դրանք չեն նախատեսում բաժնային սեփականության ներքո գտնվող գույքից բաժինն առաձնացնելու աննպատակահարմարության պարագայում տվյալ բաժնի հրապարակային սակարկություններով վաճառքի դրույթ ճանաչել ՀՀ Սահմանադրության 1-ին, 3-րդ, 60-րդ, 61-րդ, 63-րդ, 75-րդ, 78-րդ, 80-րդ և 81-րդ հոդվածներին հակասող և անվավեր»:
2. Հիմք ընդունելով Սահմանադրական դատարանի դատական կազմի նախագահողի միջնորդությունը լրացուցիչ ուսումնասիրություն կատարելու նպատակով սույն դիմումի նախնական ուսումնասիրության ժամկետը երկարաձգվել է մինչև 2020 թվականի հոկտեմբերի 20-ը ներառյալ:
3. Դիմողը գտնում է, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 6-րդ մասը այնքանով, որքանով չի նախատեսում ընդհանուր բաժնային սեփականության սեփականատիրոջ բաժինը հրապարակային սակարկություններով վաճառելու հնարավորություն, հակասում է Սահմանադրության 1-ին, 3-րդ, 60, 61, 63, 75, 78, 80 և 81-րդ հոդվածներին: Դիմողի կարծիքով դատարանները, գնահատելով Քաղաքացիական օրենսգրքի 197-րդ հոդվածի 1-5-րդ կետերով նախատեսված իրավական հնարավորությունները, դրանց բացակայության դեպքում ստիպված են լինում ամբողջ գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու վերաբերյալ դատական ակտ կայացնել հաշվի առնելով այն հանգամանքը, որ Քաղաքացիական օրենսգրքի 197-րդ հոդվածն այլ կարգավորում չի նախատեսում: Դիմողի կարծիքով նման կարգավորումն անտրամաբանական է, խախտում է բաժնային սեփականության մյուս համասեփականատերերի սեփականության իրավունքը, քանի որ վերջիններս հանիրավի զրկվում են իրենց սեփականությունից: Մինչդեռ գնելու նախապատվության իրավունքն իրացնելը (դրանից հրաժարվելու եղանակով) չի կարող անձի համար անբարենպաստ հետևանքներ առաջացնել, քանի որ իրավունքի իրացման տրամաբանությունն ուղղված է իրավատիրոջ կամքն ու հայեցողությունը երաշխավորելուն և ոչ թե սահմանափակելուն: Դիմողն արձանագրում է, որ առանձնացող սեփականատիրոջ իր սեփականության իրավունքն իրացնելը չի կարող գերակայել մյուս համասեփականատերերի սեփականության իրավունքի նկատմամբ, ուստի վերջինս պետք է հնարավորություն ունենա տնօրինելու բացառապես իր բաժինը այն վաճառելու, կտակելու, նվիրելու և այլ եղանակներով: Այլապես խախտվում է իր նախապատվության իրավունքն իրացրած անձի սեփականության իրավունքը:
4. Սահմանադրական դատարանը, ուսումնասիրելով խնդրո առարկա դիմումը և կից ներկայացված նյութերը, գտնում է, որ սույն անհատական դիմումով գործի քննությունը ենթակա է մերժման հետևյալ պատճառաբանությամբ. գործի դատավարական նախապատմության ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ դիմելով դատարան` Զոյա Ավանեսյանը պահանջել է գույքը հրապարակային սակարկություններով վաճառել: Հակընդդեմ հայցով դիմելով դատարան` Ամալյա Վարդանյանը պահանջել է ընդհանուր սեփականության ներքո գտնվող հողամասից բաժինն առանձնացնել: Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 11.11.2016 թվականի վճռով հայցը բավարարվել է: ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 21.04.2017 թվականի որոշմամբ Գևորգ Մարգարյանի և Ամալյա Վարդանյանի վերաքննիչ բողոքը բավարարվել է, Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 11.11.2016 թվականի վճիռը բեկանվել է և գործն ուղարկվել է նույն դատարան` ամբողջ ծավալով նոր քննության: Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ` Դատարան) 12.12.2019 թվականի վճռով սկզբնական և հակընդդեմ հայցերը բավարարվել են: Վերաքննիչ դատարանի 23.03.2020 թվականի որոշմամբ Գևորգ Մարգարյանի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 12.12.2019 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ: ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 17.06.2020 թվականի որոշմամբ Գևորգ Մարգարյանի բերած վճռաբեկ բողոքը վերադարձվել է և սահմանվել է ժամկետ` վճռաբեկ բողոքի թերությունը շտկելու և այն կրկին բերելու համար: Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Գևորգ Մարգարյանը և պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 23.03.2020 թվականի որոշումը և գործն ուղարկել նոր քննության: Վճռաբեկ դատարանը, քննելով վճռաբեկ բողոքը քննության ընդունելու հարցը, 2020 թվականի օգոստոսի 12-ի որոշմամբ արձանագրել է. «...բողոքը պետք է թողնել առանց քննության հետևյալ պատճառաբանությամբ. ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 396-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի համաձայն` վճռաբեկ բողոքը թողնվում է առանց քննության, եթե չեն վերացվել վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին որոշման մեջ նշված թերությունները, կամ բողոքը կրկին ներկայացնելու դեպքում թույլ են տրվել նոր խախտումներ: Տվյալ դեպքում ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 17.06.2020 թվականի որոշմամբ Գևորգ Մարգարյանի բերած վճռաբեկ բողոքը վերադարձվել է այն պատճառաբանությամբ, որ տվյալ դեպքում հայցով և հակընդդեմ հայցով քննության առարկա են երկու ոչ դրամական հիմնական պահանջներ, մինչդեռ վճարված է միայն 20.000 ՀՀ դրամ, և պետական տուրքի չվճարված մասի (20.000 ՀՀ դրամի) վերաբերյալ առկա չէ միջնորդություն պետական տուրքի գծով որևէ արտոնություն սահմանելու վերաբերյալ: ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 395-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն վճռաբեկ բողոքը վերադարձվում է, եթե (...) վճռաբեկ բողոքը բերվել է սահմանված ժամկետը լրանալուց հետո, և բացակայում է բաց թողնված ժամկետը վերականգնելու մասին միջնորդությունը (...): Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին որոշմամբ Վճռաբեկ դատարանը սահմանում է մինչև մեկամսյա ժամկետ` բողոքում առկա թերությունները շտկելու և վճռաբեկ բողոքը կրկին ներկայացնելու համար: Նշված նորմերի վերլուծությունից բխում է, որ սահմանված ժամկետը լրանալուց հետո վճռաբեկ բողոք բերելը, երբ բացակայում է բաց թողնված ժամկետը վերականգնելու մասին միջնորդությունը, օրենսդիրը դիտում է որպես առանձին թերություն: Գևորգ Մարգարյանը, շտկելով վերը նշված որոշմամբ արձանագրված թերությունը, կրկին ներկայացրել է վճռաբեկ բողոք` այն ներկայացնելիս թույլ տալով նոր խախտում: Այսպես` ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 17.06.2020 թվականի «Վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին» որոշմամբ Գևորգ Մարգարյանի վճռաբեկ բողոքը վերադարձվել է և սահմանվել է հնգօրյա ժամկետ որոշումն ստանալու պահից վճռաբեկ բողոքում առկա թերությունը շտկելու ու վճռաբեկ բողոքը կրկին ներկայացնելու համար: Նշված որոշումը Գևորգ Մարգարյանը ստացել է 15.07.2020 թվականին (հիմք փոստային հավաստագիր), սակայն սույն վճռաբեկ բողոքն առձեռն ներկայացրել է 29.07.2020 թվականին, այսինքն վճռաբեկ բողոքը ներկայացնելու համար վերը նշված որոշմամբ սահմանված ժամկետը լրանալուց հետո, և չի ներկայացրել միջնորդություն վճռաբեկ բողոք բերելու բաց թողնված ժամկետը վերականգնելու մասին: Այսինքն` վճռաբեկ բողոքը կրկին ներկայացնելիս թույլ է տրվել նոր խախտում: Ինչ վերաբերում է Գևորգ Մարգարյանի 20.07.2020 թվականին փոստային առաքմամբ ներկայացրած (Վճռաբեկ դատարանի գրասենյակ մուտք է եղել 22.07.2020 թվականին) դիմումին, ապա Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 395-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` վճռաբեկ բողոքը կրկին ներկայացվելու դեպքում նույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված ժամկետը հաշվարկվում է վերստին: Նշված հոդվածի բովանդակությունից պարզ է դառնում, որ վճռաբեկ բողոքը կրկին ներկայացնելու պահանջն ուղղակիորեն ենթադրում է կրկին վճռաբեկ բողոքի (այլ ոչ թե դիմումի, միջնորդության կամ այլ փաստաթղթի) ներկայացում: Այսինքն` սույն վճռաբեկ բողոքը վերադարձվելու պայմաններում արձանագրված խախտումները վերացնելու հետ մեկտեղ Վճռաբեկ դատարան կրկին պետք է ներկայացվի վճռաբեկ բողոք, որում պետք է պահպանված լինեն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 393-րդ հոդվածով նախատեսված պահանջները, իսկ բողոք բերած անձի կողմից ներկայացված դիմումին կից բացակայում է կրկին ներկայացված վճռաբեկ բողոքը: Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վճռաբեկ բողոքը պետք է թողնել առանց քննության, քանի որ բողոքը կրկին ներկայացնելիս թույլ է տրվել նոր խախտում…»: Սույն գործի շրջանակում դիմողը պատշաճորեն չի իրացրել դատական պաշտպանության իրավունքի իրականացման օրենսդրական հնարավորությունները արդյունքում չի սպառել դատական պաշտպանության միջոցները: Անհատական դիմումին ներկայացվող սահմանադրական և օրենսդրական պահանջներից է նաև դատական պաշտպանության միջոցների սպառումը: Այս պահանջն ինքնանպատակ չէ և միտված է նրան, որ անձը պետք է, պատշաճորեն իրացնելով, սպառի իր ենթադրյալ խախտված իրավունքի վերականգման համար օրենսդրությամբ նախատեսված բոլոր հնարավորությունները, ինչից հետո միայն իրավասու լինի դիմելու Սահմանադրական դատարան: Սահմանադրական դատարանում դատական պաշտպանության իրավունքն անձն իրացնում է Սահմանադրությամբ և «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքով նախատեսված կարգով ելնելով նաև Սահմանադրական դատարանում գործերի քննության և լուծման առանձնահատկություններից։ Միաժամանակ, դատական (այդ թվում սահմանադրական-դատական) պաշտպանության իրավունքը, ինչպես նաև դրա իրացման օրենքով նախատեսված ընթացակարգային կանոնները, ինքնանպատակ չեն և հայեցողաբար մեկնաբանվել չեն կարող, քանզի դրանց իրացումը ենթադրում է կոնկրետ իրավական (Սահմանադրությամբ և «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքով նախատեսված) գործընթացներ, որը պայմանավորված է դրանց մասնակից սուբյեկտների փոխադարձ իրավունքներով և պարտականություններով։ Հետևաբար դիմողը մինչև Սահմանադրական դատարան դիմելը պարտավորված է պահպանել այն պահանջները, որոնք նախատեսված են Սահմանադրությամբ և «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքով։ Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի համաձայն Սահմանադրական դատարան կարող է դիմել յուրաքանչյուր ոք կոնկրետ գործով, երբ առկա է դատարանի վերջնական ակտը, սպառվել են դատական պաշտպանության բոլոր միջոցները և վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը: Սահմանադրական նշյալ նորմի հիման վրա «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքով մանրամասնվում և կանոնակարգվում են անհատական դիմումին ներկայացվող սահմանադրական և օրենսդրական պահանջները: Դրանց սահմանումն ինքնանպատակ չէ և միտված է Սահմանադրական դատարանի կողմից սահմանադրական արդարադատություն իրականացնելու իր գործառույթի պատշաճ և արդյունավետ իրացման ապահովմանը: «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասը, հենվելով վերոնշյալ սահմանադրական նորմի վրա, սահմանում է այն հիմքերը, որոնց միաժամանակյա առկայության պարագայում ֆիզիկական կամ իրավաբանական անձը կոնկրետ գործով անհատական դիմում կարող է ներկայացնել Սահմանադրական դատարան, մասնավորապես.
ա) երբ կոնկրետ գործով առկա է դատարանի վերջնական ակտը.
բ) երբ սպառվել են ներպետական դատական պաշտպանության բոլոր միջոցները.
գ) երբ վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը: «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասում նշված որևէ հիմքի բացակայության դեպքում անհատական դիմում ներկայացրած յուրաքանչյուր ոք Սահմանադրական դատարան դիմելու համար իրավասու սուբյեկտ չէ: «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի համաձայն Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին աշխատակարգային որոշում է ընդունում նույն օրենքի 69-րդ հոդվածով նախատեսված այլ դեպքերում: «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն անհատական դիմումներով գործի քննությունը, ի լրումն նույն օրենքի 29-րդ հոդվածով նախատեսված դեպքերի, կարող է մերժվել նաև այն դեպքում, երբ դիմողը չի սպառել դատական պաշտպանության բոլոր միջոցները: Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով և 69-րդ հոդվածի 5-րդ մասով Սահմանադրական դատարանը
ՈՐՈՇԵՑ.
Գևորգ Մարգարյանի անհատական դիմումով գործի քննությունը մերժել:
Նախագահող
Դատավորներ
20 հոկտեմբերի 2020 թվականի
ՍԴԴԿՈ-54
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 20 հոկտեմբերի, 2020 թ.
- Գործի #:
- ՍԴԴԿՈ-54
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
