«ԽԱՉԻԿ ԹՈՐՈՍՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 264-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 3-ՐԴ ՄԱՍԻ, 268-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 4-ՐԴ ՄԱՍԻ ԵՎ 391-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 3-ՐԴ ՄԱՍԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՎԱՐՈՒՅԹԸ ԿԱՐՃԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԱՈ-70)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքներըԱմփոփում
Ընդ.՝ 27 հունիսի 2023թ. ՍԴԱՈ - 70 | «ԽԱՉԻԿ ԹՈՐՈՍՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 264-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 3-ՐԴ ՄԱՍԻ, 268-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 4-ՐԴ ՄԱՍԻ ԵՎ 391-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 3-ՐԴ ՄԱՍԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՎԱՐՈՒՅԹԸ ԿԱՐՃԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամբողջ Տեքստ
«ԽԱՉԻԿ ԹՈՐՈՍՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 264-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 3-ՐԴ ՄԱՍԻ, 268-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 4-ՐԴ ՄԱՍԻ ԵՎ 391-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 3-ՐԴ ՄԱՍԻ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՎԱՐՈՒՅԹԸ ԿԱՐՃԵԼՈՒ ՄԱՍԻՆ Սահմանադրական դատարանը, քննության առնելով «Խաչիկ Թորոսյանի դիմումի հիման վրա` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 264-րդ հոդվածի 3-րդ մասի, 268-րդ հոդվածի 4-րդ մասի և 391-րդ հոդվածի 3-րդ մասի Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի վարույթը կարճելու մասին առաջարկությունը, ՊԱՐԶԵՑ.
1. 2023 թվականի մարտի 15-ին Սահմանադրական դատարան է մուտքագրվել Խաչիկ Թորոսյանի (այսուհետ Դիմող) դիմումը, որով վերջինս խնդրել է. «1. Դիմումն ընդունել քննության Սահմանադրական դատարանում,
2. Որոշել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 264-րդ հոդվածի 3-րդ մասի, 268-րդ հոդվածի 4-րդ մասի և 391-րդ հոդվածի 3-րդ մասի համապատասխանությունը Սահմանադրության 27-րդ և 61-րդ հոդվածներին հաշվի առնելով Առաջին ատյանում կալանքը որպես խափանման միջոց ընտրելու հարցի քննության ժամանակ անձին տրամադրվող երաշխիքների ծավալից նահանջի անթույլատրելիությունը»:
2. Գործի դատավարական նախապատմությունը
Գործի դատավարական նախապատմությունը հանգում է հետևյալին.
2022 թվականի հուլիսի 14-ին Խ. Թորոսյանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում ՀՀ քրեական օրենսգրքի 470-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 44-470-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 457-րդ հոդվածի 2-րդ մասով: 2022 թվականի հուլիսի 15-ին ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտի քննիչը միջնորդություն է հարուցել
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան խնդրելով մեղադրյալ Խ. Թորոսյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրել կալանավորումը, ինչպես նաև սահմանափակել վերջինիս այլ անձանց հետ հաղորդակցվելու իրավունքը: 2022 թվականի հուլիսի 16-ի որոշմամբ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը նշված միջնորդությունը մասնակի բավարարել է Խ. Թորոսյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրելով կալանքը 2 ամիս ժամկետով մերժելով սահմանափակել վերջինիս այլ անձանց հետ հաղորդակցվելու իրավունքը: Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նշված որոշման դեմ 2022 թվականի հուլիսի 19-ին ներկայացվել է վերաքննիչ բողոք: 2022 թվականի հուլիսի 27-ին հատուկ վերանայման բողոքն ընդունվել է վարույթ, նշանակվել է գրավոր քննություն որոշման կայացման ժամկետ սահմանելով 2022 թվականի օգոստոսի 8-ը: 2022 թվականի հուլիսի 29-ին Խ. Թորոսյանի պաշտպանը միջնորդություն է ներկայացրել վերաքննիչ քրեական դատարան խնդրելով վարույթի քննությունն իրականացնել բանավոր կարգով, սակայն դատարանը որոշել է բողոքի քննությունն իրականացնել գրավոր կարգով որոշմամբ դատական ակտի կայացման օր սահմանելով 2022 թվականի սեպտեմբերի 22-ը: Նշված օրը վերաքննիչ քրեական դատարանը մերժել է Խ. Թորոսյանի պաշտպանի հատուկ վերանայման բողոքը անփոփոխ թողնելով Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 2022 թվականի հուլիսի 16-ի որոշումը: Վերաքննիչ քրեական դատարանի որոշման դեմ ներկայացվել է հատուկ վերանայման բողոք Վճռաբեկ դատարան: 2022 թվականի հոկտեմբերի 28-ի որոշմամբ Վճռաբեկ դատարանը մերժել է հատուկ վերանայման բողոքը վարույթ ընդունելը:
3. Դիմողի դիրքորոշումները
Ներկայացնելով թիվ ԵԴ/0738/06/22 դատական գործի դատավարական նախապատմությունը Դիմողը փաստում է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի (այսուհետ նաև Օրենսգիրք) 264-րդ հոդվածի 3-րդ մասին, 268-րդ հոդվածի 4-րդ մասին և 391-րդ հոդվածի 3-րդ մասին վերաքննիչ քրեական դատարանի կողմից տրված մեկնաբանությունը, որի արդյունքում Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի «Կալանքը որպես խափանման միջոց ընտրելու մասին» որոշումը վերանայվել է գրավոր ընթացակարգով, հնարավորություն չի տվել իրեն կանգնելու իրավասու դատարանի առջև, «(…) հանդիսացել է էական նահանջ իրավունքների այն ծավալից, որից ինքն օգտվել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում հանգեցնելով Սահմանադրության 27 և 63-րդ հոդվածներով երաշխավորված հիմնական իրավունքների խախտման»: Դիմողի պնդմամբ նման մեկնաբանության արդյունքում առկա է բովանդակային էական տարբերություն կալանքը որպես խափանման միջոց ընտրելու կառուցակարգի Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում և վերաքննիչ քրեական դատարանում քննությունների միջև, ինչն ինքնին անթույլատրելի է: Ըստ Դիմողի Օրենսգրքի կարգավորումներից բխում է, որ դատական ակտերի հատուկ վերանայման կառուցակարգի համաձայն բողոքարկված դատական ակտերի ճնշող մեծամասնության վերանայումը պետք է իրականանա գրավոր ընթացակարգով, սակայն կալանքը որպես խափանման միջոց ընտրելն այդ շարքում չէ: Մասնավորապես Դիմողը նշում է, որ «(...) խափանման միջոցի կիրառման դատական երաշխիքները սահմանող 37-րդ գլուխը նախատեսում է առանձին կարգավորում (հոդված 287), որտեղ ուղղակիորեն նախատեսում է Դատարանի կողմից կալանքը որպես խափանման միջոց ընտրելու և դրա ժամկետը երկարաձգելու վերաբերյալ միջնորդությունների քննության բանավոր ընթացակարգ»: Դիմողն ընդգծում է, որ հատուկ վերանայման կառուցակարգի շրջանակներում բողոքարկվող այլ դատական ակտերը կարող են քննության ենթակա լինել գրավոր կարգով, սակայն խափանման միջոցների համար նախատեսված է առանձին կարգավորում: Ըստ Դիմողի հաշվի առնելով, որ քննարկվող կարգավորումները զետեղված են Օրենսգրքի 37-րդ գլխում, չի կարելի պնդել նաև, որ դրանք վերաբերում են միայն առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանին: Դիմողը նշում է, որ Օրենսգրքի կարգավորումները սահմանադրական իրավունքի համատեքստում մեկնաբանելու դեպքում ստացվում է, որ այն նախատեսում է կալանքը որպես խափանման միջոց ընտրելու մասին որոշման բողոքարկման պարագայում բանավոր քննություն վերաքննիչ քրեական դատարանում: Դիմողը փաստում է, որ բանավոր կարգով քննության դեպքում մեղադրյալն ունենում է հնարավորություն կանգնելու դատարանի առջև, պատասխանելու դատարանի հարցերին, ներկայացնելու իր դիրքորոշումը, քանի որ կալանքը որպես խափանման միջոց ընտրելիս կամ առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի կողմից կայացված դատական ակտը վերանայելիս էական նշանակություն ունեն մեղադրյալի անձը բնութագրող հատկանիշները, նրա վարքագիծը և այլն: Դիմողի պնդմամբ բանավոր քննության կամ դատալսման պայմաններում անձն ունենում է այդ երաշխիքներից օգտվելու իրական հնարավորություն: Միաժամանակ, Դիմողը խնդրում է սույն անհատական դիմումով ներկայացված հիմնավորումները կիրառելի համարել և դիմումն ըստ էության քննել նաև այն պարագայում, եթե Սահմանադրական դատարանը կեզրահանգի, որ սահմանադրական երաշխիքի կենսագործման խնդիրը չի վերաբերում իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությանը, այլ առկա է օրենսդրական բաց, քանի որ Օրենսգիրքն ուղղակիորեն առանձին հոդվածի առանձին մասի առանձին կետով չի նախատեսում հստակ սահմանում առ այն, որ կալանքի դատական վերանայումը ևս պետք է իրականացվի բանավոր ընթացակարգով: 4․ Պատասխանողի դիրքորոշումները
Ազգային ժողովը (այսուհետ Պատասխանող) նշում է, որ կալանավորումը մեղադրյալի նկատմամբ կիրառվող խափանման միջոց է, որի նպատակն է քրեական գործով վարույթի ընթացքում անձի ոչ պատշաճ վարքագծի կանխումը: Ի տարբերություն ձերբակալման կալանավորումը, լինելով խափանման միջոցներից մեկը, ունի այլընտրանք և խափանման բոլոր միջոցների շարքից ընտրվում է այն ժամանակ, երբ խափանման միջոցների կիրառմամբ հետապնդվող նպատակներին հասնելուն առավելապես կարող է նպաստել խափանման միջոցի հենց այդ տեսակը: Պատասխանողը գտնում է, որ նույնիսկ գրավոր դատաքննության դեպքում օրենսդրի կողմից երաշխավորվել են անձի արդար դատաքննության և դատական արդյունավետ պաշտպանության իրավունքները, մասնավորապես անձին տրվել է իր բացատրությունները, դրանք հիմնավորող նյութերը, միջնորդությունները, ինչպես նաև բողոքի պատասխանը գրավոր կերպով դատարան ներկայացնելու հնարավորություն: Ըստ Պատասխանողի «(…) տրամաբանական է այն, որ գործի քննության բանավորությանը ներկայացվող պահանջները չեն կարող կիրառելի լինել գրավոր ընթացակարգով իրականացվող դատական վարույթի նկատմամբ, քանի որ բանավոր ընթացակարգի դեպքում առկա է գործին մասնակցող անձանց անմիջական շփում, վարքագծի ակներև դրսևորում, և նման պայմաններում կարող են լինել մի շարք գործոններ, որոնք գրավոր ընթացակարգի դեպքում դրսևորվում են վերջիններիս միայն գրավոր խոսքում (բացատրություններ, միջնորդություններ և այլն)»: Պատասխանողը պնդում է, որ անկախ գործի քննության ձևից օրենսդրի կողմից անձանց (դատավարության մասնակիցներին) տրված երաշխիքները նույնչափ արդյունավետ են և կիրառելի, հետևաբար` անձի արդար դատաքննության կամ դատական պատշաճ պաշտպանության երաշխիքների կշիռը չի կարող նվազել/աճել ըստ դատաքննության ձևի: Պատասխանողը եզրակացնում է, որ վիճարկվող դրույթների սահմաններում արդարադատությունը տեղի է ունենում իր բոլոր երաշխիքներով հանդերձ, և գործերի քննության ձևը գործի առանձնահատկությամբ պայմանավորված, չի կարող նվազ իրագործելի դարձնել անձի սահմանադրական իրավունքների արդյունավետ իրացումը, քանի որ դատական վարույթի ինչպես բանավոր, այնպես էլ գրավոր ընթացակարգի դեպքում անձն օգտվում է դատարանի առջև լսված լինելու իր իրավունքի իրացման անհրաժեշտ երաշխիքներից: Պատասխանողի համոզմամբ արդարադատություն իրականացնող մարմինների հայեցողությունը չի կարող մեկնաբանվել այնքան լայն, որ խաթարվի այլոց իրավունքների և ազատությունների, ներառյալ դրանց պաշտպանության իրավունքի էությունը, կամ անհարկի սահմանափակվի դրանց իրացումը: Դատարանը, ըստ Պատասխանողի, յուրաքանչյուր կոնկրետ քրեական գործով, ելնելով տվյալ գործի փաստական հանգամանքներից և քրեական գործին բնորոշ առանձնահատկություններից, որոշում է դատաքննության գրավոր կամ բանավոր եղանակների անհրաժեշտությունը: Պատասխանողը նշում է, որ դատարանների կողմից տրվող գնահատականները չեն կարող լինել կամայականության արդյունք, քանի որ դատարաններին ընձեռնված հայեցողությունը սահմանափակված է այլոց իրավունքների և ազատությունների խաթարման արգելքով և գործերի արդար, արդյունավետ քննության անվերապահ իրականացմամբ: Հղում կատարելով Սահմանադրական դատարանի իրավական դիրքորոշումներին Պատասխանողը նշում է․ «(…) խափանման միջոց կիրառելու վարույթին մեղադրյալի պարտադիր մասնակցության կանոնից բացառությունների կապակցությամբ օրենսդիրը, նպատակ ունենալով ապահովելու դատավարության մյուս մասնակիցների սահմանադրական իրավունքների պաշտպանությունը, նախատեսել է վարույթի իրականացման հնարավորություն մեղադրյալի բացակայության պայմաններում: Նման մոտեցումն ինքնանպատակ չէ և ուղղված է ապահովելու արդարադատության անխափան իրականացմանը, միաժամանակ, ելնելով դատավարության մասնակիցների միջև հավասարության սկզբունքից օրենսդիրը նախատեսել է այնպիսի կարգավորում, որի շնորհիվ արդեն կալանավորված մեղադրյալը իրավունք ունի միջնորդություն ներկայացնելու դատարան կալանքը վերացնելու կամ կալանքի փոխարեն այլընտրանքային խափանման միջոց կիրառելու մասին»: Հիմք ընդունելով վերոբերյալ դիրքորոշումները Պատասխանողը եզրակացնում է, որ խափանման միջոցը կիրառելու միջնորդության քննարկման ընթացակարգը չի նույնացվում արդեն իսկ կայացված դատական ակտի հատուկ վերանայման ընթացակարգի հետ, հետևաբար վարույթը բանավոր իրականացնելու պահանջն իմպերատիվ կերպով չի տարածվում հատուկ վերանայման վարույթի իրականացման վրա, ուստի բավարար հիմքերի առկայության պայմաններում գրավոր ընթացակարգով հատուկ վերանայման վարույթի իրականացումը չի վտանգում գործի արդար, բազմակողմանի և լրիվ քննության իրականացումը, հատկապես, այն պայմաններում, երբ օրենսդիրը դատարանի համար հայեցողական իրավունք է վերապահել անհրաժեշտության դեպքում (պայմանավորված կոնկրետ գործի փաստական հանգամանքներով) հատուկ վերանայման վարույթը բանավոր ընթացակարգով իրականացնել: Նման պայմաններում բացակայում է անձի լսված լինելու և/կամ արդար և մատչելի դատական պաշտպանության իրավունքների սահմանափակման և խախտման փաստը: Պատասխանողը գտնում է, որ վիճարկվող դրույթները համապատասխանում են Սահմանադրությանը:
5. Ուսումնասիրելով դիմումը և դրան կից ներկայացված փաստաթղթերը, Պատասխանողի բացատրությունները Սահմանադրական դատարանը գտնում է, որ սույն գործի վարույթը ենթակա է կարճման հետևյալ պատճառաբանությամբ. 5.1. «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի (այսուհետ նաև Օրենք) 60-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն Սահմանադրական դատարանը կարճում է գործի վարույթը գործի քննության ցանկացած փուլում, եթե բացահայտվել են Օրենքի 29-րդ հոդվածով նախատեսված` գործի քննությունը մերժելու հիմքեր: Օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետին համապատասխան Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին աշխատակարգային որոշում է ընդունում Օրենքի 69-րդ հոդվածով նախատեսված այլ դեպքերում: Օրենքի 69-րդ հոդվածի 5-րդ մասին համապատասխան անհատական դիմումով գործի քննությունը, ի լրումն Օրենքի 29-րդ հոդվածով նախատեսված դեպքերի, կարող է մերժվել նաև այն դեպքում, երբ անհատական դիմումն ակնհայտ անհիմն է: Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի համաձայն Սահմանադրական դատարան կարող է դիմել յուրաքանչյուր ոք կոնկրետ գործով, երբ առկա է դատարանի վերջնական ակտը, սպառվել են դատական պաշտպանության բոլոր միջոցները և վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը: Նշված իրավադրույթի հիման վրա Օրենքը սահմանում է անհատական դիմումին ներկայացվող սահմանադրական պահանջները: Օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված են այն հիմքերը, որոնց միաժամանակյա առկայության դեպքում ֆիզիկական կամ իրավաբանական անձը կոնկրետ գործով կարող է անհատական դիմում ներկայացնել Սահմանադրական դատարան: Այդ հիմքերն են
ա) երբ կոնկրետ գործով առկա է դատարանի վերջնական ակտը,
բ) երբ սպառվել են ներպետական դատական պաշտպանության բոլոր միջոցները,
գ) երբ դիմողը վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը։ Օրենքի 69-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` անհատական դիմումներով գործի քննությունը, ի թիվս այլնի, կարող է մերժվել նաև այն դեպքերում, երբ անհատական դիմումն ակնհայտ անհիմն է: Այս պահանջի լույսի ներքո Սահմանադրական դատարան անհատական դիմում ներկայացնելիս անձը պետք է հստակ պատկերացնի իր նկատմամբ կիրառված օրենքի նորմի բովանդակությունը և փորձի գնահատել ու նախատեսել Սահմանադրական դատարանում իր իրավունքների պաշտպանությանն ուղղված և Սահմանադրությամբ ու օրենքով թույլատրելի հետագա գործողությունները, ինչպես նաև պետք է փորձի բավարար կերպով իրավաբանորեն հիմնավորել, թե իր սահմանադրական ո՞ր իրավունքներն են խախտվել, և ի՞նչ է ակնկալում Սահմանադրական դատարանում իր դիմումի հիման վրա գործի քննության արդյունքում: Օրենքի 69-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` անհատական դիմումը պետք է հղումներ պարունակի նորմատիվ իրավական ակտի այն դրույթներին, որոնց սահմանադրականությունը վիճարկվում է, և հիմնավորումներ, որ նորմատիվ իրավական ակտի հակասությունը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը: 5.2. Սահմանադրական դատարանի գնահատմամբ դիմողի վկայակոչած հիմնական իրավունքների ենթադրյալ խախտման վերաբերյալ ներկայացված հիմնավորումներն ակնհայտ անհիմն են հետևյալ պատճառաբանությամբ. Սահմանադրական դատարանը փաստում է, որ Դիմողը վիճարկում է Օրենսգրքի 264-րդ հոդվածի 3-րդ մասի, 268-րդ հոդվածի 4-րդ մասի և 391-րդ հոդվածի 3-րդ մասի սահմանադրականությունը ըստ էության, բարձրացնելով կալանքը որպես խափանման միջոց կիրառելու կամ կալանքի ժամկետը երկարաձգելու միջնորդության քննության արդյունքով առաջին ատյանի դատարանի կայացրած որոշման օրինականության և հիմնավորվածության վերաքննիչ դատարանի կողմից հատուկ վերանայման կառուցակարգի շրջանակներում գրավոր ընթացակարգով իրականացվող վարույթի սահմանադրականության հարց: Դիմողի կողմից ներկայացված հիմնավորումները, ըստ էության, հանգում են նրան, որ առկա է անմիջական պատճառահետևանքային կապ Օրենսգրքի 264-րդ հոդվածի 3-րդ մասին, 268-րդ հոդվածի 4-րդ մասին և 391-րդ հոդվածի 3-րդ մասին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանության և իր իրավունքների խախտման միջև, քանի որ ինքը չի ունեցել վերաքննիչ քրեական դատարանի առջև կանգնելու, իր փաստարկները վերաքննիչ քրեական դատարանին բանավոր ներկայացնելու, անհրաժեշտության դեպքում հարցերին պատասխանելու հնարավորություն։ Այս առնչությամբ Սահմանադրական դատարանը փաստում է, որ Դիմողը չի ներկայացրել պատշաճ հիմնավորումներ, թե կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ առաջին ատյանի դատարանի որոշման բողոքարկման արդյունքում վերաքննիչ քրեական դատարանում հատուկ վերանայման շրջանակներում մեղադրյալի անձամբ վերաքննիչ քրեական դատարան ներկայանալու ցանկությունը չիրացնելը, այսինքն դատական վարույթը բացառապես բանավոր ընթացակարգով չիրականացնելն ինչպե՞ս է խախտում իր Սահմանադրության 27 և 61-րդ հոդվածներով երաշխավորված հիմնական իրավունքները։ Ընդ որում Դիմողի բարձրացրած հարցն առավելապես առնչվում է ոչ թե Սահմանադրության 27 և 61-րդ հոդվածներին, այլ Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հրապարակային քննության իրավունքին, մինչդեռ վերջինս իր վերլուծությունները չի կառուցել Սահմանադրության 63-րդ հոդվածին ենթադրյալ հակասության մասով, այլ առավելապես կատարել է որոշակի օրենսդրական վերլուծություն և եզրահանգել, որ վիճարկվող դրույթները հակասում են Սահմանադրության 27 և 61-րդ հոդվածներին։ Միաժամանակ, ներկայացված փաստարկները Սահմանադրության 63-րդ հոդվածի լույսի ներքո դիտարկելու դեպքում ակնհայտ է, որ Դիմողը չի ներկայացրել բավարար հիմնավորումներ հրապարակային դատաքննության իրավունքի խախտման վերաբերյալ։ Դիմողը, որպես հիմնավորում առ այն, որ իր դիմումն ակնհայտ անհիմն չէ, նշում է, որ «դիմումն ակնհայտ անհիմն կարող է դիտվել, եթե միանշանակ պարզ է, որ դիմողի որևէ իրավունք սահմանափակման չի ենթարկվել»։ Սահմանադրական դատարանը 2022 թվականի հուլիսի 12-ի ՍԴԱՈ-126 աշխատակարգային որոշմամբ արձանագրել է. «(...) անձը պետք է անհատական դիմումի շրջանակներում ուղղակիորեն մատնանշի և հիմնավորի վիճարկվող նորմատիվ իրավական ակտի կոնկրետ դրույթի և Սահմանադրության 2-րդ գլխում բովանդակվող իր հիմնական իրավունքի և/կամ ազատության ենթադրյալ հակասության անմիջական պատճառահետևանքային կապը։ Այլ կերպ ասած վիճարկվող դրույթի ենթադրյալ հակասահմանադրականությունը պետք է ուղղակիորեն հանգեցնի Սահմանադրության 2-րդ գլխով երաշխավորված որևէ հիմնական իրավունքի և/կամ ազատության խախտման/սահմանափակման: Այս առնչությամբ Սահմանադրական դատարանը հարկ է համարում շեշտադրել, որ Սահմանադրության 2-րդ գլխում բովանդակվող սահմանադրաիրավական սկզբունքներին վիճարկվող իրավանորմերի հակասությունը սահմանադրաիրավական իմաստով չի կարող անհատական գանգատարկման առարկա դառնալ, եթե վերջնարդյունքում չի հանգեցնում անձի Սահմանադրության 2-րդ գլխով նախատեսված հիմնական իրավունքի և/կամ ազատության խախտման/սահմանափակման»: Այս համատեքստում Սահմանադրական դատարանը գտնում է, որ Դիմողը պետք է բավարար կերպով հիմնավորումներ ներկայացներ առ այն, որ վերաքննիչ քրեական դատարանում հատուկ վերանայման կարգով բողոքի քննության գրավոր ընթացակարգի առկայությունն անվերապահ կերպով խախտում է իր Սահմանադրության 27, 61 և 63-րդ հոդվածով երաշխավորված հիմնական իրավունքները, մինչդեռ դիմումը նման հիմնավորումներ, ըստ էության, չի պարունակում: 5.3. Սահմանադրական դատարանը գտնում է, որ Դիմողի կողմից բավարար հիմնավորումներ չներկայացնելու վերաբերյալ եզրահանգումը պայմանավորված է նաև հետևյալով. Օրենսգրքի 264-րդ հոդվածի 3-րդ, 4-րդ և 5-րդ մասերի համաձայն
«3. Գրավոր ընթացակարգով իրականացվում են սույն օրենսգրքի 38-40-րդ գլուխներով (բացառությամբ ձերբակալման իրավաչափության վիճարկման դեպքի), ինչպես նաև 47-49-րդ գլուխներով նախատեսված վարույթները։
4. Գրավոր ընթացակարգով վարույթն իրականացվում է առանց դատական նիստ անցկացնելու: Վարույթի մասնակիցներն իրենց բացատրությունները, դրանք հիմնավորող նյութերը, միջնորդությունները, ինչպես նաև բողոքի պատասխանը ներկայացնում են գրավոր համապատասխան վարույթ հարուցելու կամ բողոքը վարույթ ընդունելու մասին որոշման մեջ նշված ժամկետում։ Գրավոր ընթացակարգով իրականացվող վարույթով դրա մասնակիցները տեղեկացվում են միայն դատական ակտի կայացման օրվա մասին:
5. Դատարանը սեփական նախաձեռնությամբ իրավասու է սույն հոդվածի 3-րդ մասում նշված վարույթներն իրականացնելու բանավոր ընթացակարգով կամ գրավոր ընթացակարգով իրականացվող վարույթն իր որոշմամբ փոխակերպելու բանավոր ընթացակարգով վարույթի, որի մասին սույն օրենսգրքով սահմանված կարգով ծանուցում է վարույթի վերաբերելի մասնակիցներին»։ Վերոգրյալից բխում է, որ Օրենսգրքի 264-րդ հոդվածի 3-րդ մասը նույն օրենսգրքի 48-րդ գլխով նախատեսված հատուկ վերանայման վարույթի համար նախատեսում է գրավոր ընթացակարգ: Միևնույն ժամանակ օրենսդիրը հատուկ վերանայման ենթակա դատական ակտերից որևէ մեկի համար բանավոր ընթացակարգով իրականացման բացառություն չի նախատեսում ի տարբերություն առաջին ատյանի դատարանում ձերբակալման իրավաչափության վիճարկման դեպքի: Այս առումով հարկ է նկատի ունենալ, որ հատուկ վերանայման բողոքի քննությունը բանավոր ընթացակարգով իրականացնելու մասով օրենսդիրը դատարաններին տվել է հայեցողություն, ինչն էլ դատարանները պետք է իրացնեն որպես չափանիշ ընդունելով, մասնավորապես, կոնկրետ գործի փաստական հանգամանքների առանձնահատկությունները, բանավոր ընթացակարգի միջոցով պարզման ենթակա հանգամանքները։ Հատուկ վերանայման վարույթի շրջանակում (բացառությամբ ձերբակալման իրավաչափության վիճարկման դեպքի) վերաքննիչ քրեական դատարանում վարույթի քննությունն իրականացվում է գրավոր, սակայն օրենսդիրը նախատեսել է վարույթը բանավոր ընթացակարգով իրականացնելու հնարավորություն: Ընդ որում նշվածը չի բացառում այն իրավիճակը, երբ վերաքննիչ քրեական դատարանը, բողոքը վարույթ ընդունելուց և վարույթի համար գրավոր ընթացակարգ սահմանելուց հետո, կոնկրետ գործի փաստական հանգամանքների առանձնահատ-կությունները, բանավոր ընթացակարգի միջոցով պարզման ենթակա հանգամանքները հաշվի առնելով, որոշում կայացնի գրավոր ընթացակարգով իրականացվող վարույթը բանավոր ընթացակարգով փոխակերպելու վերաբերյալ։ Հետևաբար Դիմողը չի հիմնավորել, թե վիճարկվող դրույթներն ինչպես են ուղղակիորեն հանգեցրել Սահմանադրության 2-րդ գլխով երաշխավորված իր հիմնական իրավունքի, ազատության խախտման, այն է վերաքննիչ դատարանում հատուկ վերանայման վարույթին առնչվող հարցերի քննությունը գրավոր ընթացակարգով իրականացնելու և Սահմանադրության 27, 61 ու 63-րդ հոդվածերով երաշխավորված հիմնական իրավունքների խախտման միջև անմիջական պատճառահետևանքային կապը: 5.4. Սահմանադրական դատարանն ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ Դիմողը բարձրացնում է ոչ միայն վիճարկվող դրույթների, այլև դրանց իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանության սահմանադրականության հարց։ Դիմողը նշում է, որ Օրենսգիրքը նախատեսում է կարգավորում առ այն, որ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու մասին որոշման դատական վերանայումը պետք է տեղի ունենա բանավոր ընթացակարգով։ Այս համատեքստում վերաքննիչ քրեական դատարանի այն դիրքորոշումը, որ հատուկ վերանայման վարույթն իրականացվում է գրավոր ընթացակարգով (որպես ընդհանուր կանոն), Դիմողը, ըստ էության, դիտարկում է որպես իրավակիրառ պրակտիկայի կողմից համապատասխան դրույթներին տրված մեկնաբանություն, որն էլ, ըստ Դիմողի, հակասում է Սահմանադրության 27 և 61-րդ հոդվածներին։ Այս առնչությամբ ևս Դիմողի փաստարկներն անհիմն են, քանի որ վերաքննիչ քրեական դատարանն առաջնորդվել է Օրենսգրքի 264-րդ հոդվածի 3-րդ մասով և 391-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված պահանջով, ըստ որի ի թիվս այլնի, Օրենսգրքի 48-րդ գլխով (հատուկ վերանայում) նախատեսված վարույթը ևս իրականացվում է գրավոր ընթացակարգով։ Այսինքն վերաքննիչ քրեական դատարանի այն մեկնաբանությունը, որ «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 264-րդ հոդվածի 3-րդ մասը 48-րդ գլխով նախատեսված հատուկ վերանայման վարույթի համար նախատեսում է գրավոր ընթացակարգ», ուղղակիորեն օրենսդրական կարգավորումների վերարտադրությունն է, ուստի Դիմողի այն պնդումը, որ Օրենսգիրքը նախատեսում է կարգավորում առ այն, որ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու մասին որոշման դատական վերանայումը պետք է տեղի ունենա բանավոր ընթացակարգով, չի բխում Օրենսգրքից։ Սահմանադրական դատարանը 2022 թվականի հունվարի 20-ի ՍԴԱՈ-14 աշխատակարգային որոշման մեջ նշել է․ «․․․ որ դիմումը հիմնավորված համարելու համար անհրաժեշտ է, որ այն միաժամանակ համապատասխանի, ի թիվս այլնի, հետևյալ պահանջներին.
- հստակ պարունակի իրավակիրառ պրակտիկայի կողմից նորմին տրված մեկնաբանությունը, այսինքն իրավակիրառի դատողության, վերլուծության, եզրահանգման այն հատվածը, որը, Դիմողի կարծիքով, հանդիսանում է վիճարկվող նորմի մեկնաբանություն,
- հիմնավոր փաստարկներ նախատեսի, որոնցով կմատնանշվի պատճառահետևանքային կապը` խախտված հիմնարար իրավունքի կամ ազատության և իրավակիրառ մեկնաբանության միջև, այսինքն պարունակի հիմնավորումներ, թե իրավակիրառի մեկնաբանությունն ինչպես է ազդել հիմնարար իրավունքի կամ ազատության վրա և ինչպես է հանգեցրել դրա ոչ իրավաչափ սահմանափակման, խաթարման կամ այլ կերպ խախտման»: Սահմանադրական դատարանի նշյալ դիրքորոշման լույսի ներքո դիտարկելով քննության առարկա դիմումը Սահմանադրական դատարանը փաստում է, որ այն չի բավարարում նշված երկու պահանջները, ուստի սույն դիմումն ակնհայտ անհիմն է։ Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով, 60-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, 69-րդ հոդվածի 5-րդ մասով Սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ. «Խաչիկ Թորոսյանի դիմումի հիման վրա` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 264-րդ հոդվածի 3-րդ մասի, 268-րդ հոդվածի 4-րդ մասի և 391-րդ հոդվածի 3-րդ մասի Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի վարույթը կարճել:
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
ՆԱԽԱԳԱՀ Ա. ԴԻԼԱՆՅԱՆ
27 հունիսի 2023 թվականի
ՍԴԱՈ-70
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 27 հունիսի, 2023 թ.
- Գործի #:
- ՍԴԱՈ-70
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
