«ՖԻՇԿՈ» ՍՊԸ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ-42)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքներըԱմփոփում
Ընդ.՝ 19 օգոստոսի 2025թ. ՍԴԴԿՈ - 42 | «ՖԻՇԿՈ» ՍՊԸ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ ՈՐՈՇՈՒՄ
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Քաղ. Երևան 19 օգոստոսի 2025 թ.
Սահմանադրական դատարանի դատական կազմը`
Նախագահությամբ՝ Ա. Վաղարշյանի
Անդամակցությամբ՝ Հ. Հովակիմյանի
Ա. Զեյնալյանի
Քննության առնելով «ՖԻՇԿՈ» ՍՊԸ անհատական դիմումի
ընդունելիության հարցը,
ՊԱՐԶԵՑ.
1. «ՖԻՇԿՈ» ՍՊԸ (այսուհետ՝ Դիմող, ներկայացուցիչներ՝ փաստաբաններ Միքայել Դանիելյան, Վարդան Վարդանյան) դիմումը Սահմանադրական դատարան է մուտքագրվել 2025 թվականի օգոստոսի 4-ին:
Դիմողը Սահմանադրական դատարան ներկայացրած իր դիմումում խնդրել է.
«(...) Որոշել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 361-րդ հոդվածի 1-ին մասի և 170-րդ հոդվածի համապատասխանությունը ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասին, 63-րդ հոդվածի 1-ին մասին, ինչպես նաև 78-րդ և 80-րդ հոդվածներին»:
2. Դիմողը, ներկայացնելով թիվ ԵԴ2/8687/02/24 քաղաքացիական գործի դատավարական նախապատմությունը, նշում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության շրջանակներում հայցի առարկայի փոփոխությունը թույլատրելու վերաբերյալ միջնորդությունը՝ պետական տուրքի վճարման արտոնություն սահմանելու վերաբերյալ միջնորդությունը մերժելու հիմքով չքննարկելու մասին միջանկյալ դատական ակտի՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 170-րդ հոդվածի և 361-րդ հոդվածի 1-ին մասով անմիջական բողոքարկման ենթակա չլինելն առաջնահերթ հանգեցնում է դատարան դիմած անձի բողոքարկման իրավունքի արդյունավետ իրացման խաթարմանը:
Դիմողը գտնում է, որ դատավարության կոնկրետ փուլում հայցվորին հայցի առարկայի փոփոխությունը թույլատրելու մասին միջնորդություն ներկայացնելու հնարավորությամբ չապահովելը՝ անմիջական բողոքարկման իրավունքի չնախատեսման եղանակով, հակասում է Սահմանադրության 61 և 63-րդ հոդվածներին՝ խախտելով դրանցով երաշխավորված հիմնական իրավունքները, «քանզի արգելակում է հայցվորի կողմից իր հայցի հիմքն ու առարկան ինքնուրույնաբար որոշելու, իսկ դրա խոչընդոտներն անմիջական բողոքարկման եղանակով հաղթահարելու իրավունքն ու փաստացի հնարավորությունը»:
Դիմողի պնդմամբ՝ ակնհայտորեն իմաստազուրկ է պետական տուրքի վճարման արտոնություն սահմանելու միջնորդությունը մերժելու և դրանով պայմանավորված՝ հայցի հիմքի և/կամ առարկայի փոփոխությունը թույլատրելու մասին միջնորդությունը չքննարկելու մասին դատական ակտը «հետաձգված բողոքարկման» շրջանակներում վիճարկելը, քանի որ հայցվորի կողմից հայցի հիմքի և/կամ առարկայի վերջնական ձևակերպման ու դատարանի կողմից այդ հարցի պարզման կարևորությունն այն աստիճանի մեծ է, որ դրա պարզումը պետք է իրականացվի սկզբնապես, և հետո նոր միայն շարունակվի գործի քննությունը:
Մասնավորապես, ըստ Դիմողի՝ նման մոտեցումից տարբերվող մոտեցումը ոչ միայն խախտում է անձանց արդյունավետ դատական պաշտպանության իրավունքը, այլ նաև խախտում է արդար դատաքննության իրավունքի տարր հանդիսացող՝ ողջամիտ ժամկետում գործերի քննության իրավունքը, քանի որ կարող է ստացվել այնպիսի իրավիճակ, որ դատարանի կողմից հայցի հիմքի և/կամ առարկայի փոփոխությունը պետական տուրքի վճարման արտոնության կիրառումը մերժելու հիմքով կարող է չթույլատրվել, որից հետո գործը կարող է քննվել տարիներով, իսկ հետո ինչ-որ փուլում պարզվել, որ դատական ակտն իրավաչափ չէ, և դատարանի կողմից քննվել է այնպիսի հիմքերով ու առարկայով հայց, որը չպետք է քննվեր, այլ պետք է փոփոխվեր ու քննվեր փոփոխված հիմքերով ու առարկայով:
Ըստ Դիմողի՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով կարող էր սահմանվել հայցի հիմքի և/կամ առարկայի փոփոխությունը թույլատրելու վերաբերյալ միջնորդությունը չքննարկելու մասին որոշումը, ներառյալ՝ պետական տուրքի վճարման արտոնության կիրառումը մերժելու մասով, անմիջականորեն բողոքարկելու հնարավորություն, որի արդյունքում՝ սույն իրավիճակը դուրս կբերվեր անձի արդար դատաքննության և արդյունավետ դատական պաշտպանության սահմանադրական իրավունքների շրջանակից:
Ամփոփելով՝ Դիմողը եզրահանգում է, որ հայցի առարկայի փոփոխությունը թույլատրելու վերաբերյալ միջնորդության կապակցությամբ կայացված որոշումը, այդ թվում՝ պետական տուրքի վճարման արտոնության կիրառումը մերժելու մասով, պետք է ենթակա լիներ բողոքարկման անմիջական կարգով՝ հավելելով, որ վիճարկվող դրույթները, որոնք պետք է սահմանեին, սակայն չեն սահմանում վերոհիշյալ դատական ակտի անմիջական բողոքարկման իրավունք և հնարավորություն, հակասում են Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասին, 63-րդ հոդվածի 1-ին մասին, ինչպես նաև 78 և 80-րդ հոդվածներին:
Միաժամանակ, Դիմողը սույն անհատական դիմումին կից փաստաթղթերում ներկայացրել է պետական տուրքի վճարման նկատմամբ արտոնություն սահմանելու միջնորդություն: Դիմողը միջնորդել է իրեն ազատել պետական տուրքի վճարումից՝ այն հանգամանքի հաշվառմամբ, որ վերջինս սնանկ ճանաչվելու հիմքով իր նկատմամբ կիրառված սահմանափակումների արդյունքում զրկվել է իր գույքի և դրամական միջոցների տնօրինման, ինչպես նաև պետական տուրքի վճարման հնարավորությունից, ուստի՝ անկարող է վճարել ներկայացված դիմումի համար օրենքով սահմանված պետական տուրքի գումարը:
3. Ուսումնասիրելով սույն անհատական դիմումը և կից ներկայացված փաստաթղթերը, ինչպես նաև ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի (այսուհետ նաև՝ Սահմանադրական օրենք) 29 և 69-րդ հոդվածների պահանջներով՝ Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ սույն անհատական դիմումով գործի քննությունը ենթակա է մերժման՝ հետևյալ հիմքով և պատճառաբանությամբ.
Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի համաձայն՝ Սահմանադրական դատարան կարող է դիմել յուրաքանչյուր ոք՝ կոնկրետ գործով, երբ առկա է դատարանի վերջնական ակտը, սպառվել են դատական պաշտպանության բոլոր միջոցները, և վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման՝ հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը:
Սահմանադրական վերոհիշյալ նորմն իր ամրագրումն է ստացել նաև Սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասում, որը սահմանում է այն հիմքերը, որոնց միաժամանակյա առկայության պարագայում ֆիզիկական կամ իրավաբանական անձը կոնկրետ գործով կարող է անհատական դիմում ներկայացնել Սահմանադրական դատարան։ Դրանք են՝
ա) երբ կոնկրետ գործով առկա է դատարանի վերջնական ակտը,
բ) երբ սպառվել են ներպետական դատական պաշտպանության բոլոր միջոցները,
գ) երբ վիճարկվում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման՝ հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը:
Սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի համաձայն՝ Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին աշխատակարգային որոշում է ընդունում նույն օրենքի 69-րդ հոդվածով նախատեսված այլ դեպքերում:
Սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` անհատական դիմումը պետք է հղումներ պարունակի նորմատիվ իրավական ակտի այն դրույթներին, որոնց սահմանադրականությունը վիճարկվում է, և հիմնավորումներ, որ նորմատիվ իրավական ակտի հակասությունը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման` հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը:
Նույն օրենքի 69-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` անհատական դիմումներով գործի քննությունը, ի թիվս այլնի, կարող է մերժվել նաև այն դեպքերում, երբ անհատական դիմումն ակնհայտ անհիմն է:
Սահմանադրական դատարանը 2009 թվականի մարտի 17-ի ՍԴԱՈ-21 աշխատակարգային որոշմամբ արձանագրել է. «(…) անհատական դիմումների քննությունը կարող է մերժվել նաև այն դեպքերում, երբ անհատական դիմումն ակնհայտ անհիմն է:
(…) անհատական դիմումն ակնհայտ անհիմն է, երբ, թեև դրանում բարձրացված հարցը ենթակա է սահմանադրական դատարանի քննությանը, այնուամենայնիվ, դիմումում չեն բերվում բավարար իրավական փաստարկներ այն հիմնավորելու համար»:
Սահմանադրական դատարանը վերոնշյալ աշխատակարգային որոշմամբ նաև արձանագրել է, որ «(…) դիմողը պետք է փորձի բավարար կերպով իրավաբանորեն հիմնավորել, թե իր սահմանադրական որ իրավունքներն են խախտվել և ինչ անմիջական պատճառահետևանքային կապ է առկա վիճարկվող օրինադրույթի և իր իրավունքների խախտման փաստի միջև: Նշված պահանջին համապատասխան՝ դիմողը պետք է նաև դիմումում առաջադրված հարցի հիմքում ներկայացնի իրավաբանորեն փաստված հանգամանքներ և նյութեր (…)»։
Միաժամանակ, 2009 թվականի նոյեմբերի 24-ի ՍԴՈ-839 որոշմամբ Սահմանադրական դատարանն իրավական դիրքորոշում է արտահայտել առ այն, որ եթե դիմողը չի հիմնավորում վիճարկվող դրույթի և իր իրավունքների ենթադրյալ խախտման փաստի միջև պատճառահետևանքային կապը, ապա տվյալ դիմումն ակնհայտ անհիմն է։
Սահմանադրական դատարանի դատական կազմն ընդգծում է, որ Սահմանադրական դատարան ներկայացվող անհատական դիմումների հիմնավորված լինելու պահանջը, համաձայն որի՝ դիմողը պետք է հիմնավորի, թե իր սահմանադրական ո՞ր իրավունքն է խախտվել, և ի՞նչ անմիջական պատճառահետևանքային կապ է առկա վիճարկվող օրինադրույթի և իր իրավունքի խախտման փաստի միջև, չի կարող պահպանված համարվել բոլոր այն դեպքերում, երբ դիմողը պարզապես հղում է կատարում Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված որևէ հիմնական իրավունքի և/կամ ազատության՝ առանց ներկայացնելու վիճարկվող օրինադրույթի և համապատասխան հիմնական իրավունքի և/կամ ազատության ենթադրյալ խախտման փաստի միջև պատճառահետևանքային կապի առկայության բավարար հիմնավորումներ:
Այսպես՝ Դիմողի կողմից բարձրացված՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 170-րդ հոդվածի, ինչպես նաև 361-րդ հոդվածի 1-ին մասի (դրանում առկա ենթադրյալ օրենսդրական բացի) սահմանադրականության հարցի կապակցությամբ հարկ է արձանագրել հետևյալը, որ ի սկզբանե օրենսդիրը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 361-րդ հոդվածի 1-ին մասով հստակ սահմանել է առաջին ատյանի դատարանի կողմից կայացվող այն որոշումների ցանկը, որոնք ենթակա են բողոքարկման վերաքննության կարգով: Եվ այս առումով հարկ է նաև վկայակոչել Սահմանադրական դատարանի կողմից 2010 թվականի նոյեմբերի 2-ին կայացված ՍԴՈ-922 որոշումը, որով արձանագրվել է հետևյալը.
«(…) օրենսդիրը տարբերակում է միջանկյալ դատական ակտերի բողոքարկման երկու հիմնական կարգ, այն է՝ բողոքարկում գործն ըստ էության լուծող դատական ակտի բողոքարկման շրջանակներում՝ «հետաձգված բողոքարկում», և միջանկյալ դատական ակտի անմիջական բողոքարկում։ Եթե վարույթի հետագա ընթացքը կասեցնող միջանկյալ դատական ակտի դեմ իրավական պաշտպանության միակ հնարավոր միջոցը դրա անմիջական բողոքարկումն է և ըստ այդմ օրենսդրից պահանջվում է նախատեսել տվյալ ակտի անմիջական բողոքարկման կարգ, ապա չկասեցված և շարունակվող վարույթի ընթացքում ընդունված միջանկյալ դատական ակտի բողոքարկման նշված երկու կարգերի միջև ընտրությունն օրենսդրի հայեցողության շրջանակում է»:
Վերոշարադրյալից պարզ է դառնում, որ միջանկյալ դատական ակտերի վերաքննության կարգով բողոքարկման հետ կապված օրենսդրի կամքը հստակ է, և վերջինս քաղաքացիական դատավարության շրջանակներում ամբողջությամբ կանոնակարգել է գործն ըստ էության չլուծող այն դատական ակտերի ցանկը, որոնք ենթակա են անմիջական բողոքարկման:
Անդրադառնալով Դիմողի կողմից բարձրացվող՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 361-րդ հոդվածի 1-ին մասում առկա ենթադրյալ օրենսդրական բացի սահմանադրականության հարցին՝ Սահմանադրական դատարանի դատական կազմն հարկ է համարում ևս մեկ անգամ արձանագրել, որ միջանկյալ դատական ակտերի բողոքարկման կարգի ընտրությունն օրենսդրի հայեցողության շրջանակում է, հետևաբար՝ հիմնավորված չէ Դիմողի կողմից իր իրավունքների ենթադրյալ խախտումները վիճարկվող դրույթում առկա ենթադրյալ օրենսդրական բացով պայմանավորելը:
Անդրադառնալով Դիմողի այն պնդմանը, որ վերջինիս համապատասխան իրավունքի խախտումը հետևանք է խնդրո առարկա՝ թիվ ԵԴ2/8687/02/24 քաղաքացիական գործով ՀՀ դատարանների կողմից պետական տուրքի վճարումից ազատելու միջնորդության մերժմամբ պայմանավորված՝ հայցի առարկայի փոփոխությունը թույլատրելու վերաբերյալ միջնորդության չքննարկման, հարկ է նշել վերոհիշյալ գործով 2025 թվականի մայիսի 20-ին Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի կողմից կայացված՝ «Հայցի առարկայի փոփոխությունը թույլատրելու վերաբերյալ միջնորդությունը քննության առնելու մասին» որոշման առանցքում դրված հետևյալ հիմնավորումը.
«Սույն գործի շրջանակներում Հայցվորը «ՖԻՇԿՈ» ՍՊ ընկերությունն է, հայցի առարկայի փոփոխությունը թույլատրելու մասին միջնորդությունը ներկայացրել է ոչ թե կազմակերպության սնանկության գործով կառավարիչը, այլ «ՖԻՇԿՈ» ՍՊ ընկերության կողմից անմիջականորեն լիազորված անձը:
Հետևաբար ելնելով վերոգրյալից՝ Դատարանը գտնում է, որ առկա չէ պետական տուրքի վճարումից ազատելու հիմք:
Անդրադառնալով պետական տուրքի վճարումը հետաձգելու վերաբերյալ ներկայացված միջնորդությանը՝ Դատարանն արձանագրում է հետևյալ.
(...)
(...) Հայցվորը՝ որպես պետական տուրքի գծով արտոնություն ստանալու հիմք վկայակոչում է սնանկ ճանաչվելուց հետո իր գույքն ու դրամական միջոցները տնօրինելու հնարավորության սահմանափակումը՝ միաժամանակ չհիմնավորելով Հայցվոր ընկերության գույքային դրությունը»:
Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ Դիմողը բավարար կերպով իրավաբանորեն չի հիմնավորել իր՝ Սահմանադրության 61 և 63-րդ հոդվածներով երաշխավորված՝ համապատասխանաբար արդյունավետ դատական պաշտպանության և արդար դատաքննության հիմնական իրավունքների խախտման փաստը, հետևաբար և՝ համապատասխան հիմնական իրավունքների ենթադրյալ խախտման փաստի և վիճարկվող դրույթների՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 170-րդ հոդվածի և 361-րդ հոդվածի 1-ին մասի (դրանում առկա ենթադրյալ օրենսդրական բացի) միջև պատճառահետևանքային կապի անմիջական առկայությունը:
Քննարկվող համատեքստում կարևոր է փաստել, որ անհատական դիմումի շրջանակներում նորմատիվ իրավական ակտի դրույթի, իրավակիրառ պրակտիկայում դրան տրված մեկնաբանության կամ դրանում առկա ենթադրյալ օրենսդրական բացի սահմանադրականությունը վիճարկելու պարագայում անհրաժեշտ է բավարար կերպով իրավաբանորեն հիմնավորել, որ վիճարկվող դրույթը (իրավակիրառ պրակտիկայում դրան տրված մեկնաբանությունը, դրանում առկա ենթադրյալ օրենսդրական բացը) հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված առնվազն որևէ հիմնական իրավունքի և/կամ ազատության խախտման, ինչը սույն պարագայում տեղի չի ունեցել:
Փոխարենը՝ Դիմողը սահմանափակվել է իր՝ Սահմանադրության 61 և 63-րդ հոդվածներով երաշխավորված հիմնական իրավունքների խախտման վերաբերյալ պնդումների պարզապես վկայակոչմամբ՝ բավարար կերպով իրավաբանորեն չհիմնավորելով իր կողմից վիճարկվող դրույթների՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 170-րդ հոդվածի, ինչպես նաև 361-րդ հոդվածի 1-ին մասի (դրանում առկա ենթադրյալ օրենսդրական բացի) և նման խախտման ընդհանրությունը, դրանց միջև անմիջական պատճառահետևանքային կապի առկայությունը՝ սույն կոնկրետ գործի հանգամանքների և առանձնահատկությունների հաշվառմամբ:
Դիմողի կողմից ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 170-րդ հոդվածի, ինչպես նաև 361-րդ հոդվածի 1-ին մասի (դրանում առկա ենթադրյալ օրենսդրական բացի)՝ իր որևէ հիմնական իրավունքի և/կամ ազատության խախտման հանգեցնելը չհիմնավորելը բացառում է դրանց սահմանադրականության հարցի քննարկումը Սահմանադրության նաև 78 և 80-րդ հոդվածների հնարավոր խախտման համատեքստում, քանի որ կոնկրետ վերահսկողության պարագայում դրանք ինքնին չեն կարող դառնալ առանձին քննարկման առարկա, այլ կարող են դիտարկվել միայն որևէ հիմնական իրավունքի և/կամ ազատության սահմանափակման լույսի ներքո: Հետևաբար՝ սույն անհատական դիմումն ակնհայտ անհիմն է, ինչը գործի քննությունը մերժելու հիմք է:
Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով, ինչպես նաև 69-րդ հոդվածի 5-րդ մասով՝ Սահմանադրական դատարանի դատական կազմը
ՈՐՈՇԵՑ.
1. Բավարարել «ՖԻՇԿՈ» ՍՊԸ-ի` սույն գործով պետական տուրքի վճարումից ազատելու մասին միջնորդությունը:
2. «ՖԻՇԿՈ» ՍՊԸ անհատական դիմումով գործի քննությունը մերժել:
Նախագահող՝ Ա. Վաղարշյան
Անդամներ՝ Հ. Հովակիմյան
Ա. Զեյնալյան
19 օգոստոսի 2025 թվականի
ՍԴԴԿՈ-42
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 19 օգոստոսի, 2025 թ.
- Գործի #:
- ՍԴԴԿՈ-42
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
