«ԱԼԵՔՍԱՆԴՐ ՍԱՀԱԿՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 18-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ԵՎ 2-ՐԴ ՄԱՍԵՐԻ, 116-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ, 2-ՐԴ ԵՎ 3-ՐԴ ՄԱՍԵՐԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ 118-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 4-ՐԴ ՄԱՍԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԱՈ-194)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքներըԱմփոփում
Ընդ.՝ 17 դեկտեմբերի 2024թ. ՍԴԱՈ - 194 | «ԱԼԵՔՍԱՆԴՐ ՍԱՀԱԿՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 18-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ԵՎ 2-ՐԴ ՄԱՍԵՐԻ, 116-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ, 2-ՐԴ ԵՎ 3-ՐԴ ՄԱՍԵՐԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ 118-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 4-ՐԴ ՄԱՍԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամբողջ Տեքստ
«ԱԼԵՔՍԱՆԴՐ ՍԱՀԱԿՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 18-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ԵՎ 2-ՐԴ ՄԱՍԵՐԻ, 116-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ, 2-ՐԴ ԵՎ 3-ՐԴ ՄԱՍԵՐԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ 118-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 4-ՐԴ ՄԱՍԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Սահմանադրական դատարանը, քննության առնելով «Ալեքսանդր Սահակյանի դիմումի հիման վրա՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 18-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի, 116-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 3-րդ մասերի, ինչպես նաև 118-րդ հոդվածի 4-րդ մասի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի քննությունը մերժելու մասին առաջարկությունը, ՊԱՐԶԵՑ.
1. 2024 թվականի նոյեմբերի 26-ին Սահմանադրական դատարան է մուտքագրվել Ալեքսանդր Սահակյանի (այսուհետ՝ Դիմող, ներկայացուցիչ՝ փաստաբան Առնոլդ Վարդանյան) դիմումը, որով Դիմողը խնդրել է.
«(...) ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 116-րդ հոդվածի 1-ին մասն ու իրավակիրառ պրակտիկայում դրան տրված մեկնաբանությունը ճանաչել հակասող և անվավեր ՀՀ Սահմանադրության 27-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով նախատեսված՝ անձին ազատությունից զրկելու «հանցանք կատարած լինելու հիմնավոր կասկածի» պայմանին, ՀՀ Սահմանադրության 61-րդ, 72-րդ, 80-րդ և 81-րդ հոդվածներով սահմանված պահանջներին, այնքանով որքանով որ, ի հակադրումն Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իրավական դիրքորոշումների և միջազգային առաջադեմ չափորոշիչների, ի թիվս այլնի, 2022 թվականի հուլիսի 1-ից հետո՝ 2024 թվականի մարտի 15-ի դրությամբ, ծանր վիրավորանքի հոդվածով դեռևս շարունակվում է հաստատվել հանցանքի կատարման հիմնավոր կասկածը և որպես խափանման միջոց կիրառվում կալանավորումն այն դեպքում, երբ նշված հանցանքը 2022 թվականի հուլիսի 1-ից ուժի մեջ մտած ՀՀ քրեական նոր օրենսգրքով ապաքրեականացվել է:
(...) ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 18-րդ հոդվածի 1-ից 2-րդ մասերը, 116-րդ հոդվածի 1-ից 3-րդ մասերը, 118-րդ հոդվածի 4-րդ մասն ու իրավակիրառ պրակտիկայում դրանց տրված մեկնաբանությունը ճանաչել հակասող և անվավեր ՀՀ Սահմանադրության 27-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, 2-րդ և 5-րդ մասերով նախատեսված ազատության իրավունքի երաշխիքներին, ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածով երաշխավորված արդյունավետ դատական պաշտպանության իրավունքին, ՀՀ Սահմանադրության 80-րդ և 81-րդ հոդվածներով սահմանված պահանջներին, այնքանով որքանով որ, ի հակադրումն Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ այդ թվում ընդդեմ Հայաստանի կայացված վճիռների, կալանավորումը որպես խափանման միջոց կիրառվում է կարծրատիպային և վերացական դատողություններով, առանց անհատականացված ձևով հիմնավոր կասկածի առկայության ստուգման, առանց կալանավորման հիմքում դրվող տվյալների օբյեկտիվության վերլուծման, առանց անձը բնութագրող տվյալների գնահատման»:
2. Ներկայացնելով համապատասխան գործի դատավարական նախապատմությունը և անդրադառնալով վիճարկվող՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 116-րդ հոդվածի 1-ին մասին՝ Դիմողը նշում է, որ վերոգրյալ գործով ՀՀ դատարաններն ուղղակիորեն անտեսել են այն հանգամանքը, որ 2022 թվականի հուլիսի 1-ին ուժի մեջ մտած ՀՀ քրեական նոր օրենսգրքով ծանր վիրավորանքն ապաքրեականացվել է և այլևս հանցագործություն չի համարվում, ուստի` 2024 թվականի մարտի 15-ի դրությամբ տվյալ հանցանքի կատարման հիմնավոր կասկած հաստատվել չէր կարող: Արդյունքում՝ Դիմողի պնդմամբ՝ ՀՀ դատարանների կողմից ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 116-րդ հոդվածի 1-ին մասը և իրավակիրառ պրակտիկայում դրան տրված մեկնաբանությունն առ այն, որ իր նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու հիմքում դրվել է 2022 թվականի հուլիսի 1-ին ուժի մեջ մտած ՀՀ քրեական նոր օրենսգրքով ապաքրեականացված հանցանքի՝ ծանր վիրավորանքի կատարման հիմնավոր կասկածի հաստատումը, հանգեցրել է իր՝ Սահմանադրության 27-րդ հոդվածով և Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածով երաշխավորված՝ ազատության իրավունքի խախտման: Հավելելով՝ Դիմողը նշում է, որ տվյալ դեպքում խախտվել են նաև Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասով և 72-րդ հոդվածով երաշխավորված՝ համապատասխանաբար արդյունավետ դատական պաշտպանության իրավունքը և հանցագործություններ սահմանելիս և պատիժներ նշանակելիս օրինականության սկզբունքը, ինչպես նաև Սահմանադրության 80-րդ հոդվածով ամրագրված՝ ազատության իրավունքի անխախտելիությունը և 81-րդ հոդվածի ուժով՝ ազատության իրավունքի կապակցությամբ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից ձևավորված իրավակիրառ պրակտիկան, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության դեմ կայացված վճիռներով:
Արդյունքում՝ Դիմողը եզրահանգում է, որ վիճարկվող՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 116-րդ հոդվածի 1-ին մասը և իրավակիրառ պրակտիկայում դրան տրված մեկնաբանությունը չեն համապատասխանում Սահմանադրության 27-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով նախատեսված՝ անձնական ազատությունից զրկելու «հանցանք կատարած լինելու հիմնավոր կասկածի» պայմանին, Սահմանադրության 61, 72, 80 և 81-րդ հոդվածներով սահմանված պահանջներին այնքանով, որքանով, ի հակադրումն Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իրավական դիրքորոշումների և միջազգային առաջադեմ չափորոշիչների, 2022 թվականի հուլիսի 1-ից հետո՝ 2024 թվականի մարտի 15-ի դրությամբ, ի թիվս այլնի, ծանր վիրավորանքի հոդվածով դեռևս շարունակվում է հաստատվել հանցանքի կատարման հիմնավոր կասկածը և որպես խափանման միջոց կիրառվում կալանավորումն այն դեպքում, երբ նշված հանցանքը 2022 թվականի հուլիսի 1-ին ուժի մեջ մտած ՀՀ քրեական նոր օրենսգրքով ապաքրեականացվել է:
Անդրադառնալով վիճարկվող՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 18-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերին, 116-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 3-րդ մասերին, ինչպես նաև 118-րդ հոդվածի 4-րդ մասին՝ Դիմողը գտնում է, որ, ելնելով անձի ազատության իրավունքի սահմանադրաիրավական բովանդակությունից, բոլոր այն դեպքերում, երբ անձին մեղսագրվում է ենթադրյալ մի քանի հանցանքների կատարում, ՀՀ դատարանները պետք է անհատական (առանձին) քննարկման առարկա դարձնեն հանցանքներից յուրաքանչյուրը կատարած լինելու հիմնավոր կասկածի առկայության փաստը՝ հիմնավորելով, թե կոնկրետ ո՞ր նյութերով է հաստատվել մեղսագրվող արարքներից յուրաքանչյուրի կատարման հիմնավոր կասկածը: Հակառակ պարագայում, ըստ Դիմողի, սահմանափակվում է Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասով երաշխավորված՝ դատական պաշտպանության հիմնական իրավունքը, առարկայազրկվում է Սահմանադրության 27-րդ հոդվածի 5-րդ մասով երաշխավորված՝ ազատությունից զրկելու իրավաչափությունը վիճարկելու հնարավորությունը, քանի որ անհասկանալի է դառնում, թե կոնկրետ ո՞ր նյութերով է հիմնավորվել կոնկրետ հանցանքի կատարման հիմնավոր կասկածը, և անձը հնարավորություն չի ունենում պաշտպանվելու իրեն ընդհանրական դատողություններով մեղսագրվող արարքների «ընդհանուր զամբյուղից»:
Դիմողը պնդում է, որ այն մոտեցումը, երբ ՀՀ դատարանները խուսափում են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 116-րդ հոդվածի 3-րդ մասի շրջանակներում քննարկման առարկա դարձնել իր կողմից սույն անհատական դիմումի շրջանակներում մատնանշված հանգամանքները, խաթարում է Սահմանադրության 27-րդ հոդվածով երաշխավորված՝ անձնական ազատության հիմնական իրավունքի սահմանադրաիրավական բովանդակությունը և Սահմանադրության 61-րդ հոդվածով երաշխավորված՝ ազատությունից զրկելու կապակցությամբ արդյունավետ դատական պաշտպանություն հայցելու անձի հիմնարար իրավունքը, հակասում դրանք անվերապահորեն հաշվի առնելու անհրաժեշտության մասին մշտապես ընդգծող՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իրավական դիրքորոշումներին:
Արդյունքում՝ Դիմողը եզրահանգում է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 18-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերը, 116-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 3-րդ մասերը, ինչպես նաև 118-րդ հոդվածի 4-րդ մասը և իրավակիրառ պրակտիկայում դրանց տրված մեկնաբանությունը չեն համապատասխանում Սահմանադրության 27-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, 2-րդ և 5-րդ մասերով սահմանված ազատության իրավունքի երաշխիքներին, Սահմանադրության 61-րդ հոդվածով երաշխավորված՝ արդյունավետ դատական պաշտպանության իրավունքին, ինչպես նաև Սահմանադրության 80-րդ և 81-րդ հոդվածների պահանջներին այնքանով, որքանով, ի հակադրումն Մարդու իրավունքների եվրոպական դատարանի, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության դեմ կայացված վճիռների, կալանավորումը որպես խափանման միջոց կիրառվում է կարծրատիպային և վերացական դատողություններով՝ առանց անհատականացված ձևով հիմնավոր կասկածի առկայության ստուգման, կալանավորման հիմքում դրվող տվյալների օբյեկտիվության վերլուծման և անձը բնութագրող տվյալների գնահատման:
Միաժամանակ Դիմողն իր անհատական դիմումին կից ներկայացրել է գործի քննության հրապարակայնությունը սահմանափակելու վերաբերյալ միջնորդություն:
3. Ելնելով դիմումի և կից փաստաթղթերի ուսումնասիրությունից, ինչպես նաև ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի (այսուհետ՝ Սահմանադրական օրենք) 29 և 69-րդ հոդվածներով՝ Սահմանադրական դատարանը գտնում է, որ սույն անհատական դիմումով գործի քննությունը ենթակա է մերժման՝ ներքոնշյալ հիմքով և պատճառաբանությամբ.
Սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին աշխատակարգային որոշում է ընդունում, եթե դիմումում առաջադրված հարցերը ենթակա չեն Սահմանադրական դատարանին:
Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի համաձայն՝ Սահմանադրական դատարան կարող է դիմել յուրաքանչյուր ոք՝ կոնկրետ գործով, երբ առկա է դատարանի վերջնական ակտը, սպառվել են դատական պաշտպանության բոլոր միջոցները և վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման՝ հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը։
Սահմանադրական դատարանը 2009 թվականի մարտի 17-ի ՍԴԱՈ-21 աշխատակարգային որոշմամբ արձանագրել է, որ «(…) բոլոր այն դեպքերում, երբ դիմողը, ձևականորեն վիճարկելով օրենքի դրույթի սահմանադրականության հարց, ըստ էության բարձրացնում է այդ դրույթի կիրառման իրավաչափության հարց կամ հետապնդում է այլ նպատակներ, ապա այդպիսի դիմումները ենթակա են մերժման` (…) որպես սահմանադրական դատարանի քննության ենթակա հարց չառաջադրող դիմումներ»:
Այս առումով հարկ է փաստել, որ սահմանադրական կոնկրետ վերահսկողության առարկա կարող են դառնալ այնպիսի վեճեր, որոնց հիմքում դրված են ոչ թե կոնկրետ գործի փաստական և (կամ) իրավական հանգամանքների գնահատման, վիճարկվող իրավական նորմի տվյալ գործով կիրառման կամ չկիրառման, այլ նորմատիվ իրավական ակտի վիճարկվող դրույթի (դրույթների) սահմանադրականության գնահատման հարցեր:
Այսինքն՝ Սահմանադրական դատարանում քննության առարկա կարող է լինել բացառապես նորմատիվ ակտի, համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանության և (կամ) դրանում առկա ենթադրյալ օրենսդրական բացի սահմանադրականության գնահատումը:
Քննարկվող համատեքստում հաշվի առնելով Դիմողի ներկայացրած դիրքորոշումները և հիմնավորումները՝ Սահմանադրական դատարանը գտնում է, որ վերջինիս կողմից բարձրացվել են այնպիսի հարցեր, որոնք ենթակա չեն Սահմանադրական դատարանի քննությանը: Գործի նյութերի ուսումնասիրությունը վկայում է, որ սույն անհատական դիմումով Դիմողը, ձևականորեն վիճարկելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 18-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի, 116-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 3-րդ մասերի, ինչպես նաև 118-րդ հոդվածի 4-րդ մասի (իրավակիրառ պրակտիկայում դրանց տրված մեկնաբանության) սահմանադրականությունը, ըստ էության, բարձրացնում է տվյալ դրույթների կիրառման իրավաչափության հարց:
Այսպես, Դիմողն իր անհատական դիմումով ներկայացրել է դիրքորոշում առ այն, որ «(...) սույն գործով դատարաններն ուղղակիորեն անտեսել են այն հանգամանքը, որ 2022 թվականի հուլիսի 1-ից ուժի մեջ մտած ՀՀ քրեական նոր օրենսգրքով ծանր վիրավորանքն ապաքրեականացվել է և այլևս հանցագործություն չի համարվում, և ըստ այդմ՝ այդ հոդվածով հանցանքի կատարման հիմնավոր կասկած հաստատվել չէր կարող 2024 թվականի մարտի 15-ի դրությամբ»:
Դիմողը նաև նշել է. «(...) Ալեքսանդր Սահակյանի առնչությունն իրեն մեղսագրվող ենթադրյալ հանցանքների կատարմանը հիմնավորելիս դատարանները չեն ներկայացրել անհատականացված հիմնավորումներ ըստ հանցանքներից յուրաքանչյուրի՝ հնարավորություն ընձեռելով Ալեքսանդր Սահակյանին արդյունավետ իրականացնել իր՝ ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածով երաշխավորված դատական պաշտպանության իրավունքը, ՀՀ Սահմանադրության 27-րդ հոդվածի 5-րդ մասով երաշխավորված՝ ազատությունից զրկելու իրավաչափությունը վիճարկելու իրավունքը: Տվյալ դեպքում, դատարանների կողմից չի ներկայացվել, թե կոնկրետ մեղսագրվող հանցանքների կատարման հիմնավոր կասկածը հաստատելիս կոնկրետ ի՞նչ փաստական տվյալներ են ներկայացվել»:
Սույն անհատական դիմումի շրջանակներում Դիմողը ներկայացրել է նաև պնդում առ այն, որ «(...) սույն գործով դատարանները որևէ գնահատման չեն ենթարկել ներկայացված տվյալների հավաստիությունը, դրանց որակական հատկանիշները, քանակական համակցությունը՝ Ալեքսանդր Սահակյանին մեղսագրվող արարքներով հիմնավոր կասկածի առկայությունը հաստատելիս»:
Դիմողը նաև պնդել է. «(...) սույն գործով դատարանների որոշումները, ի հակադրումն Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իրավական դիրքորոշումների, նույնիսկ մեկ նախադասությամբ որևէ գնահատման չեն ենթարկել Ալեքսանդր Սահակյանի անձը բնութագրող հատկանիշները, չի ներկայացվել որևէ պատճառաբանություն»:
Վերոշարադրյալի հաշվառմամբ նկատի ունենալով Դիմողի կողմից ներկայացված մյուս դիրքորոշումները ևս՝ Սահմանադրական դատարանը գտնում է, որ վերջինս իր անհամաձայնությունն է հայտնում համապատասխան գործով ՀՀ դատարանների կողմից կայացված դատական ակտերի բովանդակությանը։ Մասնավորապես՝ Դիմողը վիճարկվող՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 18-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի, 116-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 3-րդ մասերի, ինչպես նաև 118-րդ հոդվածի 4-րդ մասի (իրավակիրառ պրակտիկայում դրանց տրված մեկնաբանության) հակասահմանադրականության որևէ հիմնավոր փաստարկ չի ներկայացնում, իսկ որպես փաստարկ ներկայացվող դիրքորոշումներն առավելապես վերաբերում են համապատասխան գործով ՀՀ դատարանների գործողությունների (կայացրած դատական ակտերի) իրավաչափությանը:
Ելնելով վերոգրյալից՝ Սահմանադրական դատարանը գտնում է, որ սույն անհատական դիմումով Դիմողի բարձրացրած հարցերի ըստ էության քննությունը ենթադրում է Սահմանադրական դատարանի կողմից ոչ թե վիճարկվող դրույթների (իրավակիրառ պրակտիկայում դրանց տրված մեկնաբանության) սահմանադրականության գնահատում, այլ համապատասխան գործի շրջանակներում ՀՀ դատարանների գործողությունների (կայացրած դատական ակտերի) իրավաչափության ստուգում, ինչը դուրս է Սահմանադրական դատարանի իրավասության շրջանակից:
Ուստի՝ սույն անհատական դիմումի հիման վրա գործի քննությունը Սահմանադրական դատարանի կողմից ենթակա է մերժման՝ Սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված՝ դիմումում առաջադրված հարցի՝ Սահմանադրական դատարանին ենթակա չլինելու հիմքով:
Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով՝ Սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.
1. Բավարարել Դիմողի՝ գործի քննության հրապարակայնությունը սահմանափակելու վերաբերյալ միջնորդությունը և դիմումի ընդունելիության հարցը քննարկել դռնփակ աշխատակարգային նիստում:
2. «Ալեքսանդր Սահակյանի դիմումի հիման վրա՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 18-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի, 116-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 3-րդ մասերի, ինչպես նաև 118-րդ հոդվածի 4-րդ մասի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի քննությունը մերժել:
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
ՆԱԽԱԳԱՀ Ա. ԴԻԼԱՆՅԱՆ
17 դեկտեմբերի 2024 թվականի
ՍԴԱՈ-194
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 17 դեկտեմբերի, 2024 թ.
- Գործի #:
- ՍԴԱՈ-194
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
