Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/ՌԱԶՄԻԿ ՍԻՐԵԿԱՆՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

ՌԱԶՄԻԿ ՍԻՐԵԿԱՆՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Սահմանադրական դատարանՍԴԴԿՈ-5129 մայիսի, 2026 թ.Բնօրինակ աղբյուր
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ-51)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքները

Ամփոփում

Ընդ.՝ 29 մայիսի 2026թ. ՍԴԴԿՈ - 51 | ՌԱԶՄԻԿ ՍԻՐԵԿԱՆՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Ամբողջ Տեքստ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ

ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ ՈՐՈՇՈՒՄ

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Քաղ. Երևան 29 մայիսի 2026 թ.

Սահմանադրական դատարանի դատական կազմը`

Նախագահությամբ՝ Հ. Հովակիմյանի

Անդամակցությամբ՝ Ա. Զեյնալյանի

Դ. Խաչատուրյանի

Քննության առնելով Ռազմիկ Սիրեկանյանի անհատական դիմումի

ընդունելիության հարցը,

ՊԱՐԶԵՑ.

1. Ռազմիկ Սիրեկանյանը (այսուհետ նաև՝ Դիմող) դիմել է Սահմանադրական դատարան (դիմումը Սահմանադրական դատարան է մուտքագրվել 2026 թվականի մայիսի 18-ին)՝ խնդրելով.

«(...) գնահատել այն իրավակիրառ պրակտիկայի սահմանադրականությունը, որի պայմաններում դատարանները ձևական մոտեցմամբ մերժում են նոր երևան եկած հանգամանքներով ներկայացված բողոքները նույնիսկ այն դեպքերում, երբ հետագայում պետական մարմինների պաշտոնական փաստաթղթերով հերքվում են նախնական դատական ակտի հիմքում դրված փաստական եզրակացությունները»:

2. Ներկայացնելով թիվ ԱՎԴ/2149/02/15 քաղաքացիական գործի դատավարական նախապատմությունը՝ Դիմողը վիճարկում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 418, 421 և 422-րդ հոդվածներին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը՝ նշելով. «Վիճարկող նորմերի չափազանց նեղ, ձևական և անկանխատեսելի մեկնաբանության պայմաններում նոր երևան եկած հանգամանքների հիմքով դատական ակտերի վերանայման ինստիտուտը գործնականում կորցրել է իր արդյունավետ բնույթը և վերածվել առավելապես ձևական ընթացակարգի, որի շրջանակներում դատարանները հրաժարվել են ըստ էության գնահատել դիմողի կողմից ներկայացված պետական մարմինների պաշտոնական փաստաթղթերը, կադաստրային մարմինների իրավական դիրքորոշումները, ոստիկանության արձանագրած փաստերը և համայնքային մարմինների տեղեկանքները, որոնք գործի ելքի վրա կարող էին ունենալ էական ազդեցություն և նախորդ դատավարության ընթացքում օբյեկտիվորեն հասանելի չեն եղել»:

Արդյունքում Դիմողը գտնում է, որ վերջինս «(…) զրկվել է դատական սխալի արդյունավետ վերացման և իր իրավունքների լիարժեք դատական պաշտպանության իրական հնարավորությունից, ինչն անմիջականորեն հանգեցրել է ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածով երաշխավորված արդյունավետ դատական պաշտպանության իրավունքի, 63-րդ հոդվածով երաշխավորված արդար դատաքննության իրավունքի և 78-րդ հոդվածով ամրագրված համաչափության սկզբունքի սահմանափակմանը»:

Դիմողի պնդմամբ՝ իրավակիրառ պրակտիկայում ձևավորվել է իրավիճակ, երբ նույնաբովանդակ կամ էական նշանակություն ունեցող նոր փաստերը կարող են տարբեր գործերով գնահատվել տարբեր կերպ՝ առանց կանխատեսելի և միասնական սահմանադրաիրավական չափանիշների։

Դիմողը նշում է. «Այս պայմաններում անձը չի կարող ողջամտորեն կանխատեսել, թե իր կողմից ներկայացված նոր փաստերը կամ պետական մարմինների պաշտոնեական փաստաթղթերը ինչ պայմաններում կարող են դիտվել որպես բավարար հիմք դատական ակտի վերանայման համար:

Նման իրավական անորոշությունը դատարաններին վերապահում է չափազանց լայն հայեցողություն, ինչը վտանգում է որոշակիության և արդյունավետ դատական պաշտպանության սահմանադրական սկզբունքները»։

Ըստ Դիմողի՝ «Դատարանների կողմից կիրառված մեկնաբանությունը հանգեցրել է նրան, որ դիմողը փաստացի զրկվել է դատական սխալի ուղղման արդյունավետ հնարավորությունից, ինչը հակասում է ՀՀ Սահմանադրության 61-րդ, 63-րդ և 78-րդ հոդվածներին, ինչպես նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանի ձևավորած իրավական չափանիշներին»։

3. Ելնելով դիմումի և դիմումին կից փաստաթղթերի ուսումնասիրությունից, ինչպես նաև ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի (այսուհետ նաև՝ Սահմանադրական օրենք) 29 և 69-րդ հոդվածների պահանջներով՝ Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ սույն անհատական դիմումով գործի քննությունը ենթակա է մերժման՝ հետևյալ պատճառաբանությամբ.

Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի համաձայն՝ Սահմանադրական դատարան կարող է դիմել յուրաքանչյուր ոք՝ կոնկրետ գործով, երբ առկա է դատարանի վերջնական ակտը, սպառվել են դատական պաշտպանության բոլոր միջոցները, և վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման՝ հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը:

Սահմանադրական վերոհիշյալ նորմն իր ամրագրումն է ստացել նաև Սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասում, որը սահմանում է այն հիմքերը, որոնց միաժամանակյա առկայության պարագայում ֆիզիկական կամ իրավաբանական անձը կոնկրետ գործով անհատական դիմում կարող է ներկայացնել Սահմանադրական դատարան։ Դրանք են՝

ա) երբ կոնկրետ գործով առկա է դատարանի վերջնական ակտը,

բ) երբ սպառվել են ներպետական դատական պաշտպանության բոլոր միջոցները,

գ) երբ վիճարկվում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման՝ հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը:

Սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին աշխատակարգային որոշում է ընդունում, եթե դիմումում առաջադրված հարցերը ենթակա չեն Սահմանադրական դատարանին:

Սահմանադրական դատարանն իր՝ 2009 թվականի մարտի 17-ի ՍԴԱՈ-21 աշխատակարգային որոշմամբ արձանագրել է, որ «(…) բոլոր այն դեպքերում, երբ դիմողը, ձևականորեն վիճարկելով օրենքի դրույթի սահմանադրականության հարց, ըստ էության բարձրացնում է այդ դրույթի կիրառման իրավաչափության հարց կամ հետապնդում է այլ նպատակներ, ապա այդպիսի դիմումները ենթակա են մերժման` (…) որպես սահմանադրական դատարանի քննության ենթակա հարց չառաջադրող դիմումներ»:

Սահմանադրական դատարանի դատական կազմն արձանագրում է, որ սահմանադրական կոնկրետ վերահսկողության առարկա կարող են դառնալ այնպիսի վեճեր, որոնց հիմքում դրված են ոչ թե կոնկրետ գործի փաստական և/կամ իրավական հանգամանքների գնահատման, վիճարկվող իրավական նորմի՝ տվյալ գործով կիրառման կամ չկիրառման հարցեր, այլ վիճարկվող նորմատիվ իրավական ակտի սահմանադրականության գնահատման հարցեր:

Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ Դիմողի կողմից բարձրացվել է այնպիսի հարց, որը ենթակա չէ Սահմանադրական դատարանի քննությանը՝ հետևյալ պատճառաբանությամբ.

գործի նյութերի ուսումնասիրությունը վկայում է, որ սույն անհատական դիմումով Դիմողը, ձևականորեն վիճարկելով Օրենսգրքի 418, 421 և 422-րդ հոդվածների (իրավակիրառ պրակտիկայում դրանց տրված մեկնաբանության) սահմանադրականությունը, ըստ էության բարձրացնում է տվյալ դրույթների կիրառման իրավաչափության հարց:

Այսպես՝ Դիմողն իր անհատական դիմումով, ի թիվս այլնի, ներկայացրել է դիրքորոշում, համաձայն որի՝ «Դիմողի գործով առկա է իրավիճակ, երբ դատարանները շարունակաբար հրաժարվել են ըստ էության գնահատել պետական մարմինների պաշտոնական փաստաթղթերով հաստատված նոր հանգամանքները»:

Դիմողը նաև նշել է, որ «(…) դատարանները չեն իրականացրել ներկայացված նոր փաստերի և պաշտոնական փաստաթղթերի իրական գնահատում:

Փոխարենը կիրառվել է այնպիսի ձևական մոտեցում, որի պայմաններում նույնիսկ պետական մարմինների պաշտոնական դիրքորոշումները՝ կադաստրի պետական կոմիտեի ղեկավարի, կոմիտեի պաշտոնական գրությունները, ոստիկանության արձանագրած փաստերը և համայնքապետարանի տեղեկանքները չեն դիտարկվել որպես բավարար հիմք դատական ակտի վերանայման համար»։

Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ Դիմողն իր անհամաձայնությունն է հայտնում թիվ ԱՎԴ/2149/02/15 քաղաքացիական գործով Հայաստանի Հանրապետության դատարանների կողմից կայացված դատական ակտերի բովանդակության առնչությամբ։ Մասնավորապես՝ Դիմողը վիճարկվող՝ Օրենսգրքի 418, 421 և 422-րդ հոդվածների (իրավակիրառ պրակտիկայում դրանց տրված մեկնաբանության) հակասահմանադրականության որևէ հիմնավոր փաստարկ չի ներկայացնում, իսկ որպես փաստարկ ներկայացվող դիրքորոշումներն առավելապես վերաբերում են խնդրո առարկա քաղաքացիական գործով Հայաստանի Հանրապետության դատարանների գործողությունների (կայացրած դատական ակտերի) իրավաչափությանը:

Սահմանադրական դատարանի դատական կազմը եզրահանգում է, որ սույն անհատական դիմումով Դիմողի բարձրացրած հարցի ըստ էության քննությունը ենթադրում է Սահմանադրական դատարանի կողմից ոչ թե վիճարկվող դրույթների (իրավակիրառ պրակտիկայում դրանց տրված մեկնաբանության) սահմանադրականության գնահատում, այլ թիվ ԱՎԴ/2149/02/15 քաղաքացիական գործով ՀՀ դատարանների կայացրած դատական ակտերի իրավաչափության ստուգում, ինչը դուրս է Սահմանադրական դատարանի իրավասության շրջանակից:

Ուստի՝ սույն անհատական դիմումով գործի քննությունը ենթակա է մերժման՝ Սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված՝ դիմումում առաջադրված հարցի՝ Սահմանադրական դատարանին ենթակա չլինելու հիմքով:

Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով՝ Սահմանադրական դատարանի դատական կազմը

ՈՐՈՇԵՑ.

Ռազմիկ Սիրեկանյանի անհատական դիմումով գործի քննությունը մերժել։

Նախագահող՝ Հ. Հովակիմյան

Անդամներ՝ Ա. Զեյնալյան

Դ. Խաչատուրյան

29 մայիսի 2026 թվականի

ՍԴԴԿՈ-51

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
29 մայիսի, 2026 թ.
Գործի #:
ՍԴԴԿՈ-51
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել