Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/«ՎԵՐԱՔՆՆԻՉ ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` «ԱՊՕՐԻՆԻ ԾԱԳՈՒՄ ՈՒՆԵՑՈՂ ԳՈՒՅՔԻ ԲՌՆԱԳԱՆՁՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ 8-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ, ԴՐԱ ՀԵՏ ՓՈԽԿԱՊԱԿՑՎԱԾ 20-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

«ՎԵՐԱՔՆՆԻՉ ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` «ԱՊՕՐԻՆԻ ԾԱԳՈՒՄ ՈՒՆԵՑՈՂ ԳՈՒՅՔԻ ԲՌՆԱԳԱՆՁՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ 8-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ, ԴՐԱ ՀԵՏ ՓՈԽԿԱՊԱԿՑՎԱԾ 20-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Սահմանադրական դատարանՍԴԱՈ-1355 սեպտեմբերի, 2025 թ.Բնօրինակ աղբյուր
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԱՈ-135)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքները

Ամփոփում

Ընդ.՝ 5 սեպտեմբերի 2025թ. ՍԴԱՈ - 135 | «ՎԵՐԱՔՆՆԻՉ ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` «ԱՊՕՐԻՆԻ ԾԱԳՈՒՄ ՈՒՆԵՑՈՂ ԳՈՒՅՔԻ ԲՌՆԱԳԱՆՁՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ 8-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ, ԴՐԱ ՀԵՏ ՓՈԽԿԱՊԱԿՑՎԱԾ 20-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ամբողջ Տեքստ

«ՎԵՐԱՔՆՆԻՉ ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` «ԱՊՕՐԻՆԻ ԾԱԳՈՒՄ ՈՒՆԵՑՈՂ ԳՈՒՅՔԻ ԲՌՆԱԳԱՆՁՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ 8-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ, ԴՐԱ ՀԵՏ ՓՈԽԿԱՊԱԿՑՎԱԾ 20-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Սահմանադրական դատարանը, քննության առնելով «Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի դիմումի հիման վրա` «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի 8-րդ հոդվածի, դրա հետ փոխկապակցված 20-րդ հոդվածի 1-ին մասի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի քննությունը մերժելու մասին առաջարկությունը, ՊԱՐԶԵՑ.

1. 2025 թվականի օգոստոսի 8-ին Սահմանադրական դատարան է մուտքագրվել Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի (այսուհետ՝ Դիմող) դիմումը: Դիմողը թիվ ՀԿԴ/0067/02/23 հակակոռուպցիոն քաղաքացիական գործով ներկայացված՝ «Սահմանադրական դատարան դիմելու մասին» 2025 թվականի օգոստոսի 5-ի որոշմամբ խնդրել է (որոշել է).

«1. Ըստ հայցի ՀՀ գլխավոր դատախազության՝ ի դեմս ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության ընդդեմ Սաշա Ժորայի Հակոբյանի, Լիանա Վազգենի Հակոբյանի, Հովհաննես Սաշայի Հակոբյանի, Արաքսյա Հովհաննեսի Ավջյանի, Կարապետ Գրիշայի Հակոբյանի, Մկրտիչ Գրիշայի Հակոբյանի, Անդրանիկ Սաշայի Հակոբյանի, վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձինք «Սարանդ» ՍՊ ընկերության, Արմեն Սարգսի Սարգսյանի, Քրիստինե Աշոտի Զաքարյանի՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջի մասին թիվ ՀԿԴ/0067/02/23 հակակոռուպցիոն քաղաքացիական գործով դիմել Սահմանադրական դատարան՝ Սահմանադրության 10-րդ, 11-րդ, 60-րդ, 61-րդ, 63-րդ, 78-րդ, 79-րդ հոդվածներին համապատասխանելու հարցը որոշելու հետևյալ խնդրանքներով․

- «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածը և «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» ՀՀ օրենքն առհասարակ չի համապատասխանում Սահմանադրության նշված հոդվածներին՝ այնքանով, որքանով դրանք չեն բովանդակում ուսումնասիրությունն ավարտելուց հետո մինչև դատարանում գործի քննության համապատասխան փուլն ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջ ներկայացնելու համար հայցային վաղեմության որոշակի ու հստակ ժամկետներ, ինչպես նաև չեն նախատեսում հայցային վաղեմության ժամկետների հաշվարկման կանոններ, այսինքն՝ այնպիսի սուբյեկտիվ կամ օբյեկտիվ չափանիշներ, որոնց հիման վրա հնարավոր կլինի որոշել հայցային վաղեմության ժամկետի հաշվարկման կարգը, այդ ժամկետը բաց թողնելու դեպքում ժամկետի վերականգնման, ընդհատման կամ կասեցման հնարավորությունները կամ այնքանով որքանով սույն որոշմամբ արտահայտած դիրքորոշումների համատեքստում Սահմանադրական դատարանն ինքը կհամարի անհրաժեշտ։

- Վերը նշված հոդվածների հետ փոխկապակցված՝ Օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասը չի համապատասխանում Սահմանադրության նշված հոդվածներին՝ այնքանով, որքանով այն չի նախատեսում եզրակացության հիման վրա ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հայցադիմում ներկայացնելու ժամկետ, ինչպես նաև «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» ՀՀ օրենքն առհասարակ՝ այնքանով, որքանով այն չի նախատեսում ուսումնասիրությունը վերջնական եզրակացությամբ ավարտվելուց հետո մինչև գործի քննության համապատասխան փուլն ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հիմնական պահանջը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 170-րդ հոդվածով սահմանված կարգով ապօրինի ծագում ունեցող նոր գույքի վերաբերյալ պահանջով լրացնելու հնարավորության և այդպիսի պահանջի լրացման ժամկետի մասին կանոններ և/կամ պայմաններ կամ այնքանով որքանով սույն որոշմամբ արտահայտած դիրքորոշումների համատեքստում Սահմանադրական դատարանն ինքը կհամարի անհրաժեշտ։

(...)»:

2. Ներկայացնելով թիվ ՀԿԴ/0067/02/23 հակակոռուպցիոն քաղաքացիական գործի դատավարական նախապատմությունը, վիճարկվող և դրա հետ փոխկապակցված նորմերի բովանդակությունը, ինչպես նաև Սահմանադրական դատարան դիմելու համար էական նշանակություն ունեցող հանգամանքների շրջանակը, վկայակոչելով Սահմանադրության վերաբերելի հոդվածներն ու Սահմանադրական դատարանի համապատասխան որոշումներում արտահայտված իրավական դիրքորոշումները՝ Դիմողը նշում է. «Պետությունը պարտավոր է ապահովել արդյունավետ ընթացակարգեր և ճկուն կառուցակարգեր, որոնք յուրաքանչյուրի համար կապահովեն դատական պաշտպանության արդյունավետ և հավասար հասանելիությունը` անկախ որևէ հանգամանքից, և հատկապես պետության մասնակցությամբ գործերով, երբ խոսքը հանրային կարիքից բխող օրենքով սահմանված պետական շահի պաշտպանության կամ «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի հիման վրա գույքի բռնագանձման հայցերով հարուցված քաղաքացիական գործերի մասին է, ապա այս առումով առավել ևս ենթադրյալ իրավախախտ անձը պետք է ունենա որոշակի պատկերացում, թե ինչ ժամանակահատվածում իր դեմ կարող է ներկայացվել պետական շահի պաշտպանությանը միտված՝ «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» ՀՀ օրենքի հիման վրա գույքի բռնագանձման հայց և վաղեմության ինչպիսի ժամկետային սահմանափակումներից անձինք կարող են օգտվել՝ իրենց պաշտպանության իրավունքների արդյունավետ իրացման տեսանկյունից»։

Ներկայացնելով խնդրո առարկա հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի, ինչպես նաև Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի արտահայտած դիրքորոշումները՝ Դիմողն ընդգծում է, որ, մասնավորապես, թիվ ՀԿԴ/0110/02/24 հակակոռուպցիոն քաղաքացիական գործով 08.05.2025 թ. որոշումը «(...) ստացել է օրինական ուժ և ներկայումս դատական պրակտիկան ընթանում է այդ ուղղությամբ, ուստի սույն որոշմամբ վիճարկվող նորմերի սահմանադրականության հարցը հարկ է քննարկման առարկա դարձնել հիշյալ օրինական ուժի մեջ մտած որոշման իրավական դիրքորոշումների համատեքստում՝ այն ընդունելով որպես Օրենքի կարգավորումների համատեքստում հայցային վաղեմության ինստիտուտի մեկնաբանության արդեն իսկ ձևավորված իրավակիրառ պրակտիկա»:

Անդրադառնալով վիճարկվող իրավակարգավորմանը՝ Դիմողը փաստում է. «(...) օրենսդիրն ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հիմնական պահանջի նկատմամբ հայցային վաղեմություն կիրառելու հնարավորությունը բովանդակային առումով չի սահմանափակել, սակայն չսահմանափակելով հանդերձ՝ այդպիսի ժամկետի կիրառելիության հնարավորությունը երաշխավորել է բացառապես Օրենքի 8-րդ հոդվածի կարգավորումով՝ այսպիսով` ստեղծելով իրավական կայունության և իրավունքի պաշտպանության կանխատեսելիության առումով ինչպես իրավական անորոշ իրավիճակ, այնպես էլ հանգեցնելով հիմնարար՝ սեփականության իրավունքին և արդար դատաքննության իրավունքի տարր հանդիսացող՝ հայցային վաղեմության միջոցով հարուցված հայցի դեմ պաշտպանվելու իրավունքին որոշակի ժամկետային սահմանափակման բացակայությամբ պայմանավորված ոչ համաչափ միջամտության։

Այսպես, Օրենքի համապարփակ ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ բացի Օրենքի 8-րդ հոդվածի կարգավորումից Օրենքում առկա չեն հայցային վաղեմության ժամկետի և դրա կիրառման միջոցով պետության կողմից ներկայացվող հայցի դեմ պաշտպանության այլ հնարավորություններ կամ երաշխիքներ։

Հետևաբար, ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջի նկատմամբ ուսումնասիրության ավարտից սկսած մինչև գործի քննության ավարտն ընկած ժամանակահատվածում Օրենքում հայցային վաղեմության հստակ հաշվարկման կարգի ու կանոնների բացակայությունն առերևույթ կերպով խարխլում է հանրային և մասնավոր շահերի պաշտպանության ողջամիտ հավասարակշռությունը, այն դեպքում, երբ Օրենքի ողջ էությունից ու իրավաչափ նպատակների հիմքում դրված է միայն նախքան Օրենքի ընդունումը հայցային վաղեմության ժամկետների չտարածման գաղափարը, իսկ Օրենքի ընդունումից հետո ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջի նկատմամբ հայցային վաղեմության կիրառման գաղափարը մեծ հաշվով օրենսդիրն արդեն իսկ ընդունել է Օրենքի 8-րդ հոդվածով, սակայն ուսումնասիրության ավարտից հետո ներկայացվող պահանջների նկատմամբ հայցային վաղեմության հստակ և որոշակի ժամկետներ չսահմանելը՝ բացի Օրենքի 8-րդ հոդվածով այս հարցի թերի և ոչ լիարժեք կարգավորումից, սահմանադրաիրավական առումով առերևույթ իրավաչափ նպատակ չի հետապնդում, ավելին՝ ստեղծում է իրավական անորոշություն, անկանխատեսելիություն և պետությանը տրամադրում է լայն հայեցողություն՝ Օրենքի 8-րդ հոդվածով սահմանված ժամկետից բացի ցանկացած պահի ներկայացնելու ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջ՝ անկախ ներկայացման եղանակից, հնարավորությունից և այլ հանգամանքներից։ Միևնույն ժամանակ որոշակի հանգամանքների վկայակոչմամբ գուցեև պետությունը կկարողանար հիմնավորել նախկինում այդպիսի պահանջներ ներկայացնելու անհնարինությունը՝ այդպիսով խուսափելով հայցային վաղեմության բացասական հետևանքներից, սակայն եթե հայցային վաղեմության դրույթները պրակտիկայում մեկնաբանվում են այնպես, որ առհասարակ այդ ինստիտուտն այս դեպքում կիրառելի չէ, ապա այդ ինստիտուտի շրջանակներում առկա հնարավորությունների կիրառելիության մասին խոսելն այլևս իմաստազրկվում է, և ակնհայտ է դառնում, որ առկա կարգավորումների և դրանց՝ վերևում բացահայտված մեկնաբանության պայմաններում, պետությունը չի կաշկանդվում որևէ ժամկետային սահմանափակմամբ, ուստիև որևէ լրացուցիչ բեռ չի կրում վաղեմության ժամկետի հաղթահարման համար ժամանակին պահանջը ներկայացնելու անհնարինությունը հիմնավորելու կամ հայցային վաղեմության ինստիտուտի՝ ժամկետի կասեցման կամ ընդհատման գործիքակազմերի միջոցով իր ջանասիրությունը և շրջահայացությունը հիմնավորելու համար։ Այս վերլուծությունը ևս հաստատում են Օրենքի՝ հայցային վաղեմության հարաբերությունների կարգավորումների բացակայության պայմաններում կիրառելի նորմերի սահմանադրաիրավական կասկածի գոյությունը»:

Ի թիվս այլ դիրքորոշումների՝ Դիմողը նշում է նաև. «(...) ուսումնասիրության գործընթացը կանոնակարգող նորմերում սահմանված չեն բուն հայցային վաղեմության հաշվարկի կանոններ կամ չնայած օրենսդիրն օգտագործել է «հայցային վաղեմություն» եզրույթը, սակայն դրա բովանդակությանը համահունչ միևնույն ժամանակ չի սահմանել այնպիսի սուբյեկտիվ կամ օբյեկտիվ չափանիշներ, որոնց հիման վրա հնարավոր կլինի որոշել հայցային վաղեմության ժամկետի հաշվարկման կարգը, ինչն էլ թույլ չի տալիս իրականում Օրենքի կիրառման շրջանակներում ներկայացված ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջի նկատմամբ կիրառել հայցային վաղեմության Քաղաքացիական օրենսգրքի ընդհանուր կանոնները, քանի որ Օրենքի 8-րդ և 20-րդ հոդվածներով սահմանված են այս ինստիտուտի կիրառման մասին հատուկ կանոններ, իսկ դատական պրակտիկան, որը ներկայացվել է վերևում, վկայում է, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքով նախատեսված՝ հայցային վաղեմության ժամկետների հաշվարկի և հայցային վաղեմության ժամկետի ընդհատման կանոններն ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթում կիրառելի չեն և «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածն ինքնին նշված ՀՀ քաղաքացիական օրենսգրքի՝ հայցային վաղեմության ժամկետի հաշվարկի և ընդհատման կանոններն ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթի հարցեր չի կանոնակարգում, հետևաբար՝ «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի կիրառումը դատարանին բավարար իրավական հիմք չի տալիս հայցային վաղեմության հիմքով հայցը մերժելու համար, ինչն էլ հանգեցնում է ինչպես իրավական որոշակիության, այնպես էլ համաչափության սահմանադրական սկզբունքների խաթարման՝ դրանով պայմանավորված նաև՝ սեփականության և արդար դատաքննության իրավունքի արդյունավետ պաշտպանության հիմնարար իրավունքների խախտման կամ առնվազն ոչ համաչափ միջամտության կամ իրավական պետությունում ու ժողովրդավարական հասարակությունում ոչ անհրաժեշտ իրավունքի սահմանափակման»։

Ամփոփելով իր դիրքորոշումները՝ Դիմողը գտնում է, որ միայն վիճարկվող նորմերի սահմանադրականության հարցի որոշման գործընթացում Սահմանադրական դատարանի բացառիկ իրավազորության գործարկմամբ հնարավոր կլինի ազդարարել հայցային վաղեմության հետ կապված խնդրի առկայությունը: Ավելին, Դիմողի պնդմամբ, «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի (այսուհետ նաև՝ Օրենք) 8-րդ հոդվածի կամ այլ դրույթների թեկուզև համակարգային մեկնաբանության միջոցով հնարավոր չէ փարատել բարձրացված խնդրի սահմանադրականության վերաբերյալ կասկածը՝ առավել ևս, երբ առկա է օրինական ուժի մեջ մտած դատական ակտով ձևավորված դատական պրակտիկա:

3. Ուսումնասիրության առարկա դարձնելով ներկայացված դիմումը՝ Սահմանադրական դատարանը գտնում է, որ սույն դիմումի հիման վրա գործի քննությունը ենթակա է մերժման՝ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի (այսուհետ նաև՝ Սահմանադրական օրենք) 29-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքով՝ ներքոգրյալ պատճառաբանությամբ.

Սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետին համապատասխան՝ Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին աշխատակարգային որոշում է ընդունում, եթե դիմողն իրավասու չէ տվյալ հարցով դիմելու Սահմանադրական դատարան:

Սահմանադրության 169-րդ հոդվածի 4-րդ մասն ամրագրում է. «Դատարաններն իրենց վարույթում գտնվող կոնկրետ գործով կիրառման ենթակա նորմատիվ իրավական ակտի սահմանադրականության հարցով դիմում են Սահմանադրական դատարան, եթե հիմնավոր կասկածներ ունեն դրա սահմանադրականության վերաբերյալ և գտնում են, որ տվյալ գործի լուծումը հնարավոր է միայն այդ նորմատիվ իրավական ակտի կիրառման միջոցով»:

Վկայակոչված կարգավորումն իր ամրագրումն է ստացել Սահմանադրական օրենքի 71-րդ հոդվածում, որի շրջանակներում օրենսդիրն ուրվագծել է դատարանների սույն սահմանադրաիրավական իրավասության կեսագործման օրենսդրական հիմքերն ու ընթացակարգը:

Սահմանադրական դատարանը վերահաստատում է, որ դատարաններին օժտելով սահմանադրական արդարադատություն հայցելու բարձր իրավազորությամբ՝ Սահմանադիրը, ի թիվս այլնի, մի կողմից՝ հետապնդել է իրավական համակարգը հակասահմանադրական նորմերի կիրառման միջոցով ձևախեղելը կանխելու, մյուս կողմից՝ Սահմանադրության գերագույն իրավական ուժի դինամիկ կենսագործումը և մարդուն շնորհված հիմնական իրավունքների և ազատությունների անխաթար պաշտպանությունն ապահովելու նպատակներ՝ այդպիսով նաև ամրապնդելով իշխանությունների բաժանման և հավասարակշռման սկզբունքի կենսունակությունը:

Այս համատեքստում Սահմանադրական դատարանը փաստում է, որ դատարանների դիմումների հիման վրա կոնկրետ սահմանադրական վերահսկողության շրջանակներում սահմանադրական արդարադատությունը կարող է իր նպատակին ծառայել, ի թիվս այլնի, նաև այն դեպքում, երբ դատարանները Բարձր դատարան ներկայացվող դիմումներում հիմնավորեն՝

1) տվյալ գործի՝ իրենց վարույթում գտնվելու հանգամանքը,

2) վիճարկվող նորմատիվ իրավական ակտի սահմանադրականության վերաբերյալ հիմնավոր կասկած ունենալը: Այլ խոսքով՝ վիճարկվող նորմատիվ իրավական ակտի՝ Սահմանադրությանը ենթադրյալ հակասության պատճառաբանված դիրքորոշումը՝ հիմնված ներքին համոզման վրա,

3) տվյալ գործի՝ միայն վիճարկվող նորմատիվ իրավական ակտի կիրառման միջոցով լուծելու հնարավորությունը:

Վերոնշյալ սահմանադրաիրավական պահանջների պահպանումը Սահմանադրական դատարան ներկայացված դիմումի ընդունելիության և գործի քննության գրավականն է, ուստի՝ արդարադատություն իրականացնելու սահմանադրաիրավական առաքելություն կրող հիշյալ սուբյեկտների կողմից ենթակա է առանձնահատուկ ուշադրության՝ հաշվի առնելով հակասահմանադրական նորմերի կիրառման անթույլատրելիության՝ Սահմանադրի անխախտ կամքը: Այս առնչությամբ Սահմանադրական դատարանը շեշտում է, որ Բարձր դատարան ներկայացված դիմումների շրջանակներում, ի թիվս այլնի, պետք է ներկայացնել վիճարկվող նորմի՝ Սահմանադրությանն անհամապատասխանությունը հիմնավորող այն բազմաբովանդակ պատճառաբանությունը, որը կհաստատի դատարանի՝ Սահմանադրության 169-րդ հոդվածի 4-րդ մասի իմաստով «հիմնավոր կասկած» ունենալու սահմանադրական պահանջի առկայությունը:

Սույն դիմումի ուսումնասիրությունը թույլ է տալիս Սահմանադրական դատարանին փաստելու, որ դիմումը չի պարունակում դատարանի՝ վիճարկվող դրույթի՝ Սահմանադրությանը հակասելու վերաբերյալ համապատասխան հիմնավորումներ, որոնք բավարար կլինեն Սահմանադրական դատարանին եզրահանգելու, որ դիմումը հաղթահարում է Սահմանադրության 169-րդ հոդվածի 4-րդ մասի իմաստով «հիմնավոր կասկած» ունենալու սահմանադրաիրավական պահանջը: Այսպես՝ Սահմանադրական դատարան ներկայացված դիմումի շրջանակներում Դիմողը, ըստ էության, բարձրացնում է Օրենքի 8-րդ հոդվածի, դրա հետ փոխկապակցված 20-րդ հոդվածի 1-ին մասի ենթադրյալ հակասահմանադրականության հարց, մի դեպքում՝ պնդելով. ««Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածը և «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» ՀՀ օրենքն առհասարակ չի համապատասխանում Սահմանադրության նշված հոդվածներին՝ այնքանով, որքանով դրանք չեն բովանդակում ուսումնասիրությունն ավարտելուց հետո մինչև դատարանում գործի քննության համապատասխան փուլն ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջ ներկայացնելու համար հայցային վաղեմության որոշակի ու հստակ ժամկետներ, ինչպես նաև չեն նախատեսում հայցային վաղեմության ժամկետների հաշվարկման կանոններ, այսինքն՝ այնպիսի սուբյեկտիվ կամ օբյեկտիվ չափանիշներ, որոնց հիման վրա հնարավոր կլինի որոշել հայցային վաղեմության ժամկետի հաշվարկման կարգը, այդ ժամկետը բաց թողնելու դեպքում ժամկետի վերականգնման, ընդհատման կամ կասեցման հնարավորությունները (...)», մյուս դեպքում՝ նշելով, որ «(…) Վերը նշված հոդվածների հետ փոխկապակցված՝ Օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասը չի համապատասխանում Սահմանադրության նշված հոդվածներին՝ այնքանով, որքանով այն չի նախատեսում եզրակացության հիման վրա ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հայցադիմում ներկայացնելու ժամկետ, ինչպես նաև «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» ՀՀ օրենքն առհասարակ՝ այնքանով, որքանով այն չի նախատեսում ուսումնասիրությունը վերջնական եզրակացությամբ ավարտվելուց հետո մինչև գործի քննության համապատասխան փուլն ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հիմնական պահանջը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 170-րդ հոդվածով սահմանված կարգով ապօրինի ծագում ունեցող նոր գույքի վերաբերյալ պահանջով լրացնելու հնարավորության և այդպիսի պահանջի լրացման ժամկետի մասին կանոններ և/կամ պայմաններ (...)»։

Սահմանադրական դատարանը փաստում է, որ «հիմնավոր կասկած» ունենալու սահմանադրաիրավական պայմանի առկայությունը մեկնաբանելիս դատարանները պետք է հաշվի առնեն Սահմանադրական դատարանի՝ այս հարցի առնչությամբ ձևավորած կայուն իրավական պրակտիկան. Սահմանադրական դատարանն իր մի շարք որոշումներով ընդգծել է, որ ոչ թե նորմատիվ իրավական ակտի վերաբերյալ ցանկացած կասկած կարող է համարվել իբրև «հիմնավոր կասկած», այլ միայն այնպիսի կասկածները «(...) երբ դատարանը համոզվի, որ դատական մեկնաբանմամբ անհնար է հաղթահարել կիրառման ենթակա նորմի՝ Սահմանադրությանը հակասության վերաբերյալ հիմնավոր կասկածը։

Նման իրավիճակ կարող է առաջանալ այն պարագայում, երբ, օրինակ, վիճարկվող նորմը հնարավոր է մեկնաբանել միայն այնպես, որ այն իր վերջնական բովանդակությամբ հակասում է Սահմանադրությանը: Այդ դեպքում Սահմանադրական դատարան ներկայացրած դիմումում նշելով օգտագործված մեկնաբանման մեթոդները՝ դատարանը պարտավոր է հիմնավորել դատական մեկնաբանմամբ կիրառման ենթակա իրավական նորմի սահմանադրականության վերաբերյալ հիմնավոր կասկածը հաղթահարելու անհնարինությունը։ Այլապես՝ նման հիմնավորումների բացակայությունը կարող է գնահատվել Սահմանադրության 169-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված պայմանի, այն է՝ նորմատիվ իրավական ակտի սահմանադրականության վերաբերյալ դատարանի մոտ հիմնավոր կասկածների բացակայություն» (14.12.2021 թ. ՍԴԱՈ-254 աշխատակարգային որոշում):

Այս աշխատակարգային որոշմամբ արտահայտված դիրքորոշումն իր տրամաբանական զարգացումն է ստացել և տարածվել նաև կիրառման ենթակա նորմատիվ իրավական ակտում օրենքի բացի սահմանադրականությունը դատարանների կողմից վիճարկելու դեպքերի վրա. նույն որոշմամբ Սահմանադրական դատարանն ընդգծել է, որ «(...) կոնկրետ գործով կիրառման ենթակա նորմատիվ իրավական ակտում օրենքի բացի և դրա արդյունքում դրա սահմանադրականության վերաբերյալ հիմնավոր կասկածի մասին ևս կարող է խոսվել միայն այն դեպքում, երբ դատարանը հանգի այն եզրակացության, որ դատական մեկնաբանման որևէ մեթոդի կիրառմամբ անհնար է հաղթահարել այդ բացը:

(...)

(...) դատական մեկնաբանության միջոցով օրենսդրական բացի վերաբերյալ կասկածը փարատելու անհնարինության մասին հիմնավորումների բացակայությունը հանգեցնում է Սահմանադրության 169-րդ հոդվածի 4-րդ մասի իմաստով «հիմնավոր կասկածի» բացառմանը (...)»։

Ընդհանրացնելով իր որոշումներում արտահայտած այն դիրքորոշումները, որ ցանկացած օրենսդրական բաց չէ, որ կարող է դառնալ Սահմանադրական դատարանի քննության առարկա, Սահմանադրական դատարանը նշել է.

«(...)

2) ցանկացած թերի օրենսդրական կարգավորում չէ, որը որպես օրենսդրական բաց կարող է Սահմանադրական դատարանի քննության առարկա դառնալ, այլ միայն այնպիսի օրենսդրական բացը, որը հնարավոր չէ հաղթահարել այլ վերաբերելի իրավակարգավորումները մեկնաբանելու և կիրառելու միջոցով.

3) օրենսդրական բացը պետք է հանգեցրած լինի հակասական իրավակիրառ պրակտիկայի, որը հնարավոր չէ հաղթահարել կամ որը փաստացի չի հաղթահարվել սովորական դատարանների կողմից (...)» (ընդգծումները՝ Սահմանադրական դատարանի) (04.09.2019 թ. ՍԴՈ-1476)։

Վերահաստատելով նախկինում արտահայտած իր դիրքորոշումները՝ Սահմանադրական դատարանը հարկ է համարում շեշտել սահմանադրական իրավունքների պաշտպանության երաշխավորման և իրավական անվտանգության ապահովման հարցում դատարանների ունեցած առանձնահատուկ առաքելությունը, քանզի անառարկելի իրողություն է, որ իրավական անորոշության հաղթահարման հարցում դատական իշխանությունն օժտված է առանցքային կարևորություն ունեցող իրավանորմերի դատական մեկնաբանության լծակով, որի՝ Սահմանադրությանը համահունչ կիրառումը սահմանադրականության հաստատման և սահմանադրական իրավակարգի ապահովման գրավականներից է:

Ողջ վերոգրյալի լույսի ներքո՝ Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ Սահմանադրական դատարանի առջև դատարանների կողմից նորմատիվ իրավական ակտի/օրենքի բացի հարց բարձրացնելու պարտադիր պայման է դատարանների կողմից Սահմանադրական դատարան ներկայացվող դիմումում դատական մեկնաբանման որևէ մեթոդի կիրառմամբ այդ բացը հաղթահարելու անհնարինությունը հիմնավորելը: Սույն դեպքում միայն կարող է բարձրացվել այդ բացի՝ Սահմանադրական դատարանի քննության առարկա լինելու պայմանի ապահովվածության հարց, այն է՝ դատարանների կողմից այն այլ վերաբերելի իրավակարգավորումները մեկնաբանելու և կիրառելու միջոցով հաղթահարելու անհնարինության մասին։

Ուսումնասիրելով դիմումը՝ Սահմանադրական դատարանը փաստում է, որ դիմումի շրջանակներում օրենքի ենթադրյալ բացի հարցը բարձրացվում է Սահմանադրական դատարանի առջև առանց այլ վերաբերելի իրավակարգավորումների մեկնաբանման և կիրառման միջոցով նշված ենթադրյալ բացը հաղթահարելու դատարանի փորձի և առանց հիմնավորման, որ դատական մեկնաբանման որևէ մեթոդի կիրառմամբ անհնար է այդ բացի հաղթահարումը՝ առավել ևս այն պայմաններում, երբ Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը, իրեն վերապահված սահմանադրական առաքելության շրջանակներում քննելով Հակակոռուպցիոն դատարանի՝ թիվ ՀԿԴ/0067/02/23 հակակոռուպցիոն քաղաքացիական գործով 29.01.2025 թ. վճռի դեմ բերված բողոքը, իրավասու է, իր գնահատմամբ, վիճարկվող դրույթներին Սահմանադրությանը համահունչ մեկնաբանություն հաղորդել: Ավելին, իրավամեկնաբանողական գործիքակազմի կիրառմամբ խնդրո առարկա հարցը կարող է նաև քննության առարկա դառնալ Վճռաբեկ դատարանում՝ իր սահմանադրական առաքելության կենսագործման շրջանակներում:

Ավելին, Սահմանադրական դատարանը փաստում է, որ Դիմողն առանձին դեպքում բարձրացնում է վերացական սահմանադրական վերահսկողության հարցեր, ի շարս այլնի, նաև հայցային վաղեմության ժամկետը բաց թողնելու դեպքում ժամկետի վերականգնման, ընդհատման կամ կասեցման հնարավորությունների բացակայության վերաբերյալ՝ դիմումում առանց բավարար հստակության շարադրելու դրանց՝ սույն գործով կիրառելու անհրաժեշտությունը:

Սահմանադրական դատարանը 2022 թվականի հունվարի 14-ի ՍԴԱՈ-9 աշխատակարգային որոշմամբ գտել է. «Սահմանադրական դատարանն անթույլատրելի է համարում Բարձր դատարանի և եռաստիճան դատական համակարգի դատարանների իրավասությունների կրկնօրինակումը: Սահմանադրական դատարանը վերահաստատում է, որ եռաստիճան դատական համակարգի դատարանների կողմից դատական մեկնաբանություններով իրավունքի զարգացումը խթանելու, սահմանադրական իրավունքների և ազատությունների կրողների իրավունքների արդյունավետ պաշտպանության ապահովման նպատակով Սահմանադրության 169-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված՝ Սահմանադրական դատարան դիմելու լիազորությունը դատարանի մոտ ծագում է միայն իր բարձրացրած խնդրի լուծման իրավասության բացակայության դեպքում, հակառակ պարագայում՝ դատարանն իրավասու չէ տվյալ հարցով դիմելու Սահմանադրական դատարան»։

Այս համատեքստում Սահմանադրական դատարանն անհրաժեշտ է համարում դատարանների ուշադրությունը հրավիրել սկզբունքային նշանակություն ունեցող այն հարցին, որ Սահմանադրության 162-րդ հոդվածի 1-ին մասի ուժով Սահմանադիրը դատարաններին վերապահել է բացառապես Սահմանադրությանը և օրենքներին համապատասխան արդարադատություն իրականացնելու սահմանադրաիրավական գործառույթ, իսկ այն դեպքում, երբ վերջիններս հիմնավոր կասկած ունեն կոնկրետ գործով արդարադատության իրականացման հանգուցալուծումը պայմանավորող նորմերի ենթադրյալ հակասահմանադրականության կապակցությամբ, հայցել սահմանադրական արդարադատություն: Միևնույն ժամանակ, Սահմանադրական դատարանն ընդգծում է, որ Սահմանադրությանը համապատասխան արդարադատության իրականացումը, ի թիվս այլնի, ենթադրում է դատարանների կողմից իրավանորմերին՝ Սահմանադրությանը համահունչ մեկնաբանության հաղորդում. Սահմանադրական դատարանն անթույլատրելի է համարում Սահմանադրի կողմից դատարաններին վերապահված դատական մեկնաբանման հիմնարար գործիքակազմի այնպիսի գործադրումը, որը հանգեցնելու է արհեստածին իրավական անորոշության և ենթադրյալ օրենսդրական բացերի առաջացման՝ խաթարելով իրավական անվտանգությունն ու իրավակիրառ պրակտիկայի միասնականությունը: Ավելին, Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ Սահմանադրության 169-րդ հոդվածի 4-րդ մասում ամփոփված Սահմանադրի կամքին ուղղակի հակասում է նաև դատարանների՝ վիճարկվող դրույթներին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանության սահմանադրականության հարց Բարձր դատարանի առջև բարձրացնելը. սույն մոտեցումը խաթարում է եռաստիճան դատական համակարգի և Սահմանադրական դատարանի լիազորությունների ներդաշնակ սահմանազատումը՝ հաշվի առնելով դատական մեկնաբանման գործիքակազմով եռաստիճան դատական համակարգի օժտված լինելու հանգամանքը, առավել ևս այն պայմաններում, երբ դատարանները, և մասնավորապես՝ Վճռաբեկ դատարանը, ունեն անհրաժեշտության պարագայում սեփական պրակտիկան զարգացնելու/փոփոխելու իրավական հնարավորություն:

Սահմանադրական դատարանն անհրաժեշտ է համարում արձանագրել, որ վերոշարադյալը հիմք է տալիս պնդելու, որ սույն դիմումը չի բավարարում դրա ընդունելիության չափանիշները։

Ողջ վերոգրյալի լույսի ներքո՝ Սահմանադրական դատարանը գտնում է, որ Դիմողի կողմից Սահմանադրական դատարան դիմելու համար անհրաժեշտ պայման հանդիսացող հիմնավոր կասկածի առկայության շեմը հաղթահարված չէ: Վիճարկվող նորմերի ենթադրյալ հակասահմանադրականության վերաբերյալ Դիմողի փաստարկները Սահմանադրական դատարանը բավարար չափով հիմնավոր չի համարում, քանզի Դիմողը որևէ կերպ չի հիմնավորել վիճարկվող կարգավորումները Սահմանադրությանը համահունչ մեկնաբանելու անհնարինությունը, որպիսի հանգամանքը հանգեցնում է Սահմանադրության 169-րդ հոդվածի 4-րդ մասի իմաստով «հիմնավոր կասկածի» բացառմանը, ինչը վկայում է, որ սույն դիմումով առկա է գործի քննությունը մերժելու «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմք:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Սահմանադրության 169-րդ հոդվածի 4-րդ մասով և հիմք ընդունելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի և 71-րդ հոդվածի 1-ին մասի պահանջները՝ Սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

«Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի դիմումի հիման վրա` «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի 8-րդ հոդվածի, դրա հետ փոխկապակցված 20-րդ հոդվածի 1-ին մասի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի քննությունը մերժել:

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

ՆԱԽԱԳԱՀ Ա. ԴԻԼԱՆՅԱՆ

5 սեպտեմբերի 2025 թվականի

ՍԴԱՈ-135

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
5 սեպտեմբերի, 2025 թ.
Գործի #:
ՍԴԱՈ-135
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել