ԹԱԴԵՎՈՍ ԱԲԳԱՐՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ/2-13)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքներըԱմփոփում
Ընդ.՝ 27 մարտի 2015թ. ՍԴԴԿՈ/2 - 13 | ԹԱԴԵՎՈՍ ԱԲԳԱՐՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԹԻՎ 2 ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ
Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Ը
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Քաղ. Երևան
27 մարտի 2015թ.
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի
թիվ 2 դատական կազմը`
Նախագահությամբ Ա. Խաչատրյանի
Անդամակցությամբ Կ. Բալայանի
Ֆ.
Թոխյանի
Ուսումնասիրելով քաղաքացի Թադևոս Աբգարյանի անհատական դիմումով գործը քննության ընդունելու մասին հարցը,
Պ Ա Ր Զ Ե Ց.
Համաձայն ՀՀ Սահմանադրության 101-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի` քաղաքացի Թադևոս Աբգարյանը դիմել է ՀՀ սահմանադրական դատարան (դիմումը ՀՀ սահմանադրական դատարան է մուտքագրվել 2015 թվականի մարտի 10-ին)` խնդրելով` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 404-րդ հոդվածի 4-րդ մասը և «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի 12-րդ մասը (իրականում` հոդվածը) ճանաչել ՀՀ Սահմանադրության 3, 14, 14.1., 18 և 42-րդ հոդվածներին հակասող և անվավեր:
1. Դիմողը գտնում է, որ «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 10.06.2014թ. ՀՀ օրենքով նոր խմբագրությամբ շարադրվեց ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 404-րդ հոդվածի 4- րդ մասը, որի համաձայն` վճռաբեկ բողոքը միայն փաստաբանի միջոցով կարելի է մուտքագրել ՀՀ վճռաբեկ դատարան, ինչի պատճառով դատավարության այլ մասնակիցների թվում նաև դիմողն է զրկվում անմիջականորեն վճռաբեկ բողոք բերելու իրավունքից` անգամ այն դեպքում, երբ դատավարությունն սկսվել էր նախքան «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի ընդունումը և ուժի մեջ մտնելը:
Դիմողն իր դիմումում ներկայացրել է նաև այլ փաստարկներ:
Դիմողը միաժամանակ ներկայացրել է միջնորդություն պետական տուրքի վճարման ժամկետը հետաձգելու մասին:
2. Ելնելով դիմումի և կից փաստաթղթերի ուսումնասիրությունից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 32 և 69-րդ հոդվածների պահանջներով` դատական կազմը գտնում է, որ առկա են դիմումի քննությունը մերժելու հիմքեր` հետևյալ պատճառաբանությամբ.
2.1. դիմումի և կից փաստաթղթերի ուսումնասիրությունը վկայում է, որ վիճարկվող «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածը չի կիրառվել դիմողի նկատմամբ:
ՀՀ սահմանադրական դատարանն իր` 2009 թվականի մարտի 17-ի ՍԴԱՈ-21 որոշման մեջ արտահայտել է իրավական դիրքորոշում, ըստ որի` Սահմանադրությամբ և «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքով սահմանված` ՀՀ սահմանադրական դատարան ներկայացվող անհատական դիմումներին որպես պարտադիր պայման ներկայացվող պահանջներն ինքնանպատակ չեն: Դրանք կոչված են ապահովելու սահմանադրական արդարադատություն իրականացնելու` սահմանադրական դատարանի պատշաճ և արդյունավետ գործառույթի իրականացումը` դատարանին ձերբազատելով ինչպես անհիմն դիմումներից և դրանց հետևանքով դատարանն անհիմն ծանրաբեռնելուց, այնպես էլ այնպիսի դիմումներից, որոնք չեն ծառայելու կոնկրետ սահմանադրական վերահսկողության նպատակին:
Համաձայն ՀՀ Սահմանադրության 101-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի`սահմանադրական դատարան կարող է դիմել «յուրաքանչյուր ոք` կոնկրետ գործով, երբ առկա է դատարանի վերջնական ակտը, սպառվել են դատական պաշտպանության բոլոր միջոցները և վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված օրենքի դրույթի սահմանադրականությունը»:
ՀՀ Սահմանադրության 101-րդ հոդվածն օրենքին է վերապահել սահմանադրական դատարան դիմելու կարգի սահմանումը: Այդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետն իր կոնկրետացումն է ստացել «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասում, որը սահմանել է ֆիզիկական և իրավաբանական անձանց դիմումների ընդունելիության պայմանները. դիմում կարող է ներկայացնել այն ֆիզիկական կամ իրավաբանական անձը, որը հանդիսացել է ընդհանուր իրավասության կամ մասնագիտացված դատարաններում դատավարության մասնակից, որի նկատմամբ ընդհանուր իրավասության կամ մասնագիտացված դատարանի կողմից կիրառվել է օրենքի դրույթ, որի նկատմամբ վիճարկվող դրույթը կիրառվել է գործը լուծող վերջնական դատական ակտով, որը սպառել է դատական պաշտպանության բոլոր միջոցները: «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասում նշված որևէ պայմանի բացակայության դեպքում անհատական դիմում ներկայացրած ֆիզիկական կամ իրավաբանական անձը սահմանադրական դատարան դիմելու իրավասու սուբյեկտ չէ:
Ելնելով վերոգրյալից` դատական կազմը փաստում է, որ վիճարկվող «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի դրույթները դիմողի նկատմամբ չեն կիրառվել, ինչը, համաձայն «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 2-րդ կետի և 69-րդ հոդվածի 1-ին մասի, անհատական դիմումով գործի քննության ընդունումը մերժելու հիմք է հանդիսանում.
2.2. դիմողի կողմից վիճարկվող ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 404-րդ հոդվածի 4-րդ մասի սահմանադրականության վերաբերյալ առկա է ՀՀ սահմանադրական դատարանի 2015թ. մարտի 17-ի ՍԴՈ-1196 որոշումը, որի եզրափակիչ մասի 1-ին կետի համաձայն`«1. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 404-րդ հոդվածի 4-րդ մասը` դատավարության այն մասնակիցների մասով, ովքեր չունեն պաշտպան և որոնց համար օրենքով սահմանված կարգով երաշխավորված չէ անվճար իրավաբանական օգնություն ցույց տալու հնարավորությունը, ճանաչել Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 14.1-րդ հոդվածին, 18-րդ հոդվածի 1-ին մասին, 19-րդ հոդվածի 1- ին մասին հակասող և անվավեր` նկատի ունենալով, որ տվյալ դրույթի կիրառումն առկա իրավակարգավորումների պայմաններում սոցիալական անհամաչափ ծանրաբեռնվածություն է առաջացնում անձանց համար` կախված նրանց ֆինանսական հնարավորություններից, չապահովելով նաև անձի արդար դատաքննության, դատական պաշտպանության արդյունավետ միջոցի և դատարանի մատչելիության իրավունքների լիարժեք իրացումը»:
Հետևաբար, առկա է գործի քննության ընդունումը մերժելու` «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 3-րդ կետով նախատեսված հիմք: Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 2-րդ, 3-րդ կետերով, ինչպես նաև 69-րդ հոդվածի 1-ին մասով` ՀՀ սահմանադրական դատարանի թիվ 2 դատական կազմը
Ո Ր Ո Շ Ե Ց.
Քաղաքացի Թադևոս Աբգարյանի անհատական դիմումով գործի քննության ընդունումը մերժել:
Նախագահող
Անդամներ
27 մարտի 2015 թվականի
ՍԴԴԿՈ/2-13
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 27 մարտի, 2015 թ.
- Գործի #:
- ՍԴԴԿՈ/2-13
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
