«ԱՐՄԵՆ ԿԱՆԴԵՎՈՍՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ «ՕՊԵՐԱՏԻՎ-ՀԵՏԱԽՈՒԶԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ 31-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 4-ՐԴ ՄԱՍԻ, 34-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ, 2 ԵՎ 4-ՐԴ ՄԱՍԵՐԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԱՈ-79)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքներըԱմփոփում
Ընդ.՝ 20 մայիսի 2026թ. ՍԴԱՈ - 79 | «ԱՐՄԵՆ ԿԱՆԴԵՎՈՍՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ «ՕՊԵՐԱՏԻՎ-ՀԵՏԱԽՈՒԶԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ 31-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 4-ՐԴ ՄԱՍԻ, 34-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ, 2 ԵՎ 4-ՐԴ ՄԱՍԵՐԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամբողջ Տեքստ
«ԱՐՄԵՆ ԿԱՆԴԵՎՈՍՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ «ՕՊԵՐԱՏԻՎ-ՀԵՏԱԽՈՒԶԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ 31-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 4-ՐԴ ՄԱՍԻ, 34-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ, 2 ԵՎ 4-ՐԴ ՄԱՍԵՐԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Սահմանադրական դատարանը, քննության առնելով «Արմեն Կանդևոսյանի դիմումի հիման վրա՝ «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» օրենքի 31-րդ հոդվածի 4-րդ մասի, 34-րդ հոդվածի 1-ին, 2 և 4-րդ մասերի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի քննությունը մերժելու մասին առաջարկությունը, ՊԱՐԶԵՑ.
1. 2026 թվականի ապրիլի 14-ին Սահմանադրական դատարան է մուտքագրվել Արմեն Կանդևոսյանի (այսուհետ՝ Դիմող, ներկայացուցիչ՝ փաստաբան Առնոլդ Վարդանյան) դիմումը, որով Դիմողը խնդրել է.
«(...) «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածի 4-րդ մասը համակարգային առումով փոխկապակցած նույն օրենքի 34-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 4-րդ մասերի հետ և իրավակիրառ պրակտիկայում դրան դատարանների կողմից տրված մեկնաբանությունները ճանաչել ՀՀ Սահմանադրության 31-րդ, 78-րդ, 79-րդ, 80-րդ, 81-րդ հոդվածներով սահմանված պահանջներին հակասող և անվավեր, այնքանով որքանով որ, ի հակադրումն Սահմանադրական դատարանի և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իրավական դիրքորոշումների և միջազգային առաջադեմ չափորոշիչների, հնարավորություն է ընձեռում «օրենքին համապատասխան» միջազգային չափանիշի շրջանցմամբ և անհամաչափորեն միջամտել դիմող Արմեն Կանդևոսյանի մասնավոր կյանքի անձեռնմխելիության իրավունքին և թույլատրել «լուրջ միջամտություն» ենթադրող օպերատիվ-հետախուզական միջոցառումներ անցկացնել փաստացի միջին ծանրության հանցանք համարվող կաշառք տալու հանցանքի կատարման մեջ կասկածվող անձի նկատմամբ, այն պայմաններում, երբ նման միջոցառումների անցկացումն օրենքով թույլատրվում է բացառապես ծանր կամ առանձնապես ծանր հանցանքների կատարման մեջ կասկածվող անձանց նկատմամբ»:
2. Դիմողը նշում է, որ Հայաստանի Հանրապետությունը՝ որպես Եվրոպայի խորհրդի ընտանիքի անդամ պետություն, մի կողմից ստանձնել է պոզիտիվ պարտականություն՝ երաշխավորելու անձանց մասնավոր կյանքի անձեռնմխելիության իրավունքի պաշտպանությունը, մյուս կողմից՝ նեգատիվ պարտականություն՝ զերծ մնալու անձանց մասնավոր կյանքի անձեռնմխելիության իրավունքի նկատմամբ միջամտություն իրականացնելուց՝ առանց անհրաժեշտ իրավական երաշխիքների ապահովման, որոնք դատական սանկցիավորման ենթակա գաղտնի միջոցառումների դեպքում պահանջում են, որ անձը հիմնավոր կերպով կասկածվի ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության կատարման մեջ։ Ըստ Դիմողի՝ նշվածը ներպետական մակարդակում ուրվագծում է անձի մասնավոր կյանքի անձեռնմխելիության իրավունքի պաշտպանության սահմանադրական բովանդակությունը՝ հրամայական դարձնելով անձանց մասնավոր կյանքի անձեռնմխելիության իրավունքի նկատմամբ առանց անհրաժեշտության միջամտության իրականացման բացառումը։
Դիմողը գտնում է, որ «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» օրենքի 31-րդ հոդվածի 4-րդ մասը՝ համակարգային առումով փոխկապակցված նույն օրենքի 34-րդ հոդվածի 1-ին, 2 և 4-րդ մասերի հետ, ինչպես նաև իրավակիրառ պրակտիկայում դրանց տրված հակասահմանադրական մեկնաբանությունը հանգեցրել են նրան, որ թույլատրվել է իրականացնել մասնավոր կյանքի անձեռնմխելիության նկատմամբ լուրջ միջամտություն ենթադրող օպերատիվ-հետախուզական գաղտնի միջոցառումներ այնպիսի հանցագործության կատարման համար, որը ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության «օրենքով նախատեսված» պայմանին չէր համապատասխանում և երբևէ ողջամտորեն չէր էլ կարող համապատասխանել։ Դիմողի պնդմամբ՝ նշվածի արդյունքում խաթարվել են ինչպես միջամտության ենթարկված անձի՝ իր մասնավոր կյանքի անձեռնմխելիության իրավունքի սահմանադրական և կոնվենցիոն պաշտպանության երաշխիքները, այնպես էլ խախտվել են այն մոտեցումները, որոնք ձևավորվել են Սահմանադրական դատարանի՝ 2020 թվականի ապրիլի 28-ի ՍԴՈ-1526 որոշմամբ, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ «Սեֆիլյանն ընդդեմ Հայաստանի», «Համբարձումյանն ընդդեմ Հայաստանի» և մի շարք այլ երկրների դեմ մասնավոր կյանքի անձեռնմխելիության իրավունքի ապահովման երաշխիքների առումով կայացված վճիռներով, ինչպես նաև Վենետիկի հանձնաժողովի՝ «Գաղտնի վերահսկողության մասին» Վրաստանի Հանրապետության օրենքի վերաբերյալ կարծիքով:
Դիմողը նշում է, որ 2021 թվականի մայիսի 5-ին ընդունված և 2022 թվականի հուլիսի 1-ից ուժի մեջ մտած ՀՀ քրեական նոր օրենսգրքում կաշառք տալու և կաշառք ստանալու խոշոր և առանձնապես խոշոր չափեր օրենսդրի կողմից չեն նախատեսվել, ինչը հստակ փաստել է նույնիսկ Վճռաբեկ դատարանը՝ մեկ այլ՝ թիվ ՀԿԴ/0054/01/22 քրեական գործի շրջանակներում 2024 թվականի հուլիսի 26-ին կայացված որոշմամբ (12-րդ կետ)՝ ընդունելով ՀՀ քրեական նոր օրենսգրքում առկա օրենսդրական բացը և դատական մեկնաբանությամբ այդ խնդիրը հաղթահարելու անհնարինությունը։ Ըստ Դիմողի՝ նշվածը հանգեցրել է իրավակիրառ այնպիսի պրակտիկայի ձևավորմանը, երբ, 2022 թվականի հուլիսի 1-ից ի վեր, անձանց՝ կաշառք տալու կամ ստանալու արարքները ՀՀ քրեական նոր օրենսգրքով չեն որակվում որպես խոշոր կամ առանձնապես խոշոր չափերով կատարված և երբևէ օբյեկտիվորեն չեն էլ կարող որակվել որպես ծանր կամ առանձնապես ծանր հանցանքներ զուտ կաշառքի չափով պայմանավորված՝ այդպիսի չափերի բացակայության պատճառով։
Դիմողը գտնում է, որ իրավակիրառ պրակտիկայում ձևավորված և զարգացված մոտեցումը, որը շրջանցում է հանցանքի ծանրության իրավական գնահատումը, ստեղծում է մի վիճակ, երբ նույնիսկ դատարանի կողմից իրականացվող դատական վերահսկողությունը դառնում է ձևական՝ առանց ապահովելու «Համբարձումյանն ընդդեմ Հայաստանի» գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից սահմանված՝ պատշաճ դատական վերահսկողության պայմանը՝ «առարկայազուրկ դարձնելով դատարանի գործառույթն անգամ առերևույթության մակարդակում ստուգելու, թե արդյոք անձին մեղսագրվող արարքն առնվազն օրենքի մակարդակում կաշառքի չափով պայմանավորված համարվում է ծանր կամ առանձնապես ծանր, թե ոչ»։ Դիմողի պնդմամբ՝ այսպիսի մոտեցումն առհասարակ իմաստազրկում է դատական վերահսկողությունն օպերատիվ-հետախուզական միջոցառումների նկատմամբ, քանի որ ստացվում է, որ մի կողմից օրենքն ուղղակիորեն պահանջում է բովանդակային առումով ստուգել անձին մեղսագրվող արարքի ծանրության աստիճանը՝ գնահատելու համար անձի մասնավոր կյանքի տիրույթ լուրջ միջամտության իրականացման համաչափությունը, մյուս կողմից՝ ձևավորված դատական պրակտիկան արգելափակում է այդպիսի հնարավորությունը՝ «աչք փակելով» անձի մասնավոր կյանքի անձեռնմխելիության իրավունքի պաշտպանության նկատմամբ, արժեզրկելով դատարանի կողմից իրականացվող դատական վերահսկողության գործառութային դերը և բարձրացնելով բոլորիս նկատմամբ կամայական ձևով գաղտնի միջոցառումների իրականացման հնարավորությունը։
Ամփոփելով՝ Դիմողը եզրահանգում է, որ «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» օրենքի 31-րդ հոդվածի 4-րդ մասը՝ համակարգային առումով փոխկապակցված նույն օրենքի 34-րդ հոդվածի 1-ին, 2 և 4-րդ մասերի հետ, ինչպես նաև իրավակիրառ պրակտիկայում դրանց տրված մեկնաբանությունը չեն համապատասխանում Սահմանադրության 31, 78, 79, 80 և 81-րդ հոդվածներին այնքանով, որքանով, ի հակադրումն Սահմանադրական դատարանի և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իրավական դիրքորոշումների և միջազգային առաջադեմ չափորոշիչների, դրանցով հնարավորություն է ընձեռվում «օրենքին համապատասխան» միջազգային չափանիշի շրջանցմամբ և անհամաչափորեն միջամտել իր մասնավոր կյանքի անձեռնմխելիության իրավունքին և թույլատրել «լուրջ միջամտություն» ենթադրող օպերատիվ-հետախուզական միջոցառումներ անցկացնել փաստացի միջին ծանրության հանցանք համարվող՝ կաշառք տալու հանցանքի կատարման մեջ կասկածվող անձի նկատմամբ՝ այն պայմաններում, երբ նման միջոցառումների անցկացումն օրենքով թույլատրվում է բացառապես ծանր կամ առանձնապես ծանր հանցանքների կատարման մեջ կասկածվող անձանց նկատմամբ։
3. Ելնելով դիմումի և կից փաստաթղթերի ուսումնասիրությունից, ինչպես նաև ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի (այսուհետ նաև՝ Սահմանադրական օրենք) 29 և 69-րդ հոդվածներով՝ Սահմանադրական դատարանը գտնում է, որ սույն անհատական դիմումով գործի քննությունը ենթակա է մերժման՝ հետևյալ պատճառաբանությամբ.
Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի համաձայն՝ Սահմանադրական դատարան կարող է դիմել յուրաքանչյուր ոք՝ կոնկրետ գործով, երբ առկա է դատարանի վերջնական ակտը, սպառվել են դատական պաշտպանության բոլոր միջոցները և վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման՝ հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը։
Սահմանադրական վերոհիշյալ նորմն իր ամրագրումն է ստացել նաև Սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասում, որը սահմանում է այն հիմքերը, որոնց միաժամանակյա առկայության պարագայում ֆիզիկական կամ իրավաբանական անձը կոնկրետ գործով անհատական դիմում կարող է ներկայացնել Սահմանադրական դատարան։ Դրանք են՝
ա) երբ կոնկրետ գործով առկա է դատարանի վերջնական ակտը,
բ) երբ սպառվել են ներպետական դատական պաշտպանության բոլոր միջոցները,
գ) երբ վիճարկվում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման՝ հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը:
Սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին աշխատակարգային որոշում է ընդունում, եթե դիմումում առաջադրված հարցերը ենթակա չեն Սահմանադրական դատարանին:
Սահմանադրական դատարանը 2009 թվականի մարտի 17-ի ՍԴԱՈ-21 աշխատակարգային որոշմամբ արձանագրել է. «(…) բոլոր այն դեպքերում, երբ դիմողը, ձևականորեն վիճարկելով օրենքի դրույթի սահմանադրականության հարց, ըստ էության բարձրացնում է այդ դրույթի կիրառման իրավաչափության հարց կամ հետապնդում է այլ նպատակներ, ապա այդպիսի դիմումները ենթակա են մերժման` (…) որպես սահմանադրական դատարանի քննության ենթակա հարց չառաջադրող դիմումներ»:
Այս առումով Սահմանադրական դատարանը հարկ է համարում փաստել, որ սահմանադրական կոնկրետ վերահսկողության առարկա կարող են դառնալ այնպիսի վեճեր, որոնց հիմքում դրված են ոչ թե կոնկրետ գործի փաստական և (կամ) իրավական հանգամանքների գնահատման, վիճարկվող իրավական նորմի տվյալ գործով կիրառման կամ չկիրառման, այլ նորմատիվ իրավական ակտի վիճարկվող դրույթի կամ դրույթների (իրավակիրառ պրակտիկայում դրանց տրված մեկնաբանության, դրանցում առկա ենթադրյալ օրենսդրական բացի) սահմանադրականության գնահատման հարցեր:
Քննարկվող համատեքստում հաշվի առնելով Դիմողի ներկայացրած դիրքորոշումները և հիմնավորումները՝ Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ վերջինիս կողմից բարձրացվել է այնպիսի հարց, որը ենթակա չէ Սահմանադրական դատարանի քննությանը՝ հետևյալ պատճառաբանությամբ.
գործի նյութերի ուսումնասիրությունը վկայում է, որ սույն անհատական դիմումով Դիմողը, ձևականորեն վիճարկելով «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» օրենքի 31-րդ հոդվածի 4-րդ մասի, 34-րդ հոդվածի 1-ին, 2 և 4-րդ մասերի (իրավակիրառ պրակտիկայում դրանց տրված մեկնաբանության) սահմանադրականությունը, ըստ էության, բարձրացնում է տվյալ դրույթների կիրառման իրավաչափության հարց:
Այսպես՝ նկատի ունենալով սույն անհատական դիմումով Դիմողի կողմից ներկայացված դիրքորոշումները՝ Սահմանադրական դատարանը գտնում է, որ վերջինս իր անհամաձայնությունն է հայտնում թիվ ՕՀՄ-09/20.12.2023 դատական վարույթով ՀՀ դատարանների կողմից կայացված դատական ակտերի բովանդակության առնչությամբ։ Մասնավորապես՝ Դիմողը վիճարկվող՝ «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» օրենքի 31-րդ հոդվածի 4-րդ մասի, 34-րդ հոդվածի 1-ին, 2 և4-րդ մասերի (իրավակիրառ պրակտիկայում դրանց տրված մեկնաբանության) հակասահմանադրականության որևէ հիմնավոր փաստարկ չի ներկայացնում, իսկ որպես փաստարկ ներկայացվող դիրքորոշումներն առավելապես վերաբերում են խնդրո առարկա դատական վարույթով ՀՀ դատարանների, մասնավորապես, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի և Վճռաբեկ դատարանի գործողությունների (կայացրած դատական ակտերի) իրավաչափությանը:
Այսպիսով, սույն դիմումով Դիմողի կողմից բարձրացված հարցի ըստ էության քննությունը ենթադրում է Սահմանադրական դատարանի կողմից ոչ թե վիճարկվող դրույթների (իրավակիրառ պրակտիկայում դրանց տրված մեկնաբանության) սահմանադրականության գնահատում, այլ թիվ ՕՀՄ-09/20.12.2023 դատական վարույթի շրջանակներում Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի և Վճռաբեկ դատարանի կողմից կայացված դատական ակտերի իրավաչափության ստուգում, ինչը դուրս է Սահմանադրական դատարանի իրավասության շրջանակից:
Ուստի՝ Սահմանադրական դատարանը եզրահանգում է, որ սույն անհատական դիմումի հիման վրա գործի քննությունը Սահմանադրական դատարանի կողմից ենթակա է մերժման՝ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիման վրա՝ դիմումում առաջադրված հարցի՝ Սահմանադրական դատարանին ենթակա չլինելու հիմքով։
Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով՝ Սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.
«Արմեն Կանդևոսյանի դիմումի հիման վրա՝ «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» օրենքի 31-րդ հոդվածի 4-րդ մասի, 34-րդ հոդվածի 1-ին, 2 և4-րդ մասերի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի քննությունը մերժել:
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
ՆԱԽԱԳԱՀ Ա. ԴԻԼԱՆՅԱՆ
20 մայիսի 2026 թվականի
ՍԴԱՈ-79
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 20 մայիսի, 2026 թ.
- Գործի #:
- ՍԴԱՈ-79
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
