Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/ԷԴՎԱՐԴ ՆԵՐՍԻՍՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

ԷԴՎԱՐԴ ՆԵՐՍԻՍՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Սահմանադրական դատարանՍԴԴԿՈ-3117 մայիսի, 2021 թ.Բնօրինակ աղբյուր
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ-31)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքները

Ամփոփում

Ընդ.՝ 17 մայիսի 2021թ. ՍԴԴԿՈ - 31 | ԷԴՎԱՐԴ ՆԵՐՍԻՍՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Ամբողջ Տեքստ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ

ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ ՈՐՈՇՈՒՄ

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Քաղ. Երևան 17 մայիսի 2021թ.

Սահմանադրական դատարանի դատական կազմը`

Նախագահությամբ Է. Շաթիրյանի

Անդամակցությամբ Վ. Գրիգորյանի

Ե. Խունդկարյանի

Քննության առնելով Էդվարդ Ներսիսյանի անհատական դիմումի

ընդունելիության հարցը,

ՊԱՐԶԵՑ.

1. Էդվարդ Ներսիսյանի դիմումը Սահմանադրական դատարան է մուտքագրվել 2021 թվականի ապրիլի 27-ին: Դիմողը խնդրում է. «ՀՀ Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 107-րդ հոդվածի 2-րդ և 108-րդ հոդվածի 2-րդ կետերը, այն մասով որ նախատեսում են փոխհատուցում վճարման ենթակա դատական ծախսերի և վճարման ենթակա գումարների մասով Սահմանադրության 79-րդ, 80-րդ և 81-րդ հոդվածներին հակասող և անվավեր»:

2. Դիմողն առաջ է քաշում Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի (այսուհետ Օրենսգիրք) 107-րդ հոդվածի 2-րդ մասի և 108-րդ հոդվածի 2-րդ մասի իրավակիրառ պրակտիկայում դրանց տրված մեկնաբանությամբ, Սահմանադրության մի շարք հոդվածներին հակասելու վարկած: Մասնավորապես, հղում կատարելով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (այսուհետ ՄԻԵԴ) «Մելտեքս» ՍՊԸ-ն և Մեսրոպ Մովսեսյանն ընդդեմ Հայաստանի» գործով 2008 թվականի հունիսի 17-ի վճռի 10-րդ կետում արտահայտված իրավական դիրքորոշմանը դիմողն արձանագրում է, որ ՄԻԵԴ-ը փոխհատուցելի է համարել միայն կատարված ծախսերը, և ՄԻԵԴ-ի վճիռը չի պարունակում նշում վճարման ենթակա ծախսերի մասին: Մինչդեռ ըստ դիմողի` Օրենսգրքի վիճարկվող նորմերը սահմանում են, որ փոխհատուցման ենթակա են նաև վճարման ենթակա դատական ծախսերը: Վերոգրյալի հիման վրա դիմողը գտնում է, որ «….դատարանները իմ նկատմամբ կիրառելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 107-րդ և 108-րդ հոդվածների 2-րդ կետերը, թույլ են տվել նյութական և դատավարական խախտում, հակասել են ՀՀ Սահմանադրության 80-րդ և 81-րդ հոդվածներին, որն էլ խախտել է Էդվարդ Ներսիսյանի սահմանադրության 63-րդ հոդվածով երաշխավորված արդար դատաքննության իրավունքը և կայացված դատական ակտը այդ մասով օրինական համարվել չի կարող»: Դիմողը նշում է, որ թիվ ԵԴ/29103/02/19 քաղաքացիական գործով Դ. Նազարյանի և Ռ. Բաբակեխյանի կողմից չի ներկայացվել որևէ ապացույց առ այն, որ իրենց կողմից կատարվել են փաստաբանական ծառայության վճարումներ: Այդ առնչությամբ դիմողն արձանագրում է, որ վերաքննիչ բողոքում, մասնավորապես, նշել է. «(…) միայն սույն հանգամանքը, որ փաստաբանական ծախսերը Դոնարա Նազարյանի և Ռուբեն Բաբակեխյանի կողմից իրականում կատարված չեն, առավել քան բավարար է եղել դատարանին, որ հիմք ընդունելով «Մելտեքս» ՍՊԸ-ն և Մեսրոպ Մովսեսյանն ընդդեմ Հայաստանի Հանրապետության գանգատ թիվ 32283/04) 2008 թվականի հունիսի 17-ի վճռի 10-րդ կետով արտահայտած իրավական դիրքորոշումը և մերժեր դրա բավարարումը»:

3. Ուսումնասիրելով սույն անհատական դիմումը և վերջինիս կից ներկայացված դատական ակտերը, ինչպես նաև ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի (այսուհետ Օրենք) 29 և 69-րդ հոդվածների պահանջներով` Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ սույն անհատական դիմումով գործի քննությունը ենթակա է մերժման ներքոնշյալ պատճառաբանությամբ. դիմողը որպես Օրենսգրքի վիճարկվող նորմերի հակասահմանադրականության հիմնավորում նշում է, որ իրավակիրառ պրակտիկայում դրանց տրված մեկնաբանությունը հակասել է ՄԻԵԴ-ի «Մելտեքս» ՍՊԸ-ն և Մեսրոպ Մովսեսյանն ընդդեմ Հայաստանի» գործով վճռի 10-րդ կետով արտահայտված իրավական դիրքորոշմանը: Դիմողն իր դիրքորոշումը հիմնավորել է այն հանգամանքով, որ դատարանը, փաստաբանական ծառայություններ մատուցելու դիմաց վճարման ենթակա գումարները բռնագանձելու վերաբերյալ որոշում կայացնելով հօգուտ Դ. Նազարյանի և Ռ. Բաբակեխյանի, թույլ է տվել դատական սխալ, քանի որ վերջիններիս կողմից չի ներկայացվել որևէ ապացույց առ այն, որ իրենց կողմից կատարվել են փաստաբանական ծառայության վճարումներ «Լեքս ֆակտոր» ՍՊԸ-ին: Մինչդեռ ՄԻԵԴ-ի վերոնշյալ ակտի համաձայն դիմումատուին տրվում է իր ծախսերի փոխհատուցում միայն այն դեպքում, երբ ցույց է տրվում, որ դրանք իրականում կատարվել են, եղել են անհրաժեշտ և իրենց ծավալով ողջամիտ են: Վերոգրյալից հետևում է, որ դիմողը Օրենսգրքի համապատասխան նորմերի սահմանադրականությունը վիճարկում է ոչ թե դրանց և Սահմանադրության միջև ենթադրյալ հակասության համատեքստում, ինչը Սահմանադրական դատարան ներկայացվող դիմումների համար պարտադիր պայման է, այլ դրանց և ՄԻԵԴ-ի ակտով արտահայտված իրավական դիրքորոշումների միջև ենթադրյալ հակասության համատեքստում: Դիմողը նշում է, որ վիճարկվող նորմերը, իր կարծիքով, հակասում են Սահմանադրության 79, 80 և 81-րդ հոդվածներին, սակայն դիմողի կողմից ներկայացված պնդումներն իրականում ուղղված են վիճարկվող նորմին դատարանի կողմից տրված մեկնաբանության և ՄԻԵԴ-ի դիրքորոշման միջև ենթադրյալ հակասությունը հիմնավորելուն: Հաշվի առնելով վերոնշյալը Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ ձևականորեն բարձրացնելով իրավական նորմի սահմանադրականության հարց դիմողն իրականում առաջ է քաշում նորմի կիրառման իրավաչափության հարց, որի քննությունը դուրս է Սահմանադրական դատարանի իրավասությունից: Սահմանադրական դատարանի 2009 թվականի մարտի 17-ի ՍԴԱՈ-21 աշխատակարգային որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշման համաձայն բոլոր այն դեպքերում, երբ դիմողը, ձևականորեն վիճարկելով օրենքի դրույթի սահմանադրականության հարց, ըստ էության բարձրացնում է այդ դրույթի կիրառման իրավաչափության հարց, ապա այդպիսի դիմումները ենթակա են մերժման` որպես Սահմանադրական դատարանի քննության ենթակա հարց չառաջադրող դիմումներ: Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ Սահմանադրական դատարանի վերոնշյալ իրավական դիրքորոշումը կիրառելի է նաև սույն գործով Օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի իմաստով, որին համապատասխան Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին որոշում է ընդունում, եթե դիմումում առաջադրված հարցերը ենթակա չեն Սահմանադրական դատարանին: Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով Սահմանադրական դատարանի դատական կազմը

ՈՐՈՇԵՑ.

Էդվարդ Ներսիսյանի անհատական դիմումով գործի քննությունը մերժել:

Նախագահող Է. Շաթիրյան

Անդամներ Վ. Գրիգորյան

Ե. Խունդկարյան

17 մայիսի 2021 թվականի

ՍԴԴԿՈ-31

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
17 մայիսի, 2021 թ.
Գործի #:
ՍԴԴԿՈ-31
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել