«ՀՀ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` «ՀՀ ԴԱՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԻ 41-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 4-ՐԴ ՄԱՍԻ ԵՎ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ «ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ՄԻՋԵՎ ԳՈՐԾԵՐԻ ՀԱՎԱՍԱՐԱՉԱՓ ԲԱՇԽՄԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ ԵՎ ԿԱՐԳԸ, ԳՈՐԾԵՐԻ ՎԵՐԱԲԱՇԽՄԱՆ, ԿՈԼԵԳԻԱԼ ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԵՐԸ ՁԵՎԱՎՈՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ ԵՎ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻՆ
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԱՈ-143)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքներըԱմփոփում
Ընդ.՝ 6 սեպտեմբերի 2022թ. ՍԴԱՈ - 143 | «ՀՀ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` «ՀՀ ԴԱՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԻ 41-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 4-ՐԴ ՄԱՍԻ ԵՎ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ «ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ՄԻՋԵՎ ԳՈՐԾԵՐԻ ՀԱՎԱՍԱՐԱՉԱՓ ԲԱՇԽՄԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ ԵՎ ԿԱՐԳԸ, ԳՈՐԾԵՐԻ ՎԵՐԱԲԱՇԽՄԱՆ, ԿՈԼԵԳԻԱԼ ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԵՐԸ ՁԵՎԱՎՈՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ ԵՎ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻՆ ՀԱՆՁՆՎՈՂ ԳՈՐԾԵՐԻ ՏՈԿՈՍԱՉԱՓԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԹԻՎ ԲԴԽ-16-Ն-6 ՈՐՈՇՄԱՆ 4-ՐԴ ԿԵՏԻ ԵՎ ԴՐԱ ՀԱՎԵԼՎԱԾ 1-Ի 19-ՐԴ ԿԵՏԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈ
Ամբողջ Տեքստ
«ՀՀ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` «ՀՀ ԴԱՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԻ 41-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 4-ՐԴ ՄԱՍԻ ԵՎ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ «ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ՄԻՋԵՎ ԳՈՐԾԵՐԻ ՀԱՎԱՍԱՐԱՉԱՓ ԲԱՇԽՄԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ ԵՎ ԿԱՐԳԸ, ԳՈՐԾԵՐԻ ՎԵՐԱԲԱՇԽՄԱՆ, ԿՈԼԵԳԻԱԼ ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԵՐԸ ՁԵՎԱՎՈՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ ԵՎ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻՆ ՀԱՆՁՆՎՈՂ ԳՈՐԾԵՐԻ ՏՈԿՈՍԱՉԱՓԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԹԻՎ ԲԴԽ-16-Ն-6 ՈՐՈՇՄԱՆ 4-ՐԴ ԿԵՏԻ ԵՎ ԴՐԱ ՀԱՎԵԼՎԱԾ 1-Ի 19-ՐԴ ԿԵՏԻ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՎԱՐՈՒՅԹԸ ԿԱՐՃԵԼՈՒ ՄԱՍԻՆ Սահմանադրական դատարանը, քննության առնելով «ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի դիմումի հիման վրա` «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 41-րդ հոդվածի 4-րդ մասի և Բարձրագույն դատական խորհրդի «Դատավորների միջև գործերի հավասարաչափ բաշխման չափանիշները և կարգը, գործերի վերաբաշխման, կոլեգիալ դատական կազմերը ձևավորելու կարգը և դատավորներին հանձնվող գործերի տոկոսաչափեր սահմանելու մասին» թիվ ԲԴԽ-16-Ն-6 որոշման 4-րդ կետի և դրա Հավելված 1-ի 19-րդ կետի Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի վարույթը կարճելու վերաբերյալ առաջարկությունը, ՊԱՐԶԵՑ.
1. ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի դիմումը Սահմանադրական դատարան է մուտքագրվել 2021 թվականի դեկտեմբերի 22-ին: Դիմողը Սահմանադրական դատարան ներկայացրած իր դիմումում խնդրել է.
«(…)
Որոշել «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 41-րդ հոդվածի 4-րդ մասի և Բարձրագույն դատական խորհրդի «Դատավորների միջև գործերի հավասարաչափ բաշխման չափանիշները և կարգը, գործերի վերաբաշխման, կոլեգիալ դատական կազմերը ձևավորելու կարգը և դատավորներին հանձնվող գործերի տոկոսաչափեր սահմանելու մասին» թիվ ԲԴԽ-16-Ն-6 որոշման 4-րդ կետի և դրա Հավելված 1-ի 19-րդ կետի համապատասխանությունը ՀՀ Սահմանադրության 63-րդ, 78-րդ, 79-րդ և 81-րդ հոդվածներին»: Սահմանադրական դատարանի 2022 թվականի փետրվարի 8-ի ՍԴԱՈ-26 աշխատակարգային որոշմամբ «ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի դիմումի հիման վրա` «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 41-րդ հոդվածի 4-րդ մասի և Բարձրագույն դատական խորհրդի «Դատավորների միջև գործերի հավասարաչափ բաշխման չափանիշները և կարգը, գործերի վերաբաշխման, կոլեգիալ դատական կազմերը ձևավորելու կարգը և դատավորներին հանձնվող գործերի տոկոսաչափեր սահմանելու մասին» թիվ ԲԴԽ-16-Ն-6 որոշման 4-րդ կետի և դրա Հավելված 1-ի 19-րդ կետի Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործն ընդունվել է քննության: «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքը (այսուհետ նաև Օրենսգիրք) Ազգային ժողովի կողմից ընդունվել է 2018 թվականի փետրվարի 7-ին (ՀՕ-95-Ն), Հանրապետության նախագահի կողմից ստորագրվել 2018 թվականի փետրվարի 10-ին և ուժի մեջ է մտել 2018 թվականի ապրիլի 9-ից: Օրենսգրքի «Դատարաններում գործերի բաշխման համակարգչային ծրագիրը» վերտառությամբ 41-րդ հոդվածի 4-րդ մասը սահմանում է. «4. Եթե անհաղթահարելի ուժի հետևանքով գործերի բաշխումը հնարավոր չէ իրականացնել Համակարգչային ծրագրի միջոցով, ապա գործերը ըստ դատավորների ազգանունների այբբենական հերթականության, հաշվի առնելով սույն օրենսգրքի 42-րդ հոդվածի 4-րդ և 5-րդ մասերով սահմանված առանձնահատկությունները, դատավորների միջև հավասարաչափ բաշխում է դատարանի նախագահը»: Վիճարկվող դրույթն ընդունման պահից որևէ լրացման կամ փոփոխության չի ենթարկվել:
«Դատավորների միջև գործերի հավասարաչափ բաշխման չափանիշները և կարգը, գործերի վերաբաշխման, կոլեգիալ դատական կազմերը ձևավորելու կարգը և դատավորներին հանձնվող գործերի տոկոսաչափեր սահմանելու մասին» Բարձրագույն դատական խորհրդի 25.03.2021թ. (ուժի մեջ է մտել 28.05.2021թ.) թիվ ԲԴԽ-16-Ն-6 որոշման (այսուհետ նաև Որոշում) 4-րդ կետը սահմանում է. «4. Սույն որոշման 1-ին հավելվածի 1-ին կետի 2-րդ, 4-րդ, 5-րդ և 6-րդ ենթակետերով, 2-րդ, 3-րդ, 5-րդ, 6-րդ, 10-րդ, 11-րդ, 12-րդ, 13-րդ, 16-րդ, 20-րդ, 22-րդ, 23-րդ, 24-րդ, 26-րդ, 27-րդ և 28-րդ կետերով, 2-րդ հավելվածի 4-րդ կետով սահմանված կարգավորումներն իրացնել համապատասխան ծրագրային լուծումների հետ միաժամանակ»: Որոշման Հավելված 1-ի 19-րդ կետն ունի հետևյալ բովանդակությունը.
«19. Այն դեպքում, երբ առաջանում է դատարանում գործի բաշխման անհնարինություն, ապա դատարանի (պալատի) նախագահն Օրենսգրքի 41-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված կարգով բաշխումն իրականացնելուց հետո նույն հոդվածի 5-րդ մասով սահմանված կարգով այդ մասին անհապաղ տեղեկացնում է Խորհրդին»:
2. Մարդու իրավունքների պաշտպանի (այսուհետ նաև դիմող) դիրքորոշման համաձայն դատական գործերի բաշխման ավտոմատացված համակարգի չգործարկվելու պայմաններում գործերի բաշխումն իրականացվում է դատարանի նախագահների կողմից առանց չափանիշների ու միասնական ամրագրված մոտեցումների արձանագրելով, որ «(…) Դատական օրենսգիրքն էլ չի նախատեսում կարգավորումներ նման դեպքերի համար», և որպես հետևանք առաջանում է անձի սահմանադրական իրավունքների խնդրահարույց իրավիճակ: Դիմողը, վերլուծելով Օրենսգրքի 40-րդ, 41-րդ, 42-րդ հոդվածները, արձանագրում է, որ օրենսդիրը դատավորների միջև դատական գործերի բաշխման հիմնական եղանակ է դիտարկել համակարգչային ծրագրով էլեկտրոնային եղանակով, գործերի բաշխումը, և իբրև բացառություն նախատեսել անհաղթահարելի ուժի առկայության դեպք(եր)ում գործերի ձեռքով մակագրությունը: Դիմողը նշում է, որ Օրենսգրքով «անհաղթահարելի ուժի» բովանդակության կամ չափանիշների բացակայության պատճառով գործնականում «անհաղթահարելի ուժ» դիտարկվելով քրեական գործի շրջանակներում նշված համակարգչային ծրագրի սերվերի մուտքի և կառավարման բանալիների առգրավման փաստը մակագրման հիմնական եղանակի հաղթահարման շեմն իջեցվում է, և համակարգչային ծրագրի միջոցով մակագրության պահանջից բացառությունը դառնում կանոն: Չհամաձայնելով Օրենսգրքում օգտագործվող «անհաղթահարելի ուժ» հասկացության իրավակիրառ պրակտիկայում տեղ գտած մեկնաբանության հետ դիմողը նկատում է, որ Օրենսգրքով նախատեսված գործերի բաշխման հիմնական եղանակից բացառություն նախատեսող այդ շեմը չէր կարող այդքան հեշտ հաղթահարելի լինել, և որ «(…) «անհաղթահարելի ուժ» հասկացությունն ինքը ենթադրում է մարդու կամքից անկախ վրա հասած արտակարգ իրադարձություն կամ աղետ, որ չի կարող կանխատեսվել կամ վերացվել (օրինակ երկրաշարժ, պատերազմ և այլն)»: Դիմողը, ընդունելով, որ հանցագործությունների դեմ պայքարում պետության գործողություններն ուղղված են, ի թիվս այլնի, հասարակական կարգի ու անվտանգության, մարդկության անվտանգության պաշտպանությանը, ինչպես նաև հանցագործությունների կանխմանը, նշում է, որ պետությունը պետք է ողջամիտ հավասարակշռություն ապահովի այդ երկու խնդիրների շրջանակներում իր կողմից ընտրված միջոցների ձեռնարկման հարցում: Դիմողն այս համատեքստում պնդում է, որ քննարկվող պարագայում նույնիսկ անձի արդար դատաքննության իրավունքի սահմանափակման նպատակ չհետապնդելով պետությունն իր կողմից ընտրված միջոցներով և օրենսդրական թերի կարգավորումներով սահմանափակում է անձի արդար դատաքննության իրավունքը միաժամանակ չպահպանելով այդ սահմանափակման համաչափության սկզբունքը նկատելով, որ միջոցը, որն ընտրվել է պետության կողմից ընդհանուր դեպքերից շեղման համար իր առկա կարգավորումների սահմաններում ու ծավալով, չի բավարարում խնդրի այլընտրանքային լուծմանը ներկայացվող պահանջները: Դիմողը գտնում է, որ դատավորների միջև գործերի բաշխման ընդհանուր եղանակից շեղման պարագայում դրանց բաշխման մեկ այլ եղանակի նախատեսումը պետք է ապահովված լինի դատավորների անկախության անհրաժեշտ և բավարար երաշխիքներով, անհրաժեշտ հակակշիռներով, որպիսի պայմաններում միայն թույլատրելի կլիներ պետության կողմից իր խնդիրների լուծման նպատակով բաշխման ընդհանուր կարգից շեղումը: Դիմողը նաև նշում է, որ «անհաղթահարելի ուժ» հասկացության որոշակիության խնդրից բացի, օրենսդրական կարգավորումները խնդրահարույց են նաև դատարանի նախագահի կողմից բաշխման կարգի ու չափանիշների տեսանկյունից: Այս առումով վերլուծելով Օրենսգրքի 40 և 41-րդ հոդվածները, ինչպես նաև Որոշումը (դրա Հավելվածը), դիմողը եզրահանգում է, որ գործերը դատարանի նախագահի կողմից բաշխվելու դեպքում հաշվի է առնվում ընդամենը մի քանի ընդհանուր բնույթի պահանջ պատահականություն, մասնագիտացում, գաղտնիություն, որոնք, ըստ նրա, «(...) որևէ պարագայում չեն կարող փոխարինել համակարգչային ծրագրին կամ վերացնել այդ ծրագրի շնորհիվ չեզոքացվող ռիսկերը և ապահովել բաշխման գործընթացի շրջանակներում անկախությունն ու անաչառությունը. (...)»: Այս համատեքստում դիմողը նկատում է, որ Որոշմամբ, ի թիվս այլնի, համակարգչային ծրագրի միջոցով գործերի բաշխման դեպքում նախատեսված են նաև այնպիսի չափանիշներ, ինչպիսիք են գործերի բաշխման հավասարությունը, բարդությունը, մատչելիությունը, դրանց առանձին տեսակներով պայմանավորված առանձնահատկությունները։ Դիմողը նշում է, որ հարցումներ է ուղարկել «(…) Վերաքննիչ քրեական, Վերաքննիչ քաղաքացիական, Վերաքննիչ վարչական, Վարչական, Սնանկության և Երևանի ընդհանուր իրավասության դատարաններ: Նշված դատարանների նախագահներին են ներկայացվել հարցադրումներ առ այն, թե ինչ կարգով և ինչ կոնկրետ չափանիշների հիման վրա է իրականացվում դատավորների միջև գործերի բաշխումը դատարանի նախագահի կողմից»: Ստացված պարզաբանումների ամփոփման արդյունքում դիմողը պնդում է դրանք փաստում են «(...) դատարանների նախագահների կողմից դատական գործերի բաշխման չափանիշների բացակայության մասին: Չկան հստակություն ապահովող լուծումներ կամ դրույթներն անորոշ են: Այս ամենն էլ հանգեցրել է ոչ միասնական, անորոշ մոտեցումների գործնականում կիրառելիության կամ գործնական մեկնաբանության հարցերում»: Վերոգրյալի համատեքստում դիմողը նկատում է, որ փաստաբաններն իրեն դժգոհություններ են ներկայացրել, որ իրավակիրառ պրակտիկայում Օրենսգրքի 41-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված դատավորների ազգանունների այբբենական հերթականությամբ բաշխման պահանջը գործերը բաշխելիս մի շարք դեպքերում չի պահպանվել: Դիմողը միջազգային իրավական մի շարք փաստաթղթերի, փորձագիտական զեկույցների, դիրքորոշումների վերլուծության հիման վրա գալիս է այն հետևության, որ «(…) գործերի բաշխման չափանիշները և դրանց կարգավորմանն ուղղված օրենսդրական ընթացակարգերը պետք է հստակ և նախապես ամրագրված լինեն օրենսդրությամբ թափանցիկության և օբյեկտիվության պահանջներին համապատասխան։ Դատավորների միջև գործերի բաշխումը պետք է իրականացվի այնպիսի չափանիշների հիման վրա, ինչպիսիք են, օրինակ, գործերի մուտքագրման հերթականությունը, դատավորների ազգանունների այբբենական հերթականությունը, գործերի բարդությունը և այլն։ Այդ չափանիշները պետք է ամրագրված լինեն ցանկացած պարագայում օբյեկտիվ երաշխիքներով չեզոքացնելու համար վերը նկարագրված վտանգները»: Դիմողը նաև նշում է, որ ի տարբերություն դատական գործերի ավտոմատացված համակարգերի միջոցով բաշխման եղանակի դատարանների նախագահների կողմից գործերի բաշխումն իրականացնելը պարունակում է հնարավոր կամայականության ու հայեցողականության մեծ ռիսկեր, միաժամանակ նկատելով, սակայն, որ անգամ միջազգային իրավական փաստաթղթերում չի բացառվում դատավորների միջև գործերի բաշխման իրականացումը դատարանների նախագահներին վերապահելու հնարավորությունը։ Այս առնչությամբ դիմողը գործող իրավակարգավորումների բովանդակությունից բխեցնում է, որ դատարանի նախագահի կողմից դատական գործերի բաշխման չափանիշներ են պատահականությունը, մասնագիտացումը, գաղտնիությունը, այբբենական հերթականությունը, մինչդեռ համակարգչային ծրագրի միջոցով դատական գործերի բաշխման գործընթացը կանոնակարգող չափանիշները քանակով շատ են, ինչի արդյունքն ընդհանուր գործընթացի օբյեկտիվությունն է: Այս համատեքստում դիմողը նշում է, որ «(...) դատարանի նախագահի կողմից բաշխումն իրականացնելու չափանիշներ և դրա կարգը սահմանող մանրամասն կարգավորումներ, որոնք ուղղված կլինեն դատական գործերի բաշխման գործընթացի շրջանակներում անկախության և անաչառության ապահովմանը, չկան» նկատելով, որ դատավորների միջև գործերի բաշխման նման եղանակի պարագայում համապատասխան չափանիշների ու հայեցողականության բացառմանն ուղղված մանրամասն կարգավորումների նախատեսումն առավել քան անհրաժեշտ է մարդու իրավունքների պաշտպանության և օրենքի գերակայության շրջանակներում պետության ստանձնած պարտավորությունների պատշաճ իրականացման համար։ Դիմողն ընդգծում է, որ անգամ համապատասխան չափանիշների զուտ ամրագրումն օրենսդրական մակարդակում չի երաշխավորում դատավորի անկախության երաշխիքի բավարար չափով ապահովվածություն արձանագրելով, որ կարևոր է այդ չափանիշների կիրառելիությանն ուղղված հստակ ու մանրամասն կառուցակարգերի ու ընթացակարգերի նախատեսումը։ Վերոգրյալի շրջանակներում նկատելով, որ դատարանի անկախության երաշխավորման համար արդարադատության իրականացումը պետք է անկախ դիտորդի համար տեսանելի լինի դիմողը նշում է, որ «(…) դատարանների նախագահների կողմից գործերի բաշխման չափանիշների և կարգի անկատարությունը պայմանավորված օբյեկտիվության և թափանցիկության պահանջների չպահպանմամբ, ոչ միայն խոչընդոտում է արդարադատության իրականացման տեսանելիությանը, այլև կասկածի տակ է դնում ողջ գործընթացի անաչառությունը»: Դիմողը նաև նկատում է, որ Օրենսգրքի 41-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված կարգով դատարանի նախագահի կողմից դատական գործերի բաշխումն իրականացնելու համար սահմանված ժամկետ չկա, որպիսի պարագայում գործերի բաշխման դատարանի նախագահի համապատասխան լիազորության իրականացման կամայականության ու հայեցողականության կասկածների լուրջ առիթ կարող է ստեղծվել։ Դիմողը խնդրահարույց է համարում նաև դատարանի նախագահի կողմից գործերի բաշխման գործընթացում գործերի մուտքագրման հաջորդականությունն իբրև չափանիշ հաշվի չառնելը նկատելով, որ նման կարգավորումը դատարանի նախագահին հնարավորություն է տալիս դատավորների ազգանունների այբբենական հերթականությունը հաշվի առնելով հանդերձ գործերը բաշխել «ըստ ցանկության»: Անդրադառնալով դատարանի նախագահի կողմից գործերի բաշխման պատահականության չափանիշին դիմողը նկատում է, որ դատարանների նախագահների կողմից պատահականության սկզբունքի կիրառումն այնքան էլ իրատեսական չէ, հետևաբար չի կարող լինել վստահություն, որ այն գործնականում կարող է պահպանվել: Արդյունքում դիմողը եզրահանգում է, որ դատարանի նախագահի կողմից դատական գործերի բաշխման հարցերը կարգավորող դրույթները բաշխման չափանիշների ու հստակ կարգի թերի կարգավորվածության տեսանկյունից, չեն երաշխավորում բաշխման գործընթացի շրջանակներում անկախության ու անաչառության սկզբունքների ապահովումը և, հետևաբար, ոչ մի դեպքում չեն կարող ապահովել նաև անձի արդար դատաքննության սահմանադրական իրավունքի պատշաճ իրացումը: Դիմողը համարում է, որ վիճարկվող կարգավորումների անկատարության հարցը խնդրահարույց է նաև իրավական որոշակիության սկզբունքի տեսանկյունից նշելով, որ «(...) բարձրացված խնդիրների ու իրավական որոշակիության սկզբունքի ապահովման պահանջի համատեքստում առավել արդիական է դառնում դատարաների նախագահների կողմից դատական գործերի բաշխման ընթացակարգերի ու չափանիշների հստակ և որոշակի կարգավորումների բացակայության հարցը»:
3. Պատասխանողներից Ազգային ժողովը (այսուհետ նաև պատասխանող) նշում է, որ դատարանի նախագահի կողմից գործերը բաշխելու գործընթացի հայեցողականության և կամայականության վերաբերյալ դիմողի պնդումներն անհիմն են արձանագրելով, որ «(...) օրենսդիրը սահմանել է դատարանի նախագահների կողմից դատական գործերի ըստ դատավորների ազգանունների այբբենական հերթականության հավասարաչափ բաշխում իրականացնելու պահանջ միաժամանակ ամրագրելով, որ դատարանների նախագահները պետք է հաշվի առնեն Օրենսգրքի 42-րդ հոդվածի 4-րդ և 5-րդ մասերով սահմանված առանձնահատկությունները»: Անդրադառնալով Օրենսգրքի 41-րդ հոդվածի 4-րդ մասում օգտագործվող «անհաղթահարելի ուժ» հասկացության վերաբերյալ դիմողի փաստարկներին պատասխանողը նշում է, որ այդ հասկացությանը դիմողի կողմից տրված մեկնաբանությամբ բովանդակությունը միշտ չէ, որ առաջ կբերի համակարգչային ծրագրի միջոցով գործերի բաշխման անհնարինություն: Ընդգծելով, որ «հնարավոր են իրավիճակներ, երբ առկա չի լինի անհաղթահարելի ուժ Դիմողի կողմից տրված մեկնաբանությամբ, բայց այլ պատճառով (օրինակ ծրագրային խափանում) կառաջանա գործերի Համակարգչային ծրագրի միջոցով բաշխման անհնարինություն», պատասխանողը նկատում է, որ այս առանձնահատկությունները հաշվի առնելով է, որ օրենսդիրը չի թվարկել բոլոր այն իրավիճակները, որոնք պետք է գնահատվեն որպես անհաղթահարելի ուժ: Վերոգրյալի հիման վրա պատասխանողը խնդրում է վիճարկվող դրույթները ճանաչել Սահմանադրությանը համապատասխանող: Սույն գործով պատասխանող Բարձրագույն դատական խորհուրդը (այսուհետ նաև ԲԴԽ) իր անհամաձայնությունն է հայտնում դիմողի կողմից ներկայացված մի շարք դիտարկումներին նկատելով, որ դիմողի ներկայացրած մի շարք մտահոգություններ ունեն գնահատողական, սուբյեկտիվ բնույթ, և որ գերագնահատվել է էլեկտրոնային մակագրման համակարգի դերը, իսկ դիմողի կողմից արված մի շարք պնդումներն ու դատողությունները, ընդհանրապես, իրականությանը չեն համապատասխանում: Մասնավորապես ԲԴԽ-ն նշում է, որ «(...) «ձեռքով մակագրություն» իրականացնելու գործընթացի վերաբերյալ հայեցողականության և կամայականության, ինչպես նաև առանց չափանիշների ու միասնական ամրագրված մոտեցումների վերաբերյալ պնդումներն առարկայազուրկ են, այնքանով, որ Օրենսգրքի 41-րդ հոդվածի 4-րդ մասը հստակ սահմանում է դատարանի նախագահների կողմից դատական գործերի ձեռքով մակագրման կանոնները, այն է` ա) ըստ դատավորների ազգանունների այբբենական հերթականության, բ) հաշվի առնելով Օրենսգրքի 42-րդ հոդվածի 4-րդ և 5-րդ մասերով սահմանված առանձնահատկությունները, և գ) հավասարաչափ: (...) եթե մակագրման ընթացքում դատարանի նախագահի կողմից թույլ է տրվել մակագրման գործընթացի խախտում, ապա նման գործողությունը ենթադրում է կարգապահական և քրեաիրավական խախտում, ինչը կարող է համապատասխան դիմումի դեպքում քննվել և լուծում ստանալ: Իսկ, եթե նույնիսկ արդեն իսկ գործը քննող դատավորի կողմից թույլ է տրվում նյութական և դատավարական իրավունքների ենթադրյալ խախտում, ապա տվյալ դատավորի կողմից կայացված դատական ակտը սահմանված կարգով կարող է բողոքարկվել վերադաս ատյանի դատարան, իսկ դատավորի կողմից վարքագծի ենթադրյալ խախտման դեպքում առկա է Օրենսգրքի 145-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված մարմիններին դիմելու համապատասխան կառուցակարգ»: Անդրադառնալով դիմողի կողմից առանց անհատականացնելու որոշ անձանց, այդ թվում փաստաբանների ու դատավորների կողմից դիմողին ներկայացված մտահոգություններին ԲԴԽ-ն նկատում է, որ դիմողի կողմից նման անանուն աղբյուրներին հղում կատարելը միտում ունի դիմումին պատկերավորություն տալու և իրականությանը չեն համապատասխանում: Այս առնչությամբ ԲԴԽ-ն նշում է նաև, որ եթե դատավորները մտահոգություններ են ունեցել դատարանի նախագահի կողմից գործերի բաշխման գործընթացի օրինականության վերաբերյալ, ապա կարող էին դիմել օրենքով նախատեսված կառուցակարգերի կիրառման, նշելով, որ «(...) եթե կոնկրետ դատարանը կասկածներ ունի, որ չի հանդիսանում օրենքի հիման վրա ստեղծված դատարան, կամ «ձեռքով մակագրություն» իրականացնելու արդյունքում տվյալ գործը չպետք է իրեն մակագրվեր, ապա տվյալ հարաբերությունը ևս կարգավորված է Օրենսգրքի 71-րդ հոդվածի 1-ին մասով, որի համաձայն դատավորը պարտավոր է ինքնաբացարկ հայտնել, եթե նա տեղյակ է այնպիսի հանգամանքների մասին, որոնք անկողմնակալ դիտորդի մոտ կարող են ողջամիտ կասկած հարուցել տվյալ գործով նրա անաչառության մեջ»: Անդրադառնալով Օրենսգրքի վիճարկվող հոդվածում օգտագործվող «անհաղթահարելի ուժ» հասկացության վերաբերյալ դիմողի մեկնաբանություններին ԲԴԽ-ն դրանք դիտարկում է իբրև «սուբյեկտիվ», որոնց արդյունքում կատարվել են «վիճելի եզրահանգումներ»: Ավելին, ԲԴԽ-ն ընդգծում է, որ օրենսդրի մոտեցումը չտալ «անհաղթահարելի ուժ» հասկացության սահմանումը, տրամաբանական է և պայմանավորված է հանգամանքով, որ իրավակիրառողին տրվի կոնկրետ դեպքում ստեղծված իրավիճակը մի շարք հանգամանքներ և իրողություններ հաշվի առնելով, իբրև «անհաղթահարելի» գնահատելու կամ հակառակը զերծ մնալու այն իբրև այդպիսին գնահատելուց: Այնուհետ ԲԴԽ-ն, անհաղթահարելի ուժի առկայության համար առանձնացնելով արտաքին ազդեցության, անկանխատեսելիության և անկանխելիության տարրերը, նկատում է, որ քրեական գործ հարուցված լինելու, դրա շրջանակներում քննիչի որոշմամբ սերվերներն առգրավված լինելու, ԲԴԽ-ի հարուցված գործի շրջանակներում առգրավված գույքը հետ վերցնելու գործիքակազմի բացակայության պայմաններում ստեղծված իրադրության մեջ առկա են նշված բոլոր երեք տարրերը, ուստիև անհաղթահարելի ուժի առկայությունն ակնհայտ է: ԲԴԽ-ն, վերլուծելով Սահմանադրության 6 և 175-րդ հոդվածները, Օրենսգրքի 89 և 94-րդ հոդվածները, եզրահանգում է, որ ԲԴԽ-ն իրավասու է ընդունել բացառապես օրենսդրի կողմից Օրենսգրքով իրեն պատվիրակված լիազորությունների իրականացման արդյունքում կայացվող որոշումներ (նորմատիվ իրավական ակտեր): Անդրադառնալով դիմողի փաստարկներին, որ Որոշումը չի պարունակում դրույթներ, որոնցով կսահմանվեին դատարանի նախագահի կողմից գործերի բաշխման կարգը, ԲԴԽ-ն գտնում է, որ դա որևէ կերպ չի կարող մեկնաբանվել որպես ԲԴԽ-ի Որոշման մեջ իրավական բացի առկայություն, քանի որ Օրենսգրքի կարգավորումն ամբողջական և իմպերատիվ է: Ըստ ԲԴԽ-ի Օրենսգրքի 41-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված իրավակարգավորումը բովանդակային առումով գործերի բաշխման այլընտրանքային եղանակի կիրառման դեպքում, առանձին կարգ է, ինչը վկայում է, որ օրենսդիրը, բաշխման հարցի կարևորությունից ելնելով, դատարանների նախագահների կողմից գործերի բաշխումն իրականացնելու վերաբերյալ կանոնն ամրագրել է սահմանադրական օրենքով, այլ ոչ թե պատվիրակել ԲԴԽ-ին, հետևաբար Օրենսգրքի 41-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված դեպքերում դատարանի նախագահի կողմից գործերի բաշխման առանձին կարգ սահմանելու լիազորությամբ ԲԴԽ-ն օժտված չէ: ԲԴԽ-ն հավելում է նաև, որ Օրենսգրքի 40-րդ հոդվածի 1-ին մասից բխում է, որ օրենսդիրը ԲԴԽ-ին սահմանափակել է Օրենսգրքի 9-րդ գլխում ամրագրված կանոնների շրջանակով, ինչը, իր հերթին, բացառում է ԲԴԽ-ի կողմից նոր կամ լրացուցիչ կանոնների, այդ թվում դատարանների նախագահների կողմից մակագրություններ իրականացնելու կոնկրետ ժամկետների սահմանումը: ԲԴԽ-ն նաև նկատում է, որ անգամ հակառակ պարագայում դատարանի նախագահի կողմից գործերի բաշխում իրականացնելու Որոշմամբ մանրամասն չկարգավորվելու պայմաններում «(...) Որոշումն ինքին հակասահմանադրականության խնդիր չի կարող առաջացնել, և ընդամենը կարող է ծագել այն լրամշակելու հարց»: Վերոգրյալի հիման վրա ԲԴԽ-ն եզրահանգում է, որ թե՛ Օրենսգրքի, թե՛ Որոշման և դրա Հավելվածի վիճարկվող դրույթները համապատասխանում են Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի, 78-րդ, 79-րդ և 81-րդ հոդվածների պահանջներին:
4. Ուսումնասիրելով և վերլուծելով դիմումը, պատասխանողների գրավոր բացատրությունները` Սահմանադրական դատարանը գտնում է, որ սույն գործի վարույթը ենթակա է կարճման «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված հիմքով ներքոնշյալ պատճառաբանություններով. 4.1. Դիմողի պնդումներն առ այն, որ թե′ Օրենսգրքի, թե′ Որոշման, թե′ Հավելվածի վիճարկվող դրույթների վերլուծությունից բխում է, որ կախված գործերի բաշխման եղանակից տարբեր են այն չափանիշները, որոնց հիման վրա պետք է իրականացվի գործերի բաշխումը, որ բաշխման այլընտրանքային եղանակը (դատարանների նախագահների կողմից գործերի բաշխումն իրականացնելը) պարունակում է հնարավոր կամայականության ու հայեցողականության մեծ ռիսկեր, որ դատարանների նախագահների կողմից պատահականության սկզբունքի կիրառումն իրատեսական չէ, և այդ եղանակով գործերի բաշխումը չի երաշխավորում նշված գործընթացի շրջանակներում դատարանի անկախության ու անաչառության սկզբունքների ապահովումը, հետևապես անձի արդար դատաքննության սահմանադրական իրավունքի պատշաճ իրացումը, ապա Սահմանադրական դատարանի գնահատմամբ դրանք հիմնավոր չեն: Մասնավորապես դիմողը պնդում է, որ գործերը դատարանի նախագահի կողմից բաշխվելու դեպքում հավասարության չափանիշը բացակայում է այն պարագայում, երբ այդ չափանիշն ուղիղ ամրագրված է դիմողի կողմից վիճարկվող Օրենսգրքի հոդվածում. «Եթե անհաղթահարելի ուժի հետևանքով գործերի բաշխումը հնարավոր չէ իրականացնել Համակարգչային ծրագրի միջոցով, ապա գործերը` (...) դատավորների միջև հավասարաչափ բաշխում է դատարանի նախագահը» (Օրենսգրքի 41-րդ հոդվածի 4-րդ մաս): Նույն կերպ, դիմողը նշում է, որ, ի տարբերություն հատուկ համակարգչային ծրագրի միջոցով գործերի բաշխման դատարանի նախագահի կողմից բաշխվելու եղանակի դեպքում բացակայում է նաև գործերի բարդության չափանիշը: Սակայն քննարկվող չափանիշը նույնպես առկա է և ընդհանուր է թե՛ համակարգչային ծրագրի, թե՛ դատարանի նախագահի կողմից գործերի բաշխման համար: Մասնավորապես Օրենսգրքի 42-րդ հոդվածի 2-րդ մասում ուղղակիորեն նշվում է, որ «Դատավորի վարույթում առանձնակի բարդության գործի առկայության դեպքում դատավորը կարող է դիմել Բարձրագույն դատական խորհուրդ` առաջարկելով իր անուն-ազգանունը ժամանակավորապես հանել բաշխման ցանկից կամ սահմանել իրեն բաշխվելիք գործերի առանձին տոկոսաչափ: Դատավորի դիմումը հիմնավոր համարելու դեպքում Բարձրագույն դատական խորհուրդը որոշում է կայացնում դատավորի անուն-ազգանունը գործերի բաշխման ցանկից ժամանակավորապես հանելու կամ նրան բաշխվելիք գործերի առանձին տոկոսաչափ նախատեսելու վերաբերյալ` դրա համար սահմանելով որոշակի ժամանակահատված, որը չի կարող գերազանցել վեց ամիսը: Դատավորի դիմումի հիման վրա Բարձրագույն դատական խորհուրդը կարող է որոշում կայացնել վեց ամիս ժամկետը երկարաձգելու մասին, եթե առանձնակի բարդության գործի քննությունը չի ավարտվել»: Բացի դրանից, դիմողը, մի կողմից նշում է, որ իրատեսական չէ դատարանի նախագահի կողմից պատահականության չափանիշի (սկզբունքի) հիման վրա գործերի բաշխումը, մյուս կողմից հենց ինքը խնդրահարույց է համարում բաշխման այլընտրանքային եղանակի դեպքում գործերի մուտքագրման հաջորդականությունը հաշվի չառնելը: Սահմանադրական դատարանը նկատում է, որ դիմողը մի դեպքում իր կողմից վիճարկվող դրույթ(ներ)ում ուղիղ գրված չափանիշն անտեսում է, մյուս կողմից չի արձանագրում այլ դրույթների համակարգային կապի անտեսման արդյունքում դատարանի նախագահի կողմից գործերի բաշխման եղանակի այլ չափանիշներ, որոնք հավասարապես կիրառելի են համակարգչային եղանակով գործերի բաշխման դեպքում, մեկ այլ դեպքում առանց որևէ հիմնավոր փաստարկների կասկածի տակ է դնում դատարանի նախագահի կողմից գործերի բաշխման եղանակի օբյեկտիվությունը ոչ իրատեսական համարելով այդ եղանակի գործարկման պարագայում պատահականության չափանիշի հիման վրա գործերի բաշխումը, իսկ գործընթացի պատահականությունն ապահովող և բաշխման հաշվելիությունը բացառող օրենսդրի մոտեցումներն իր իսկ վերացական մեկնաբանություններով դիտարկում է իբրև բաշխման այդ եղանակում սուբյեկտիվության և կամայականության հնարավորություն ընձեռող: Ընդ որում դատարանի նախագահի կողմից գործերի բաշխման եղանակի օբյեկտիվության հանգամանքը դիմողը փաստարկում է Օրենսգրքի վիճարկվող դրույթի ենթադրյալ իրավական անորոշությամբ և որոշ փաստաբանների (առանց անհատականացման) կոնկրետ գործերով իրեն հաղորդած տեղեկությամբ: Օրինակ, դիմողը նշում է. «Մարդու իրավունքների պաշտպանին են ներկայացվել տարբեր փաստաբանների մտահոգություններ այն մասին, որ իրավակիրառ պրակտիկայում պարզ չէ, թե ինչ չափանիշներ են կիրառվում դատական գործերի «ձեռքով մակագրության» ընթացքում: Ավելին, փաստաբանները դժգոհություններ են ներկայացրել այն մասին, որ իրավակիրառ պրակտիկայում դատական գործերը բաշխելիս չի պահպանվում Օրենսգրքի 41-րդ հոդվածի 4-րդ մասով ամրագրված դատավորների ազգանունների այբբենական հերթականությունը: (...) գործնականում արձանագրվել են այնպիսի դեպքեր, երբ դատական գործերը բաշխելիս նշված այբբենական հերթականությունը խախտվել է: (...) փաստաբաններից մեկը նշել է, որ իր վստահորդի բողոքի քննությունը Երևանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահը մակագրել է ինքն իրեն։ Մինչդեռ, այդ գործի հետ սերտորեն կապված մեկ այլ նախորդող գործ մակագրվել է այլ դատավորի, իսկ հաջորդ գործը երրորդ դատավորի։ Մինչդեռ, ըստ ազգանունների այբբենական հերթականության դատարանի նախագահին պետք է դատական գործ մակագրվեր նշված «երրորդ» դատավորին մակագրելուց հետո»: Դիմումի ինչպես մեջբերված հատվածի, այնպես էլ դրա ընդհանուր ուսումնասիրությունից ելնելով Սահմանադրական դատարանը գտնում է, որ դիմողը, ձևականորեն բարձրացնելով վիճարկվող դրույթների Սահմանադրությանը համապատասխանության հարց, առաջ է քաշում վիճարկվող դրույթ(ներ)ի իրավակիրառ պրակտիկայում կիրառման իրավաչափության, ինչպես նաև դատարանների նախագահների կողմից այդ դրույթ(ներ)ի կիրառման արդյունքում ենթադրյալ իրավախախտումների, այդ թվում նաև ենթադրյալ հանցագործությունների կատարման հարց, որոնցով քրեական վարույթ հարուցելու հարցի լուծումը վերապահված է համապատասխան իրավասու մարմիններին: Բացի դրանից, դիմումում արձանագրելով այն, որ անգամ համապատասխան չափանիշների զուտ ամրագրումն օրենսդրական մակարդակում չի երաշխավորում դատավորի անկախության երաշխիքի բավարար չափով ապահովվածությունը, և այդ առնչությամբ կարևորելով այդ չափանիշների կիրառելիությանն ուղղված հստակ ու մանրամասն կառուցակարգերի ու ընթացակարգերի նախատեսումը դիմողը, սակայն, անտեսում է օրենսդրորեն ամրագրված օբյեկտիվ չափանիշների կիրառելիությունն ապահովող օրենսդրական երաշխիքների առկայությունը: Մասնավորապես այն դեպքերում, երբ գործերի բաշխման գործընթացում օրենսդրական չափանիշների չպահպանման և կամայական մոտեցումների դեպքերում դատարանի նախագահը թույլ է տալիս Օրենսգրքի 69-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով նախատեսված դատավորի վարքագծի ընդհանուր կանոնի (զերծ մնալ մեկ այլ դատավորի կողմից արդարադատության իրականացմանը միջամտելուց) և 70-րդ հոդվածի 2-րդ մասի 14-րդ կետով նախատեսված ի պաշտոնե գործելիս դատավորի վարքագծի կանոնի (զերծ մնալ այնպիսի գործողություններ ձեռնարկելուց, որոնք ողջամտության սահմաններում կարող են ստեղծել ինքնաբացարկի հիմքեր) խախտումներ, ապա դա հիմք է նրան կարգապահական պատասխանատվության ենթարկելու համար (Օրենսգրքի 142-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետ) ներառյալ դատարանի նախագահի կամ Վճռաբեկ դատարանի պալատի նախագահի պաշտոնից ազատում տույժի կիրառումը (Օրենսգրքի 149-րդ հոդվածի 1-ին մասի 3.2-րդ կետ): Սահմանադրական դատարանը 2021 թվականի դեկտեմբերի 7-ի ՍԴԱՈ-251 աշխատակարգային որոշման 4-րդ կետում արձանագրել է «(…) որ Սահմանադրական դատարան դիմող այնպիսի սուբյեկտների պարագայում, որպիսիք են, օրինակ, Ազգային ժողովը, պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ հինգերորդը, Ազգային ժողովի խմբակցությունը, Հանրապետության նախագահը, Կառավարությունը և այլն, օրենսդրի մոտեցումը սահմանափակվել Սահմանադրական դատարան ներկայացվող դիմումին առաջադրվող ընդհանուր ձևական բնույթի պահանջների շարադրմամբ, ամենևին չի վկայում դիմումում վիճարկվող դրույթի ենթադրյալ հակասահմանադրականության վերաբերյալ պատշաճ հիմնավորումներ ներկայացնելու` Դիմողների պարտականության բացակայության մասին: Սահմանադրական դատարանը, վերահաստատելով իր նախկինում արտահայտած դիրքորոշումը, արձանագրում է, որ վերը հիշատակված սուբյեկտները, ելնելով իրենց սահմանադրաիրավական բարձր կարգավիճակից, պետք է ցուցաբերեն առավել բարձր մակարդակի փութաջանություն և, յուրաքանչյուր կոնկրետ դեպքում վիճարկելով այս կամ այն իրավական ակտի կամ դրա դրույթի/դրույթների սահմանադրականությունը, պատշաճ կերպով հիմնավորեն վիճարկվող դրույթի և Սահմանադրությամբ պահպանվող արժեքի/իրավունքի հնարավոր խախտման միջև պատճառահետևանքային կապը»: Դիմումի ուսումնասիրության արդյունքում, հիմք ընդունելով այլ գործերով նախկինում արտահայտված իրավական դիրքորոշումները Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ դիմումում պատշաճ կերպով հիմնավորված չէ բարձրացված հարցերի սահմանադրաիրավական վեճ լինելու հանգամանքը, հետևաբար դիմողի կողմից առաջադրված հարցերը Սահմանադրական դատարանում քննության ենթակա լինելը: 4.2. Անդրադառնալով դիմողի կողմից բարձրացվող այն հարցին, թե Օրենսգրքում վիճարկվող հոդվածում օգտագործվող «անհաղթահարելի ուժ» իրավական հասկացության բացահայտված չլինելու հանգամանքով պայմանավորված առաջ է գալիս իրավական որոշակիության խնդիր, ապա պետք է ընդգծել, որ ինքնին անորոշ իրավական հասկացությունների օգտագործումն օրենքի տեքստում չի կարող գնահատվել իբրև Սահմանադրության 79-րդ հոդվածով նախատեսված իրավական որոշակիության սկզբունքի խախտում: Ավելին, այդպիսի հասկացության օգտագործումն օրենսդրի հայեցողության տիրույթում է, իսկ մեկնաբանման միջոցով դրա բովանդակության բացահայտման իրավազորությունը վերապահված է իրավակիրառ մարմինների ու առաջին հերթին եռաստիճան դատական համակարգին: Այս առնչությամբ անհրաժեշտ է վերահաստատել Սահմանադրական դատարանի բազմիցս արտահայտած այն դիրքորոշումը, որ «(…) օրենքներում կիրառվում են բազմաթիվ բառեր և արտահայտություններ, որոնց իմաստն ու նշանակությունն ուղղակիորեն բացահայտված չեն օրենսդրի կողմից, սակայն յուրաքանչյուր դեպքում իրավական որոշակիության գնահատման անվան ներքո դրանց մեկնաբանումը Սահմանադրական դատարանի իրավասության տիրույթում չէ: (...)
Ուստի Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ օրենքի, դրա որևէ դրույթի իրավական բովանդակության բացահայտման և միատեսակ կիրառության ապահովման իրավազորությունը սահմանադրորեն վերապահված է եռաստիճան դատական համակարգին (…)» (2021 թվականի փետրվարի 26-ի ՍԴԱՈ-40 աշխատակարգային որոշում): 4.3. Սահմանադրական դատարանը դիմումի ուսումնասիրության արդյունքում արձանագրում է նաև, որ դիմողը, ձևականորեն վկայակոչելով վիճարկվող նորմերի Սահմանադրության 79-րդ հոդվածին անհամապատասխանությունը, առաջ է քաշում քրեական գործի շրջանակներում համակարգչային ծրագրի սերվերի մուտքի և կառավարման բանալիների առգրավման փաստի հիմքով Օրենսգրքի 41-րդ հոդվածի 4-րդ մասի կիրառման իրավաչափության հարց դիմումում ընդգծելով, որ ձևավորված իրավակիրառական պրակտիկայի իրավաչափությունը կասկածներ է հարուցում: Այս առնչությամբ Սահմանադրական դատարանը, վերահաստատելով իր նախկինում կայացրած իրավական դիրքորոշումը, գտնում է, որ «(…) Սահմանադրական դատարանի բացառիկ առաքելությունը սահմանադրական արդարադատության իրականացումն է Սահմանադրության մեկնաբանության առնչությամբ առաջացած բոլոր վեճերը լուծելու և վերջնարդյունքում Սահմանադրության գերակայությունն ու դրա միատեսակ կիրառությունն ապահովելու միջոցով: Թեև Սահմանադրական դատարանի որոշումները կանխորոշիչ նշանակություն ունեն պետության իրավական քաղաքականության մշակման և կերտման հարցում, այնուամենայնիվ, Սահմանադրական դատարանը չի կարող ստանձնել այլ պետական մարմինների կողմից իրենց սահմանադրական լիազորությունները պատշաճ կարգով կատարելու երաշխավորի առաքելություն գնահատելով դրանց գործողությունների իրավաչափությունը, եթե, իհարկե, դրան հնարավոր չէ հասնել բացառապես սահմանադրաիրավական նորմերի մեկնաբանման եղանակով» (2021 թվականի դեկտեմբերի 3-ի ՍԴԱՈ-248 աշխատակարգային որոշման 3.3-րդ կետ): Ելնելով վերոգրյալից և հիմք ընդունելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով ու 60-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված պահանջները, Սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ. «ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի դիմումի հիման վրա` «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 41-րդ հոդվածի 4-րդ մասի և Բարձրագույն դատական խորհրդի «Դատավորների միջև գործերի հավասարաչափ բաշխման չափանիշները և կարգը, գործերի վերաբաշխման, կոլեգիալ դատական կազմերը ձևավորելու կարգը և դատավորներին հանձնվող գործերի տոկոսաչափեր սահմանելու մասին» թիվ ԲԴԽ-16-Ն-6 որոշման 4-րդ կետի և դրա Հավելված 1-ի 19-րդ կետի Սահմանադրու-թյանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի վարույթը կարճել։
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
ՆԱԽԱԳԱՀ Ա. ԴԻԼԱՆՅԱՆ
6 սեպտեմբերի 2022 թվականի
ՍԴԱՈ-143
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 6 սեպտեմբերի, 2022 թ.
- Գործի #:
- ՍԴԱՈ-143
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
