Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/«ՀԱՍՄԻԿ ԳԵՂԱՄՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 193-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 2-ՐԴ ՄԱՍԻ 3-ՐԴ ԿԵՏԻ ԵՎ 398-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

«ՀԱՍՄԻԿ ԳԵՂԱՄՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 193-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 2-ՐԴ ՄԱՍԻ 3-ՐԴ ԿԵՏԻ ԵՎ 398-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Սահմանադրական դատարանՍԴԱՈ-1782 դեկտեմբերի, 2025 թ.Բնօրինակ աղբյուր
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԱՈ-178)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքները

Ամփոփում

Ընդ.՝ 2 դեկտեմբերի 2025թ. ՍԴԱՈ - 178 | «ՀԱՍՄԻԿ ԳԵՂԱՄՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 193-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 2-ՐԴ ՄԱՍԻ 3-ՐԴ ԿԵՏԻ ԵՎ 398-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ամբողջ Տեքստ

«ՀԱՍՄԻԿ ԳԵՂԱՄՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 193-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 2-ՐԴ ՄԱՍԻ 3-ՐԴ ԿԵՏԻ ԵՎ 398-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Սահմանադրական դատարանը, քննության առնելով «Հասմիկ Գեղամյանի դիմումի հիման վրա՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 193-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի և 398-րդ հոդվածի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի քննությունը մերժելու մասին առաջարկությունը, ՊԱՐԶԵՑ.

1. 2025 թվականի հոկտեմբերի 31-ին Սահմանադրական դատարան է մուտքագրվել Հասմիկ Գեղամյանի (այսուհետ նաև՝ Դիմող, ներկայացուցիչ՝ փաստաբան Անդրանիկ Մանուկյան) դիմումը, որով Դիմողը խնդրել է.

«(...) Սահմանադրության 66-րդ և 79-րդ հոդվածներին հակասող ու անվավեր ճանաչել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 193-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետն՝ այնքանով, որքանով այն թույլ է տալիս, որպեսզի քրեական դատավարությունում մեղադրյալի անմեղության կանխավարկածի հաղթահարման ուղղությամբ միջամտություն կատարվի անբավարար աստիճանի որոշակիություն ունեցող օրենքով՝ դրանով իսկ անմեղության կանխավարկածի իրավունքի նկատմամբ պետության կողմից դրսևորվող միջամտությանը հանդիպակաց՝ իր ապացուցված անմեղությունը փաստագրելու մեղադրյալի երաշխիքը դարձնելով անարդյունավետ կամ ոչ գործնական։

(...) Սահմանադրության 61-րդ հոդվածին հակասող ու անվավեր ճանաչել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ հոդվածն՝ այնքանով, որքանով այն Վճռաբեկ դատարանում հատուկ վերանայման բողոքի նախնական վարույթով Վճռաբեկ դատարանի համար չի նախատեսում պարտականություն՝ հատուկ վերանայման վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելիս հիմնավորապես, այսինքն՝ հատուկ վերանայման վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու համար անհրաժեշտ և կոնկրետ չափանիշներին հատուկ վերանայման վճռաբեկ բողոքի անհամապատասխանության մասին փաստարկումներով պատճառաբանել վարույթ ընդունելու պայմանների անբավարարությունը՝ դրանով իսկ փաստացի թույլ տալով, որպեսզի հատուկ վերանայման վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու հարցը որոշելիս Վճռաբեկ դատարանը դրսևորի ոչ թե պարտադիր, այլ հայեցողական լիազորություն՝ դրանով վերջին դատական ատյանում իրավունքի դատական պաշտպանությունը փաստացի դարձնելով ոչ արդյունավետ կամ ոչ գործնական»։

2. Ներկայացնելով թիվ ԵԴ1/0656/11/24 գործի դատավարական նախապատմությունը՝ Դիմողը Սահմանադրական դատարանի առջև բարձրացնում է հետևյալ իրավական հարցադրումները. արդյոք ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 193-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը համապատասխանում է անձի՝ Սահմանադրության 66-րդ հոդվածով երաշխավորված՝ անմեղության կանխավարկածի իրավունքի և 79-րդ հոդվածով երաշխա-վորված՝ իրավական որոշակիության սկզբունքի բովանդակությանն այն պայմաններում, երբ թույլ է տալիս, որ քրեական դատավարությունում մեղադրյալի անմեղության կանխավարկածի հաղթահարման ուղղությամբ միջամտություն կատարվի անբավարար աստիճանի որոշակիություն ունեցող օրենքով՝ դրանով իսկ անմեղության կանխավարկածի իրավունքի նկատմամբ պետության կողմից դրսևորվող միջամտությանը հանդիպակաց՝ իր ապացուցված անմեղությունը փաստագրելու մեղադրյալի երաշխիքը դարձնելով անարդյունավետ կամ ոչ գործնական, արդյոք ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ հոդվածը համապատասխանում է Սահմանադրության 61-րդ հոդվածով երաշխավորված՝ արդյունավետ դատական պաշտպանության իրավունքի բովանդակությանն այն պայմաններում, երբ Վճռաբեկ դատարանում հատուկ վերանայման բողոքի նախնական վարույթով Վճռաբեկ դատարանի համար չի նախատեսում պարտականություն՝ հատուկ վերանայման վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելիս հիմնավորապես, այսինքն՝ հատուկ վերանայման վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու համար անհրաժեշտ և կոնկրետ չափանիշներին հատուկ վերանայման վճռաբեկ բողոքի անհամապատասխանության մասին փաստարկումներով պատճառաբանել վարույթ ընդունելու պայմանների անբավարարությունը՝ դրանով իսկ փաստացի թույլ տալով, որ հատուկ վերանայման վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու հարցը որոշելիս Վճռաբեկ դատարանը դրսևորի ոչ թե պարտադիր, այլ հայեցողական լիազորություն՝ դրանով վերջին դատական ատյանում իրավունքի դատական պաշտպանությունը փաստացի դարձնելով ոչ արդյունավետ կամ ոչ գործնական։

Անդրադառնալով վիճարկվող՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 193-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետին՝ Դիմողը նշում է, որ թիվ ԵԴ1/0656/11/24 գործի շրջանակներում վիճարկվող դրույթը Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական և վերաքննիչ քրեական դատարանները, փաստացիորեն նաև Վճռաբեկ դատարանը մեկնաբանել են այն բովանդակությամբ, որ տվյալ դրույթով նախատեսված հիմքով մեղադրյալի քրեական հետապնդման ժամկետը կասեցնելու համար որևէ նշանակություն չունի, թե Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս գտնվող մեղադրյալն արդյոք քրեական վարույթին մասնակցելու ցանկություն ունի, թե՝ ոչ: Այլ խոսքով՝ ըստ Դիմողի՝ վիճարկվող դրույթով նախատեսված հիմքով մեղադրյալի քրեական հետապնդման ժամկետը կասեցնելու համար որևէ նշանակություն չունի, թե Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս գտնվող մեղադրյալն արդյոք խուսափում է քրեական վարույթին մասնակցելուց, թե՝ ոչ, և որ մեղադրյալի՝ Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս գտնվելու հանգամանքն ինքնին (անկախ մեղադրյալի՝ քրեական վարույթին մասնակցելու ցանկությունից) հանդիսանում է քրեական հետապնդման ժամկետը կասեցնելու՝ վիճարկվող դրույթով նախատեսված հիմք:

Արդյունքում՝ Դիմողը եզրահանգում է, որ վիճարկվող՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 193-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը չի համապատասխանում անձի՝ Սահմանադրության 66-րդ հոդվածով երաշխավորված՝ անմեղության կանխավարկածի իրավունքի և 79-րդ հոդվածով երաշխավորված՝ իրավական որոշակիության սկզբունքի բովանդակությանն այն պայմաններում, երբ թույլ է տալիս, որ քրեական դատավարությունում մեղադրյալի անմեղության կանխավարկածի հաղթահարման ուղղությամբ միջամտություն կատարվի անբավարար աստիճանի որոշակիություն ունեցող օրենքով՝ դրանով իսկ անձի՝ անմեղության կանխավարկածի իրավունքի նկատմամբ պետության կողմից դրսևորվող միջամտությանը հանդիպակաց՝ իր ապացուցված անմեղությունը փաստագրելու մեղադրյալի երաշխիքը դարձնելով անարդյունավետ կամ ոչ գործնական։

Հավելելով՝ Դիմողը պնդում է, որ հենց դատական մեկնաբանությունն է հիմք հանդիսացել, որ վիճարկվող դրույթը «ընկղմվի իրավական անորոշության խորը անդունդում», քանի որ Սահմանադրության 171-րդ հոդվածի 2-րդ մասի հիման վրա որպես իրավունքի հիմնարար խախտումը վերացնող և օրենքի միատեսակ կիրառությունն ապահովող սուբյեկտ «նշանակված» «սահմանադրական առաքյալը»՝ Վճռաբեկ դատարանը, տարբեր գործերով, այն է՝ թիվ ԵԴ1/0656/11/24 և թիվ ԵԴ1/0205/11/24 դատական վարույթներով, վիճարկվող դրույթին տվել է տարաբովանդակ (իրարամերժ) նախադեպային մեկնաբանություններ։

Անդրադառնալով վիճարկվող ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ հոդվածին՝ Դիմողը նշում է, որ այն դեպքում, երբ, արդարադատություն հայցելու վերջին ատյանում իրավունքի դատական պաշտպանության մերժում ստանալով, բողոքաբերը Վճռաբեկ դատարանից չի ստանում այն հարցի պատասխանը, թե այն ո՞ր փաստարկված կամ պատճառաբանված դատողությունն է, որ պայմանավորում է վճռաբեկ ատյանում իր իրավունքի դատական պաշտպանության մերժումը, ապա բողոքաբերի համար Սահմանադրության 61-րդ հոդվածով երաշխավորված՝ արդյունավետ դատական պաշտպանության իրավունքը վճռաբեկ ատյանում կրում է ոչ արդյունավետ կամ ոչ գործնական, այլ խոսքով՝ ձևական կամ պատրանքային բնույթ այնքանով, որքանով թեկուզև բողոքաբերը ձևական առումով զրկված չի լինում վճռաբեկ բողոք ներկայացնելու հնարավորությունից, այնուամենայնիվ, բողոքաբերի համար արդեն պարզ է լինում, որ Վճռաբեկ դատարանում իր իրավունքի դատական պաշտպանության մերժումը չի պատճառաբանվել, այլ կերպ՝ պայմանավորված է եղել հատուկ վերանայման վճռաբեկ բողոքի ընդունելիության հարցը որոշող դատավորների սուբյեկտիվ կամքով։

Դիմողը գտնում է, որ հատուկ վերանայման վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու լիազորության շրջանակներում Վճռաբեկ դատարանը վճռաբեկ ատյանում բողոքաբերի՝ Սահմանադրության 61-րդ հոդվածով երաշխավորված՝ արդյունավետ դատական պաշտպանության հիմնական իրավունքը թիվ ԵԴ1/0656/11/24 դատական վարույթով չի ապահովել, քանի որ վիճարկվող՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ հոդվածում առկա է օրենքի բաց այնքանով, որքանով այն չի նախատեսում հատուկ վերանայման վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու համար անհրաժեշտ և կոնկրետ չափանիշներ, որոնք թույլ են տալիս, որ հատուկ վերանայման վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու հարցը որոշելիս Վճռաբեկ դատարանը դրսևորի ոչ թե պարտադիր, այլ հայեցողական լիազորություն, այն է՝ հատուկ վերանայման վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին որոշում կայացնի՝ առանց հիմնավորապես պատճառաբանելու այն հանգամանքը, որ հատուկ վերանայման վճռաբեկ բողոքի փաստարկումները չեն համապատասխանում հատուկ վերանայման վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու համար անհրաժեշտ և կոնկրետ չափանիշներին։

Արդյունքում՝ Դիմողը եզրահանգում է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ հողվածը չի համապատասխանում Սահմանադրության 61-րդ հոդվածով երաշխավորված՝ արդյունավետ դատական պաշտպանության հիմնական իրավունքի բովանդակությանն այն պայմաններում, երբ Վճռաբեկ դատարանում հատուկ վերանայման բողոքի նախնական վարույթով վիճարկվող դրույթը Վճռաբեկ դատարանի համար չի նախատեսում պարտականություն՝ հատուկ վերանայման վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելիս հիմնավորապես, այսինքն՝ հատուկ վերանայման վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու համար անհրաժեշտ և կոնկրետ չափանիշներին հատուկ վերանայման վճռաբեկ բողոքի անհամապատասխանության մասին փաստարկումներով պատճառաբանել վարույթ ընդունելու պայմանների անբավարարությունը՝ դրանով իսկ փաստացի թույլ տալով, որ հատուկ վերանայման վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու հարցը որոշելիս Վճռաբեկ դատարանը դրսևորի ոչ թե պարտադիր, այլ հայեցողական լիազորություն՝ դրանով վերջին դատական ատյանում իրավունքի դատական պաշտպանությունը փաստացի դարձնելով ոչ արդյունավետ կամ ոչ գործնական։

3. Ելնելով դիմումի և կից փաստաթղթերի ուսումնասիրությունից, ինչպես նաև ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի (այսուհետ նաև՝ Սահմանադրական օրենք) 29 և 69-րդ հոդվածներով՝ Սահմանադրական դատարանը գտնում է, որ սույն անհատական դիմումով գործի քննությունը ենթակա է մերժման՝ հետևյալ պատճառաբանությամբ.

Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի համաձայն՝ Սահմանադրական դատարան կարող է դիմել յուրաքանչյուր ոք՝ կոնկրետ գործով, երբ առկա է դատարանի վերջնական ակտը, սպառվել են դատական պաշտպանության բոլոր միջոցները, և վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման՝ հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը:

Սահմանադրական վերոհիշյալ նորմն իր ամրագրումն է ստացել նաև Սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասում, որտեղ սահմանվում են այն հիմքերը, որոնց միաժամանակյա առկայության պարագայում ֆիզիկական կամ իրավաբանական անձը կոնկրետ գործով կարող է անհատական դիմում ներկայացնել Սահմանադրական դատարան։ Դրանք են՝

ա) երբ կոնկրետ գործով առկա է դատարանի վերջնական ակտը,

բ) երբ սպառվել են ներպետական դատական պաշտպանության բոլոր միջոցները,

գ) երբ վիճարկվում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման՝ հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը:

Սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի համաձայն՝ Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին աշխատակարգային որոշում է ընդունում նույն օրենքի 69-րդ հոդվածով նախատեսված այլ դեպքերում:

Նույն օրենքի 69-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` անհատական դիմումներով գործի քննությունը, ի թիվս այլնի, կարող է մերժվել նաև այն դեպքերում, երբ անհատական դիմումն ակնհայտ անհիմն է:

Սահմանադրական դատարանը 2009 թվականի մարտի 17-ի ՍԴԱՈ-21 աշխատակարգային որոշմամբ արձանագրել է, որ «(…) անհատական դիմումների քննությունը կարող է մերժվել նաև այն դեպքերում, երբ անհատական դիմումն ակնհայտ անհիմն է:

(…) անհատական դիմումն ակնհայտ անհիմն է, երբ, թեև դրանում բարձրացված հարցը ենթակա է սահմանադրական դատարանի քննությանը, այնուամենայնիվ, դիմումում չեն բերվում բավարար իրավական փաստարկներ այն հիմնավորելու համար»:

Սահմանադրական դատարանը վերը նշված աշխատակարգային որոշմամբ նաև արձանագրել է, որ «(…) դիմողը պետք է փորձի բավարար կերպով իրավաբանորեն հիմնավորել, թե իր սահմանադրական որ իրավունքներն են խախտվել և ինչ անմիջական պատճառահետևանքային կապ է առկա վիճարկվող օրինադրույթի և իր իրավունքների խախտման փաստի միջև: Նշված պահանջին համապատասխան՝ դիմողը պետք է նաև դիմումում առաջադրված հարցի հիմքում ներկայացնի իրավաբանորեն փաստված հանգամանքներ և նյութեր (…)»:

Միաժամանակ, Սահմանադրական դատարանը 2009 թվականի նոյեմբերի 24-ի ՍԴՈ-839 որոշմամբ իրավական դիրքորոշում է արտահայտել առ այն, որ եթե դիմողի կողմից չի հիմնավորվում վիճարկվող դրույթի և իր իրավունքների ենթադրյալ խախտման փաստի միջև պատճառահետևանքային կապը, ապա տվյալ դիմումն ակնհայտ անհիմն է։

Այս առումով հարկ է փաստել, որ Սահմանադրական դատարան ներկայացվող անհատական դիմումների հիմնավորված լինելու պահանջը, համաձայն որի՝ դիմողը պետք է հիմնավորի, թե իր սահմանադրական ո՞ր իրավունքն է խախտվել, և ի՞նչ անմիջական պատճառահետևանքային կապ է առկա վիճարկվող օրինադրույթի և իր իրավունքի խախտման փաստի միջև, չի կարող պահպանված համարվել բոլոր այն դեպքերում, երբ դիմողը պարզապես հղում է կատարում Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված որևէ հիմնական իրավունքի և (կամ) ազատության՝ առանց ներկայացնելու վիճարկվող օրինադրույթի և համապատասխան հիմնական իրավունքի և (կամ) ազատության ենթադրյալ խախտման փաստի միջև պատճառահետևանքային կապի առկայության բավարար հիմնավորումներ:

Վերը ներկայացված դրույթներով ամրագրված կարգավորումները, Սահմանադրական դատարանի վերոնշյալ որոշումներով արտահայտած իրավական դիրքորոշումները համադրելով սույն գործի փաստերի հետ՝ Սահմանադրական դատարանը եզրահանգում է.

անհատական դիմումի շրջանակում նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը վիճարկելու պարագայում անհրաժեշտ է բավարար կերպով իրավաբանորեն հիմնավորել, որ վիճարկվող դրույթները (սույն պարագայում նաև իրավակիրառ պրակտիկայում դրանց տրված մեկնաբանությունը, դրանցում առկա ենթադրյալ օրենսդրական բացը) հանգեցրել են Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված որևէ հիմնական իրավունքի և (կամ) ազատության խախտման, ինչը սույն պարագայում տեղի չի ունեցել:

Մասնավորապես՝ Դիմողը սույն անհատական դիմումի շրջանակներում վիճարկում է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 193-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի (իրավակիրառ պրակտիկայում դրան տրված մեկնաբանության) և նույն օրենսգրքի 398-րդ հոդվածի (դրանում առկա ենթադրյալ օրենսդրական բացի)՝ Սահմանադրության 61, 66 և 79-րդ հոդվածներին համապատասխանությունը, որի կապակցությամբ Սահմանադրական դատարանը հարկ է համարում արձանագրել հետևյալը.

սույն անհատական դիմումի շրջանակներում Դիմողի կողմից բարձրացված հարցի կապակցությամբ հարկ է վկայակոչել Սահմանադրական դատարանի՝ 2023 թվականի դեկտեմբերի 19-ի ՍԴՈ-1707 որոշումը, որով Սահմանադրական դատարանը, քննելով «Արուսյակ Ալեքսանյանի դիմումի հիման վրա՝ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ հոդվածի 3-րդ մասի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը, որոշել է.

«(...) Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ հոդվածի 3-րդ մասը համապատասխանում է Սահմանադրությանն այն մեկնաբանությամբ, համաձայն որի՝ Վճռաբեկ դատարանի՝ հատուկ վերանայման բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին որոշումը՝ դրա հիմքում դրված եզրահանգման հետ մեկտեղ, պետք է պարունակի նաև դրան հանգեցրած պատճառաբանությունը։

(...)»:

Վերոգրյալ որոշման շրջանակներում Սահմանադրական դատարանն արտահայտել է իրավական դիրքորոշումներ առ այն, որ «(...) վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին որոշումները լրացնում են Վճռաբեկ դատարանի կողմից զարգացվող իրավունքի շրջանակը: Հետևաբար՝ արդարադատություն հայցող անձն իրավունք ունի ակնկալելու Վճռաբեկ դատարանի օրենսդրական կանոնների մեկնաբանման արդյունքում առաջադրած բողոքի ընդունելիության կանխատեսելի գործնական չափանիշներ ու պահանջներ։ Սույն հանգամանքը կարևոր է ինչպես վճռաբեկ բողոք ներկայացնող անձի, այնպես էլ այն անձանց համար, որոնք Վճռաբեկ դատարան կդիմեն հետագայում: Հետևաբար՝ վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին որոշման պատճառաբանությունները հնարավոր բողոք բերող անձանց կողմից նույն հարցի առնչությամբ դատավարական կանխատեսելի վարքագիծ դրսևորելու հնարավորություն են ընձեռում:

(...):

(...) քրեական վարույթով համապատասխան դեպքերում մերժելով բողոքը վարույթ ընդունելը՝ Վճռաբեկ դատարանը վերջնականորեն մերժում է քրեական վարույթով եռաստիճան դատական համակարգում բողոքաբերի գործով արդարադատության իրականացման հետագա հնարավորությունը, հետևաբար՝ պետք է իր որոշումներում առավելագույնս իրավաբանորեն հիմնավորի և պատճառաբանի արդարադատության իրականացման հնարավորության բացակայությունն այնպես, որ անձի համար օբյեկտիվորեն ըմբռնելի և ընկալելի լինեն դրա պատճառները, հակառակ պարագայում՝ արդարադատությունը կընկալվի իբրև ենթադրյալ խախտված իրավունքի պաշտպանության պատրանքային միջոց՝ վերջնարդյունքում նաև հանգեցնելով դատական իշխանության նկատմամբ հասարակության վստահության նվազեցման:

(...):

(...) Վճռաբեկ դատարանի՝ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին որոշման պատճառաբանվածության սահմանադրաիրավական պահանջը, բացառությամբ Օրենսգրքի 359-րդ հոդվածով նախատեսված դեպքերի, սահմանափակվում է վճռաբեկ բողոքի հիմք(եր)ին և այն հաստատող փաստերին, բողոքը վարույթ ընդունելու պայմանները հիմնավորող փաստարկներին բավարար իրավական անդրադարձ կատարելու անհրաժեշտությամբ՝ համապատասխանաբար, բողոքը վարույթ ընդունելու համար դրանց անբավարարության առումով:

Սահմանադրական դատարանը պատճառաբանված դատական ակտի հիմնարար իրավունքի երաշխավորվածության համատեքստում կարևոր է համարում, որ վճռաբեկ բողոքը, ներառյալ՝ հատուկ վերանայման վճռաբեկ բողոքը, վարույթ ընդունելու հիմքերից յուրաքանչյուրի մասով ձևավորվի կայուն և կանխատեսելի իրավակիրառ պրակտիկա, ինչը հնարավորություն կտա բողոքաբերին անձամբ կամ համապատասխան խորհրդատվությամբ հստակ ընկալել վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու հիմքերից յուրաքանչյուրի նորմատիվ բովանդակությանն առաջադրվող պահանջները և իր բողոքը համապատասխանեցնել այդ պահանջներին: Սրանից հետևում է նաև, որ կայուն և կանխատեսելի պրակտիկա չի կարող ձևավորվել, և, համապատասխանաբար, Վճռաբեկ դատարանի՝ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին որոշումը չի կարող համարվել պատճառաբանված, եթե դրանում միայն որպես հետևություն արձանագրված է վճռաբեկ բողոքի՝ Օրենսգրքով նախատեսված ընդունելիության հիմքերին անհամապատասխանությունը՝ առանց այդ հիմքերին բողոքի անհամապատասխանությունը հիմնավորող դատողությունների շարադրանքի» (ընդգծումները՝ Սահմանադրական դատարանի):

Հետևաբար՝ Սահմանադրական դատարանն արդեն իսկ իր վերոգրյալ որոշման շրջանակներում անդրադարձել է Վճռաբեկ դատարանի՝ հատուկ վերանայման վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին որոշման պատճառաբանվածության հարցին՝ արտահայտելով այդ կապակցությամբ համապատասխան իրավական դիրքորոշումներ:

Ինչ վերաբերում է սույն անհատական դիմումի շրջանակներում Դիմողի կողմից ներկայացված այն դիրքորոշմանը, համաձայն որի՝ «(...) Սահմանադրական դատարանի՝ 2023թ. դեկտեմբերի 19-ի ՍԴՈ-1707 որոշումը բավարար չէ՝ հատուկ վերանայման վճռաբեկ վարույթում ապահովելու բողոքաբերի՝ Վճռաբեկ դատարանի իրական մատչելիության իրավունքը, այլ խոսքով՝ հիշյալ իրավունքի սահմանափակման՝ Սահմանադրության 61-րդ հոդվածին համապատասխանելու իրավիճակը կարող է փաստագրվել, այլ խոսքով՝ բարձրացված խնդիրը կարող Է լուծվել բացառապես այն դեպքում, երբ քրեադատավարական օրենքի 398-րդ հոդվածը ուղղակիորեն կսահմանի, որ հատուկ վերանայման վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելիս Վճռաբեկ դատարանը պարտավոր է հիմնավորապես, այսինքն՝ հատուկ վերանայման վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու համար անհրաժեշտ և կոնկրետ չափանիշներին հատուկ վերանայման վճռաբեկ բողոքի անհամապատասխանության մասին փաստարկումներով պատճառաբանել հատուկ վերանայման վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու պայմանների անբավարարությունն (…)» (ընդգծումները՝ Դիմողի), հարկ է նշել, որ Սահմանադրական դատարանն արդեն իսկ արտահայտել է իր իրավական դիրքորոշումը (դիրքորոշումները) Վճռաբեկ դատարանի՝ հատուկ վերանայման վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին որոշման պատճառաբանվածության հարցի վերաբերյալ, իսկ օրենսդրական մակարդակում դրա (դրանց) իրացումը գտնվում է Սահմանադրական դատարանի իրավասության շրջանակից դուրս՝ օրենսդրի հայեցողության տիրույթում:

Ողջ վերոշարադրյալի հաշվառմամբ՝ Սահմանադրական դատարանը հարկ է համարում արձանագրել, որ Դիմողը սույն անհատական դիմումի շրջանակներում բավարար կերպով իրավաբանորեն չի հիմնավորել իր՝ Սահմանադրության 61 և 66-րդ հոդվածներով երաշխավորված՝ համապատասխանաբար արդյունավետ դատական պաշտպանության և անմեղության կանխավարկածի հիմնական իրավունքների խախտման փաստը, հետևաբար և՝ վիճարկվող դրույթների (իրավակիրառ պրակտիկայում դրանց տրված մեկնաբանության, դրանցում առկա ենթադրյալ օրենսդրական բացի) և համապատասխան հիմնական իրավունքի ենթադրյալ խախտման փաստի միջև պատճառահետևանքային կապի անմիջական առկայությունը։

Անդրադառնալով Դիմողի կողմից վկայակոչված՝ Սահմանադրության 79-րդ հոդվածին՝ Սահմանադրական դատարանը հարկ է համարում արձանագրել, որ տվյալ հոդվածի բովանդակությունից բխում է, որ կոնկրետ վերահսկողության պարագայում այն ինքնին չի կարող դառնալ առանձին քննարկման առարկա, այլ կարող է դիտարկվել միայն որևէ հիմնական իրավունքի և (կամ) ազատության սահմանափակման լույսի ներքո:

Այսպիսով, Սահմանադրական դատարանը գտնում է, որ սույն դիմումով չի հիմնավորվում ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 193-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի (իրավակիրառ պրակտիկայում դրան տրված մեկնաբանության) և նույն օրենսգրքի 398-րդ հոդվածի (դրանում առկա ենթադրյալ օրենսդրական բացի) հակասությունը Սահմանադրության 61 և 66-րդ հոդվածներով երաշխավորված հիմնական իրավունքներին, հետևաբար և՝ Սահմանադրության 79-րդ հոդվածին։

Այսինքն՝ սույն անհատական դիմումն ակնհայտ անհիմն է, ինչը գործի քննությունը Սահմանադրական դատարանի կողմից մերժելու հիմք է:

Ուստի՝ Սահմանադրական դատարանը եզրահանգում է, որ սույն անհատական դիմումով գործի քննությունը Սահմանադրական դատարանի կողմից ենթակա է մերժման՝ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի և 69-րդ հոդվածի 5-րդ մասի հիման վրա՝ դիմումն ակնհայտ անհիմն լինելու հիմքով:

Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով և 69-րդ հոդվածի 5-րդ մասով՝ Սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

«Հասմիկ Գեղամյանի դիմումի հիման վրա՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 193-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի և 398-րդ հոդվածի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի քննությունը մերժել:

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

ՆԱԽԱԳԱՀ Ա. ԴԻԼԱՆՅԱՆ

2 դեկտեմբերի 2025 թվականի

ՍԴԱՈ-178

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
2 դեկտեմբերի, 2025 թ.
Գործի #:
ՍԴԱՈ-178
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել