Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/ԿԱՐԻՆԵ ՀՈՎԱՍԱՖՅԱՆԻ, ՌԱՖԱՅԵԼ ՆԵՐՍԻՍՅԱՆԻ, ԷՎԵԼԻՆԱ ՆԵՐՍԻՍՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

ԿԱՐԻՆԵ ՀՈՎԱՍԱՖՅԱՆԻ, ՌԱՖԱՅԵԼ ՆԵՐՍԻՍՅԱՆԻ, ԷՎԵԼԻՆԱ ՆԵՐՍԻՍՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Սահմանադրական դատարանՍԴԴԿՈ-1414 մարտի, 2022 թ.Բնօրինակ աղբյուր
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ-14)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքները

Ամփոփում

Ընդ.՝ 14 մարտի 2022թ. ՍԴԴԿՈ - 14 | ԿԱՐԻՆԵ ՀՈՎԱՍԱՖՅԱՆԻ, ՌԱՖԱՅԵԼ ՆԵՐՍԻՍՅԱՆԻ, ԷՎԵԼԻՆԱ ՆԵՐՍԻՍՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Ամբողջ Տեքստ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ

ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ ՈՐՈՇՈՒՄ

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Քաղ. Երևան 14 մարտի 2022 թ.

Սահմանադրական դատարանի դատական կազմը

Նախագահությամբ Է. Շաթիրյանի

Անդամակցությամբ Ա. Խաչատրյանի

Վ. Գրիգորյանի

Քննության առնելով Կարինե Հովասաֆյանի, Ռաֆայել Ներսիսյանի, Էվելինա Ներսիսյանի անհատական դիմումի ընդունելիության հարցը,

ՊԱՐԶԵՑ.

1. Կարինե Հովասաֆյանի, Ռաֆայել Ներսիսյանի, Էվելինա Ներսիսյանի դիմումը (ներկայացուցիչ` Կ. Մեժլումյան) Սահմանադրական դատարան է մուտքագրվել 2022 թվականի փետրվարի 22-ին: Դիմողները խնդրում են. ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 197-րդ հոդվածի 4-րդ կետի երկրորդ պարբերության երկրորդ նախադասությունը, ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից իրավակիրառ պրակտիկայում տրված այն մեկնաբանությամբ, որ այդ նորմում նշված այլ պայմանների առկայության դեպքում բաժնային սեփականության մասնակցի բաժինն աննշան լինելու հիմքով դատարանը կարող է այդ սեփականատիրոջ համաձայնության բացակայության դեպքում բաժնային սեփականության մյուս մասնակիցներին թույլատրել վճարելու փոխհատուցում, միայն այն դեպքում, երբ այդ մասնակցի բաժինն աննշան է նման պահանջ ներկայացրած մյուս մասնակցի կամ մյուս մասնակիցներից յուրաքանչյուրի բաժնի համեմատ առանձին-առանձին, բացառելով այն դեպքը, երբ այդ մասնակցի բաժինն աննշան է նման պահանջ ներկայացրած մյուս մասնակիցների բաժինների հանրագումարի համեմատ, ճանաչել ՀՀ Սահմանադրության 60-րդ և 31-րդ հոդվածներին հակասող և անվավեր»:

2. Ըստ դիմողների (...) վերը նշված դիրքորոշումը չի բխում ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 197-րդ հոդվածի 4-րդ կետի բովանդակությունից, քանի որ օրենսդիրը, բաժնային սեփականության մյուս մասնակիցներին թույլատրելով նշված կետով նախատեսված դեպքերում փոխհատուցում վճարել այն մասնակցին, ով համաձայն չէ ստանալ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 197-րդ հոդվածում նշված փոխհատուցումը, բաժնային սեփականության մյուս մասնակիցների նշված իրավունքի իրագործումը բաժնի չափի առումով բացառապես պայմանավորել է այդ փոխհատուցումն ստացող մասնակցի բաժինն աննշան լինելու հանգամանքով առանց սահմանափակելու ընդհանուր սեփականության մյուս մասնակիցների կողմից համատեղ նման պահանջ ներկայացնելու իրավունքն այն դեպքում, երբ թեկուզև համահայցվորներ ընդհանուր սեփականության մասնակիցներից յուրաքանչյուրի բաժնի չափն առանձին վերցրած հավասար է պատասխանող ընդհանուր սեփականության մասնակցի բաժնի չափին, սակայն նրանք որոշել են համատեղ որպես համահայցվորներ, ընդհանուր գույքի մյուս մասնակցի դեմ ներկայացնել վերը նշված հայցապահանջը, և ընդհանուր գույքի մասնակիցների կողմից այդ պահանջի շուրջ միավորվելու արդյունքում պատասխանող մասնակցի բաժինն այլևս դարձել է աննշան: (…) Քաղաքացիական օրենսգրքի 197-րդ հոդվածի 4-րդ կետի 2-րդ պարբերությամբ գույքի սեփականատերերին որոշակի պայմանների առկայության դեպքում իրավունք տալով դատական կարգով փոխհատուցմամբ դադարեցնելու գույքի մյուս սեփականատիրոջ սեփականության իրավունքը, նպատակ է հետապնդվել ապահովելու համար նման պահանջ ներկայացնող սեփականատերերի ինչպես Սահմանադրության 60-րդ հոդվածով, այդպես էլ 31-րդ և այլ հոդվածներով երաշխավորված իրավունքների ապահովումը»: Դիմողների պնդմամբ նման բնակարանում ընտանիքի անդամների հետ երրորդ անձի բնակվելը կխախտեր ընտանիքի անդամների մասնավոր և ընտանեկան կյանքի անձեռնմխելիության իրավունքը կամ առնվազն խախտելու իրական վտանգ կստեղծեր, ուստի գույքի բաժնային սեփականատերեր հանդիսացող ընտանիքի անդամների կողմից միասնական հայցով ընտանիքի անդամ չհանդիսացող բաժնային սեփականատիրոջ իրավունքը փոխհատուցմամբ դադարեցնելու պահանջ ներկայացնելն այն հիմնավորմամբ, որ այդ սեփականատիրոջ բաժինն իրենց բաժնի համեմատ աննշան է, չի կարող համարվել բաժինների մեխանիկական միացում, այլ, ի թիվս այլնի, հանդիսանում է նաև Սահմանադրությամբ պաշտպանվող ընտանեկան կյանքի անձեռնմխելիության իրավունքի ապահովման միջոց: Դիմողները եզրահանգում են, որ նման պայմաններում ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 197-րդ հոդվածի 4-րդ կետի 2-րդ պարբերությունը Վճռաբեկ դատարանի կողմից իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությամբ, հակասում է Սահմանադրության 31 և 60-րդ հոդվածներին:

3. Ուսումնասիրելով սույն անհատական դիմումը և վերջինիս կից ներկայացված դատական ակտերը, ինչպես նաև ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի (այսուհետ Օրենք) 29 և 69-րդ հոդվածների պահանջներով` Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ սույն անհատական դիմումով գործի քննությունը ենթակա է մերժման ներքոնշյալ պատճառաբանությամբ. Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի համաձայն Սահմանադրական դատարան կարող է դիմել յուրաքանչյուր ոք կոնկրետ գործով, երբ առկա է դատարանի վերջնական ակտը, սպառվել են դատական պաշտպանության բոլոր միջոցները և վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը։ Այս պահանջի լույսի ներքո Սահմանադրական դատարան անհատական դիմում ներկայացնելիս անձը պետք է բավարար կերպով իրավաբանորեն հիմնավորի, թե իր սահմանադրական ո՞ր իրավունքներն են խախտվել, և ի՞նչ է ակնկալում Սահմանադրական դատարանում իր դիմումի հիման վրա գործի քննության արդյունքում հիմնավորելով նաև իր սահմանադրական իրավունքների ենթադրյալ խախտման փաստի և վիճարկվող դրույթների ենթադրյալ հակասահմանադրականության միջև պատճառահետևանքային կապի առկայությունը: Ընդ որում, սահմանադրական կոնկրետ վերահսկողության առարկա կարող են դառնալ այնպիսի վեճեր, որոնց հիմքում ընկած են ոչ թե կոնկրետ գործի փաստական և/կամ իրավական հանգամանքների գնահատման, վիճարկվող իրավական նորմի տվյալ գործով կիրառման կամ չկիրառման հարցեր, այլ վիճարկվող նորմատիվ իրավական ակտի սահմանադրականության գնահատման հարցեր: Սույն գործի նյութերի ուսումնասիրությունը վկայում է, որ դիմողներն, ըստ էության, վիճարկվող նորմերի հակասահմանադրականության որևէ հիմնավոր փաստարկ չեն ներկայացնում, իսկ որպես փաստարկ ներկայացվող պնդումներն առավելապես վերաբերում են դատարանների (մասնավորապես Վճռաբեկ դատարանի) գործողությունների/դատական ակտերի իրավաչափությանը: Սահմանադրական դատարանի դատական կազմը փաստում է, որ սույն գործով դիմողների նկատմամբ ենթադրյալ անբարենպաստ իրավական հետևանքներն առաջացել են թիվ ԵԱՔԴ/4949/02/16 քաղաքացիական գործով Վճռաբեկ դատարանի 14.01.2022 թ. որոշմամբ, և վիճարկելով խնդրո առարկա դրույթի սահմանադրականությունը դիմողները բարձրացնում են դրա կիրառման իրավաչափության հարց փորձելով այն ներկայացնել վիճարկվող դրույթի հակասահմանադրականության առումով: Այսպես, դիմողները նշել են, որ «(...) Մինչև թիվ ԵԱՔԴ/4949/02/16 քաղաքացիական գործով Վճռաբեկ դատարանի 14.01.2022թ. որոշմամբ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 197-րդ հոդվածի 4-րդ կետի երկրորդ նախադասության վերաբերյալ տրված մեկնաբանությունը, դրանով արտահայտած իրավական դիրքորոշումը, տվյալ նորմի կիրառման դատական պրակտիկան զարգացել է այն մեկնաբանությամբ, ինչ մեկնաբանությամբ այն կիրառել է Վերաքննիչ դատարանն ու ինչ մեկնաբանությամբ այն ճիշտ են համարել Վճռաբեկ դատարանի հատուկ կարծիք գրած դատավորները: Մասնավորապես, թիվ ԵԿԴ/1535/02/12 քաղաքացիական գործով բնակարանի նկատմամբ բաժնեմասը փոխհատուցմամբ դադարեցնելու պահանջ ներկայացրած հակընդդեմ հայցվորները երեքն են և դատարանը նշված պահանջով պատասխանողի 1/8 բաժնեմասը աննշան է համարել ոչ թե հայցվորներից յուրաքանչյուրի բաժնեմասի հետ համեմատած, այլ հայցվորների բաժնեմասերի հանրագումարի հետ համեմատած: Վերաքննիչ դատարանը կիսել է դատարանի այդ դիրքորոշումը»: Սահմանադրական դատարանի դատական կազմը փաստում է, որ Սահմանադրական դատարանում քննության առարկա կարող է լինել բացառապես նորմատիվ իրավական ակտի սահմանադրականության գնահատումը, ինչպես նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը: Վերոգրյալի հիման վրա Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ ձևականորեն բարձրացնելով իրավական նորմի սահմանադրականության հարց դիմողներն իրականում առաջ են քաշում Վճռաբեկ դատարանի դատական ակտի/գործողությունների իրավաչափության հարց, ինչը դուրս է Սահմանադրական դատարանի իրավասության շրջանակից: Համաձայն Օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի Սահմանադրական դատարանը գործի քննությունը մերժելու մասին որոշում է ընդունում, եթե դիմումում առաջադրված հարցերը ենթակա չեն Սահմանադրական դատարանին: Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով Սահմանադրական դատարանի դատական կազմը

ՈՐՈՇԵՑ.

Կարինե Հովասաֆյանի, Ռաֆայել Ներսիսյանի, Էվելինա Ներսիսյանի անհատական դիմումով գործի քննությունը մերժել: Նախագահող Է. Շաթիրյան

Անդամներ Ա. Խաչատրյան

Վ. Գրիգորյան

14 մարտի 2022 թվականի

ՍԴԴԿՈ-14

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
14 մարտի, 2022 թ.
Գործի #:
ՍԴԴԿՈ-14
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել