«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` «ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԱՆՑ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ, ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ 2-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ 8-ՐԴ ԿԵՏԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԱՈ-57)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքներըԱմփոփում
Ընդ.՝ 14 ապրիլի 2026թ. ՍԴԱՈ - 57 | «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` «ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԱՆՑ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ, ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ 2-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ 8-ՐԴ ԿԵՏԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամբողջ Տեքստ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` «ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԱՆՑ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ, ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ 2-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ 8-ՐԴ ԿԵՏԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Սահմանադրական դատարանը, քննության առնելով «Հայաստանի Հանրապետության վարչական դատարանի դիմումի հիման վրա` «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի քննությունը մերժելու մասին առաջարկությունը, ՊԱՐԶԵՑ.
1. 2026 թվականի մարտի 19-ին Սահմանադրական դատարան է մուտքագրվել Հայաստանի Հանրապետության վարչական դատարանի (այսուհետ՝ Դիմող) դիմումը: Դիմողն իր՝ 2026 թվականի մարտի 18-ի «ՀՀ Սահմանադրական դատարան դիմելու մասին» որոշմամբ խնդրել է (որոշել է).
«Դիմել ՀՀ սահմանադրական դատարան՝ «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետն այնքանով, որքանով, որ այն, ի տարբերություն՝ նույն մասի 9-րդ, 10-րդ, 11-րդ, 12.1-րդ կետերով նախատեսված պաշտոնատար անձանց կենսաթոշակի ձեռք բերման իրավունքների հիմքերի, չի սահմանում դատավորի պաշտոնին զբաղեցրած անձի լիազորությունների ընդհանուր հիմք՝ կախված որոշակի ստաժից՝ անկախ դադարման կամ դադարեցման հիմքերի, ՀՀ Սահմանադրության 1-ին, 28-րդ, 29-րդ, 78-րդ, 79-րդ, 81-րդ հոդվածներին, ինչպես նաև՝ «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով նախատեսված կարգավորումը «անձը, ով պաշտոնավարել է դատավորի պաշտոնում առնվազն 10 օրացուցային տարի, և որի լիազորությունները` «դադարեցվել կամ»» բառից հետո նշված դադարեցման և դադարման երեք հիմքերին՝ (դադարեցման մեկ հիմք) միայն վերագրելու և «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքով սահմանված դադարեցման մյուս հիմքերին չվերագրելու ձևով մեկնաբանությունը՝ ՀՀ Սահմանադրության 1-ին, 28-րդ, 29-րդ, 78-րդ, 79-րդ, 81-րդ հոդվածներին համապատասխանության հարցը որոշելու խնդրանքով։
(...)»:
2. Ներկայացնելով թիվ ՎԴ/5156/05/23 վարչական գործի դատավարական նախապատմությունը, վիճարկվող նորմի բովանդակությունը, ինչպես նաև Սահմանադրական դատարան դիմելու համար էական նշանակություն ունեցող հանգամանքների շրջանակը, վկայակոչելով Սահմանադրության և «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» օրենքի վերաբերելի հոդվածները՝ Դիմողը նշում է. «Տվյալ դեպքում, «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետին հաջորդ 9-րդ, 10-րդ, 11-րդ, 12.1-րդ կետերով նախատեսված պաշտոնատար անձանց համար սահմանվել են իրավական տեսանկյունից որոշակի կարգավորումներ, մասնավորապես՝ հիմքերը բաժանվել են «ա» և «բ» կետերի, որից նշված թոշակի ձեռքբերում «ա» կետով սահմանվել է ստաժի որոշակի ժամանակահատված՝ անկախ լիազորությունների դադարեցման և դադարման հիմքերից, իսկ «բ» կետով սահմանվել է պաշտոնից ազատման կոնկրետ հիմք՝ անկախ ստաժից։ «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի բովանդակությունը ևս պետք է մեկնաբանել ընդհանուր հոդվածի համատեքստից ելնելով` բացառելով «դադարեցվում կամ» բառից հետո մասնավորեցված միայն մեկ դադարեցման հիմք սահմանելը։ Հակառակ մեկնաբանմամբ ստացվում է, որ օրենսդիրը տարբերակված մոտեցում է դրսևորել դատավորների և մյուս կետերով սահմանված պաշտոններ զբաղեցված անձանց նկատմամբ` դատավորի համար սահմանելով միայն լիազորությունների դադարեցման կամ դադարման կոնկրետ 3 հիմք»:
Դիմողը հավելում է. «(...) «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետը, որը գտնվում է տրամաբանական կապի մեջ հաջորդող 9-ից 12.1-րդ կետերի հետ, շարադրված չէ բավարար չափով որոշակի, ուստի այդպիսի մեկնաբանման պարագայում այնքանով, որքանով, որ այն չի սահմանում դատավորի պաշտոն զբաղեցրած անձի լիազորությունների դադարեցման կամ դադարման ընդհանուր հիմք՝ կախված որոշակի ստաժից ոչ միայն չի բավարարում՝ այն միջազգային պարտավորությունների ծավալին, որին ստանձնել է Հայաստանի Հանրապետությունը, այլև ուղղակիորեն հակասում է Սահմանադրության 1-ին, 28-րդ, 29-րդ, 78-րդ, 81-րդ հոդվածներին»։
Ամփոփելով՝ Դիմողը գտնում է, որ «(...) սույն գործով վեճի լուծման համար կիրառելի` «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետը հակասում է ՀՀ Սահմանադրության 1-ին, 28-րդ, 29-րդ, 78-րդ, 81-րդ հոդվածներին»։
3. Ուսումնասիրության առարկա դարձնելով ներկայացված դիմումը՝ Սահմանադրական դատարանը գտնում է, որ սույն դիմումի հիման վրա գործի քննությունը ենթակա է մերժման՝ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի (այսուհետ նաև` Սահմանադրական օրենք) 29-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքով՝ հետևյալ պատճառաբանությամբ.
Սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն՝ Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին աշխատակարգային որոշում է ընդունում, եթե դիմողն իրավասու չէ տվյալ հարցով դիմելու Սահմանադրական դատարան:
Սահմանադրական դատարանը նշում է, որ դատարանների՝ սահմանադրական արդարադատություն հայցելու սահմանադրաիրավական իրավասությունն ամրագրված է Սահմանադրության 169-րդ հոդվածի 4-րդ մասում.
«Դատարաններն իրենց վարույթում գտնվող կոնկրետ գործով կիրառման ենթակա նորմատիվ իրավական ակտի սահմանադրականության հարցով դիմում են Սահմանադրական դատարան, եթե հիմնավոր կասկածներ ունեն դրա սահմանադրականության վերաբերյալ և գտնում են, որ տվյալ գործի լուծումը հնարավոր է միայն այդ նորմատիվ իրավական ակտի կիրառման միջոցով»:
Վկայակոչված կարգավորումն ամրագրվել է Սահմանադրական օրենքի 71-րդ հոդվածում, որի շրջանակներում օրենսդիրն ուրվագծել է դատարանների սույն սահմանադրաիրավական իրավասության կենսագործման օրենսդրական հիմքերն ու ընթացակարգը:
Սահմանադրական դատարանն իր՝ 2024 թվականի հունիսի 18-ի ՍԴԱՈ-98 աշխատակարգային որոշմամբ վերահաստատել է, որ դատարանների դիմումների հիման վրա Սահմանադրական դատարանի կողմից կոնկրետ սահմանադրական վերահսկողության շրջանակներում սահմանադրական արդարադատության իրականացման իմաստավորումը հանգում է դատարանի կողմից ենթադրյալ հակասահմանադրական նորմի հիման վրա կոնկրետ վեճի լուծումը կանխելուն, որպիսի պայմաններում հիմնարար նշանակություն է ձեռք բերում արդարադատություն իրականացնելու բացառիկ իրավասությամբ օժտված սույն սուբյեկտների կողմից ներկայացված դիմումների շրջանակներում, ի թիվս այլնի, ներկայացնել վիճարկվող նորմի՝ Սահմանադրությանն անհամապատասխանությունը հիմնավորող այն լայնաբովանդակ պատճառաբանությունը, որը կբացահայտի դատարանի՝ Սահմանադրության 169-րդ հոդվածի 4-րդ մասի իմաստով «հիմնավոր կասկած» ունենալու սահմանադրական պահանջը:
Սահմանադրական դատարանը վերոնշյալ աշխատակարգային որոշմամբ ընդգծում է, որ դատարանի՝ վիճարկվող դրույթի ենթադրյալ հակասահմանադրականության վերաբերյալ «հիմնավոր կասկած» ունենալու սահմանադրական պահանջն անառարկելիորեն ենթադրում է դատարանների կողմից Սահմանադրական դատարան ներկայացվող դիմումի շրջանակներում խնդրո առարկա հարցի վերաբերյալ իրենց՝ ներքին համոզման հիման վրա ձևավորված դատողությունների և հիմնավորումների պատճառաբանված դիրքորոշումների ներկայացում, ընդ որում՝ ներկայացված դիրքորոշումները չպետք է սահմանափակվեն լոկ դատավարության/վարույթի համապատասխան մասնակիցների՝ սույն հարցի վերաբերյալ դիրքորոշումների վկայակոչմամբ կամ նման դիրքորոշումների շրջանակներում՝ առանց սեփական դատողությունների համակարգված շղթան ներկայացնելու, վիճարկվող նորմի կիրառման վերաբերյալ հարցերը դրա ենթադրյալ հակասահմանադրականության վերաբերյալ դիտարկումների համատեքստում բարձրացնելով:
Սահմանադրական դատարանը 2021 թվականի նոյեմբերի 16-ի ՍԴԱՈ-224 աշխատակարգային որոշմամբ նշյալ հարցի վերաբերյալ արտահայտել է համարժեք դիրքորոշում, ըստ որի՝ «(…) Սահմանադրության 169-րդ հոդվածի 4-րդ մասի իմաստով «հիմնավոր կասկածի» առկայությունը դատարանի կողմից հիմնավորված կարող է լինել, եթե դատարանի կողմից, ի թիվս դիմումին ներկայացվող այլ պայմանների, բավարար հիմնավորումներ են ներկայացվել առ այն, որ Սահմանադրական դատարանի ստուգմանն առաջադրվող նորմերի անորոշությունն անհնար է հաղթահարել՝ դատարանի կողմից իր լիազորությունների գործադրմամբ իրավական նորմի բավարար հստակությունն ապահովող սպառիչ դատական մեկնաբանություն տալով։ Այսինքն՝ Սահմանադրական դատարան դիմող դատարանը պարտավոր է հիմնավորել, թե իր կողմից վիճարկվող իրավական նորմերի հստակության վերաբերյալ կասկածները փարատելու ուղղությամբ ինչպե՞ս է փորձել մեկնաբանել վիճարկվող իրավական նորմերը, և վիճարկվող նորմերի՝ իր կողմից մեկնաբանման մեթոդաբանական ողջ գործիքակազմի կիրառմամբ դրանք ի՞նչ վերջնական իրավական բովանդակություն են ստացել՝ հիմնավորելով այդ բովանդակության անհամապատասխանությունը Սահմանադրությանը»:
Սահմանադրական դատարանն իր՝ 2022 թվականի մայիսի 6-ի ՍԴԱՈ-83 աշխատակարգային որոշմամբ փաստել է. «(…) վիճարկվող նորմի սահմանադրականության վերաբերյալ դատավորի սուբյեկտիվ դիրքորոշումն արտահայտում է վերջինիս ներքին համոզմունքը, որը չի կարող հիմնվել սոսկ ենթադրությունների կամ չպատճառաբանված դատողությունների վրա, ուստի Սահմանադրական դատարան դիմելու մասին որոշումը պետք է բովանդակի վիճարկվող իրավադրույթի՝ Սահմանադրության համապատասխան հոդվածի համատեքստում ենթադրյալ հակասահմանադրականությունը հիմնավորող պատճառաբանությունների վերաբերյալ համապատասխան վերլուծություն, որը օբյեկտիվ հիմք է հանդիսացել դատավորի ներքին համոզմունքի ձևավորման համար»:
Վերոգրյալի համատեքստում Սահմանադրական դատարանը փաստում է, որ դատարանների՝ վիճարկվող դրույթի ենթադրյալ հակասահմանադրականության վերաբերյալ կատարած ցանկացած հետևություն չէ, որ ընդգրկվում է Սահմանադրի կողմից Սահմանադրության 169-րդ հոդվածի 4-րդ մասում ամփոփված «հիմնավոր կասկած» ունենալու սահմանադրական պահանջի բովանդակային սահմաններում, այլ այն պատճառաբանված դիրքորոշումները, որոնք հանգեցրել են նման հետևությանը. սա է Սահմանադրի անբեկանելի կամքը, որը սահմանադրականության հաստատման, սույն պարագայում՝ կոնկրետ սահմանադրական վերահսկողության շրջանակներում կոնկրետ գործով կիրառման ենթակա նորմատիվ իրավական ակտի ենթադրյալ հակասահմանադրական դրույթի կիրառման արգելակման առհավատչյան է:
Բացի դրանից, Սահմանադրական դատարանն իր՝ 2026 թվականի մարտի 20-ի ՍԴԱՈ-36 աշխատակարգային որոշմամբ արձանագրել է, որ «(...) «հիմնավոր կասկած» ունենալու սահմանադրաիրավական պայմանի առկայությունը մեկնաբանելիս դատարանները պետք է հաշվի առնեն Սահմանադրական դատարանի՝ խնդրո առարկա հարցի առնչությամբ նախկինում արտահայտած դիրքորոշումները, ի մասնավորումն՝ Սահմանադրական դատարանն իր մի շարք աշխատակարգային որոշումներով ընդգծել է, որ «հիմնավոր կասկած» չի կարող համարվել նորմատիվ իրավական ակտի/վերջինիս դրույթի վերաբերյալ ցանկացած կասկած. դատարանը պետք է համոզվի, որ դատական մեկնաբանությամբ անհնար է հաղթահարել կիրառման ենթակա նորմի՝ Սահմանադրությանը հակասելու վերաբերյալ հիմնավոր կասկածը։
«Նման իրավիճակ կարող է առաջանալ այն պարագայում, երբ, օրինակ, վիճարկվող նորմը հնարավոր է մեկնաբանել միայն այնպես, որ այն իր վերջնական բովանդակությամբ հակասում է Սահմանադրությանը: Այդ դեպքում Սահմանադրական դատարան ներկայացրած դիմումում նշելով օգտագործված մեկնաբանման մեթոդները՝ դատարանը պարտավոր է հիմնավորել դատական մեկնաբանմամբ կիրառման ենթակա իրավական նորմի սահմանադրականության վերաբերյալ հիմնավոր կասկածը հաղթահարելու անհնարինությունը»:
«(…) կոնկրետ գործով կիրառման ենթակա նորմատիվ իրավական ակտում օրենքի բացի և դրա արդյունքում դրա սահմանադրականության վերաբերյալ հիմնավոր կասկածի մասին ևս կարող է խոսվել միայն այն դեպքում, երբ դատարանը հանգի այն եզրակացության, որ դատական մեկնաբանման որևէ մեթոդի կիրառմամբ անհնար է հաղթահարել այդ բացը» (14.12.2021 թ. ՍԴԱՈ-254)»:
Դիմումի ուսումնասիրությունը թույլ է տալիս Սահմանադրական դատարանին արձանագրել, որ վիճարկվող նորմի ենթադրյալ հակասահմանադրականության վերաբերյալ Դիմողի փաստարկները Սահմանադրական դատարանը բավարար չափով հիմնավոր չի համարում, քանզի Դիմողը չի հիմնավորել վիճարկվող կարգավորումները Սահմանադրությանը համահունչ մեկնաբանելու անհնարինությունը, որպիսի հանգամանքը հանգեցնում է Սահմանադրության 169-րդ հոդվածի 4-րդ մասի իմաստով «հիմնավոր կասկածի» բացառմանը:
Այս համատեքստում Սահմանադրական դատարանը փաստում է, որ Բարձր դատարան ներկայացրած դիմումով Դիմողը սահմանափակվել է առավելապես Սահմանադրության և «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» օրենքի համապատասխան հոդվածների դրույթները վկայակոչելով, հայցվորի կենսաթոշակը փոխելու, հաշվարկելու և վերահաշվարկելու, թիվ ՎԴ/5156/05/23 վարչական գործի դատավարական ընթացքի նկարագրությամբ և տվյալ գործով հայցվորի՝ Սահմանադրական դատարան դիմելու վերաբերյալ միջնորդության շրջանակներում ներկայացված հիմնավորումների բառացի վկայակոչմամբ։
Հաշվի առնելով վերոգրյալը՝ Սահմանադրական դատարանը եզրահանգում է, որ Դիմողի՝ վիճարկվող դրույթի ենթադրյալ հակասահմանադրականության վերաբերյալ ներքին համոզման հիման վրա ձևավորված պատճառաբանությունների ու հիմնավորումների բացակայությունը հանգեցնում է Սահմանադրության 169-րդ հոդվածի 4-րդ մասի իմաստով «հիմնավոր կասկածի» բացառմանը, ուստի՝ սույն դիմումով առկա է գործի քննությունը մերժելու՝ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմք։
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Սահմանադրության 169-րդ հոդվածի 4-րդ մասով և հիմք ընդունելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի և 71-րդ հոդվածի 1-ին մասի պահանջները՝ Սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.
«Հայաստանի Հանրապետության վարչական դատարանի դիմումի հիման վրա` «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի քննությունը մերժել:
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
ՆԱԽԱԳԱՀ Ա. ԴԻԼԱՆՅԱՆ
14 ապրիլի 2026 թվականի
ՍԴԱՈ-57
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 14 ապրիլի, 2026 թ.
- Գործի #:
- ՍԴԱՈ-57
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
