Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/ՎԱՐԴԱՆ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

ՎԱՐԴԱՆ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Սահմանադրական դատարանՍԴԴԿՈ-5420 նոյեմբերի, 2023 թ.Բնօրինակ աղբյուր
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ-54)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքները

Ամփոփում

Ընդ.՝ 20 նոյեմբերի 2023թ. ՍԴԴԿՈ - 54 | ՎԱՐԴԱՆ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Ամբողջ Տեքստ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ

ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ ՈՐՈՇՈՒՄ

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Քաղ. Երևան 20 նոյեմբերի 2023 թ.

Սահմանադրական դատարանի դատական կազմը

Նախագահությամբ Ա. Թունյանի

Անդամակցությամբ` Ե. Խունդկարյանի

Է. Շաթիրյանի

Քննության առնելով Վարդան Վարդանյանի անհատական դիմումի ընդունելիության հարցը,

ՊԱՐԶԵՑ.

1. Վարդան Վարդանյանը (այսուհետ` Դիմող) դիմել է Սահմանադրական դատարան (դիմումը Սահմանադրական դատարան է մուտքագրվել 2023 թվականի հոկտեմբերի 11-ին)` խնդրելով. «1. Գործն ընդունել քննության,

2. Որոշել ՀՀ աշխատանքային օրենսգրքի 265-րդ հոդվածի 1-ին մասի համապատասխանությունը ՀՀ Սահմանադրության 61-րդ, 63-րդ, 75-րդ, 78-րդ, 79-րդ կամ և այլ հոդվածներին»:

2. Ներկայացնելով թիվ ԵԴ/56193/02/21 քաղաքացիական գործի դատավարական նախապատմությունը Դիմողը նշում է, որ նորմատիվ իրավական ակտի վիճարկվող դրույթն իրավակիրառ պրակտիկայում ստացել է այնպիսի մեկնաբանություն, որը փոփոխել է ի սկզբանե առերևույթ սահմանված նորմատիվ պատվիրանը առաջացնելով վիճարկվող իրավադրույթի անհամատեղելիություն մարդու Սահմանադրությամբ ամրագրված իրավունքների և ազատությունների հետ: Մասնավորապես ըստ Դիմողի նորմատիվ իրավական ակտի վիճարկվող դրույթը իրավակիրառ պրակտիկայում ստացած մեկնաբանությամբ, հակասում է Սահմանադրությանը, քանի որ աշխատանքից ազատման վերաբերյալ գործատուի անհատական իրավական ակտը չստացած, այդպիսով իր ազատման վերաբերյալ պաշտոնապես չտեղեկացված և ազատման հիմքերի մասին դեռևս չիրազեկված աշխատողի դատական պաշտպանության դիմելը գործնականում անիրատեսական է և ոչ արդյունավետ, իսկ իրավաբանորեն նույնիսկ անթույլատրելի և անհնարին հաշվի առնելով թիվ ԵԿԴ/3295/02/15 գործով Վճռաբեկ դատարանի արտահայտած դիրքորոշումը: Դիմողը գտնում է, որ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 265-րդ հոդվածի 1-ին մասը հաշվի առնելով թիվ ԵԴ/56193/02/21 քաղաքացիական գործի շրջանակներում դրան տրված մեկնաբանությունը, հակասում է Սահմանադրության 61, 63, 75, 78 և 79-րդ հոդվածներին այնքանով, որքանով բոլոր դեպքերում առանց որևէ բացառության, չի երաշխավորում աշխատանքից ոչ իրավաչափորեն ազատված աշխատողի դատական պաշտպանության իրավունքի իրացման ժամկետի հոսքը` գործատուի համապատասխան իրավական ակտն աշխատողի կողմից փաստացի ստանալու պահից: Դիմողը պնդմամբ « նորմատիվ իրավական ակտի վիճարկվող դրույթը հաշվի առնելով իրավակիրառ պրակտիկայում դրան տրված մեկնաբանությունը, փաստորեն ունի այնպիսի բովանդակություն, որ այն դեպքերում, երբ աշխատողը «դրսևորում է անբարեխիղճ պասիվ վարքագիծ» և/կամ «չի ձեռնարկում իր իրավունքի ենթադրյալ խախտման հարցում հաստատապես համոզվելու համար բավարար տեղեկություններ ձեռք բերելուն ուղղված ողջամտորեն ենթադրվող իրավաչափ գործողություններ» վերջինիս դատական պաշտպանության դիմելու ժամկետը չի կազմում երկու ամիս հաշվարկված գործատուի համապատասխան անհատական իրավական ակտն աշխատողի փաստացի ստանալու պահից, ինչը խախտում է աշխատանքից ազատված անձի դատական պաշտպանության և արդար դատաքննության սահմանադրական իրավունքները, չի ապահովում այդ իրավունքների արդյունավետ իրականացման համար անհրաժեշտ կազմակերպական կառուցակարգեր և ընթացակարգեր, ինչպես նաև անհամաչափորեն սահմանափակում է այդ իրավունքները հակասելով ՀՀ Սահմանադրությանը»: Դիմողն ընդգծում է, որ « նորմատիվ իրավական ակտի վիճարկվող դրույթը հաշվի առնելով իրավակիրառ պրակտիկայում դրան տրված մեկնաբանությունը, չի համապատասխանում ՀՀ Սահմանադրությանը, և թիվ ԵԴ/56193/02/21 քաղաքացիական գործով այն կիրառվել է հենց այդպիսի մեկնաբանությամբ, ինչի արդյունքում Դիմողը դատարանների կողմից դիտվել է որպես հայցային վաղեմության ժամկետը խախտած անձ, և Դիմողի հարցը մերժվել է հայցային վաղեմության ժամկետը լրանալու հիմքով առանց ըստ էության անդրադառնալու Դիմողի հայցի հիմնավորվածությանը, և առանց քննարկելու Դիմողի իրավունքների խախտումների առկայությունը»: Դիմողի պնդմամբ թիվ ԵԴ/56193/02/21 քաղաքացիական գործով իր հայցի մերժումն ուղղակիորեն պայմանավորված է եղել նորմատիվ իրավական ակտի վիճարկվող դրույթի Սահմանադրությանը չհամապատասխանող բովանդակությամբ, որը և նորմատիվ իրավական ակտի վիճարկվող դրույթի և իր իրավունքների խախտումների միջև պատճառահետևանքային կապի առկայության հիմնավորումն ու ապացույցն է:

3. Ելնելով դիմումի և կից ներկայացված դատական ակտերի ուսումնասիրության արդյունքներից ու ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի (ստորև սահմանադրական օրենք) 29 և 69-րդ հոդվածներով Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ սույն անհատական դիմումով գործի քննությունը ենթակա է մերժման հետևյալ պատճառաբանությամբ. Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի համաձայն Սահմանադրական դատարան կարող է դիմել յուրաքանչյուր ոք կոնկրետ գործով, երբ առկա է դատարանի վերջնական ակտը, սպառվել են դատական պաշտպանության բոլոր միջոցները և վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը։ Սահմանադրական վերոհիշյալ նորմն իր ամրագրումն է ստացել նաև սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասում: Հիշյալ դրույթը սահմանում է այն հիմքերը, որոնց միաժամանակյա առկայության պարագայում ֆիզիկական կամ իրավաբանական անձը կոնկրետ գործով անհատական դիմում կարող է ներկայացնել Սահմանադրական դատարան։ Դրանք են ա երբ կոնկրետ գործով առկա է դատարանի վերջնական ակտը,

բ երբ սպառվել են ներպետական դատական պաշտպանության բոլոր միջոցները,

գ երբ վիճարկվում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը: Սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի համաձայն Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին աշխատակարգային որոշում է ընդունում սույն օրենքի 69-րդ հոդվածով նախատեսված այլ դեպքերում: Սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` անհատական դիմումը պետք է հղումներ պարունակի նորմատիվ իրավական ակտի այն դրույթներին, որոնց սահմանադրականությունը վիճարկվում է, և հիմնավորումներ, որ նորմատիվ իրավական ակտի հակասությունը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման` հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը: Նույն օրենքի 69-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` անհատական դիմումներով գործի քննությունը, ի թիվս այլնի, կարող է մերժվել նաև այն դեպքերում, երբ անհատական դիմումն ակնհայտ անհիմն է: Սահմանադրական դատարանը 2009 թվականի մարտի 17-ի ՍԴԱՈ-21 աշխատակարգային որոշմամբ արձանագրել է. (…) անհատական դիմումն ակնհայտ անհիմն է, երբ, թեև դրանում բարձրացված հարցը ենթակա է սահմանադրական դատարանի քննությանը, այնուամենայնիվ, դիմումում չեն բերվում բավարար իրավական փաստարկներ այն հիմնավորելու համար»: Սահմանադրական դատարանը վերոնշյալ ՍԴԱՈ-21 աշխատակարգային որոշմամբ նաև արձանագրել է, որ «(…) դիմողը պետք է փորձի բավարար կերպով իրավաբանորեն հիմնավորել, թե իր սահմանադրական որ իրավունքներն են խախտվել և ինչ անմիջական պատճառահետևանքային կապ է առկա վիճարկվող օրինադրույթի և իր իրավունքների խախտման փաստի միջև: Նշված պահանջին համապատասխան դիմողը պետք է նաև դիմումում առաջադրված հարցի հիմքում ներկայացնի իրավաբանորեն փաստված հանգամանքներ և նյութեր (…)»: Սահմանադրական դատարանը 2009 թվականի նոյեմբերի 24-ի ՍԴՈ-839 որոշմամբ իրավական դիրքորոշում է արտահայտել առ այն, որ եթե դիմողի կողմից չի հիմնավորվում վիճարկվող դրույթի և իր իրավունքների ենթադրյալ խախտման փաստի միջև պատճառահետևանքային կապը, ապա տվյալ դիմումն ակնհայտ անհիմն է։ Սահմանադրական դատարան ներկայացվող անհատական դիմումների հիմնավորված լինելու պահանջը, համաձայն որի դիմողը պետք է հիմնավորի, թե իր սահմանադրական ո՞ր իրավունքն է խախտվել, և ի՞նչ անմիջական պատճառահետևանքային կապ է առկա վիճարկվող օրինադրույթի և իր իրավունքի խախտման միջև, չի կարող պահպանված համարվել բոլոր այն դեպքերում, երբ դիմողը պարզապես հղում է կատարում Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված որևէ հիմնական իրավունքի և կամ ազատության առանց ներկայացնելու վիճարկվող օրինադրույթի և տվյալ հիմնական իրավունքի և կամ ազատության ենթադրյալ խախտման փաստի միջև պատճառահետևանքային կապի առկայության բավարար հիմնավորումներ: Սահմանադրական դատարանը 2022 թվականի հուլիսի 12-ի ՍԴԱՈ-126 աշխատակարգային որոշմամբ արձանագրել է. «(...) անձը պետք է անհատական դիմումի շրջանակներում ուղղակիորեն մատնանշի և հիմնավորի վիճարկվող նորմատիվ իրավական ակտի կոնկրետ դրույթի և Սահմանադրության 2-րդ գլխում բովանդակվող իր հիմնական իրավունքի և/կամ ազատության ենթադրյալ հակասության անմիջական պատճառահետևանքային կապը: Այլ կերպ ասած վիճարկվող դրույթի ենթադրյալ հակասահմանադրականությունը պետք է ուղղակիորեն հանգեցնի Սահմանադրության 2-րդ գլխով երաշխավորված որևէ հիմնական իրավունքի և/կամ ազատության խախտման/սահմանափակման: Այս առնչությամբ Սահմանադրական դատարանը հարկ է համարում շեշտադրել, որ Սահմանադրության 2-րդ գլխում բովանդակվող սահմանադրաիրավական սկզբունքներին վիճարկվող իրավանորմերի հակասությունը սահմանադրաիրավական իմաստով չի կարող անհատական գանգատարկման առարկա դառնալ, եթե վերջնարդյունքում չի հանգեցնում անձի Սահմանադրության 2-րդ գլխով նախատեսված հիմնական իրավունքի և/կամ ազատության խախտման/սահմանափակման»: Դիմողն իր անհատական դիմումով բարձրացրել է ՀՀ աշխատանքային օրենսգրքի 265-րդ հոդվածի 1-ին մասի իրավակիրառ պրակտիկայում դրան տրված մեկնաբանության սահմանադրականության հարց, սակայն չի հիմնավորել վիճարկվող դրույթի իրավակիրառ պրակտիկայում դրան տրված մեկնաբանության հակասությունը Սահմանադրության 61, 63, ինչպես նաև 75, 78 և 79-րդ հոդվածներին: Սահմանադրական դատարանի դատական կազմը փաստում է, որ անհատական դիմումի շրջանակներում նորմատիվ իրավական ակտի դրույթը իրավակիրառ պրակտիկայում դրան տրված մեկնաբանությունը վիճարկելու պարագայում անհրաժեշտ է իրավաբանորեն բավարար կերպով հիմնավորել, որ վիճարկվող դրույթը իրավակիրառ պրակտիկայում դրան տրված մեկնաբանությունը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված առնվազն որևէ հիմնական իրավունքի և կամ ազատության խախտման, որը սույն պարագայում տեղի չի ունեցել: Սահմանադրական դատարանի դատական կազմը արձանագրում է, որ դիմողը սահմանափակվել է իր Սահմանադրության 61-րդ հոդվածով և 63-րդ հոդվածով երաշխավորված համապատասխանաբար դատական պաշտպանության և արդար դատաքննության հիմնական իրավունքների խախտման վերաբերյալ պնդումների պարզապես վկայակոչմամբ իրավաբանորեն բավարար կերպով հիմնավորումներ չի ներկայացրել իր կողմից վիճարկվող դրույթի իրավակիրառ պրակտիկայում դրան տրված մեկնաբանության և նման խախտման ընդհանրությունը, դրանց միջև անմիջական պատճառահետևանքային կապի առկայությունը: Թիվ ԵԴ/56193/02/21 քաղաքացիական գործի շրջանակներում վերաքննիչ քաղաքացիական դատարանը Սահմանադրական դատարանի 2021 թվականի սեպտեմբերի 28-ի ՍԴՈ-1611 որոշմամբ արտահայտած իրավական դիրքորոշումների վկայակոչմամբ և դրանց լույսի ներքո, եզրահանգել է. « Հայցվորի և Պատասխանողի միջև աշխատանքային հարաբերությունները փաստացի դադարել են դեռևս 2014թ. դեկտեմբերի 31-ից, քանի որ կողմերի միջև կնքվել է ժամկետային աշխատանքային պայմանագիր և կնքելու պահից սկսած հայցվորն իմացել է, որ իր հետ Գործատուի աշխատանքային հարաբերությունները դադարելու են ժամկետը լրանալու պահից սկսած, եթե իհարկե, օրենքի ուժով այն չհամարվեր անորոշ ժամկետով կնքված:

Հայցվորն առնվազն 01.12.2014 թվականից չի ներկայացել աշխատանքի, ինչից հետևում է, որ վերջինս առնվազն պետք է իմանար, որ ազատվել է աշխատանքից, և բնականաբար պետք է ձեռնամուխ լիներ իրավունքի պաշտպանությանը, ինչը սակայն չի արել։

Հետևաբար Վերաքննիչ դատարանը նշված փաստերը համադրելով ՀՀ Սահմանադրական դատարանի վերոգրյալ որոշմամբ արտահայտած իրավական դիրքորոշման հետ, հանգում է այն հետևության, որ առնվազն պայմանագրով սահմանված ժամկետը լրանալու պահից սկսած Հայցվորը «պետք է իմանար»/«պարտավոր էր իմանալ» աշխատանքային պայմանագիրը լուծելու մասին, և, եթե գտնում էր, որ դրանով իր որևէ իրավունք խախտվում է, ապա պետք է այդ պահից սկսած ձեռնամուխ լիներ խախտված իրավունքի վերականգմանը։

Մինչդեռ տվյալ դեպքում Հայցվորն իր իրավունքի ենթադրյալ խախտման հիմք հանդիսացող հանգամանքների մասին առնվազն պայմանագրով սահմանված ժամկետը լրանալու պահից իմանալով, շուրջ յոթ տարի հետո է ձեռնամուխ եղել որևէ տեղեկություն ստանալուն։ Այսինքն դրսևորել է այնպիսի պասիվ վարքագիծ, որը չի տեղավորվում ողջամտության սահմաններում։ Ընդ որում Հայցվորը չի ներկայացրել նաև այնպիսի փաստարկներ, որոնք թույլ կտան հետևություն անել իր կամքից անկախ և օբյեկտիվ պատճառներով իրավունքի պաշտպանությանն ավելի վաղ ձեռնամուխ լինելուն խոչընդոտող հանգամանքների մասին»: Միաժամանակ, Վճռաբեկ դատարանը մեկ այլ թիվ ԵԿԴ/3295/02/15 քաղաքացիական գործով 2017 թվականի հուլիսի 20-ին կայացրած որոշմամբ իրավական դիրքորոշում է արտահայտել առ այն, որ « որոշակի ժամկետով կնքված աշխատանքային պայմանագրի գլխավոր առանձնահատկությունն այն է, որ պայմանագրի կողմերը փոխադարձ համաձայնությամբ աշխատանքային հարաբերությունների դադարումը կախման մեջ են դնում որոշակի իրադարձությունից, այն է` ժամկետը լրանալու հանգամանքից: Այսինքն` դեռևս աշխատանքային պայմանագիրը կնքելիս կողմերը գիտակցում են, որ եթե պայմանագրի գործողության ժամկետը լրանալուց հետո երկու կողմն էլ աշխատանքային հարաբերությունները շարունակելու միասնական կամք չդրսևորեն, ապա այդ հարաբերությունները սահմանափակվելու են պայմանագրով որոշված ժամկետով, և չեն կարող օրինական ակնկալիք ունենալ, որ որոշված ժամկետից հետո աշխատանքային հարաբերություններն անպայման շարունակվելու են:

Նման պայմաններում, եթե աշխատողին աշխատանքից ազատելն անօրինական է, կիրառելի է ՀՀ աշխատանքային օրենսգրքի 265-րդ հոդվածի 2-րդ մասը, ընդ որում` աշխատանքային պայմանագրի լուծման օրվա և հատուցումների հարցերը լուծելիս ևս դատարանները պետք է հաշվի առնեն որոշակի ժամկետով կնքված աշխատանքային պայմանագրի վերոշարադրյալ առանձնահատկությունները: Մասնավորապես, որոշակի ժամկետով կնքված աշխատանքային պայմանագիրը պետք է համարվի լուծված պայմանագրով որոշված ժամկետի հաջորդ օրը, իսկ հարկադիր պարապուրդի գումարն էլ կարող է բռնագանձվել մինչև պայմանագրով որոշված ժամկետի ավարտը, քանի որ այդ ժամկետը կողմերի նախապես դրսևորած կամքին համապատասխան ընդգրկում է հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածը»: Սահմանադրական դատարանի և Վճռաբեկ դատարանի արտահայտած վերոնշյալ իրավական դիրքորոշումների, ինչպես նաև սույն գործի փաստերի համադրված վերլուծության արդյունքում պարզ է, որ վերը վկայակոչված իրավական դիրքորոշումները վերաբերելի և կիրառելի են սույն իրավիճակի նկատմամբ, քանի որ Դիմողի և «Ջերմուկ Ինթերնեյշնլ Պեպսի-Կոլա Բոթլեր» ՍՊԸ-ի միջև 2014 թվականի հոկտեմբերի 1-ին կնքվել է որոշակի, այն է եռամսյա ժամկետով աշխատանքային պայմանագիր, և Դիմողը, համաձայն աշխատաժամանակի հաշվարկի վերաբերյալ 2014 թվականի դեկտեմբերի 25-ին տրված տեղեկագրի, 2014 թվականի դեկտեմբերի 1-ից մինչև նույն թվականի դեկտեմբերի 31-ը բացակայել է աշխատանքից: Այսպիսով, Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ դիմողի կողմից չի հիմնավորվել վիճարկվող դրույթի իրավակիրառ պրակտիկայում դրան տրված մեկնաբանության իր Սահմանադրության 2-րդ գլխով երաշխավորված որևէ հիմնական իրավունքի և (կամ) ազատության խախտման հանգեցնելը, ինչպես նաև նման խախտման փաստի և վիճարկվող դրույթի իրավակիրառ պրակտիկայում դրան տրված մեկնաբանության միջև պատճառահետևանքային կապի անմիջական առկայությունը: Դիմողի կողմից վկայակոչված Սահմանադրության 75, 78 և 79-րդ հոդվածների բովանդակությունից բխում է, որ դրանք ինքնին չեն կարող դառնալ առանձին քննարկման առարկա, այլ կարող են դիտարկվել միայն Սահմանադրության 2-րդ գլխով երաշխավորված որևէ հիմնական իրավունքի և (կամ) ազատության սահմանափակման լույսի ներքո: Հետևաբար սույն անհատական դիմումի շրջանակներում Դիմողի կողմից վիճարկվող դրույթի իրավակիրառ պրակտիկայում դրան տրված մեկնաբանության իր որևէ հիմնական իրավունքի և կամ ազատության խախտման հանգեցնելը չհիմնավորելը բացառում է վիճարկվող դրույթի իրավակիրառ պրակտիկայում դրան տրված մեկնաբանության սահմանադրականության հարցի քննարկումը Սահմանադրության նաև 75, 78 և 79-րդ հոդվածների հնարավոր խախտման համատեքստում, և սույն անհատական դիմումն ակնհայտ անհիմն է, որը գործի քննությունը մերժելու հիմք է: Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով և 69-րդ հոդվածի 5-րդ մասով Սահմանադրական դատարանի դատական կազմը

ՈՐՈՇԵՑ .

Վարդան Վարդանյանի անհատական դիմումով գործի քննությունը մերժել:

Նախագահող Ա. Թունյան

Անդամներ` Ե. Խունդկարյան

Է. Շաթիրյան

20 նոյեմբերի 2023 թվականի

ՍԴԴԿՈ-54

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
20 նոյեմբերի, 2023 թ.
Գործի #:
ՍԴԴԿՈ-54
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել