Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/Նիկոյան — ԵԴ/1431/06/22
ՎճռաբեկԿոռուպցիոն քրեականAI Ինդեքսավորված

Նիկոյան — ԵԴ/1431/06/22

Վճռաբեկ դատարանԵԴ/1431/06/2229 հունիսի, 2023 թ.Բնօրինակ աղբյուր
Վճռաբեկ դատարանի որոշումների ցանկում՝ քարտը, թեմաներն ու հոդվածներըՀոդված 61. Դատական պաշտպանության իրավունքը և մարդու իրավունքների պաշտպանության միջազգային մարմիններ դիմելու իրավունքը · Հոդված 363. Դատական վերանայման արդյունքով կայացվող դատական ակտի բովանդակությունը
PDF

Ամփոփում

Պ Ա Ր Զ Ե Ց Գործի դատավարական նախապատմությունը․ 1. 2019 թվականի սեպտեմբերի 26-ին ՀՀ գլխավոր դատախազությունում 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի (այսուհետ՝ ՀՀ քրեական օրենսգիրք) 314-րդ հոդվածի 1-ին մասով, 308-րդ հոդվածի 2-րդ մասով և 178-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված հանցագործությունների հատկանիշներով հարուցվել է թիվ 61206719 քրեական գործը։ 2019 թվականի հոկտեմբերի 11-ին ՀՀ հատուկ քննչական ծառայության պետին առընթեր ՀԿԳ ավագ քննիչ Ս․Առաքելյանի կողմից կայացվել է թիվ 61206719 քրեական գործը վարույթ ընդունելու մասին որոշում։ 2022 թվականի դեկտեմբերի 6-ին Վ․Նիկոյանի նկատմամբ ՀՀ

Ամբողջ Տեքստ

ԵԴ/1431/06/22

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

Հայաստանի Հանրապետության

վերաքննիչ քրեական դատարանի որոշում

Նախագահող դատավոր՝ Ա․Նիկողոսյան

29 հունիսի 2023 թվական քաղաք Երևան

ՀՀ վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն հանցագործությունների քննության դատական կազմը (այսուհետ` նաև Վճռաբեկ դատարան), նախագահությամբ` Կ.ԲԻՇԱՐՅԱՆԻ մասնակցությամբ դատավորներ՝ Ե.ԴԱՆԻԵԼՅԱՆԻ

Ս.ՉԻՉՈՅԱՆԻ

Դ․ՎԵՔԻԼՅԱՆԻ

գրավոր ընթացակարգով քննության առնելով

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի (այսուհետ նաև՝ Վերաքննիչ դատարան)` 2023 թվականի հունվարի 9-ի որոշման դեմ մեղադրյալ Վահե Համլետի Նիկոյանի և վերջինիս պաշտպան Ա․Անդրիկյանի վճռաբեկ բողոքը,

Պ Ա Ր Զ Ե Ց

Գործի դատավարական նախապատմությունը․

1. 2019 թվականի սեպտեմբերի 26-ին ՀՀ գլխավոր դատախազությունում 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի (այսուհետ՝ ՀՀ քրեական օրենսգիրք) 314-րդ հոդվածի 1-ին մասով, 308-րդ հոդվածի 2-րդ մասով և 178-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված հանցագործությունների հատկանիշներով հարուցվել է թիվ 61206719 քրեական գործը։ 2019 թվականի հոկտեմբերի 11-ին ՀՀ հատուկ քննչական ծառայության պետին առընթեր ՀԿԳ ավագ քննիչ Ս․Առաքելյանի կողմից կայացվել է թիվ 61206719 քրեական գործը վարույթ ընդունելու մասին որոշում։ 2022 թվականի դեկտեմբերի 6-ին Վ․Նիկոյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցվել է հանրային քրեական հետապնդում։ Նույն օրը Վ․Նիկոյանին ներկայացվել է մեղադրանք։ 2.

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ նաև՝ Առաջին ատյանի դատարան)` 2022 թվականի դեկտեմբերի 9-ի որոշմամբ մերժվել է մեղադրյալ Վ․Նիկոյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու մասին ներկայացված միջնորդությունը։ Նույն որոշմամբ ճանաչվել է մեղադրյալ Վ․Նիկոյանի նկատմամբ այլընտրանքային խափանման միջոցի կիրառման հնարավորությունը, և վերջինիս նկատմամբ ավելի մեղմ խափանման միջոցի կամ խափանման միջոցների համակցության կիրառման անհրաժեշտության ու հնարավորության հարցի լուծումը թողնվել է վարույթի հանրային մասնակիցներին։

3. ՀՀ գլխավոր դատախազության ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետի տեղակալ Հ․Բաղդասարյանի ու մեղադրյալ Վ․Նիկոյանի և վերջինիս պաշտպան Ա․Անդրիկյանի հատուկ վերանայման բողոքների քննության արդյունքում Վերաքննիչ դատարանը 2023 թվականի հունվարի 9-ի որոշմամբ մեղադրյալ Վ․Նիկոյանի և վերջինիս պաշտպան Ա․Անդրիկյանի հատուկ վերանայման բողոքը մերժել է, դատախազի բողոքը՝ բավարարել մասնակիորեն՝ Առաջին ատյանի դատարանի՝ 2022 թվականի դեկտեմբերի 9-ի որոշումը բեկանել է և վարույթը փոխանցել նույն դատարան՝ նոր քննության։

4. Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ հատուկ վերանայման բողոք են բերել մեղադրյալ Վ․Նիկոյանը և վերջինիս պաշտպան Ա․Անդրիկյանը, որը Վճռաբեկ դատարանի՝ 2023 թվականի փետրվարի 7-ի որոշմամբ ընդունվել է վարույթ՝ սահմանելով վճռաբեկ բողոքի քննության գրավոր ընթացակարգ: 4․1. 2023 թվականի մայիսի 5-ին Վճռաբեկ դատարանում ստացվել է մեղադրյալ Վ․Նիկոյանի և վերջինիս պաշտպան Ա․Անդրիկյանի դիմումը՝ կից Երևանի քաղաքապետարանի N 07/30678-23, N 07/5907-23 և N 11/121580-22 թվակիր գրություններով, որոնք վկայակոչելով՝ մեղադրյալ Վ․Նիկոյանը և նրա պաշտպան Ա․Անդրիկյանը վիճարկել են Վ․Նիկոյանին ներկայացված մեղադրանքի շրջանակներում նրա կողմից հանցանք կատարած լինելու հիմնավոր կասկածի առկայությունը։ Հատուկ վերանայման բողոքի հիմքերը, դրանք հիմնավորող փաստարկները և պահանջը․

Հատուկ վերանայման բողոքը քննվում է հետևալ հիմքերի սահմաններում՝ ներքոհիշյալ փաստարկներով․

5․ Բողոք բերած անձինք գտել են, որ Վերաքննիչ դատարանի՝ 2023 թվականի հունվարի 9-ի որոշմամբ թույլ է տրվել քրեադատավարական օրենքի էական խախտում, որն ազդել է վարույթի ելքի վրա։ Բողոքաբերները, մասնավորապես, փաստարկել են, որ Վերաքննիչ դատարանի կողմից չեն պահպանվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 15-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերի, 21-րդ հոդվածի 1-ին, 3-րդ և 4-րդ մասերի, 116-րդ հոդվածի, 359-րդ հոդվածի 3-րդ մասի, 390-րդ հոդվածի 2-րդ մասի և 393-րդ հոդվածի պահանջները։ 5․1․ Ի հիմնավորումն իրենց վերոշարադրյալ փաստարկի՝ բողոքի հեղինակները նշել են, որ Վերաքննիչ դատարանը կայացրել է չհիմնավորված և չպատճառաբանված որոշում, քանի որ պաշտպանական կողմի բողոքը մերժել է՝ առանց քննարկման առարկա դարձնելու բողոքում ներկայացված փաստարկները։ 5․2․ Բացի այդ, բողոքաբերները գտել են, որ Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 359-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված՝ հատուկ վերանայումը բողոքի հիմքերի և դրանք հիմնավորող փաստարկների սահմաններում իրականացնելու դատավարական պահանջը, քանի որ դատախազի բողոքը մասնակի բավարարելու հիմքում դրվել է մեղադրյալ Վ․Նիկոյանին վերագրվող հանցանքը կատարելու մասին հիմնավոր կասկածի վերաբերյալ Առաջին ատյանի դատարանի որոշմամբ արված եզրահանգման անորոշ լինելու հանգամանքն այն պարագայում, երբ դատախազի բողոքը հիմնավոր կասկածի վերաբերյալ Առաջին ատյանի դատարանի հետևությունները վիճարկող փաստարկներ չի բովանդակել։ 5․3․ Բողոքաբերների գնահատմամբ՝ Վերաքննիչ դատարանը խախտել է նաև մրցակցային դատավարության և զենքերի հավասարության սկզբունքները, քանի որ պաշտպանության կողմի ներկայացրած բողոքի պատասխանի մեջ դատախազի բողոքի պատճենը ստացած չլինելու հանգամանքը նշված լինելու պայմաններում Վերաքննիչ դատարանը նշյալ հանգամանքը քննարկման առարկա չի դարձրել։ 5.4. Բողոքաբերները գտել են նաև, որ Վերաքննիչ դատարանը, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 393-րդ հոդվածի հիման վրա չունենալով հատուկ վերանայման բողոքի քննության արդյունքում վարույթը ստորադաս դատարան փոխանցելու լիազորություն, Առաջին ատյանի դատարանի՝ մեղադրյալ Վ․Նիկոյանին վերագրվող հանցանքը կատարելու մասին հիմնավոր կասկածի վերաբերյալ եզրահանգումը անորոշ գնահատելով, մասնակի բավարարել է դատախազի բողոքը և վարույթը փոխանցել նույն դատարան՝ նոր քննության։ Վերոշարադրյալի հիման վրա բողոքի հեղինակները խնդրել են ամբողջությամբ բեկանել Վերաքննիչ դատարանի՝ 2023 թվականի հունվարի 9-ի որոշումը և փոփոխել այն՝ հիմնավոր կասկածի բացակայության հիմքով մերժելով մեղադրյալ Վ․Նիկոյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու մասին ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի քննչական ներքին անվտանգության վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Ս․Առաքելյանի միջնորդությունը։ Հատուկ վերանայման բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները․ 6․ Նախաքննության մարմնի կողմից Վ․Նիկոյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով հանրային քրեական հետապնդում է հարուցվել հետևյալ արարքի համար․ «[Ն]ա, զբաղեցնելով Երևանի քաղաքապետի տեղակալի պաշտոնը և հանդիսանալով իշխանական լիազորություններով օժտված հանրային պաշտոն զբաղեցնող, իսկ Երևանի քաղաքապետի կարգադրությունների հիման վրա հատուկ լիազորությամբ օժտված պաշտոնատար անձ, անձնական շահագրգռվածությունից և խմբային շահերից ելնելով, չարաշահելով իր պաշտոնեական դիրքը, Երևան քաղաքի արևմտյան և արևելյան հատվածներում երկարաժամկետ ծառայությունների ձեռքբերման նպատակով կազմակերպված բաց ընթացակարգի ու գնումների հայտարարությունը նախապես հրապարակելու միջոցով բանակցային ընթացակարգի հրավերներով աղբահանության և սանիտարական մաքրման (ներառյալ ձմռան ամիսներին) ծառայությունների ձեռքբերման նպատակով կազմակերպված մրցույթների հրավերներով ներկայացվող որակավորման չափանիշներին չբավարարելու պայմաններում, մասնակից ընկերությունների մասնակցության հայտերը գնահատել է բավարար, որոնց հիման վրա հաղթող ճանաչված ընկերությունների հետ կնքված ծառայությունների մատուցման պայմանագրերի շրջանակներում սանիտարական և աղբահանության ծառայությունների ամբողջ ծավալով ու պատշաճ իրականացման նկատմամբ իր լիազորությունների սահմաններում հսկողություն չի իրականացրել և առանց ստուգելու ծառայությունների հանձնման-ընդունման ակտերում ներառված տեղեկատվությունը՝ դրանց հիման վրա հաստատել է ծառայությունների դիմաց վճարման ենթակա գումարները փոխանցելու հայտերը, ինչի հետևանքով էական վնաս է պատճառվել Երևան քաղաքային համայնքի և համայնքի բնակչության օրինական շահերին՝ անզգուշությամբ առաջացնելով ծանր հետևանքներ (…)[1]»։ 7․ Առաջին ատյանի դատարանի որոշման համաձայն՝ «(…) Վերոգրյալ հանգամանքներն առերևույթ վկայում են այն մասին, որ ներկայացրած գնման հայտն առերևույթ չի համապատասխանել իրավահարաբերության ծագման պահին գործող «Գնումների մասին» ՀՀ օրենքի, ՀՀ կառավարության 2011 թվականի փետրվարի 10-ի թիվ 168-Ն որոշման և գնման հրավերով առաջադրվող որակավորման չափանիշներին: Վերոգրյալը առերևույթ վկայում է այն մասին, որ Վահե Նիկոյանը, զբաղեցնելով Երևանի քաղաքապետի տեղակալի պաշտոնը և հանդիսանալով իշխանական լիազորություններով օժտված հանրային պաշտոն զբաղեցնող, իսկ Երևանի քաղաքապետի կարգադրությունների հիման վրա հատուկ լիազորությամբ օժտված պաշտոնատար անձ, առերևույթ չարաշահելով իր պաշտոնեական դիրքը, Երևան քաղաքի արևմտյան և արևելյան հատվածներում երկարաժամկետ ծառայությունների ձեռքբերման նպատակով կազմակերպված բաց ընթացակարգի ու գնումների հայտարարությունը նախապես հրապարակելու միջոցով բանակցային ընթացակարգի հրավերներով աղբահանության և սանիտարական մաքրման (ներառյալ ձմռան ամիսներին) ծառայությունների ձեռքբերման նպատակով կազմակերպված մրցույթների հրավերներով կայացվող որակավորման չափանիշներին առերևույթ չբավարարելու պայմաններում մասնակից ընկերությունների մասնակցության հայտերը գնահատել է բավարար, որոնց հիման վրա հաղթող ճանաչված ընկերությունների հետ կնքված ծառայությունների մատուցման պայմանագրերի շրջանակներում սանիտարական և աղբահանության ծառայությունների ամբողջ ծավալով ու պատշաճ իրականացման նկատմամբ իր լիազորությունների սահմաններում առերևույթ հսկողություն չի իրականացրել և առանց ստուգելու ծառայությունների հանձնման-ընդունման ակտերում ներառված տեղեկատվությունը՝ դրանց հիման վրա հաստատել է ծառայությունների դիմաց վճարման ենթակա գումարները փոխանցելու հայտերը, ինչի հետևանքով էական վնաս է պատճառվել Երևանի քաղաքային համայնքի և համայնքի բնակչության օրինական շահերին՝ անզգուշությամբ առաջացնելով ծանր հետևանքներ: Ինչ վերաբերում է Վահե Նիկոյանի՝ վերոգրյալ արարքը ենթադրաբար անձնական շահագրգռվածությունից և խմբային շահերից ելնելով կատարած լինելուն, գնահատման ենթակա է այն հանգամանքը, որ Երևան քաղաքի արևելյան հատվածում (Ավան, Նոր Նորք, Նորք-Մարաշ, Քանաքեռ-Զեյթուն, Նուբարաշեն, Արաբկիր) աղբահանության և սանիտարական մաքրման ծառայությունների մատուցման պայմանագիր կնքելուց շուրջ 13 օր անց՝ 2015 թվականի ապրիլի 13-ին, Երևանի քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանի հոր՝ Համլետ Նիկոյանի և «Սանիթեք Ինթերնեյշնլ» ՍՊԸ-ի միջև կնքվել է վարձակալության պայմանագիր՝ Երևան քաղաքի Շիրակի փողոցի 2 հասցեում գտնվող տարածքը 10 տարի ժամկետով՝ ամսական 6000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ վարձավճարով վարձակալությամբ տրամադրելու մասին։ Այնուհետև՝ 2016 թվականի հուլիսի 15-ին Համլետ Նիկոյանի և «Սանիթեք» ՍՊ ընկերության միջև կնքվել է վարձակալության պայմանագիր՝ Երևան քաղաքի Շիրակի փողոցի 3-րդ նրբանցք 2 և 2/2 հասցեներում համապատասխանաբար՝ 476.410 և 715.000 ՀՀ դրամ վարձավճարով վարձակալությամբ տրամադրելու մասին: Դատարանն արձանագրում է, որ թեև վերոգրյալ հանգամանքը չի կարող հաստատապես դրվել մեղադրյալի՝ արարքը ենթադրաբար անձնական շահագրգռվածությունից և խմբային շահերից ելնելով կատարած լինելը հաստատված համարելու հիմքում, նկատի ունենալով, որ կատարված հարցաքննություններով ձեռք չեն բերվել փաստական տվյալներ այն մասին, որ առկա է ենթադրյալ կապ մեղադրյալի հոր՝ Համլետ Նիկոյանի և «Սանիթեք Ինթերնեյշնլ» ՍՊԸ-ի միջև, այնուամենայնիվ, ներկայացված հանգամանքը թույլ չի տալիս ի սպառ բացառել այդ ենթադրյալ կապը, հետևաբար նաև անձնական շահագրգովածության և խմբային շահի ենթադրյալ առկայությունը: Միևնույն ժամանակ, Դատարանն արձանագրում է, որ, ըստ էության, ներկայացված դատողությունների հիմքում ընկած է այն կարևորագույն կանխավարկածը, որ թիվ ԵՔ-ԲԸՀԾՁԲ-15/3 և թիվ ԵՔ-ԲԸՀԾՁԲ-13/71 գնման հրավերներով առաջադրվող որակավորման չափանիշների չհամապատասխանող հայտեր են ներկայացված եղել մրցույթներին մասնակցող կազմակերպությունների կողմից: Դատարանն արձանագրում է, որ թեպետ վարույթն իրականացնող մարմնի կողմից ներկայացվել է նշված ծածկագրերով մրցութային փաթեթներն առգրավելու մասին որոշումը, ինչը թույլ է տալիս ենթադրել, որ պահանջվող փաստաթղթերը ի սկզբանե բացակայել են, որպիսի պայմաններում հնարավոր չի եղել դրանք առգրավել, սակայն ի հակառակ նշված պնդման՝ Դատարան են ներկայացվել նաև հանձնաժողովի անդամների ցուցմունքներն առ այն, որ պահանջվող փաստաթղթերն այնուամենայնիվ ներկայացված եղել են հայտին կից: Հարկ է արձանագրել, որ սույն միջնորդության քննության փուլում Դատարանը ներկայացված նյութերը չի գնահատում որպես ապացույց, դրանց թույլատրելիության, վերաբերելիության և արժանահավատության շրջանակներում, սակայն, Դատարանն արձանագրում է, որ ինչպես հանձնաժողովի անդամների հարցաքննության արձանագրությունների, այնպես էլ պաշտպանական կողմի ներկայացրած՝ Երևանի քաղաքապետարանի 2019թ. մարտի 4-ի պահպանության ոչ ենթակա փաստաթղթերի առանձնացման մասին ակտի համադրությունը վկայում է այն մասին, որ հնարավոր է, որ պահանջվող փաստաթղթերն ի սկզբանե եղել են ներկայացված: Դատարանն արձանագրում է, որ սույն միջնորդության և հիմնավոր կասկածի շեմի հաղթահարման համար կարևորագույն նշանակություն ունի այն փաստական հանգամանքը, թե արդյո՞ք պահանջված փաստաթղթերն ի սկզբանե ներկայացված եղել են թե ոչ: Նշված պայմաններում Դատարան են ներկայացվել ինչպես դրանք ներկայացված չլինելու մասին տվյալներ, այնպես էլ դրանք ներկայացված լինելու և հետագայում հնարավոր ոչնչացված լինելու վերաբերյալ ողջամիտ տվյալներ: Այսպիսով, ներկայացված փաստական հանգամանքներն իրենց համադրության մեջ թույլ են տալիս կատարել պնդում, որ առկա է հիմնավոր կասկած Վահե Նիկոյանի՝ իրեն մեղսագրվող՝ ՀՀ քրեական օրենսգրքի (ուժի մեջ է մտել 2003 թվականի օգոստոսի 1-ին և ուժը կորցրել 2022 թվականի հուլիսի 1-ին) 308-րդ հոդվածի 2-րդ մասով (որը համապատասխանում է սույն որոշումը կայացնելու պահին գործող ՀՀ քրեական օրենսգրքի 445-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետին) նախատեսված հանրորեն վտանգավոր արարքին առնչվելու վերաբերյալ, որը ենթակա է ամրապնդման։ (…)

Դատարանն արձանագրում է, որ առկա է մեղադրյալի կողմից իր վրա դրված պարտականությունը չկատարելու՝ ապացուցման գործընթացին ապօրինի միջամտելու վտանգ։ Միևնույն ժամանակ (…) Դատարանի գնահատմամբ չկա գործի քննությանը խոչընդոտելու այնքան բարձր ռիսկ, որպիսի պայմաններում արդարացված լինի մեղադրյալի նկատմամբ ամենախիստ խափանման միջոցի ընտրությունը։ Ուստի նշված հանգամանքներից ելնելով՝ Դատարանն արձանագրում է, որ մեղադրյալի պատշաճ վարքագիծը վարույթի քննության տվյալ փուլում այլընտրանքային խափանման միջոցի կիրառման պայմաններում ապահովվել կարող է[2]»: 8․ Մեղադրյալ Վ․Նիկոյանի և վերջինիս պաշտպան Ա․Անդրիկյանի՝ Վերաքննիչ դատարան ներկայացրած հատուկ վերանայման բողոքի համաձայն՝ «ՀՀ Հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետի տեղակալ Հ.Բաղդասարյանի՝ «Միջնորդությունը բավարարելու և հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին» 06.12.2022թ. որոշմամբ Վահե Նիկոյանին առաջադրված մեղադրանքը ամբողջությամբ ապօրինի է և զուրկ է որևէ հիմնավորումից, մեղադրանքի որոշմամբ ՀՀ օրենսդրությամբ չնախատեսված հղումներով Վահե Նիկոյանին վերագրվել են լիազորություններ, որոնք վերջինս երբևէ չի ունեցել, իակ որոշ լիազորություններ այնպես են խեղաթյուրվել, որ անհնար է նույնիսկ հասկանալ ոչ միայն Վահե Նիկոյանի առնչությունը ենթադրյալ հանցագործության դեպքին, այլև դեպքն ու դրա հանգամանքները: Թե՛ առաջադրված մեղադրանքից և թե՛ Վահե Նիկոյանի նկատմանբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու մասին ներկայացված միջնորդությունից նույնիսկ պարզ չէ, թե ո՞րն է քրեական օրենսգրքով չթույլատրված կոնկրետ արարքը, որո՞նք են Վահե Նիկոյանին վերապահված այն լիազորությունները, որոնք վերջինս կարող էր չարաշահել, կամ ընդհանրապես որևէ նկարագրված գործողություն ՀՀ օրենսդրությամբ Վահե Նիկոյանին վերապահված լիազորությունների շրջանակներում իրեն վերաբերելի է, թե ոչ: Ենթադրյալ հանցագործությանը Վահե Նիկոյանի առնչությունը հիմնավորելու համար ներկայացված փաստական տվյալներում չկա գեթ մեկ կիրառելի տվյալ, որը կհիմնավորեր կամ կվերաբերեր վերջինիս առնչությանը ենթադրյալ հանցագործությանը. դրանցով նույնիսկ չի հիմնավորվում մեղադրանքում նկարագրված խախտումների առկայությունը՝ հանցագործության դեպքը: Ավելին ներկայացված փաստական տվյալները հիմնավորում են հիմնավոր կասկածի բացակայությունը: (…):

Վերոգրյալից ակնհայտ է դառնում, որ հիմնավոր կասկածի մասով բողոքարկվող որոշումն անհիմն է և ենթակա է բեկանման (…)[3]»։ 9․ Վերաքննիչ դատարանի որոշման համաձայն՝ «(…) Անդրադառնալով Առաջին ատյանի դատարանի հետևություններին հիմնավոր կասկածի առկայության մասով՝ Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ դրանք ըստ էության պարունակում են մի շարք հակասական և փոխբացառող դատողություններ: Մասնավորապես, Վերաքննիչ դատարանը փաստում է, որ Առաջին ատյանի դատարանը մի կողմից արձանագրել է հետևյալը՝ «ներկայացրած գնման հայտն առերևույթ չի համապատասխանել իրավահարաբերության ծագման պահին գործող «Գնումների մասին» ՀՀ օրենքի, ՀՀ կառավարության 2011 թվականի փետրվարի 10-ի թիվ 168-Ն որոշման և գնման հրավերով առաջադրվող որակավորման չափանիշներին», «Դատարանն արձանագրում է, որ սույն միջնորդության և հիմնավոր կասկածի շեմի հաղթահարման համար կարևորագույն նշանակություն ունի այն փաստական հանգամանքը, թե արդյո՞ք պահանջված փաստաթղթերն ի սկզբանե ներկայացված եղել են թե ոչ: Նշվածի պայմաններում Դատարան են ներկայացվել ինչպես դրանք ներկայացված չլինելու մասին տվյալներ, այնպես էլ դրանք ներկայացված լինելու և հետագայում հնարավոր ոչնչացված լինելու վերաբերյալ ողջամիտ տվյալներ», իսկ մյուս կողմից փաստել է, որ «ինչպես հանձնաժողովի անդամների հարցաքննության արձանագրությունների, այնպես էլ պաշտպանական կողմի ներկայացրած՝ Երևանի քաղաքապետարանի 2019թ. մարտի 4-ի պահպանության ոչ ենթակա փաստաթղթերի առանձնացման մասին ակտի համադրությունը վկայում է այն մասին, որ հնարավոր է, որ պահանջվող փաստաթղթերն ի սկզբանե եղել են ներկայացված», «Երևան քաղաքի արևելյան հատվածում (Ավան, Նոր Նորք, Նորք-Մարաշ, Քանաքեռ-Զեյթուն, Նուբարաշեն, Արաբկիր) աղբահանության և սանիտարական մաքրման ծառայությունների մատուցման պայմանագիր կնքելուց շուրջ 15 օր անց՝ 2015 թվականի ապրիլի 13-ին, Երևանի քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանի հոր՝ Համլետ Նիկոյանի և «Սանիթեք Ինթերնեյշնլ» ՍՊԸ-ի միջև կնքվել է վարձակալության պայմանագիր՝ Երևան քաղաքի Շիրակի փողոցի 3-րդ նրբանցք 2 հասցեում գտնվող տարածքը 10 տարի ժամկետով՝ ամսական 6000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ վարձավճարով վարձակալությամբ տրամադրելու մասին: Այնուհետև՝ 2016 թվականի հուլիսի 15-ին Համլետ Նիկոյանի և «Սանիթեք» ՍՊ ընկերության միջև կնքվել է վարձակալության պայմանագիր՝ Երևան քաղաքի Շիրակի փողոցի 3-րդ նրբանցք 2 և 2/2 հասցեներում գտնվող տարածքները ամսական համապատասխանաբար՝ 476.410 և 715.000 ՀՀ դրամ վարձավճարով վարձակալությամբ տրամադրելու մասին: Դատարանն արձանագրում է, որ թեև վերոգրյալ հանգամանքը չի կարող հաստատապես դրվել մեղադրյալի՝ արարքը ենթադրաբար անձնական շահագրգռվածությունից և խմբային շահերից ելնելով կատարած լինելը հաստատված համարելու հիմքում, նկատի ունենալով, որ կատարված հարցաքննություններով ձեռք չեն բերվել փաստական տվյալներ այն մասին, որ առկա է ենթադրյալ կապ մեղադրյալի հոր՝ Համլետ Նիկոյանի և «Սանիթեք Ինթերնեշնլ» ՍՊԸ-ի միջև, այնուամենայնիվ, ներկայացված հանգամանքը թույլ չի տալիս ի սպառ բացառել այդ ենթադրյալ կապը, հետևաբար նաև անձնական շահագրգռվածության և խմբային շահի ենթադրյալ առկայությունը»: Վերաքննիչ դատարանը փաստում է, որ Առաջին ատյանի դատարանի կողմից գործածված «առկա է հիմնավոր կասկած (...), որը ենթակա է ամրապնդման» եզրույթը խիստ անորոշ է և ի վերջո հստակ պատասխան չի տալիս այն հարցին, թե արդյոք վարույթի քննության սույն փուլում հիմնավոր կասկածի դատավարական շեմը Առաջին ատյանի դատարանի կողմից համարվել է հաղթահարված: Միևնույն ժամանակ Վերաքննիչ դատարանը փաստում է, որ Առաջին ատյանի դատարանի ուշադրությունից վրիպել է այն էական հանգամանքը, որ վկայակոչված ակտով ոչնչացվել են մրցույթների մասնակից իրավաբանական անձանց կողմից ներկայացված փաստաթղթերի ամբողջական փաթեթներ, այլ ոչ թե դրանցից առանձնացված կոնկրետ փաստաթղթեր, այնինչ սույն վարույթի համար էական նշանակություն ունեցող թիվ ԵՔ-ԲԸԾԲ-13/71 և ԵՔ-ԲԸՀԾՁԲ-15/3 ծածկագրերով գնման ընթացակարգերի փաթեթները վարույթն իրականացնող մարմնի կողմից առգրավվել և զննվել են: Այսպիսով, վերոշարադրյալի լույսի ներքո Վերաքննիչ դատարանը փաստում է, որ մեղսագրվող արարքներում մեղադրյալ Վահե Համլետի Նիկոյանի առնչության մասով հստակ հետևության չհանգելով, Առաջին ատյանի դատարանի կողմից նշված արարքների կատարման համատեքստում կալանավորման հիմքերի առկայության կամ բացակայության վերաբերյալ հարցերի քննությունն ամբողջական գնահատվել չի կարող, ինչը Վերաքննիչ դատարանին զրկում է այդ հարցերն ըստ էության քննելու իրավաչափ հնարավորությունից, քանի որ հակառակ դեպքում Վերաքննիչ դատարանը կստանձնի առաջին ատյանի դատարանի դերակատարություն, ինչն անթույլատրելի է, և կհանգեցնի ինչպես օրինականության սկզբունքի, այնպես էլ անձի՝ իր իրավունքների ու ազատության վերաբերյալ կայացված դատական ակտը՝ գործի լուծման համար առանցքային նշանակություն ունեցող այն հարցերի առնչությամբ, որոնց վերաբերյալ Առաջին ատյանի դատարանը հստակ դիրքորոշում չի հայտնել, վերադաս դատական ատյանի կողմից վերանայման հիմնարար իրավունքի անհամաչափ սահմանափակման (…) [4]»։ Վճռաբեկ դատարանի հիմնավորումները և եզրահանգումը.

10. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. Վերաքննիչ դատարանը, քննարկման առարկա չդարձնելով մեղադրյալ Վ․Նիկոյանի և վերջինիս պաշտպան Ա․Անդրիկյանի հատուկ վերանայման բողոքում ներկայացված փաստարկները, թու՞յլ է տվել արդյոք Վ․Նիկոյանի դատական պաշտպանության իրավունքի խախտում։ 11․ ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի համաձայն՝ «1. Յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք։ (…)»։ «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ՝ Կոնվենցիա) 6-րդ հոդվածի համաձայն՝ «1. Յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքներն ու պարտականությունները կամ նրան ներկայացված ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք (…)»: ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 363-րդ հոդվածի համաձայն՝ «(…) 2. Դատական վերանայման արդյունքով կայացված դատական ակտում դատարանը հիմնավորված իրավական գնահատական է տալիս դատական վերանայման բողոքում ներկայացված բոլոր փաստարկներին, բացառությամբ այն փաստարկների, որոնց հիմնազուրկ լինելը անկողմնակալ դիտորդի մեջ չի կարող կասկած հարուցել: (…)»։ 12․ ՀՀ սահմանադրական դատարանը, թիվ ՍԴՈ-1257 որոշմամբ անդրադառնալով դատական պաշտպանության և դրա բաղադրիչ հանդիսացող արդարադատության մատչելիության իրավունքների սահմանադրաիրավական բովանդակությանը, արձանագրել է հետևյալը․ «Դատարան դիմելն անձի իրավունքն է, որի իրացումն օրենքով նախատեսված իրավական գործընթաց է, պայմանավորված չէ դատական կամ հանրային իշխանության այլ մարմնի հայեցողությամբ, և որի իրացմամբ առաջացած իրավական հետևանքները պարտադիր են ինչպես դիմող անձի, դատավարության մյուս մասնակիցների, այնպես էլ դատարանի համար (…): [Դ]ատական ակտի պատճառաբանվածությունը, ըստ որի ընդունվում կամ մերժվում է անձի դիմումը, ինչպես նաև դատական ակտի բողոքարկման իրավունքը մատչելիության իրավունքի իրացման երաշխիքներ են (…)[5]»։ 12․1․ Դատական ակտի պատճառաբանվածության չափանիշի վերաբերյալ Վճռաբեկ դատարանը մշտապես ընդգծել է, որ այն կոչված է պարզաբանելու, թե ինչու է դատարանը եկել այս կամ այն հետևության, որ իրավանորմերով է ղեկավարվել նման որոշում կայացնելիս և միևնույն ժամանակ հնարավորություն է ստեղծում վերադաս դատարանի կողմից դատական ակտի օրինականության և հիմնավորվածության ստուգման համար: Պատճառաբանված որոշման բացակայությունն արդեն իսկ օբյեկտիվորեն սահմանափակում է վերադաս դատական ատյանի հնարավորությունը` լիարժեք դատական ստուգման ենթարկելու բողոքարկվող դատական ակտի օրինականությունն ու հիմնավորվածությունը և կայացնելու արդարացի որոշում, հետևաբար դատական ակտի չպատճառաբանված լինելը հանգեցնում է քրեական դատավարության կարևորագույն սկզբունքներից մեկի` ՀՀ Սահմանադրությամբ և քրեադատավարական օրենքով երաշխավորված արդար դատական քննության իրավունքի խախտման։ Դատական ակտի պատճառաբանվածության չափանիշը վերաբերելի է նաև վերաքննիչ դատարանի կողմից կայացվող դատական ակտերին: Հետևաբար յուրաքանչյուր դեպքում դատական ակտ կայացնելիս վերաքննիչ դատարանը պարտավոր է պատճառաբանել, թե ինչու է եկել այս կամ այն հետևության և որ իրավանորմերով է ղեկավարվել նման որոշում կայացնելիս[6]: 12․2․ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (այսուհետ՝ Եվրոպական դատարան) իր նախադեպային իրավունքի շրջանակներում ընդգծել է, որ Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին պարագրաֆը պարտավորեցնում է դատարաններին պատճառաբանել իրենց որոշումները, որը, սակայն, չի ենթադրում կողմի բոլոր փաստարկներին մանրամասն անդրադարձ։ Դատարանի այս պարտականության սահմանների որոշումը կախված է կայացվող որոշման բնույթից, այդ իսկ պատճառով այն հարցի պատասխանը, թե արդյոք դատարանը խախտել է իր այս պարտականությունը, կարող է որոշվել բացառապես կոնկրետ գործի փաստական հանգամանքների լույսի ներքո[7]։ Եվրոպական դատարանը, անդրադառնալով վերադաս դատական ատյանի կողմից կայացվող որոշումների պատճառաբանվածության պահանջին, նշել է, որ արդար դատաքննության իրավունքի բովանդակությունը ենթադրում է, որ ներպետական դատարանն ունի իրեն ներկայացված հարցերն իրապես հետազոտելու պարտականություն, ինչը նշանակում է, որ վերջինս չի կարող բավարարվել պարզապես ստորադաս դատարանի եզրահանգումների հետ համաձայնելով կամ չհամաձայնելով[8]։ 13․ Սույն որոշման 11-րդ կետում վկայակոչված իրավադրույթների և 12-12.2-րդ կետերում մեջբերված իրավական դիրքորոշումների լույսի ներքո Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել, որ անձի դատական պաշտպանության սահմանադրական իրավունքի կարևորագույն բաղադրիչներից մեկը դատական ակտի բողոքարկման իրավունքն է, որով ապահովվում է ստորադաս դատական ատյանի կողմից արված եզրահանգումները վիճարկելու՝ անձի հնարավորությունը։ Անձի այս իրավունքի ապահովման տեսանկյունից հատկանշական է վերադաս դատական ատյանի պարտականությունը՝ գնահատական տալու դատական վերանայման բողոքում ներկայացված բոլոր փաստարկներին, որպիսի կանոնը, սակայն, բացարձակ չէ, ինչից հետևում է, որ կոնկրետ դեպքում վերադաս ատյանը կարող է քննարկման առարկա չդարձնել բողոքում բարձրացված այս կամ այն փաստարկը, որի քննարկման հիմնազուրկ լինելն անկողմնակալ դիտորդի մեջ չի կարող կասկած հարուցել։ Այլ կերպ ասած՝ վերադաս դատական ատյանը, որպես կանոն, պետք է գնահատման ենթարկի դատական վերանայման բողոքում ներկայացված բոլոր փաստարկները՝ բացառությամբ նրանց, որոնք կոնկրետ գործի փաստական հանգամանքների լույսի ներքո էական նշանակություն չունեն և չեն կարող ունենալ վերադաս ատյանի կողմից կայացվելիք որոշման համար։ 14․ Սույն վարույթի նյութերի ուսումնասիրությունից հետևում է․

- Առաջին ատյանի դատարանը մեղադրյալ Վ․Նիկոյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ ներկայացված միջնորդությունը մերժելու մասին որոշմամբ արձանագրել է, որ առկա է հիմնավոր կասկած առ այն, որ Վ․Նիկոյանը կատարել է իրեն մեղսագրվող՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցանքը, և որ առկա է մեղադրյալի կողմից իր վրա դրված պարտականությունը չկատարելու, այն է՝ ապացուցման գործընթացին ապօրինի միջամտելու վտանգ՝ միևնույն ժամանակ եզրահանգելով, որ վարույթի տվյալ փուլում մեղադրյալի պատշաճ վարքագիծը հնարավոր է ապահովել այլընտրանքային խափանման միջոցի կիրառմամբ[9],

- Առաջին ատյանի դատարանի վերոհիշյալ որոշման դեմ մեղադրյալ Վ․Նիկոյանի և վերջինիս պաշտպան Ա․Անդրիկյանի հատուկ վերանայման բողոքում ներկայացվել են փաստարկներ առ այն, որ նախաքննության մարմնի կողմից դատարան ներկայացված փաստական տվյալներով չի հիմնավորվում ինչպես մեղադրյալ Վ․Նիկոյանի առնչությունն իրեն մեղսագրվող հանցագործությանը, այնպես էլ հանցագործության դեպքը, հետևաբար բացակայում է Վ․Նիկոյանին վերագրվող հանցանքը կատարելու մասին հիմնավոր կասկածը[10],

- մեղադրյալ Վ․Նիկոյանի և վերջինիս պաշտպան Ա․Անդրիկյանի հատուկ վերանայման բողոքը մերժելու և ՀՀ գլխավոր դատախազության ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետի տեղակալ Հ․Բաղդասարյանի բողոքը մասնակի բավարարելու մասին որոշմամբ Վերաքննիչ դատարանը գտել է, որ հիմնավոր կասկածի վերաբերյալ Առաջին ատյանի հետևությունները պարունակում են հակասական և փոխբացառող դատողություններ և հստակ պատասխան չեն տալիս այն հարցին, թե արդյոք Առաջին ատյանի դատարանը վարույթի տվյալ փուլում հիմնավոր կասկածի դատավարական շեմը համարում է հաղթահարված, ուստի Վերաքննիչ դատարանը զրկված է կալանավորման հիմքերի առկայության կամ բացակայության հարցի քննարկման հնարավորությունից[11]։ 15․ Այսպիսով, Վերաքննիչ դատարանի վիճարկվող դատական ակտի ուսումնասիրությունից հետևում է, որ Վերաքննիչ դատարանն իր որոշման մեջ քննարկման առարկա է դարձրել բացառապես դատախազի հատուկ վերանայման բողոքը՝ արձանագրելով, որ Առաջին ատյանի դատարանի հետևություններից պարզ չի դառնում, թե արդյոք դատարանի համար հիմնավոր կասկածի առկայությունը վարույթի տվյալ փուլում բավարար չափով հիմնավորված է, թե ոչ, ինչն էլ բովանդակազուրկ է դարձնում կալանավորման հիմքերի գնահատումը՝ նախքան հիմնավոր կասկածի մասին Առաջին ատյանի դատարանի հստակ եզրահանգման պարզումը։ Մինչդեռ, մեղադրյալ Վ․Նիկոյանի և վերջինիս պաշտպան Ա․Անդրիկյանի հատուկ վերանայման բողոքը, որտեղ վերջիններս ներկայացրել են Վ․Նիկոյանին վերագրվող հանցանքը կատարելու մասին հիմնավոր կասկածի բացակայության վերաբերյալ մի շարք փաստարկներ, Վերաքննիչ դատարանի կողմից ընդհանրապես քննարկման առարկա չի դարձվել։ Արդյունքում, Վերաքննիչ դատարանը որոշման եզրափակիչ մասում պարզապես մերժել է Վ․Նիկոյանի և վերջինիս պաշտպանի վերաքննիչ բողոքը, իսկ դատախազի բողոքը բավարարել մասնակիորեն՝ վարույթը փոխանցելով Առաջին ատյանի դատարան՝ նոր քննության։ 16․ Վճռաբեկ դատարանը սույն որոշման 14-15-րդ կետերում մեջբերված փաստական հանգամանքների և դրանց վերլուծության համատեքստում փաստում է, որ Վերաքննիչ դատարանը, ունենալով մեղադրյալ Վ․Նիկոյանի և վերջինիս պաշտպան Ա․Անդրիկյանի հատուկ վերանայման բողոքում ներկայացված բոլոր փաստարկները գնահատման ենթարկելու պարտականություն, բացառությամբ նրանց, որոնց քննարկումը կգնահատեր հիմնազուրկ, չի անդրադարձել բողոքի որևէ փաստարկի՝ արդյունքում զրկելով Վ․Նիկոյանին Վերաքննիչ դատարանում դատական պաշտպանության իրավունքից։ Նման պայմաններում Վերաքննիչ դատարանի դատական ակտը չի կարող համապատասխանել դատական ակտի բավարար չափով պատճառաբանված լինելու չափանիշներին, ինչն էլ իր հերթին օբյեկտիվորեն սահմանափակում է Վճռաբեկ դատարանի հնարավորությունը` լիարժեք դատական ստուգման ենթարկելու բողոքարկվող որոշման օրինականությունն ու հիմնավորվածությունը։ 17․ Վերոգրյալի հաշվառմամբ՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանը, քննարկման առարկա չդարձնելով մեղադրյալ Վ․Նիկոյանի և վերջինիս պաշտպան Ա․Անդրիկյանի հատուկ վերանայման բողոքում ներկայացված փաստարկները, թույլ է տվել Վ․Նիկոյանի դատական պաշտպանության իրավունքի խախտում։

18. Ամփոփելով վերոշարադրյալը՝ Վճռաբեկ դատարանը փաստում է, որ սույն գործով Վերաքննիչ դատարանը, մասնակի բավարարելով դատախազի բողոքը և մերժելով մեղադրյալ Վ․Նիկոյանի ու վերջինիս պաշտպան Ա․Անդրիկյանի բողոքը, թույլ է տվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 23-րդ հոդվածով նախատեսված՝ դատական պաշտպանության ապահովման սկզբունքի խախտում, այսինքն՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 362-րդ հոդվածով նախատեսված քրեադատավարական օրենքի խախտում, որն իր բնույթով էական է և հիմք է Վերաքննիչ դատարանի դատական ակտը բեկանելու, և վարույթը նույն դատարան՝ նոր քննության փոխանցելու համար[12]։ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ գործի նոր քննության ընթացքում Վերաքննիչ դատարանը պետք է վերացնի արձանագրված խախտումները և գնահատման ենթարկելով մեղադրյալ Վ․Նիկոյանի ու վերջինիս պաշտպան Ա․Անդրիկյանի հատուկ վերանայման բողոքում ներկայացված փաստարկները՝ հանգի համապատասխան հետևության։ Միևնույն ժամանակ, Վերաքննիչ դատարանը նոր քննության ընթացքում պետք է քննարկի մեղադրյալ Վ․Նիկոյանի և վերջինիս պաշտպան Ա․Անդրիկյանի կողմից ներկայացված նոր նյութերը հետազոտելու հնարավորության հարցը[13]։

19. Նման պայմաններում Վճռաբեկ դատարանն առարկայազուրկ է համարում անդրադառնալու բողոքաբերի կողմից բարձրացված՝ սույն որոշման 5․2-5․4-րդ կետերում մեջբերված փաստարկներին։ 20․ Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ, 171-րդ հոդվածներով, «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ, 34-րդ, 363-րդ, 394-րդ, 398-400-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

Ո Ր Ո Շ Ե Ց

1. Հատուկ վերանայման բողոքը բավարարել մասնակիորեն։ Մեղադրյալ Վահե Համլետի Նիկոյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2023 թվականի հունվարի 9-ի որոշումը բեկանել և վարույթը փոխանցել նույն դատարան՝ նոր քննության։

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացնելու օրը։

Նախագահող` Կ.ԲԻՇԱՐՅԱՆ

Դատավորներ` Ե․ԴԱՆԻԵԼՅԱՆ

Ս.ՉԻՉՈՅԱՆ

Դ.ՎԵՔԻԼՅԱՆ

Ծանոթագրություններ

[1] Տե՛ս նյութեր, հատոր 14-րդ, թերթեր 62-75։

[2] Տե՛ս նյութեր, հատոր 15-րդ, թերթեր 33-53։

[3] Տե՛ս նյութեր, հատոր 15-րդ, թերթեր 72-99։

[4] Տե՛ս նյութեր, հատոր 16-րդ, թերթեր 81-110:

[5] Տե՛ս ՀՀ սահմանադրական դատարանի՝ 2016 թվականի մարտի 10-ի թիվ ՍԴՈ-1257 որոշման 6-7-րդ կետերը։ [6] Տե՛ս, mutatis mutandis, Վճռաբեկ դատարանի՝ Ֆրունզիկ Գալստյանի վերաբերյալ 2010 թվականի մարտի 26-ի թիվ ԵԿԴ/0058/11/09, Գևորգ Խնուսյանի վերաբերյալ 2013 թվականի հոկտեմբերի 18-ի թիվ ԵԷԴ/0030/01/12, Էրիկ Մարգարյանի վերաբերյալ 2014 թվականի մարտի 28-ի թիվ ՍԴ3/0045/01/13 որոշումները։ [7] Տե՛ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի` RUIZ TORIJA v. SPAIN գործով 1994 թվականի դեկտեմբերի 9-ի վճիռը, գանգատ թիվ 18390/91, 29-րդ կետ։ [8] Տե՛ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի` HELLE v. FINLAND գործով 1997 թվականի դեկտեմբերի 19-ի վճիռը, գանգատ թիվ 157/1996/776/977, 60-րդ կետ։ [9] Տե՛ս սույն որոշման 7-րդ կետը։

[10] Տե՛ս սույն որոշման 8-րդ կետը։

[11] Տե՛ս սույն որոշման 9-րդ կետը։

[12] Հատուկ վերանայման արդյունքում դատական ակտը բեկանելուց հետո Վճռաբեկ դատարանի կողմից վարույթը համապատասխան ստորադաս դատարան նոր քննության փոխանցելու լիազորության վերաբերյալ տե՛ս Վճռաբեկ դատարանի` Ավաթ Ամինի գործով 2023 թվականի հունվարի 25-ի թիվ ԵԴ/0752/06/22 որոշումը, կետ 17․1։ [13] Տե՛ս սույն որոշման 4․1-րդ կետը։

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
29 հունիսի, 2023 թ.
Գործի #:
ԵԴ/1431/06/22
Դատարան:
Վճռաբեկ դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել