«ԱՐՈՒՍՅԱԿ ԱԼԵՔՍԱՆՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 116-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ ԵՎ 288-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 2-ՐԴ ՄԱՍԻ 2-ՐԴ ԿԵՏԻ` ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԱՈ-48)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքներըԱմփոփում
Ընդ.՝ 16 մայիսի 2023թ. ՍԴԱՈ - 48 | «ԱՐՈՒՍՅԱԿ ԱԼԵՔՍԱՆՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 116-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ ԵՎ 288-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 2-ՐԴ ՄԱՍԻ 2-ՐԴ ԿԵՏԻ` ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամբողջ Տեքստ
«ԱՐՈՒՍՅԱԿ ԱԼԵՔՍԱՆՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 116-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ ԵՎ 288-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 2-ՐԴ ՄԱՍԻ 2-ՐԴ ԿԵՏԻ` ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ Սահմանադրական դատարանը, քննության առնելով Արուսյակ Ալեքսանյանի դիմումի հիման վրա ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 116-րդ հոդվածի 1-ին մասի և 288-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի` Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի քննությունը մերժելու մասին առաջարկությունը,
ՊԱՐԶԵՑ
.
1. 2023 թվականի ապրիլի 21-ին Սահմանադրական դատարան է մուտքագրվել Արուսյակ Ալեքսանյանի (այսուհետ Դիմող) դիմումը, որով Դիմողը խնդրել է. «ՀՀ Սահմանադրության 27-րդ հոդվածով հռչակված անձնական ազատության իրավունքին հակասող ու անվավեր ճանաչել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 116-րդ հոդվածի 1-ին մասը և 288-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետը թիվ ԵԴ/1240/06/22 դատական վարույթով առաջին ատյանի, վերաքննիչ ու վճռաբեկ դատարանների կողմից տրված այն մեկնաբանության կամ այն բովանդակության շրջանակներում, որ այնքան ժամանակ, քանի դեռ արարքում հանցակազմի բացակայության կամ արարքի նկարագրության և քրեական հետապնդման մարմնի կողմից անձի արարքին տրված իրավական որակման միջև ակնհայտ անհամապատասխանության հարցը կայացրած դատավճռով չի գնահատել գործն ըստ էության քննող դատարանը, մեղադրյալը չի կարող ակնկալել արարքում հանցակազմի բացակայության կամ արարքի նկարագրության և քրեական հետապնդման մարմնի կողմից անձի արարքին տրված իրավական որակման միջև ակնհայտ անհամապատասխանության պատճառաբանությամբ իր ազատության իրավունքի իրացում չնայած նրան, որ արարքում հանցակազմի բացակայությունը կամ արարքի նկարագրության և քրեական հետապնդման մարմնի կողմից անձի արարքին տրված իրավական որակման միջև ակնհայտ անհամապատասխանությունն արդեն իսկ ակնհայտ են ավելի վաղ փուլում, մասնավորապես մինչդատական վարույթի դատական երաշխիքների վարույթում, կալանքի կիրառման կամ կալանքի ժամկետի երկարաձգման հարցի քննության ընթացքում»:
2. Ներկայացնելով թիվ ԵԴ/1240/06/22 դատական գործի դատավարական նախապատմությունը Դիմողը նշում է, որ Վճռաբեկ դատարանի 2023 թվականի մարտի 29-ի որոշման մեջ անմիջականորեն չեն վկայակոչվել վիճարկվող դրույթները, սակայն իր համար իրավական հետևանքներ է առաջացրել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 116-րդ հոդվածի 1-ին մասի և 288-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի կիրառումը Սահմանադրության 27-րդ հոդվածով երաշխավորված անձնական ազատության իրավունքին հակասող մեկնաբանությամբ: Դիմողն ընդգծում է, որ թիվ ԵԴ/1240/06/22 դատական գործի շրջանակներում դատարանները չեն վերլուծել և չեն գնահատել իր պաշտպան Ա. Մանուկյանի այն փաստարկը, որ իր արարքում բացակայում է քրեական հետապնդում հարուցելու մասին որոշմամբ իրեն մեղսագրված ՀՀ քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ ու 5-րդ կետերով նախատեսված հանցակազմը: Դիմողը փաստում է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 116-րդ հոդվածի 1-ին մասի, 288-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի, ինչպես նաև սույն դիմումում վկայակոչված Վճռաբեկ դատարանի արտահայտած նախադեպային դիրքորոշումների համադրված վերլուծությունից հետևում է, որ իր նկատմամբ կիրառված կալանքի ժամկետը երկարաձգելու մասին միջնորդության քննությամբ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը հիմնավոր կասկածի առկայության մասին դիրքորոշում արտահայտելիս պարտավոր էր հաստատված համարել, որ տվյալ միջնորդության քննությամբ առկա չէ այնպիսի իրավիճակ, երբ իր արարքում ակնհայտորեն բացակայում է ՀՀ քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածով նախատեսված հանցակազմը, կամ երբ իր արարքին տրված իրավական որակումն ակնհայտորեն չի համապատասխանում իր արարքի փաստական նկարագրությանը: Դիմողն ընդգծում է, որ իր կողմից վկայակոչված Բարձրագույն դատական խորհրդի որոշումներից հետևում է, որ ինքը հանդիսացել է մեղադրյալ Սերգեյ Գրիգորյանի նկատմամբ այլընտրանքային խափանման միջոց կիրառելու մասին միջնորդությունը քննող պատշաճ կամ օրենքի հիման վրա ստեղծված կամ օրինական լիազորություն ունեցող դատարան: Հետևաբար ըստ Դիմողի ի կատարումն դատարանի նախագահի պաշտոնակատարի հանձնարարության ինքը լիազորված չէր վերոհիշյալ միջնորդությունը փոխանցել դատավոր Արմեն Շիրոյանին, ուստի նշված միջնորդությունը դատավոր Արմեն Շիրոյանին չփոխանցելով ինքը դուրս չի եկել իր լիազորությունների շրջանակից: Դիմողը նշում է, որ թիվ ԵԴ/1240/06/22 դատական գործի շրջանակներում ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 116-րդ հոդվածի 1-ին մասին և 288-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետին տրված մեկնաբանությամբ դատարանները, անտեսելով իր կողմից վկայակոչված գործերով Վճռաբեկ դատարանի արտահայտած նախադեպային դիրքորոշումները, առաջնայնությունը տալով Վճռաբեկ դատարանի թիվ ՏԴ2/0009/06/11 դատական գործի շրջանակներում 2011 թվականի դեկտեմբերի 22-ի որոշման 13-րդ կետով արտահայտված նախադեպային դիրքորոշմանը, իրավաչափ, հետևաբար Սահմանադրության 27-րդ հոդվածի հետ համատեղելի են համարել այն իրավիճակը, երբ այնքան ժամանակ, քանի դեռ արարքում հանցակազմի բացակայության կամ արարքի նկարագրության և քրեական հետապնդման մարմնի կողմից անձի արարքին տրված իրավական որակման միջև ակնհայտ անհամապատասխանության հարցը կայացրած դատավճռով չի գնահատել գործն ըստ էության քննող դատարանը, մեղադրյալը չի կարող ակնկալել վերոհիշյալ պատճառաբանություններից մեկով իր ազատության իրավունքի իրացում չնայած այն բանին, որ արարքում հանցակազմի բացակայությունը կամ արարքի նկարագրության և քրեական հետապնդման մարմնի կողմից անձի արարքին տրված իրավական որակման միջև ակնհայտ անհամապատասխանությունն արդեն իսկ ակնհայտ են ավելի վաղ փուլում, մասնավորապես մինչդատական վարույթի դատական երաշխիքների վարույթում, կալանքի կիրառման կամ կալանքի ժամկետի երկարաձգման հարցի քննության ընթացքում: Դիմողը փաստում է, որ իր կողմից վկայակոչված նախադեպային դիրքորոշումը ստորադաս դատարանին չի արգելում, որ կալանքի կիրառման կամ կալանքի ժամկետի երկարաձգման հարցը քննության առնելիս իրականացնի մեղադրանքի հիմքում ընկած ապացույցների վերլուծություն այդ ապացույցները գնահատելու և հիմնավոր կասկածի առկայության կամ բացակայության մասին առավել հիմնավոր հետևության համար, մասնավորապես պարզելու համար, թե արդյոք առկա չէ այնպիսի իրավիճակ, երբ մեղադրյալի արարքում ակնհայտորեն առկա չէ նրան մեղսագրված արարքի հանցակազմը, կամ արդյոք առկա չէ այնպիսի իրավիճակ, երբ մեղադրյալի արարքին տրված իրավական որակումն ակնհայտորեն չի համապատասխանում արարքի փաստական նկարագրությանը (կամ անձին վերագրված փաստերը հաստատող միջնորդությանը կից ներկայացված նյութերին): Ամփոփելով Դիմողը եզրահանգում է, որ վերոնշյալ հարցերին դատարանների չանդրադառնալը, այսինքն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 116-րդ հոդվածի 1-ին մասին և 288-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետին թիվ ԵԴ/1240/06/22 դատական գործով դատարանների կողմից տրված այն մեկնաբանությունը, որ կալանքի կիրառման կամ կալանքի ժամկետի երկարաձգման վարույթում դատարանն իրավասու չէ անդրադառնալու մեղադրանքի էությանը և հիմնավորվածությանը, ուղղակիորեն հանգեցնում է Սահմանադրության 27-րդ հոդվածով երաշխավորված մեղադրյալի ազատության իրավունքի խախտման (անհամարժեք սահմանափակման): Մասնավորապես Դիմողի պնդմամբ նշվածը հանգեցնում է այնպիսի իրավիճակի, երբ մինչդատական վարույթի դատական երաշխիքների վարույթում համապատասխան իրավական ակտերի դրույթների պարզ համադրումից ակնհայտ է, որ առկա չէ իրեն մեղսագրված արարքի հանցակազմը, կամ առկա չէ օբյեկտիվ կապ մեղսագրված արարքի նկարագրության և քրեական հետապնդման մարմնի կողմից անձի արարքին տրված իրավական որակման միջև, սակայն ինքը չի կարող ակնկալել կալանքի կիրառման կամ կալանքի ժամկետի երկարաձգման վարույթում այս կապակցությամբ իր ազատության իրավունքի իրացում այնքան ժամանակ, քանի դեռ մեղսագրված արարքում հանցակազմի բացակայության կամ արարքի նկարագրության և քրեական հետապնդման մարմնի կողմից անձի արարքին տրված իրավական որակման միջև ակնհայտ անհամապատասխանության հարցը կայացրած դատավճռով չի գնահատել գործն ըստ էության քննող դատարանը, չնայած նրան, որ մեղսագրված արարքում հանցակազմի բացակայությունը կամ արարքի նկարագրության և քրեական հետապնդման մարմնի կողմից անձի արարքին տրված իրավական որակման միջև ակնհայտ անհամապատասխանությունն արդեն իսկ ակնհայտ են ավելի վաղ փուլում, մասնավորապես մինչդատական վարույթի դատական երաշխիքների վարույթում, կալանքի կիրառման կամ կալանքի ժամկետի երկարաձգման հարցի քննության ընթացքում:
3. Ելնելով դիմումի և կից ներկայացված դատական ակտերի ուսումնասիրությունից, ինչպես նաև ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29 և 69-րդ հոդվածներով Սահմանադրական դատարանը գտնում է, որ սույն անհատական դիմումով գործի քննությունը ենթակա է մերժման հետևյալ պատճառաբանությամբ. «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին աշխատակարգային որոշում է ընդունում, եթե դիմումում առաջադրված հարցերը ենթակա չեն Սահմանադրական դատարանին: 2009 թվականի մարտի 17-ի ՍԴԱՈ-21 աշխատակարգային որոշմամբ Սահմանադրական դատարանն արձանագրել է. (…) բոլոր այն դեպքերում, երբ դիմողը, ձևականորեն վիճարկելով օրենքի դրույթի սահմանադրականության հարց, ըստ էության բարձրացնում է այդ դրույթի կիրառման իրավաչափության հարց կամ հետապնդում է այլ նպատակներ, ապա այդպիսի դիմումները ենթակա են մերժման` (…) որպես սահմանադրական դատարանի քննության ենթակա հարց չառաջադրող դիմումներ»: Սահմանադրական դատարանը փաստում է, որ սահմանադրական կոնկրետ վերահսկողության առարկա կարող են դառնալ այնպիսի վեճեր, որոնց հիմքում դրված են ոչ թե կոնկրետ գործի փաստական և (կամ) իրավական հանգամանքների գնահատման, վիճարկվող իրավական նորմի տվյալ գործով կիրառման կամ չկիրառման հարցեր, այլ վիճարկվող նորմատիվ իրավական ակտի սահմանադրականության գնահատման հարցեր: Այսինքն Սահմանադրական դատարանում քննության առարկա կարող է լինել բացառապես նորմատիվ ակտի, ինչպես նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանության սահմանադրականության գնահատումը: Քննարկվող համատեքստում, հաշվի առնելով Դիմողի ներկայացրած դիրքորոշումները և հիմնավորումները, Սահմանադրական դատարանը գտնում է, որ վերջինիս կողմից բարձրացվել են այնպիսի հարցեր, որոնք ենթակա չեն Սահմանադրական դատարանի քննությանը հետևյալ պատճառաբանությամբ. Այսպես սույն գործի ուսումնասիրությունը վկայում է, որ անհատական դիմումով Դիմողը, ըստ էության, վիճարկվող նորմերի (իրավակիրառ պրակտիկայում դրանց տրված մեկնաբանության) հակասահմանադրականության վերաբերյալ որևէ հիմնավոր փաստարկ չի ներկայացնում, իսկ որպես փաստարկ ներկայացվող դիրքորոշումներն առավելապես վերաբերում են ՀՀ դատարանների գործողությունների (կայացրած դատական ակտերի) իրավաչափությանը: Այսինքն սույն դիմումով Դիմողի կողմից բարձրացված հարցերի ըստ էության քննությունը ենթադրում է Սահմանադրական դատարանի կողմից ոչ թե վիճարկվող դրույթների (իրավակիրառ պրակտիկայում դրանց տրված մեկնաբանության) սահմանադրականության գնահատում, այլ ՀՀ դատարանների կայացրած դատական ակտերի իրավաչափության ստուգում, որը դուրս է Սահմանադրական դատարանի լիազորությունների շրջանակից: Քննարկվող համատեքստում Սահմանադրական դատարանը հարկ է համարում վկայակոչել Դիմողի ներկայացրած դիրքորոշումն առ այն, որ Թիվ ԵԴ/1240/06/22 դատական վարույթով դատարանները չեն վերլուծել ու չեն գնահատել մեղադրյալ Արուսյակ Ալեքսանյանի պաշտպան Ա. Մանուկյանի այն փաստարկը, որ Արուսյակ Ալեքսանյանի արարքում բացակայում է քրեական հետապնդում հարուցելու մասին որոշմամբ նրան մեղսագրված ՀՀ քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ ու 5-րդ կետերով նախատեսված հանցակազմը»: Բացի դրանից, Դիմողը դիրքորոշում է հայտնել առ այն, որ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը (այսուհետ նաև Առաջին ատյանի դատարան) հիմնավոր կասկածի առկայության մասին դիրքորոշում արտահայտելիս պարտավոր էր հաստատված համարել, որ տվյալ միջնորդության քննությամբ առկա չէ այնպիսի իրավիճակ, երբ մեղադրյալ Արուսյակ Ալեքսանյանի արարքում ակնհայտորեն բացակայում է ՀՀ քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածով նախատեսված հանցակազմը, կամ երբ մեղադրյալ Արուսյակ Ալեքսանյանի արարքին տրված իրավական որակումն ակնհայտորեն չի համապատասխանում մեղադրյալ Արուսյակ Ալեքսանյանի արարքի փաստական նկարագրությանը»: Դիմողը նաև նշել է. «Վերոգրյալ արձանագրման լույսի ներքո գտնում եմ, որ Դիմող Արուսյակ Ալեքսանյանի անձնական ազատության իրավունքը խախտվել է (անհամարժեքորեն սահմանափակվել է) թիվ ԵԴ/1240/06/22 դատական վարույթով առաջին ատյանի, վերաքննիչ ու վճռաբեկ դատարանների կողմից ՀՀ քրեական դատավարության 116-րդ հոդվածի 1-ին մասի և 288-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի կիրառմամբ ՀՀ Սահմանադրության 27-րդ հոդվածին առերևույթ հակասող այն մեկնաբանությամբ, որ այնքան ժամանակ, քանի դեռ արարքում հանցակազմի բացակայության կամ արարքի նկարագրության և քրեական հետապնդման մարմնի կողմից անձի արարքին տրված իրավական որակման միջև ակնհայտ անհամապատասխանության հարցը կայացրած դատավճռով չի գնահատել գործն ըստ էության քննող դատարանը, մեղադրյալը չի կարող ակնկալել նշված պատճառաբանություններով իր ազատության իրավունքի իրացում չնայած այն բանին, որ արարքում հանցակազմի բացակայությունը կամ արարքի նկարագրության և քրեական հետապնդման մարմնի կողմից անձի արարքին տրված իրավական որակման միջև ակնհայտ անհամապատասխանությունն արդեն իսկ ակնհայտ են ավելի վաղ փուլում, մասնավորապես մինչդատական վարույթի դատական երաշխիքների վարույթում, կալանքի կիրառման կամ կալանքի ժամկետի երկարաձգման հարցի քննության ընթացքում»: Այսպիսով, ողջ վերոգրյալի հաշվառմամբ Սահմանադրական դատարանը եզրահանգում է, որ այս պարագայում Դիմողը, ձևականորեն վիճարկելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 116-րդ հոդվածի 1-ին մասի և 288-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի իրավակիրառ պրակտիկայում դրանց տրված մեկնաբանության սահմանադրականությունը, ըստ էության բարձրացնում է տվյալ դրույթների կիրառման իրավաչափության հարց: Սահմանադրական դատարանը վերահաստատում է, որ Բարձր դատարանում քննության առարկա կարող է լինել բացառապես նորմատիվ ակտի, ինչպես նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանության սահմանադրականության գնահատումը: Մինչդեռ սույն դիմումով ներկայացված դիրքորոշումներով բարձրացվում է ՀՀ դատարանների կողմից կայացված դատական ակտերով Դիմողի նկատմամբ վիճարկվող դրույթների կիրառման իրավաչափությանն առնչվող հարց, որի քննարկումը դուրս է Սահմանադրական դատարանի իրավասության շրջանակից: Ուստի Սահմանադրական դատարանը գտնում է, որ սույն անհատական դիմումով գործի քննությունը ենթակա է մերժման «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված դիմումում առաջադրված հարցի Սահմանադրական դատարանին ենթակա չլինելու հիմքով: Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի պահանջով Սահմանադրական դատարանը
ՈՐՈՇԵՑ
.
«Արուսյակ Ալեքսանյանի դիմումի հիման վրա ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 116-րդ հոդվածի 1-ին մասի և 288-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի քննությունը մերժել:
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
ՆԱԽԱԳԱՀ Ա. ԴԻԼԱՆՅԱՆ
16 մայիսի 2023 թվականի
ՍԴԱՈ-48
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 16 մայիսի, 2023 թ.
- Գործի #:
- ՍԴԱՈ-48
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
