«ՎԱՐԴԱՆ ՔԱԼԱՆԹԱՐՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ «ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ 6-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ԿԵՏԻ «Բ» ԵՆԹԱԿԵՏԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԱՈ-247)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքներըԱմփոփում
Ընդ.՝ 3 դեկտեմբերի 2021թ. ՍԴԱՈ - 247 | «ՎԱՐԴԱՆ ՔԱԼԱՆԹԱՐՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ «ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ 6-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ԿԵՏԻ «Բ» ԵՆԹԱԿԵՏԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամբողջ Տեքստ
ՎԱՐԴԱՆ ՔԱԼԱՆԹԱՐՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ 6-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ԿԵՏԻ Բ» ԵՆԹԱԿԵՏԻ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ Սահմանադրական դատարանը, քննության առնելով «Վարդան Քալանթարյանի դիմումի հիման վրա Ավելացված արժեքի հարկի մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին կետի բ» ենթակետի Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի քննությունը մերժելու մասին առաջարկությունը,
ՊԱՐԶԵՑ
.
1. Վարդան Քալանթարյանը 2021 թվականի նոյեմբերի 17-ին դիմել է Սահմանադրական դատարան խնդրելով. «…
2. Թիվ ՎԴ/7678/05/18 վարչական գործով 2021 թվականի հուլիսի 13-ին կայացված որոշմամբ
ՀՀ Վճռաբեկ դատարանի կողմից «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 1-ին կետի «բ» ենթակետը ճանաչել ՀՀ Սահմանադրության 60-րդ հոդվածին հակասող:
3. «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 1-ին կետի «բ» ենթակետը ճանաչել ՀՀ Սահմանադրության 79-րդ հոդվածին հակասող»:
2. Ներկայացված դիմումով դիմողը պնդում է, որ Վճռաբեկ դատարանի կողմից «Ավելացված արժեքի մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին կետի «բ» ենթակետին տրված իրավական մեկնաբանությունը հակասում է Սահմանադրության 60-րդ հոդվածով ամրագրված սեփականության իրավունքի էությանը, դրանով անձը զրկվում է օրինական հիմքով ձեռք բերված սեփականությունը իր հայեցողությամբ տիրապետելու, օգտագործելու և տնօրինելու իրավունքից: Բացի դրանից ըստ դիմողի «Ավելացված արժեքի մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին կետի «բ» ենթակետը բավարար աստիճանի հստակ չէ և կարող է հանգեցնել տարաբնույթ մեկնաբանությունների կամ շփոթության: Վկայակոչելով իր կողմից վիճարկվող դրույթը դիմողը նշում է, որ խոսքը վերաբերում է երկրորդ և ավելի անգամ նույն տեսակի տարբեր գույքեր կամ դրանցում ֆիզիկական անձին պատկանող բաժիններ օտարելուն, այլ ոչ թե միևնույն գույքի մի մասն օտարելուն, ինչպիսի հանգամանք առկա է սույն գործով: Ըստ դիմողի նման դիրքորոշումը բխում է նաև այն իրողությունից, որ անձին պատկանող բնակարանը դրա ձեռքբերմանը հաջորդող մեկ օրացուցային տարվա ընթացքում որպես մեկ գույքային միավոր օտարելը «Ավելացված արժեքի մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին կետի 2-րդ պարբերության կարգավորմամբ ԱԱՀ-ով հարկվող գործարք չի համարվում, իսկ նույն բնակարանը մի քանի գույքային միավորների բաժանելու և առանձին մասերով օտարելու դեպքում կրկին առկա է նույն վերջնական արդյունքը մեկ գործարքով ձեռք բերված մի ամբողջ բնակարանն օտարելու տեսքով: Ըստ դիմողի նման մեկնաբանումը հակասում է նաև օրենքի բացառապես ձեռնարկատիրական գործունեության բնույթ ունեցող գործարքները հարկելու նպատակին, քանի որ ստացվում է, որ ֆիզիկական անձը միայն մեկ անգամ է մեկ օրացուցային տարվա ընթացքում գույք ձեռք բերել, թեև այն օտարել է մաս-մաս, որպիսի պարագայում առկա չէ գույքի ձեռքբերման պարբերականություն, ինչը կվկայեր ձեռնարկատիրական գործունեության մասին, այլ ոչ թե այդ գույքն անձնական սպառողական նպատակներով օգտագործելու նպատակի մասին։ Դիմողը գտնում է, որ ԱԱՀ-ով հարկվող գործարք որակելու համար անհրաժեշտ է, որ գույքի բնակարանի օտարմանը նախորդող մեկ տարվա ընթացքում անձը որևէ եղանակով ձեռք բերած լինի այդ նույն իրավունքների պետական գրանցումն իրականացնող լիազորված մարմնում առանձին ծածկագրով գրանցված կամ համարակալված, սեփականության իրավունքի օբյեկտ ու անշարժ գույքի ինքնուրույն ու առանձին միավոր հանդիսացող, որոշակի հատկանիշներով որոշվող ու դրանցով անհատականացվող տարածքը։ Ըստ դիմողի Վճռաբեկ դատարանն իր կողմից կատարված գործարքներից երկրորդը դիտարկել է դրա օտարմանը նախորդող մինչև մեկ տարվա ընթացքում, այն է 09.09.2016թ. ձեռք բերված, և եզրահանգել, որ Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Մաշտոցի պողոտայի թիվ 33/1 շենքի թիվ 64/1 բնակարանի առուվաճառքի գործարքը ԱԱՀ-ով հարկվող գործարք է, և առկա են բոլոր պայմանները գործարքն ավելացված արժեքի հարկվող գործարք համարելու համար։ Դիմողը նշում է, որ Վճռաբեկ դատարանի վերոգրյալ դիրքորոշումն անընդունելի է, քանի որ տվյալ դեպքում այլ անձի հետ կնքված գույքի օտարման գործարքի արդյունքում Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Մաշտոցի պողոտայի թիվ 33/1 շենքի թիվ 64/1 բնակարանի նկատմամբ Վարդան Քալանթարյանի սեփականության իրավունքի ձեռք բերման փաստ առկա չէ, հետևաբար ըստ դիմողի Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Մաշտոցի պողոտայի թիվ 33/1 շենքի թիվ 64/1 բնակարանը դրա օտարմանը նախորդող մինչև մեկ տարվա ընթացքում ձեռք բերված լինելու եզրահանգման իրավական հիմքը բացակայում է։ Ուստի վերոգրյալով պայմանավորված դիմողը կարծում է, որ Վճռաբեկ դատարանի կողմից «Ավելացված արժեքի մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին կետի «բ» ենթակետին տրված նման մեկնաբանությամբ դատական ակտ կայացնելու արդյունքում Վարդան Քալանթարյանը զրկվել է օրինական հիմքերով ձեռք բերված սեփականությունը իր հայեցեղությամբ տիրապետելու, օգտագործելու և տնօրինելու սահմանադրական իրավունքից։
3. Ելնելով դիմումի և դիմումին կից ներկայացված դատական ակտերի ուսումնասիրության արդյունքներից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ և 69-րդ հոդվածներով ամրագրված իրավակարգավորումներով Սահմանադրական դատարանը գտնում է, որ սույն գործի քննությունը ենթակա է մերժման հետևյալ պատճառաբանությամբ. 3.1. «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է այն հիմքերը, որոնց միաժամանակյա առկայության դեպքում յուրաքանչյուր ոք կոնկրետ գործով կարող է անհատական դիմում ներկայացնել Սահմանադրական դատարան։ Նշված հիմքերն են ա) երբ կոնկրետ գործով առկա է դատարանի վերջնական ակտը, բ) երբ սպառվել են ներպետական դատական պաշտպանության բոլոր միջոցները, գ) երբ դիմողը վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` անհատական դիմումը պետք է հղումներ պարունակի նորմատիվ իրավական ակտի այն դրույթներին, որոնց սահմանադրականությունը վիճարկվում է, և հիմնավորումներ, որ նորմատիվ իրավական ակտի հակասությունը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման` հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը: Այս պահանջի լույսի ներքո Սահմանադրական դատարան անհատական դիմում ներկայացնելիս անձը պետք է փորձի բավարար կերպով իրավաբանորեն հիմնավորել, թե իր սահմանադրական ո՞ր իրավունքներն են խախտվել, և ի՞նչ է ակնկալում Սահմանադրական դատարանում իր դիմումի հիման վրա գործի քննության արդյունքում հիմնավորելով նաև իր սահմանադրական իրավունքների ենթադրյալ խախտման փաստի և վիճարկվող դրույթների ենթադրյալ հակասահմանադրականության միջև պատճառահետևանքային կապի առկայությունը: Միաժամանակ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` անհատական դիմումներով գործի քննությունը, ի լրումն նույն օրենքի 29-րդ հոդվածով նախատեսված դեպքերի, կարող է մերժվել նաև այն դեպքերում, երբ անհատական դիմումն ակնհայտ անհիմն է: Վիճարկվող դրույթի Սահմանադրությանը հակասելու վերաբերյալ դիմողի կողմից ներկայացված հիմնավորումների ուսումնասիրության արդյունքում Սահմանադրական դատարանը փաստում է, որ դիմողը չի հիմնավորել իր սահմանադրական իրավունքների ենթադրյալ խախտման և վիճարկվող դրույթի միջև պատճառահետևանքային կապը, ինչի արդյունքում սույն անհատական դիմումն ակնհայտ անհիմն է: Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով, 69-րդ հոդվածի 3-րդ և 5-րդ մասի պահանջներով Սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ. «Վարդան Քալանթարյանի դիմումի հիման վրա Ավելացված արժեքի հարկի մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին կետի բ» ենթակետի Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի քննությունը մերժել։
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
ՆԱԽԱԳԱՀ Ա. ԴԻԼԱՆՅԱՆ
3 դեկտեմբերի 2021 թվականի
ՍԴԱՈ-247
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 3 դեկտեմբերի, 2021 թ.
- Գործի #:
- ՍԴԱՈ-247
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
