Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/ԱՐՍԵՆ ՄԱԿԻՆՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

ԱՐՍԵՆ ՄԱԿԻՆՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Սահմանադրական դատարանՍԴԴԿՈ-7125 հոկտեմբերի, 2021 թ.Բնօրինակ աղբյուր
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ-71)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքները

Ամփոփում

Ընդ.՝ 25 հոկտեմբերի 2021թ. ՍԴԴԿՈ - 71 | ԱՐՍԵՆ ՄԱԿԻՆՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Ամբողջ Տեքստ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ

ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ ՈՐՈՇՈՒՄ

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Քաղ. Երևան 25 հոկտեմբերի 2021թ.

Սահմանադրական դատարանի դատական կազմը`

Նախագահությամբ Է. Շաթիրյանի

Անդամակցությամբ Վ. Գրիգորյանի

Ա. Վաղարշյանի

Քննության առնելով Արսեն Մակինյանի անհատական դիմումի ընդունելիության հարցը,

ՊԱՐԶԵՑ.

1. Արսեն Մակինյանը (ներկայացուցիչ` Ա. Կիվիրյան) դիմել է Սահմանադրական դատարան (դիմումը Սահմանադրական դատարան է մուտքագրվել 2021 թվականի հոկտեմբերի 8-ին) խնդրելով. «1. ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 396-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետը այնքանով, որքանով որ չի նախատեսում վճռաբեկ բողոքը վերադարձնելուց հետո կրկին ներկայացնելու դեպքում թույլ տրված նոր խախտումը ուղղելու հնարավորություն և այդ դեպքում վճռաբեկ բողոքը թողնվում է առանց քննության, ճանաչել ՀՀ Սահմանադրության 1-ին, 2-րդ, 3-րդ, 5-րդ, 6-րդ, 61-րդ, 63-րդ, 78-րդ, 79-րդ, 80-րդ, 81-րդ հոդվածներին հակասող և անվավեր:

2. ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում առկա օրենքի բացը, որը հայցադիմումում թույլ տրված վրիպակն ուղղելու հնարավորություն չի նախատեսում, այնքանով, որքանով չի ապահովում իրավական որոշակիության սկզբունքի պահանջները և խախտում է անձանց իրավունքները, ճանաչել ՀՀ Սահմանադրության 28-րդ, 29-րդ հոդվածին, 61-րդ հոդվածի 1-ին մասին, 63-րդ հոդվածի 1-ին մասին, 75-րդ, 78-81-րդ հոդվածներին հակասող և անվավեր:

3. ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 103-րդ հոդվածի 3-րդ մասը այնքանով, որքանով չի նախատեսում վրիպակի հետևանքով սխալ նշված հայցապահանջի նկատմամբ հաշվարկված պետական տուրքի վերադարձման կամ պետական տուրքի վճարումը հետաձգված լինելու դեպքում դրա պակաս հաշվարկման հնարավորություն, իսկ 104-րդ հոդվածը այնքանով, որքանով որ որպես հայցագին չի դիտում հայցվորի իրական, վերջնական պահանջը, ճանաչել ՀՀ Սահմանադրության 1-ին, 2-րդ, 3-րդ, 5-րդ, 6-րդ, 61-րդ, 63-րդ, 78-րդ, 79-րդ, 80-րդ, 81-րդ հոդվածներին հակասող և անվավեր»:

2. Դիմողը նշում է, որ պետական տուրքը պետք է վճարվի ՀՀ օրենսդրությանը համապատասխան, այսինքն այնքան, որքան կազմում է հայցագինը: Դիմողի պնդմամբ «(…) պետական տուրքը չպետք է խոչընդոտ հանդիսանա անձի սահմանադրական իրավունքների, այդ թվում դատական պաշտպանության իրավունքի իրացման համար: Ընդ որում, անձի սահմանադրական իրավունքների, այդ թվում դատական պաշտպանության իրավունքի իրացման համար խոչընդոտ պետք է դիտել ոչ միայն այն դեպքը, երբ անձը դեռևս չի օգտվել այդ իրավունքներից, այլ նաև այն դեպքը, երբ անձն արդեն իսկ օգտվել է այդ իրավունքից, սակայն հետագայում անձի նկատմամբ առաջադրված անհիմն վճարային պարտավորությունները խաթարել, իմաստազրկել են այդ իրավունքների, այդ թվում դատական պաշտպանության և դատարանի մատչելիության իրավունքների բուն էությունը: (...) նշված հարցը քննարկելիս առավել ևս պետք է կարևորվեն նաև այն դեպքերը, երբ հայցագնի չափը վրիպակի հետևանքով սխալ է նշված եղել: Գտնում ենք, որ օրենսդրությամբ պետք է հստակ սահմանվի ավել վճարված պետական տուրքի վերադարձման կամ ավել նշված հայցագնի նկատմամբ հաշվարկվելիք պետական տուրքի պակաս հաշվարկման մեխանիզմ, որով չեն խախտվի անձանց իրավունքները»: Դիմողի եզրահանգմամբ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 103-րդ հոդվածի 3-րդ մասն այնքանով, որքանով չի նախատեսում վրիպակի հետևանքով սխալ նշված հայցապահանջի նկատմամբ հաշվարկված պետական տուրքի վերադարձման կամ պետական տուրքի վճարումը հետաձգված լինելու դեպքում դրա պակաս հաշվարկման հնարավորություն, իսկ 104-րդ հոդվածն այնքանով, որքանով որպես հայցագին չի դիտում հայցվորի իրական, վերջնական պահանջը, հակասում է Սահմանադրությանը: ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 396-րդ հոդվածի 1-ին մասի վիճարկվող նորմի առնչությամբ դիմողը նշում է, որ այդ նորմին տրված մեկնաբանությամբ այն թույլ չի տալիս վերականգնել խախտված իրավունքները, անհամաչափ պարտավորություն է դնում անձի վրա, և արգելակվում է նյութական իրավունքի իրացումը միայն այն պատճառով, որ երկրորդ անգամ վրիպակն ուղղելու հնարավորություն օրենսդրությամբ նախատեսված չէ: Դիմողը նշում է, որ «(...) բողոքը չի քննվել Վճռաբեկ դատարանի կողմից, քանի որ բողոքը ներկայացնող կողմը նույն վճռաբեկ բողոքը կրկին չի ուղարկել կողմերից մեկին, ընդ որում, այն պարագայում, երբ օրենսդիրը նման պահանջ տառացի չի նախատեսել, հետևաբար վճռաբեկ բողոքը կրկին ներկայացվելու դեպքում կողմերին ուղարկելու փաստը հավաստող ապացույց ներկայացնելու պարտադիրությունը չի բխում անձի արդար դատաքննության իրավունքից»:

3. Ուսումնասիրելով սույն անհատական դիմումը և վերջինիս կից ներկայացված դատական ակտերը, ինչպես նաև ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի (այսուհետ Օրենք) 29 և 69-րդ հոդվածների պահանջներով` Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ սույն անհատական դիմումով գործի քննությունը ենթակա է մերժման ներքոնշյալ պատճառաբանություններով: 3.1. ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 103-րդ հոդվածի 3-րդ մասի, 104-րդ հոդվածի վերաբերյալ Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ վիճարկվող նորմերի վերաբերյալ դիմողի փաստարկներն ակնհայտ անհիմն են հետևյալ պատճառաբանությամբ. ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 103-րդ հոդվածը զետեղված է նույն օրենսգրքի «Դատական ծախսեր» վերտառությամբ 10-րդ գլխում: Նույն հոդվածի 3-րդ մասին համապատասխան եթե գործի քննության ընթացքում հայցվորը փոփոխել է հայցի առարկան այնպես, որ առաջացել է պետական տուրքի ավել վճարված մաս, ապա ավել վճարված մասը ենթակա չէ վերադարձման: Դիմողի կողմից վիճարկվող հիշյալ նորմի վերաբերյալ բերված փաստարկները հերքվել են թիվ ԵԴ/27819/02/19 քաղաքացիական գործով վերաքննիչ դատարանի 12.03.2021թ. որոշմամբ: Այսպես վերաքննիչ դատարանն արձանագրել է «(...) հայցադիմումում պահանջվող գումարի թվի (չափի) հետ կապված որևէ վրիպակ թույլ չի տրվել և այդպիսին լինելու վերաբերյալ նույնիսկ չի նշվել Հայցվորի ներկայացուցչի կողմից ներկայացված հայցագնի փոփոխման միջնորդության մեջ, մինչդեռ բողոքի հիմքում դրվել է այն անհիմն պատճառաբանությունը, որ հայցադիմումում թույլ է տրվել վրիպակ և 10.129,88 ԱՄՆ դոլար և 5.563.898,28 ՀՀ դրամ թվերի փոխարեն նշվել է 120.410,4 ԱՄՆ դոլար, որպիսի պատճառաբանությունը որևէ ապացույցով չի հիմնավորվել և ընդհակառակը հերքվել է գործի վերը նշված նյութերով»: Սահմանադրական դատարանի դատական կազմն արձանագրում է նաև, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի պետական տուրքի վերադարձնելուն վերաբերող վիճարկվող դրույթի և «Պետական տուրքի մասին» օրենքի` պետական տուրքի վերադարձման հնարավորություն նախատեսող նորմերի կարգավորման առարկաները տարբեր են. հետևաբար այն փաստարկները, որոնցով դիմողը փորձել է հիմնավորել վիճարկվող նորմերի հակասահմանադրականությունը, հիմնազուրկ են: Այսպես ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 103-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով սահմանված է, որ համապատասխանաբար վճարված պետական տուրքի վերադարձման հիմքերը և կարգը սահմանվում են «Պետական տուրքի մասին» օրենքով, վճարված պետական տուրքի վերադարձման հիմքերի առկայության դեպքում դատարանը պարտավոր է դատական ակտում նշել պետական տուրքը լրիվ կամ մասնակի վերադարձնելու հիմք հանդիսացող հանգամանքները: ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի վերոնշյալ կարգավորումներից ակնհայտ է, որ օրենսդիրը վճարված պետական տուրքի վերադարձման հնարավորություն է նախատեսում` վերադարձման հիմքերի և կարգի սահմանումը թողնելով «Պետական տուրքի մասին» օրենքի կարգավորմանը: «Պետական տուրքի մասին» օրենքի 38-րդ հոդվածով սահմանված է. Պետական տուրքը ենթակա է վերադարձման մասնակի կամ լրիվ ա) եթե պետական տուրքը վճարվել է ավելի, քան պահանջվում է գործող օրենսդրությամբ. (…) դ) եթե հայցի ենթադրական գինը, որից դատարանը գանձել են պետական տուրքը, գործի քննության ընթացքում ճշտվել է, որի հետևանքով պակասել է հայցի ընդհանուր գինը. (...)»: Այնինչ դիմողի կողմից վիճարկվող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 103-րդ հոդվածի 3-րդ մասով կարգավորում է նախատեսված այն դեպքերի համար, երբ պետական տուրքի ավել վճարված մասն առաջացել է գործի քննության ընթացքում հայցվորի կողմից հայցի առարկայի փոփոխության արդյունքում` սահմանելով, որ տվյալ դեպքում ավել վճարված մասը ենթակա չէ վերադարձման: Սահմանադրական դատարանի դատական կազմն արձանագրում է նաև, որ դիմողը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 103-րդ հոդվածի 3-րդ մասի և 104-րդ հոդվածի 1-ին մասի սահմանադրականության հարցը բարձրացրել է, մասնավորապես, Սահմանադրության 61-րդ և 63-րդ հոդվածների լույսի ներքո առանց Սահմանադրությամբ ամրագրված սեփականության իրավունքի հնարավոր խախտման հարցին անդրադառնալու: Միևնույն ժամանակ, հարկ է նկատի ունենալ, որ այդ իրավունքներն իրացնելիս անհրաժեշտ է հաշվի առնել օրենսդրական փոխկապակցված կարգավորումները, հետևաբար տնօրինչականության սկզբունքից բխող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով նախատեսված վերոնշյալ գործիքակազմից` հայցի առարկան փոփոխելու հնարավորությունից, օգտվելու պարագայում հայցվորի համար առաջացող հնարավոր բացասական հետևանքները կրում է հենց հայցվոր կողմը: Դիմողի կողմից բարձրացված այն հարցի առնչությամբ, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով հայցադիմումում թույլ տրված վրիպակի ուղղման հնարավորություն նախատեսված չէ, Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով նախատեսված են մի շարք ընթացակարգեր, մասնավորապես, նախնական դատական նիստի ինստիտուտը, որի շրջանակներում հայցվորն իրավական հնարավորություն ունի հստակեցնելու իր կողմից ներկայացված հայցը, ընդ որում ինչպես հայցի հիմքը, այնպես էլ առարկան փոփոխելու միջնորդություն ներկայացնելու ձևով: ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 104-րդ հոդվածի վերաբերյալ դիմողի փաստարկների առնչությամբ Սահմանադրական դատարանի դատական կազմն արձանագրում է, որ դիմողը բավարար հիմնավորումներ չի ներկայացրել վիճարկվող նորմի վերաբերյալ, և դիմումից հստակ չէ, թե վիճարկվող նորմն ինչպես է խախտել դիմողի սահմանադրական հիմնարար իրավունքները: Այլ կերպ ասած առկա չէ պատճառահետևանքային կապ դիմողի հիմնարար իրավունքի հնարավոր խախտման և վիճարկվող նորմի միջև: Սահմանադրական դատարան անհատական դիմում ներկայացնելիս անձը պետք է հստակ պատկերացնի իր նկատմամբ կիրառված օրենքի նորմի բովանդակությունը և փորձի գնահատել ու նախատեսել Սահմանադրական դատարանում իր իրավունքների պաշտպանությանն ուղղված և Սահմանադրությամբ ու օրենքով թույլատրելի հետագա գործողությունները, ինչպես նաև պետք է փորձի բավարար կերպով իրավաբանորեն հիմնավորել, թե իր սահմանադրական ո՞ր իրավունքներն են խախտվել, և ի՞նչ է ակնկալում Սահմանադրական դատարանում իր դիմումի հիման վրա գործի քննության արդյունքում: Օրենքի 69-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` անհատական դիմումը պետք է հղումներ պարունակի նորմատիվ իրավական ակտի այն դրույթներին, որոնց սահմանադրականությունը վիճարկվում է, և հիմնավորումներ, որ նորմատիվ իրավական ակտի հակասությունը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը: Դիմումի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ դիմումում վերոնշյալ պահանջները չեն պահպանվել: Օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի համաձայն Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին որոշում է ընդունում Օրենքի 69-րդ հոդվածով նախատեսված այլ դեպքերում։ Օրենքի 69-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` անհատական դիմումով գործի քննությունը, ի թիվս այլնի, կարող է մերժվել նաև այն դեպքում, երբ անհատական դիմումն ակնհայտ անհիմն է: 3.2. ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 396-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի վերաբերյալ Վիճարկվող նորմի վերաբերյալ դիմողի կողմից բերված փաստարկները հիմնականում հանգում են նրան, որ Վճռաբեկ դատարանը, առաջնորդվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 396-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով և բողոքը թողնելով առանց քննության, զրկել է անձին իր վրա դրված ոչ իրավաչափ պարտականությունը վերացնելու համար դատարան դիմելու իրավունքից. այլ կերպ Վճռաբեկ դատարանը վճռաբեկ բողոքում առկա թերությունները վերացնելուց հետո այն կրկին ներկայացվելու դեպքում այլ թերությունների վերացման համար վերադարձի անհնարինության պահանջը հանգեցրել է դիմողի դատական պաշտպանության և արդար դատաքննության իրավունքների խախտման: Գործի նյութերի ուսումնասիրությունը վկայում է, որ դիմողն, ըստ էության, վիճարկվող նորմի հակասահմանադրականության վերաբերյալ որևէ հիմնավոր փաստարկ չի ներկայացրել, իսկ որպես փաստարկ ներկայացվող կարծիքներն առավելապես վերաբերում են Վճռաբեկ դատարանի գործողությունների իրավաչափությանը: Դիմողի նկատմամբ ենթադրյալ անբարենպաստ իրավական հետևանքներն առաջացել են թիվ ԵԴ/27819/02/19 քաղաքացիական գործով Վճռաբեկ դատարանի 07.07.2021թ. որոշմամբ, և դիմողը բարձրացրել է դրա կիրառման իրավաչափության հարց փորձելով այն ներկայացնել խնդրո առարկա դրույթի հակասահմանադրականության լույսի ներքո: Այսպես, ըստ դիմողի «(...) բողոքը չի քննվել Վճռաբեկ դատարանի կողմից, քանի որ բողոքը ներկայացնող կողմը նույն վճռաբեկ բողոքը կրկին չի ուղարկել կողմերից մեկին, ընդ որում, այն պարագայում, երբ օրենսդիրը նման պահանջ տառացի չի նախատեսել, հետևաբար վճռաբեկ բողոքը կրկին ներկայացվելու դեպքում կողմերին ուղարկելու փաստը հավաստող ապացույց ներկայացնելու պարտադիրությունը չի բխում անձի արդար դատաքննության իրավունքից: Տվյալ պարագայում Վճռաբեկ դատարանը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 396-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետին տվել է այնպիսի մեկնաբանություն և կիրառել է այն այնպիսի եղանակով, որն առաջացրել է Սահմանադրությամբ նախատեսված արդար դատաքննության իրավունքի խախտում»: Սահմանադրական դատարանի դատական կազմը փաստում է, որ նորմատիվ իրավական ակտի սահմանադրական կոնկրետ վերահսկողության համար պետք է առկա լինի դրա վիճարկվող դրույթի և սահմանադրական իրավունքի խախտման փաստի միջև պատճառահետևանքային կապ, և չվիճարկվի դատարանի գործողությունների իրավաչափության հարց: Սահմանադրական դատարանում անձը կարող է քննության առարկա դարձնել բացառապես նորմատիվ ակտի սահմանադրականության գնահատման, ինչպես նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանության հարցեր: Վերոգրյալի հիման վրա Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ ձևականորեն բարձրացնելով իրավական նորմի սահմանադրականության հարց դիմողն իրականում առաջ է քաշում Վճռաբեկ դատարանի գործողությունների իրավաչափության հարց, որը դուրս է Սահմանադրական դատարանի իրավասությունից: Օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետին համապատասխան Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին որոշում է ընդունում, եթե դիմումում առաջադրված հարցերը ենթակա չեն Սահմանադրական դատարանին: Սահմանադրական դատարանի 2009 թվականի մարտի 17-ի ՍԴԱՈ-21 աշխատակարգային որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշման համաձայն բոլոր այն դեպքերում, երբ դիմողը, ձևականորեն վիճարկելով օրենքի դրույթի սահմանադրականության հարց, ըստ էության բարձրացնում է այդ դրույթի կիրառման իրավաչափության հարց, ապա այդպիսի դիմումները ենթակա են մերժման` որպես Սահմանադրական դատարանի քննության ենթակա հարց չառաջադրող դիմումներ: Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 6-րդ կետերով, 69-րդ հոդվածի 5-րդ մասով Սահմանադրական դատարանի դատական կազմը

ՈՐՈՇԵՑ.

Արսեն Մակինյանի անհատական դիմումով գործի քննությունը մերժել:

Նախագահող Է. Շաթիրյան

Անդամներ Վ. Գրիգորյանի

Ա. Վաղարշյան

25 հոկտեմբերի 2021 թվականի

ՍԴԴԿՈ-71

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
25 հոկտեմբերի, 2021 թ.
Գործի #:
ՍԴԴԿՈ-71
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել