Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/«ՖԻՇԿՈ» ՍՊԸ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

«ՖԻՇԿՈ» ՍՊԸ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Սահմանադրական դատարանՍԴԴԿՈ-3427 ապրիլի, 2026 թ.Բնօրինակ աղբյուր
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ-34)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքները

Ամփոփում

Ընդ.՝ 27 ապրիլի 2026թ. ՍԴԴԿՈ - 34 | «ՖԻՇԿՈ» ՍՊԸ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Ամբողջ Տեքստ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ

ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ ՈՐՈՇՈՒՄ

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Քաղ. Երևան 27 ապրիլի 2026 թ.

Սահմանադրական դատարանի դատական կազմը՝

Նախագահությամբ՝ Ա. Վաղարշյանի

Անդամակցությամբ՝ Հ. Հովակիմյանի

Ա. Զեյնալյանի

Քննության առնելով «ՖԻՇԿՈ» ՍՊԸ անհատական դիմումի

ընդունելիության հարցը,

ՊԱՐԶԵՑ.

1. «ՖԻՇԿՈ» ՍՊԸ (այսուհետ՝ Դիմող, ներկայացուցիչ՝ փաստաբան Միքայել Դանիելյան) դիմումը Սահմանադրական դատարան է մուտքագրվել 2026 թվականի ապրիլի 7-ին:

Դիմողը Սահմանադրական դատարան ներկայացրած իր դիմումում խնդրել է.

«(...)

(...) Որոշել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 49-րդ հոդվածի 5-րդ մասի, 126-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի, «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի «բ» և «գ» կետերի, նույն հոդվածի 3-րդ մասի, 19-րդ հոդվածի 3-րդ մասի, 47-րդ հոդվածի 2-րդ, 3-րդ և 4-րդ մասերի համապատասխանությունը ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասին, 63-րդ հոդվածի 1-ին մասին, 64-րդ հոդվածին, 74-րդ հոդվածին, ինչպես նաև 78-րդ և 80-րդ հոդվածներին՝ հաշվի առնելով վիճարկվող իրավադրույթներին իրավակիրառ պրակտիկայում Դիմողի գործով տրված մեկնաբանությունները»:

2․ Ներկայացնելով թիվ ԵԴ2/9619/02/25 քաղաքացիական գործի դատավարական նախապատմությունը՝ Դիմողը, նկատի ունենալով, որ օրենսդիրը սնանկ ճանաչված իրավաբանական անձի սնանկության գործով կառավարչին դիտել է որպես գործին մասնակցող անձի ի պաշտոնե ներկայացուցիչ՝ օրենքով սահմանված դեպքերում տվյալ իրավաբանական անձի շահերը ներկայացնելու համար, այսինքն՝ դատավարության մասնակից հանդիսացող ներկայացուցիչ, այլ ոչ թե որպես այնպիսի անձ, որն այլ անձի իրավունքների պաշտպանության նպատակով կարող է հայցադիմում ներկայացնել առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան, սնանկ ճանաչված իրավաբանական անձի իրավունքների և օրինական շահերի պաշտպանության հայց հարուցելիս անձամբ հանդիսանալ դատավարության կողմ՝ հայցվոր, նշում է, որ Սահմանադրության 61 և 63-րդ հոդվածների համաձայն՝ սնանկ ճանաչված իրավաբանական անձի խախտված իրավունքների պաշտպանության նպատակով հայցադիմում ներկայացնել և հայցվոր համարվել կարող է միայն տվյալ իրավաբանական անձը, որի անունից հայցադիմումը, օրենքով նախատեսված դեպքերում, կարող է ստորագրել սնանկության գործով կառավարիչը՝ որպես համապատասխան իրավաբանական անձի ի պաշտոնե ներկայացուցիչ, այլ ոչ թե հայցվոր:

Դիմողը գտնում է, որ վերոգրյալի հակառակ մեկնաբանությունը հակասում է Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասին և 63-րդ հոդվածի 1-ին մասին, քանի որ արդյունավետ դատական պաշտպանություն, դատարանի մատչելիություն, արդար դատաքննություն և արդյունավետ իրավական պաշտպանություն հայցելու իրավունքներն անձի կողմից կարող են իրացվել ոչ թե ցանկացած այլ անձի, այլ հենց իր իրավունքների և ազատությունների պաշտպանության համար, և միայն օրենքով ուղղակիորեն և հստակ սահմանված դեպքերում է, որ անձը կարող է դատարան դիմել այլ անձի իրավունքների և ազատությունների պաշտպանության համար, ընդ որում՝ նման դեպքերը հիմնականում կապված են այլ անձի իրավունակության կամ գործունակության բացակայության կամ սահմանափակման հետ, իսկ իր՝ որպես սնանկ ճանաչված իրավաբանական անձի իրավունակությունն ու գործունակությունը դատարան դիմելու պահին որևէ կերպ սահմանափակված կամ դադարած չեն եղել:

Ըստ Դիմողի՝ խնդրո առարկա թիվ ԵԴ2/9619/02/25 քաղաքացիական գործով կայացված դատական ակտերով Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը և Վերաքննիչ քաղաքացիական դատարանը վիճարկվող իրավադրույթները մեկնաբանել և կիրառել են այնպես, որ սնանկ ճանաչված իրավաբանական անձը քաղաքացիական դատավարությունում, նույնիսկ սնանկության գործով կառավարչի համաձայնության և հսկողության պայմաններում, չի կարող անձամբ հանդես գալ որպես հայցվոր և չունի արդյունավետ դատական պաշտպանության, ինչպես նաև արդար դատաքննության իրավունք: Հետևաբար՝ նման մոտեցման համաձայն՝ եթե սնանկ ճանաչված իրավաբանական անձը նշվել է որպես հայցվոր, իսկ հայցադիմումը ստորագրել է ոչ թե սնանկության գործով կառավարիչը կամ նրա լիազորած անձը, այլ սնանկ ճանաչված իրավաբանական անձի ի պաշտոնե ներկայացուցիչը, լիազորված անձը, ապա այդ դեպքում հայցը ներկայացված է համարվում դրա իրավունքն ակնհայտորեն չունեցող անձի կողմից, և հայցադիմումի ընդունումը ենթակա է մերժման՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 126-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի կիրառմամբ: Դիմողի պնդմամբ՝ նշվածը հակասում է Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասին և 63-րդ հոդվածի 1-ին մասին՝ խախտելով և անիրացվելի դարձնելով անձանց, սույն պարագայում՝ իր՝ տվյալ հոդվածներով երաշխավորված հիմնական իրավունքները, ինչպես նաև բացառելով այն սահմանադրական իրավունքի, իր պարագայում՝ Սահմանադրության 60-րդ հոդվածով երաշխավորված՝ սեփականության իրավունքի պաշտպանությունը, որի նպատակով ներկայացվում է հայցադիմումը: Միաժամանակ, Դիմողը գտնում է, որ նշվածը հակասում է Սահմանադրության 64, 75, 78, 79 և 80-րդ հոդվածներին:

Ամփոփելով՝ Դիմողը եզրահանգում է, որ վիճարկվող իրավադրույթները՝ իրավակիրառ պրակտիկայում դրանց տրված մեկնաբանության հաշվառմամբ, չեն համապատասխանում Սահմանադրության վերոնշյալ հոդվածներին այնքանով, որքանով չեն սահմանում, հակառակը՝ բացառում են իր՝ սնանկ ճանաչված, սակայն հայց ներկայացնելու պահի դրությամբ լուծարման վարույթում չգտնվող իրավաբանական անձի կողմից, սնանկության գործով կառավարչի համաձայնությամբ և ըստ այդմ՝ վերջինիս հսկողության ներքո, իր իրավունքների, ազատությունների և օրինական շահերի պաշտպանության նպատակով անձամբ՝ ի դեմս գործադիր մարմնի ղեկավարի կամ նրա լիազորած փաստաբանի, դատական պաշտպանության դիմելը, արդար դատաքննության և իրավաբանական օգնություն ստանալու սահմանադրական իրավունքներից օգտվելը, ինչպես նաև սահմանադրական այն իրավունքներն ու ազատություններն այդ եղանակով պաշտպանելը, որոնց խախտման առիթով ինքը դիմել է դատարան:

Միաժամանակ, Դիմողը սույն անհատական դիմումին կից ներկայացված միջնորդությամբ Սահմանադրական դատարանին խնդրել է իրեն ազատել պետական տուրքի վճարումից այն հանգամանքի հաշվառմամբ, որ սնանկ ճանաչվելու հիմքով իր նկատմամբ կիրառված սահմանափակումների արդյունքում զրկվել է իր գույքի և դրամական միջոցների տնօրինման իրավունքից (հնարավորությունից), հետևաբար՝ անկարող է վճարել ներկայացված դիմումի համար օրենքով սահմանված պետական տուրքի գումարը:

3․ Ելնելով դիմումի և կից ներկայացված փաստաթղթերի ուսումնասիրության արդյունքներից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի (այսուհետ նաև՝ Սահմանադրական օրենք) 29 և 69-րդ հոդվածներով՝ Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ սույն անհատական դիմումով գործի քննությունը ենթակա է մերժման՝ հետևյալ պատճառաբանությամբ.

Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի համաձայն՝ Սահմանադրական դատարան կարող է դիմել յուրաքանչյուր ոք՝ կոնկրետ գործով, երբ առկա է դատարանի վերջնական ակտը, սպառվել են դատական պաշտպանության բոլոր միջոցները և վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման՝ հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը:

Սահմանադրական վերոհիշյալ նորմն իր ամրագրումն է ստացել նաև Սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասում, որը սահմանում է այն հիմքերը, որոնց միաժամանակյա առկայության պարագայում ֆիզիկական կամ իրավաբանական անձը կոնկրետ գործով կարող է անհատական դիմում ներկայացնել Սահմանադրական դատարան։ Դրանք են`

ա) երբ կոնկրետ գործով առկա է դատարանի վերջնական ակտը,

բ) երբ սպառվել են ներպետական դատական պաշտպանության բոլոր միջոցները,

գ) երբ վիճարկվում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման՝ հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը:

Սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի համաձայն՝ Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին աշխատակարգային որոշում է ընդունում սույն օրենքի 69-րդ հոդվածով նախատեսված այլ դեպքերում:

Սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ անհատական դիմումը պետք է հղումներ պարունակի նորմատիվ իրավական ակտի այն դրույթներին, որոնց սահմանադրականությունը վիճարկվում է, և հիմնավորումներ, որ նորմատիվ իրավական ակտի հակասությունը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման` հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը:

Սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` անհատական դիմումներով գործի քննությունը, ի թիվս այլնի, կարող է մերժվել նաև այն դեպքերում, երբ անհատական դիմումն ակնհայտ անհիմն է:

Սահմանադրական դատարանը 2009 թվականի մարտի 17-ի ՍԴԱՈ-21 աշխատակարգային որոշմամբ արձանագրել է, որ «(…) անհատական դիմումների քննությունը կարող է մերժվել նաև այն դեպքերում, երբ անհատական դիմումն ակնհայտ անհիմն է:

(…) անհատական դիմումն ակնհայտ անհիմն է, երբ, թեև դրանում բարձրացված հարցը ենթակա է սահմանադրական դատարանի քննությանը, այնուամենայնիվ, դիմումում չեն բերվում բավարար իրավական փաստարկներ այն հիմնավորելու համար»:

Սահմանադրական դատարանը վերը նշված ՍԴԱՈ-21 աշխատակարգային որոշմամբ նաև արձանագրել է, որ «(…) դիմողը պետք է փորձի բավարար կերպով իրավաբանորեն հիմնավորել, թե իր սահմանադրական որ իրավունքներն են խախտվել և ինչ անմիջական պատճառահետևանքային կապ է առկա վիճարկվող օրինադրույթի և իր իրավունքների խախտման փաստի միջև: Նշված պահանջին համապատասխան՝ դիմողը պետք է նաև դիմումում առաջադրված հարցի հիմքում ներկայացնի իրավաբանորեն փաստված հանգամանքներ և նյութեր (…)»:

Միաժամանակ, Սահմանադրական դատարանը 2009 թվականի նոյեմբերի 24-ի ՍԴՈ-839 որոշմամբ իրավական դիրքորոշում է արտահայտել առ այն, որ եթե դիմողի կողմից չի հիմնավորվում վիճարկվող դրույթի և իր իրավունքների ենթադրյալ խախտման փաստի միջև պատճառահետևանքային կապը, ապա տվյալ դիմումն ակնհայտ անհիմն է։

Այս առումով հարկ է ընդգծել, որ Սահմանադրական դատարան ներկայացվող անհատական դիմումների հիմնավորված լինելու պահանջը, համաձայն որի՝ դիմողը պետք է հիմնավորի, թե իր սահմանադրական ո՞ր իրավունքն է խախտվել, և ի՞նչ անմիջական պատճառահետևանքային կապ է առկա վիճարկվող օրինադրույթի և իր իրավունքի խախտման միջև, չի կարող պահպանված համարվել բոլոր այն դեպքերում, երբ դիմողը պարզապես հղում է կատարում Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված որևէ հիմնական իրավունքի և (կամ) ազատության՝ առանց ներկայացնելու վիճարկվող օրինադրույթի և իր համապատասխան հիմնական իրավունքի և (կամ) ազատության ենթադրյալ խախտման փաստի միջև պատճառահետևանքային կապի առկայության բավարար հիմնավորումներ:

Սահմանադրական դատարանը 2022 թվականի հուլիսի 12-ի ՍԴԱՈ-126 աշխատակարգային որոշմամբ արձանագրել է, որ «(...) անձը պետք է անհատական դիմումի շրջանակներում ուղղակիորեն մատնանշի և հիմնավորի վիճարկվող նորմատիվ իրավական ակտի կոնկրետ դրույթի և Սահմանադրության 2-րդ գլխում բովանդակվող իր հիմնական իրավունքի և/կամ ազատության ենթադրյալ հակասության անմիջական պատճառահետևանքային կապը: Այլ կերպ ասած՝ վիճարկվող դրույթի ենթադրյալ հակասահմանադրականությունը պետք է ուղղակիորեն հանգեցնի Սահմանադրության 2-րդ գլխով երաշխավորված որևէ հիմնական իրավունքի և/կամ ազատության խախտման/սահմանափակման: Այս առնչությամբ Սահմանադրական դատարանը հարկ է համարում շեշտադրել, որ Սահմանադրության 2-րդ գլխում բովանդակվող սահմանադրաիրավական սկզբունքներին վիճարկվող իրավանորմերի հակասությունը սահմանադրաիրավական իմաստով չի կարող անհատական գանգատարկման առարկա դառնալ, եթե վերջնարդյունքում չի հանգեցնում անձի՝ Սահմանադրության 2-րդ գլխով նախատեսված հիմնական իրավունքի և/կամ ազատության խախտման/սահմանափակման»:

Սահմանադրական դատարանի դատական կազմը հարկ է համարում ընդգծել, որ անհատական դիմումի շրջանակներում նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը վիճարկելու պարագայում անհրաժեշտ է բավարար կերպով իրավաբանորեն հիմնավորել, որ վիճարկվող դրույթը (սույն պարագայում՝ դրույթները, ինչպես նաև իրավակիրառ պրակտիկայում դրանց տրված մեկնաբանությունը, դրանցում առկա ենթադրյալ օրենսդրական բացը) հանգեցրել է (են) Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված որևէ հիմնական իրավունքի և (կամ) ազատության խախտման, ինչը սույն պարագայում տեղի չի ունեցել:

Դիմողի կողմից բարձրացված հարցի համատեքստում հարկ է նշել, որ Սահմանադրական դատարանն իր՝ 2020 թվականի մայիսի 26-ի ՍԴՈ-1542 որոշման շրջանակներում, քննելով ««ՌԱՄԶԵՍ» ՍՊԸ-ի դիմումի հիման վրա՝ «Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 47-րդ հոդվածի 2-րդ մասի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը, արձանագրել է հետևյալը.

«(...) սնանկության գործընթացի նպատակն է երաշխիքներ ստեղծել, մի կողմից` պարտատերերի պահանջները համամասնորեն բավարարելու, մյուս կողմից` հնարավոր դեպքերում պարտապանի գույքային դրությունը կայունացնելու (պարտապանի վճարունակության վերականգնումը) և նրա տնտեսական գործունեության շարունակականությունն ապահովելու համար։

Սահմանադրական դատարանը, վերահաստատելով իր՝ 2008 թվականի փետրվարի 25-ի ՍԴՈ-735 որոշմամբ արտահայտած դիրքորոշումն այն մասին, որ «Սնանկության ինստիտուտի նպատակն է հնարավորություն տալ բարեխիղճ և պարտաճանաչ պարտապանին վերականգնել իր բնականոն գործունեությունը, հաղթահարել ֆինանսական դժվարությունները, ինչպես նաև ապահովել անվճարունակ կազմակերպությունների վերակառուցումը և ֆինանսական վերակազմակերպումը, վերականգնել նրա կենսունակությունը և միևնույն ժամանակ ապահովել պարտատերերի շահերի պաշտպանությունը», ընդգծում է, որ յուրաքանչյուր դեպքում սնանկության գործընթացում պետք է հաշվի առնվեն տարբեր շահագրգիռ կողմերի՝ ներառյալ պարտապանների շահերը։

(...)

Պարտապանը և պարտատերը կարող են սնանկության գործը քննող դատավորին բողոքարկել կառավարչի գործողությունները կամ անգործությունը: (...):

(...)

Օրենքի վերլուծությունից բխում է, որ այն չի նախատեսում պարտապանի գույքն իր հայեցողությամբ տնօրինելու կառավարչի բացարձակ ազատություն, իսկ պարտապանի գույքի հաշվին կատարվող բոլոր ծախսերը պետք է լինեն ողջամիտ, անհրաժեշտ և հիմնավորված:

Այդուհանդերձ, սնանկության կառավարչի կողմից իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում տարբեր գործողությունների չկատարումը (անգործությունը) կամ ոչ պատշաճ, անբարեխիղճ կատարումը, մասնավորապես, պարտապանի գույքի ոչ բարեխիղճ գույքագրումը, պահպանումը կարող են առաջացնել լուրջ խախտումներ, որոնք կապված կլինեն սնանկության գործով գույքի կազմում ներառված գույքի զանգվածի ձևավորման և դրա հետագա իրացման հետ, ինչը, իր հերթին, կարող է հանգեցնել սնանկության գործընթացի մասնակիցների իրավունքների ոտնահարման՝ վնաս պատճառելով պարտապանին և պարտատերերին:

Պարտապանի և պարտատերերի գույքային շահերին կարող են հակասել սնանկության գործով կառավարչի կողմից հնարավոր այնպիսի գործարքներ կնքելը, որոնք չեն նպաստում պարտապանի վճարունակության վերականգնմանը և պարտատերերի պարտքերի բավարար չափով վճարմանը, քանի որ հանգեցրել են պարտապանի ակտիվների ընդհանուր արժեքի կրճատման, օրինակ` պարտապանի գույքի վաճառքը շուկայական արժեքից էապես ցածր գնով հատկապես այն դեպքերում, երբ գործարքի գնի և շուկայական արժեքի տարբերությունն էական է:

Սահմանադրական դատարանը գտնում է, որ նման դեպքերում սնանկության գործընթացի մասնակիցները, այդ թվում՝ պարտապանը, Օրենքի ուժով իրավասու են իրենց շահերի պաշտպանության համար դիմել դատարան, և Օրենքի վիճարկվող դրույթը նրա դատական պաշտպանության և արդար դատաքննության իրավունքի իրացման համար արգելք չի հանդիսանում»:

Արդյունքում՝ Սահմանադրական դատարանը որոշել է.

«(...) «Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 47-րդ հոդվածի 2-րդ մասի դրույթները համապատասխանում են Սահմանադրությանն այնպիսի մեկնաբանությամբ, համաձայն որի՝ դրանք արգելք չեն հանդիսանում պարտապանի դատական պաշտպանության և արդար դատաքննության իրավունքների իրացման համար:

(...)»:

Բացի դրանից, Սահմանադրական դատարանն իր մեկ այլ՝ 2021 թվականի հունվարի 26-ի ՍԴՈ-1572 որոշմամբ, քննելով ««ԱՐԶՆԻ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ի դիմումի հիման վրա՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 49-րդ հոդվածի 5-րդ մասի և «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի «գ» կետի` Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը, արձանագրել է հետևյալը.

«(...) պարտապանին օրենսդրությամբ ընձեռված է սնանկության գործով կառավարչի գործողությունը կամ անգործությունը բողոքարկելու, ինչպես նաև սնանկության գործով կառավարչի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու միջնորդություն ներկայացնելու իրավունք:

(...)

(...) Օրենքն ամրագրում է սնանկության գործով կառավարչի՝ օրենքով նախատեսված դեպքերում սնանկության գործով դատարան դիմելու իրավասությունը, ինչպես նաև դատական կարգով լուծում պահանջող հարցերով պարտապանի անունից դատարաններ դիմելու իրավասությունը՝ միաժամանակ չբացառելով մի շարք դեպքերում (Օրենքի 20-րդ հոդվածի 2-րդ մաս, 31-րդ հոդվածի 1-ին մաս, 32-րդ հոդվածի 1-ին մաս, 36-րդ հոդվածի 2-րդ մաս, 40-րդ հոդվածի 2-րդ մաս, 47-րդ հոդվածի 2-րդ մաս, 68-րդ հոդվածի 2-րդ մաս) պարտապանի կողմից անմիջականորեն դատարան դիմելու իրավունքը, ինչպես նաև հստակեցնելով սնանկության գործով կառավարչի կողմից դատարան դիմելու (Օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի «բ», «գ» կետեր, 36-րդ հոդվածի 2-րդ մաս, 50-րդ հոդվածի 1-ին մաս, 54-րդ հոդվածի 1-ին մաս) կարգն ու պայմանները:

Վերոգրյալից բխում է, որ Օրենքը, սահմանելով սնանկության հարցերով սնանկության գործով կառավարչի՝ դատարան դիմելու ընդհանուր կանոն, միաժամանակ, հստակ ամրագրել է այն դեպքերը, որոնց պարագայում դատարան դիմելու իրավասություն ունի նաև պարտապանը: Դրանից հետևում է, որ սնանկության վերաբերյալ այլ հարցերով դատարան դիմելու իրավունքը պատկանում է սնանկության գործով կառավարչին: Ավելին, Օրենքը մի շարք դեպքերի համար սահմանում է սնանկության գործով կառավարչի կողմից դատարան դիմելու կարգի վերաբերյալ առավել մանրամասն կարգավորում։

(...)

Տվյալ դեպքում գործ ունենք սնանկության հարաբերության հետ, որի շրջանակներում գլխավոր նպատակը սնանկ ճանաչված պարտապանին պատկանող գույքի պահպանումն է և նրա պարտավորությունների պատշաճ կատարման ապահովումը: Պարտապանի՝ սնանկ ճանաչվելու փաստն ինքնին ենթադրում է, որ վերջինս չի կարողացել կատարել իր ֆինանսական պարտավորությունները, այդ իսկ պատճառով սնանկ ճանաչվելուց հետո դատարանի կողմից նշանակվում է սնանկության գործով կառավարիչ, որի լիազորություններն էլ հանգում են պարտատերերի պահանջների պատշաճ բավարարման ապահովմանը: Հենց դա է պատճառը, որ օրենսդիրը սնանկության գործով կառավարչին է վերապահել դատական կարգով լուծում պահանջող հարցերով պարտապանի անունից դատարաններ դիմելու իրավասությունը: Նման իրավակարգավորումը չի կարող դիտարկվել որպես պարտապանի՝ դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակում, քանի որ բոլոր դեպքերում այդ իրավունքն իրացվում է անկախ նրանից՝ անմիջականորեն դատարան է դիմում պարտապանը, թե նրա անունից՝ սնանկության գործով կառավարիչը:

Ընդ որում, սնանկության գործով կառավարիչը գործում է բացառապես դատարանի վերահսկողության ներքո, որպեսզի ապահովվի պարտապանի պարտավորությունների կատարումը, հակառակ պարագայում, եթե պարտապանը հնարավորություն ունենա անմիջականորեն դիմելու դատարան և այդ ձևով տնօրինելու իր դրամական միջոցները, կիմաստազրկվի ինչպես սնանկության վարույթի ողջ էությունը, այնպես էլ սնանկության գործով կառավարչի դերակատարումը»:

Արդյունքում՝ Սահմանադրական դատարանը որոշել է.

«(...) Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 49-րդ հոդվածի 5-րդ մասը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը։

(...) «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի «գ» կետը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը։

(...)»:

Վերոշարադրյալի հիման վրա հարկ է փաստել, որ Սահմանադրական դատարանն իր վերը նշված որոշումներով անդրադարձել է վիճարկվող համապատասխան իրավակարգավորումների նպատակային նշանակությանը՝ սնանկության գործընթացի առանձնահատկությունների հաշվառմամբ, ինչպես նաև սնանկ ճանաչված պարտապանի կողմից իր իրավունքների պաշտպանության նպատակով անմիջականորեն դատարան դիմելու իրավական երաշխիքներին և սահմանափակումներին: Մասնավորապես՝ Սահմանադրական դատարանը նշել է, որ «Սնանկության մասին» օրենքը հստակ տարանջատում է այն դեպքերը, երբ անմիջականորեն դատարան դիմելու իրավական հնարավորությունը պատկանում է սնանկ ճանաչված պարտապանին (նույն օրենքի 20-րդ հոդվածի 2-րդ մաս, 31-րդ հոդվածի 1-ին մաս, 32-րդ հոդվածի 1-ին մաս, 36-րդ հոդվածի 2-րդ մաս, 40-րդ հոդվածի 2-րդ մաս, 47-րդ հոդվածի 2-րդ մաս, 68-րդ հոդվածի 2-րդ մաս)՝ մյուս բոլոր դեպքերում այդ իրավունքը վերապահելով սնանկության գործով կառավարչին: Ընդ որում՝ Սահմանադրական դատարանը նաև հստակ ընդգծել է, որ պարտապանին օրենսդրությամբ ընձեռված է սնանկության գործով կառավարչի գործողությունը կամ անգործությունը բողոքարկելու, ինչպես նաև սնանկության գործով կառավարչի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու միջնորդություն ներկայացնելու իրավունք:

Ուստի՝ «Սնանկության մասին» օրենքով օրենսդիրը նախատեսել է համապատասխան ընթացակարգ և բավարար երաշխիքներ՝ սնանկ ճանաչված պարտապանի իրավունքների և շահերի պատշաճ ապահովման, այդ թվում՝ սնանկության գործով կառավարչի գործողությունները վերահսկելու և հնարավոր կամայականություններից խուսափելու համար։

Վերոշարադրյալի հաշվառմամբ՝ Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ Դիմողը վկայակոչել է վիճարկվող դրույթների (իրավակիրառ պրակտիկայում դրանց տրված մեկնաբանության, դրանցում առկա ենթադրյալ օրենսդրական բացի) հակասությունը Սահմանադրության 60, 61, 63 և 64-րդ հոդվածներին, սակայն բավարար կերպով իրավաբանորեն չի հիմնավորել իր՝ տվյալ հոդվածներով երաշխավորված որևէ հիմնական իրավունքի խախտման փաստը, հետևաբար՝ վիճարկվող դրույթների (իրավակիրառ պրակտիկայում դրանց տրված մեկնաբանության, դրանցում առկա ենթադրյալ օրենսդրական բացի) և համապատասխան հիմնական իրավունքի ենթադրյալ խախտման փաստի միջև պատճառահետևանքային կապի անմիջական առկայությունը։

Անդրադառնալով Դիմողի կողմից վկայակոչված՝ Սահմանադրության 75, 78, 79 և 80-րդ հոդվածներին՝ հարկ է արձանագրել, որ տվյալ հոդվածների բովանդակությունից բխում է, որ կոնկրետ վերահսկողության պարագայում դրանք ինքնին չեն կարող դառնալ առանձին քննարկման առարկա, այլ կարող են դիտարկվել միայն որևէ հիմնական իրավունքի և (կամ) ազատության սահմանափակման լույսի ներքո:

Այսպիսով, Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ սույն անհատական դիմումն ակնհայտ անհիմն է, իսկ գործի քննությունը ենթակա է մերժման, քանի որ սույն անհատական դիմումով չի հիմնավորվում ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 49-րդ հոդվածի 5-րդ մասի, 126-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի, «Սնանկության մասին» օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ մասի, 29-րդ հոդվածի 1-ին մասի «բ» և «գ» կետերի, նույն հոդվածի 3-րդ մասի, 47-րդ հոդվածի 2, 3 և 4-րդ մասերի (իրավակիրառ պրակտիկայում դրանց տրված մեկնաբանության, դրանցում առկա ենթադրյալ օրենսդրական բացի) հակասությունը՝ Սահմանադրության 60, 61, 63 և 64-րդ հոդվածներին, հետևաբար և՝ Սահմանադրության 75, 78, 79 և 80-րդ հոդվածներին:

Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով, ինչպես նաև 69-րդ հոդվածի 5-րդ մասով՝ Սահմանադրական դատարանի դատական կազմը

ՈՐՈՇԵՑ.

1. Բավարարել «ՖԻՇԿՈ» ՍՊԸ՝ սույն գործով պետական տուրքի վճարուﬕց ազատելու մասին ﬕջնորդությունը։

2. «ՖԻՇԿՈ» ՍՊԸ անհատական դիմումով գործի քննությունը մերժել:

Նախագահող՝ Ա. Վաղարշյան

Անդամներ՝ Հ. Հովակիմյան

Ա. Զեյնալյան

27 ապրիլի 2026 թվականի

ՍԴԴԿՈ-34

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
27 ապրիլի, 2026 թ.
Գործի #:
ՍԴԴԿՈ-34
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել