Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/«ԱԿԲԱ ԲԱՆԿ» ԲԲԸ-Ի ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

«ԱԿԲԱ ԲԱՆԿ» ԲԲԸ-Ի ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Սահմանադրական դատարանՍԴԴԿՈ-2827 ապրիլի, 2022 թ.Բնօրինակ աղբյուր
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ-28)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքները

Ամփոփում

Ընդ.՝ 27 ապրիլի 2022թ. ՍԴԴԿՈ - 28 | «ԱԿԲԱ ԲԱՆԿ» ԲԲԸ-Ի ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Ամբողջ Տեքստ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ

ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ ՈՐՈՇՈՒՄ

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Քաղ. Երևան 27 ապրիլի 2022 թ.

Սահմանադրական դատարանի դատական կազմը`

Նախագահությամբ Ա. Խաչատրյանի

Անդամակցությամբ Վ. Գրիգորյանի

Ա. Թունյանի

Քննության առնելով «ԱԿԲԱ ԲԱՆԿ» ԲԲԸ-ի անհատական դիմումի ընդունելիության հարցը,

ՊԱՐԶԵՑ.

1. «ԱԿԲԱ ԲԱՆԿ» ԲԲԸ-ն (ներկայացուցիչ Գ. Գևորգյան) դիմել է Սահմանադրական դատարան (դիմումը Սահմանադրական դատարան է մուտքագրվել 2022 թվականի ապրիլի 12-ին) խնդրելով. «ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 131-րդ հոդվածի 1-ին մասը իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությամբ հանդերձ այնքանով որքանով չի նախատեսում հայցի ապահովման միջոցը վերացնելու մասին միջնորդությունը մերժելու մասին Դատարանի որոշումը բողոքարկելու հնարավորություն, ճանաչել ՀՀ Սահմանադրության 61 և 63 հոդվածներին հակասող և անվավեր»:

2. Ըստ դիմողի «Վիճարկվող հոդվածի Վերաքննիչ դատարանի կողմից տրված նեղ մեկնաբանումը, ըստ որի բողոքարկման է ենթակա միայն հայցի ապահովման միջոցը վերացնելու որոշումը, որևէ իրավաչափ նպատակ չի հետապնդում և խախտում է դատավարության կողմերի իրավահավասարության սկզբունքը հայցվորին տրամադրելով իրավունքների պաշտպանության լայն գործիքակազմ, միաժամանակ զրկելով պատասխանողին/երրորդ անձին դատարանի ոչ իրավաչափ դատական ակտը բողոքարկելու հնարավորությունից»: Մինչդեռ Օրենսգրքի 131-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի սահմանադրաիրավական բովանդակությունը, ըստ դիմողի, «(...) պետք է հանգեցնի նրան, որ վերաքննության կարգով ենթակա է բողոքարկման հայցի ապահովման միջոցը վերացնելու միջնորդություն ներկայացնելու կապակցությամբ կայացված դատական ակտը այդ թվում միջնորդությունը մերժելու մասին դատարանի որոշումը»: Դիմողը եզրակացնում է, որ «(...) Օրենսգրքի 131-րդ հոդվածի 1-ին մասը իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությամբ չի նախատեսում հայցի ապահովման միջոցը վերացնելու միջնորդությունը մերժելու մասին Դատարանի որոշումը վերաքննության կարգով բողոքարկելու իրավունք»: Վիճարկվող նորմի նման մեկնաբանությունը դիմողի կարծիքով «(...) հանգեցնում է դրա հակասահմանադրականության, մասնավորապես Օրենսգրքի 131-րդ հոդվածի 1-ին մասը խախտում է ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածով նախատեսված դատական պաշտպանության և 63-րդ հոդվածով նախատեսված արդար դատաքննության հիմնական իրավունքները, քանի որ չի նախատեսում հայցի ապահովման միջոցը վերացնելու միջնորդությունը մերժելու մասին Դատարանի որոշման բողոքարկման հնարավորություն»: Ուսումնասիրելով Օրենսգրքի հայցի ապահովման ինստիտուտի իրավակարգավորումները դիմողը փաստում է, որ «(...) օրենսդիրը լայն հնարավորություններ է տվել հայցվորին, իրավունք տալով հայցել հայցի ապահովման միջոց, իսկ այդ միջնորդությունը մերժելու որոշում կայացնելու դեպքում այն բողոքարկել վերաքննության կարգով, ավելին եթե հայցի ապահովման միջոցը վերացվում է, ապա հայցվորը կարող է նույնիսկ այդ որոշումը բողոքարկել»: Մինչդեռ դիմողի պնդմամբ, «(...) իրավակիրառ պրակտիկայում Օրենսգրքի 132-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետին տրված նեղ մեկնաբանման արդյունքում պատասխանողը/երրորդ անձը զրկված են հայցի ապահովման միջոցը վերացնելու միջնորդությունը մերժելու մասին Դատարանի որոշումը վերաքննության կարգով բողոքարկելու հնարավորությունից»: Դիմողը պնդում է, որ «Նման պարագայում, երրորդ անձը զրկված է իր իրավունքների հավասարակշռման հնարավորությունից, իրավունք ունի միայն միջնորդել հայցի ապահովումը վերացնելու խնդրանքով, որի մերժման պարագայում սպառվում է երրորդ անձի իրավունքների պաշտպանության հնարավորությունը»: Դիմողի կարծիքով «Նման մեկնաբանությամբ հանդերձ Օրենսգրքի 131-րդ հոդվածի 1-ին մասը չի նախատեսում պատասխանողի/երրորդ անձի իրավունքների դատական պաշտպանության արդյունավետ միջոց զրկելով վերջիններիս համար անբարենպաստ դատական ակտը բողոքարկելու հնարավորությունից»: Իսկ դատական ակտի բողոքարկման իրավունքը, ըստ դիմողի կողմից մեջբերված Սահմանադրական դատարանի դիրքորոշումների, հանդիսանում է արդար դատաքննության իրավունքի բաղադրատարր: Հետևաբար դիմողը եզրակացնում է, որ «(...) Օրենսգրքի 131-րդ հոդվածի 1-ին մասը հակասում է ՀՀ Սահմանադրության 61 և 63 հոդվածներին»: Դիմողի պնդմամբ տվյալ դեպքում, ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը (այսուհետ նաև Դատարան) բավարարել է հայցի ապահովման միջոց կիրառելու վերաբերյալ հայցվորի միջնորդությունը, իր միջնորդությունը հայցի ապահովման միջոցը վերացնելու մասին մերժել, իսկ դրա դեմ բերված վերաքննիչ բողոքի վարույթ ընդունումը մերժվել է: Դիմողը եզրակացնում է, որ «Արդյունքում, Բանկը ստիպված է տևական ժամանակ կրել վնասներ, դրա դիմաց որևէ հակընդդեմ ապահովում չստանալով, քանի որ, ի տարբերություն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի, Օրենսգիրքը չի նախատեսում հակընդդեմ ապահովման ինստիտուտը, որի առկայության պարագայում Բանկը կկարողանար ստանալ ապահովում իր վնասների հատուցման համար»: Ըստ դիմողի «Ակնհայտ է, որ վիճարկվող իրավադրույթը հանգեցնում է Բանկի հիմնական իրավունքների խախտման անհամաչափորեն սահմանափակելով Բանկի արդար դատաքննության իրավունքը, էապես վատ պայմաններ է ստեղծվում Բանկի համար համեմատած հայցվոր կողմի հետ»: Դիմողը գտնում է, որ տվյալ պարագայում «(...) կիրառված հայցի ապահովման պատճառով Հայցվորը անհիմն հարստանում է տիրապետում և օգտագործում է Բանկի սեփականությունը, իսկ Բանկը կորուստներ է կրում և չի կարողանում իրականացնել իր իրավունքների պաշտպանությունը Դատարանի հայցի ապահովման միջնորդությունը մերժելու մասին որոշումը վերաքննության կարգով բողոքարկելու միջոցով»: Հաշվի առնելով կողմերի իրավահավասարության և մրցակցության սկզբունքների վերաբերյալ վերոգրյալ վերլուծությունը և դիտարկելով Օրենսգրքի 131-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը նշված սկզբունքներին համահունչ դիմողը գտնում է, որ այն իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությամբ հակասում է Սահմանադրության 61 և 63-րդ հոդվածներին:

3. Ելնելով դիմումի և կից ներկայացված դատական ակտերի ուսումնասիրությունից, ինչպես նաև ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29 և 69-րդ հոդվածների պահանջներով Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ սույն անհատական դիմումով գործի քննությունը ենթակա է մերժման դիմումն ակնհայտ անհիմն լինելու հիմքով հետևյալ պատճառաբանությամբ. Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի համաձայն Սահմանադրական դատարան կարող է դիմել յուրաքանչյուր ոք կոնկրետ գործով, երբ առկա է դատարանի վերջնական ակտը, սպառվել են դատական պաշտպանության բոլոր միջոցները, և վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը: «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի համաձայն Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին աշխատակարգային որոշում է ընդունում նույն օրենքի 69-րդ հոդվածով նախատեսված այլ դեպքերում: Նույն օրենքի 69-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` անհատական դիմումներով գործի քննությունը, ի թիվս այլնի, կարող է մերժվել նաև այն դեպքերում, երբ անհատական դիմումն ակնհայտ անհիմն է: Դիմումով ներկայացված հիմնավորումների շրջանակում դիմողը փաստում է, որ (...) այդ նորմը inter alia պետք է նախատեսի հայցի ապահովման միջոցը վերացնելու վերաբերյալ կայացված որոշման վերաքննության կարգով բողոքարկման հնարավորություն, անկախ նրանից այդ որոշմամբ բավարարվել, թե մերժվել է հայցի ապահովման միջոցը վերացնելու միջնորդությունը: Նշված նորմի հակառակ մեկնաբանությունը, որը տրվել է իրավակիրառ պրակտիկայում, հանգեցնում է դրա հակասահմանադրականության»: Սահմանադրական դատարանն իր մի շարք որոշումներում, մասնավորապես, 2010 թվականի սեպտեմբերի 28-ի ՍԴՈ-918 և 2010 թվականի նոյեմբերի 2-ի ՍԴՈ-922 որոշումներում, անդրադառնալով միջանկյալ դատական ակտերի բողոքարկման հնարավորությանը, արձանագրել է, որ «... օրենսդիրը տարբերակում է միջանկյալ դատական ակտերի բողոքարկման երկու հիմնական կարգ, այն է` բողոքարկում գործն ըստ էության լուծող դատական ակտի բողոքարկման շրջանակներում` «հետաձգված բողոքարկում», և միջանկյալ դատական ակտի անմիջական բողոքարկում: Եթե վարույթի հետագա ընթացքը կասեցնող միջանկյալ դատական ակտի դեմ իրավական պաշտպանության միակ հնարավոր միջոցը դրա անմիջական բողոքարկումն է և ըստ այդմ օրենսդրից պահանջվում է նախատեսել տվյալ ակտի անմիջական բողոքարկման կարգ, ապա չկասեցված և շարունակվող վարույթի ընթացքում ընդունված միջանկյալ դատական ակտի բողոքարկման նշված երկու կարգերի միջև ընտրությունն օրենսդրի հայեցողության շրջանակում է»: Համադրելով Սահմանադրական դատարանի նախկինում արտահայտած դիրքորոշումները սույն գործի փաստերի հետ Սահմանադրական դատարանի դատական կազմն արձանագրում է, որ վարչական դատարանի 2021 թվականի ապրիլի 16-ի «Հայցի ապահովման միջոցը վերացնելու միջնորդությունը մերժելու մասին» որոշումը չի կասեցնում գործի հետագա ընթացքը, հետևաբար նման միջանկյալ դատական ակտի բողոքարկման կարգի ընտրությունն օրենսդրի հայեցողության շրջանակում է: Վերոգրյալով պայմանավորված Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ դիմողի կողմից ներկայացված հիմնավորումները, որոնց համաձայն վիճարկվող դրույթը հակասում է Սահմանադրության 61 և 63-րդ հոդվածներին, անհիմն են, իսկ դիմումի ընդունումը ենթակա է մերժման դիմումն ակնհայտ անհիմն լինելու հիմքով: Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով և 69-րդ հոդվածի 5-րդ մասով Սահմանադրական դատարանի դատական կազմը

ՈՐՈՇԵՑ.

«ԱԿԲԱ ԲԱՆԿ» ԲԲԸ-ի անհատական դիմումով գործի քննությունը մերժել:

Նախագահող Ա. Խաչատրյան

Անդամներ Վ. Գրիգորյան

Ա. Թունյան

27 ապրիլի 2022 թվականի

ՍԴԴԿՈ-28

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
27 ապրիլի, 2022 թ.
Գործի #:
ՍԴԴԿՈ-28
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել