«ԹԵՂՈՒՏ ԻՆՎԵՍՏՄԵՆՏՍ ԼԻՄԻԹԵԴ» ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 389-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 3-ՐԴ ՄԱՍԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՎԱՐՈՒՅԹԸ ԿԱՐՃԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԱՈ-233)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքներըԱմփոփում
Ընդ.՝ 23 նոյեմբերի 2021թ. ՍԴԱՈ - 233 | «ԹԵՂՈՒՏ ԻՆՎԵՍՏՄԵՆՏՍ ԼԻՄԻԹԵԴ» ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 389-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 3-ՐԴ ՄԱՍԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՎԱՐՈՒՅԹԸ ԿԱՐՃԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամբողջ Տեքստ
«ԹԵՂՈՒՏ ԻՆՎԵՍՏՄԵՆՏՍ ԼԻՄԻԹԵԴ» ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ
ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 389-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 3-ՐԴ ՄԱՍԻ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ
ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՎԱՐՈՒՅԹԸ ԿԱՐՃԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Սահմանադրական դատարանը, քննության առնելով «ԹԵՂՈՒՏ ԻՆՎԵՍՏՄԵՆՏՍ ԼԻՄԻԹԵԴ» ընկերության դիմումի հիման վրա ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 389- րդ հոդվածի 3-րդ մասի Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի վարույթը կարճելու մասին առաջարկությունը, ՊԱՐԶԵՑ.
1. «ԹԵՂՈՒՏ ԻՆՎԵՍՏՄԵՆՏՍ ԼԻՄԻԹԵԴ» ընկերության դիմումը Սահմանադրական դատարան է մուտքագրվել 2021 թվականի օգոստոսի 31-ին:
Դիմողը Սահմանադրական դատարան ներկայացրած իր դիմումում խնդրել է. «ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 389-րդ հոդվածի 3-րդ մասը և 391-րդ հոդվածի 3-րդ մասը ճանաչել Սահմանադրության 61-րդ, 63-րդ, 163-րդ, 171-րդ, 172- րդ հոդվածներին հակասող և անվավեր»:
Սահմանադրական դատարանի 2021 թվականի սեպտեմբերի 24-ի ՍԴԴԿՈ-63 որոշմամբ «ԹԵՂՈՒՏ ԻՆՎԵՍՏՄԵՆՏՍ ԼԻՄԻԹԵԴ» ընկերության դիմումի հիման վրա ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 389-րդ հոդվածի 3-րդ մասի Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործն ընդունվել է քննության, իսկ գործի քննությունը` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 391-րդ հոդվածի 3-րդ մասով, մերժվել է:
2. Դիմողը նշում է, որ վերաքննիչ և Վճռաբեկ դատարանների
լիազորությունների բնույթից բխում է, որ ստորադաս դատարանի դատական ակտը վերանայելիս, հատկապես այն դեպքում, երբ վերադաս դատական ատյանը փոփոխում է ստորադաս դատական ատյանի ակտը, վերադաս դատական ատյանների դատական ակտերը հանդես են գալիս որպես դատական պաշտպանության իրավունքի իրացման նոր և ինքնուրույն արդյունք ըստ էության ազդելով ստորադաս դատարանի դատական ակտի բովանդակության վրա և դատավարության կողմերի համար առաջացնելով նոր իրավական հետևանքներ:
Դիմողն արձանագրում է, որ վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարանի գործն ըստ էության լուծող դատական ակտի գոյության պայմաններում առաջին ատյանի դատական ակտի վերանայումը խնդրահարույց է: Դիմողի կարծիքով, հաշվի առնելով, որ համապատասխան գործի շրջանակներում նախկինում առաջին ատյանի դատարանի դատական ակտն արդեն իսկ հանդիսացել է դատական վերանայման առարկա, այն այլևս բողոքարկման ենթակա չէ, իսկ վերադաս դատարանների կողմից կայացված դատական ակտը տվյալ գործով վերջնական դատական ակտն է:
Դիմողը նշում է, որ եթե օրենքով սահմանված պահանջներին բավարարող գործին մասնակից չդարձած անձի բողոքի հիման վրա վերաքննիչ դատարանն առաջին ատյանի դատարանի դատական ակտը բեկանի և գործն ուղարկի նոր քննության, ապա առկա կլինեն նույն գործով վերաքննիչ դատարանի օրինական ուժի մեջ մտած երկու դատական ակտեր, որոնք իրար կհակասեն:
Դիմողի պնդմամբ այս դեպքում նույն գործով միաժամանակ գոյություն են ունենում վերաքննիչ դատարանի երկու իրար հակասող, սակայն օրինական ուժի մեջ մտած դատական ակտեր: Դիմողն ընդգծում է, որ վերաքննիչ դատարանի առաջին որոշումը որևէ կերպ չի դադարեցնում իր իրավական գործողությունը, քանի որ օրինական ուժի մեջ մտած, կիրառման ենթակա դատական ակտը շարունակում է իրավական ուժ ունենալ, քանի դեռ այն բեկանված կամ վերացված չէ:
Դիմողի գնահատմամբ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 389-րդ հոդվածի 3-րդ մասը պրակտիկայում դրան տրված այնպիսի մեկնաբանությամբ, որ վերաքննիչ դատարանի դատական ակտի առկայության պայմաններում գործին մասնակից չդարձած անձը պետք է ներկայացնի վերաքննիչ, այլ ոչ թե` վճռաբեկ բողոք, հակասում է Սահմանադրության 61, 63, 163, 171 և 172-րդ հոդվածներին:
3. Պատասխանողը նշում է, որ անհատական դիմումի շրջանակներում վիճարկելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 389-րդ հոդվածի 3-րդ մասը դիմողը վկայակոչել է Սահմանադրական դատարանի 24.12.2019 թ. ՍԴԱՈ-173 որոշումը, որտեղ Սահմանադրական դատարանը վիճարկվող օրենքի դրույթը դիտարկել է վերջնական դատական ակտերի իրավական որոշակիության և դատական ատյանների գործառութային տարանջատման ապահովման պահանջների համատեքստում:
Անդրադառնալով դիմողի կողմից բարձրացված անձի` Սահմանադրությամբ երաշխավորված դատական պաշտպանության և արդար դատաքննության իրավունքների ենթադրյալ խախտումներին պատասխանողը գտնում է, որ դիմողի կողմից բավարար կերպով իրավաբանորեն չի հիմնավորվել, թե ինչպես են խախտվել դիմողի հիմնարար իրավունքները, և ինչ անմիջական պատճառահետևանքային կապ է առկա վիճարկվող դրույթի և դիմողի իրավունքների ենթադրյալ խախտման փաստի միջև: Պատասխանողը գտնում է, որ դիմողի սահմանադրական իրավունքների ենթադրյալ խախտման մասին պնդումն առարկայազուրկ է, քանի որ դիմողը զրկված չի եղել դատարան դիմելու իր իրավունքն իրացնելու հնարավորությունից: Պատասխանողը նշում է, որ դիմողի կողմից չեն ներկայացվել Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով նախատեսված անհատական դիմումի քննության համար անհրաժեշտ հիմնական իրավունքների խախտման փաստի և վիճարկվող դրույթի միջև պատճառահետևանքային կապի առկայության պայմանը հիմնավորելու համար բավարար փաստարկներ:
Վերոգրյալի հաշվառմամբ պատասխանողը խնդրում է սույն գործի վարույթը կարճել:
4. Դիմումի և կից ներկայացված փաստաթղթերի ուսումնասիրությունից ելնելով Սահմանադրական դատարանը գտնում է, որ սույն գործի վարույթը ենթակա է կարճման հետևյալ պատճառաբանությամբ.
4.1. «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի (այսուհետ նաև Օրենք) 60-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն Սահմանադրական դատարանը կարճում է գործի վարույթը գործի քննության ցանկացած փուլում, եթե բացահայտվել են նույն օրենքի 29-րդ հոդվածով նախատեսված` գործի քննությունը մերժելու հիմքեր: Վերոնշյալ օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն Սահմանադրական դատարանի կողմից անհատական դիմումի հիման վրա գործի քննությունը մերժելու հիմք է, եթե դիմողն իրավասու չէ տվյալ հարցով դիմելու Սահմանադրական դատարան: Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի համաձայն Սահմանադրական դատարան կարող է դիմել յուրաքանչյուր ոք կոնկրետ գործով, երբ առկա է դատարանի վերջնական ակտը, սպառվել են դատական պաշտպանության բոլոր միջոցները և վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը:
Սահմանադրական դատարանի 2021 թվականի սեպտեմբերի 28-ի ՍԴԱՈ-199 որոշմամբ անհատական դիմումների ընդունելիության պայմանների վերաբերյալ արտահայտված իրավական դիրքորոշման համաձայն իրավունքի պաշտպանության միջոցներն սպառելու և վերջնական դատական ակտով վիճարկվող նորմի կիրառված լինելու, ինչպես նաև վիճարկվող նորմի սահմանադրականության ստուգման արդյունքում այն հակասահմանադրական ճանաչելու իրավական հետևանքների համալիր նպատակը` անհատական դիմումների հիման վրա, իրավական ակտերի սահմանադրականության կոնկրետ վերահսկողության միջոցով Սահմանադրության 2-րդ գլխով նախատեսված մարդու և քաղաքացու հիմնական սահմանադրական իրավունքների պաշտպանությամբ Սահմանադրության գերակայության ապահովումն է։
Կոնկրետ սահմանադրական վերահսկողության շրջանակներում, ինչպիսին սույն գործով իրականացվող վարույթի նպատակն է, նորմի սահմանադրականության գնահատումն իմաստ ու նշանակություն է ստանում տվյալ կոնկրետ գործով սուբյեկտիվ իրավունքի պաշտպանության առումով (2010 թվականի հոկտեմբերի 19, ՍԴՈ-921)։ Սահմանադրական կոնկրետ վերահսկողությունը Սահմանադրական դատարանի սահմանադրական այն լիազորությունն է, որը կիրառվում է դատական պաշտպանության միջոցների սպառմամբ սահմանադրական հիմնարար իրավունքի ենթադրյալ խախտումից հետո դատական պաշտպանության այլ միջոցների գործադրմամբ այդ իրավունքի վերականգնման անհնարինության դեպքում։
Վերահաստատելով նախկինում արտահայտած իր դիրքորոշումները Սահմանադրական դատարանը 2010 թվականի նոյեմբերի 30-ին կայացրած ՍԴՈ-927 որոշմամբ փաստել է, որ այն դեպքում, երբ դիմողի նկատմամբ կայացրած դատական ակտերի վերլուծությունից բխում է, որ խնդրո առարկա հանրային-իրավական վեճը, ըստ էության, սպառված է, ապա տվյալ պարագայում դիմողի կողմից վիճարկվող իրավանորմի սահմանադրականության հարցի բարձրացումը, ըստ էության, չի հետապնդում սուբյեկտիվ իրավունքի պաշտպանության նպատակ, ուստի հիմք ընդունելով վերոհիշյալ իրավական դիրքորոշումները Սահմանադրական դատարանը գտել է, որ վիճարկվող իրավանորմի սահմանադրականության հարցի քննարկումը խնդրո առարկա գործի լուծման տեսանկյունից որևէ գործնական իրավական հետևանքի հանգեցնել չի կարող: Վերոգրյալի տրամաբանությամբ Սահմանադրական դատարան անհատական դիմում ներկայացնելու իրավունքն ուղղակիորեն փոխկապակցված է կոնկրետ գործի և այդ գործի շրջանակներում իրավունքների պաշտպանության և/կամ վերականգնման հնարավորության հետ, ըստ այդմ անհատական դիմումները Սահմանադրական դատարան կարող են ներկայացվել բացառապես կոնկրետ սահմանադրական վերահսկողության շրջանակներում:
Ավելին, Օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն «Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին աշխատակարգային որոշում է ընդունում, եթե դիմումում առաջադրված հարցերը ենթակա չեն Սահմանադրական դատարանին»:
Սահմանադրական դատարանի 2009 թվականի մարտի 17-ի ՍԴԱՈ-21 աշխատակարգային որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշման համաձայն բոլոր այն դեպքերում, երբ դիմողը, ձևականորեն վիճարկելով օրենքի դրույթի սահմանադրականության հարց, ըստ էության բարձրացնում է այդ դրույթի կիրառման իրավաչափության հարց, ապա այդպիսի դիմումները ենթակա են մերժման` որպես Սահմանադրական դատարանի քննության ենթակա հարց չառաջադրող դիմումներ:
4.2. Սույն գործով դիմումի ներկայացման համար նախադրյալ հանդիսացած թիվ ԼԴ2/0144/02/18 քաղաքացիական գործի դատավարական նախապատմությունից հետևում է, որ դիմելով դատարան` Սահակ Կարապետյանը պահանջել է անվավեր ճանաչել «ԹԵՂՈՒՏ» ՓԲԸ-ի տնօրենների խորհրդի 30.08.2018 թ. որոշումը (աշխատանքային պայմանագրի լուծման մասով) և 19.09.2018 թ. թիվ 936-Կ հրամանը: Հակընդդեմ հայցով դիմելով դատարան «ԹԵՂՈՒՏ» ՓԲԸ-ն պահանջել է անվավեր ճանաչել աշխատանքային պայմանագրի համապատասխան կետերը: Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի 2019 թվականի հուլիսի 10-ի վճռով հայցը բավարարվել է մասնակիորեն, իսկ «ԹԵՂՈՒՏ» ՓԲԸ- ի հակընդդեմ հայցը մերժվել է:
Վերաքննիչ քաղաքացիական դատարանի 2019 թվականի դեկտեմբերի 5-ի որոշմամբ Սահակ Կարապետյանի և «ԹԵՂՈՒՏ» ՓԲԸ-ի վերաքննիչ բողոքները մերժվել են, և Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 2019 թվականի հուլիսի 10- ի վճիռը թողնվել է անփոփոխ: Վճռաբեկ դատարանի 2020 թվականի ապրիլի 15-ի որոշմամբ Սահակ Կարապետյանի ներկայացուցչի վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժվել է, իսկ «ԹԵՂՈՒՏ» ՓԲԸ-ի ներկայացուցիչների վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժվել է:
Թիվ ԼԴ2/0144/02/18 քաղաքացիական գործին մասնակից չդարձված անձ «ԹԵՂՈՒՏ ԻՆՎԵՍՏՄԵՆՏՍ ԼԻՄԻԹԵԴ» ընկերության («ԹԻԼ» ընկերության) կողմից Վճռաբեկ դատարան է ներկայացվել վճռաբեկ բողոք վերաքննիչ քաղաքացիական դատարանի 2019 թվականի դեկտեմբերի 5-ի որոշումը բեկանելու և գործը նոր քննության ուղարկելու վերաբերյալ, որը Վճռաբեկ դատարանի 2020 թվականի հոկտեմբերի 7-ի որոշմամբ վերադարձվել է: Միաժամանակ, Վճռաբեկ դատարանը նշված որոշմամբ հայտնել է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 389-րդ հոդվածի 3-րդ մասի ուժով գործին մասնակից չդարձված անձինք վճռաբեկ բողոք բերելու իրավունք ունեն իրենց ներկայացրած վերաքննիչ բողոքի քննության արդյունքով կայացված որոշումների դեմ: Վճռաբեկ դատարանի 2020 թվականի նոյեմբերի 18-ի որոշմամբ գործին մասնակից չդարձված անձ «ԹԵՂՈՒՏ ԻՆՎԵՍՏՄԵՆՏՍ ԼԻՄԻԹԵԴ» ընկերության («ԹԻԼ» ընկերության) ներկայացուցչի կրկին բերած վճռաբեկ բողոքը թողնվել է առանց քննության, քանի որ գործին մասնակից չդարձած անձ «ԹԵՂՈՒՏ ԻՆՎԵՍՏՄԵՆՏՍ ԼԻՄԻԹԵԴ» ընկերությունը վճռաբեկ բողոքը բերել է վերաքննիչ քաղաքացիական դատարանի 2019 թվականի դեկտեմբերի 5-ի որոշման դեմ, որը սակայն կայացվել է Սահակ Կարապետյանի և «ԹԵՂՈՒՏ» ՓԲԸ-ի վերաքննիչ բողոքների քննության արդյունքով, ուստի հաշվի առնելով, որ գործին մասնակից չդարձված անձինք վճռաբեկ բողոք բերելու իրավունք ունեն իրենց ներկայացրած վերաքննիչ բողոքի քննության արդյունքով կայացված որոշումների դեմ, Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ վճռաբեկ բողոքը ներկայացվել է վճռաբեկ բողոք ներկայացնելու իրավունք չունեցող անձի կողմից: Վերաքննիչ քաղաքացիական դատարանի 2021 թվականի հունվարի 29-ի որոշմամբ գործին մասնակից չդարձված անձ «ԹԵՂՈՒՏ ԻՆՎԵՍՏՄԵՆՏՍ ԼԻՄԻԹԵԴ» ընկերության («ԹԻԼ» ընկերության) ներկայացուցչի վերաքննիչ բողոքի ընդունումը մերժվել այն պատճառաբանությամբ, որ «ԹԵՂՈՒՏ ԻՆՎԵՍՏՄԵՆՏՍ ԼԻՄԻԹԵԴ» ընկերությունը («ԹԻԼ» ընկերությունը) առնվազն 2020 թվականի հունիսի 11-ին, այսինքն վճռաբեկ բողոք ներկայացնելիս արդեն իսկ տեղյակ էր խնդրո առարկա դատական ակտի մասին և այդ պահից սկսած կարող էր վերաքննիչ բողոքը ներկայացնել, մինչդեռ այն ներկայացրել է 31.10.2020 թվականին, որպիսի հանգամանքը բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու վերաբերյալ բողոքաբերի միջնորդությունը դարձնում են մերժման ենթակա։ Այսպիսով, նկատի ունենալով, որ ներկայացված վերաքննիչ բողոքը բերվել է օրենքով սահմանված ժամկետը լրանալուց հետո, և դատավարական ժամկետը բաց թողնելը հարգելի համարելու և այն վերականգնելու միջնորդությունը մերժվել է, վերաքննիչ քաղաքացիական դատարանը վերաքննիչ բողոքի ընդունումը մերժել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 372-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հիմքով: Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 2021 թվականի մարտի 31- ի որոշմամբ թիվ ԼԴ2/0144/02/18 քաղաքացիական գործով վերաքննիչ քաղաքացիական դատարանի 29.01.2021 թ. «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշման դեմ «ԹԵՂՈՒՏ ԻՆՎԵՍՏՄԵՆՏՍ ԼԻՄԻԹԵԴ» ընկերության («ԹԻԼ» ընկերության) ներկայացուցչի բերած վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժվել է, քանի որ բողոքում ներկայացված հիմնավորումները բավարար չեն եղել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված հիմքերով բողոքը վարույթ ընդունելու հետևության հանգելու համար:
4.3. Սահմանադրական դատարանի 2009 թվականի նոյեմբերի 24-ի ՍԴՈ-839 որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշման համաձայն` դիմողը պատշաճ ձևով պետք է հիմնավորի, թե վիճարկվող նորմի «հակասահմանադրականության» արդյունքում իր սահմանադրական ո´ր իրավունքն է խախտվել, ինչպես նաև հիմնավորի նման խախտման և վիճարկվող նորմի դրույթների հակասահմանադրականության միջև պատճառահետևանքային կապի առկայությունը։
Տվյալ դեպքում դիմողը որպես ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 389- րդ հոդվածի 3-րդ մասի Սահմանադրությանը հակասելու հիմք նշում է այն, որ վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարանների գործն ըստ էության լուծող դատական ակտի գոյության պայմաններում առաջին ատյանի դատարանի դատական ակտի վերանայումը խնդրահարույց է: Դիմողը հայտնում է, որ եթե օրենքով սահմանված պահանջներին բավարարող գործին մասնակից չդարձած անձի բողոքի հիման վրա վերաքննիչ դատարանն առաջին ատյանի դատական ակտը բեկանի և գործն ուղարկի նոր քննության, ապա առկա կլինեն նույն գործով վերաքննիչ դատարանի օրինական ուժի մեջ մտած երկու դատական ակտեր, որոնք իրար կհակասեն: Մյուս դեպքում, եթե անգամ վերաքննիչ դատարանը գտնի, որ վերանայման ենթակա է ոչ թե առաջին ատյանի, այլ տվյալ գործը քննած վերջին ատյանի կողմից կայացված օրինական ուժի մեջ մտած դատական ակտը, ապա այդ պարագայում խեղաթյուրվում է ստորադասության վրա հիմնված դատական եռաստիճան համակարգի էությունն ու բովանդակությունը:
Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ դիմողը չի հիմնավորում, թե նման պարագայում իր ո´ր Սահմանադրական իրավունքն է խախտվելու: Այլ կերպ, դիմողը չի հիմնավորում, թե կոնկրետ գործի շրջանակներում իր ո´ր հիմնական իրավունքն էր խախտվելու, եթե նա որպես գործին մասնակից չդարձած անձ, իր բողոքը գործող օրենսդրական կարգավորումների համաձայն ներկայացներ հենց վերաքննիչ դատարան և, օրինակ, եթե վերաքննիչ դատարանը բավարարեր այն: Սահմանադրական դատարանի գնահատմամբ այն դեպքերում, երբ անձն իր իրավունքների պաշտպանության ընթացքում առհասարակ կամ պատշաճ կերպով չի օգտվում գոյություն ունեցող իրավակարգավորումներից, սակայն Սահմանադրական դատարան ներկայացվող անհատական դիմումի շրջանակներում բարձրացնում է դրանց սահմանադրականության (այլ ոչ թե, օրինակ, այդ իրավակարգավորումներից հենց պատշաճ օգտվելու անհնարինության) հարցը, ապա այն վերածվում է վերացական սահմանադրական վերահսկողության շրջանակներում քննության ենթակա հարցի: Այլ կերպ դիմողը փաստացի կատարել է վերացական սահմանադրական վերահսկողությանը բնորոշ հարցադրումներ չհանդիսանալով վերացական սահմանադրական վերահսկողության սուբյեկտ:
Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ ի տարբերություն վերացական սահմանադրական վերահսկողության անհատական դիմումի հիման վրա կոնկրետ սահմանադրական վերահսկողության շրջանակներում դիմողը տվյալ դեպքում պարտավոր է հիմնավորել իրավական նորմին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանության և իր իրավունքների ենթադրյալ խախտման միջև պատճառահետևանքային կապը, որպիսին, ինչպես արդեն նշվեց, չի ներկայացվել դիմողի կողմից:
4.4 Դիմողը Սահմանադրական դատարան ներկայացրած դիմումով բարձրացնում է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 389-րդ հոդվածի 3-րդ մասին պրակտիկայում տրված այնպիսի մեկնաբանության սահմանադրականության հարց, ըստ որի` վերաքննիչ դատարանի դատական ակտի առկայության պայմաններում գործին մասնակից չդարձած անձը պետք է ներկայացնի վերաքննիչ, այլ ոչ թե վճռաբեկ բողոք:
Մինչդեռ Սահմանադրական դատարանի գնահատմամբ դիմողի իրավունքների ենթադրյալ խախտման պատճառը ոչ թե վիճարկվող իրավանորմն է կամ դրան տրված մեկնաբանությունը, այլ վերջինիս կողմից վերաքննիչ քաղաքացիական դատարանի շրջանցմամբ միանգամից Վճռաբեկ դատարան բողոք ներկայացնելը և վերաքննիչ բողոք ներկայացնելու ժամկետի բացթողումը: Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 2021 թվականի հունվարի 29-ի որոշման շրջանակներում փաստվել է. «ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 389-րդ հոդվածի 3-րդ մասը առավել քան հստակ է և որևէ պարագայում չի կարող տարընթերցման տեղիք տալ, առավել ևս փաստաբան հանդիսացող ներկայացուցչի պարագայում, անկախ Վճռաբեկ դատարանի կողմից նման փաստին անդրադառնալուց»։ Վերոգրյալի լույսի ներքո Սահմանադրական դատարանը գտնում է, որ սույն դիմումի շրջանակներում դիմողը, ձևականորեն վիճարկելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանության սահմանադրականության հարցը, ըստ էության, բարձրացնում է դրա կիրառման իրավաչափության հարց, որը դուրս է Սահմանադրական դատարանի իրավասությունից:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերով, 60-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, 69-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջներով Սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.
«ԹԵՂՈՒՏ ԻՆՎԵՍՏՄԵՆՏՍ ԼԻՄԻԹԵԴ» ընկերության դիմումի հիման վրա ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 389-րդ հոդվածի 3-րդ մասի Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի վարույթը կարճել:
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
ՆԱԽԱԳԱՀ Ա. ԴԻԼԱՆՅԱՆ
23 նոյեմբերի 2021 թվականի
ՍԴԱՈ-233
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 23 նոյեմբերի, 2021 թ.
- Գործի #:
- ՍԴԱՈ-233
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
