ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ԹԵԿՆԱԾՈՒ Ա. ՄԵԼԻՔՅԱՆԻ՝ 2008թ. ՓԵՏՐՎԱՐԻ 1-ԻՆ ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՐԱԾ ԴԻՄՈՒՄԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԱՈ-12)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքներըԱմփոփում
Ընդ.՝ 2 փետրվարի 2008թ. ՍԴԱՈ - 12 | ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ԹԵԿՆԱԾՈՒ Ա. ՄԵԼԻՔՅԱՆԻ՝ 2008թ. ՓԵՏՐՎԱՐԻ 1-ԻՆ ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՐԱԾ ԴԻՄՈՒՄԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
ԱՇԽԱՏԱԿԱՐԳԱՅԻՆ ՈՐՈՇՈՒՄԸ
ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ԹԵԿՆԱԾՈՒ Ա. ՄԵԼԻՔՅԱՆԻ 2008թ. ՓԵՏՐՎԱՐԻ 1-ԻՆ ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ
ԴԱՏԱՐԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՐԱԾ ԴԻՄՈՒՄԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
ՀՀ Նախագահի թեկնածուն իր դիմումով սահմանադրական դատարանից բառացիորեն խնդրում է հետևյալը «26.02.2007թ. «ՀՀ Ընտրական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի (ՀՕ-79-Ն) 2-րդ հոդվածի «բ» ենթակետը 2008թ. փետրվարի 19-ին անցկացվելիք ՀՀ նախագահի ընտրությունների ընթացքում, ինձ ՀՀ նախագահի թեկնածու Արման Մելիքյանի համար համարել խոչընդոտ և վերացնել այն»։
Ուսումնասիրելով դիմումը և բերված փաստարկները սահմանադրական դատարանն արձանագրում է, որ ՀՀ Սահմանադրության 52 հոդվածը Հանրապետության Նախագահի ընտրությունը հետաձգելու և նոր ընտրություն նշանակելու երկու դեպք է նախատեսում։ Նախ իրավունքի ուժով այն իրականացվում է մինչև քվեարկության օրը թեկնածուներից մեկի մահվան դեպքում, երկրորդ ստեղծված իրավիճակի գնահատման արդյունքում, երբ Հանրապետության Նախագահի թեկնածուներից մեկի համար անհաղթահարելի խոչընդոտներ են առաջացել ու դրանք չեն վերացել։ Ընդ որում, սահմանադրական նորմը հատուկ ընդգծում է անհաղթահարելի խոչընդոտի առաջացման հանգամանքը «...թեկնածուներից մեկի համար»։ Սա այն պարագան է, երբ թեկնածուն չի մահացել, սակայն անձամբ այնպիսի իրավիճակում է հայտնվել, որ անհնարին է դարձել նրա մասնակցությունն ընտրական գործընթացին։ Այդ իրավիճակի գնահատման իրավասությունն է վերապահված սահմանադրական դատարանին։ Սահմանադրության 52 և 100 (կետ 4) հոդվածների տրամաբանությունից ելնելով է, որ «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 75 հոդվածի 5-րդ մասը սահմանել է. «Սահմանադրական դատարանը կարող է անհաղթահարելի ճանաչել այն խոչընդոտները, որոնք արդեն իսկ առաջացել են և տվյալ թեկնածուից անկախ պատճառներով անհնարին են դարձնում նրա հետագա մասնակցությունն ընտրական գործընթացներին»։
«Անհաղթահարելի խոչընդոտ» սահմանադրական դրույթն սկիզբ է առել ֆրանսիական սահմանադրաիրավական պրակտիկայից, և այս երկրի Սահմանադրական խորհուրդը նույնպես բազմաթիվ քննարկումների ժամանակ տվյալ դրույթը մեկնաբանել է որպես թեկնածուներից մեկի կոնկրետ վիճակով պայմանավորված ընտրական գործընթացին անձամբ նրա մասնակցության անհնարինություն։
Դատարանն իրավասու չէ և չի կարող խոչընդոտ վերացնել։ Դատարանն այն կարող է կամ ճանաչել անհաղթահարելի, կամ վերացած ինչպես սահմանված է ՀՀ Սահմանադրության 52 և 100 (կետ 4) հոդվածներում։ Հետևաբար, սահմանադրական դատարանին ենթակա չէ դիմողի խնդրանքը խոչընդոտը վերացնելու առումով։ ՀՀ Նախագահի թեկնածու Ա. Մելիքյանի բարձրացրած հարցն ակնհայտորեն չի վերաբերում «անհաղթահարելի խոչընդոտ» հասկացության սահմանադրաիրավական բովանդակությանը։ Դիմողն իրականում բարձրացնում է ՀՀ ընտրական օրենսգրքի փոփոխության («ՀՀ ընտրական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-79-Ն օրենքի 2-րդ հոդվածի «բ» կետի) սահմանադրականության հարց, և այդ տեսանկյունից էլ ներկայացնում է հիմնավորումներ։ Սակայն ՀՀ Սահմանադրության 101 հոդվածով (1, 3, 4, 6, 7 և 8 կետեր) սպառիչ թվարկված են օրենքի կամ դրա առանձին դրույթի սահմանադրականության հարցով սահմանադրական դատարան դիմելու իրավունք ունեցող սուբյեկտները, և ՀՀ Նախագահի թեկնածուին նման իրավասություն վերապահված չէ։ Սահմանադրական պահանջ է նաև այն, որ սահմանադրական դատարանը գործը քննում է միայն տվյալ հարցով դիմելու իրավունք ունեցող սուբյեկտի դիմումի հիման վրա։
Միաժամանակ, «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 32 հոդվածի համաձայն սահմանադրական դատարանը գործի քննությունը մերժելու մասին որոշում է ընդունում եթե դիմումում առաջադրված հարցը ենթակա չէ սահմանադրական դատարանին կամ դիմողն իրավասու չէ դիմելու սահմանադրական դատարան։
Դիմումի ուսումնասիրությունը վկայում է նաև, որ ոչ միայն հաշվի չի առնվել «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 27 հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետի պահանջը, այլև չեն տարբերվել ՀՀ Սահմանադրության 100 հոդվածի 1-ին և 4-րդ, 101 հոդվածի 6-րդ և 9-րդ կետերի հիմքերով և «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 69 և 75 հոդվածներով նախատեսված դիմումներին ներկայացվող պահանջները։ Հիմք ընդունելով վերոշարադրյալը
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ. ՀՀ Սահմանադրության 52 և 101 հոդվածների, «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 32, 61 և 75 հոդվածների հիմքերով մերժել ՀՀ Նախագահի թեկնածու Ա. Մելիքյանի դիմումի հիման վրա գործի քննության ընդունումը։
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
ՆԱԽԱԳԱՀ
Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
2 փետրվարի 2008 թվականի
ՍԴԱՈ-12
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 2 փետրվարի, 2008 թ.
- Գործի #:
- ՍԴԱՈ-12
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
