«ԱՐՈՒՍՅԱԿ ԱԼԵՔՍԱՆՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 407-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 3-ՐԴ ՄԱՍԻ 5-ՐԴ ԿԵՏԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՎԱՐՈՒՅԹԸ ԿԱՐՃԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԱՈ-99)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքներըԱմփոփում
Ընդ.՝ 18 հունիսի 2024թ. ՍԴԱՈ - 99 | «ԱՐՈՒՍՅԱԿ ԱԼԵՔՍԱՆՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 407-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 3-ՐԴ ՄԱՍԻ 5-ՐԴ ԿԵՏԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՎԱՐՈՒՅԹԸ ԿԱՐՃԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամբողջ Տեքստ
«ԱՐՈՒՍՅԱԿ ԱԼԵՔՍԱՆՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 407-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 3-ՐԴ ՄԱՍԻ 5-ՐԴ ԿԵՏԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՎԱՐՈՒՅԹԸ ԿԱՐՃԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Սահմանադրական դատարանը, քննության առնելով «Արուսյակ Ալեքսանյանի դիմումի հիման վրա՝ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 407-րդ հոդվածի 3-րդ մասի 5-րդ կետի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի վարույթը կարճելու մասին առաջարկությունը, ՊԱՐԶԵՑ.
1. Արուսյակ Ալեքսանյանի (այսուհետ նաև՝ Դիմող) դիմումը Սահմանադրական դատարան է մուտքագրվել 2024 թվականի մարտի 7-ին։
Դիմողը Սահմանադրական դատարան ներկայացրած դիմումում խնդրել է.
«Սահմանադրության 61-րդ հոդվածով հռչակված արդյունավետ դատական պաշտպանության իրավունքին հակասող ու անվավեր ճանաչել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 407-րդ հոդվածի 3-րդ մասի 5-րդ կետը՝ այնքանով, որքանով այն թույլ է տալիս Սահմանադրական դատարանի որոշման հիմքով բացառիկ վերանայման վարույթ հարուցել բացառապես սպառիչ և ոչ թե բոլոր այն դեպքերում, երբ քրեադատավարական ընթացակարգի արդյունքում կայացված դատական ակտով դատարանի կիրառած նորմատիվ իրավական ակտի դրույթը Սահմանադրական դատարանը ճանաչել է Սահմանադրությանը հակասող և անվավեր կամ երբ քրեադատավարական ընթացակարգի արդյունքում կայացված դատական ակտով դատարանի կիրառած նորմատիվ իրավական ակտի դրույթը Սահմանադրական դատարանն իր մեկնաբանությամբ ճանաչել է Սահմանադրությանը համապատասխանող, սակայն գտել է, որ այդ դրույթը դատարանի կողմից կիրառվել է այլ մեկնաբանությամբ»:
2. Գործի դատավարական նախապատմությունը
2023 թվականի օգոստոսի 7-ին Սահմանադրական դատարան է մուտքագրվել Արուսյակ Ալեքսանյանի դիմումը՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ հոդվածի 3-րդ մասի` Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ։
2023 թվականի դեկտեմբերի 19-ի ՍԴՈ-1707 որոշմամբ Սահմանադրական դատարանը որոշել է.
«1. Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ հոդվածի 3-րդ մասը համապատասխանում է Սահմանադրությանն այն մեկնաբանությամբ, համաձայն որի՝ Վճռաբեկ դատարանի՝ հատուկ վերանայման բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին որոշումը՝ դրա հիմքում դրված եզրահանգման հետ մեկտեղ, պետք է պարունակի նաև դրան հանգեցրած պատճառաբանությունը։
2. «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 10-րդ մասի համաձայն՝ Դիմողի նկատմամբ կայացված վերջնական դատական ակտը նոր հանգամանքի ի հայտ գալու հիմքով ենթակա է վերանայման օրենքով սահմանված կարգով, քանի որ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ հոդվածի 3-րդ մասը Դիմողի նկատմամբ կիրառվել է սույն որոշմամբ տրված մեկնաբանությունից տարբերվող մեկնաբանությամբ:
3. Սահմանադրության 170-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից»:
Դիմողը թիվ ՀԿԴ/0002/01/23 քրեական գործով Վճռաբեկ դատարանի՝ 2023 թվականի ապրիլի 26-ի «Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին» որոշման դեմ ներկայացրել է բացառիկ վերանայման բողոք։
Վճռաբեկ դատարանը 2024 թվականի փետրվարի 9-ի որոշմամբ Արուսյակ Ալեքսանյանի պաշտպանի կողմից ներկայացված բողոքի հիման վրա նոր հանգամանքի հիմքով բացառիկ վերանայման վարույթի հարուցումը մերժել է հետևյալ պատճառաբանությամբ. «Վճռաբեկ դատարանը փաստում է, որ Սահմանադրական դատարանը 2023 թվականի դեկտեմբերի 19-ի թիվ ՍԴՈ-1707 որոշմամբ արձանագրել է, որ դիմողի նկատմամբ կայացված վերջնական դատական ակտը նոր հանգամանքի ի հայտ գալու հիմքով ենթակա է վերանայման օրենքով սահմանված կարգով, քանի որ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ հոդվածի 3-րդ մասը դիմողի նկատմամբ կիրառվել է սույն որոշմամբ տրված մեկնաբանությունից տար-բերվող մեկնաբանությամբ: Սակայն, հիմք ընդունելով 2021 թվականի հունիսի 30-ին ընդունված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 402-րդ հոդվածի 2-րդ մասը , որում սպառիչ նախատեսված են բացառիկ վերանայման ենթակա դատական ակտերը, որոնց թվում խափանման միջոցի վերաբերյալ կայացրած ակտը ներառված չէ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ մեղադրյալ Ա. Ալեքսանյանի պաշտպան Ա. Մանուկյանի բողոքի հիման վրա բացառիկ վերանայման վարույթի հարուցումը ենթակա է մերժման, քանի որ բողոքը բերվել է այնպիսի դատական ակտի դեմ, որը ենթակա չէ բացառիկ վերանայման»:
3. Դիմողի դիրքորոշումները
Դիմողը գտնում է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 407-րդ հոդվածի 3-րդ մասի 5-րդ կետը թույլ չի տալիս բացառիկ վերանայման բողոքի հիման վրա բացառիկ վերանայման վարույթ հարուցել այն դեպքում, երբ Սահմանադրական դատարանը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 401-րդ հոդվածի 2-րդ մասով չնախատեսված դատական ակտով դատարանի կիրառած նորմատիվ իրավական ակտի դրույթը ճանաչել է Սահմանադրությանը հակասող և անվավեր, կամ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 401-րդ հոդվածի 2-րդ մասով չնախատեսված դատական ակտով դատարանի կիրառած նորմատիվ իրավական ակտի դրույթը Սահմանադրական դատարանն իր մեկնաբանությամբ ճանաչել է Սահմանադրությանը համապատասխանող, սակայն գտել է, որ այդ դրույթը դատարանի կողմից կիրառվել է այլ մեկնաբանությամբ:
Դիմողը պնդում է, որ այն դեպքում, երբ օրենքը նախատեսում է Սահմանադրական դատարանի համապատասխան որոշմամբ նոր հանգամանքի ուժով բողոքաբերի վերաբերյալ կայացված՝ օրինական ուժի մեջ գտնվող դատական ակտը չբեկանելու հնարավորություն, ապա այդպիսի օրենքը չի կարող համապատասխանել Սահմանադրության 61-րդ հոդվածով ամրագրված՝ արդյունավետ դատական պաշտպանության հիմնարար իրավունքի բովանդակությանն այնքանով, որքանով այդպիսի կարգավորման գոյությունն արգելափակում է սուբյեկտիվ իրավունքների պաշտպանության առումով Սահմանադրական դատարանի որոշման կատարումը: Ըստ Դիմողի՝ տվյալ պարագայում իմաստազրկվում է Սահմանադրական դատարան անհատական դիմում ներկայացնելը, քանի որ անհատական դիմումի հիման վրա Սահմանադրական դատարանի կողմից կայացվող որոշումը Դիմողի համար կոնկրետ գործով չի կարող լինել վերջնական դատական ակտի վերանայման հիմք:
Դիմողը գտնում է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 407-րդ հոդվածի 3-րդ մասի 5-րդ կետը չի համապատասխանում Սահմանադրության 61-րդ հոդվածով ամրագրված՝ արդյունավետ դատական պաշտպանության հիմնարար իրավունքի բովանդակությանն այնքանով, «որքանով թույլ է տալիս Սահմանադրական դատարանի որոշման հիմքով բացառիկ վերանայման վարույթ հարուցել բացառապես սպառիչ և ոչ թե բոլոր այն դեպքերում, երբ քրեադատավարական ընթացակարգի արդյունքում կայացված դատական ակտով դատարանի կիրառած նորմատիվ իրավական ակտի դրույթը Սահմանադրական դատարանը ճանաչել է Սահմանադրությանը հակասող և անվավեր», կամ երբ քրեադատավարական ընթացակարգի արդյունքում կայացված դատական ակտով դատարանի կիրառած նորմատիվ իրավական ակտի դրույթը Սահմանադրական դատարանն իր մեկնաբանությամբ ճանաչել է Սահմանադրությանը համապատասխանող, սակայն գտել է, որ այդ դրույթը դատարանի կողմից կիրառվել է այլ մեկնաբանությամբ:
4. Պատասխանողների դիրքորոշումները
Ազգային ժողովը (այսուհետ՝ Պատասխանող) նշում է, որ հիմնարար խախտման, նոր կամ նոր երևան եկած հանգամանքների առկայության փաստերից զատ, օրենսդրի կողմից բացառիկություն են ձեռք բերել օրինական ուժի մեջ մտած այն դատական ակտերը, որոնք կարող են ազդել քրեական գործի վարույթի կարճման կամ քրեական հետապնդումը դադարեցնելու վրա, կամ մինչդատական ակտերի վիճարկման վարույթի շրջանակներում կայացված և օրինական ուժի մեջ մտած այն դատական ակտերը, որոնցով հաստատվում է քրեական հետապնդում չհարուցելու կամ քրեական հետապնդումը դադարեցնելու իրավաչափությունը, քրեական հետապնդումը նորոգելու անիրավաչափությունը կամ վարույթը կարճելու իրավաչափությունը, ինչպես նաև նշյալ դատական ակտերի վերանայման արդյունքով վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարանների կայացրած օրինական ուժի մեջ մտած որոշումները:
Պատասխանողի գնահատմամբ՝ նշված մոտեցումն ինքնանպատակ չէ, քանի որ այն կոչված է ապահովելու անձի հիմնարար իրավունքների արդյունավետ և ամբողջական պաշտպանությունը: Միևնույն ժամանակ, Պատասխանողը փաստում է, որ օրենսդիրը մասնավորեցրել է հնարավոր բոլոր այն դատական ակտերի շրջանակը, որոնք չնայած ստացել են վերջնականություն, սակայն որպես անձանց սահմանադրական իրավունքների երաշխիք՝ կարող են վերանայվել բացառիկության կարգով:
Ներկայացնելով վիճարկվող նորմի բովանդակությունը՝ Պատասխանողը փաստում է, որ այն սպառիչ կերպով թվարկում է բոլոր այն հիմքերը, որոնց առկայության դեպքում բացառիկ վերանայման վարույթի հարուցումը մերժվում է: Այդ համատեքստում Պատասխանողը նկատում է, որ վիճարկվող նորմը չի վերացնում ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 401-րդ և 403-րդ հոդվածներով նախատեսված դրույթների կիրառումը, հակառակը՝ այն ամրապնդում է հիշատակված կարգավորումների կիրառումն այն դեպքում, երբ անձի կողմից ներկայացված հիմքը չի համընկնում բացառիկ վերանայման համար նախատեսված հիմքերին, ուստի` նման պարագայում մերժվում է բացառիկ վերանայման վարույթի հարուցումը:
Պատասխանողի եզրահանգմամբ` եթե բացառիկ վերանայման բողոք բերելու իրավասություն ունեցող անձի կողմից ներկայացվել է բացառիկ վերանայման բողոք, օրինակ, նոր հանգամանքի հիմքով, այն է՝ Սահմանադրական դատարանը տվյալ վարույթով դատարանի կիրառած նորմատիվ իրավական ակտի դրույթը ճանաչել է Սահմանադրությանը հակասող և անվավեր կամ այն իր մեկնաբանությամբ ճանաչել է Սահմանադրությանը համապատասխանող, սակայն գտել է, որ այդ դրույթը կիրառվել է այլ մեկնաբանությամբ, ապա այդ հիմքով հարուցվում է նոր հանգամանքներով վարույթ: Նման պայմաններում ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 407-րդ հոդվածի 3-րդ մասի 5-րդ կետով նշված պայմանն այլևս չի կարող կիրառվել, քանի որ Սահմանադրական դատարանի կողմից անձի նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթը Սահմանադրությանը հակասող և անվավեր ճանաչելու որոշման առկայության կամ Սահմանադրական դատարանի մեկնաբանությամբ նորմատիվ իրավական ակտի դրույթը Սահմանադրությանը համապատասխանող ճանաչելու, սակայն միաժամանակ դրույթի՝ այլ մեկնաբանությամբ կիրառված լինելու մասին դիրքորոշման առկայության պայմաններում առկա է այնպիսի դատական ակտի տեսակ, որի հիմքով օրինական ուժի մտած դատական ակտը ենթակա է բացառիկ վերանայման: Նման պայմաններում Պատասխանողն արձանագրում է, որ վիճարկվող նորմը չի սահմանափակում ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 401-րդ և 403-րդ հոդվածների կիրառությունը:
Ելնելով վերոնշյալից՝ Պատասխանողը գտնում է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 407-րդ հոդվածի 3-րդ մասի 5-րդ կետը համապատասխանում է Սահմանադրությանը:
5. Սահմանադրական դատարանի իրավական դիրքորոշումները
Ուսումնասիրելով և վերլուծելով դիմումն ու կից փաստաթղթերը, Պատասխանողի գրավոր բացատրությունը՝ Սահմանադրական դատարանը գտնում է, որ դիմումն ակնհայտ անհիմն է, և սույն գործի վարույթը ենթակա է կարճման հետևյալ պատճառաբանությամբ.
«Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի (այսուհետ՝ նաև Օրենք) 60-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ Սահմանադրական դատարանը կարճում է գործի վարույթը գործի քննության ցանկացած փուլում, եթե բացահայտվել են նույն օրենքի 29-րդ հոդվածով նախատեսված` գործի քննությունը մերժելու հիմքեր:
Օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի համաձայն՝ Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին աշխատակարգային որոշում է ընդունում նույն օրենքի 69-րդ հոդվածով նախատեսված այլ դեպքերում:
Օրենքի 69-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ անհատական դիմումով գործի քննությունը, ի լրումն նույն օրենքի 29-րդ հոդվածով նախատեսված դեպքերի, կարող է մերժվել նաև այն դեպքում, երբ անհատական դիմումն ակնհայտ անհիմն է:
Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի համաձայն՝ Սահմանադրական դատարան կարող է դիմել յուրաքանչյուր ոք՝ կոնկրետ գործով, երբ առկա է դատարանի վերջնական ակտը, սպառվել են դատական պաշտպանության բոլոր միջոցները, և վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման՝ հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը:
Նշված նորմի հիման վրա Օրենքը սահմանում է անհատական դիմումին ներկայացվող սահմանադրական պահանջները: Մասնավորապես՝ Օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված են այն պահանջները, որոնց միաժամանակյա առկայության դեպքում ֆիզիկական կամ իրավաբանական անձը կոնկրետ գործով կարող է անհատական դիմում ներկայացնել Սահմանադրական դատարան: Դրանք են՝
ա) երբ կոնկրետ գործով առկա է դատարանի վերջնական ակտը,
բ) երբ սպառվել են ներպետական դատական պաշտպանության բոլոր միջոցները,
գ) երբ վիճարկվում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման՝ հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը։
Օրենքի 69-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` անհատական դիմումը պետք է հղումներ պարունակի նորմատիվ իրավական ակտի այն դրույթներին, որոնց սահմանադրականությունը վիճարկվում է, և հիմնավորումներ, որ նորմատիվ իրավական ակտի հակասությունը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման՝ հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը:
Հարկ է ընդգծել, որ այս պահանջի լույսի ներքո Սահմանադրական դատարան անհատական դիմում ներկայացնելիս անձը պետք է հստակ պատկերացնի իր նկատմամբ կիրառված օրենքի նորմի բովանդակությունը և փորձի գնահատել ու նախատեսել Սահմանադրական դատարանում իր իրավունքների պաշտպանությանն ուղղված և Սահմանադրությամբ ու օրենքով թույլատրելի հետագա գործողությունները, ինչպես նաև բավարար կերպով իրավաբանորեն հիմնավորել, թե իր սահմանադրական ո՞ր իրավունքներն են խախտվել, և ի՞նչ է ակնկալում Սահմանադրական դատարանում իր դիմումի հիման վրա գործի քննության արդյունքում:
Դիմումի ուսումնասիրությունից հետևում է, որ Դիմողն ըստ էության բարձրացնում է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 407-րդ հոդվածի 3-րդ մասի 5-րդ կետի (նշված դրույթով որպես բացառիկ վերանայման վարույթի հարուցումը մերժելու հիմք ամրագրվել է այն դատական ակտի դեմ բողոք բերելը, որը ենթակա չէ բացառիկ վերանայման) սահմանադրականության հարց, այնինչ՝ վիճարկվող դրույթով կարգավորվող հարաբերությունների բովանդակային ծավալը համատեղելի չէ վիճարկվող դրույթի ենթադրյալ հակասահմանադրական լինելու առնչությամբ ներկայացված հիմնավորումների հետ։
Սահմանադրական դատարանը գտնում է, որ վիճարկվող դրույթը Դիմողի համար ինքնին չէր կարող առաջացնել համապատասխան անբարենպաստ իրավական հետևանքներ։ Ավելին՝ Դիմողի կողմից բարձրացված հարցն առավելապես առնչվում է վերջնական դատական ակտով իր նկատմամբ կիրառված՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 401-րդ հոդվածի 2-րդ մասի (նշված դրույթով սպառիչ կերպով ամրագրվել է բացառիկ վերանայման ենթակա դատական ակտերի շրջանակը) իրավակարգավորմանը, քանի որ դրանում որպես բացառիկ վերանայման ենթակա դատական ակտեր նախատեսված չեն խափանման միջոց կիրառելու վերաբերյալ դատական ակտերը:
Հաշվի առնելով վերոգրյալը՝ Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ վիճարկվող դրույթի ենթադրյալ հակասահմանադրականության, վիճարկվող դրույթի և Դիմողի իրավունքների հնարավոր խախտման միջև պատճառահետևանքային կապը բացակայում է, ուստի դիմումն ակնհայտ անհիմն է, ինչը սույն գործի վարույթը կարճելու հիմք է։
Միաժամանակ Սահմանադրական դատարանը հարկ է համարում արձանագրել, որ 2024 թվականի հունիսի 4-ի ՍԴՈ-1736 որոշմամբ Սահմանադրական դատարանը եզրահանգել է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 401-րդ հոդվածի 2-րդ մասը հակասում է Սահմանադրությանն այնքանով, որքանով չի նախատեսում Սահմանադրական դատարանի որոշման՝ որպես նոր հանգամանքի հիմքով անձի նկատմամբ կայացված՝ խափանման միջոցի կիրառման վերաբերյալ վերջնական դատական ակտը վերանայելու հնարավորություն։
Վերոնշյալից հետևում է, որ Դիմողի նկատմամբ վերջնական դատական ակտով կիրառված՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 401-րդ հոդվածի 2-րդ մասի վերաբերյալ արդեն իսկ առկա է Սահմանադրական դատարանի կողմից կայացված որոշում։ Միաժամանակ Սահմանադրական դատարանը հարկ է համարում ընդգծել, որ 2022 թվականի մարտի 29-ի ՍԴՈ-1645 որոշմամբ Սահմանադրական դատարանը «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 11-րդ մասը Սահմանադրությանը հակասող և անվավեր է ճանաչել այն մասով, որ չի նախատեսում այն անձանց նկատմամբ կայացված վերջնական դատական ակտերի՝ նոր հանգամանքի հիմքով վերանայում, որոնք դատական պաշտպանության միջոցներն սպառել են Սահմանադրական դատարանում այլ անձի դիմումը մուտքագրվելուց հետո, սակայն նրանց նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականության հարցի վերաբերյալ այլ անձի դիմումի հիման վրա Սահմանադրական դատարանում գործի դատաքննություն սկսելու օրվա կամ այդ հարցի վերաբերյալ Սահմանադրական դատարանի որոշման հրապարակման օրվա դրությամբ լրացած չի եղել նրանց կողմից Սահմանադրական դատարան դիմում ներկայացնելու համար սահմանված վեցամսյա ժամկետը։
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, 60-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, ինչպես նաև 69-րդ հոդվածի 1-ին և 5-րդ մասերի պահանջներով՝ Սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.
«Արուսյակ Ալեքսանյանի դիմումի հիման վրա՝ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 407-րդ հոդվածի 3-րդ մասի 5-րդ կետի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի վարույթը կարճել։
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
ՆԱԽԱԳԱՀ Ա. ԴԻԼԱՆՅԱՆ
18 հունիսի 2024 թվականի
ՍԴԱՈ-99
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 18 հունիսի, 2024 թ.
- Գործի #:
- ՍԴԱՈ-99
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
