Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/ՍՈՒՍԱՆՆԱ ՓՈԹՈՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

ՍՈՒՍԱՆՆԱ ՓՈԹՈՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Սահմանադրական դատարանՍԴԴԿՈ/2-1223 մարտի, 2015 թ.Բնօրինակ աղբյուր
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ/2-12)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքները

Ամփոփում

Ընդ.՝ 23 մարտի 2015թ. ՍԴԴԿՈ/2 - 12 | ՍՈՒՍԱՆՆԱ ՓՈԹՈՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Ամբողջ Տեքստ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԹԻՎ 2 ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Ը

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Քաղ. Երևան

23 մարտի 2015թ.

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի

թիվ 2 դատական կազմը`

Նախագահությամբ Ա. Խաչատրյանի

Անդամակցությամբ Կ. Բալայանի

Ֆ. Թոխյանի

Ուսումնասիրելով քաղաքացի Սուսաննա Փոթոյանի անհատական դիմումով գործը քննության ընդունելու մասին հարցը,

Պ Ա Ր Զ Ե Ց.

Համաձայն ՀՀ Սահմանադրության 101-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի` քաղաքացի Սուսաննա Փոթոյանը դիմել է ՀՀ սահմանադրական դատարան (դիմումը ՀՀ սահմանադրական դատարան է մուտքագրվել 2015 թվականի մարտի 4-ին)` խնդրելով` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 404-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերը, 407-րդ հոդվածի 5-րդ մասը, 414.1-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետը ճանաչել ՀՀ Սահմանադրության 18, 19, 20 և 42-րդ հոդվածներին հակասող և անվավեր:

1. Դիմողը գտնում է, որ ըստ վիճարկվող նորմերի` ինքը պետք է լրացուցիչ ներդրումներ կատարի և դատարան ներկայացնի էլեկտրոնային կիրչ, իսկ օրենսդիրն էլ չի սահմանել սոցիալական ծանր վիճակում գտնվող անձանց աջակցելու հնարավորություն: Ըստ դիմողի` առկա են մոտ 70-ից ավելի համակարգչային ծրագրեր, որոնցից թեկուզ մեկի բացակայության պատճառով ՀՀ վճռաբեկ դատարանի համակարգիչներով հնարավոր չէ ընթերցել իր վճռաբեկ բողոքը: Այսինքն` ստեղծվում է մի իրավիճակ, երբ բացի էլեկտրոնային կրիչից, անհրաժեշտ է ՀՀ վճռաբեկ դատարանին նվիրել նաև այնպիսի համակարգիչ, որով հնարավոր լինի ընթերցել վճռաբեկ բողոքը: Դիմողը նաև գտնում է, որ վճռաբեկ բողոքը միայն փաստաբանի միջոցով ՀՀ վճռաբեկ դատարան մուտքագրելու օրենսդրական նորմը խախտում է դատարանի մատչելիության իր իրավունքը:

Դիմողն իր դիմումում ներկայացրել է նաև այլ փաստարկներ:

Դիմողը միաժամանակ ներկայացրել է միջնորդություն իրեն պետական տուրքի վճարումից ազատելու մասին:

2. Ելնելով դիմումի և կից փաստաթղթերի ուսումնասիրությունից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 32 և 69-րդ հոդվածների պահանջներով, դատական կազմը գտնում է, որ առկա են դիմումի քննությունը մերժելու հիմքեր` հետևյալ պատճառաբանությամբ.

2.1. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 404-րդ հոդվածի 1-ին մասի վերաբերյալ դիմողը չի ներկայացրել պատշաճ իրավական հիմնավորումներ վիճարկվող դրույթների ենթադրյալ հակասահմանադրականության վերաբերյալ: «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 69-րդ հոդվածի 4-րդ մասը` որպես անհատական դիմումի ընդունելիության պարտադիր պայման, սահմանում է, որ դիմումը պետք է պարունակի Սահմանադրությանը հակասելու հիմնավորումներ: Դիմումի ուսումնասիրությունը վկայում է, որ առկա չէ խնդրո առարկա իրավադրույթների ենթադրյալ հակասահմանադրականության որևէ հիմնավորում:

Միաժամանակ, դիմողը նաև չի հիմնավորել, թե վիճարկվող նորմերի «հակասահմանադրականության» արդյունքում իր սահմանադրական որ իրավունքն է խախտվել, ինչպես նաև չի հիմնավորել իր սահմանադրական իրավունքների ենթադրյալ խախտման փաստի և վիճարկվող դրույթների հակասահմանադրականության միջև պատճառահետևանքային կապի առկայությունը, ինչը, ըստ «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 69-րդ հոդվածի 7-րդ մասի և սահմանադրական դատարանի`ՍԴՈ-839 որոշման մեջ արտահայտած իրավական դիրքորոշման` անհատական դիմումն ակնհայտ անհիմն համարելու հիմք է:

Բացի դրանից, դիմողի համար առաջացած անբարենպաստ հանգամանքներն ընդամենը նրա նկատմամբ կայացված համապատասխան դատական ակտերի արդյունք են: Հետևաբար, վերոնշյալ իրավադրույթների սահմանադրականությունը վիճարկելով` դիմողն ընդամենը բարձրացնում է դրանց կիրառման իրավաչափության հարցը` փորձելով այն ներկայացնել վիճարկվող դրույթների հակասահմանադրականության վիճարկմամբ: ՀՀ սահմանադրական դատարանն իր` 2009 թվականի մարտի 17-ի ՍԴԱՈ-21 որոշման մեջ արտահայտել է իրավական դիրքորոշում, ըստ որի` բոլոր այն դեպքերում, երբ դիմողը, ձևականորեն վիճարկելով օրենքի դրույթի սահմանադրականության հարց, ըստ էության բարձրացնում է այդ դրույթի կիրառման իրավաչափության հարց, այդպիսի դիմումները ենթակա են մերժման`«Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 1-ին կետի հիմքով` որպես սահմանադրական դատարանի քննության ենթակա հարց չառաջադրող դիմումներ: Հետևաբար, առկա է դիմումի քննության ընդունումը մերժելու`«Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 1-ին կետով նախատեսված հիմք.

2.2. դիմողի կողմից վիճարկվող դրույթներից` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 404-րդ հոդվածի 4-րդ մասի, 407-րդ հոդվածի 5-րդ մասի, 414.1-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի սահմանադրականության վերաբերյալ առկա է 2015թ. մարտի 17-ի ՍԴՈ-1196 որոշումը, ինչը, համաձայն «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 3-րդ կետի, անհատական դիմումի քննության ընդունումը մերժելու հիմք է հանդիսանում:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 1-ին, 3-րդ, 6-րդ կետերով, ինչպես նաև 69-րդ հոդվածի 7- րդ մասով` ՀՀ սահմանադրական դատարանի թիվ 2 դատական կազմը

Ո Ր Ո Շ Ե Ց.

Քաղաքացի Սուսաննա Փոթոյանի անհատական դիմումով գործի քննության ընդունումը մերժել:

Նախագահող`

Անդամներ`

23 մարտի 2015 թվականի

ՍԴԴԿՈ/2-12

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
23 մարտի, 2015 թ.
Գործի #:
ՍԴԴԿՈ/2-12
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել