ԱՐՇԱԿ ԱՐՇԱԿՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ-86)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքներըԱմփոփում
Ընդ.՝ 28 սեպտեմբերի 2026թ. ՍԴԴԿՈ - 86 | ԱՐՇԱԿ ԱՐՇԱԿՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ ՈՐՈՇՈՒՄ
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Քաղ. Երևան 28 սեպտեմբերի 2026 թ.
Սահմանադրական դատարանի դատական կազմը`
Նախագահությամբ՝ Է. Շաթիրյանի
Անդամակցությամբ՝ Ս. Սաֆարյանի
Վ. Վարդանյանի
Քննության առնելով Արշակ Արշակյանի
անհատական դիմումի ընդունելիության հարցը,
ՊԱՐԶԵՑ.
1. Արշակ Արշակյանի (այսուհետ՝ Դիմող) դիմումը (ներկայացուցիչ՝ փաստաբան Աշոտ Թորոսյան) Սահմանադրական դատարան է մուտքագրվել 2026 թվականի սեպտեմբերի 18-ին, որով Դիմողը խնդրել է.
«- Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 385-րդ հոդվածի 1.1 մասը ճանաչել ՀՀ Սահմանադրության 61-րդ, 63-րդ և 73-րդ հոդվածներին հակասող և անվավեր»:
2. Դիմողը, ներկայացնելով թիվ ԵԴ/51453/02/22 քաղաքացիական գործի դատավարական նախապատմությունը, գտնում է, որ վիճարկվող դրույթը հակասում է Սահմանադրության 4, 61, 63, 73, 78 և 79-րդ հոդվածներին, քանի որ օրենսդիրն ընթացիկ դատական վարույթի ընթացքում ընդունել է այնպիսի իրավակարգավորում, որը ոչ միայն հետադարձ ուժով կիրառելի է դարձրել նոր դատավարական կանոնները, այլև կանխորոշել է դատարանի կողմից կայացվելիք դատական ակտի բովանդակությունը՝ դրանով իսկ միջամտելով արդարադատության իրականացման գործընթացին:
Դիմողը գտնում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 385-րդ հոդվածում կատարված՝ խնդրո առարկա փոփոխություններով օրենսդիրը գիտակցաբար միջամտել է արդեն ընթացող դատավարություններին՝ փոխելով դրանց ընթացքը կարգավորող կանոնները: Հավելելով՝ Դիմողը պնդում է, որ վիճարկվող դրույթը ոչ թե կարգավորում է ապագա իրավահարաբերությունները, այլ անմիջական ազդեցություն է գործում արդեն ընթացող դատական վարույթի վրա: Նման իրավակարգավորումը, ըստ Դիմողի, իր էությամբ օրենսդրի միջամտություն է արդարադատության իրականացման գործընթացին:
Դիմողի պնդմամբ՝ եթե օրենսդիրն իր նորմաստեղծ գործունեությունն իրականացնում է ոչ թե իրավակարգավորման ընդհանուր նպատակներով, այլ ընթացող դատավարության ընթացքում պետության՝ որպես դատավարության կողմի դիրքը բարելավելու նպատակով, ապա նման միջամտությունն անհամատեղելի է իշխանությունների բաժանման սկզբունքի, դատարանի անկախության, արդար դատաքննության իրավունքի և իրավունքի գերակայության սկզբունքի հետ, որոնք ամրագրված են Սահմանադրության 4, 61 և 63-րդ հոդվածներով, ինչպես նաև «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածով:
Դիմողը նշում է, որ վիճարկվող իրավակարգավորմանը հետադարձ ուժ տալով՝ օրենսդիրը դրա գործողությունը տարածել է նաև մինչև 2026 թվականի մարտի 4-ին ընդունված՝ «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-93-Ն օրենքի ուժի մեջ մտնելը քննվող և արդեն Վերաքննիչ դատարանի վարույթում գտնվող գործերի նկատմամբ։ Արդյունքում, ըստ Դիմողի, իր նկատմամբ կիրառվել է այնպիսի իրավակարգավորում, որը դատավարությունը սկսվելու և հայցի ապահովման միջոցի կիրառման պահին գործող օրենսդրությամբ նախատեսված չէր։ Ընդ որում, Դիմողի պնդմամբ՝ վիճարկվող դրույթին հետադարձ ուժ տալը կրել է ոչ թե ձևական կամ տեխնիկական, այլ իր իրավական վիճակը վատթարացնող բնույթ:
Դիմողը գտնում է, որ «վիճարկվող իրավակարգավորման հետադարձ կիրառումը ոչ միայն փոփոխել է գործող դատավարական կարգավորումը, այլև վատթարացրել է դիմողի իրավական վիճակը, սահմանափակել է նախկինում գործող օրենսդրության հիման վրա ձեռք բերված դատավարական իրավունքների արդյունավետ իրացումը և խախտել իրավական անվտանգության ու լեգիտիմ ակնկալիքների սկզբունքները։ Ավելին, սույն դեպքում հետադարձ ուժով գործող իրավակարգավորումը կիրառվել է այնպիսի դատավարության նկատմամբ, որտեղ պետությունն ինքն է հանդիսանում պատասխանող կողմ։
Նման պայմաններում օրենսդրի կողմից ընթացող դատավարության ընթացքում պետության դատավարական դիրքը բարելավող իրավակարգավորման ընդունումն ու դրա հետադարձ կիրառումը հակասում են ոչ միայն ՀՀ Սահմանադրության 73-րդ հոդվածին, այլև Սահմանադրության 61-րդ և 63-րդ հոդվածներով երաշխավորված արդյունավետ դատական պաշտպանության և անկախ ու անաչառ դատարանի կողմից արդար դատաքննության իրավունքներին»:
3. Ուսումնասիրելով սույն անհատական դիմումը և կից ներկայացված դատական ակտերը, ինչպես նաև ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի (այսուհետ նաև՝ Սահմանադրական օրենք) 29 և 69-րդ հոդվածների պահանջներով` Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ սույն անհատական դիմումով գործի քննությունը ենթակա է մերժման՝ ներքոնշյալ հիմքով և պատճառաբանությամբ.
Սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի համաձայն՝ Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին աշխատակարգային որոշում է ընդունում նույն օրենքի 69-րդ հոդվածով նախատեսված այլ դեպքերում:
Սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` անհատական դիմումներով գործի քննությունը կարող է մերժվել նաև այն դեպքում, երբ անհատական դիմումն ակնհայտ անհիմն է։
Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի համաձայն՝ Սահմանադրական դատարան կարող է դիմել յուրաքանչյուր ոք՝ կոնկրետ գործով, երբ առկա է դատարանի վերջնական ակտը, սպառվել են դատական պաշտպանության բոլոր միջոցները, և վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման՝ հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը:
Սահմանադրության հիշյալ դրույթն իր ամրագրումն է ստացել նաև Սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասում, որը սահմանում է այն հիմքերը, որոնց միաժամանակյա առկայության պարագայում ֆիզիկական կամ իրավաբանական անձը կոնկրետ գործով անհատական դիմում կարող է ներկայացնել Սահմանադրական դատարան։ Դրանք են՝
ա) երբ կոնկրետ գործով առկա է դատարանի վերջնական ակտը,
բ) երբ սպառվել են ներպետական դատական պաշտպանության բոլոր միջոցները,
գ) երբ վիճարկվում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման՝ հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը:
Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` անհատական դիմումը պետք է հղումներ պարունակի նորմատիվ իրավական ակտի այն դրույթներին, որոնց սահմանադրականությունը վիճարկվում է, և հիմնավորումներ, որ նորմատիվ իրավական ակտի հակասությունը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման` հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը:
Սահմանադրական դատարանը 2009 թվականի մարտի 17-ի ՍԴԱՈ-21 աշխատակարգային որոշմամբ արձանագրել է. «(…) անհատական դիմումն ակնհայտ անհիմն է, երբ, թեև դրանում բարձրացված հարցը ենթակա է սահմանադրական դատարանի քննությանը, այնուամենայնիվ, դիմումում չեն բերվում բավարար իրավական փաստարկներ այն հիմնավորելու համար»:
Սահմանադրական դատարանը վերոնշյալ աշխատակարգային որոշմամբ նաև արձանագրել է. «(…) դիմողը պետք է փորձի բավարար կերպով իրավաբանորեն հիմնավորել, թե իր սահմանադրական որ իրավունքներն են խախտվել և ինչ անմիջական պատճառահետևանքային կապ է առկա վիճարկվող օրինադրույթի և իր իրավունքների խախտման փաստի միջև: Նշված պահանջին համապատասխան՝ դիմողը պետք է նաև դիմումում առաջադրված հարցի հիմքում ներկայացնի իրավաբանորեն փաստված հանգամանքներ և նյութեր (…)»։
Սահմանադրական դատարանի դատական կազմը փաստում է, որ Սահմանադրական դատարան ներկայացված անհատական դիմումի հիմնավորված լինելու պահանջը չի կարող պահպանված համարվել բոլոր այն դեպքերում, երբ դիմողը պարզապես հղում է կատարում Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված որևէ հիմնական իրավունքի և (կամ) ազատության՝ առանց ներկայացնելու բավարար հիմնավորումներ վիճարկվող օրինադրույթի և համապատասխան հիմնական իրավունքի և (կամ) ազատության ենթադրյալ խախտման փաստի միջև անմիջական պատճառահետևանքային կապի առկայության վերաբերյալ:
Սահմանադրական դատարանի 2022 թվականի հուլիսի 12-ի ՍԴԱՈ-126 աշխատակարգային որոշմամբ արձանագրված է. «(...) անձը պետք է անհատական դիմումի շրջանակներում ուղղակիորեն մատնանշի և հիմնավորի վիճարկվող նորմատիվ իրավական ակտի կոնկրետ դրույթի և Սահմանադրության 2-րդ գլխում բովանդակվող իր հիմնական իրավունքի և/կամ ազատության ենթադրյալ հակասության անմիջական պատճառահետևանքային կապը: Այլ կերպ ասած՝ վիճարկվող դրույթի ենթադրյալ հակասահմանադրականությունը պետք է ուղղակիորեն հանգեցնի Սահմանադրության 2-րդ գլխով երաշխավորված որևէ հիմնական իրավունքի և/կամ ազատության խախտման/սահմանափակման: Այս առնչությամբ Սահմանադրական դատարանը հարկ է համարում շեշտադրել, որ Սահմանադրության 2-րդ գլխում բովանդակվող սահմանադրաիրավական սկզբունքներին վիճարկվող իրավանորմերի հակասությունը սահմանադրաիրավական իմաստով չի կարող անհատական գանգատարկման առարկա դառնալ, եթե վերջնարդյունքում չի հանգեցնում անձի՝ Սահմանադրության 2-րդ գլխով նախատեսված հիմնական իրավունքի և/կամ ազատության խախտման/սահմանափակման»:
Դիմողը սույն անհատական դիմումի շրջանակներում բարձրացրել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 385-րդ հոդվածի 1.1-ին մասի՝ հաշվի առնելով իրավակիրառ պրակտիկայում դրան տրված մեկնաբանությունը, Սահմանադրության 4, 61, 63, 73, 78 և 79-րդ հոդվածներին համապատասխանության հարցը: Այդ համատեքստում Դիմողը, նշելով, որ իրավակիրառ պրակտիկայում վիճարկվող դրույթին տրված մեկնաբանությունը հակասում է Սահմանադրության վերոնշյալ հոդվածներին, բավարար հիմնավորումներ չի ներկայացրել իր՝ Սահմանադրության 2-րդ գլխով ամրագրված հիմնական իրավունքների խախտման փաստի, հետևաբար՝ վիճարկվող դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանության և համապատասխան հիմնական իրավունքների ենթադրյալ խախտման փաստի միջև անմիջական պատճառահետևանքային կապի առկայության վերաբերյալ։
Սահմանադրական դատարանի դատական կազմը նկատում է, որ թիվ ԵԴ/51453/02/22 քաղաքացիական գործով Վերաքննիչ քաղաքացիական դատարանի 2026 թվականի ապրիլի 10-ի՝ «Հայցի ապահովման միջոցը վերացնելու վերաբերյալ միջնորդությունը բավարարելու մասին» որոշմամբ արձանագրված է. «(...) սույն գործով հայցի ապահովման միջոցները կիրառվել են այնպիսի վեճի շրջանակներում, որը ծագել է հանրության գերակա շահերի հիմքով սեփականության օտարման գործընթացից: (...):
(...) գործի քննության ընթացքում Դատարանի կողմից ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի (մինչև 07.02.2024 թվականի ՀՕ-82-Ն օրենքն ուժի մեջ մտնելը գործող խմբագրությամբ) 303-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի հիման վրա կիրառվել է արագացված դատաքննություն, և 02.02.2026թ. կայացված վճռով հայցը մերժվել է՝ այն ակնհայտ անհիմն լինելու հիմքով: Այսպիսով, առկա է նաև օրենքով պահանջվող երկրորդ պայմանը, այն է՝ բողոքարկվող դատական ակտով հայցը մերժվել է արագացված դատաքննության կիրառմամբ:
(...) ուստի նկատի ունենալով նաև, որ առկա է պատասխանողի կողմից ներկայացված համապատասխան միջնորդություն, Վերաքննիչ դատարանը գալիս է այն եզրահանգման, որ սույն պարագայում կիրառման է ենթակա ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 385-րդ հոդվածի 1.1-ին մասով սահմանված օրենսդրական նոր կարգավորումը, որի պայմաններում կիրառված հայցի ապահովման միջոցների պահպանումն այլևս իրավաչափ չէ»:
Դիմողի կողմից վկայակոչված՝ Սահմանադրության 78 և 79-րդ հոդվածների առնչությամբ Սահմանադրական դատարանի դատական կազմն արձանագրում է, որ Սահմանադրության հիշյալ հոդվածների բովանդակությունից բխում է, որ կոնկրետ վերահսկողության պարագայում դրանք չեն կարող դառնալ առանձին քննարկման առարկա, այլ կարող են դիտարկվել միայն որևէ հիմնական իրավունքի և (կամ) ազատության սահմանափակման լույսի ներքո:
Դիմողի կողմից վկայակոչված՝ Սահմանադրության 4-րդ հոդվածի առնչությամբ հարկ է նշել, որ հիշյալ հոդվածն արտացոլված է Սահմանադրության՝ «Սահմանադրական կարգի հիմունքները» վերտառությամբ 1-ին գլխի ներքո: Մինչդեռ կոնկրետ վերահսկողության շրջանակներում նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը վիճարկելիս անհրաժեշտ է բավարար հիմնավորումներ ներկայացնել, որ վիճարկվող դրույթը (իրավակիրառ պրակտիկայում դրան տրված մեկնաբանությունը) հանգեցրել է (են) Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված որևէ հիմնական իրավունքի և (կամ) ազատության խախտման:
Հաշվի առնելով վերոնշյալը՝ Սահմանադրական դատարանի դատական կազմը եզրահանգում է, որ սույն անհատական դիմումով գործի քննությունը ենթակա է մերժման՝ Սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի և 69-րդ հոդվածի 5-րդ մասի հիման վրա՝ դիմումի ակնհայտ անհիմն լինելու հիմքով:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով, ինչպես նաև 69-րդ հոդվածի 1-ին, 2 և 5-րդ մասերով՝ Սահմանադրական դատարանի դատական կազմը
ՈՐՈՇԵՑ.
Արշակ Արշակյանի անհատական դիմումով գործի քննությունը մերժել:
Նախագահող՝ Է. Շաթիրյան
Անդամներ՝ Ս. Սաֆարյան
Վ. Վարդանյան
28 սեպտեմբերի 2026 թվականի
ՍԴԴԿՈ-86
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 28 սեպտեմբերի, 2026 թ.
- Գործի #:
- ՍԴԴԿՈ-86
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
