ԲԱԳՐԱՏԻՈՆ ԴԱՐԲԻՆՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ-69)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքներըԱմփոփում
Ընդ.՝ 9 դեկտեմբերի 2022թ. ՍԴԴԿՈ - 69 | ԲԱԳՐԱՏԻՈՆ ԴԱՐԲԻՆՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ ՈՐՈՇՈՒՄ
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Քաղ. Երևան 9 դեկտեմբերի 2022 թ.
Սահմանադրական դատարանի դատական կազմը
Նախագահությամբ Ե. Խունդկարյանի
Անդամակցությամբ Է. Շաթիրյանի
Ա. Վաղարշյանի
Քննության առնելով Բագրատիոն Դարբինյանի անհատական դիմումի ընդունելիության հարցը,
ՊԱՐԶԵՑ.
1. Բագրատիոն Դարբինյանը, դիմելով Սահմանադրական դատարան (դիմումը Սահմանադրական դատարան է մուտքագրվել 2022 թվականի նոյեմբերի 25-ին), խնդրել է հետևյալը. «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 102-րդ հոդվածի 8-րդ մասում ամրագրված «Եթե հիմնական պահանջից բացի, ներկայացված են ածանցյալ պահանջներ, որոնք հիմնական պահանջի բավարարման դեպքում ենթակա են անվերապահ բավարարման, ապա ածանցյալ պահանջների համար պետական տուրք չի գանձվում» նորմի «անվերապահ» ձևակերպումը ճանաչել (…) ՀՀ սահմանադրության 75-րդ, 79-րդ հոդվածներին, ՀՀ սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասով ամրագրված արդյունավետ դատական պաշտպանության և 63-րդ հոդվածի 1-ին մասով ամրագրված արդար դատաքննության իրավունքներին հակասող և անվավեր»։
2. Դիմողը նշում է, որ վիճարկվող ձևակերպումն իրավակիրառ մարմինների, դատական պաշտպանություն հայցող անձանց համար ստեղծել է այնպիսի իրավիճակ, երբ վերջիններս չեն կարողանում իրենց վարքագիծը համապատասխանեցնել տվյալ ձևակերպմանը, քանի որ այն հստակ և կանխատեսելի չէ, որպիսի պայմաններում չեն ապահովվում արդյունավետ դատական պաշտպանության և արդար դատաքննության իրավունքները։ Ըստ դիմողի ներկայիս կարգավորման պայմաններում հնարավոր է գործը վարույթ ընդունելիս կանխատեսելի չլինի ածանցյալ պահանջի անվերապահ բավարարման հանգամանքը, և դա ի հայտ գա ակտ կայացնելիս։ Օրինակ եթե ածանցյալ պահանջը լինի դրամական, հնարավոր է, որ դատարանն այն նախապես համարի ածանցյալ, ապա դիմողի վրա դրվի պետական տուրք վճարելու պարտականություն, ինչը կանխատեսելի չի եղել դիմողի համար։ Դիմողը նշում է նաև, որ դատարանները վիճարկվող դրույթը կիրառում են այն տրամաբանությամբ, որ եթե պահանջը նախնական փուլում համարվել է անվերապահ բավարարման ենթակա, ապա պետք է անհերքելիորեն բավարարվի թեկուզև դիմող կողմի համար անկանխատեսելիորեն դնելով պետական տուրքի վճարման բեռ, որի մասին նա չգիտեր և, ավելին, չէր էլ կարող պատկերացնել։ Դիմողի գնահատմամբ վիճարկվող ձևակերպումը դատական յուրաքանչյուր ատյանի կողմից կիրառվում է կամայականորեն։ Օրինակ սույն գործի պարագայում դիմողի համար որոշակի չի եղել, որ գործի քննության վերջում վերադաս դատական ատյաններում բողոքարկման իրավունքն իրացնելիս կարող է բախվել մի իրավիճակի, երբ ստիպված կլինի կրել իր համար ոչ կանխատեսելի որոշակի պարտականություններ։ Դիմողը պնդում է, որ եթե ձևակերպումը կանխատեսելիության տեսանկյունից խնդրահարույց չլիներ, ինքը հստակորեն կկանխատեսեր, թե ինչ պարտականություններ կարող են իր վրա դրվել, և հնարավոր է նման պայմաններում, օրինակ, չհայցեր դատական պաշտպանություն։
3. Ելնելով դիմումի և կից փաստաթղթերի ուսումնասիրությունից, ինչպես նաև ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ և 69-րդ հոդվածների պահանջներով` Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ սույն անհատական դիմումով գործի քննությունը ենթակա է մերժման հետևյալ պատճառաբանությամբ. Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի համաձայն Սահմանադրական դատարան կարող է դիմել յուրաքանչյուր ոք կոնկրետ գործով, երբ առկա է դատարանի վերջնական ակտը, սպառվել են դատական պաշտպանության բոլոր միջոցները և վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը։ Համանման կարգավորում է նախատեսում նաև «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասը։ Միաժամանակ, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ և 6-րդ կետերը սահմանում են, որ Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին աշխատակարգային որոշում է ընդունում, եթե դիմողն իրավասու չէ տվյալ հարցով դիմելու Սահմանադրական դատարան, ինչպես նաև նույն օրենքի 69-րդ հոդվածով նախատեսված այլ դեպքերում: «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն անհատական դիմումներով գործի քննությունը կարող է մերժվել նաև այն դեպքերում, երբ անհատական դիմումն ակնհայտ անհիմն է, կամ դիմողը չի սպառել դատական պաշտպանության բոլոր միջոցները, կամ լրացել է Սահմանադրական դատարան դիմելու համար նույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված վեցամսյա ժամկետը: Սահմանադրական դատարանի դատական կազմն արձանագրում է, որ միայն ներքոգրյալ հիմքերի միաժամանակյա առկայության դեպքում ֆիզիկական կամ իրավաբանական անձը կոնկրետ գործով անհատական դիմում կարող է ներկայացնել Սահմանադրական դատարան.
1) երբ կոնկրետ գործով առկա է դատարանի վերջնական ակտը,
2) երբ սպառվել են ներպետական դատական պաշտպանության բոլոր միջոցները,
3) երբ վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը: Հիշատակված որևէ հիմքի բացակայության դեպքում անհատական դիմում ներկայացրած ֆիզիկական կամ իրավաբանական անձը Սահմանադրական դատարան դիմելու համար իրավասու սուբյեկտ չէ (նշված դիրքորոշումն արտացոլված է նաև Սահմանադրական դատարանի 2022 թվականի ապրիլի 1-ի ՍԴԱՈ-64 աշխատակարգային որոշման մեջ)։
4. ՀՀ Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը 2021 թվականի դեկտեմբերի 17-ին վճռել է Բագրատիոն Էդուարդի Դարբինյանի հայցադիմումն ընդդեմ «Ամերիաբանկ» ՓԲԸ-ի` պայմանագրերը լուծելու և հետևանքներ կիրառելու պահանջների մասին, բավարարել մասնակի (թիվ ԼԴ/4552/02/19 քաղաքացիական գործ): Բագրատիոն Դարբինյանը նշված վճիռը բողոքարկել է վերաքննության կարգով, որպիսի բողոքի քննության արդյունքում ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 2022 թվականի ապրիլի 8-ի որոշմամբ վերաքննիչ բողոքը բավարարվել է մասնակի։ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի քննարկվող որոշման դեմ Բագրատիոն Դարբինյանը բերել է վճռաբեկ բողոք, որը ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 2022 թվականի հունիսի 20-ի որոշմամբ վերադարձվել է այն պատճառաբանությամբ, որ «(…) պետական տուրքը կազմում է 60.000 ՀՀ դրամ երեք ոչ դրամական բնույթի հիմնական պահանջների համար և 1.000.000 ՀՀ դրամ (…) դրամական բնույթի պահանջի համար, մինչդեռ վճարված է 20.000 ՀՀ դրամ և առկա չէ միջնորդություն` պետական տուրքի չվճարված մասով որևէ արտոնություն սահմանելու վերաբերյալ»։ Միաժամանակ նույն որոշմամբ նշված թերությունը շտկելու և վճռաբեկ բողոքը կրկին ներկայացնելու համար սահմանվել է հնգօրյա ժամկետ` որոշումը ստանալու պահից: Սահմանադրական դատարանի դատական կազմը փաստում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 5-րդ հոդվածը սահմանում է քաղաքացիական գործերով դատարանի կողմից կայացվող եզրափակիչ և միջանկյալ դատական ակտերը։ Մասնավորապես նշված հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի համաձայն եզրափակիչ դատական ակտեր են Վճռաբեկ դատարանի վերաքննիչ դատարանի եզրափակիչ դատական ակտերի դեմ բերված բողոքի քննության արդյունքով կայացրած, ինչպես նաև վճռաբեկ բողոքն առանց քննության թողնելու, վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու, վճռաբեկ վարույթը կարճելու մասին որոշումները, իսկ նույն հոդվածի 3-րդ մասը սահմանում է, որ միջանկյալ դատական ակտեր են նույն հոդվածի 2-րդ մասում չնշված որոշումները, որոնք կայացվում են առանձին ակտի ձևով կամ արձանագրային որոշմամբ: Փաստորեն, 2022 թվականի հունիսի 20-ին վերադարձնելով Բագրատիոն Դարբինյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը կայացրել է միջանկյալ դատական ակտ, որից հետո Բագրատիոն Դարբինյանը չի օգտվել վճռաբեկ բողոքը կրկին ներկայացնելու իր իրավունքից։ Նման պայմաններում Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ դիմողը չի սպառել ներպետական դատական պաշտպանության բոլոր միջոցները նկատի ունենալով այն հանգամանքը, որ հիշատակված պատճառաբանությամբ ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը վերադարձրել է ներկայացված վճռաբեկ բողոքը, իսկ Բագրատիոն Դարբինյանը վճռաբեկ բողոքը կրկին չի ներկայացրել, որպիսի պայմաններում դիմողն իր գործողությունների հետևանքով, ըստ էության, չի իրացրել վճռաբեկ ատյանում դատական պաշտպանության օրենսդրությամբ երաշխավորված իր իրավունքը: Նման պայմաններում Բագրատիոն Դարբինյանը չի ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ ներպետական դատական պաշտպանության բոլոր միջոցներից օգտվելու համար։ Հետևաբար` Սահմանադրական դատարանի դատական կազմն արձանագրում է, որ դիմողն իրավասու չէ դիմելու Սահմանադրական դատարան, քանի որ չի սպառել ներպետական դատական պաշտպանության բոլոր միջոցները, որպիսի պայմաններում սույն գործի քննությունը ենթակա է մերժման «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ և 6-րդ կետերի և 69-րդ հոդվածի 5-րդ մասի հիմքով։ Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ և 6-րդ կետերով և 69-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջներով Սահմանադրական դատարանի դատական կազմը
ՈՐՈՇԵՑ.
Բագրատիոն Դարբինյանի անհատական դիմումով գործի քննությունը մերժել:
9 դեկտեմբերի 2022 թվականի
ՍԴԴԿՈ-69
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 9 դեկտեմբերի, 2022 թ.
- Գործի #:
- ՍԴԴԿՈ-69
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
