Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/ԻՇԽԱՆ ԹԱՄԱԶՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

ԻՇԽԱՆ ԹԱՄԱԶՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Սահմանադրական դատարանՍԴԴԿՈ-3424 հուլիսի, 2025 թ.Բնօրինակ աղբյուր
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ-34)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքները

Ամփոփում

Ընդ.՝ 24 հուլիսի 2025թ. ՍԴԴԿՈ - 34 | ԻՇԽԱՆ ԹԱՄԱԶՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Ամբողջ Տեքստ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ

ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ ՈՐՈՇՈՒՄ

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Քաղ. Երևան 24 հուլիսի 2025 թ.

Սահմանադրական դատարանի դատական կազմը`

Նախագահությամբ՝ Հ. Թովմասյանի

Անդամակցությամբ՝ Ա. Վաղարշյանի

Հ. Հովակիմյանի

Քննության առնելով Իշխան Թամազյանի անհատական դիմումի

ընդունելիության հարցը,

ՊԱՐԶԵՑ.

1. Իշխան Թամազյանի (այսուհետ՝ Դիմող, ներկայացուցիչ՝ փաստաբան Գևորգ Մաթոսյան) դիմումը Սահմանադրական դատարան է մուտքագրվել 2025 թվականի հուլիսի 14-ին, որով Դիմողը խնդրել է. «(...) որոշել․

1. «Նոտարիատի մասին» ՀՀ օրենքի 48-րդ հոդվածի 2-րդ մասի համապատասխանությունը ՀՀ Սահմանադրության 1-ին, 60-րդ, 75-րդ և 79-րդ հոդվածներին։

2. ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 2476.-րդ հոդվածի համապատասխանությունը ՀՀ Սահմանադրության 75-րդ, 79-րդ և 39-րդ հոդվածներին»։

2. Ներկայացնելով թիվ ՎԴ/0464/05/17 վարչական գործի, ինչպես նաև թիվ ԵԴ/35610/02/22 քաղաքացիական գործի դատավարական նախապատմությունները՝ Դիմողը նշում է, որ սույն անհատական դիմումով վիճարկում է «Նոտարիատի մասին» օրենքի 48-րդ հոդվածի 2-րդ մասի համապատասխանությունը Սահմանադրության 60, 75 և 79-րդ հոդվածներին այնքանով, որքանով նոտարը լիազորված անձի լիազորությունների շրջանակը որոշելիս պետք է ելնի լիազորագրի բառերի և արտահայտությունների տառացի նշանակությունից, իսկ տառացի նշանակության բացահայտ չլինելու կամ անհրաժեշտ լիազորությունը լիազորագրում նշված չլինելու դեպքում՝ լիազորությունների շրջանակը բացահայտի (մեկնաբանելով) լիազորողի իրական կամքը: Միաժամանակ, Դիմողը նշում է, որ սույն անհատական դիմումով վիճարկում է նաև 1998 թվականի հունիսի 17-ին ընդունված և 2018 թվականի ապրիլի 9-ին ուժը կորցրած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի (այսուհետ նաև՝ Քաղաքացիական դատավարության նախկին օրենսգիրք) 2476-րդ հոդվածի 1-ին մասի համապատասխանությունը Սահմանադրության 39, 75 և 79-րդ հոդվածներին այնքանով, որքանով ամուսնալուծության օտարերկրյա դատական ակտը Հայաստանի Հանրապետությունում ճանաչելու անհրաժեշտ կազմակերպական կառուցակարգեր և ընթացակարգեր չի պարունակում, և որոշակի չէ ամուսնալուծության դատական ակտի կատարում պահանջելու/չպահանջելու հարցը:

Դիմողը, անդրադառնալով վիճարկվող՝ «Նոտարիատի մասին» օրենքի 48-րդ հոդվածի 2-րդ մասին, գտնում է, որ նշված դրույթով կարգավորվում են լիազորված անձի լիազորությունների շրջանակը նոտարի կողմից որոշելու կառուցակարգերը, սակայն խնդրո առարկա դրույթով սահմանված կարգավորումն իր հասցեատերերի համար չի ապահովում իրավունքների և ազատությունների արդյունավետ իրականացում այնքանով, որքանով իրավակիրառ պրակտիկայում տարընթերցումների տեղիք է տալիս և հանգեցրել է իր՝ Սահմանադրությամբ երաշխավորված՝ սեփականության, այդ թվում՝ ժառանգելու իրավունքի խախտման: Դիմողը նաև գտնում է, որ տվյալ իրավակարգավորումը հակասում է Սահմանադրության 1-ին, 75 և 79-րդ հոդվածներին:

Դիմողի պնդմամբ՝ լիազորագրի տառացի նշանակությունը բացահայտ չլինելու, բազմիմաստ լիազորություն բովանդակող լիազորագրի դրույթի առկայության, անհրաժեշտ լիազորությունը լիազորագրում նշված չլինելու դեպքերում վիճարկվող տվյալ դրույթին իրավակիրառ պրակտիկայում փաստացի տրվել է մեկնաբանություն առ այն, որ լիազորությունների շրջանակը նոտարը պետք է բացահայտի լիազորողի իրական կամքի բացահայտմամբ: Ըստ Դիմողի՝ նշված նորմի սահմանադրականության հարց չէր առաջանա, եթե ՀՀ վարչական, վերաքննիչ վարչական և վճռաբեկ դատարանների կողմից կայացված դատական ակտերով նույն նորմի վերաբերյալ չտրվեին միմյանցից տարբերվող իրավական մեկնաբանություններ:

Դիմողը գտնում է, որ «ձևակերպել» եզրույթն անգամ բառարանային մեկնաբանությամբ ունի բազմիմաստ նշանակություն, սակայն դրանցից ոչ մեկը միանշանակ չի արտացոլում ժառանգությունն ընդունելու համար նոտարին դիմում հանձնելու լիազորության առկայությունը։ Բացի դրանից, ըստ Դիմողի՝ առանց սուբյեկտիվ մեկնաբանման «ձևակերպել» եզրույթի բառացի և տառացի նշանակությունը չի նույնացվում «ընդունել» եզրույթի նշանակության հետ, իսկ վիճարկվող խնդրո առարկա դրույթի համաձայն՝ անդեմ, անիմաստ գործողություններ կատարելու կամ գործարքներ կնքելու լիազորություններ չբովանդակող կամ բազմիմաստ լիազորություններ բովանդակող լիազորագրերի դրույթները գործարքներ կամ նոտարական այլ գործողություններ կատարելու համար հիմք չեն ընդունվում։ Ավելին, Դիմողի պնդմամբ՝ «ձևակերպել» եզրույթի սուբյեկտիվ մեկնաբանման արդյունքում անձին «ժառանգություն ընդունելու» լիազորություն տալը վիճարկվող դրույթի ուժով արգելված է։

Անդրադառնալով վիճարկվող՝ Քաղաքացիական դատավարության նախկին օրենսգրքի 2476-րդ հոդվածին՝ Դիմողը նշում է, որ թիվ ԵԴ/35610/02/22 քաղաքացիական գործով Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի կողմից կայացված համապատասխան որոշման համաձայն՝ Եզնիկ Թամազյանը և Սիրանուշ Հախվերդյանը ամուսնալուծված են, իսկ նրանց միջև գույքային հարցերը՝ լուծված, ավելին, Եզնիկ Թամազյանի մահվան վկայականում ևս առկա է համապատասխան նշում այն մասին, որ վերջինս ամուսնալուծված է, որպիսի հանգամանքն անտեսվել է: Այս առումով Դիմողը գտնում է, որ վիճարկվող տվյալ դրույթով սահմանված՝ օտարերկրյա պետության դատարանի դատական ակտը Հայաստանի Հանրապետությունում ճանաչելու կարգը համահունչ չէ Սահմանադրության 39, 75 և 79-րդ հոդվածներին, քանի որ չի համապատասխանում որոշակիության սկզբունքին, տարընթերցումների տեղիք է տալիս, որն իրավակիրառ պրակտիկայում անձանց համար առաջացնում է այնպիսի սահմանափակումներ (պարտականություններ), որոնք նախատեսված չեն օրենքներով:

Դիմողը նաև նշում է, որ խնդրո առարկա դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը հանգեցրել է այնպիսի իրավիճակի, երբ շահագրգիռ անձը՝ ինքը, չէր կարող ենթադրել համապատասխան վճռի ճանաչման անհրաժեշտությունը, քանի որ դրա կատարման ենթակա լինելու վերաբերյալ իրավակարգավորումները բացակայում են։ Միաժամանակ, ըստ Դիմողի՝ նույն պատճառով անձը զրկվում է իր՝ սեփականության, այդ թվում՝ ժառանգելու իրավունքի արդյունավետ պաշտպանությունից այն դեպքում, երբ Սիրանուշ Հախվերդյանը, լինելով ամուսնալուծված, հավակնում է ժառանգական իրավունքի, որպիսի իրավունքը դադարել է ամուսնալուծության դատական ակտի կայացման պահից։

Արդյունքում՝ Դիմողը գտնում է, որ Քաղաքացիական դատավարության նախկին օրենսգրքի 2476-րդ հոդվածով սահմանված իրավակարգավորումը որոշակի և կանխատեսելի չէ սուբյեկտների համար, ինչպես նաև չի ապահովում իրավունքի սուբյեկտի և իրավակիրառողի միատեսակ ընկալումը, հետևաբար՝ նշված դրույթը հակասում է Սահմանադրության 39, 75 և 79-րդ հոդվածներին՝ հանգեցնելով Սահմանադրության 3-րդ հոդվածի, ինչպես նաև իր՝ Սահմանադրության 60, 61 և 63-րդ հոդվածներով երաշխավորված իրավունքների խախտման:

3. Ուսումնասիրելով սույն անհատական դիմումը և կից ներկայացված փաստաթղթերը, ինչպես նաև ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի (այսուհետ նաև՝ Սահմանադրական օրենք) 29 և 69-րդ հոդվածների պահանջներով՝ Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ սույն անհատական դիմումով գործի քննությունը ենթակա է մերժման՝ ներքոնշյալ պատճառաբանությամբ:

Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի համաձայն՝ Սահմանադրական դատարան կարող է դիմել յուրաքանչյուր ոք՝ կոնկրետ գործով, երբ առկա է դատարանի վերջնական ակտը, սպառվել են դատական պաշտպանության բոլոր միջոցները և վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման՝ հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը։

Սահմանադրական վերոհիշյալ նորմն իր ամրագրումն է ստացել նաև Սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասում, որտեղ սահմանվում են այն հիմքերը, որոնց միաժամանակյա առկայության պարագայում ֆիզիկական կամ իրավաբանական անձը կոնկրետ գործով կարող է անհատական դիմում ներկայացնել Սահմանադրական դատարան։ Դրանք են՝

ա) երբ կոնկրետ գործով առկա է դատարանի վերջնական ակտը,

բ) երբ սպառվել են ներպետական դատական պաշտպանության բոլոր միջոցները,

գ) երբ վիճարկվում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման՝ հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը:

Սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն՝ Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին աշխատակարգային որոշում է ընդունում, եթե դիմողն իրավասու չէ տվյալ հարցով դիմելու Սահմանադրական դատարան:

Սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի համաձայն՝ Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին աշխատակարգային որոշում է ընդունում սույն օրենքի 69-րդ հոդվածով նախատեսված այլ դեպքերում:

Միաժամանակ, Սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ անհատական դիմումներով գործի քննությունը, ի լրումն նույն օրենքի 29-րդ հոդվածով նախատեսված դեպքերի, կարող է մերժվել նաև այն դեպքում, երբ դիմողը չի սպառել դատական պաշտպանության բոլոր միջոցները:

Սահմանադրական դատարանը 2009 թվականի մարտի 17-ի ՍԴԱՈ-21 աշխատակարգային որոշմամբ արձանագրել է․ «(…) «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 69 հոդվածի 1-ին մասում նշված որևէ պայմանի բացակայության դեպքում անհատական դիմում ներկայացրած ֆիզիկական կամ իրավաբանական անձը սահմանադրական դատարան դիմելու համար իրավասու սուբյեկտ չէ»:

Սահմանադրական դատարանը 2019 թվականի հոկտեմբերի 24-ի ՍԴԴԿՈ-58 դատական կազմի որոշմամբ արձանագրել է, որ՝ «(…) Դատական պաշտպանության բոլոր միջոցները սպառելու սահմանադրական պահանջից բխում է, որ եթե առկա է կամ առկա է եղել որևէ դատական ատյան, որը կարող է (էր) քննել դիմողի կողմից բարձրացված հարցը, սակայն դիմողը չի օգտվել այդ հնարավորությունից, ապա դիմողը չի սպառել դատական պաշտպանության բոլոր միջոցները»:

Վերը ներկայացված դրույթներով ամրագրված կարգավորումները, Սահմանադրական դատարանի վերոնշյալ որոշումներով արտահայտած իրավական դիրքորոշումները համադրելով սույն գործի փաստերի հետ՝ Սահմանադրական դատարանի դատական կազմը եզրակացնում է.

անհատական դիմումի, կից ներկայացված փաստաթղթերի, ինչպես նաև «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգում համապատասխան դատական ակտերի ուսումնասիրության արդյունքում պարզ է դառնում, որ Դիմողը չի իրացրել ներպետական դատական պաշտպանության բոլոր միջոցներն սպառելու սահմանադրական պահանջը:

Մասնավորապես՝ թիվ ՎԴ/0464/05/17 վարչական գործով Վճռաբեկ դատարանը 2024 թվականի դեկտեմբերի 11-ին կայացրել է «Վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին» որոշում, որով արձանագրել է հետևյալը.

«Տվյալ դեպքում վճռաբեկ բողոքին կից ներկայացվել է էլեկտրոնային համակարգով վճարված պետական տուրքի անդորրագրի թղթային տարբերակ։ Այսինքն՝ սույն վճռաբեկ բողոքը ներկայացնելու համար պետական տուրքի վճարումը կատարվել է էլեկտրոնային եղանակով, որի բնօրինակը, վերոգրյալ իրավական ակտի ուժով, գոյություն ունի միայն էլեկտրոնային կրիչի վրա, իսկ ներկայացված պատճենը ստեղծվել է էլեկտրոնային փաստաթղթի ներկայացման արտաքին ձևով` թղթի վրա, սակայն օրենսդրությամբ սահմանված կարգով վավերացված չէ բնօրինակին դրա համապատասխանությունը և չի պարունակում նշում, որ այն համապատասխան էլեկտրոնային փաստաթղթի պատճենն է:

(...)

Հետևաբար Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վերոգրյալ իրավական դիրքորոշումների հաշվառմամբ վճռաբեկ բողոքին կից ներկայացված էլեկտրոնային եղանակով վճարված պետական տուրքի թղթային օրինակը չի կարող համարվել սույն վարչական գործով վճռաբեկ բողոք ներկայացնելու համար պետական տուրքի վճարումը հավաստող պատշաճ ապացույց։

Բացի այդ, վճռաբեկ բողոքին կցված չէ բողոքի պատճենը դատավարության մասնակից՝ երրորդ անձ Սիրանուշ Հախվերդյանին ուղարկելու մասին պատշաճ ապացույցը։

Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վճռաբեկ բողոքը ենթակա է վերադարձման, քանի որ վճռաբեկ բողոքը չի համապատասխանում ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 158-րդ հոդվածի պահանջներին»:

Արդյունքում՝ վերոնշյալ որոշմամբ Վճռաբեկ դատարանը որոշել է.

«(...)

(...) Վերադարձնել թիվ ՎԴ/0464/05/17 վարչական գործով ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 12․09․2024 թվականի (հրապարակված՝ 18․09․2024 թվականին) որոշման դեմ Իշխան Թամազյանի բերած վճռաբեկ բողոքը:

(...) Սույն որոշմամբ նշված սխալները շտկելու և վճռաբեկ բողոքը կրկին բերելու համար սահմանել հնգօրյա ժամկետ` որոշումը ստանալու պահից:

(...) Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և բողոքարկման ենթակա չէ»:

Այսինքն՝ Վճռաբեկ դատարանի վերոնշյալ որոշմամբ Դիմողին իրական հնարավորություն է տրվել որոշումն ստանալու պահից հնգօրյա ժամկետում շտկելու Վճռաբեկ դատարանի կողմից նշված սխալները և կրկին ներկայացնելու վճռաբեկ բողոք՝ ապահովելով դատական պաշտպանության իր սահմանադրական իրավունքի իրացումը:

Այս առումով հարկ է արձանագրել, որ Դիմողը սահմանված ժամկետում կրկին ներկայացրել է վճռաբեկ բողոք, որի կապակցությամբ Վճռաբեկ դատարանը, քննելով վճռաբեկ բողոքը քննության ընդունելու հարցը, 2025 թվականի փետրվարի 5-ին կայացրել է «Վճռաբեկ բողոքն առանց քննության թողնելու մասին» որոշում (հենց նշված որոշումն էլ Դիմողի կողմից սույն անհատական դիմումով ներկայացվել է որպես խնդրո առարկա գործով կայացված վերջնական դատական ակտ):

Վճռաբեկ դատարանը վերոնշյալ որոշմամբ արձանագրել է հետևյալը. «(...) ՀՀ վճռաբեկ դատարանի վարչական պալատի 11․12.2024 թվականի «Վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին» որոշմամբ բերված վճռաբեկ բողոքը վերադարձվել էր այն պատճառաբանությամբ, որ վճռաբեկ բողոքին կցված չէր օրենքով սահմանված կարգով և չափով պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթուղթը, իսկ ինչ վերաբերում էր վճռաբեկ բողոքին կից ներկայացված էլեկտրոնային եղանակով վճարված պետական տուրքի թղթային օրինակին, ապա այն չէր կարող համարվել սույն վարչական գործով վճռաբեկ բողոք ներկայացնելու համար պետական տուրքի վճարումը հավաստող պատշաճ ապացույց, քանի որ դրանում բացակայում էր հաճախորդի կամ նրա լիազոր անձի ստորագրությունը և նշում, որ այն համապատասխան էլեկտրոնային փաստաթղթի պատճենն է: Բացի այդ, վճռաբեկ բողոքին կցված չէր բողոքի պատճենը դատավարության մասնակից՝ երրորդ անձ Սիրանուշ Հախվերդյանին ուղարկելու մասին պատշաճ ապացույցը։

Տվյալ դեպքում բողոք բերած անձը ՀՀ վճռաբեկ դատարանի վարչական պալատի 11․12.2024 թվականի «Վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին» որոշմամբ արձանագրված սխալները շտկել է մասնակիորեն, այն է՝ կրկին ներկայացված վճռաբեկ բողոքին կցվել է օրենքով սահմանված կարգով և չափով պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթուղթը, սակայն բողոք բերած անձը բողոքին կրկին չի կցել բողոքի պատճենը դատավարության մասնակից՝ երրորդ անձ Սիրանուշ Հախվերդյանին ուղարկելու մասին պատշաճ ապացույցը։

Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 160-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետին համապատասխան՝ սույն վճռաբեկ բողոքը պետք է թողնել առանց քննության»:

Այսպիսով, սույն գործի փաստերից ակնհայտ է դառնում, որ Դիմողը, ունենալով Վճռաբեկ դատարանի կողմից սահմանված ժամկետում վկայակոչված սխալները շտկելու և կրկին վճռաբեկ բողոք ներկայացնելու իրական հնարավորություն, կրկին ներկայացրել է վճռաբեկ բողոք, սակայն ամբողջովին չի շտկել Վճռաբեկ դատարանի՝ «Վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին» որոշմամբ արձանագրած սխալները։

Վերոգրյալի հիման վրա Սահմանադրական դատարանի դատական կազմը եզրահանգում է, որ սույն անհատական դիմումով գործի քննությունը ենթակա է մերժման՝ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 2 և 6-րդ կետերով, ինչպես նաև 69-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված՝ դատական պաշտպանության բոլոր միջոցները չսպառելու, Սահմանադրական դատարան դիմելու համար իրավասու սուբյեկտ չլինելու հիմքերով:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 2 և 6-րդ կետերով, ինչպես նաև 69-րդ հոդվածի 5-րդ մասով՝ Սահմանադրական դատարանի դատական կազմը

ՈՐՈՇԵՑ.

Իշխան Թամազյանի անհատական դիմումով գործի քննությունը մերժել:

Նախագահող՝ Հ. Թովմասյան

Անդամներ՝ Ա. Վաղարշյան

Անդամներ՝ Հ. Հովակիմյան

24 հուլիսի 2025 թվականի

ՍԴԴԿՈ-34

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
24 հուլիսի, 2025 թ.
Գործի #:
ՍԴԴԿՈ-34
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել