«ԱՐԹՈՒՐ ԻՍԱԽԱՆՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ «ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ 43 ԵՎ 46-ՐԴ ՀՈԴՎԱԾՆԵՐԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԱՈ-192)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքներըԱմփոփում
Ընդ.՝ 4 սեպտեմբերի 2026թ. ՍԴԱՈ - 192 | «ԱՐԹՈՒՐ ԻՍԱԽԱՆՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ «ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ 43 ԵՎ 46-ՐԴ ՀՈԴՎԱԾՆԵՐԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամբողջ Տեքստ
«ԱՐԹՈՒՐ ԻՍԱԽԱՆՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ «ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ 43 ԵՎ 46-ՐԴ ՀՈԴՎԱԾՆԵՐԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Սահմանադրական դատարանը, քննության առնելով «Արթուր Իսախանյանի դիմումի հիման վրա՝ «Սնանկության մասին» օրենքի 43 և 46-րդ հոդվածների՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի քննությունը մերժելու մասին առաջարկությունը, ՊԱՐԶԵՑ.
1. 2026 թվականի օգոստոսի 10-ին Սահմանադրական դատարան է մուտքագրվել Արթուր Իսախանյանի (այսուհետ՝ Դիմող, ներկայացուցիչ՝ փաստաբան Ալեքսանդր Ծատինյան) դիմումը, որով Դիմողը խնդրել է.
«(...) «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածը՝ իրավակիրառ պրակտիկայում դրան տրված մեկնաբանությամբ, ճանաչել ՀՀ Սահմանադրությանը հակասող և անվավեր»։
2. Ներկայացնելով թիվ ՍնԴ/0137/04/24 սնանկության գործի դատավարական նախապատմությունը՝ Դիմողը նշում է, որ «Սնանկության մասին» օրենքի 46-րդ հոդվածի 8-րդ մասի համաձայն` առարկությունների քննարկման արդյունքում դատարանը որոշում է պահանջի օրինականությունը, չափը, առաջնահերթությունը, ապահովվածությունը և որոշում է կայացնում պահանջների վերջնական ցուցակը հաստատելու մասին: Տվյալ դեպքում, ըստ Դիմողի, ՀՀ դատարանների կողմից չի իրականացվել ներկայացված պահանջի օրինականության, չափի, առաջնահերթության և ապահովվածության պատշաճ գնահատում, քանի որ այն իրականացնելու պարագայում կբացահայտվեր ներկայացված պահանջի անօրինական լինելը, մասնավորապես, այն, որ տվյալ պահանջը ներկայացվել է սահմանված ժամկետից ուշ, և դրա չափը հիմնավորող որևէ փաստաթուղթ չի ներկայացվել։
Դիմողի պնդմամբ՝ Սահմանադրության 28-րդ հոդվածի և 61-րդ հոդվածի 1-ին մասի վերլուծությունից հետևում է, որ յուրաքանչյուր nք ունի արդյունավետ դատական պաշտպանության իրավունք, որը պետք է լինի գործնականում արդյունավետ, ինչպես նաև տվյալ իրավունքն իրացնելիս յուրաքանչյուր ոք դատավարության այլ մասնակիցների հետ պետք է ունենա հավասար իրավունքներ և այդ իրավունքների իրացման հավասար հնարավորություններ։ Դիմողը նշում է, որ «Սնանկության մասին» օրենքի 46-րդ հոդվածը պարտատիրոջ համար նախատեսում է պահանջ ներկայացնելու իրավունք և, միևնույն ժամանակ, համապատասխան պահանջի օրինականությունը և չափը հիմնավորելու պարտականություն։ Ըստ Դիմողի՝ պարտատիրոջ այդ իրավունքին և պարտականությանը համապատասխանում է պարտապանի՝ պահանջի դեմ առարկելու իրավունքը: Այս առումով Դիմողը գտնում է, որ «Սնանկության մասին» օրենքի 46-րդ հոդվածին իրավակիրառ պրակտիկայում տրվել է այնպիսի մեկնաբանություն, որի արդյունքում պատշաճ կերպով քննության առարկա չի դարձել պարտապանի գրավոր առարկությունը, ինչի հետևանքով խախտվել է Սահմանադրության 28-րդ հոդվածով երաշխավորված՝ օրենքի առջև հավասարության սկզբունքը, ինչպես նաև իր՝ Սահմանադրության 61-րդ հոդվածով երաշխավորված՝ արդյունավետ դատական պաշտպանության իրավունքը:
Դիմողը նաև նշում է, որ «Սնանկության մասին» օրենքի 46-րդ հոդվածն իրավակիրառ պրակտիկայում մեկնաբանվում և կիրառվում է Սահմանադրության 28-րդ հոդվածին, 61-րդ հոդվածի 1-ին մասին և 79-րդ հոդվածին հակասող մեկնաբանությամբ, և, ըստ այդմ, որպեսզի պարտապանի դատական պաշտպանության իրավունքը լինի գործնականում արդյունավետ, և պարտապանը պարտատիրոջ հետ իրավունքների իրացման հարցում լինի հավասար, «Սնանկության մասին» օրենքի 46-րդ հոդվածը պետք է մեկնաբանվի և կիրառվի այնպես, որ պարտատիրոջ պահանջի չափը և օրինականությունը գնահատելիս դատարանները չպետք է ղեկավարվեն պահանջի հիմնավորված լինելու կանխավարկածով, և, դրան զուգահեռ, պարտապանի գրավոր առարկությունները պետք է քննության առարկա դառնան պատշաճ իրավական ընթացակարգի պայմաններում, այդ թվում` հատուկ գիտելիքներ պահանջող հարցերի վերաբերյալ պետք է նշանակվեն համապատասխան փորձաքննություններ:
Միաժամանակ, Դիմողը գտնում է, որ «Սնանկության մասին» օրենքի 46-րդ հոդվածին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը հակասում է ոչ միայն Սահմանադրության 61-րդ հոդվածով երաշխավորված՝ արդյունավետ դատական պաշտպանության իրավունքին, այլ նաև Սահմանադրության 63-րդ հոդվածով երաշխավորված՝ արդար դատաքննության իրավունքին:
Դիմողի պնդմամբ՝ «Սնանկության մասին» օրենքի 43 և 46-րդ հոդվածներում առկա իրավական անորոշությունը ՀՀ դատարաններին հնարավորություն չի տվել կայացնելու օրինական դատական ակտ, ինչի հետևանքով ինքը չի կարողացել իրացնել իր իրավունքները:
3. Ելնելով դիմումի և դրան կից ներկայացված փաստաթղթերի ուսումնասիրությունից, ինչպես նաև ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի (այսուհետ նաև՝ Սահմանադրական օրենք) 29 և 69-րդ հոդվածներով՝ Սահմանադրական դատարանը գտնում է, որ սույն անհատական դիմումով գործի քննությունը ենթակա է մերժման՝ հետևյալ պատճառաբանությամբ.
Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի համաձայն՝ Սահմանադրական դատարան կարող է դիմել յուրաքանչյուր ոք՝ կոնկրետ գործով, երբ առկա է դատարանի վերջնական ակտը, սպառվել են դատական պաշտպանության բոլոր միջոցները և վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման՝ հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը:
Սահմանադրական վերոհիշյալ նորմն իր ամրագրումն է ստացել նաև Սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասում, որը սահմանում է այն հիմքերը, որոնց միաժամանակյա առկայության պարագայում ֆիզիկական կամ իրավաբանական անձը կոնկրետ գործով կարող է անհատական դիմում ներկայացնել Սահմանադրական դատարան։ Դրանք են՝
ա) երբ կոնկրետ գործով առկա է դատարանի վերջնական ակտը,
բ) երբ սպառվել են ներպետական դատական պաշտպանության բոլոր միջոցները,
գ) երբ վիճարկվում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման՝ հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը:
Սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի համաձայն՝ Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին աշխատակարգային որոշում է ընդունում սույն օրենքի 69-րդ հոդվածով նախատեսված այլ դեպքերում:
Նույն օրենքի 69-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` անհատական դիմումներով գործի քննությունը, ի թիվս այլնի, կարող է մերժվել նաև այն դեպքերում, երբ անհատական դիմումն ակնհայտ անհիմն է:
Սահմանադրական դատարանը 2009 թվականի մարտի 17-ի ՍԴԱՈ-21 աշխատակարգային որոշմամբ արձանագրել է, որ «(…) անհատական դիմումների քննությունը կարող է մերժվել նաև այն դեպքերում, երբ անհատական դիմումն ակնհայտ անհիմն է:
(…) անհատական դիմումն ակնհայտ անհիմն է, երբ, թեև դրանում բարձրացված հարցը ենթակա է սահմանադրական դատարանի քննությանը, այնուամենայնիվ, դիմումում չեն բերվում բավարար իրավական փաստարկներ այն հիմնավորելու համար»:
Սահմանադրական դատարանը վերը նշված ՍԴԱՈ-21 աշխատակարգային որոշմամբ նաև արձանագրել է, որ «(…) դիմողը պետք է փորձի բավարար կերպով իրավաբանորեն հիմնավորել, թե իր սահմանադրական որ իրավունքներն են խախտվել և ինչ անմիջական պատճառահետևանքային կապ է առկա վիճարկվող օրինադրույթի և իր իրավունքների խախտման փաստի միջև: Նշված պահանջին համապատասխան՝ դիմողը պետք է նաև դիմումում առաջադրված հարցի հիմքում ներկայացնի իրավաբանորեն փաստված հանգամանքներ և նյութեր (…)»:
Միաժամանակ, Սահմանադրական դատարանը 2009 թվականի նոյեմբերի 24-ի ՍԴՈ-839 որոշմամբ իրավական դիրքորոշում է արտահայտել առ այն, որ եթե դիմողի կողմից չի հիմնավորվում վիճարկվող դրույթի և իր իրավունքների ենթադրյալ խախտման փաստի միջև պատճառահետևանքային կապը, ապա տվյալ դիմումն ակնհայտ անհիմն է։
Այս առումով Սահմանադրական դատարանը հարկ է համարում փաստել, որ Սահմանադրական դատարան ներկայացվող անհատական դիմումների հիմնավորված լինելու պահանջը, համաձայն որի՝ դիմողը պետք է հիմնավորի, թե իր սահմանադրական ո՞ր իրավունքն է խախտվել, և ի՞նչ անմիջական պատճառահետևանքային կապ է առկա վիճարկվող օրինադրույթի և իր իրավունքի խախտման միջև, չի կարող պահպանված համարվել բոլոր այն դեպքերում, երբ դիմողը պարզապես հղում է կատարում Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված որևէ հիմնական իրավունքի և (կամ) ազատության՝ առանց ներկայացնելու վիճարկվող օրինադրույթի և իր համապատասխան հիմնական իրավունքի և (կամ) ազատության ենթադրյալ խախտման փաստի միջև պատճառահետևանքային կապի առկայության բավարար հիմնավորումներ:
Սահմանադրական դատարանը 2022 թվականի հուլիսի 12-ի ՍԴԱՈ-126 աշխատակարգային որոշմամբ արձանագրել է, որ «(...) անձը պետք է անհատական դիմումի շրջանակներում ուղղակիորեն մատնանշի և հիմնավորի վիճարկվող նորմատիվ իրավական ակտի կոնկրետ դրույթի և Սահմանադրության 2-րդ գլխում բովանդակվող իր հիմնական իրավունքի և/կամ ազատության ենթադրյալ հակասության անմիջական պատճառահետևանքային կապը: Այլ կերպ ասած՝ վիճարկվող դրույթի ենթադրյալ հակասահմանադրականությունը պետք է ուղղակիորեն հանգեցնի Սահմանադրության 2-րդ գլխով երաշխավորված որևէ հիմնական իրավունքի և/կամ ազատության խախտման/սահմանափակման: Այս առնչությամբ Սահմանադրական դատարանը հարկ է համարում շեշտադրել, որ Սահմանադրության 2-րդ գլխում բովանդակվող սահմանադրաիրավական սկզբունքներին վիճարկվող իրավանորմերի հակասությունը սահմանադրաիրավական իմաստով չի կարող անհատական գանգատարկման առարկա դառնալ, եթե վերջնարդյունքում չի հանգեցնում անձի՝ Սահմանադրության 2-րդ գլխով նախատեսված հիմնական իրավունքի և/կամ ազատության խախտման/սահմանափակման»:
Վերը ներկայացված դրույթներով ամրագրված կարգավորումները, Սահմանադրական դատարանի վերոնշյալ որոշումներով արտահայտած իրավական դիրքորոշումները համադրելով սույն գործի փաստերի հետ՝ Սահմանադրական դատարանը հանգում է հետևյալ եզրակացության.
անհատական դիմումի շրջանակում նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը վիճարկելու պարագայում անհրաժեշտ է բավարար կերպով իրավաբանորեն հիմնավորել, որ վիճարկվող դրույթը (տվյալ դեպքում՝ դրույթները, ինչպես նաև իրավակիրառ պրակտիկայում դրանց տրված մեկնաբանությունը) հանգեցրել է (են) Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված որևէ հիմնական իրավունքի և (կամ) ազատության խախտման, որը սույն պարագայում տեղի չի ունեցել:
Մասնավորապես՝ Դիմողը սույն անհատական դիմումի շրջանակներում վիճարկում է «Սնանկության մասին» օրենքի 43 և 46-րդ հոդվածների (իրավակիրառ պրակտիկայում դրանց տրված մեկնաբանության)՝ Սահմանադրության 28, 61, 63 և 79-րդ հոդվածներին համապատասխանությունը, ինչի կապակցությամբ Սահմանադրական դատարանը հարկ է համարում արձանագրել հետևյալը.
Սահմանադրական դատարանը գտնում է, որ Դիմողը վկայակոչել է վիճարկվող դրույթների (իրավակիրառ պրակտիկայում դրանց տրված մեկնաբանության) հակասությունը Սահմանադրության 61 և 63-րդ հոդվածներով երաշխավորված՝ համապատասխանաբար՝ արդյունավետ դատական պաշտպանության և արդար դատաքննության հիմնական իրավունքներին, սակայն բավարար կերպով իրավաբանորեն չի հիմնավորել իր՝ տվյալ հոդվածներով երաշխավորված որևէ հիմնական իրավունքի խախտման փաստը, հետևաբար և՝ վիճարկվող դրույթների (իրավակիրառ պրակտիկայում դրանց տրված մեկնաբանության) և համապատասխան հիմնական իրավունքի ենթադրյալ խախտման փաստի միջև պատճառահետևանքային կապի անմիջական առկայությունը։ Փոխարենը՝ Դիմողը սահմանափակվել է վիճարկվող դրույթների (իրավակիրառ պրակտիկայում դրանց տրված մեկնաբանության)՝ Սահմանադրության 61 և 63-րդ հոդվածներին հակասելու վերաբերյալ պնդումների պարզապես վկայակոչմամբ:
Անդրադառնալով Դիմողի կողմից վկայակոչված՝ Սահմանադրության 28 և 79-րդ հոդվածներին՝ Սահմանադրական դատարանը հարկ է համարում արձանագրել, որ տվյալ հոդվածների բովանդակությունից բխում է, որ կոնկրետ վերահսկողության պարագայում դրանք ինքնին չեն կարող դառնալ առանձին քննարկման առարկա, այլ կարող են դիտարկվել միայն որևէ հիմնական իրավունքի և (կամ) ազատության սահմանափակման լույսի ներքո:
Այսպիսով, Սահմանադրական դատարանը գտնում է, որ սույն անհատական դիմումով չի հիմնավորվում «Սնանկության մասին» օրենքի 43 և 46-րդ հոդվածների (իրավակիրառ պրակտիկայում դրանց տրված մեկնաբանության) հակասությունը Սահմանադրության 61 և 63-րդ հոդվածներին, հետևաբար և՝ Սահմանադրության 28 և 79-րդ հոդվածներին:
Այսինքն՝ սույն անհատական դիմումն ակնհայտ անհիմն է, ինչը գործի քննությունը Սահմանադրական դատարանի կողմից մերժելու հիմք է:
Ուստի՝ Սահմանադրական դատարանը եզրահանգում է, որ սույն անհատական դիմումով գործի քննությունը Սահմանադրական դատարանի կողմից ենթակա է մերժման՝ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի և 69-րդ հոդվածի 5-րդ մասի հիման վրա՝ դիմումն ակնհայտ անհիմն լինելու հիմքով:
Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով և 69-րդ հոդվածի 5-րդ մասով՝ Սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.
«Արթուր Իսախանյանի դիմումի հիման վրա՝ «Սնանկության մասին» օրենքի 43 և 46-րդ հոդվածների՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի քննությունը մերժել:
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
ՆԱԽԱԳԱՀ Ա. ԴԻԼԱՆՅԱՆ
4 սեպտեմբերի 2026 թվականի
ՍԴԱՈ-192
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 4 սեպտեմբերի, 2026 թ.
- Գործի #:
- ՍԴԱՈ-192
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
