Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/ՍԵՐԻՆԵ ՖԼՋՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

ՍԵՐԻՆԵ ՖԼՋՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Սահմանադրական դատարանՍԴԴԿՈ/1-2431 հոկտեմբերի, 2012 թ.Բնօրինակ աղբյուր
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ/1-24)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքները

Ամփոփում

Ընդ.՝ 31 հոկտեմբերի 2012թ. ՍԴԴԿՈ/1 - 24 | ՍԵՐԻՆԵ ՖԼՋՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Ամբողջ Տեքստ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԹԻՎ

1 ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Ը

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Քաղ. Երևան

31 հոկտեմբերի 2012թ.

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի

թիվ 1 դատական կազմը

Նախագահությամբ Վ. Հովհաննիսյանի

Անդամակցությամբ Հ. Նազարյանի

Ա. Խաչատրյանի

Ուսումնասիրելով քաղաքացի Սերինե Ֆլջյանի անհատական դիմումով գործը քննության ընդունելու մասին հարցը,

Պ Ա Ր Զ Ե Ց.

Համաձայն ՀՀ Սահմանադրության 101-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի քաղաքացի Սերինե Ֆլջյանը 2012թ. հոկտեմբերի 3-ին դիմել է ՀՀ սահմանադրական դատարան խնդրելով.

... 1. «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 68-րդ հոդվածի 15-րդ մասի 2-րդ պարբերությունը իրավակիրառական պրակտիկայի կողմից տրված այն մեկնաբանությամբ, որ ՀՀ սահմանադրական դատարանի կողմից իր որոշման մեջ Սահմանադրությանը հակասող ճանաչված օրենքի իրավաբանական ուժը կորցնելը հետաձգելը, այդ որոշմանը զրկում է նոր հանգամանք լինելուց և հնարավորություն է տալիս Սահմանադրությանը հակասող ճանաչված օրենք պարունակող դատական ակտի ուժի մեջ մնալու համար, ճանաչել ՀՀ Սահմանադրության 3, 18 և 19 հոդվածներին հակասող և անվավեր.

2. ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 204.33-րդ հոդվածի 1-ին մասն այնքանով, որքանով իրավակիրառական պրակտիկայում տարածվում է մինչ այդ դրույթի ընդունումը ՀՀ սահմանադրական դատարանի ընդունած որոշումների վրա, ճանաչել ՀՀ Սահմանադրության 18, 19 և 42 հոդվածներին հակասող և անվավեր։ Դիմումի հեղինակը գտնում է, որ «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 68-րդ հոդվածի 15-րդ մասը, ինչպես նաև ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 204.33-րդ հոդվածի 1-ին մասը իրավակիրառական պրակտիկայում դրանց տրված այն մեկնաբանությամբ, որ ՀՀ սահմանադրական դատարանի կողմից իր որոշման մեջ ՀՀ Սահմանադրությանը հակասող ճանաչված օրենքի իրավաբանական ուժը կորցնելը հետաձգելը, այդ որոշմանը զրկում է նոր հանգամանք լինելուց և հնարավորություն է տալիս Սահմանադրությանը հակասող ճանաչված օրենք պարունակող դատական ակտի ուժի մեջ մնալու համար, հակասում է Սահմանադրության 3, 18 և 19-րդ հոդվածներին, քանի որ անձի իրավունքների դատական պաշտպանությունը, այդ թվում սահմանադրական դատարանում, դարձնում է անարդյունավետ։

Ըստ դիմողի ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 204.33-րդ հոդվածն այն մեկնաբանությամբ, որ իրավակիրառական պրակտիկայում տարածվում է նաև մինչ այդ դրույթի ընդունումը ՀՀ սահմանադրական դատարանի որոշումների վրա, որոնցով որոշման պատճառաբանական մասում փաստվել է, որ օրենքը կիրառվել է դրա սահմանադրաիրավական բովանդակությանը չհամապատասխանող մեկնաբանությամբ, հակասում է Սահմանադրության 18 և 19-րդ հոդվածների, ինչպես նաև 42-րդ հոդվածի այն դրույթին, ըստ որի անձի իրավական վիճակը վատթարացնող օրենքները և այլ իրավական ակտեր հետադարձ ուժ չունեն։

Ելնելով դիմումի և կից փաստաթղթերի ուսումնասիրությունից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 32 և 69-րդ հոդվածների պահանջներով, դատական կազմի կարծիքով գործի քննությունը սահմանադրական դատարանի կողմից ենթակա է մերժման հետևյալ պատճառաբանությամբ.

1. «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 68-րդ հոդվածի 15-րդ մասի 2-րդ պարբերության վերաբերյալ առկա է 11.05.2007թ. ՍԴՈ-701 որոշումը։ Այդ որոշմամբ ՀՀ սահմանադրական դատարանը վիճարկվող իրավադրույթի վերաբերյալ արտահայտել է իրավական դիրքորոշում, համաձայն որի «...վիճարկվող դրույթի իրավական բովանդակությունն ... անհրաժեշտաբար բխում է Սահմանադրության 102 հոդվածի 3-րդ մասի, ինչպես նաև «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 68 հոդվածի 15-րդ մասի առաջին պարբերության դրույթներից։ ... Ինչ վերաբերում է նոր հանգամանքներով քաղաքացու իրավունքների պաշտպանության հնարավորությանը, ապա այն առաջ է գալիս սահմանադրական դատարանի որոշմամբ իրավական ակտի կամ դրա որևէ դրույթի իրավական ուժը կորցնելու, այսինքն հետաձգման ժամկետը լրանալու պահից օրենքով սահմանված կարգով»։

Սակայն նշված որոշման կայացումից հետո իրավակիրառական պրակտիկան զարգացավ որոշման մեջ արտահայտված իրավական դիրքորոշումներին հակառակ տրամաբանությամբ։ Ստեղծված իրավիճակին ՀՀ սահմանադրական դատարանն անդրադարձել է 2011թ. հուլիսի 15-ի ՍԴՈ-984 որոշման մեջ մատնանշելով, մասնավորապես, որ իրավակիրառական պրակտիկայում առկա են դեպքեր, երբ ՀՀ Սահմանադրությանը հակասող ճանաչված նորմի կիրառմամբ ընդունված դատական ակտի վերանայման պահանջի առնչությամբ նույնիսկ մերժվում է վերանայման վարույթ հարուցելու պահանջը, ի թիվս այլնի, նաև այն պատճառաբանությամբ, որ սահմանադրական դատարանը, դատարանների կողմից կիրառված դրույթը Սահմանադրությանը հակասող ճանաչելով տարաժամկետել է հակասահմանադրական ճանաչված նորմի ուժը կորցնելը, և բողոք բերող անձը նման պայմաններում չի ապացուցել և հիմնավորել նոր հանգամանքի առկայությունը։ Ավելին, այն դեպքում, երբ բողոքը ներկայացվում է տարաժամկետման ավարտից հետո, բողոքը վերադարձվում է այն պատճառաբանությամբ, որ բաց է թողնված բողոք բերելու համար օրենքով սահմանված եռամսյա ժամկետը, և այս կապակցությամբ մեկ անգամ ևս վերահաստատել է ՍԴՈ-701 որոշման մեջ «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 68-րդ հոդվածի 15-րդ մասի 2-րդ պարբերության վերաբերյալ արտահայտած իր իրավական դիրքորոշումն առ այն, որ «...նոր հանգամանքներով քաղաքացու իրավունքների պաշտպանության հնարավորությունն առաջ է գալիս սահմանադրական դատարանի որոշմամբ իրավական ակտի կամ դրա որևէ դրույթի իրավական ուժը կորցնելու, այսինքն հետաձգման ժամկետը լրանալու պահից օրենքով սահմանված կարգով»։

Դիմումում նշված փաստական հանգամանքների ուսումնասիրությունը վկայում է, որ ՀՀ վճռաբեկ դատարանը կայացրել է վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին որոշում այն պատճառաբանությամբ, որ «...«Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 68-րդ հոդվածի 15-րդ մասի ուժով և ՀՀ սահմանադրական դատարանի 15.07.2011թ. թիվ ՍԴՈ-984 որոշման եզրափակիչ մասի 5-րդ կետի հիմքով մինչև 01.11.2011 թվականը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 204.33-րդ հոդվածի 1-ին կետը համապատասխանել է ՀՀ Սահմանադրությանը»։ Իրավակիրառական պրակտիկայում խնդիրն առկա է, սակայն այն, կարծում ենք, պայմանավորված չէ դիմողների կողմից վիճարկվող «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 68-րդ հոդվածի 15-րդ մասի 2-րդ պարբերությամբ, քանի որ վերջինիս վերաբերյալ առկա է սահմանադրական դատարանի ՍԴՈ-701 որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշում։

2. Ինչ վերաբերում է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 204.33 հոդվածի 1-ին մասին, ապա այս մասով, դատական կազմի կարծիքով, դիմումն ակնհայտ անհիմն է։ Դիմողի կողմից նշյալ դրույթի հակասահմանադրականության հիմնավորմանն ուղղված իրավական փաստարկները, ըստ որոնց նշյալ դրույթն այնքանով, որքանով իրավակիրառական պրակտիկայում տարածվում է մինչ այդ դրույթի ընդունումը ՀՀ սահմանադրական դատարանի ընդունած որոշումների վրա, հիմնազուրկ են և սահմանադրականության խնդիր չեն հարուցում։ Մինչդեռ «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 69-րդ հոդվածի 4-րդ մասը որպես անհատական դիմումի ընդունելիության հավելյալ պարտադիր պայման, սահմանում է, որ դիմումը պետք է պարունակի Սահմանադրությանը հակասելու հիմնավորումներ։ Այս համատեքստում ՀՀ սահմանադրական դատարանն իր ՍԴՈ-839 որոշման մեջ դիրքորոշում է արտահայտնել առ այն, որ «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 69-րդ հոդվածի 4-րդ մասն ամրագրում է վիճարկվող դրույթի Սահմանադրությանը հակասելու հիմնավորումներ ներկայացնելու դիմողին ներկայացվող պահանջը, համաձայն որի վիճարկվող օրենքի դրույթի հակասահմանադրականությունը պետք է հիմնավորված լինի օրենքի 68-րդ հոդվածի 7-րդ մասում նշված որևէ հատկանիշով։ Դիմումի ուսումնասիրությունը վկայում է, որ առկա չէ օրենքի 68-րդ հոդվածի 7-րդ մասով պայմանավորված խնդրո առարկա դրույթի ենթադրյալ հակասահմանադրականության որևէ հիմնավորում։ Ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 1-ին, 3-րդ, 6-րդ կետերով և 69-րդ հոդվածի 7-րդ մասով, ՀՀ սահմանադրական դատարանի կողմից անհատական դիմումի հիման վրա գործի քննությունը ենթակա է մերժման, քանի որ

դիմումն ակնհայտ անհիմն է,

«Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 68-րդ հոդվածի 15-րդ մասի 2- րդ պարբերության վերաբերյալ առկա է ՍԴՈ-701 որոշումը,

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 204.33-րդ հոդվածի 1-ին մասի վերաբերյալ առկա է ՍԴՈ-984 որոշումը,

դիմողը բարձրացրել է վիճարկվող դրույթների կիրառման իրավաչափության հարց։

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 31-րդ և 69-րդ հոդվածներով ՀՀ սահմանադրական դատարանի թիվ 1 դատական կազմը

Ո Ր Ո Շ Ե Ց.

Քաղաքացի Սերինե Ֆլջյանի անհատական դիմումով գործի քննության ընդունումը մերժել։

Նախագահող

Անդամներ

31 հոկտեմբերի 2012 թվականի

ՍԴԴԿՈ/1-24

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
31 հոկտեմբերի, 2012 թ.
Գործի #:
ՍԴԴԿՈ/1-24
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել