ԱՎԵՏԻՔ ՉԱԼԱԲՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ-52)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքներըԱմփոփում
Ընդ.՝ 9 հունիսի 2026թ. ՍԴԴԿՈ - 52 | ԱՎԵՏԻՔ ՉԱԼԱԲՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ ՈՐՈՇՈՒՄ
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Քաղ. Երևան 9 հունիսի 2026 թ.
Սահմանադրական դատարանի դատական կազմը՝
Նախագահությամբ՝ Ա. Զեյնալյանի
Անդամակցությամբ՝ Դ. Խաչատուրյանի
Ե. Խունդկարյանի
Քննության առնելով Ավետիք Չալաբյանի անհատական դիմումի
ընդունելիության հարցը,
ՊԱՐԶԵՑ
1. Ավետիք Չալաբյանի (այսուհետ նաև՝ Դիմող, ներկայացուցիչներ՝ փաստաբաններ Արտակ Ղազարյան, Վարազդատ Հարությունյան) անհատական դիմումը Սահմանադրական դատարան է մուտքագրվել 2026 թվականի մայիսի 26-ին:
Դիմողը Սահմանադրական դատարան ներկայացրած իր դիմումում խնդրել է.
«Վճռաբեկ դատարանի՝ 2025 թվականի դեկտեմբերի 8-ի թիվ ԵԴ/1174/01/22 որոշմամբ Դիմողի նկատմամբ կիրառված՝ ՔրԴՕ 6-րդ հոդվածի 1-ին մասի 39-րդ կետը, ՔրԴՕ 86-րդ հոդվածի 1-ին մասը, ՔրԴՕ 97-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերն ու 3-րդ մասի 5-րդ կետը, ինչպես նաև նույնաբովանդակ կարգավորումներ պարունակող՝ 1998 թվականի ՔրԴՕ 104-րդ հոդվածի 1-ին մասը, 2-րդ մասի 9-րդ կետն ու 3-րդ մասը և 1998 թվականի ՔրԴՕ 105-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետը՝ դրանց հաղորդված այն մեկնաբանությամբ, համաձայն որի՝ անհայտ անձի կողմից կատարված գաղտնի ձայնագրության դեպքում ապացույցի «աղբյուր» հասկացությունը նույնացվում է այն ամրագրող նյութական կրիչի՝ տվյալ դեպքում լրատվական կայքում առկա հղման հետ, իսկ այդ կրիչի կամ հղման հայտնի լինելը բավարար է համարվում նաև գաղտնի ձայնագրության աղբյուրը հայտնի դիտարկելու համար՝ անկախ այն հանգամանքից, որ անհայտ է մնում ձայնագրությունը կատարած անձը, ինչի արդյունքում ապացույցների թույլատրելիության դատական ստուգման առարկայից դուրս են մղվում Սահմանադրության 31-րդ հոդվածով երաշխավորված իրավունքի սահմանափակման սահմանադրաչափությունը/իրավաչափությունը գնահատելու համար անհրաժեշտ սահմանադրաիրավական ընդհանուր և հատուկ չափանիշները, իսկ գաղտնի ձայնագրության քրեադատավարական օգտագործումը փաստացի չի սահմանափակվում ո՛չ օրենքով որոշակիացված հանցագործությունների, ո՛չ էլ օբյեկտիվ հիմքերի առկայության պայմաններում նման միջամտության ենթակա որոշակի անձանց շրջանակով, ճանաչել Սահմանադրության 31-րդ, 61-րդ, 75-րդ, 78-րդ, 79-րդ և 81-րդ հոդվածներին հակասող և անվավեր»:
2. Ներկայացնելով թիվ ԵԴ/1174/01/22 քրեական գործի դատավարական նախապատմությունը՝ Դիմողը նշում է, որ խնդրո առարկա քրեական գործի շրջանակներում Վճռաբեկ դատարանի կողմից 2025 թվականի դեկտեմբերի 8-ին կայացված որոշմամբ իր նկատմամբ կիրառվել են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 39-րդ կետը, 86-րդ հոդվածի 1-ին մասը, 97-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերը, 3-րդ մասի 5-րդ կետը, ինչպես նաև նույնաբովանդակ կարգավորումներ պարունակող՝ 1998 թվականի հուլիսի 1-ին ընդունված և 2022 թվականի հուլիսի 1-ին ուժը կորցրած ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասը, 2-րդ մասի 9-րդ կետը, 3-րդ մասը և 105-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետը՝ հակասահմանադրական մեկնաբանությամբ, որի արդյունքում խախտվել են իր՝ Սահմանադրության 31 և 61-րդ հոդվածներով երաշխավորված հիմնական իրավունքները՝ Սահմանադրության 75, 78, 79 և 81-րդ հոդվածների հետ համակարգային կապի մեջ։
Դիմողը պնդում է, որ խնդրո առարկա քրեական գործի շրջանակներում վիճարկվող դրույթներին հաղորդվել է այնպիսի մեկնաբանություն, որի պայմաններում անհայտ անձի կողմից կատարված գաղտնի ձայնագրության դեպքում ապացույցի «աղբյուր» հասկացությունը նույնացվում է այն ամրագրող նյութական կրիչի, տվյալ դեպքում՝ լրատվական կայքում առկա հղման հետ, իսկ այդ կրիչի կամ հղման հայտնի լինելը բավարար է համարվում նաև գաղտնի ձայնագրության աղբյուրը հայտնի դիտարկելու համար՝ անկախ այն հանգամանքից, որ անհայտ է մնում ձայնագրությունը կատարած անձը։
Դիմողը գտնում է, որ նշված մեկնաբանության հետևանքով առաջացել է վիճարկվող դրույթներին իրավակիրառ պրակտիկայում հաղորդված մեկնաբանության և Սահմանադրության 31 և 61-րդ հոդվածներով երաշխավորված՝ մասնավոր կյանքի անձեռնմխելիության և արդյունավետ դատական պաշտպանության հիմնական իրավունքների, Սահմանադրության 75-րդ հոդվածով նախատեսված՝ հիմնական իրավունքների իրականացման համար անհրաժեշտ կազմակերպական կառուցակարգերի և ընթացակարգերի ապահովման սկզբունքի, Սահմանադրության 78-րդ հոդվածով ամրագրված՝ համաչափության սկզբունքի, Սահմանադրության 79-րդ հոդվածով նախատեսված՝ իրավական որոշակիության սկզբունքի, ինչպես նաև Սահմանադրության 81-րդ հոդվածով ամրագրված՝ հիմնական իրավունքների վերաբերյալ միջազգային իրավական չափանիշների հաշվառման պահանջի համատեղելիության վերաբերյալ սահմանադրաիրավական վեճ։
Ըստ Դիմողի՝ խնդրո առարկա քրեական գործի շրջանակներում իր՝ Սահմանադրության 31-րդ հոդվածով երաշխավորված՝ մասնավոր կյանքի անձեռնմխելիության իրավունքին միջամտությունը դրսևորվել է ոչ թե մեկանգամյա ակտով, այլ՝ փոխկապակցված, սակայն ինքնուրույն իրավական նշանակություն ունեցող բազմակի ակտերով՝ իր մասնակցությամբ խոսակցության գաղտնի տեխնիկական ամրագրմամբ, դրա հանրայնացմամբ, պետական մարմինների կողմից ստացմամբ, պահպանմամբ և քրեական վարույթ ներմուծմամբ, ձայնի միջոցով նույնացմամբ, դռնբաց դատական նիստում հրապարակային հետազոտմամբ, դատական ակտում գաղտնի ձայնագրության բառացի վերարտադրմամբ և, ի վերջո, մեղադրական դատավճռի հիմքում դնելով՝ դրա օգտագործմամբ։
Դիմողը նշում է, որ թիվ ԵԴ/1174/01/22 քրեական գործի շրջանակներում վիճարկվող դրույթներին տրված մեկնաբանությունը հակադրվում է Սահմանադրական դատարանի՝ 2020 թվականի հունիսի 18-ի ՍԴՈ-1546 որոշմամբ արտահայտած այն մոտեցմանը, համաձայն որի՝ մասնավոր կյանքի անձեռնմխելիության իրավունքի սահմանափակման դեպքում օրենքի որակի և իրավական որոշակիության պահանջները պետք է ապահովեն, inter alia, հանցագործությունների և անձանց այն շրջանակի կանխատեսելի և հստակ սահմանումը, որոնց առնչությամբ կարող է իրականացվել նման միջամտություն։ Հետևաբար՝ ըստ Դիմողի՝ վիճարկվող մեկնաբանության պայմաններում Սահմանադրության 31-րդ հոդվածով երաշխավորված իրավունքի արդյունավետ դատական պաշտպանության մեխանիզմի շրջանակում չի ստուգվում և չի կարող ստուգվել (դուրս է մղվել ստուգման շրջանակից) հենց այն նվազագույն իրավական որոշակիությունը, որը պետք է սահմանափակեր գաղտնի ձայնագրության, թե՛ կատարման, թե՛ հետագա քրեադատավարական օգտագործման շրջանակը։
Դիմողը գտնում է, որ խնդրո առարկա քրեական գործի շրջանակներում Վճռաբեկ դատարանի՝ վիճարկվող նորմերին հաղորդած մեկնաբանությունը հակադրվում է Սահմանադրության 78-րդ հոդվածով երաշխավորված՝ համաչափության սկզբունքին։ Նման մեկնաբանության պայմաններում, Դիմողի պնդմամբ, քրեական վարույթում չի ապահովվում իր՝ մասնավոր կյանքի անձեռնմխելիության իրավունքի արդյունավետ դատական պաշտպանության որևէ իրական հնարավորություն, քանի որ դատական ստուգման առարկայից դուրս են մղվում այդ իրավունքի սահմանափակման համաչափությունը գնահատելու համար անհրաժեշտ հարցերը։ Հետևաբար՝ ըստ Դիմողի՝ վիճարկվող մեկնաբանությունը հանգեցնում է իր՝ Սահմանադրության 31 և 61-րդ հոդվածներով երաշխավորված հիմնական իրավունքների խախտման:
Արդյունքում՝ Դիմողը եզրահանգում է, որ վիճարկվող դրույթների՝ խնդրո առարկա մեկնաբանությամբ իր նկատմամբ կիրառումը, հակասելով Սահմանադրության 75, 78, 79 և 81-րդ հոդվածներին, բովանդակազրկել և ձևական է դարձրել իր՝ Սահմանադրության 31-րդ հոդվածով երաշխավորված հիմնական իրավունքի արդյունավետ դատական պաշտպանությունը՝ Սահմանադրության 61-րդ հոդվածով երաշխավորված՝ արդյունավետ դատական պաշտպանության հիմնական իրավունքը վերածելով ոչ թե իրական և արդյունավետ, այլ ձևական ու պատրանքային իրավունքի՝ դրանով իսկ խախտելով իր՝ նշված հիմնական իրավունքները։
3. Ելնելով դիմումի և դիմումին կից ներկայացված փաստաթղթերի, ինչպես նաև «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգի միջոցով թիվ ԵԴ/1174/01/22 քրեական գործով կայացված դատական ակտերի ուսումնասիրության արդյունքներից, ինչպես նաև ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի (այսուհետ նաև՝ Սահմանադրական օրենք) 29 և 69-րդ հոդվածների պահանջներով՝ Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ սույն անհատական դիմումով գործի քննությունը ենթակա է մերժման՝ հետևյալ պատճառաբանությամբ.
Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի համաձայն՝ Սահմանադրական դատարան կարող է դիմել յուրաքանչյուր ոք՝ կոնկրետ գործով, երբ առկա է դատարանի վերջնական ակտը, սպառվել են դատական պաշտպանության բոլոր միջոցները և վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման՝ հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը։
Սահմանադրական վերոհիշյալ նորմն իր ամրագրումն է ստացել նաև Սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասում, որը սահմանում է այն հիմքերը, որոնց միաժամանակյա առկայության պարագայում ֆիզիկական կամ իրավաբանական անձը կոնկրետ գործով անհատական դիմում կարող է ներկայացնել Սահմանադրական դատարան։ Դրանք են՝
ա) երբ կոնկրետ գործով առկա է դատարանի վերջնական ակտը,
բ) երբ սպառվել են ներպետական դատական պաշտպանության բոլոր միջոցները,
գ) երբ վիճարկվում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման՝ հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը:
Սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի համաձայն՝ Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին աշխատակարգային որոշում է ընդունում սույն օրենքի 69-րդ հոդվածով նախատեսված այլ դեպքերում:
Սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ անհատական դիմումներով գործի քննությունը, ի լրումն սույն օրենքի 29-րդ հոդվածով նախատեսված դեպքերի, կարող է մերժվել նաև այն դեպքերում, երբ դիմողը չի սպառել դատական պաշտպանության բոլոր միջոցները:
Սահմանադրական դատարանը 2009 թվականի մարտի 17-ի ՍԴԱՈ-21 աշխատակարգային որոշմամբ արձանագրել է. «(…) «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 69 հոդվածի 1-ին մասում նշված որևէ պայմանի բացակայության դեպքում անհատական դիմում ներկայացրած ֆիզիկական կամ իրավաբանական անձը սահմանադրական դատարան դիմելու համար իրավասու սուբյեկտ չէ»:
Սահմանադրական դատարանը վերոնշյալ ՍԴԱՈ-21 աշխատակարգային որոշմամբ արտահայտել է նաև դիրքորոշում առ այն, որ «(…) ֆիզիկական և իրավաբանական անձանց համար սահմանադրական դատարան դիմելու հնարավորությունը ծագում է քաղաքացիաիրավական, վարչաիրավական վեճերի կարգավորման, ինչպես նաև քրեական մեղադրանքի կապակցությամբ կայացված վերջնական դատական ակտի և համապատասխանաբար՝ նշված վեճերի և քրեական մեղադրանքի հարցի լուծման իրավազորությամբ օժտված դատական մարմիններում պաշտպանության միջոցներն սպառելու արդյունքում: (…) Սահմանադրական «կոնկրետ վերահսկողության» նպատակն է ապահովել սահմանադրական արդարադատություն իրականացնելու իրավազորությամբ չօժտված՝ ընդհանուր իրավասության և մասնագիտացված դատարանների կողմից կոնկրետ գործերի լուծումը Սահմանադրությանը համապատասխանող օրենքների հիման վրա և իրականացնել անձի սահմանադրական իրավունքների պաշտպանությունը, երբ նրա իրավունքները խախտվել են արդարադատության իրականացման գործընթացում հակասահմանադրական օրենսդրական նորմի կիրառման արդյունքում»:
Սահմանադրական դատարանի 2019 թվականի հոկտեմբերի 24-ի ՍԴԴԿՈ-58 դատական կազմի որոշմամբ արձանագրվել է. «Դատական պաշտպանության բոլոր միջոցները սպառվելու սահմանադրական պահանջից բխում է, որ եթե առկա է կամ առկա է եղել որևէ դատական ատյան, որը կարող է (էր) քննել դիմողի կողմից բարձրացված հարցը, սակայն դիմողը չի օգտվել այդ հնարավորությունից, ապա դիմողը չի սպառել դատական պաշտպանության բոլոր միջոցները»:
Սահմանադրական դատարանի դատական կազմն արձանագրում է, որ ներպետական դատական պաշտպանության բոլոր միջոցներն սպառելու սահմանադրական պահանջից բխում է, որ եթե առկա է (առկա է եղել) որևէ դատական ատյան, որը կարող է (էր) քննել դիմողի կողմից բարձրացված հարցը, սակայն դիմողը դեռևս չի օգտվել այդ հնարավորությունից, ապա վերջինս չի սպառել դատական պաշտպանության բոլոր միջոցները: Այս իրավական պահանջի նպատակն է, որ կոնկրետ անձի հիմնական իրավունքներին վերաբերող հարցին բոլոր իրավասու դատարաններն իրենց լիազորությունների շրջանակներում անդրադառնան, որից հետո միայն Սահմանադրական դատարանը, ունենալով նաև տվյալ հարցի վերաբերյալ իրավասու բոլոր դատական ատյանների կողմից ձևավորված իրավակիրառ պրակտիկայում կիրառված նորմերի մեկնաբանությունները, անհատական դիմումի շրջանակներում անդրադառնա այդ հարցին և գտնի հանրային իշխանության բոլոր մարմինների ու պաշտոնատար անձանց համար պարտադիր լուծումներ:
Վերը ներկայացված դրույթներով ամրագրված կարգավորումները, Սահմանադրական դատարանի վերոնշյալ որոշումներով արտահայտած իրավական դիրքորոշումները համադրելով սույն գործի փաստերի հետ՝ Սահմանադրական դատարանի դատական կազմը եզրահանգում է, որ սույն անհատական դիմումի և թիվ ԵԴ/1174/01/22 քրեական գործով կայացված դատական ակտերի ուսումնասիրության արդյունքում պարզ է դառնում, որ Դիմողը չի իրացրել ներպետական դատական պաշտպանության բոլոր միջոցներն սպառելու սահմանադրական պահանջը:
Մասնավորապես՝ խնդրո առարկա քրեական գործի շրջանակներում Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը 2023 թվականի դեկտեմբերի 21-ին վճռել է.
«(...) Մեղադրյալ Ավետիք Մկրտչի Չալաբյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցանքում և դատապարտել ազատության սահմանափակման 2 /երկու/ տարի 6 /վեց/ ամիս ժամկետով, արգելելով Ավետիք Չալաբյանին կազմակերպել հավաքներ, մասնակցել հավաքների և այլ հանրային միջոցառումների, ինչպես նաև՝ առանց նրա վարքագծի նկատմամբ վերահսկողություն իրականացնող իրավասու մարմնի համաձայնության փոխել բնակության վայրը։
(...)»:
Վերոգրյալ դատավճռի դեմ Դիմողի՝ մեղադրյալ Ավետիք Չալաբյանի պաշտպան Վ. Հարությունյանի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքի քննության արդյունքում Վերաքննիչ քրեական դատարանը 2024 թվականի սեպտեմբերի 11-ին որոշել է.
«Մեղադրյալ Ավետիք Չալաբյանի պաշտպան Վարազդատ Հարությունյանի վերաքննիչ բողոքը բավարարել մասնակիորեն:
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի՝ թիվ ԵԴ/1174/01/22 քրեական գործով 2023 թվականի դեկտեմբերի 21-ի դատավճիռը բեկանել և գործն ուղարկել նույն դատարան՝ այլ կազմով նոր քննության:
(...)»:
Վերաքննիչ քրեական դատարանի վերոգրյալ որոշման դեմ Դիմողի՝ մեղադրյալ Ավետիք Չալաբյանի պաշտպան Ա. Անդրիկյանի և ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Լ. Գրիգորյանի կողմից ներկայացված վճռաբեկ բողոքների քննության արդյունքում Վճռաբեկ դատարանը 2025 թվականի դեկտեմբերի 8-ին որոշել է.
«(...) Մեղադրյալ Ավետիք Մկրտչի Չալաբյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2024 թվականի սեպտեմբերի 11-ի որոշումը բեկանել և վարույթը փոխանցել նույն դատարան՝ նոր քննության։
(...)»:
Այսպիսով, Վճռաբեկ դատարանի 2025 թվականի դեկտեմբերի 8-ի որոշման հաշվառմամբ, ստացվում է, որ Վճռաբեկ դատարանի կողմից Վերաքննիչ քրեական դատարանի 2024 թվականի սեպտեմբերի 11-ի որոշումը բեկանվելու և վարույթը նույն դատարան նոր քննության փոխանցվելու պայմաններում տվյալ գործը գտնվում է նոր քննության փուլում։ Ավելին՝ խնդրո առարկա քրեական գործը բեկանվելուց հետո՝ նոր քննության համար Վերաքննիչ քրեական դատարան է ստացվել 2025 թվականի դեկտեմբերի 18-ին, ընդունվել վարույթ՝ նույն թվականի դեկտեմբերի 24-ին և հերթական դատական նիստը նշանակված է եղել 2026 թվականի մայիսի 26-ին (հիմք է ընդունվել «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգում առկա տեղեկատվությունը), և տվյալ վարույթի ավարտի մասին որևէ տեղեկություն առկա չէ: Հետևաբար՝ խնդրո առարկա գործով առկա չէ վերջնական դատական ակտ: Ուստի՝ Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ տվյալ դեպքում Դիմողը չի սպառել ներպետական դատական պաշտպանության բոլոր միջոցները։
Վերոշարադրյալի կապակցությամբ Սահմանադրական դատարանի դատական կազմն արձանագրում է, որ Սահմանադրական դատարանը 2022 թվականի հուլիսի 8-ի ՍԴԱՈ-120 աշխատակարգային որոշմամբ ընդգծել է, որ «(...) սահմանադրական արդարադատություն հայցելու անձի իրավունքը, ինչպես նաև օրենսդրությամբ դրա իրացման նպատակով նախատեսված ընթացակարգային կարգավորումներն ինքնանպատակ չեն, ուստիև հայեցողաբար մեկնաբանվել չեն կարող: Նշված կարգավորումները միտված են դիմողի կողմից նախքան Սահմանադրական դատարան դիմելու իրավունքն իրացնելն իր ենթադրյալ խախտված իրավունքների և ազատությունների վերականգնման համար օրենսդրությամբ նախատեսված բոլոր հնարավորությունները սպառելուն»։
Վերոշարադրյալի լույսի ներքո՝ Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ Դիմողը չի սպառել ներպետական դատական պաշտպանության բոլոր միջոցները, հետևաբար՝ սույն պարագայում բացակայում է Սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված համապատասխան պայմանը:
Հետևապես՝ սույն անհատական դիմումով գործի քննությունը ենթակա է մերժման՝ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով, ինչպես նաև 69-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված՝ ներպետական դատական պաշտպանության բոլոր միջոցները չսպառելու հիմքով:
Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, ինչպես նաև 69-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջներով՝ Սահմանադրական դատարանի դատական կազմը
ՈՐՈՇԵՑ.
Ավետիք Չալաբյանի անհատական դիմումով գործի քննությունը մերժել:
Նախագահող՝ Ա. Զեյնալյան
Անդամներ՝ Դ. Խաչատուրյան
Ե. Խունդկարյան
9 հունիսի 2026 թվականի
ՍԴԴԿՈ-52
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 9 հունիսի, 2026 թ.
- Գործի #:
- ՍԴԴԿՈ-52
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
