«ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 258-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 3-ՐԴ ՄԱՍԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԱՈ-143)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքներըԱմփոփում
Ընդ.՝ 3 հոկտեմբերի 2025թ. ՍԴԱՈ - 143 | «ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 258-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 3-ՐԴ ՄԱՍԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամբողջ Տեքստ
«ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 258-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 3-ՐԴ ՄԱՍԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Սահմանադրական դատարանը, քննության առնելով «Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դիմումի հիման վրա` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 258-րդ հոդվածի 1-ին մասի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի քննությունը մերժելու մասին առաջարկությունը, ՊԱՐԶԵՑ.
1. 2025 թվականի հուլիսի 17-ին Սահմանադրական դատարան է մուտքագրվել Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ՝ Դիմող) դիմումը: Դիմողը թիվ ՇԴ/0764/02/25 քաղաքացիական գործով ներկայացրած՝ «Սահմանադրական դատարան դիմելու և քաղաքացիական գործի վարույթը կասեցնելու մասին» 2025 թվականի հուլիսի 15-ի որոշմամբ խնդրել է (որոշել է).
«1. Թիվ ՇԴ/0764/02/25 քաղաքացիական գործով դիմել Սահմանադրական դատարան՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի՝ ՀՀ Սահմանադրության 61-րդ, 63-րդ և 78-րդ հոդվածներին համապատասխանությունը որոշելու հարցով:
(…)»:
2. Դիմողը հայտնել է, որ իր վարույթում է գտնվում քաղաքացիական գործն ըստ Աննա Ռուբենի Մկրտչյանի դիմումի՝ Արմեն Արամի Մկրտչյանին անհայտ բացակայող ճանաչելու պահանջի մասին։
Ներկայացնելով թիվ ՇԴ/0764/02/25 քաղաքացիական գործի դատավարական նախապատմությունը՝ Դիմողը նշում է, որ տվյալ քաղաքացիական գործով ստացել է Արմեն Մկրտչյանի՝ որպես մեղադրյալ, հետախուզման մեջ գտնվելու վերաբերյալ տեղեկատվություն, որպիսի փաստի հաստատումը հանգեցնում է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի կիրառմանը, ինչը բացառում է գործի քննության շարունակման հնարավորությունը:
Դիմողի գնահատմամբ՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասն այնքանով, որքանով դատարանին հնարավորություն չի տալիս պարզելու հետախուզման ազդեցությունը՝ անձին անհայտ բացակայող ճանաչելու նյութական նորմով սահմանված դիմումի բավարարման կամ մերժման վրա, խնդրահարույց է անձի դատական պաշտպանության, արդար դատաքննության հիմնական իրավունքների անհամաչափ սահմանափակման անթույլատրելիության սահմանադրական սկզբունքների տեսանկյունից:
Վկայակոչելով վերաբերելի իրավակարգավորումները և բացահայտելով վիճարկվող կարգավորման սահմանման կապակցությամբ օրենսդրի կամքը՝ Դիմողը պնդում է. «(...) որևէ օրենքով (թեկուզ որևէ իրավական ակտով) նախատեսված չէ անձին անհայտ բացակայող ճանաչելու վճռով պայմանավորված հետախուզման գործողությունը դադարեցնելու հիմք կամ հնարավորություն, ավելին՝ այդպիսի վճիռը չի կարող որևէ ազդեցություն ունենալ քրեական վարույթն իրականացնող մարմնի՝ գործի հանգամանքների պարզման, այդ թվում արարքի որակման տեսանկյունից: Այս պայմաններում Դատարանը գալիս է այն հետևության, որ անձին անհայտ բացակայող ճանաչելու վերաբերյալ դիմումով հարուցված գործի քննությունը, թեկուզ և դիմումի բավարարումը, չի կարող որևէ եղանակով խոչընդոտել հանցավորության բացահայտման, ներառյալ՝ դրա որակի վրա: Դատարանը նաև անհրաժեշտ է համարում արձանագրել, որ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված է գույքի արգելադրման ինստիտուտ, ինչը, Դատարանի գնահատմամբ, հանցագործությամբ (այդ թվում՝ հնարավոր հանցագործությամբ) ձեռք բերած գույքի շրջանառությունը կանխելու համար բավարար միջոց է, այդ պայմաններում Դատարանը գտնում է, որ չի կարող գոյություն ունենալ իրական մտավախություն այն մասին, թե անհայտ բացակայող ճանաչելու վերաբերյալ վճռի առկայությունը կարող է որևէ եղանակով խոչընդոտել հանցավորության բացահայտմանը, հատկապես այն պայմաններում, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 44-րդ հոդվածի 5-րդ կետով օրենսդիրն արդեն իսկ սահմանել է, որ անձին անհայտ բացակայող ճանաչելու հետևանքները սահմանվում են միայն օրենքով, իսկ ապօրինի ձեռք բերված գույքի շրջանառությունը կանխելու համար, փաստորեն, առկա է այլ գործիքակազմ, որը բավարար և պիտանի միջոց է վիճարկվող նորմի ընդունման նպատակով շրջագծված նպատակին հասնելու համար:
Արդյունքում Դատարանը գալիս է այն հետևության, որ առաջին նպատակին հասնելու տեսանկյունից ընտրված միջոցը անհրաժեշտ և, հետևաբար նաև համաչափ չէ»:
Դիմողը գտնում է, որ առկա փաստերի հաշվառմամբ պնդել, թե հետախուզմամբ արդեն իսկ փաստված է, որ անձը ոչ թե անհայտ բացակայում է, այլ թաքնվում է, և այդ պայմաններում դատական քննության անհրաժեշտությունը բացակայում է, հնարավոր չէ՝ հաշվի առնելով, որ անձի բացակայության և հետախուզում հայտարարելու ժամկետները տարբեր են և առնվազն պետք է ստուգվի դրանց պատճառահետևանքային կապը:
Դիմողի դիտարկմամբ՝ հնարավոր չէ պնդել, թե անձի հետախուզման (որոնման) գործողությունն առարկայազուրկ է դարձնում անձին անհայտ բացակայող ճանաչելու վերաբերյալ քաղաքացիական գործի քննությունը: Ավելին, գործի վարույթը մեխանիկորեն կարճելու դեպքում կխախտվի նաև Սահմանադրության 37-րդ հոդվածի 2-րդ մասով ամրագրված՝ երեխային վերաբերող ցանկացած հարցում երեխայի շահերը առաջնահերթ ուշադրության արժանացնելու սկզբունքը:
Դատարանի կարծիքով՝ հաշվի առնելով ներկայացված մտահոգությունները՝ օրենսդիրը պետք է առնվազն հնարավորություն ընձեռեր Դատարանին՝ գնահատելու հետախուզման փաստի ազդեցությունը և յուրաքանչյուր գործով, փաստերի համակցությամբ, որոշելու դիմումի հիմնավորվածությունը:
3. Ուսումնասիրության առարկա դարձնելով ներկայացված դիմումը՝ Սահմանադրական դատարանը գտնում է, որ սույն դիմումի հիման վրա գործի քննությունը ենթակա է մերժման՝ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքով՝ ներքոգրյալ պատճառաբանությամբ.
«Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետին համապատասխան՝ Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին աշխատակարգային որոշում է ընդունում, եթե դիմողն իրավասու չէ տվյալ հարցով դիմելու Սահմանադրական դատարան:
Սահմանադրության 169-րդ հոդվածի 4-րդ մասով Սահմանադիրն ամրագրել է դատարանների՝ իրենց վարույթում գտնվող կոնկրետ գործով կիրառման ենթակա նորմատիվ իրավական ակտի սահմանադրականության հարցով Սահմանադրական դատարան դիմելու իրավասությունը: Վկայակոչված նորմի տրամաբանական շարունակությունն օրենսդիրն ամրագրել է «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 71-րդ հոդվածում՝ նախանշելով խնդրո առարկա սահմանադրաիրավական իրավասության իրացման օրենսդրական հիմքերն ու ընթացակարգը:
Դատարանների դիմումների հիման վրա Սահմանադրական դատարանի կողմից կոնկրետ սահմանադրական վերահսկողության շրջանակներում սահմանադրական արդարադատության իրականացումը հետապնդում է դատարանի կողմից ենթադրյալ հակասահմանադրական նորմի հիման վրա կոնկրետ վեճի լուծումը կանխելու նպատակ: Այս առումով առանցքային է արդարադատություն իրականացնելու բացառիկ իրավասությամբ օժտված հիշյալ սուբյեկտների կողմից ներկայացված դիմումների շրջանակներում, ի թիվս այլնի, ներկայացնել վիճարկվող նորմի՝ Սահմանադրությանն անհամապատասխանությունը հիմնավորող այն բովանդակ պատճառաբանությունը, որը կբացահայտի դատարանի՝ Սահմանադրության 169-րդ հոդվածի 4-րդ մասի իմաստով «հիմնավոր կասկած» ունենալու սահմանադրական պահանջը:
Սահմանադրական դատարանն իր՝ 2022 թվականի մայիսի 6-ի ՍԴԱՈ-83 աշխատակարգային որոշմամբ փաստել է. «(…) վիճարկվող նորմի սահմանադրականության վերաբերյալ դատավորի սուբյեկտիվ դիրքորոշումն արտահայտում է վերջինիս ներքին համոզմունքը, որը չի կարող հիմնվել սոսկ ենթադրությունների կամ չպատճառաբանված դատողությունների վրա, ուստի Սահմանադրական դատարան դիմելու մասին որոշումը պետք է բովանդակի վիճարկվող իրավադրույթի՝ Սահմանադրության համապատասխան հոդվածի համատեքստում ենթադրյալ հակասահմանադրականությունը հիմնավորող պատճառաբանությունների վերաբերյալ համապատասխան վերլուծություն, որը օբյեկտիվ հիմք է հանդիսացել դատավորի ներքին համոզմունքի ձևավորման համար»:
Սահմանադրական դատարանն իր՝ 2021 թվականի օգոստոսի 5-ի ՍԴԱՈ-175 աշխատակարգային որոշմամբ արձանագրել է՝ ««Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի նշված պահանջը դատարանները պետք է դիտարկեն Սահմանադրության 169-րդ հոդվածի 4-րդ մասում սահմանված պայմանների (կոնկրետ սահմանադրական վերահսկողության) ենթատեքստում: Ըստ այդմ՝ դատարանները համապատասխան դիմումներում պետք է ներկայացնեն վիճարկվող դրույթի՝ Սահմանադրությանը հակասելու վերաբերյալ իրենց հիմնավորումները, ինչպես նաև պետք է հիմնավորեն, որ տվյալ գործի լուծումը հնարավոր է միայն այդ նորմատիվ իրավական ակտի կիրառման միջոցով»:
Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ Դիմողը, ըստ էության, Բարձր դատարանի առջև բարձրացնում է հետևյալ հարցադրումները. «Արդյոք Վիճարկվող նորմի իմաստով հետախուզման փաստը պարզելու հիմքով անձին անհայտ բացակայող ճանաչելու վերաբերյալ հարուցված գործի վարույթը կարճելը, այնքանով, որքանով բացառում է կոնկրետ գործով հետախուզման փաստի ազդեցության գնահատման դատարանի հնարավորությունը, համահունչ է Սահմանադրության 61-րդ, 63-րդ և 78-րդ հոդվածների սահմանադրաիրավական բովանդակությանը. այն չի սահմանափակում արդյոք անձի դատական պաշտպանության, արդար դատաքննության սահմանադրական իրավունքները և համաչափ է արդյոք հետապնդվող նպատակներին»:
Դիմումի ուսումնասիրությունը թույլ է տալիս Սահմանադրական դատարանին փաստել, որ դիմումը չի պարունակում դատարանի՝ վիճարկվող դրույթի՝ Սահմանադրության հակասելու վերաբերյալ համապատասխան հիմնավորումներ, որոնք բավարար կլինեն Սահմանադրական դատարանին եզրահանգելու, որ դիմումը հաղթահարում է Սահմանադրության 169-րդ հոդվածի 4-րդ մասի իմաստով «հիմնավոր կասկած» ունենալու սահմանադրական պահանջը: Այս համատեքստում Սահմանադրական դատարանը փաստում է, որ Բարձր դատարան ներկայացված դիմումով Դիմողը սահմանափակվել է թիվ ՇԴ/0764/02/25 քաղաքացիական գործի դատավարական նախապատմության շարադրմամբ, վերաբերելի կարգավորումների և Սահմանադրական դատարանի դիրքորոշումների մատնանշմամբ՝ միաժամանակ ներկայացնելով վիճարկվող դրույթի ենթադրյալ հակասահմանադրականության վերաբերյալ իրարամերժ դիրքորոշումներ, մասնավորապես՝ մի կողմից՝ փաստելով, որ՝ «Դատարանի գնահատմամբ հետախուզման փաստի բացահայտման դեպքում անձին անհայտ բացակայող ճանաչելու վերաբերյալ դիմումով հարուցված գործի վարույթը կարճելը նախ հետապնդում է հանցավորության բացահայտմանը խոչընդոտելու գործողությունները, ներառյալ՝ թաքնվող անձանց իրավունքի չարաշահումը և հանցավորությամբ ձեռքբերված գույքի շրջանառությունը կանխելու նպատակ: Երկրորդ՝ կարող է հետապնդել պետական ռեսուրսների խնայողության և իրավական որոշակիության ապահովման նպատակ, որտեղ օրենսդիրը կարող էր նկատի ունենալ, թե հետախուզմամբ արդեն իսկ փաստված է, որ անձը ոչ թե անհայտ բացակայում է, այլ թաքնվում է, իսկ այդ պայմաններում դատական քննության անհրաժեշտությունը բացակայում է:
Դատարանը գտնում է, որ վիճարկվող նորմի ընդունմամբ օրենսդիրն այլ իրավաչափ նպատակ չէր կարող հետապնդել՝ պայմանավորված քննարկվող իրավահարաբերության բնույթով, իսկ շրջագծված նպատակները իրավաչափ են»,
մյուս կողմից՝ պնդելով, որ՝ «(...) որևէ օրենքով (թեկուզ որևէ իրավական ակտով) նախատեսված չէ անձին անհայտ բացակայող ճանաչելու վճռով պայմանավորված հետախուզման գործողությունը դադարեցնելու հիմք կամ հնարավորություն, ավելին՝ այդպիսի վճիռը չի կարող որևէ ազդեցություն ունենալ քրեական վարույթն իրականացնող մարմնի՝ գործի հանգամանքների պարզման, այդ թվում արարքի որակման տեսանկյունից: Այս պայմաններում Դատարանը գալիս է այն հետևության, որ անձին անհայտ բացակայող ճանաչելու վերաբերյալ դիմումով հարուցված գործի քննությունը, թեկուզ և դիմումի բավարարումը, չի կարող որևէ եղանակով խոչընդոտել հանցավորության բացահայտման, ներառյալ՝ դրա որակի վրա: Դատարանը նաև անհրաժեշտ է համարում արձանագրել, որ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված է գույքի արգելադրման ինստիտուտ, ինչը, Դատարանի գնահատմամբ, հանցագործությամբ (այդ թվում՝ հնարավոր հանցագործությամբ) ձեռք բերած գույքի շրջանառությունը կանխելու համար բավարար միջոց է, այդ պայմաններում Դատարանը գտնում է, որ չի կարող գոյություն ունենալ իրական մտավախություն այն մասին, թե անհայտ բացակայող ճանաչելու վերաբերյալ վճռի առկայությունը կարող է որևէ եղանակով խոչընդոտել հանցավորության բացահայտմանը, հատկապես այն պայմաններում, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 44-րդ հոդվածի 5-րդ կետով օրենսդիրն արդեն իսկ սահմանել է, որ անձին անհայտ բացակայող ճանաչելու հետևանքները սահմանվում են միայն օրենքով, իսկ ապօրինի ձեռքբերված գույքի շրջանառությունը կանխելու համար, փաստորեն, առկա է այլ գործիքակազմ, որը բավարար և պիտանի միջոց է վիճարկվող նորմի ընդունման նպատակով շրջագծված նպատակին հասնելու համար»:
Վերոգրյալի և դիմումի շրջանակներում վիճարկվող նորմի ենթադրյալ հակասահմանադրականության վերաբերյալ Դիմողի այլ դիրքորոշումների լույսի ներքո՝ Սահմանադրական դատարանը եզրահանգում է, որ Դիմողի՝ վիճարկվող դրույթի ենթադրյալ հակասահմանադրականության վերաբերյալ ներքին համոզման հիման վրա ձևավորված պատճառաբանությունների ու հիմնավորումների բացակայությունը հանգեցնում է Սահմանադրության 169-րդ հոդվածի 4-րդ մասի իմաստով «հիմնավոր կասկածի» բացառմանը, ուստի՝ սույն դիմումով առկա է գործի քննությունը մերժելու՝ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմք։
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Սահմանադրության 169-րդ հոդվածի 4-րդ մասով և հիմք ընդունելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի և 71-րդ հոդվածի 1-ին մասի պահանջները՝ Սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.
«Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դիմումի հիման վրա` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 258-րդ հոդվածի 1-ին մասի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի քննությունը մերժել:
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
ՆԱԽԱԳԱՀ Ա. ԴԻԼԱՆՅԱՆ
3 հոկտեմբերի 2025 թվականի
ՍԴԱՈ-143
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 3 հոկտեմբերի, 2025 թ.
- Գործի #:
- ՍԴԱՈ-143
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
