ՄՆԱՑԱԿԱՆ ԲԱՐԻԿՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ/2-3)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքներըԱմփոփում
Ընդ.՝ 15 փետրվարի 2017թ. ՍԴԴԿՈ/2 - 3 | ՄՆԱՑԱԿԱՆ ԲԱՐԻԿՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԹԻՎ 2 ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ
ՈՐՈՇՈՒՄԸ
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Քաղ. Երևան
15 փետրվարի 2017թ.
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի թիվ 2
դատական կազմը`
Նախագահությամբª Ֆ. Թոխյանի
Անդամակցությամբ` Հ. Նազարյանի
Ա. Խաչատրյանի
Քննության առնելով Մնացական Բարիկյանի անհատական դիմումի ընդունելիության հարցը,
ՊԱՐԶԵՑ.
Համաձայն ՀՀ Սահմանադրության 101-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի` Մնացական Բարիկյանը 2017թ. հունվարի 31-ին դիմել է ՀՀ սահմանադրական դատարան` խնդրելով.
«Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 197-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին պարբերությունը ճանաչել ՀՀ Սահմանադրության 10 և 60 հոդվածներին հակասող և անվավեր»:
Սույն անհատական դիմումի նախնական ուսումնասիրությունը ցույց տվեց, որ.
1. Դիմողը նշում է, որ ՀՀ վերաքննիչ դատարանի որոշմամբ իր կամքին հակառակ ինքը զրկվել է Երևան քաղաքի Ա. Վշտունու 2-րդ նրբանցքի թիվ 7 հասցեում գտնվող 565.90 քմ ընդհանուր հողամասում գտնվող 44.50 քմ շինությունների նկատմամբ սեփականության իրավունքից` վիճարկվող դրույթի կիրառման արդյունքում: Դիմողի կարծիքով` վիճարկվող նորմն առաջացնում է իրավական անորոշություն և պայմաններ ստեղծում դրա կամայական և տարածական մեկնաբանման և կիրառման համար:
2. Դիմումի և կից ներկայացված փաստաթղթերի ուսումնասիրությունը վկայում է, որ դիմողի համար առաջացած հետևանքները պայմանավորված են ոչ թե նրա կողմից վիճարկվող հոդվածով կամ դրա վերաբերյալ ձևավորված իրավակիրառական պրակտիկայով, այլ կայացված համապատասխան դատական ակտերով: Մասնավորապես, դիմողի համար առաջացած հետևանքներն արդյունք են ՀՀ վերաքննիչ դատարանի այն եզրահանգումների, ըստ որոնց` «...Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն շրջանների ընդհանուր իրավասության դատարանի` 2010 թվականի հուլիսի 14-ի օրինական ուժի մեջ մտած վճռով հաստատված է եղել անշարժ գույքը կողմերի միջև փաստացի առանձնացված լինելու հանգամանքը...», «...պահանջն ուղղված է ընդհանուր գույքից փաստացի տիրապետվող անշարժ գույքի առանձնացմանը, այլ ոչ թե ընդհանուր գույքից իրենց ½ մասը բնեղենով առանձնացնելուն...» և այլն, իսկ վիճարկվող դրույթը դիմողի նկատմամբ կիրառվել է որպես ՀՀ վերաքննիչ դատարանի կողմից արված եզրահանգումների հետևանք: Համաձայն ՀՀ սահմանադրական դատարանի 2009թ. մարտի 17- ի ՍԴԱՈ-21 որոշմամբ սահմանված իրավական դիրքորոշման` բոլոր այն դեպքերում, երբ դիմողը, ձևականորեն վիճարկելով օրենքի դրույթի սահմանադրականության հարց, ըստ էության բարձրացնում է այդ դրույթի կիրառման իրավաչափության հարց, ապա այդպիսի դիմումները ենթակա են մերժման` «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 32- րդ հոդվածի 1-ին կետի հիմքով: Հետևաբար, այս առումով առկա է դիմումի քննության ընդունումը մերժելու` «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 1-ին կետով նախատեսված հիմք:
3. Դիմողի առաջ քաշած փաստարկներն առ այն, որ «...հաշվի առնելով իմ համար առաջացած ոչ բարենպաստ հանգամանքները, վիճարկվող նորմը որևէ կապ չունի անձին պատասխանատվության ենթարկելու, հետևաբար նաև` սեփականազրկման հետ…» կամ «... դիտարկվող գույքում իմ բաժինը էական է, ի ծնե բնակվել եմ այդ տանը, այսինքն` ընդհանուր գույքի նկատմամբ ունեմ էական շահ, հետևաբար` այդ մասով ևս վիճարկվող դրույթը չի կարող սեփականազրկման հիմք հանդիսանալ...» վկայում են, որ դիմողը փորձել է հիմնավորել այն, որ խնդրո առարկա դրույթը սեփականազրկման հիմք չէ այն դեպքում, երբ սեփականազրկումը ենթադրում է սեփականության իրավունքի անհատույց դադարեցում, մինչդեռ վիճարկվող դրույթը ստեղծված անհամաչափությունը դրամական գումար վճարելու կամ այլ փոխհատուցման եղանակով հաղթահարելու նպատակ է հետապնդում, ցույց են տալիս, որ դիմողը չի պատկերացրել վիճարկվող նորմի բովանդակությունը, բավարար կերպով չի հիմնավորել, թե իր սահմանադրական ո՞ր իրավունքներն են խախտվել և ի՞նչ է ակնկալում Սահմանադրական դատարանում դիմումի քննության արդյունքում:
Անհատական դիմումին ներկայացվող պահանջներից է նաև այն, որ դիմողը պետք է պատշաճ ձևով հիմնավորի, թե իր կողմից վիճարկվող նորմերի «հակասահմանադրականության» արդյունքում իր որ սահմանադրական իրավունքն է խախտվել, ինչպես նաև հիմնավորի իր սահմանադրական իրավունքների ենթադրյալ խախտման փաստի և վիճարկվող դրույթների հակասահմանադրականության միջև պատճառահետևանքային կապի առկայությունը, պահանջներ, որոնք չպահպանելը, ըստ «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 69-րդ հոդվածի 7-րդ մասի և ՀՀ սահմանադրական դատարանի 2009թ. նոյեմբերի 24-ի ՍԴՈ-839 որոշման մեջ արտահայտված իրավական դիրքորոշման, անհատական դիմումն ակնհայտ անհիմն համարելու հիմք է:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 1-ին, 6-րդ կետերով և 69-րդ հոդվածի 7-րդ մասով` ՀՀ սահմանադրական դատարանի թիվ 2 դատական կազմը
ՈՐՈՇԵՑ.
Մնացական Բարիկյանի անհատական դիմումի հիման վրա գործի քննության ընդունումը մերժել:
Նախագահողª
Անդամներª
15 փետրվարի 2017 թվականի
ՍԴԴԿՈ/2-3
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 15 փետրվարի, 2017 թ.
- Գործի #:
- ՍԴԴԿՈ/2-3
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
