Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/ԳՈՒՐԳԵՆ ՄԵՍՐՈՊՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

ԳՈՒՐԳԵՆ ՄԵՍՐՈՊՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Սահմանադրական դատարանՍԴԴԿՈ-3821 հունիսի, 2021 թ.Բնօրինակ աղբյուր
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ-38)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքները

Ամփոփում

Ընդ.՝ 21 հունիսի 2021թ. ՍԴԴԿՈ - 38 | ԳՈՒՐԳԵՆ ՄԵՍՐՈՊՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Ամբողջ Տեքստ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ

ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ ՈՐՈՇՈՒՄ

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Քաղ. Երևան 21 հունիսի 2021 թ.

Սահմանադրական դատարանի դատական կազմը`

Նախագահությամբ Ա. Խաչատրյանի

Անդամակցությամբ Վ. Գրիգորյանի

Ա. Թունյանի

Քննության առնելով Գուրգեն Մեսրոպյանի անհատական դիմումի

ընդունելիության հարցը,

ՊԱՐԶԵՑ.

1. Գուրգեն Մեսրոպյանը (ներկայացուցիչներ Ն. Սամսոնյան, Մ. Դանիելյան, Վ. Վարդանյան) դիմել է Սահմանադրական դատարան (դիմումը Սահմանադրական դատարան է մուտքագրվել 2021 թվականի մայիսի 27-ին խնդրելով. «(…) 2. Որոշել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 10-րդ հոդվածի 2-րդ մասի, 135-րդ հոդվածի 4-րդ մասի և 388-րդ հոդվածի համապատասխանությունը ՀՀ Սահմանադրության 61-րդ, 63-րդ, 75-րդ, 78-րդ և 171-րդ հոդվածներին»: Սույն դիմումի նախնական ուսումնասիրման ժամկետը, Սահմանադրական դատարանի աշխատակարգի 29-րդ կետի պահանջներին համապատասխան, Սահմանադրական դատարանի նախագահի որոշմամբ երկարաձգվել է մինչև 2021 թվականի հունիսի 25-ը ներառյալ:

2. Դիմողը գտնում է, որ բոլոր այն դեպքերում, երբ կայացված դատական ակտը որևէ առնչություն չունի գործի լուծման հետ, ըստ էության, բացառվում է այն հետաձգված կարգով բողոքարկելու հնարավորությունը, քանի որ տվյալ դատական ակտում թույլ տրված խախտումը, ինչպիսին էլ որ լինի, չի հանգեցնելու գործի սխալ լուծման, այսինքն դատական պաշտպանության և արդար դատաքննության իրավունքների հիմնական բաղադրիչների պահպանումը կարող է գործնականում ապահովվել տվյալ որոշումը միայն ու բացառապես անմիջանակորեն բողոքարկելու հնարավորության առկայության պարագայում: Ըստ դիմողի անկախ առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի կամ վերաքննիչ դատարանի կողմից կայացվելու հանգամանքից, հակընդդեմ ապահովում կիրառելու մասին որոշումը հնարավոր չէ վիճարկել գործն ըստ էության լուծող դատական ակտի բողոքարկման շրջանակներում հետաձգված բողոքարկման կարգով, և նկատի ունենալով այն հանգամանքը, որ Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 10-րդ հոդվածի 2-րդ, 135-րդ հոդվածի 4-րդ մասերի և 388-րդ հոդվածի ուժով առկա չէ տվյալ որոշումն անմիջականորեն բողոքարկելու հնարավորություն, դիմողը նշում է, որ առաջին ատյանի կամ վերաքննիչ դատարանի կողմից հակընդդեմ ապահովում կիրառելու մասին որոշումն ընդհանրապես ենթակա չէ բողոքարկման: Դիմողը նշում է, որ հակընդդեմ ապահովում կիրառելու մասին որոշումը բողոքարկման ենթակա չէ համապատասխանաբար վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարանում, իսկ հակընդդեմ ապահովումը մերժելու մասին որոշման դեպքում նման հնարավորություն նախատեսված է: Ըստ դիմողի նման պայմաններում խաթարվում են գործին մասնակցող անձանց մրցակցության, ինչպես նաև օրենքի և դատարանի առջև հավասարության դատավարական սկզբունքները: Բանն այն է, որ եթե կողմի ներկայացրած հակընդդեմ ապահովում կիրառելու մասին որոշումը բավարարվում է, մյուս կողմը զրկված է դրա դեմ վերաքննիչ և/կամ վճռաբեկ բողոք ներկայացնելու հնարավորությունից, այլ կերպ ասած այդ որոշումից «պաշտպանվելու» իրավունքից, մինչդեռ համապատասխան միջնորդությունը ներկայացրած կողմը հնարավորություն ունի միջնորդությունը մերժվելու դեպքում մերժելու մասին որոշումը բողոքարկել: Ըստ դիմողի նման պայմաններում ակնհայտ է, որ ՀՀ Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 10-րդ հոդվածի 2-րդ մասը, 135-րդ հոդվածի 4-րդ մասը, ինչպես նաև 388-րդ հոդվածը ոչ միայն հակասում են Սահմանադրության 61-րդ և 63-րդ հոդվածներին, այլև որոշ դեպքերում պայմաններ են ստեղծում Վճռաբեկ դատարանի կողմից Սահմանադրության 171-րդ հոդվածով նախատեսված լիազորությունների պատշաճ իրականացման համար ընդհուպ մինչև անհնարինության աստիճան խոչընդոտելու տեսանկյունից:

3. Ելնելով դիմումի և կից ներկայացված դատական ակտերի ուսումնասիրությունից, ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերով Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ սույն անհատական դիմումով գործի քննությունը ենթակա է մասամբ մերժման հետևյալ պատճառաբանությամբ․ 3.1. ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 10-րդ հոդվածի 2-րդ մասի և 388-րդ հոդվածի վերաբերյալ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` անհատական դիմումներով գործի քննությունը կարող է մերժվել նաև այն դեպքերում, երբ անհատական դիմումն ակնհայտ անհիմն է: Սույն պահանջի լույսի ներքո Սահմանադրական դատարան անհատական դիմում ներկայացնելիս անձը պետք է հստակ պատկերացնի իր նկատմամբ վերջնական դատական ակտով կիրառված օրենքի նորմի բովանդակությունը և փորձի գնահատել ու նախատեսել Սահմանադրական դատարանում իր իրավունքների պաշտպանությանն ուղղված և Սահմանադրությամբ ու օրենքով թույլատրելի հետագա գործողությունները, ինչպես նաև պետք է փորձի բավարար կերպով իրավաբանորեն հիմնավորել, թե իր սահմանադրական ո՞ր իրավունքներն են խախտվել և ի՞նչ է ակնկալում Սահմանադրական դատարանում դիմումի քննության արդյունքում: «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` անհատական դիմումը պետք է հղումներ պարունակի նորմատիվ իրավական ակտի այն դրույթներին, որոնց սահմանադրականությունը վիճարկվում է, և հիմնավորումներ, որ նորմատիվ իրավական ակտի հակասությունը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման` հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը: Միաժամանակ, դիմողը պետք է նաև պատշաճ ձևով հիմնավորի, թե իր կողմից վիճարկվող նորմերի ենթադրյալ հակասահմանադրականության արդյունքում իր ո՞ր սահմանադրական իրավունքն է խախտվել, ինչպես նաև հիմնավորի իր սահմանադրական իրավունքների ենթադրյալ խախտման փաստի և վիճարկվող դրույթների հակասահմանադրականության միջև պատճառահետևանքային կապի առկայությունը։ Այս պահանջները չպահպանելը, ըստ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 5-րդ մասի անհատական դիմումն ակնհայտ անհիմն համարելու հիմք է: Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 10-րդ հոդվածի 2-րդ մասը նախատեսում է վերաքննիչ դատարանի դատական ակտերի վճռաբեկության կարգով բողոքարկման հնարավորություն, եթե տվյալ կոնկրետ որոշման բողոքարկման դեպքը սահմանված է օրենքով: Մյուս կողմից 388-րդ հոդվածը սահմանում է վճռաբեկ բողոքի հիման վրա նշված օրենսգրքով նախատեսված դեպքերում և կարգով վերաքննիչ դատարանի եզրափակիչ և միջանկյալ դատական ակտերի դեմ բերված վճռաբեկ բողոքները քննելու Վճռաբեկ դատարանի իրավասությունը: Նշվածից ակնհայտ է, որ Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 10-րդ հոդվածի 2-րդ մասը և 388-րդ հոդվածը վկայակոչող հղում են կատարում այլ նորմերի, ինչը նշանակում է, որ, ըստ էության, Քաղաքացիական դատավարության օրենսգրքի դիտարկվող նորմերը չեն արգելում, մասնավորապես, քաղաքացիական վարույթի ընթացքում հակընդդեմ ապահովում պահանջելու վերաբերյալ միջնորդության քննության արդյունքներով կայացված դատական ակտի բողոքարկման հնարավորութունը, սակայն այդ որոշման բողոքարկումը կապվում է դրա բողոքարկման վերաբերյալ օրենքում կոնկրետ դեպք ամրագրված լինելու հանգամանքի հետ: Այստեղից ակնհայտ է նաև, որ դիմողի կողմից բարձրացված Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների հնարավոր խախտումը որևէ պարագայում չի կարող պատճառահետևանքային կապի մեջ լինել քննարկվող նորմերի հնարավոր հակասահմանադրականության հետ: Ավելին ակնհայտ է նաև, որ դիմողի բարձրացրած ենթադրյալ օրենսդրական բացը կարող է տեղ գտնել ոչ թե Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 10 և 388-րդ հոդվածներում, այլ նույն օրենսգրքի մյուս հոդվածներում, որպիսիք խնդրո առարկա դիմումով չեն վիճարկվում: Հիմք ընդունելով վերոգրյալը Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ դիմողը նշյալ դրույթների մասով չի պահպանել վերոշարադրյալ օրենսդրական պահանջները։ 3.2. ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածի 4-րդ մասի վերաբերյալ

Սահմանադրական դատարանի դատական կազմը փաստում է, որ միջանկյալ դատական ակտերի բողոքարկման վերաբերյալ Սահմանադրական դատարանը դիրքորոշումներ է հայտնել իր մի շարք որոշումներով: Մասնավորապես 2010 թվականի նոյեմբերի 2-ի ՍԴՈ-922, 2015 թվականի փետրվարի 10-ի ՍԴՈ-1190, 2015 թվականի փետրվարի 24-ի ՍԴՈ-1191, 2016 թվականի դեկտեմբերի 13-ի ՍԴՈ-1330, 2019 թվականի նոյեմբերի 6-ի ՍԴՈ-1487 որոշումներով: Ակնհայտ է, որ նշված գործերը և քննարկվող դիմումի հիման վրա գործն առնչվում են նույն ինստիտուտին, այլ ոչ թե «նույն հարցին» «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի իմաստով: Նման դիրքորոշման համար հիմք է հանդիսանում այն, որ վերը նշված գործերը վերաբերել են միջանկյալ դատական ակտերի կոնկրետ տեսակներին, և Սահմանադրական դատարանը որոշում կայացնելիս քննության առարկա է դարձրել միջանկյալ դատական ակտի կոնկրետ տեսակին վերաբերող իրավանորմը: Այդ է պատճառը, որ, օրինակ, ՍԴՈ-1487 որոշման մեջ Սահմանադրական դատարանը գտել է, որ երբ գործն ըստ էության չլուծող դատական ակտով սահմանափակվում է անձնական ազատության հիմնական իրավունքը, ապա այդ իրավունքի պաշտպանությունն արդյունավետ չի իրացվում հետաձգված բողոքարկման միջոցով, քանի որ անձը դատական քննության ողջ ընթացքում շարունակում է մնալ կալանքի տակ անորոշ ժամկետով չունենալով այդ ընթացքում կալանքի իրավաչափությունը բողոքարկելու հնարավորություն: Նույնը վերաբերում է նաև ՍԴՈ-1190 որոշմանը: Այսինքն վերը նշված բոլոր գործերով և սույն դիմումի հիման վրա գործով բարձրացված հարցը կոնկրետ տեսակի միջանկյալ դատական ակտի բողոքարկման, այլ ոչ թե ընդհանրապես միջանկյալ դատական ակտի բողոքարկման հարցն է: Ուստի Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ սույն դիմումի հիման վրա գործով բարձրացված հարցը կոնկրետ տեսակի միջանկյալ դատական ակտի քաղաքացիական վարույթի ընթացքում հակընդդեմ ապահովում պահանջելու վերաբերյալ միջնորդության քննության արդյունքներով կայացված դատական ակտի բողոքարկման, այլ ոչ թե ընդհանրապես միջանկյալ դատական ակտի բողոքարկման հարցն է: Ելնելով վերոգրյալից Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածի 4-րդ մասի մասով առկա չեն սույն դիմումի քննության ընդունումը մերժելու «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29 և 69-րդ հոդվածներով նախատեսված հիմքերը, մասնավորապես.

1) դիմումում առաջադրված հարցը ենթակա է Սահմանադրական դատարանին,

2) դիմողն իրավասու է դիմել Սահմանադրական դատարան, այն է

ա) դիմողը հանդիսացել է ընդհանուր իրավասության կամ մասնագիտացված դատարաններում դատավարության մասնակից,

բ) դիմողի նկատմամբ ընդհանուր իրավասության կամ մասնագիտացված դատարանի կողմից կիրառվել է օրենքի դրույթը,

գ) դիմողի նկատմամբ վիճարկվող դրույթը կիրառվել է դատարանի վերջնական ակտով,

դ) դիմողը սպառել է ներպետական դատական պաշտպանության բոլոր միջոցները,

3) դիմումում առաջադրված հարցի վերաբերյալ առկա չէ Սահմանադրական դատարանի որոշում,

4) դիմումի առարկայի վերաբերյալ այլ դիմումի հիման վրա Սահմանադրական դատարանում գործի դատաքննություն չի իրականացվում,

5) դիմումն ակնհայտ անհիմն չէ,

6) դիմողը պահպանել է Սահմանադրական դատարան դիմելու համար նախատեսված վեցամսյա ժամկետը:

Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 28-րդ հոդվածի 1-ին մասով, 29 և 69-րդ հոդվածներով Սահմանադրական դատարանի դատական կազմը

ՈՐՈՇԵՑ.

1. Գուրգեն Մեսրոպյանի դիմումի հիման վրա ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածի 4-րդ մասի Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործն ընդունել քննության:

2. Գուրգեն Մեսրոպյանի անհատական դիմումով գործի քննությունը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 10-րդ հոդվածի 2-րդ մասի և 388-րդ հոդվածի մասով, մերժել:

3. Սույն գործով դատավարությանը որպես պատասխանող կողմ ներգրավել Ազգային ժողովին:

Նախագահող Ա. Խաչատրյան

Անդամներ Վ. Գրիգորյան

Ա. Թունյան

21 հունիսի 2021 թվականի

ՍԴԴԿՈ-38

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
21 հունիսի, 2021 թ.
Գործի #:
ՍԴԴԿՈ-38
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել