ՍԱԹԻԿ ԿԱՅԾԱԿՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ-29)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքներըԱմփոփում
Ընդ.՝ 14 օգոստոսի 2023թ. ՍԴԴԿՈ - 29 | ՍԱԹԻԿ ԿԱՅԾԱԿՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ ՈՐՈՇՈՒՄ
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Քաղ. Երևան 14 օգոստոսի 2023 թ.
Սահմանադրական դատարանի դատական կազմը`
Նախագահությամբ Հ. Թովմասյանի
Անդամակցությամբ Հ. Հովակիմյանի
Վ. Գրիգորյանի
Քննության առնելով Սաթիկ Կայծակյանի անհատական դիմումի
ընդունելիության հարցը,
ՊԱՐԶԵՑ.
1. Սաթիկ Կայծակյանը (այսուհետ` Դիմող) դիմել է Սահմանադրական դատարան (դիմումը Սահմանադրական դատարան է մուտքագրվել 2023 թվականի հուլիսի 17-ին) խնդրելով. « քննության առարկա ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 397-րդ հոդվածի 2-րդ մասի ՀՀ Սահմանադրության 61-րդ, 79-րդ հոդվածներին համապատասխանության սահմանադրականության հարցը»:
2. Ներկայացնելով թիվ ՏԴ/4131/02/21 քաղաքացիական գործի դատավարական նախապատմությունը և անդրադառնալով քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով սահմանված դրույթի սահմանադրականության հարցին Դիմողը նշում է, որ վիճարկվող տվյալ իրավանորմը տառացի մեկնաբանությամբ, չի համապատասխանում Սահմանադրության 61-րդ հոդվածին: Դիմողի պնդմամբ Վճռաբեկ դատարանի կողմից նորմի միատեսակ կիրառման պրակտիկայի ձևավորման պահանջից կատարվել է շեղում, չի ապահովվել դատարանի մատչելիության, արդար դատաքննության իրավունքի իրացումը նաև այն տեսանկյունից, որ Վճռաբեկ դատարանն առհասարակ չի էլ անդրադարձել վճռաբեկ բողոքում բարձրացված հարցերին և դրանց հիմքերին ու հիմնավորումներին, հիմք է ընդունել վերաքննիչ քաղաքացիական դատարանի հիմնավորումները` չկատարելով օրենքի իմպերատիվ պահանջը: Դիմողն ընդգծում է, որ Վճռաբեկ դատարանի կողմից իրավաչափ դատական ակտ կայացնելու հանգամանքն ընդունելու դեպքում կստացվի, որ Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 397-րդ հոդվածը չի համապատասխանում նույն օրենսգրքի 200-րդ հոդվածին այն առումով, որ օրենքը հստակ սահմանում է, որ Վճռաբեկ դատարանի վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին որոշումը պետք է համապատասխանի Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 200-րդ հոդվածին, իսկ տվյալ հոդվածը սահմանում է, որ դատարանի համապատասխան որոշումը պետք է պարունակի հիմնավորումներ, որոնցով դատարանը հանգել է հետևությունների օրենքների և այլ իրավական ակտերի վկայակոչմամբ: Հավելելով Դիմողը նշում է, որ Վճռաբեկ դատարանն առանց իրավական հիմնավորումների և հիմքերի մերժել է վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելը: Ըստ Դիմողի նկատի ունենալով, որ իր պահանջի կապակցությամբ Վճռաբեկ դատարանը չի հիմնավորել բողոքը վարույթ չընդունելու մասին որոշումը, իր համար պարզ և հասկանալի չէ, թե ինչու են խախտվել իր դատարանի մատչելիության և արդար դատաքննության իրավունքները: Ողջ վերոշարադրյալի հաշվառմամբ Դիմողը եզրահանգում է, որ վիճարկվող նորմերը սահմանված չեն այնպիսի հստակությամբ, որ հնարավոր լինի դրսևորել համապատասխան վարքագիծ:
3. Ուսումնասիրելով սույն անհատական դիմումը և դրան կից ներկայացված դատական ակտերը, ղեկավարվելով Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով և 6-րդ մասով, հիմք ընդունելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29 և 69-րդ հոդվածների պահանջները Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ սույն անհատական դիմումով գործի քննությունը ենթակա է մերժման հետևյալ պատճառաբանությամբ. Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի համաձայն Սահմանադրական դատարան կարող է դիմել յուրաքանչյուր ոք կոնկրետ գործով, երբ առկա է դատարանի վերջնական ակտը, սպառվել են դատական պաշտպանության բոլոր միջոցները և վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը: «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի համաձայն Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին աշխատակարգային որոշում է ընդունում սույն օրենքի 69-րդ հոդվածով նախատեսված այլ դեպքերում։ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն անհատական դիմումներով գործի քննությունը, ի լրումն սույն օրենքի 29-րդ հոդվածով նախատեսված դեպքերի, կարող է մերժվել նաև այն դեպքում, երբ լրացել է Սահմանադրական դատարան դիմելու համար նույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված վեցամսյա ժամկետը: «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն անհատական դիմումները կարող է Սահմանադրական դատարան ներկայացնել ֆիզիկական կամ իրավաբանական անձը դատական պաշտպանության բոլոր միջոցները սպառելուց վերջնական դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելուց ոչ ուշ, քան վեց ամիս հետո: Սահմանադրական դատարանի դատական կազմը փաստում է, որ թիվ ՏԴ/4131/02/21 քաղաքացիական գործով Վճռաբեկ դատարանի «Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին» որոշումը, կայացվել է 2022 թվականի դեկտեմբերի 15-ին, որը Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի իմաստով Դիմողի գործով վերջնական դատական ակտն է և օրինական ուժի մեջ է մտել կայացման պահից: Մինչդեռ Սահմանադրական դատարան դիմումը ներկայացվել է 2023 թվականի հուլիսի 17-ին վերջնական դատական ակտն ուժի մեջ մտնելուց ավելի քան վեց ամիս անց։ Այսինքն սույն անհատական դիմումը Սահմանադրական դատարան ներկայացվելու պահին արդեն իսկ լրացել էր «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված վեցամսյա ժամկետը։ Հետևաբար Սահմանադրական դատարանի դատական կազմը, առանց անդրադառնալու սույն դիմումի ընդունելիության մյուս պայմաններին, եզրահանգում է, որ սույն անհատական դիմումով գործի քննությունը ենթակա է մերժման։ Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով և նույն հոդվածի 6-րդ մասով, ինչպես նաև հիմք ընդունելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետը, 69-րդ հոդվածի 3, 5 և 6-րդ մասերի պահանջները Սահմանադրական դատարանի դատական կազմը
ՈՐՈՇԵՑ.
Սաթիկ Կայծակյանի անհատական դիմումով գործի քննությունը մերժել:
Նախագահող Հ. Թովմասյան
Անդամներ Հ. Հովակիմյան
Վ. Գրիգորյան
14 օգոստոսի 2023 թվականի
ՍԴԴԿՈ–29
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 14 օգոստոսի, 2023 թ.
- Գործի #:
- ՍԴԴԿՈ-29
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
