«ՋԵՅ ԷՖ ԹԻ» ՍՊԸ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ-20)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքներըԱմփոփում
Ընդ.՝ 22 ապրիլի 2025թ. ՍԴԴԿՈ - 20 | «ՋԵՅ ԷՖ ԹԻ» ՍՊԸ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ ՈՐՈՇՈՒՄ
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Քաղ. Երևան 22 ապրիլի 2025 թ.
Սահմանադրական դատարանի դատական կազմը՝
Նախագահությամբ՝ Ե. Խունդկարյանի
Անդամակցությամբ՝ Է. Շաթիրյանի
Ս. Սաֆարյանի
Քննության առնելով «ՋԵՅ ԷՖ ԹԻ» ՍՊԸ անհատական դիմումի ընդունելիության հարցը,
ՊԱՐԶԵՑ.
1. «ՋԵՅ ԷՖ ԹԻ» ՍՊԸ-ն (այսուհետ՝ Դիմող, ներկայացուցիչներ՝ փաստաբաններ Արգիշտի Մեսրոպյան, Միքայել Դանիելյան, Վարդան Վարդանյան), դիմելով Սահմանադրական դատարան (դիմումը Սահմանադրական դատարան է մուտքագրվել 2025 թվականի ապրիլի 7-ին), խնդրել է հետևյալը.
«(...) Որոշել «Հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարման մասին» ՀՀ օրենքի, այդ թվում նաև՝ 7-րդ հոդվածի 2-րդ մասի «դ» կետի, ՀՀ կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի «Երևան քաղաքի գլխավոր պողոտայի՝ Աբովյան, Փավստոս Բուզանդի, Եզնիկ Կողբացու և Արամի փողոցներով պարփակված տարածքների նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու մասին» թիվ 1528-Ն որոշման և 2022 թվականի նոյեմբերի 24-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի N 1528-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» թիվ 1785-Ն որոշման համապատասխանությունը ՀՀ Սահմանադրության 10-րդ հոդվածին, 60-րդ հոդվածի 1-ին, 2-րդ, 4-րդ և 5-րդ մասերին, 78-րդ, 79-րդ և 80-րդ հոդվածներին»:
2. Դիմողը, ներկայացնելով վարչական գործի դատավարական նախապատմությունը, նշում է, որ հանրության շահը գերակա ճանաչելու հիմքերը և շարժառիթները չեն կարող անորոշ ժամանակով առկա լինել, մասնավորապես՝ որոշակի ժամանակահատված հետո դրանք կարող են վերանալ և, ըստ այդմ, հանրության շահն այլևս չի կարող գերակա լինել օտարվող սեփականության սեփականատիրոջ շահերից: Մինչդեռ, Դիմողի պնդմամբ՝ օրենսդիրը, նախատեսելով առավելագույն ժամկետներ, որից ավելի ՀՀ կառավարությունը չի կարող սահմանել սեփականության օտարման գործընթացն սկսելու վերջնական ժամկետը և վերջինիս տալով հնարավորություն՝ ի սկզբանե ընդունված՝ հանրության գերակա շահ ճանաչելու մասին որոշմամբ սահմանել նաև սեփականության օտարման գործընթացն սկսելու առավելագույն ժամկետներից ավելի կարճ ժամկետներ, ուղղակիորեն չի սահմանել որևէ արգելք՝ ՀՀ կառավարության կողմից ի սկզբանե ընդունված՝ հանրության գերակա շահ ճանաչելու մասին որոշմամբ սահմանված՝ օտարման գործընթացն սկսելու ժամկետը հետագայում այդ որոշմամբ փոփոխելու՝ երկարաձգելու համար, ինչպես նաև չի սահմանել այդ ժամկետը երկարաձգելու մասին ՀՀ կառավարության որոշումը հիմնավորելու պարտականություն:
Դիմողը նշում է, որ հանրության գերակա շահ ճանաչելու մասին ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերին «Հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարման մասին» ՀՀ օրենքով (այսուհետ՝ Օրենք) առաջադրված պահանջները նաև փոփոխություններ կատարելու վերաբերյալ ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտին չառաջադրելը և (կամ) դրա համար առանձնահատուկ կարգավորումներ չսահմանելը հակասում է սեփականության իրավունքի բուն էությանը, ինչպես նաև խախտում է իրավական որոշակիության և համաչափության սահմանադրական սկզբունքները: Մասնավորապես՝ ըստ Դիմողի՝ ՀՀ կառավարության հանրության գերակա շահ ճանաչելու մասին որոշմամբ ի սկզբանե սահմանված՝ օտարման գործընթացն սկսելու վերջնական ժամկետը երկարաձգելու մասին ՀՀ կառավարության որոշման համար ևս Օրենքով հանրության գերակա շահի առկայության վերաբերյալ հիմնավորում պարունակելու պահանջ չսահմանելը հակասում է Սահմանադրության 10-րդ, 60-րդ, 78-րդ և 80-րդ հոդվածներին:
Միաժամանակ Դիմողը գտնում է, որ ՀՀ կառավարության 2022 թվականի նոյեմբերի 24-ի թիվ 1785-Ն որոշումը ևս չի համապատասխանում Սահմանադրության 10-րդ հոդվածին, 60-րդ հոդվածի 1-ին, 2-րդ, 4-րդ և 5-րդ մասերին, 78-րդ, 79-րդ և 80-րդ հոդվածներին այնքանով, որքանով այդ որոշմամբ երկարաձգվել է օտարման գործընթացն սկսելու վերջնական ժամկետը՝ առանց հիմնավորելու տվյալ որոշման ընդունման պահի դրությամբ հանրության գերակա շահի հիմքերի, նպատակների և շարժառիթների առկայությունը, ինչպես նաև դրանց արդիականության պահպանվածությունը և, ըստ այդմ, հանրության շահի դեռևս գերակա լինելը։
Բացի դրանից, Դիմողը նշում է, որ Օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասի «դ» կետով և առհասարակ ամբողջ Օրենքով չի սահմանվել որևէ արգելք (սահմանափակում)՝ որոշակի նպատակով սեփականության օտարման գործընթացն սկսելու վերջնական ժամկետն սպառվելուց հետո կրկին նույն նպատակով հանրության գերակա շահ ճանաչելու մասին ՀՀ կառավարության որոշման ընդունման և դրանով՝ միևնույն նպատակով սեփականության օտարման գործընթացն սկսելու «նոր վերջնական ժամկետ» սահմանելու վերաբերյալ: Այս առումով Դիմողը գտնում է, որ առկա իրավակարգավորումների և նման արգելքի (սահմանափակման) բացակայության պարագայում խնդրո առարկա հնգամյա ժամկետն իմաստազրկվում է՝ ստանալով հռչակագրային բնույթ, քանի որ այն մշտապես հնարավոր է լինում «նորոգել» և վերականգնել, իսկ այդ ժամկետի հաշվարկման ելակետը որոշելիս հաշվի չի առնվում, որ նախկինում ՀՀ կառավարության կողմից ընդունված մեկ այլ որոշմամբ օտարման միևնույն նպատակն արդեն իսկ ճանաչվել է հանրության գերակա շահ, և սեփականության օտարման գործընթացն սկսելու վերջնական ժամկետը հաշվարկելու համար որպես ելակետ չի դիտարկվում ՀՀ կառավարության այն որոշումն ուժի մեջ մտնելու պահը, որով տվյալ նպատակը հանրության գերակա շահ է ճանաչվել առաջին անգամ: Փոխարենը, ըստ Դիմողի՝ տվյալ ժամկետը հաշվարկելու համար հիմք է ընդունվում ՀՀ կառավարության յուրաքանչյուր որոշման ուժի մեջ մտնելու պահը, որի արդյունքում սեփականատիրոջ իրավունքների պաշտպանությանը կոչված այդ ժամկետը փաստացի չեզոքացվում է և սկսում հաշվարկվել կրկին, որի հետևանքով էլ իմաստազրկվում է Օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասի «դ» կետով սահմանված՝ օտարվող գույքի սեփականատերերի իրավունքների պաշտպանության երաշխիքը, և այն որևէ կերպ չի ծառայում իր նպատակին՝ չապահովելով օտարվող գույքի սեփականատերերի համար իրավական որոշակիություն և կանխատեսելիություն: Ավելին, Դիմողի պնդմամբ՝ դրանով ստեղծվում է սահմանված հնգամյա ժամկետը և Օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասի «դ» կետով ամրագրված պահանջը շրջանցելու անսահմանափակ հնարավորություն՝ միևնույն նպատակը կրկին հանրության գերակա շահ ճանաչելու վերաբերյալ հերթական որոշումն ընդունելու միջոցով:
Արդյունքում՝ Դիմողը եզրահանգում է, որ Օրենքը, այդ թվում՝ դրա 7-րդ հոդվածի 2-րդ մասի «դ» կետը հակասում են Սահմանադրության 10-րդ հոդվածին, 60-րդ հոդվածի 1-ին, 2, 4 և 5-րդ մասերին, ինչպես նաև 78, 79 և 80-րդ հոդվածներին այնքանով, որքանով չեն նախատեսում որոշակի նպատակով սեփականության օտարման գործընթաց սկսելու վերջնական ժամկետն սպառվելուց հետո կրկին նույն կամ համանման նպատակով ՀՀ կառավարության՝ հանրության գերակա շահ ճանաչելու մասին որոշման ընդունման և, ըստ այդմ՝ նույն սեփականության օտարման նոր վերջնական ժամկետի սահմանման և այդ ժամկետի վերստին հաշվարկման արգելք (սահմանափակում):
Նշվածի համատեքստում Դիմողը նաև նշում է, որ ՀՀ կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի թիվ 1528-Ն որոշումը չի համապատասխանում Սահմանադրության 10-րդ հոդվածին, 60-րդ հոդվածի 1-ին, 2, 4 և 5-րդ մասերին, ինչպես նաև 78, 79 և 80-րդ հոդվածներին այնքանով, որքանով դրանով հանրության գերակա շահ է ճանաչվել և օտարման վերջնական ժամկետ է սահմանվել այնպիսի գույքի նկատմամբ և այնպիսի նպատակով, որպիսի գույքի նկատմամբ և որպիսի նպատակով ՀՀ կառավարության կողմից նախկինում ընդունված մեկ այլ որոշմամբ արդեն իսկ ճանաչվել էր հանրության գերակա շահ և սահմանվել գործընթացն սկսելու վերջնական ժամկետ:
3. Ելնելով դիմումի և կից փաստաթղթերի ուսումնասիրության արդյունքներից՝ Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ առկա չեն սույն անհատական դիմումով գործի քննությունը մերժելու՝ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ և 69-րդ հոդվածներով նախատեսված հիմքերը` նկատի ունենալով, որ՝
1) դիմումում առաջադրված հարցերը ենթակա են Սահմանադրական դատարանին,
2) Դիմողն իրավասու է տվյալ հարցերով դիմելու Սահմանադրական դատարան, այն է՝
ա) Դիմողը հանդիսացել է դատարանում դատավարության մասնակից,
բ) Դիմողի նկատմամբ դատարանի կողմից կիրառվել են վիճարկվող նորմատիվ իրավական ակտերի դրույթները,
գ) Դիմողի նկատմամբ վիճարկվող նորմատիվ իրավական ակտերի դրույթները (բարձրացված հարցերի համատեքստում) կիրառվել են դատարանի վերջնական ակտով,
դ) Դիմողը (բարձրացված հարցերի համատեքստում) սպառել է ներպետական դատական պաշտպանության բոլոր միջոցները,
3) դիմումում առաջադրված հարցերի վերաբերյալ առկա չէ Սահմանադրական դատարանի որոշում,
4) դիմումի առարկայի վերաբերյալ այլ դիմումի հիման վրա Սահմանադրական դատարանում գործի դատաքննություն չի իրականացվում,
5) դիմումն ակնհայտ անհիմն չէ,
6) Դիմողը պահպանել է Սահմանադրական դատարան դիմելու համար նախատեսված վեցամսյա ժամկետը:
Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 28-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով և 69-րդ հոդվածով՝ Սահմանադրական դատարանի դատական կազմը
ՈՐՈՇԵՑ.
1. ««ՋԵՅ ԷՖ ԹԻ» ՍՊԸ դիմումի հիման վրա՝ «Հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարման մասին» ՀՀ օրենքի, այդ թվում նաև՝ 7-րդ հոդվածի 2-րդ մասի «դ» կետի, ՀՀ կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի «Երևան քաղաքի գլխավոր պողոտայի՝ Աբովյան, Փավստոս Բուզանդի, Եզնիկ Կողբացու և Արամի փողոցներով պարփակված տարածքների նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու մասին» թիվ 1528-Ն որոշման և 2022 թվականի նոյեմբերի 24-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի N 1528-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» թիվ 1785-Ն որոշման՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործն ընդունել քննության:
2. Սույն գործով դատավարությանը որպես պատասխանող կողմեր ներգրավել «Հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարման մասին» ՀՀ օրենքն ընդունած մարմնին՝ Ազգային ժողովին, և 2018 թվականի դեկտեմբերի 27-ի թիվ 1528-Ն որոշումը և 2022 թվականի նոյեմբերի 24-ի թիվ 1785-Ն որոշումն ընդունած մարմնին՝ Կառավարությանը:
Նախագահող՝ Ե. Խունդկարյան
Անդամներ՝ Է. Շաթիրյան
Ս. Սաֆարյան
22 ապրիլի 2025 թվականի
ՍԴԴԿՈ-20
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 22 ապրիլի, 2025 թ.
- Գործի #:
- ՍԴԴԿՈ-20
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
