Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/«ՎԱՐՅԱ ՍԱՖԱՐՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 173-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 2-ՐԴ ՄԱՍԻ ԵՎ 179-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

«ՎԱՐՅԱ ՍԱՖԱՐՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 173-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 2-ՐԴ ՄԱՍԻ ԵՎ 179-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Սահմանադրական դատարանՍԴԱՈ-613 հունվարի, 2026 թ.Բնօրինակ աղբյուր
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԱՈ-6)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքները

Ամփոփում

Ընդ.՝ 13 հունվարի 2026թ. ՍԴԱՈ - 6 | «ՎԱՐՅԱ ՍԱՖԱՐՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 173-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 2-ՐԴ ՄԱՍԻ ԵՎ 179-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ամբողջ Տեքստ

«ՎԱՐՅԱ ՍԱՖԱՐՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 173-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 2-ՐԴ ՄԱՍԻ ԵՎ 179-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Սահմանադրական դատարանը, քննության առնելով «Վարյա Սաֆարյանի դիմումի հիման վրա՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 173-րդ հոդվածի 2-րդ մասի և 179-րդ հոդվածի 1-ին մասի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի քննությունը մերժելու մասին առաջարկությունը, ՊԱՐԶԵՑ.

1. 2025 թվականի դեկտեմբերի 22-ին փոստային ծառայությանն է հանձնվել, 2025 թվականի դեկտեմբերի 25-ին Սահմանադրական դատարան է մուտքագրվել Վարյա Սաֆարյանի (այսուհետ նաև՝ Դիմող, ներկայացուցիչ՝ փաստաբան Դավիթ Ասատրյան) դիմումը, որով Դիմողը խնդրել է.

«(...)

(...) ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 179-րդ հոդվածի 1-ին մասը և նույն օրենսգրքի 173-րդ հոդվածի 2-րդ մասը ճանաչել ՀՀ Սահմանադրության 79-րդ, 63-րդ և 61-րդ հոդվածներին հակասող և անվավեր այնքանով, որքանով այն նախատեսում է հանցագործության մասին հաղորդման մեջ նկարագրված արարքի կատարման վերաբերյալ հանցագործության մասին հաղորդում ներկայացրած անձի կողմից ապացույցների ներկայացման պարտականություն»:

2. Ներկայացնելով թիվ ԵԴ/56674/02/21 քաղաքացիական գործի և թիվ ՀԿԴ/0035/11/25 գործի դատավարական նախապատմությունները՝ Դիմողը նշում է, որ քրեական վարույթն իրականացնող մարմինները, ինչպես նաև մինչդատական ակտերի դատական բողոքարկման արդյունքում գործը քննած դատարանները եկել են այն եզրահանգման, որ դատական ակտի ժամկետը կեղծված լինելու վերաբերյալ հաղորդում ներկայացրած անձի պնդումն ինքնին բավարար չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 173-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն քրեական վարույթ նախաձեռնելու որոշում կայացնելու համար: Ըստ Դիմողի՝ նշվածի հիման վրա ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 179-րդ հոդվածի 1-ին մասի կիրառությունը համարվել է իրավաչափ, և հաղորդման մեջ ներկայացված փաստը հաստատող ապացույցների բացակայության պայմաններում իրավաչափ է որակվել քննիչի կողմից քրեական վարույթ նախաձեռնելու արձանագրություն չկազմելը: Դիմողի պնդմամբ՝ իրավակիրառ մարմինների կողմից կոնկրետ գործի շրջանակներում իրավունքի կիրառումից բխում է, որ հանցագործության մասին հաղորդումը կարող է համարվել առերևույթ հանցանքի մասին պատշաճ հաղորդում բացառապես այն դեպքում, երբ դրանում ներկայացված փաստերը հաստատվում են որոշակի ապացույցներով:

Դիմողը գտնում է, որ թիվ ՀԿԴ/0035/11/25 գործի շրջանակներում իր նկատմամբ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 173-րդ հոդվածի 2-րդ մասի և նույն օրենսգրքի 179-րդ հոդվածի 1-ին մասի կիրառությունը, ըստ որի՝ հանցագործության մասին հաղորդումը կարող է համարվել առերևույթ հանցանքի վերաբերյալ հաղորդում միայն այն դեպքում, երբ հաղորդում ներկայացնող անձը հիմնավորում է նկարագրված փաստերը, հակասում է Սահմանադրության 28, 61, 63 և 79-րդ հոդվածներին:

Դիմողը նշում է, որ իր նկատմամբ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 173 և 179-րդ հոդվածների կիրառությունը բոլոր դատական ատյանների կողմից եղել է այն սկզբունքով, որ հանցագործության վերաբերյալ ֆիզիկական անձի կողմից հաղորդում ներկայացնելու պահից մինչև քրեական վարույթի նախաձեռնումը ոչ թե չի իրականացվում փաստերի ստուգում, այլ նման ստուգումը սահմանափակվում է հաղորդումը ներկայացրած անձի կողմից ներկայացված ապացույցների շրջանակում: Ըստ Դիմողի՝ իրավակիրառ մարմինները վկայակոչված իրավական նորմերը կիրառել են այնպես, որ քրեական վարույթ նախաձեռնելու փուլում հաղորդման մեջ ներկայացված փաստերը ենթակա են ստուգման, սակայն վարույթն իրականացնող մարմինն ինքնուրույն չի կարող կատարել ապացուցողական գործողություններ:

Դիմողի պնդմամբ՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 173 և 179-րդ հոդվածների կիրառման հետևանքով իր վրա դրվել է ապացուցողական պարտականություն՝ հաստատելու հանցանքի առկայությունը, մինչդեռ իրավական նորմերի մեկնաբանությունն ակնհայտ անհամաչափ է հանցագործության մասին հաղորդում ներկայացրած անձի կողմից հանցագործության վերաբերյալ ապացույցներ ձեռք բերելու իրավասություններին, քանի որ վերջինս քրեական վարույթի նախաձեռնման փուլում չունի նույնիսկ տուժողի դատավարական կարգավիճակ:

Դիմողը նշում է, որ տուժողը չի կարող մինչև քրեական վարույթի նախաձեռնումը վարույթն իրականացնող մարմնին ներկայացնել առերևույթ հանցագործության փաստը հաստատող ապացույցներ այն պարագայում, երբ բացակայում են քրեական վարույթ նախաձեռնված չլինելու պայմաններում հանցագործության վերաբերյալ ապացույցներ ձեռք բերելու դատավարական ընթացակարգերը:

Ողջ վերոգրյալի հիման վրա՝ Դիմողը եզրահանգում է, որ իր նկատմամբ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 173 և 179-րդ հոդվածները կիրառվել և մեկնաբանվել են այն սխալ իմաստով, որ հանցագործության վերաբերյալ հաղորդում ներկայացնող անձը պետք է նաև ներկայացնի նկարագրվող արարքի վերաբերյալ իրեղեն ապացույցներ, մինչդեռ իրավական նորմերի նման մեկնաբանությունն անհամաչափ և գործնականում անհնարին պարտավորություն է դնում հանցագործության արդյունքում վնասներ կրած անձի համար՝ վերջինիս զրկելով պատկան կառույցների կողմից համապատասխան խուզարկություն պարտադրելու, ինչպես նաև որպես հաղորդում ներկայացրած անձ դատարան դիմելու, արդյունավետ դատական պաշտպանության իրավունքից, ինչն էլ հակասում է Սահմանադրության 61 և 63-րդ հոդվածներին: Բացի դրանից, Դիմողի պնդմամբ՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 173 և 179-րդ հոդվածների 1-ին մասերի բովանդակությամբ հանցագործության վերաբերյալ հաղորդում ներկայացրած անձի` նշված պարտականությունը հստակորեն ամրագրված չէ, որի արդյունքում խախտվում է նաև Սահմանադրության 79-րդ հոդվածով սահմանված իրավական որոշակիության սկզբունքը:

3. Ելնելով դիմումի և կից փաստաթղթերի ուսումնասիրությունից, ինչպես նաև ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի (այսուհետ նաև՝ Սահմանադրական օրենք) 29 և 69-րդ հոդվածներով՝ Սահմանադրական դատարանը գտնում է, որ սույն անհատական դիմումով գործի քննությունը ենթակա է մերժման՝ հետևյալ պատճառաբանությամբ.

Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի համաձայն՝ Սահմանադրական դատարան կարող է դիմել յուրաքանչյուր ոք՝ կոնկրետ գործով, երբ առկա է դատարանի վերջնական ակտը, սպառվել են դատական պաշտպանության բոլոր միջոցները, և վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման՝ հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը։

Սահմանադրական վերոհիշյալ նորմն իր ամրագրումն է ստացել նաև Սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասում: Հիշյալ դրույթը սահմանում է այն հիմքերը, որոնց միաժամանակյա առկայության պարագայում ֆիզիկական կամ իրավաբանական անձը կոնկրետ գործով անհատական դիմում կարող է ներկայացնել Սահմանադրական դատարան։ Դրանք են՝

ա) երբ կոնկրետ գործով առկա է դատարանի վերջնական ակտը,

բ) երբ սպառվել են ներպետական դատական պաշտպանության բոլոր միջոցները,

գ) երբ վիճարկվում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման՝ հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը:

Սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին աշխատակարգային որոշում է ընդունում, եթե դիմումում առաջադրված հարցերը ենթակա չեն Սահմանադրական դատարանին:

Սահմանադրական դատարանը 2009 թվականի մարտի 17-ի ՍԴԱՈ-21 աշխատակարգային որոշմամբ արձանագրել է. «(…) բոլոր այն դեպքերում, երբ դիմողը, ձևականորեն վիճարկելով օրենքի դրույթի սահմանադրականության հարց, ըստ էության բարձրացնում է այդ դրույթի կիրառման իրավաչափության հարց կամ հետապնդում է այլ նպատակներ, ապա այդպիսի դիմումները ենթակա են մերժման` (…) որպես սահմանադրական դատարանի քննության ենթակա հարց չառաջադրող դիմումներ»:

Այս առումով հարկ է փաստել, որ սահմանադրական կոնկրետ վերահսկողության առարկա կարող են դառնալ այնպիսի վեճեր, որոնց հիմքում դրված են ոչ թե կոնկրետ գործի փաստական և (կամ) իրավական հանգամանքների գնահատման, վիճարկվող իրավական նորմի տվյալ գործով կիրառման կամ չկիրառման, այլ նորմատիվ իրավական ակտի վիճարկվող դրույթի կամ դրույթների (իրավակիրառ պրակտիկայում դրանց տրված մեկնաբանության, դրանցում առկա ենթադրյալ օրենսդրական բացի) սահմանադրականության գնահատման հարցեր:

Քննարկվող համատեքստում, հաշվի առնելով Դիմողի ներկայացրած դիրքորոշումները և հիմնավորումները` Սահմանադրական դատարանը գտնում է, որ վերջինիս կողմից բարձրացվել է այնպիսի հարց, որը ենթակա չէ Սահմանադրական դատարանի քննությանը՝ հետևյալ պատճառաբանությամբ.

գործի նյութերի ուսումնասիրությունը վկայում է, որ սույն անհատական դիմումով Դիմողը, ձևականորեն վիճարկելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 173-րդ հոդվածի 2-րդ մասի և 179-րդ հոդվածի 1-ին մասի (իրավակիրառ պրակտիկայում դրանց տրված մեկնաբանության) սահմանադրականությունը, ըստ էության, բարձրացնում է տվյալ դրույթների կիրառման իրավաչափության հարց:

Այսպես, Դիմողն իր անհատական դիմումով, ի թիվս այլնի, ներկայացրել է դիրքորոշում առ այն, որ «(...) քրեական վարույթն իրականացնող մարմինները, ինչպես նաև մինչդատական ակտերի դատական բողոքարկման արդյունքում գործը քննած դատարանները եկել են այն եզրահանգման, որ դատական ակտի ժամկետը կեղծված լինելու վերաբերյալ հաղորդում ներկայացրած անձի պնդումն ինքնին բավարար չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 173-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն քրեական վարույթ նախաձեռնելու որոշում կայացնելու համար: Դրա հիման վրա էլ օրենսգրքի 179-րդ հոդվածի 1-ին մասի կիրառությունը համարվել է իրավաչափ և հաղորդման մեջ ներկայացված փաստը հաստատող ապացույցների բացակայության պայմաններում իրավաչափ է որակվել քննիչի կողմից քրեական վարույթ նախաձեռնելու արձանագրություն չկազմելը: Իրավակիրառ մարմինների կողմից կոնկրետ գործի շրջանակներում իրավունքի կիրառումից բխում է, որ հանցագործության մասին հաղորդումը կարող է համարվել առերևույթ հանցանքի մասին պատշաճ հաղորդում բացառապես այն դեպքում, երբ դրանում ներկայացված փաստերը հաստատվում են որոշակի ապացույցներով»:

Դիմողը նաև նշել է հետևյալը. «(...) Դիմումատուի նկատմամբ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 173-րդ և 179-րդ հոդվածների կիրառությունը բոլոր դատական ատյանների կողմից եղել է այն սկզբունքով, որ հանցագործության վերաբերյալ ֆիզիկական անձի կողմից հաղորդում ներկայացնելու պահից մինչև քրեական վարույթի նախաձեռնման ընթացքում ոչ թե չի իրականացվում փաստերի ստուգում, այլ՝ փաստերի ստուգումը սահմանափակվում է հաղորդումը ներկայացրած անձի կողմից ներկայացրած ապացույցների շրջանակում: Իրավակիրառ մարմինները վկայակոչված իրավական նորմերը կիրառել են այնպես, որ քրեական վարույթ նախաձեռնելու փուլում հաղորդման մեջ ներկայացրած փաստերը ենթակա են ստուգման, սակայն վարույթն իրականացնող մարմինն ինքնուրույն չի կարող կատարել ապացուցողական գործողություններ»:

Վերոշարադրյալի հաշվառմամբ, նկատի ունենալով նաև Դիմողի կողմից դիմումում ներկայացված մյուս դիրքորոշումները՝ Սահմանադրական դատարանը գտնում է, որ վերջինս իր անհամաձայնությունն է հայտնում թիվ ՀԿԴ/0035/11/25 գործով ՀՀ դատարանների կողմից կայացված դատական ակտերի բովանդակության առնչությամբ։ Մասնավորապես՝ Դիմողը վիճարկվող՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 173-րդ հոդվածի 2-րդ մասի և 179-րդ հոդվածի 1-ին մասի (իրավակիրառ պրակտիկայում դրանց տրված մեկնաբանության) հակասահմանադրականության վերաբերյալ որևէ հիմնավոր փաստարկ չի ներկայացնում, իսկ որպես փաստարկ ներկայացվող դիրքորոշումներն առավելապես վերաբերում են խնդրո առարկա գործի շրջանակներում ՀՀ դատարանների գործողությունների (կայացրած դատական ակտերի) իրավաչափությանը:

Ելնելով վերոգրյալից՝ Սահմանադրական դատարանը եզրահանգում է, որ սույն դիմումով Դիմողի բարձրացրած հարցի ըստ էության քննությունը ենթադրում է Սահմանադրական դատարանի կողմից ոչ թե վիճարկվող դրույթների (իրավակիրառ պրակտիկայում դրանց տրված մեկնաբանության) սահմանադրականության գնահատում, այլ թիվ ՀԿԴ/0035/11/25 գործի շրջանակներում ՀՀ դատարանների կայացրած դատական ակտերի իրավաչափության ստուգում, որը դուրս է Սահմանադրական դատարանի իրավասության շրջանակից:

Ուստի՝ հիմք ընդունելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի պահանջը՝ սույն անհատական դիմումի հիման վրա գործի քննությունը Սահմանադրական դատարանի կողմից ենթակա է մերժման՝ դիմումում առաջադրված հարցի՝ Սահմանադրական դատարանին ենթակա չլինելու հիմքով։

Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով՝ Սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

«Վարյա Սաֆարյանի դիմումի հիման վրա՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 173-րդ հոդվածի 2-րդ մասի և 179-րդ հոդվածի 1-ին մասի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի քննությունը մերժել:

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

ՆԱԽԱԳԱՀ Ա. ԴԻԼԱՆՅԱՆ

13 հունվարի 2026 թվականի

ՍԴԱՈ-6

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
13 հունվարի, 2026 թ.
Գործի #:
ՍԴԱՈ-6
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել