ԱՐՏԱԿ ԶԵՅՆԱԼՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ-53)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքներըԱմփոփում
Ընդ.՝ 19 սեպտեմբերի 2022թ. ՍԴԴԿՈ - 53 | ԱՐՏԱԿ ԶԵՅՆԱԼՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ամբողջ Տեքստ
Վ. Գրի
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ ՈՐՈՇՈՒՄ
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Քաղ. Երևան 19 սեպտեմբերի 2022 թ.
Սահմանադրական դատարանի դատական կազմը`
Նախագահությամբ Է. Շաթիրյանի
Անդամակցությամբ Ա. Խաչատրյանի
Վ. Գրիգորյանի
Քննության առնելով Արտակ Զեյնալյանի անհատական դիմումի ընդունելիության հարցը,
ՊԱՐԶԵՑ.
1. Արտակ Զեյնալյանի դիմումը Սահմանադրական դատարան է մուտքագրվել 2022 թվականի սեպտեմբերի 1-ին, որով դիմողը խնդրել է. «ՀՀ Սահմանադրության 50, 61 և 63 ու 1-ին, 3, 75, 79, 80, 81-րդ հոդվածներին հակասող և անվավեր ճանաչել ՀՀ «Վարչական դատավարության» օրենսգրքի 70-րդ հոդվածի դրույթները»:
2. Դիմողը բարձրացնում է հետևյալ հարցադրումը. «Արդյոք վիճարկվող դրույթն համապատասխանու՞մ է իրավական որոշակիության սկզբունքին, բավարար չափով որոշակի՞ է և հնարավորություն տալի՞ս է իրավունքի սուբյեկտներին ընկալել օրենսդրի պահանջը, կանխատեսել դրա հետևանքները և իրենց վարքագիծը համապատասխանեցնել վիճարկվող դրույթով ամրագրված պահանջին իսկ իրավակիրառ պրակտիկայում վիճարկվող դրույթին տրված մեկնաբանությունը խախտու՞մ է անձի պատշաճ վարչարարության, ինչպես նաև դատական պաշտպանության իրավունքները»։ Դիմողը նշում է, որ դիմումի հիմքում ընկած գործով վարչական դատարանում մեկ հայցադիմումով վիճարկվել է երկու տուգանքի որոշումների վարչական կարգով բողոքարկման կապակցությամբ վարչական մարմնի գործողությունների, անգործության օրինականությունն ու հիմնավորվածությունը։ Դիմողի պնդմամբ վարչական տուգանքների որոշումների միասնական բողոքով վիճարկելու ընդհանրական փաստական հիմքն այն էր, որ ապահովված չի եղել վարորդի իրավաչափ վարքագծի հիմք հանդիսացող նորմատիվ ակտի պահանջը, այն է փողոցների երկու ուղղությամբ տրանսպորտային միջոցների երթևեկության ավելի քան 1000 միավոր/ժ ինտենսիվության պայմաններում խաչմերուկների լուսացույցերի դեղին ազդանշանները վառվել են մեկական վայրկյան։ Վարչական դատարանում միասնական բողոքի կապակցությամբ վարչական մարմնի դրսևորած գործողությունների և անգործության օրինականությունը և հիմնավորվածությունը վիճարկող հայցում ներկայացված է եղել պահանջ անվավեր ճանաչել տուգանքի որոշումները, սակայն, վարչական դատարանը, կիրառելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 70-րդ հոդվածի դրույթները, ըստ դիմողի, սահմանափակել է իր դատարանի մատչելիության իրավունքը։ Վարչական դատարանը մերժել է վարույթ ընդունել հայցը համարելով, որ պահանջները փոխկապակցված չեն, և վարույթ ընդունելու հարցը կքննի միայն առանձին հայցեր ներկայացնելու պարագայում։ Վկայակոչելով Սահմանադրության մի շարք դրույթներ և Սահմանադրական դատարանի կողմից մի շարք գործերով արտահայտված դիրքորոշումներ դիմողը նշում է, որ վիճարկվող դրույթն ու ՀՀ վարչական դատավարության օրենսգիրքն ընդհանրապես չեն կանոնակարգում, թե պահանջների փոխկապակցվածության հարցը ո՞ր փուլում է լուծվում հայցը վարույթ ընդունելու՞, թե՞ նախնական դատական քննության կամ դատաքննության փուլում։ Ըստ դիմողի կանոնակարգված չէ նաև, թե վարչական կարգով միասնական բողոքով վարչական պատասխանատվության վերաբերյալ մի քանի ակտեր բողոքարկելուց հետո առանձին-առանձին հայցեր ներկայացված լինելու պարագայում, երբ այդ հայցերը բաշխվել են և գտնվում են տարբեր դատավորների վարույթներում, ի՞նչ կարգով, ի՞նչ մարմին է որոշում այդ պահանջների փոխկապակցվածության և դրանք մեկ վարույթում միավորելու հարցը։ Դիմումին կից ներկայացվել է պետական տուրքի վճարումից ազատելու մասին միջնորդություն։
3․ Քննության առնելով դիմողի Սահմանադրական դատարան դիմելու համար պետական տուրքի վճարումից ազատելու մասին միջնորդությունը Սահմանադրական դատարանի դատական կազմը, հաշվի առնելով միջնորդությամբ դիմողի ներկայացրած հիմնավորումները, գտնում է, որ պետական տուրքի վճարումից ազատելու մասին դիմողի միջնորդությունը ենթակա է բավարարման:
4. Ուսումնասիրելով սույն անհատական դիմումը և վերջինիս կից ներկայացված դատական ակտերը, ինչպես նաև ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի (այսուհետ Օրենք) 29 և 69-րդ հոդվածների պահանջներով` Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ սույն անհատական դիմումով գործի քննությունը ենթակա է մերժման ներքոնշյալ պատճառաբանություններով. 4.1. Օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի համաձայն Սահմանադրական դատարանը գործի քննությունը մերժելու մասին որոշում է ընդունում նույն օրենքի 69-րդ հոդվածով նախատեսված այլ դեպքերում: Օրենքի 69-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` անհատական դիմումով գործի քննությունը կարող է մերժվել նաև այն դեպքում, երբ անհատական դիմումն ակնհայտ անհիմն է: Օրենքը, սահմանելով անհատական դիմումներին ներկայացվող պահանջները, միաժամանակ նախատեսում է, որ անհատական դիմումը պետք է հղումներ պարունակի նորմատիվ իրավական ակտի այն դրույթներին, որոնց սահմանադրականությունը վիճարկվում է, և հիմնավորումներ, որ նորմատիվ իրավական ակտի հակասությունը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման` հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը: Այս պահանջի լույսի ներքո Սահմանադրական դատարան անհատական դիմում ներկայացնելիս անձը պետք է բավարար կերպով իրավաբանորեն հիմնավորի, թե իր սահմանադրական ո՞ր իրավունքներն են խախտվել, և ի՞նչ է ակնկալում Սահմանադրական դատարանում իր դիմումի հիման վրա գործի քննության արդյունքում հիմնավորելով նաև իր սահմանադրական իրավունքների ենթադրյալ խախտման փաստի և վիճարկվող դրույթ(ներ)ի ենթադրյալ հակասահմանադրականության միջև պատճառահետևանքային կապի առկայությունը: Վիճարկվող դրույթը կարգավորում է մեկից ավելի պահանջներ մեկ հայցում միավորելու հետ կապված հարաբերությունները սահմանելով այն հիմքերը, որոնց առկայության դեպքում հայցվորը կարող է մեկից ավելի պահանջներ ներկայացնել մեկ հայցի շրջանակում: Մասնավորապես ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 70-րդ հոդվածի համաձայն հայցվորը կարող է մեկից ավելի պահանջներ միավորել մեկ հայցում, եթե դրանք ուղղված են միևնույն պատասխանողի դեմ և փոխկապակցված են։ Պահանջների փոխկապակցված լինելու հանգամանքը յուրաքանչյուր դեպքում ենթակա է գնահատման դատարանի կողմից հաշվի առնելով մի շարք հանգամանքներ, այդ թվում արդյո՞ք վիճարկվող վարչական ակտերն ընդունվել են միևնույն, թե՞ տարբեր վարչական վարույթների շրջանակներում, ո՞ր իրավախախտումներն են հիմք հանդիսացել հայցադիմումով վիճարկվող վարչական ակտերի կայացման համար և այլն: Այսպես ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 79-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի համաձայն դատավորը վերադարձնում է հայցադիմումը, եթե մեկ հայցադիմումում միացված են մեկ կամ մի քանի պատասխանողին ուղղված` միմյանց հետ չկապված պահանջներ։ Վիճարկվող դրույթով նախատեսված «փոխկապակցված» եզրույթի Սահմանադրությամբ ամրագրված իրավական որոշակիության սկզբունքին չհամապատասխանելու վերաբերյալ դիմողի պնդման առնչությամբ Սահմանադրական դատարանի դատական կազմը հարկ է համարում նշել, որ, չնայած օրենսդրական կարգավորումների որոշակիության պահանջին, դրանք չեն կարող նախատեսել իրավահարաբերության բոլոր մանրամասները, և կոնկրետ իրավահարաբերության բնույթով պայմանավորված մի շարք հանգամանքներ պետք է իրենց մեկնաբանությունն ստանան դատական քննության ընթացքում: Սահմանադրական դատարանի 2016 թվականի մայիսի 3-ի ՍԴՈ-1270 որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշման համաձայն «Նույնիսկ իրավական նորմի առավելագույն հստակությամբ ձևակերպման դեպքում դատական մեկնաբանությունը չի բացառվում: (...) օրենսդրական կարգավորման որոշակիությունը և ճշգրտությունը չեն կարող բացարձականացվել նույնիսկ ոչ բավարար հստակությունը կարող է լրացվել դատարանի մեկնաբանություններով»: Վերոգրյալի հիման վրա Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի վիճարկվող դրույթի վերաբերյալ դիմողի կողմից ներկայացված հիմնավորումներն ակնհայտ անհիմն են, իսկ այդպիսի դիմումով գործի քննությունը, համաձայն Օրենքի 69-րդ հոդվածի 5-րդ մասի, ենթակա է մերժման։ 4.2. Օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն Սահմանադրական դատարանը գործի քննությունը մերժելու մասին որոշում է ընդունում, եթե դիմումում առաջադրված հարցերը ենթակա չեն Սահմանադրական դատարանին։ Վիճարկվող դրույթի ենթադրյալ հակասահմանադրականության վերաբերյալ դիմողի կողմից ներկայացված հիմնավորումներն առավելապես վերաբերում են դատարանների կողմից կայացված դատական ակտերի օրինականությանը և գործողությունների իրավաչափությանը։ Մասնավորապես դիմողի կողմից ներկայացված հիմնավորումները հանգում են նրան, որ վարչական դատարանի թիվ ՎԴ/0423/05/22 վարչական գործով 03.02.2022 թ. «Հայցադիմումը վերադարձնելու մասին» որոշմամբ, որը հետագայում անփոփոխ է թողել վերաքննիչ դատարանն իր 11.04.2022 թ. «Վերաքննիչ բողոքը մերժելու մասին» որոշմամբ, վարչական դատարանը վերադարձրել է դիմողի կողմից ներկայացված հայցադիմումը դրանով սահմանափակելով դիմողի դատարանի մատչելիության իրավունքը. մինչդեռ միասնական հայց ներկայացնելը, ըստ դիմողի, պայմանավորված է եղել այն հանգամանքով, որ երկու իրավախախտումների կատարման դեպքում էլ ապահովված չի եղել վարորդի իրավաչափ վարքագծի հիմք հանդիսացող նորմատիվ ակտի պահանջը: Մասնավորապես դիմողը նշում է. «Վարչական դատարանում «միասնական» բողոքի կապակցությամբ Վարչական մարմնի դրսևորած գործողությունների և անգործությունների օրինականությունը և հիմնավորվածությունը վիճարկող № 04 Հայցում պահանջ է եղել ներկայացված անվավեր ճանաչել տուգանքի որոշումները, սակայն Վարչական դատարանը կիրառելով ՀՀ «Վարչական դատավարության» օրենսգրքի 70-րդ հոդվածի դրույթները սահմանափակել է դատարանի մատչելիությունը: Վարչական դատարանը մերժել է վարույթ ընդունել № 04 Հայցը, համարելով, որ պահանջները «փոխկապակցված» չեն և վարույթ ընդունելու հարցը կքննի միայն առանձին հայցեր ներկայացնելու պարագայում»։ Վարչական դատարանի 03.02.2022 թ. որոշման մեջ նշված է. «Հայցադիմումի և դրան կից ներկայացված փաստաթղթերի ուսումնասիրությունից պարզվել է, որ, թեև, հայցապահանջներն ուղղված են միևնույն պատասխանողի դեմ, սակայն ներկայացված պահանջները չեն կարող դիտվել որպես փոխկապակցված, քանի որ վիճարկվող որոշումներն ընդունվել են տարբեր վարչական վարույթների շրջանակներում և որոշումների ընդունման համար հիմք են հանդիսացել նույն օրը, սակայն տարբեր ժամերին կատարված և միմյանց հետ չկապված իրավախախտումներ»: Վերոգրյալից բխում է, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 70-րդ հոդվածի առնչությամբ ձևականորեն բարձրացնելով օրենքի դրույթի սահմանադրականության հարց դիմողը, ըստ էության, բարձրացնում է թիվ ՎԴ/0423/05/22 վարչական գործով վարչական դատարանի և վերաքննիչ վարչական դատարանի որոշումների օրինականության, դատարանների գործողությունների իրավաչափության վիճարկման հարցեր, իսկ այդպիսի դիմումը, համաձայն Օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, ենթակա է մերժման` որպես Սահմանադրական դատարանի քննության ենթակա հարց չառաջադրող դիմում: Սահմանադրական դատարանի 2009 թվականի մարտի 17-ի ՍԴԱՈ-21 աշխատակարգային որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշման համաձայն «(...) բոլոր այն դեպքերում, երբ դիմողը, ձևականորեն վիճարկելով օրենքի դրույթի սահմանադրականության հարց, ըստ էության բարձրացնում է այդ դրույթի կիրառման իրավաչափության հարց (...), ապա այդպիսի դիմումները ենթակա են մերժման (...) որպես սահմանադրական դատարանի քննության ենթակա հարց չառաջադրող դիմումներ»։ Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 6-րդ կետերով և 69-րդ հոդվածի 5-րդ մասով Սահմանադրական դատարանի դատական կազմը
ՈՐՈՇԵՑ.
Արտակ Զեյնալյանի անհատական դիմումով գործի քննությունը մերժել:
Նախագահող Է. Շաթիրյան
Անդամներ Ա. Խաչատրյան
Վ. Գրիգորյան
19 սեպտեմբերի 2022 թվականի
ՍԴԴԿՈ-53
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 19 սեպտեմբերի, 2022 թ.
- Գործի #:
- ՍԴԴԿՈ-53
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
