ՎԴ/17022/05/25
Վճռաբեկ դատարանի որոշումների ցանկում՝ քարտը, թեմաներն ու հոդվածներըՎարչական դատարան դիմելու իրավունքըԱմփոփում
Գործի համարը: ՎԴ/17022/05/25 Հայցվոր Անվանում: ՀՀ դատախազություն Պատասխանող Անվանում: Իջևան համայնքի ղեկավար Դատական ակտի ընդունման ամսաթիվը: 03.07.2026 Վարչական դատավարություն: Վարչական դատարան դիմելու իրավունքը
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ վարչական Վարչական գործ թիվ ՎԴ/17022/05/25
դատարանի որոշում 2026թ.
Վարչական գործ թիվ ՎԴ/17022/05/25
Նախագահող դատավոր`
Կ․ Գևորգյան
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի վարչական պալատը
(այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`
նախագահող
զեկուցող Հ․ ԲԵԴԵՎՅԱՆ
Լ․ ՀԱԿՈԲՅԱՆ
Ա․ ԹՈՎՄԱՍՅԱՆ
Ռ․ ՀԱԿՈԲՅԱՆ
Ք․ ՄԿՈՅԱՆ
2026 թվականի հուլիսի 03 -ին
գրավոր ընթացակարգով քննելով ՀՀ դատախազության վճռաբեկ բողոքը
ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 19․01․2026 թվականի «Վերաքննիչ բողոքը մասնակիորեն բավարարելու մասին» որոշման դեմ՝ վարչական գործով ըստ հայցի ՀՀ դատախազության ընդդեմ Իջևան hամայնքի ղեկավարի, երրորդ անձինք՝ Աշոտ Ղուլարյան, ՀՀ կադաստրի կոմիտե՝ Իջևանի քաղաքապետի 27․12․2005 թվականի թիվ 247 որոշումն անվավեր ճանաչելու, և որպես հետևանք՝ Իջևանի քաղաքապետարանի և Աշոտ Ղուլարյանի միջև 12․11․2007 թվականին կնքված հողամասի առուվաճառքի թիվ 3391 պայմանագիրը և Աշոտ Ղուլարյանի անվամբ 23․11․2007 թվականին կատարված իրավունքի գրանցումը (սեփականության թիվ 2514321 վկայական) վերացնելու պահանջների մասին,
Պ Ա Ր Զ Ե Ց
1. Գործի դատավարական նախապատմությունը.
Դիմելով դատարան` ՀՀ դատախազությունը պահանջել է անվավեր ճանաչել Իջևանի քաղաքապետի 27․12․2005 թվականի թիվ 247 որոշումը, և որպես հետևանք՝ վերացնել Իջևանի քաղաքապետարանի և Աշոտ Ղուլարյանի միջև 12․11․2007 թվականին կնքված հողամասի առուվաճառքի թիվ 3391 պայմանագիրը և Աշոտ Ղուլարյանի անվամբ 23․11․2007 թվականին կատարված իրավունքի գրանցումը (սեփականության թիվ 2514321 վկայական)։ Միաժամանակ, ներկայացվել է բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու վերաբերյալ միջնորդություն: ՀՀ վարչական դատարանի (դատավոր՝ Գ. Առաքելյան) (այսուհետ` Դատարան) 15․10․2025 թվականի որոշմամբ բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու վերաբերյալ միջնորդությունը բավարարվել է: ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի (նախագահող դատավոր՝ Կ․ Գևորգյան) (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 19․01․2026 թվականի որոշմամբ երրորդ անձ Աշոտ Ղուլարյանի վերաքննիչ բողոքը բավարարվել է մասնակիորեն՝ Դատարանի 15․10․2025 թվականի «Բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու միջնորդությունը քննության առնելու մասին» որոշումը վերացվել է։ Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել ՀՀ դատախազությունը (ներկայացուցիչ՝ Անի Կիրակոսյան): Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
2. Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները և պահանջը.
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում՝ ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածի 3-րդ մասը, 54-րդ հոդվածի 2-րդ մասը, 72-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը, «Դատախազության մասին» ՀՀ օրենքի 29-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետը: Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանը, մասնակիորեն բավարարելով երրորդ անձ Աշոտ Ղուլարյանի վերաքննիչ բողոքը, գտել է, որ հայցադիմումը համարվում է ներկայացված հայց ներկայացնելու իրավունքն ակնհայտորեն չունեցող անձի կողմից, մինչդեռ սույն պարագայում Վերաքննիչ դատարանն անտեսել է այն հանգամանքը, որ Տավուշի մարզի դատախազության 07.08.2025 թվականի առաջարկությանն ի պատասխան Իջևանի համայնքապետարանից 02.10.2025 թվականի թիվ Ե-2227 պատասխան գրությամբ հայտնել են, որ «(…) սույն թվականի սեպտեմբերի 12-ին տեղի է ունեցել Իջևան համայնքի ավագանու հերթական նիստ, որտեղ քննարկվել է համայնքային շահերի պաշտպանության հայց ներկայացնելու դատախազության առաջարկությունը: Առաջարկության մասին որոշում չի ընդունվել ձայների մեծամասնությունը չապահովելու պատճառով: Խնդրում ենք գործընթացն իրականացնել «Դատախազության մասին» ՀՀ օրենքի շրջանակներում»: Նշվածից ենթադրվում է, որ սույն դեպքով ծագել է ՀՀ դատախազության՝ պետական (համայնքային) շահերի պաշտպանության հայցով ՀՀ վարչական դատարան դիմելու իրավունքը, և դատախազության կողմից պահպանվել են հայց հարուցելու նախապայմանները։ Վերաքննիչ դատարանի կողմից ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածի 3-րդ մասին տրված մեկնաբանությունը հակասում է թիվ ՎԴ2/0250/05/23 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 10.05.2024 թվականի որոշման մեջ տվյալ նորմին տրված մեկնաբանությանը։ Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է վերացնել Վերաքննիչ դատարանի 19․01․2026 թվականի «Վերաքննիչ բողոքը մասնակիորեն բավարարելու մասին» որոշումը և կայացնել նոր դատական ակտ:
3. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքի առկայությամբ՝ նույն հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի իմաստով, այն է՝ բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառության համար, քանի որ բողոքարկվող դատական ակտում ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածի 3-րդ մասի մեկնաբանությունը հակասում է թիվ ՎԴ2/0250/05/23 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 10.05.2024 թվականի որոշման մեջ տվյալ նորմին տրված մեկնաբանությանը։ Վերոգրյալով պայմանավորված՝ սույն վճռաբեկ բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում կրկին անդրադառնալ դատախազության կողմից պետական (համայնքային) շահերի պաշտպանության հայցի հարուցման բացառիկ դեպքերի առանձնահատկություններին՝ վերահաստատելով նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումները։ ՀՀ Սահմանադրության 176-րդ հոդվածի համաձայն՝
1. Դատախազությունը միասնական համակարգ է, որը ղեկավարում է գլխավոր դատախազը:
2. Դատախազությունն օրենքով սահմանված դեպքերում և կարգով՝
1) հարուցում է քրեական հետապնդում.
2) հսկողություն է իրականացնում մինչդատական քրեական վարույթի օրինականության նկատմամբ.
3) դատարանում պաշտպանում է մեղադրանքը.
4) բողոքարկում է դատարանների վճիռները, դատավճիռները և որոշումները.
5) հսկողություն է իրականացնում պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ:
3. Դատախազությունն օրենքով սահմանված բացառիկ դեպքերում և կարգով պետական շահերի պաշտպանության հայց է հարուցում դատարան:
4. Դատախազությունը գործում է Սահմանադրությամբ իրեն վերապահված լիազորությունների շրջանակում՝ օրենքի հիման վրա:
5. Դատախազության կազմավորման և գործունեության կարգը սահմանվում է օրենքով:
«Դատախազության մասին» ՀՀ օրենքի (այսուհետ նաև՝ «Օրենք») 4-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ Սահմանադրության 176-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան՝ դատախազությունն օրենքով սահմանված բացառիկ դեպքերում և կարգով պետական (համայնքային) շահերի պաշտպանության հայց է հարուցում դատարան: Օրենքի՝ «Պետական (համայնքային) շահերի պաշտպանության հայց հարուցելը» վերտառությամբ 29-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատախազի կողմից պետական (համայնքային) շահերի պաշտպանության հայց հարուցելն ընդգրկում է՝
1) քաղաքացիական դատավարության կարգով պետության (համայնքի) գույքային և ոչ գույքային շահերի պաշտպանության հայցի հարուցումը.
2) վարչական դատավարության կարգով պետության (համայնքի) գույքային և ոչ գույքային շահերի պաշտպանության հայցի հարուցումը.
3) քրեական դատավարության կարգով հանցագործությամբ ուղղակիորեն պետությանը (համայնքին) պատճառված գույքային վնասի հատուցման հայցի հարուցումը.
4) «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի հիման վրա գույքի բռնագանձման հայցի հարուցումը: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ դատախազը պետական (համայնքային) շահերի պաշտպանության հայց հարուցում է հետևյալ բացառիկ դեպքերում, երբ՝
1) իր լիազորություններն իրականացնելիս հայտնաբերում է, որ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինը, որին վերապահված է պետական (համայնքային) շահերի պաշտպանությանն առնչվող տվյալ հարցերով հայց ներկայացնելը, իրազեկ լինելով պետական (համայնքային) շահերի խախտման փաստի մասին, դատախազի կողմից հայց ներկայացնելու առաջարկություն ստանալուց հետո ողջամիտ ժամկետում հայց չի ներկայացրել, կամ
2) պետական (համայնքային) շահերի խախտում է տեղի ունեցել այն հարցերով, որոնցով հայց ներկայացնելը օրենսդրությամբ վերապահված չէ որևէ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի.
3) «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի հիման վրա իրականացված ուսումնասիրության արդյունքներով առկա են գույքի բռնագանձման հայց հարուցելու հիմքեր: ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածի 3-րդ մասը դրանում նշված պայմաններով ՀՀ վարչական դատարան դիմելու իրավասություն է վերապահում նաև պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին։ Նշված նորմի համաձայն՝ վարչական դատարան կարող են դիմել նաև պետական և տեղական ինքնակառավարման մարմինները կամ պաշտոնատար անձինք` ընդդեմ վարչական մարմնի, եթե համարում են, որ այդ մարմնի վարչական ակտով, գործողությամբ կամ անգործությամբ խախտվել կամ անմիջականորեն կարող են խախտվել պետության կամ համայնքի այն իրավունքները, որոնց պաշտպանության լիազորությունը դրված է իրենց վրա, եթե այդ վեճը ենթակա չէ լուծման վերադասության կարգով։ ՀՀ վճռաբեկ դատարանը, դատախազի կողմից պետական (համայնքային) շահերի պաշտպանության հայց ներկայացնելու վերը նշված բացառիկ դեպքերը դիտարկելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով նախատեսված՝ վարչական դատարան դիմելու իրավունքի իրացման համար անհրաժեշտ նախապայմանների լույսի ներքո՝ արձանագրել է․ դատախազությունն ընդդեմ վարչական մարմնի ՀՀ վարչական դատարան դիմելու իրավունք ունի այն դեպքում, երբ համարում է, որ վարչական մարմնի վարչական ակտով, գործողությամբ կամ անգործությամբ խախտվել կամ անմիջականորեն կարող են խախտվել պետության (համայնքի) գույքային և ոչ գույքային շահերը, և եթե այդ վեճը ենթակա չէ լուծման վերադասության կարգով։ Ընդ որում, ՀՀ Սահմանադրության 176-րդ հոդվածի 3-րդ մասի, «Դատախազության մասին» ՀՀ օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, նույն հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերի համակարգային վերլուծությունից հետևում է, որ օրենսդրի կողմից նախքան ՀՀ վարչական դատարան դիմելը իրավասու սուբյեկտի համար նախատեսվել են որոշակի նախապայմաններ, որոնց բավարարման դեպքում է վերջինս իրավունք ստանում դիմելու ՀՀ վարչական դատարան։ Մասնավորապես՝ 1․ դատախազն իր լիազորություններն իրականացնելիս հայտնաբերել է պետական (համայնքային) շահերի խախտման փաստ, հայց ներկայացնելու առաջարկություն արել այն պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնին, որին վերապահված է պետական (համայնքային) շահերի պաշտպանությանն առնչվող տվյալ հարցերով հայց ներկայացնելը, որպիսի առաջարկը ստանալուց հետո ողջամիտ ժամկետում տվյալ մարմինը հայց չի ներկայացրել դատարան, կամ 2․ դատախազը հայտնաբերել է պետական (համայնքային) շահերի խախտման փաստ, որպիսի հայցով հայց ներկայացնելը օրենսդրությամբ վերապահված չէ որևէ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի։ (․․․) ՀՀ Սահմանադրության 176-րդ հոդվածը հստակ ընդգծում է այն, որ դատախազության կողմից պետական շահերի պաշտպանության համար հայց հարուցելու լիազորությունը գործում է միայն օրենքով նախատեսված բացառիկ դեպքերում: Նշվածը պայմանավորված է այն հանգամանքով, որ առաջնային լիազորությունը այդ հարցում պատկանում է այն պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնին, որի իրավասությունների ոլորտում պետությանը պատճառվել է գույքային վնաս: (․․․) պետական (համայնքային) շահերի խախտման դեպքում դատախազությունն իրավասու է հայց հարուցելու ինչպես այն դեպքում, երբ նման լիազորություն վերապահված չէ որևէ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի, այնպես էլ այն իրավիճակներում, երբ այն պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինը, որին վերապահված է պետական (համայնքային) շահերի պաշտպանության հայց հարուցելու լիազորությունը, իրազեկ լինելով պետական (համայնքային) շահերի խախտման փաստի մասին, նման հայց ողջամիտ ժամկետում չի հարուցել: (․․․) մի շարք դեպքերում օրենսդիրը պետական (համայնքային) շահերի պաշտպանության հայց հարուցելու առաջնային լիազորությունը վերապահել է այն պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնին, որի իրավասությունների ոլորտում պետությանը (համայնքին) պատճառվել է գույքային վնաս: Ուստի այն դեպքում, երբ պետական (համայնքային) շահերի պաշտպանությանն առնչվող տվյալ հարցով հայց ներկայացնելը վերապահված է որևէ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի, դատախազը, նախ պետք է պետական (համայնքային) շահերի պաշտպանության հայց ներկայացնելու առաջարկություն կատարի համապատասխան պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնին։ Այնուհետև դատախազի կողմից ներկայացված առաջարկությունը ստանալուց հետո համապատասխան մարմնի կողմից ողջամիտ ժամկետում հայց չներկայացնելու, այլ կերպ ասած՝ անգործություն դրսևորելու պարագայում միայն դատախազը ձեռք է բերում պետական (համայնքային) շահերի պաշտպանության հայց հարուցելու իրավասություն: (․․․) դատախազի ներկայացրած առաջարկությունը ստանալուց հետո պետական շահերի պաշտպանությանն առնչվող համապատասխան հայցով դատարան դիմելու պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի իրավասությունը սահմանափակված է ողջամիտ ժամկետով, որը տվյալ պարագայում (․․․) պետք է հաշվարկվի համապատասխան հայցատեսակի դեպքում ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով նախատեսված ժամկետներով։ Ընդ որում, տվյալ ժամկետի հաշվարկման ելակետը պետք է պայմանավորել դատախազի կողմից ներկայացված առաջարկությունը ստանալու պահով։ (․․․) եթե պետական կամ տեղական ինքակառավարման մարմինը ստացել է դատախազի առաջարկությունը՝ պետական շահերի պաշտպանությանն առնչվող հարցով դատարան դիմելու վերաբերյալ, ապա տվյալ մարմինը առաջարկությունը ստանալուց հետո ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով հայց ներկայացնելու ժամկետների պահպանմամբ պետք է դիմի ՀՀ վարչական դատարան, որպիսի ժամկետներում ներկայացված հայցը կհամարվի ողջամիտ ժամկետում ներկայացված։ Ընդ որում, բոլոր այն դեպքերում, երբ դատախազությունը պետական (համայնքային) շահերի պաշտպանության հայցը հարուցել է նկարագրված ընթացակարգի խախտմամբ, այսինքն՝ չեն պահպանվել նախքան դատարան հայց ներկայացնելն օրենքով սահմանված նախապայմանները, ապա հայցադիմումի ընդունումը ենթակա է մերժման ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 80-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի հիմքով, քանի որ հայցադիմումը ներկայացվել է նման իրավունքն ակնհայտորեն չունեցող անձի կողմից: (տե՛ս, ՀՀ Կոտայքի մարզի դատախազությունն ընդդեմ Ծաղկաձոր համայնքի ղեկավարի թիվ ՎԴ2/0250/05/23 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 10.05․2024 թվականի որոշումը): Ի ամփոփումն ՀՀ վճռաբեկ դատարանի վերը նշված իրավական դիրքորոշումների՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ «Դատախազության մասին» ՀՀ օրենքի 29-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով նախատեսված՝ դատախազության կողմից պետական (համայնքային) շահերի պաշտպանության հայց հարուցելու բացառիկ դեպքում դատախազությունը ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածի 3-րդ մասի իմաստով ՀՀ վարչական դատարան հայց հարուցելու իրավասու սուբյեկտ է հանդիսանում, եթե պետական (համայնքային) շահերի պաշտպանությանն առնչվող տվյալ հարցով հայց ներկայացնելու իրավասությամբ օժտված պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինը կամ պաշտոնատար անձը (այսուհետ՝ առաջնային լիազորություն ունեցող սուբյեկտ), ստանալով դատախազության համապատասխան առաջարկությունը, չի իրացնում ՀՀ վարչական դատարան դիմելու իր իրավունքը։ Ընդ որում, առաջնային լիազորություն ունեցող սուբյեկտի կողմից ի պատասխան դատախազության առաջարկության ՀՀ վարչական դատարան հայց չներկայացնելը կարող է դրսևորվել հետևյալ եղանակներով․ 1․ անգործությամբ, այն է՝ տվյալ հայցատեսակով դատարան դիմելու համար օրենքով սահմանված ժամկետում դատախազության առաջարկության առնչությամբ որևէ դիրքորոշում չարտահայտելու ձևով։ Այս դեպքում դատախազությունը պետական (համայնքային) շահերի պաշտպանության հայց հարուցելու իրավունք ձեռք է բերում միայն առաջնային լիազորություն ունեցող սուբյեկտի կողմից տվյալ հայցատեսակով դատարան դիմելու համար օրենքով սահմանված ժամկետի ավարտից հետո, քանզի մինչև այդ պահը հնարավոր չէ արձանագրել վերջինիս կողմից հայց ներկայացնելու մտադրության բացակայությունը, 2․ ակտիվ վարքագծով՝ դատախազի առաջարկությունը մերժելով (դատարան դիմելու իր իրավունքի իրացումից հրաժարվելով)։ Այս դեպքում դատախազությունը ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածի 3-րդ մասի իմաստով ՀՀ վարչական դատարան հայց ներկայացնելու իրավասու սուբյեկտի կարգավիճակ է ձեռք բերում այն պահից սկսած, երբ իրազեկվել է տվյալ առաջնային լիազորություն ունեցող սուբյեկտի կողմից դատարան դիմելու կամքի բացակայության մասին։ Այլ կերպ՝ դատախազությունն իրավասու է դիմել ՀՀ վարչական դատարան այն պահից սկսած, երբ առաջնային լիազորություն ունեցող սուբյեկտը դատախազությանն իրազեկել է դատարան դիմելու իր իրավունքն իրացնելուց հրաժարվելու մասին։ Այս դեպքում՝ դատախազության՝ ՀՀ վարչական դատարան դիմելու իրավունքը ծագում է անկախ նրանից, լրացե՞լ է արդյոք այն դատավարական ժամկետը, որի ընթացքում առաջնային լիազորություն ունեցող սուբյեկտը կարող էր իրացնել դատարան դիմելու իր իրավունքը։ Այսինքն՝ դատախազությունը ձեռք է բերում հայց ներկայացնելու իրավունք՝ առաջնային լիազորություն ունեցող սուբյեկտի կողմից իր՝ դատարան դիմելու իրավունքի իրացումից հրաժարվելու փաստի ուժով, և այլևս որևէ իրավական նշանակություն չունի այն փաստը, որ դատախազությունը հայցը ներկայացնում է մինչև առաջնային լիազորություն ունեցող սուբյեկտի կողմից դատարան դիմելու համար օրենքով սահմանված ժամկետի լրանալը։ Այն դեպքում, երբ առաջնային լիազորություն ունեցող սուբյեկտը, ի պատասխան դատախազության առաջարկության, իրազեկել է վերջինիս դատարան դիմելու իր իրավունքի իրացումից հրաժարվելու մասին, մինչև առաջնային լիազորություն ունեցող սուբյեկտի կողմից դատարան դիմելու համար օրենքով սահմանված ժամկետի լրանալը հայց ներկայացնելու դեպքում դատախազությունը չի կարող դիտարկվել որպես դատարան դիմելու իրավունքն ակնհայտորեն չունեցող անձ։ Վերոհիշյալի հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ յուրաքանչյուր դեպքում, երբ դատախազության հայցը ներկայացված է «Դատախազության մասին» ՀՀ օրենքի 29-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով նախատեսված բացառիկ դեպքի վկայակոչմամբ, դատարանից պահանջվում է պարզել՝ արդյո՞ք․
- դատախազությունը հայց ներկայացնելու առաջարկություն ներկայացրել է այն պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնին, որին վերապահված է պետական (համայնքային) շահերի պաշտպանությանն առնչվող տվյալ հարցերով հայց ներկայացնելը․ նման առաջարկի բացակայության դեպքում դատախազությունը չի հանդիսանում ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածի 3-րդ մասի իմաստով դատարան հայց ներկայացնելու իրավունք ունեցող,
- առաջարկությունն ստացած առաջնային լիազորություն ունեցող սուբյեկտը տվյալ հայցատեսակը դատարան ներկայացնելու համար օրենքով սահմանված ժամկետում դիմել է դատարան,
- առաջարկությունն ստացած առաջնային լիազորություն ունեցող սուբյեկտը հրաժարվել է դատարան դիմելու իր իրավունքն իրացնելուց և այդմ մասին իրազեկել է դատախազությանը։ Եթե դատախազությունը հայցը ներկայացրել է մինչև առաջնային լիազորություն ունեցող սուբյեկտի կողմից տվյալ հայցատեսակը դատարան ներկայացնելու համար օրենքով սահմանված ժամկետի լրանալը, և առկա չէ փաստ առ այն, որ վերջինս դատախազությանն իրազեկել է դատարան դիմելու իրավունքի իրացումից հրաժարվելու մասին, ապա դատախազությունը համարվում է դատարան դիմելու իրավունքն ակնհայտորեն չունեցող անձ։ Իսկ եթե դատախազությունը հայցը ներկայացրել է մինչև առաջնային լիազորություն ունեցող սուբյեկտի կողմից տվյալ հայցատեսակը դատարան ներկայացնելու համար օրենքով սահմանված ժամկետի լրանալը, սակայն միաժամանակ առկա է փաստ առ այն, որ առաջնային լիազորություն ունեցող սուբյեկտը դատախազությանն իրազեկել է դատարան դիմելու իր իրավունքի իրացումից հրաժարվելու մասին, ապա դատախազությունը համարվում է դատարան դիմելու իրավունք ունեցող անձ՝ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածի 3-րդ մասի իմաստով։ Վերոգրյալ իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.
Սույն գործով ՀՀ դատախազությունը, դիմելով Դատարան, պահանջել է անվավեր ճանաչել Իջևանի քաղաքապետի 27․12․2005 թվականի թիվ 247 որոշումը, և որպես հետևանք՝ վերացնել Իջևանի քաղաքապետարանի և Աշոտ Ղուլարյանի միջև 12․11․2007 թվականին կնքված հողամասի առուվաճառքի թիվ 3391 պայմանագիրը և Աշոտ Ղուլարյանի անվամբ 23․11․2007 թվականին կատարված իրավունքի գրանցումը (սեփականության թիվ 2514321 վկայական)։ Միաժամանակ, ներկայացվել է բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու վերաբերյալ միջնորդություն: Դատարանի 15․10․2025 թվականի որոշմամբ բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու վերաբերյալ միջնորդությունը բավարարվել է՝ այն հիմնավորմամբ, որ «(...) հայցվորի կողմից իրականացվել են սույն հայցով դատարան դիմելուն ուղղված գործողությունները, մասնավորապես՝ դատարան հայց ներկայացնելուն ուղղված առաջարկությունը Իջևանի համայնքին, այնուհետև դրան ի պատասխան մերժում կայացվելուց հետո դատախազության մոտ ծագել է դատարան դիմելու բացառիկ իրավունքը, որպիսի իրավունքը հայցվորն իրացրել է երկամսյա ժամկետում, ուստի հայցվորի նշված պնդումը՝ օբյեկտիվ պատճառներով ժամկետ բաց թողնելու վերաբերյալ, հիմնավորվում է դատարանի կողմից վերը նշված վերլուծության հիման վրա՝ հիմք ընդունելով նաև այն հանգամանքը, որ հայցվորը 09.07.2025թ. գրություն է ուղարկել ՀՀ Կադաստրի կոմիտե՝ Տավուշի մարզ, քաղաք Իջևան, Ասլանյան փողոց, N 263 բնակելի տուն հասցեի անշարժ գույքի կադաստրային գործում առկա փաստաթղթերի լուսապատճեններ ստանալու նպատակով, որին ի պատասխան՝ ստացել է ՀՀ Կադաստրի կոմիտեի թիվ N ԱԳ/13609-2025 գրությունը և պահանջվող տեղեկատվությունը, ուստի հայցվորի կողմից ներկայացված միջնորդությունը` բաց թողնված դատավարական ժամկետը հարգելի համարելու և վերականգնելու մասին, հիմնավոր է և ենթակա է բավարարման: (…)»: Վերաքննիչ դատարանի 19․01․2026 թվականի որոշմամբ երրորդ անձ Աշոտ Ղուլարյանի վերաքննիչ բողոքը բավարարվել է մասնակիորեն՝ Դատարանի 15․10․2025 թվականի «Բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու միջնորդությունը քննության առնելու մասին» որոշումը վերացվել է՝ հետևյալ հիմնավորմամբ․ «(…) համայնքի ղեկավարի վարչական ակտի կապակցությամբ դատախազն իրավասու է համայնքային շահերի պաշտպանության հայց հարուցել միայն այն դեպքում, երբ վերջինս հայց ներկայացնելու առաջարկություն է ներկայացրել համայնքի ավագանուն, իսկ համայնքի ավագանին ողջամիտ ժամկետում հայց չի ներկայացրել, և, ըստ այդմ, հաշվի առնելով Տավուշի մարզի դատախազի կողմից Իջևան համայնքի ավագանուն հասցեագրված՝ հայց հարուցելու առաջարկության ստացված լինելու և համայնքային շահերի պաշտպանության վերաբերյալ հայցը ՀՀ դատախազության կողմից Դատարան ներկայացված լինելու ժամանակագրական կտրվածքը (համայնքային շահերի պաշտպանության վերաբերյալ հայց հարուցելու առաջարկությունը Իջևան համայնքի ավագանին հայցվորի պնդմամբ ստացել է 07.08.2025 թ., իսկ հայցադիմումը ՀՀ դատախազությունը էլեկտրոնային համակարգի միջոցով Դատարան է ներկայացրել 06.10.2025 թ.), կարելի է եզրակացնել, որ ՀՀ դատախազության կողմից փաստացի չի պահպանվել համայնքային շահերի պաշտպանության հայցի հարուցման ընթացակարգը՝ հիմք ընդունելով այն հանգամանքը, որ թեև Տավուշի մարզի դատախազը հայց հարուցելու առաջարկությամբ դիմել է Իջևան համայնքի ավագանուն, սակայն, չսպասելով Իջևան համայնքի ավագանու կողմից վիճարկման հայց հարուցելու համար Օրենսգրքով սահմանված երկամսյա ժամկետի ավարտին, Դատարան է ներկայացրել համայնքային շահերի պաշտպանության հայցը: Նման պայմաններում, հաշվի առնելով, որ բոլոր այն դեպքերում, երբ դատախազությունը պետական (համայնքային) շահերի պաշտպանության հայցը հարուցել է վերը նկարագրված ընթացակարգի խախտմամբ, հայցադիմումը համարվում է ներկայացված նման իրավունքն ակնհայտորեն չունեցող անձի կողմից, իսկ վարչական ակտի իրավաչափության վիճարկման դատավարական ժամկետի պահպանվածության հարցը քննարկման առարկա կարող է դառնալ միայն այն պարագայում, եթե անվիճելի է, որ հայցադիմումը ներկայացվել է «իրական (ռեալ)» իրավունքներ ունեցող սուբյեկտի կողմից՝ Վերաքննիչ դատարանը, նախ, արձանագրում է, որ Դատարանի «Բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու միջնորդությունը քննության առնելու մասին» 15.10.2025 թ. որոշման մեջ բացակայում է ՀՀ դատախազության՝ տվյալ դեպքում վարչական դատարան դիմելու իրավունք ունեցող սուբյեկտ լինելու վերաբերյալ Դատարանի համոզմունքի մասին որևէ հիմնավորում, ապա՝ փաստում, որ ՀՀ դատախազության՝ հայց հարուցելու իրավունք ունեցող սուբյեկտ հանդիսանալու հանգամանքի վիճելի լինելու պայմաններում քննարկելով դատավարական ժամկետներով պայմանավորված գործողություններ կատարելու իրավունքը վերականգնելու մասին հայցվորի միջնորդությունը՝ Դատարանը թույլ է տվել դատական սխալ՝ ըստ այդմ, եզրահանգելով, որ առկա են բավարար հիմքեր Աշոտ Ղուլարյանի վերաքննիչ բողոքը բավարարելու համար: (…)»։ Վերոնշյալ իրավական դիրքորոշումների լույսի ներքո գնահատելով Վերաքննիչ դատարանի վերլուծությունները և դրանք համադրելով սույն գործի փաստերի հետ՝ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել հետևյալը. ՀՀ դատախազությունը 09.07.2025 թվականին գրություն է ուղարկել ՀՀ կադաստրի կոմիտե՝ Տավուշի մարզ, քաղաք Իջևան, Ասլանյան փողոց, թիվ 263 բնակելի տուն հասցեի անշարժ գույքի կադաստրային գործում առկա փաստաթղթերի լուսապատճեններ ստանալու նպատակով, որին ի պատասխան ստացել է ՀՀ կադաստրի կոմիտեի թիվ ԱԳ/13609-2025 գրությունը և պահանջվող տեղեկատվությունը: Այնուհետև, 07.08.2025 թվականին ՀՀ Տավուշի մարզի դատախազությունը դիմել է Իջևան համայնքի ավագանուն՝ հայց ներկայացնելու վերաբերյալ առաջարկությամբ: Իջևան համայնքի ավագանուն ուղղված 07․08․2025 թվականի թիվ 67/03737-25 գրությամբ Տավուշի մարզի դատախազ Ա․ Մուրադյանը, վկայակոչելով «Դատախազության մասին» ՀՀ օրենքի 29-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետը, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետը, թիվ ՎԴ2/0250/05/23 գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 10․05․2025 թվականի որոշումը, և շարադրելով համայնքային շահի ենթադրյալ խախտման փաստական հանգամանքները, առաջարկել է առաջարկությունն ստանալուց հետո 15-օրյա ժամկետում հայց հարուցել դատարան և հարուցված հայցի մասին հայտնել ՀՀ դատախազության Տավուշի մարզի դատախազությանը, իսկ հայց չհարուցելու պարագայում տեղեկացնել ՀՀ դատախազության Տավուշի մարզի դատախազությանը։ Իջևան համայնքի ավագանու «Համայնքային շահերի պաշտպանության հայց հարուցելու առաջարկի մասին» թիվ 112 որոշման նախագծի համաձայն. «Համայնքային շահերի պաշտպանության հայցով հանդես չգալ և դիմել դատախազություն՝ խնդրելով գործընթացը կազմակերպել «Դատախազության մասին» ՀՀ օրենքի շրջանակներում: Կողմ - 4, Դեմ - 0, Ձեռնպահ - 11: Որոշումը չի ընդունվել ձայների մեծամասնությունը չապահովելու պատճառով:»: Իջևան համայնքի ղեկավարը 02.10.2025 թվականի թիվ Ե-2227 պատասխան գրությամբ ՀՀ դատախազության Տավուշի մարզի դատախազության դատախազ Ա․ Կիրակոսյանին հայտնել է․ «Ի պատասխան դատախազության 07.08.2025 թվականի թիվ 67/3737-25 գրության հայտնում ենք, որ սույն թվականի սեպտեմբերի 12-ին տեղի է ունեցել Իջևան համայնքի ավագանու հերթական նիստը, որտեղ քննարկվել է համայնքային շահերի պաշտպանության հայց ներկայացնելու դատախազության առաջարկությունը: Առաջարկության մասին որոշում չի ընդունվել ձայների մեծամասնությունը չապահովելու պատճառով:»։ Տավուշի մարզի դատախազությունը Իջևան համայնքի ղեկավարի վերը նշված թիվ Ե-2227 պատասխան գրությունն ստացել է 02․10․2025 թվականին։ ՀՀ գլխավոր դատախազությունը դիմել է Դատարան 06․10․2025 թվականին՝ ներկայացնելով վիճարկման հայց, որը ներկայացնելու համար ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 72-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված է երկամսյա ժամկետ։ Վերը նշված փաստական հանգամանքների ուսումնասիրության արդյունքում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Տավուշի մարզի դատախազությունը, սահմանված կարգին համապատասխան, առաջնային լիազորություն ունեցող սուբյեկտին՝ Իջևան համայնքի ավագանուն ներկայացրել է համայնքային շահի պաշտպանության հայցով դատարան դիմելու առաջարկություն։ Տավուշի մարզի դատախազությունը նշված առաջարկության առնչությամբ անգործություն չի դրսևորել․ Իջևան համայնքի ավագանին քննարկել է դատախազության առաջարկությունը և քննարկման արդյունքների մասին հայտնել է Տավուշի մարզի դատախազությանը 02․10․2025 թվականի պատասխան գրությամբ։ Այդ գրության բովանդակությունից բխում է, որ դրանով առաջնային լիազորություն ունեցող սուբյեկտը՝ Իջևան համայնքի ավագանին, դատախազությանը իրազեկել է առաջարկության մեջ նշված հարցով համայնքային շահի պաշտպանության հայց հարուցելու իր իրավունքի իրացումից հրաժարվելու մասին։ Ըստ այդմ՝ հիմք ընդունելով վերն արտահայտված իրավական դիրքորոշումները՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Իջևան համայնքի ավագանու 02․10․2025 թվականի գրությունն ստանալու պահից սկսած ՀՀ դատախազությունը ձեռք է բերել առաջարկության մեջ նշված հարցով համայնքային շահի պաշտպանության հայց ներկայացնելու իրավունք։ Հետևաբար, սույն հայցադիմումը Դատարան ներկայացնելիս ՀՀ դատախազությունը ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածի 3-րդ մասի ուժով հանդիսացել է և հանդիսանում է համայնքային շահի պաշտպանության հայց ներկայացնելու իրավունք ունեցող սուբյեկտ՝ անկախ այն հանգամանքից, որ հայց ներկայացնելու պահի դրությամբ դեռևս լրացած չի եղել համայնքի ավագանու կողմից հնարավոր վիճարկման հայց ներկայացնելու համար օրենքով սահմանված երկամսյա ժամկետը։ Վերոհիշյալի հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանի կողմից ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածի 3-րդ մասին տրված այն մեկնաբանությունը, որ առաջնային լիազորություն ունեցող սուբյեկտի կողմից հայց ներկայացնելու իր իրավունքի իրացումից հրաժարվելու դեպքում դատախազությունն իրավասու չէ համայնքային շահի պաշտպանության վիճարկման հայց ներկայացնել ՀՀ վարչական դատարան, քանի դեռ չի լրացել առաջնային սուբյեկտի կողմից դատարան դիմելու համար սահմանված երկամսյա ժամկետը, հակասում է թիվ ՎԴ2/0250/05/23 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 10.05․2024 թվականի որոշմամբ նշված դատավարական նորմին տրված մեկնաբանությանը։ Նշված որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանը, մասնավորապես, արձանագրել է, որ «դատախազի ներկայացրած առաջարկությունը ստանալուց հետո պետական շահերի պաշտպանությանն առնչվող համապատասխան հայցով դատարան դիմելու պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի իրավասությունը սահմանափակված է ողջամիտ ժամկետով, որը տվյալ պարագայում (․․․) պետք է հաշվարկվի համապատասխան հայցատեսակի դեպքում ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով նախատեսված ժամկետներով»։ Նշված դիրքորոշումը, սակայն, որևէ կերպ չէր կարող ունենալ այն ընկալումը, որ առաջնային լիազորություն ունեցող սուբյեկտի կողմից հայց ներկայացնելու իրավունքի իրացումից հրաժարվելու դեպքում ևս դատախազությունն իրավասու չէ դիմելու ՀՀ վարչական դատարան, քանի դեռ չի լրացել առաջնային լիազորություն ունեցող սուբյեկտի կողմից դատարան դիմելու օրենքով սահմանված ժամկետը։ Ըստ այդմ՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն դեպքում առկա չի եղել հայցադիմումի ընդունումը մերժելու՝ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 80-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով նախատեսված հիմք (հայցադիմումը ներկայացվել է դրա իրավունքն ակնհայտորեն չունեցող անձի կողմից)։ Միաժամանակ, հաշվի առնելով, որ բաց թողնված ժամկետը վերականգնելու դեմ վերաքննիչ բողոքում ներկայացված հիմքերն ու փաստարկները քննության չեն առնվել Վերաքննիչ դատարանի կողմից՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ անհրաժեշտ է այդ հիմքերի ու փաստարկների ըստ էության քննություն ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի կողմից։ Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար՝ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-րդ հոդվածի 2-րդ մասի ուժով վճռաբեկ բողոքը բավարարելու և Վերաքննիչ դատարանի 19․01․2026 թվականի «Վերաքննիչ բողոքը մասնակիորեն բավարարելու մասին» որոշումը վերացնելու համար: Հաշվի առնելով վերը շարադրված հիմնավորումները և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 153-րդ, 163-րդ, 169-րդ և 171-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Վերացնել ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 19․01․2026 թվականի «Վերաքննիչ բողոքը մասնակիորեն բավարարելու մասին» որոշումը:
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և բողոքարկման ենթակա չէ: Նախագահող
Զեկուցող
Հ. ԲԵԴԵՎՅԱՆ
Լ. ՀԱԿՈԲՅԱՆ
Ա․ ԹՈՎՄԱՍՅԱՆ
Ռ. ՀԱԿՈԲՅԱՆ
Ք. ՄԿՈՅԱՆ
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 3 հուլիսի, 2026 թ.
- Գործի #:
- ՎԴ/17022/05/25
- Դատարան:
- Վճռաբեկ դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
