ԱՐԹՈՒՐ ԱՌԱՔԵԼՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ-8)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքներըԱմփոփում
Ընդ.՝ 18 փետրվարի 2022թ. ՍԴԴԿՈ - 8 | ԱՐԹՈՒՐ ԱՌԱՔԵԼՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ ՈՐՈՇՈՒՄ
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Քաղ. Երևան 18 փետրվարի 2022 թ.
Սահմանադրական դատարանի դատական կազմը`
Նախագահությամբ Ա. Վաղարշյանի
Անդամակցությամբ Է. Շաթիրյանի
Ա. Խաչատրյանի
Քննության առնելով Արթուր Առաքելյանի անհատական դիմումի ընդունելիության
հարցը,
ՊԱՐԶԵՑ.
1. Արթուր Առաքելյանը դիմել է Սահմանադրական դատարան (դիմումը Սահմանադրական դատարան է մուտքագրվել 2022 թվականի փետրվարի 2-ին) խնդրելով. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերը այնքանով, որքանով չեն նախատեսում մինչդատական վարույթի ընթացքում Անձին որպես մեղադրյալ ներգրավելու մասին» որոշման դատական կարգով բողոքարկման հնարավորություն, ճանաչել ՀՀ Սահմանադրության 5-րդ, 61-րդ, 63-րդ, 75-րդ, 78-րդ, 79-րդ, 80-րդ և 81-րդ հոդվածներին հակասող և անվավեր»:
2. Ըստ դիմողի մինչդատական վարույթի ընթացքում Անձին որպես մեղադրյալ ներգրավելու մասին» որոշումը որպես մինչդատական վարույթի ընթացքում դատական կարգով բողոքարկման ենթակա որոշում, օրենսդիրը չի առանձնացրել, որի հետևանքով առաջացել է Սահմանադրությամբ ամրագրված արդար դատաքննության իրավունքի խախտում: Դիմողը, վերլուծելով դատական վերահսկողության գործառույթը, ի վերջո եզրահանգել է, որ մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողությունը կարևոր է այնքանով, որ դատարանները, իրականացնելով դատական իշխանություն և քննելով բողոքները, կոչված են ապահովելու վերահսկողությունն օրինականության նկատմամբ, երաշխավորելու մարդու իրավունքների և ազատությունների օրինականությունը և կանխելու դրանց ցանկացած խախտում: Դիմողը, գործող իրավակարգավորումների և իրավակիրառ պրակտիկայում դրանց տրված մեկնաբանությունների վերլուծության արդյունքում եզրահանգել է, որ մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողությունը կոչված է քրեական գործերի քննության մինչդատական փուլում երաշխավորելու անձի Սահմանադրության 61-րդ և 63-րդ հոդվածներով սահմանված դատական պաշտպանության և արդարադատության մատչելիության սահմանադրական իրավունքների իրագործումը: Դիմողի պնդմամբ դատական պաշտպանության այս միջոցը խնդիր ունի կանխելու կամ վերացնելու դատավարության մասնակիցների իրավունքների և ազատությունների խախտումները, վերականգնելու խախտված իրավունքները, ինչպես նաև չեզոքացնելու քրեական հետապնդման մարմինների ոչ իրավաչափ գործունեության անբարենպաստ կամ վնասակար հետևանքերը: Ըստ դիմողի դատական պաշտպանության իրավունքը համընդհանուր է ու լիարժեքորեն պետք է գործի նաև քրեական դատավարության ոլորտում, հետևաբար դատավարությանը մասնակցող անձանց իրավունքները և օրինական շահերը խախտող բոլոր որոշումները և գործողությունները կարող են բողոքարկվել դատարան:
3. Ելնելով դիմումի և կից ներկայացված դատական ակտերի ուսումնասիրությունից, ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի պահանջներով Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ սույն անհատական դիմումով գործի քննությունը ենթակա է մերժման` դիմումում առաջադրված հարցերի Սահմանադրական դատարանին ենթակա չլինելու հիմքով հետևյալ պատճառաբանությամբ. Գործի նյութերի ուսումնասիրությունը վկայում է այն մասին, որ դիմողի նկատմամբ անբարենպաստ իրավական հետևանքներն առաջացել են թիվ ԵԴ/0114/11/21 քրեական գործով վերաքննիչ քրեական դատարանի 2021 թվականի հունիսի 28-ի որոշմամբ, որով վերահաստատվել են առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 2021 թվականի մայիսի 6-ի որոշմամբ արտահայտված դիրքորոշումները, և խնդրո առարկա դրույթի սահմանադրականությունը վիճարկելով դիմողը բարձրացնում է դրա կիրառման իրավաչափության հարց փորձելով այն ներկայացնել վիճարկվող դրույթների հակասահմանադրականության տեսանկյունից: Այսպես, դիմողը նշել է, որ «...ՀՀ վերաքննիչ քրեական դատարանն անդրադառնալով Անձին որպես մեղադրյալ ներգրավելու մասին» որոշումը բողոքարկելուն, նշել է, որ նշված որոշումը չի հանդիսանում դատական վերահսկողության առարկա, ինչն իրավաչափորեն, արձանագրվել է նաև Առաջին ատյանի դատարանի կողմից»: Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը թիվ ԵԴ/0114/11/21 քրեական գործով, քննության առնելով բողոքը, իր 2021 թվականի մայիսի 6-ի որոշմամբ արձանագրել է. Քննարկելով բողոքում ներկայացված փաստարկները, դատարանն արձանագրում է, որ պաշտպանի կողմից վիճարկվում է Ա. Առաքելյանին որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշումը, մինչդեռ Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշումների համաձայն անձին որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշումը չի հանդիսանում մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության առարկա և ներառված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով նախատեսված այն որոշումների թվում, որոնց համար օրենսդիրը նախատեսել է դատական բողոքարկման հնարավորություն: Դրանից բացի, նշված հարցի քննությունը դատավարության ավելի ուշ փուլերում, այդ թվում դատարանում գործն ըստ էության քննելիս, հնարավոր է, և այն չի հանգեցնի անձի իրավունքների և օրինական շահերի անհամարժեք սահմանափակման: Հակառակ մեկնաբանության դեպքում դատարանը դուրս կգա մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության խնդիրների սահմաններից, և առանց անձի իրավունքները և օրինական շահերը պաշտպանելու, ինչպես նաև խախտված իրավունքները վերականգնելու նպատակի, անհարկի կմիջամտի նախաքննության ընթացքին, ինչն անթույլատրելի է»: Վերաքննիչ քրեական դատարանը, վերահաստատելով առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դիրքորոշումները, գտել է, որ ... բողոքաբերի կողմից վկայակոչված Հ. Գինոսյանի վերաբերյալ ՀՀ վճռաբեկ դատարանի նախադեպային որոշմամբ հստակ ընդգծվել է, որ նշված որոշումը չի հանդիսանում դատական վերահսկողության առարկա, ինչն իրավաչափորեն արձանագրվել է նաև Առաջին ատյանի դատարանի կողմից, հետևաբար բողոքաբերի փաստարկները, որ վիճարկում է անձին որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշման բովանդակությունը, այսինքն դրա պատճառաբանական մասն Ա. Առաքելյանի կողմից որևէ հանցավոր արարքի կատարման վերաբերյալ փաստական տվյալ չի ներառում, բացի այդ կատարված հանցագործության դեպքի վերաբերյալ նույնպես փաստական տվյալ այդ որոշման մեջ ներառված չէ, չի կարող լինել բավարար պատճառաբանություն նշված որոշումը դատական վերահսկողության առարկա դարձնելու համար»: Փաստորեն, առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը գտել է, որ Անձին որպես մեղադրյալ ներգրավելու մասին» որոշումը պատկանում է այն որոշումների թվին, որոնց օրինականության և հիմնավորվածության դատական ստուգումը հնարավոր է միայն գործի ըստ էության քննության ժամանակ, ինչն անհրաժեշտ նախապայման է դատարանի անկողմնակալության և անմեղության կանխավարկածի սկզբունքների պահպանության համար, ուստի անձին որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշումը մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության առարկա չէ և ներառված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով նախատեսված այն որոշումների թվում, որոնց համար օրենսդիրը նախատեսել է դատական բողոքարկման հնարավորություն: Սահմանադրական դատարանի դատական կազմը հարկ է համարում ընդ-գծել, որ կոնկրետ վերահսկողության շրջանակներում նորմատիվ իրավական ակտի սահմանադրականության հարց բարձրացնելիս դիմողը պետք է հիմնավորի, որ վիճարկվող դրույթի և սահմանադրական իրավունքի խախտման փաստի միջև առկա է պատճառահետևանքային կապ: Սահմանադրական դատարանում քննության առարկա կարող է լինել բացառապես նորմատիվ ակտի սահմանադրականության գնահատումը, նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը, սակայն ոչ դատարանի գործողությունների իրավաչափության հարցի վիճարկումը: Սահմանադրական դատարանի 2009 թվականի մարտի 17-ի ՍԴԱՈ-21 աշխատակարգային որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշման համաձայն բոլոր այն դեպքերում, երբ դիմողը, ձևականորեն վիճարկելով օրենքի դրույթի սահմանադրականության հարց, ըստ էության բարձրացնում է այդ դրույթի կիրառման իրավաչափության հարց, ապա այդպիսի դիմումները ենթակա են մերժման` որպես Սահմանադրական դատարանի քննության ենթակա հարց չառաջադրող դիմումներ: Սույն դիմումով ձևականորեն բարձրացնելով իրավական նորմի սահմանադրականության հարց դիմողն առաջ է քաշում առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի և վերաքննիչ քրեական դատարանի դատական ակտերի/գործողությունների իրավաչափության հարց, ինչը դուրս է Սահմանադրական դատարանի իրավասության շրջանակից: Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով Սահմանադրական դատարանի դատական կազմը
ՈՐՈՇԵՑ.
Արթուր Առաքելյանի անհատական դիմումով գործի քննությունը մերժել:
Նախագահող Ա.Վաղարշյան
Անդամներ Է. Շաթիրյան
Ա. Խաչատրյան
18 փետրվարի 2022 թվականի
ՍԴԴԿՈ-8
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 18 փետրվարի, 2022 թ.
- Գործի #:
- ՍԴԴԿՈ-8
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
