«ՀՀ ՎԵՐԱՔՆՆԻՉ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 31-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 3-ՐԴ ՄԱՍԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՎԱՐՈՒՅԹԸ ԿԱՐՃԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԱՈ-122)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքներըԱմփոփում
Ընդ.՝ 22 հունիսի 2021թ. ՍԴԱՈ - 122 | «ՀՀ ՎԵՐԱՔՆՆԻՉ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 31-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 3-ՐԴ ՄԱՍԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՎԱՐՈՒՅԹԸ ԿԱՐՃԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամբողջ Տեքստ
«ՀՀ ՎԵՐԱՔՆՆԻՉ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 31-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 3-ՐԴ ՄԱՍԻ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՎԱՐՈՒՅԹԸ ԿԱՐՃԵԼՈՒ ՄԱՍԻՆ Սահմանադրական դատարանը, քննության առնելով «ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դիմումի հիման վրա ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ հոդվածի 3-րդ մասի Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի վարույթը կարճելու մասին առաջարկությունը, ՊԱՐԶԵՑ.
1. 2021 թվականի փետրվարի 8-ին Սահմանադրական դատարան է մուտքագրվել
ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2021 թվականի փետրվարի 3-ի «Գործով կիրառման ենթակա նորմատիվ իրավական ակտի սահմանադրականությունը որոշելու համար ՀՀ սահմանադրական դատարան դիմելու և դատական գործի վարույթը կասեցնելու մասին» ԵԴ/0496/01/20 քրեական գործով որոշումը: 2.
ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը դիմել է Սահմանադրական դատարան ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի (այսուհետ նաև Օրենսգիրք) 31-րդ հոդվածի 3-րդ մասի սահմանադրականությունը որոշելու համար։ Ըստ դիմողի սույն գործով վիճարկվող դրույթի իրավակարգավորումից հետևում է, որ, եթե դատավարության մասնակիցները դատարանին ներկայացնում են գործով վարույթը կասեցնելու և Սահմանադրական դատարան դիմելու միջնորդություն, ապա դատարանը կայացնում է այդ միջնորդությունը բավարարելու կամ մերժելու մասին որոշում, որը կարող է բողոքարկվել վերադաս դատարան։ Դիմողը նշում է, որ Օրենսգրքի «376.1 հոդվածի 8-րդ կետի և 31-րդ հոդվածի 3-րդ մասի համադրված վերլուծությունից բխում է, որ գործով վարույթը կասեցնելու և ՀՀ սահմանադրական դատարան դիմելու վերաբերյալ դատավարության մասնակցի միջնորդությունը բավարարելու կամ մերժելու մասին առաջին ատյանի դատարանի որոշումը ենթակա է վերաքննության կարգով բողոքարկման»։ Դիմողը գտնում է, որ վերոհիշյալ իրավակարգավորումների արդյունքում.
«ա) վերաքննիչ դատարանը, ըստ էության, պետք է իրականացնի սահմանադրական արդարադատության գործառույթ, քանի որ պետք է քննության առարկա դարձնի նորմատիվ ակտի վիճարկվող դրույթի ՀՀ Սահմանադրությանը հակասելու կամ չհակասելու հանգամանքի առնչությամբ առաջին ատյանի դատարանի դիրքորոշման իրավաչափությունը, ինչն էլ իր հերթին անխուսափելի է դարձնելու վերաքննիչ դատարանի կողմից նորմատիվ ակտի վիճարկվող դրույթի սահմանադրականության գնահատումը.
բ) վերաքննիչ դատարանը կարող է չարդարացված կերպով սահմանափակել առաջին ատյանի դատարանի ներքին անկախությունը և ըստ էության միջամտել առաջին ատյանի դատարանի կողմից քրեական գործի քննության բնականոն ընթացքին։ Այս առումով հատկանշական է, որ վերաքննիչ բողոքի քննության ընթացքում հիմնական քրեական գործը շարունակելու է գտնվել առաջին ատյանի դատարանի վարույթում և վերաքննիչ դատարանի կայացրած որոշումը կարող է ուղղակիորեն ազդել հիմնական քրեական գործի քննության բնականոն ընթացքի վրա։ Ավելին եթե առաջին ատյանի դատարանը կայացրած լինի գործով վարույթը կասեցնելու և ՀՀ սահմանադրական դատարան դիմելու վերաբերյալ դատավարության մասնակցի միջնորդությունը մերժելու մասին որոշում, իսկ վերաքննիչ դատարանը անհամաձայնություն արտահայտի այդ որոշմանը, ապա վերաքննիչ դատարանը պետք է ՀՀ սահմանադրական դատարան դիմի մի գործով, որը գտնվում է ոչ թե իր, այլ առաջին ատյանի դատարանի վարույթում»։ Վերոգրյալի հիման վրա դիմողը գտնում է, որ սույն գործով վիճարկվող դրույթն այնքանով, որքանով նախատեսում է գործով վարույթը կասեցնելու և Սահմանադրական դատարան դիմելու վերաբերյալ դատավարության մասնակցի միջնորդությունը բավարարելու կամ մերժելու մասին առաջին ատյանի դատարանի որոշման վերաքննիչ բողոքարկման հնարավորություն, առերևույթ հակասում է Սահմանադրության 164, 168 և 169-րդ հոդվածների պահանջներին։
3. Պատասխանողը գտնում է, որ Օրենսգրքի 31-րդ հոդվածի 3-րդ մասը համապատասխանում է Սահմանադրության 164, 168 և 169-րդ հոդվածների պահանջներին։ Վերլուծելով սույն գործով վիճարկվող դրույթը, Օրենսգրքի վերաբերելի այլ դրույթները, վկայակոչելով «Ժողովրդավարություն իրավունքի միջոցով» եվրոպական հանձնաժողովի համապատասխան դիրքորոշումը` պատասխանողը նշում է, որ առաջին ատյանի դատարանը, կայացնելով գործի վարույթը կասեցնելու և Սահմանադրական դատարան դիմելու վերաբերյալ դատավարության մասնակցի միջնորդությունը մերժելու մասին որոշում, գտնում է, որ իր վարույթում գտնվող կոնկրետ գործով կիրառման ենթակա նորմատիվ իրավական ակտի սահմանադրականության վերաբերյալ առկա չեն հիմնավոր կասկածներ և/կամ տվյալ գործի լուծումը հնարավոր է առանց այդ նորմատիվ իրավական ակտի կիրառման, ինչն ընդգծում է դատարանի անկախությունը, ուստի նման որոշումը ենթակա չէ վերանայման վերադաս դատական ատյանի կողմից։ Ըստ պատասխանողի Օրենսգրքի 31-րդ հոդվածի վերլուծությունից ակնհայտ է դառնում, որ բողոքարկման հնարավորությունը նախատեսված է այն դեպքերի համար, երբ Սահմանադրական դատարան դիմելու վերաբերյալ դատավարության մասնակցի միջնորդությունը բավարարվել է առաջին ատյանի դատարանի կողմից։ Ըստ պատասխանողի նշվածը համահունչ է Վճռաբեկ դատարանի 2021 թվականի մարտի 17-ի ԵԴ/0253/01/19 քրեական գործով կայացրած որոշմամբ արտահայտած դիրքորոշմանը:
4. Սահմանադրական դատարանը գտնում է, որ սույն գործի վարույթը ենթակա է կարճման հետևյալ պատճառաբանությամբ. 4.1. Նախ Օրենսգրքի վերաբերելի իրավակարգավորումների ուսումնասիրությունը վկայում է, որ օրենսդիրը սահմանել է ինչպես քրեական գործով վարույթի կասեցման, դրա հիմքերի, այնպես էլ գործով վարույթը կասեցնելու որոշումների բողոքարկման հետ կապված կարգավորումներ։ Օրենսգրքի 31-րդ հոդվածով, մասնավորապես, սահմանվում է, որ.
ա) քրեական գործով վարույթը դատարանի նախաձեռնությամբ կամ դատավարության մասնակիցների միջնորդության հիման վրա դատարանի որոշմամբ կարող է կասեցվել, եթե դատարանը գտնում է, որ կիրառման ենթակա օրենքը կամ այլ իրավական ակտը հակասում է Սահմանադրությանը: Այս դեպքում դատարանն իրավունք ունի կասեցնել գործի վարույթը և դիմել Սահմանադրական դատարան (2-րդ մաս),
բ) այս հիմքով գործի վարույթը կասեցնելու` դատավարության մասնակիցների միջնորդությունները բավարարվում կամ մերժվում են դատարանի որոշմամբ, որը կայացման պահից տասնօրյա ժամկետում կարող է բողոքարկվել վերադաս դատարան (3-րդ մաս),
գ) քրեական գործով վարույթը կարող է կասեցվել անհրաժեշտ հնարավոր բոլոր դատավարական գործողությունները կատարելուց հետո (4-րդ մաս): Օրենսգրքի 376.1-ին հոդվածով, ի թիվս այլնի, սահմանվում է, որ վերաքննության կարգով բողոքարկման ենթակա են առաջին ատյանի դատարանների գործով վարույթը կասեցնելու որոշումները (1-ին մասի 3-րդ կետ)։ Այս առումով Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ սույն գործով դիմողն իր վերլուծությունները բխեցրել է վկայակոչելով ոչ թե Օրենսգրքի հիշյալ 376.1-ին հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը, այլ Օրենսգրքի 376.1-ին հոդվածի 1-ին մասի 8-րդ կետը (վերաքննության կարգով բողոքարկման ենթակա են Օրենսգրքով նախատեսված դեպքերում այլ դատական ակտեր)։ Օրենսգրքի «Դատական քննության ընդհանուր պայմանները» վերտառությամբ 41-րդ գլխում զետեղված 313-րդ հոդվածով, ի թիվս այլնի, սահմանվում է, որ գործը կասեցնելու մասին որոշումը պետք է շարադրված լինի առանձին փաստաթղթի ձևով (2-րդ մաս)։ Համեմատական վերլուծության արդյունքում Սահմանադրական դատարանն արձանագրում է նաև, որ օրենսդիրը գործով վարույթի կասեցման, դրա հիմքերի, գործով վարույթը կասեցնելու որոշումների բողոքարկման հետ կապված համանման և առանձնահատուկ կարգավորումներ սահմանել է նաև ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով և ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով։ Մասնավորապես.
ա) ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 157-րդ հոդվածով սահմանվում է, որ դատարանը պարտավոր է կասեցնել գործի վարույթը, եթե դատարանը Սահմանադրության 169-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված դեպքում որոշել է դիմել Սահմանադրական դատարան (1-ին մասի 8-րդ կետ)։ Նույն օրենսգրքի 160-րդ հոդվածով սահմանվում է, որ գործի վարույթը կասեցնելու վերաբերյալ միջնորդությունը մերժելու մասին դատարանի որոշումները գործին մասնակցող անձինք կարող են բողոքարկել հիշյալ օրենսգրքով սահմանված կարգով (2-րդ մաս), իսկ 361-րդ հոդվածով սահմանվում է, որ վերաքննության կարգով բողոքարկման են ենթակա առաջին ատյանի դատարանի, ի թիվս այլ որոշումների, նաև գործի վարույթը կասեցնելու վերաբերյալ միջնորդությունը մերժելու մասին դատարանի որոշումները (1-ին մասի 5-րդ կետ),
բ) ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 94-րդ հոդվածով սահմանվում է, որ դատարանը պարտավոր է կասեցնել գործի վարույթը, եթե դատարանը «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 71-րդ հոդվածով սահմանված կարգով դիմել է Սահմանադրական դատարան (1-ին մասի 5-րդ կետ)։ Նույն օրենսգրքի 131-րդ հոդվածով սահմանվում է, որ վերաքննության կարգով բողոքարկման ենթակա են վարչական դատարանի, ի թիվս այլ միջանկյալ դատական ակտերի, նաև գործի վարույթը կասեցնելու մասին դատական ակտերը, բացառությամբ օրենսգրքի 94-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով նախատեսված դեպքի (1-ին մասի 10-րդ կետ)։ 4.2. Սահմանադրական դատարանն սույն գործով իրականացրել է (սկսած 2018 թվականի ապրիլի 9-ից) քրեական, քաղաքացիական և վարչական գործերով վարույթները կասեցնելու և այդ որոշումները բողոքարկելու, Սահմանադրական դատարան դիմելու դատական պրակտիկայի ուսումնասիրություններ։ ՀՀ դատական դեպարտամենտը 2021 թվականի մայիսի 14-ի N ԴԴ-1 Ե-3650 գրությամբ Սահմանադրական դատարանին է տրամադրել տեղեկատվություն, համաձայն որի «... կատարված ուսումնասիրությունների արդյունքում քաղաքացիական և վարչական գործերով առաջին ատյանի դատարանների կողմից վարույթը կասեցնելու և Սահմանադրական դատարան դիմելու մասին որոշումներով վերաքննության և վճռաբեկության կարգով բողոքարկումների վերաբերյալ տեղեկատվություն չի հայտնաբերվել»։ Վերոհիշյալ գրության համաձայն առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանների կողմից քրեական գործերով վարույթը կասեցնելու և Սահմանադրական դատարան դիմելու մասին միջնորդությունների հիման վրա ընդունված որոշումների վերաքննության և վճռաբեկության կարգով բողոքարկումների վերաբերյալ առկա է հետևյալ տեղեկատվությունը.
ա) թվով 3 վերաքննիչ բողոք մերժվել է (թիվ ՍԴ/0102/01/17, թիվ ՇԴ3/0002/01/17, թիվ ԵԴ/0036/01/18 քրեական գործեր),
բ) թվով 1 վճռաբեկ բողոքի վարույթ ընդունելը մերժվել է (թիվ ԵՇԴ/0165/01/16 քրեական գործ),
գ) թվով 4 վերաքննիչ բողոք թողնվել է առանց քննության (թիվ ԼԴ1/0026/01/17, թիվ ԵՇԴ/0165/01/16, թիվ ԵԴ/0253/01/19, թիվ ԵԱԴԴ/0028/01/17 քրեական գործեր),
դ) թվով 1 վերաքննիչ բողոք բավարարվել է (թիվ ԵԴ/0253/01/19 քրեական գործ),
ե) թվով 1 վճռաբեկ բողոք բավարարվել է մասնակիորեն (թիվ ԵԴ/0253/01/19 քրեական գործ)։
Ինչպես վերոհիշյալ գործերով կայացված որոշումների, այնպես էլ քրեական, քաղաքացիական, վարչական գործերով վարույթները կասեցնելու և Սահմանադրական դատարան դիմելու որոշումների ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ դատական պրակտիկան միատեսակ չէ։ Մասնավորապես,
ա) դատարանների կողմից (քրեական, քաղաքացիական և վարչական գործերով) կայացվել են ինչպես գործի վարույթը կասեցնելու և Սահմանադրական դատարան դիմելու մասին միասնական որոշումներ, այնպես էլ գործի վարույթը կասեցնելու և Սահմանադրական դատարան դիմելու մասին առանձին որոշումներ,
բ) միասնական որոշումներում (քրեական, քաղաքացիական և վարչական գործերով) մի մասի դեպքում դատարաններն ամրագրել են նախ գործի վարույթը կասեցնելու, այնուհետև Սահմանադրական դատարան դիմելու մասին, իսկ մի մասի դեպքում հակառակը,
գ) միասնական որոշումներում հիմնականում (առանձին դեպքերը ստորև) բացակայում է տվյալ որոշման բողոքարկելիության վերաբերյալ ամրագրումը,
դ) արձանագրվել են առանձին դեպքեր (քրեական և քաղաքացիական գործերով), երբ միասնական որոշումներում դատարաններն ամրագրել են, որ տվյալ որոշումը ենթակա է բողոքարկման առանց տարանջատելու որոշման Սահմանադրական դատարան դիմելու մասը,
ե) արձանագրվել են առանձին դեպքեր (քաղաքացիական և վարչական գործերով), երբ միասնական որոշումներում դատարաններն ամրագրել են, որ տվյալ որոշումը ենթակա է բողոքարկման գործի վարույթը կասեցնելուն վերաբերող մասով։ Սահմանադրության 171-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի համաձայն օրենքների և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառությունն ապահովում է Վճռաբեկ դատարանը դատական ակտերն օրենքով սահմանված լիազորությունների շրջանակներում վերանայելու միջոցով։ Իսկ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն օրենքների և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառությունը Վճռաբեկ դատարանն ապահովում է, եթե առկա է իրավունքի զարգացման խնդիր, կամ տարբեր գործերով դատարանների կողմից նորմատիվ իրավական ակտը տարաբնույթ է կիրառվել կամ չի կիրառվել տարաբնույթ իրավաընկալման հետևանքով: 4.3. Սահմանադրական դատարանն իր 2019 թվականի հունվարի 25-ի ՍԴԱՈ-7 աշխատակարգային որոշմամբ արտահայտել է, մասնավորապես, հետևյալ իրավական դիրքորոշումները.
ա) որպես Սահմանադրության գերակայության ապահովման միջոց Սահմանադրության վերջնական և համապարտադիր մեկնաբանությունն ու կիրառումը Սահմանադրական դատարանի բացառիկ իրավասությունն է,
բ) եթե դատարաններն իրենց վարույթում գտնվող կոնկրետ գործով հանգում են կիրառման ենթակա նորմատիվ իրավական ակտի սահմանադրականության խնդրի, այսինքն այդ կապակցությամբ առաջանում են հիմնավոր կասկածներ, և եթե տվյալ գործի լուծումը հնարավոր է միայն այդ նորմատիվ իրավական ակտի կիրառման միջոցով, ապա դատարանները պարտավոր են դիմել Սահմանադրական դատարան այդ ակտի Սահմանադրությանը համապատասխանությունը որոշելու հարցով, ինչը նշանակում է, որ բոլոր դատարանները, այլ ոչ միայն Վճռաբեկ դատարանը, պետք է ինցիդենտ կերպով ստուգեն կիրառվելիք նորմատիվ իրավական ակտի սահմանադրականությունը և պարտավոր են դիմել Սահմանադրական դատարան նշված նախադրյալների առկայության դեպքում,
գ) Սահմանադրական դատարանն ինքն է վերջնարդյունքում ապահովում Սահմանադրության միատեսակ կիրառությունը իր լիազորությունների շրջանակներում լուծում տալով Սահմանադրության մեկնաբանության առնչությամբ առաջացած բոլոր վեճերին: Սահմանադրական արդարադատության էությունը կարող էր նենգափոխվել կամ այդ արդարադատության արդյունավետությունը կարող էր նվազել, եթե Սահմանադրության մեկնաբանության և կիրառման հետ կապված վեճերի վերջնական լուծումը վերապահված լիներ հանրային իշխանության մեկ այլ մարմնի։ Սույն գործի շրջանակներում ևս Սահմանադրական դատարանը վերահաստատում է վերոհիշյալ իրավական դիրքորոշումները։ Միաժամանակ վկայակոչելով Սահմանադրության 167-րդ հոդվածի 3-րդ մասը, համաձայն որի Սահմանադրական դատարանի գործունեության կարգը սահմանվում է Սահմանադրությամբ և Սահմանադրական դատարանի մասին օրենքով, ինչպես նաև Սահմանադրության 169-րդ հոդվածի 6-րդ մասը, համաձայն որի Սահմանադրական դատարան դիմելու կարգի մանրամասները սահմանվում են Սահմանադրական դատարանի մասին օրենքով, Սահմանադրական դատարանն ընդգծում է, որ սահմանադրական հիշյալ կարգավորումների նպատակը, ըստ էության, որևէ այլ օրենքով, այդ թվում քրեական, վարչական և քաղաքացիական դատավարական որևէ ընթացակարգով սահմանադրական արդարադատության իրականացման տիրույթը հատելը, այն սահմանափակելը բացառելն է։ 4.4. Սահմանադրության 169-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն դատարաններն իրենց վարույթում գտնվող կոնկրետ գործով կիրառման ենթակա նորմատիվ իրավական ակտի սահմանադրականության հարցով դիմում են Սահմանադրական դատարան, եթե հիմնավոր կասկածներ ունեն դրա սահմանադրականության վերաբերյալ և գտնում են, որ տվյալ գործի լուծումը հնարավոր է միայն այդ նորմատիվ իրավական ակտի կիրառման միջոցով: Սահմանադրական վերոհիշյալ նորմն ամրագրվել է նաև «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 71-րդ հոդվածի 1-ին մասով: Իսկ հիշյալ հոդվածի 5-րդ մասի համաձայն` դատարանը պետք է հիմնավորի իր դիրքորոշումը նորմատիվ իրավական ակտի վիճարկվող դրույթի` Սահմանադրությանը հակասելու վերաբերյալ, ինչպես նաև այն հանգամանքը, որ այդ գործի լուծումը հնարավոր է միայն վիճարկվող դրույթի կիրառման միջոցով: «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 60-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն Սահմանադրական դատարանը կարճում է գործի վարույթը գործի քննության ցանկացած փուլում, եթե բացահայտվել են նույն օրենքի 29-րդ հոդվածով նախատեսված գործի քննությունը մերժելու հիմքեր, որոնցից են, ի թիվս այլնի դիմողի տվյալ հարցով Սահմանադրական դատարան դիմելու համար իրավասու չլինելը (1-ին մասի 2-րդ կետ): Սույն գործով դիմողի հիմնավորումներից հետևում է, որ դրանք առավելապես վերաբերելի են կոնկրետ գործի լուծման համար կիրառման ենթակա նորմատիվ իրավական ակտի դրույթի իրավական բովանդակության բացահայտման, մեկնաբանման և կիրառման, այլ ոչ սահմանադրականության հարցերին: Սահմանադրական դատարանը բազմիցս իր որոշումներով արձանագրել է, որ օրենքի և այլ նորմատիվ իրավական ակտի, վերջիններիս որևէ դրույթի իրավական բովանդակության բացահայտման և միատեսակ կիրառության ապահովման իրավասությունը Սահմանադրությամբ և օրենքով վերապահված է եռաստիճան դատական համակարգին։ Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ ՀՀ վճռաբեկ դատարանը թիվ ԵԴ/0253/01/19 քրեական գործով կայացրած որոշմամբ (ի դեպ, հիշյալ որոշումը ՀՀ դատական դեպարտամենտի 2021 թվականի մայիսի 14-ի ԴԴ-1 Ե-3650 գրությամբ ներկայացրած ժամանակագրական առումով վերջին դատական ակտն է) արտահայտել է իրավական դիրքորոշումներ գործի վարույթը կասեցնելու և Սահմանադրական դատարան դիմելու դատարանի որոշման իրավաչափության ստուգման, դատական վերանայման ծավալի վերաբերյալ։ Հարկ է նշել նաև, որ վերոհիշյալ որոշումը ՀՀ վճռաբեկ դատարանը կայացրել է 2021 թվականի մարտի 17-ին, այսինքն ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դիմումի հիման վրա սույն գործը Սահմանադրական դատարանի կողմից 2021 թվականի փետրվարի 26-ի ՍԴԱՈ-39 աշխատակարգային որոշմամբ քննության ընդունելուց հետո։ ՀՀ վճռաբեկ դատարանի վերոհիշյալ որոշմամբ, ըստ էության, անդրադարձ է կատարվել նաև սույն գործով բարձրացված հարցերին: Սույն գործով դիմողը, այդ թվում իր 2021 թվականի մարտի 17-ի ԴԴ-8-Ե-9805/21 գրավոր բացատրությամբ, չի անդրադարձել իրավակիրառ պրակտիկայի մեկնաբանության սահմանադրականության հարցերին։ Դրանք սույն գործով քննության առարկայի շրջանակից դուրս են։ Հաշվի առնելով վերոշարադրյալը և հիմք ընդունելով Սահմանադրության 169-րդ հոդվածի 4-րդ մասը, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 60-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը, 29-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը, ինչպես նաև 71-րդ հոդվածի 1-ին և 5-րդ մասերը Սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ. «ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դիմումի հիման վրա ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ հոդվածի 3-րդ մասի Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի վարույթը կարճել։
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
ՆԱԽԱԳԱՀ Ա. ԴԻԼԱՆՅԱՆ
22 հունիսի 2021 թվականի
ՍԴԱՈ-122
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 22 հունիսի, 2021 թ.
- Գործի #:
- ՍԴԱՈ-122
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
